Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր՝ հեղինակի ընթերցմամբ
Զինվորական ծառայությունից խուսափած 27-37 տարեկան Հայաստանի քաղաքացիները քրեական հետապնդումից ազատվելու հնարավորություն ստացան նոր օրենքով, սակայն, թե որքանո՞վ կծառայի այս փոփոխությունն իր նպատակին ու այս պատճառով Հայաստանից հեռացածների քանի տոկոսը կվերադառնա հայրենիք, օրենքի ընդդիմախոսները մեծ սպասելիքներ չունեն:
Եթե նախկին օրենքով 27 տարին լրացած և բանակում չծառայածներն ունեին միայն մեկ տարբերակ՝ առավելագույնը 6 տարվա ազատազրկում, ապա փետրվարի 10-ին ուժի մեջ մտած նոր օրենքով հնարավոր է կա՛մ 2 տարի ծառայել բանակում, կա՛մ ազատվել ծառայությունից 15 միլիոն դրամով: Այս այլընտրանքն ընձեռող օրինագիծն Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց հունվարի 16-ին, ձայների 61 կողմ, 27 դեմ, 6 ձեռնպահ հարաբերակցությամբ՝ լրացումներ և փոփոխություններ կատարելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում։ Հետախուզվող քաղաքացիներին քրեական հետապնդումից ազատվելու այլ հնարավորություն էլ է ընձեռված. նրանք կարող են 2.5 միլիոն դրամ վճարել ու ծառայել 12 ամիս, կա՛մ ընտրել 6 ամսվա ծառայություն՝ վճարելով 5 միլիոն դրամ, կա՛մ էլ 1 ամսվա ծառայություն՝ 8 միլիոն դրամի դիմաց:
Օրենքի շահառուները
Ըստ փոփոխության՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա են նաև 27 տարին լրանալուց հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած և մինչև այդ 12 ամսից պակաս ժամկետով որևէ պետությունում զինվորական կամ այլընտրանքային ծառայություն անցած կամ չանցած մինչև 37 տարեկան քաղաքացիները։
«Այս փոփոխություններով՝ օրենքի 19-րդ հոդվածի 1.1 կետը վերաբերում է 27 տարին լրանալուց հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց, իսկ 1.2 կետը վերաբերում է Հայաստանի այն բոլոր քաղաքացիներին, որոնց 27 տարին լրացել է, բայց չեն ծառայել ու մինչև 37 տարեկանն իրենց ցանկությամբ դիմում են զորակոչվելու համար: Նրանք կստանան նշված հնարավորություններից որևէ մեկը»,- պարզաբանում է փաստաբան Նարինե Շելելենկյանը:
Թեև հասարակությունն ակնկալում էր, որ գումարի դիմաց զինծառայությունից ազատվելու հնարավորություն կունենան նաև Հայաստանի քաղաքացի հանդիսացող 18-27 տարեկանները, սակայն օրենսդրական փոփոխությունը վերաբերում է բացառապես զինծառայությունից խուսափածներին։
Փաստաբան Նարինե Շելելենկյանը թեև նշում է, որ օրենքի կիրառման հետևանքների մասին շատ վաղ է խոսելը, սակայն հայտնում է մտահոգությունը, որ նեղ միջանձնային հարաբերությունների մեջ կարող են բախումներ առաջանալ, զինծառայողները տարբերակվեն՝ փող ունեցողի ու փող չունեցողի։
«Առկա միասնական հարթությունը վերանում է, եթե առաջ գումար չէիր վճարում, բացարձակ էական չէր միլիոնատիրոջ որդի՞ ես, թե, առհասարակ, փող չունես: Իսկ հիմա, մի զորամաս է լինելու ու բոլորն իմանալու են, որ այս տասը հոգին մի ամսով են այստեղ, որովհետև վճարել են: Իսկ ինչպես կվերաբերեն այդ զինծառայողներին, ինչ խնդիրներ կառաջանան, դրանք լուրջ հարցեր են»,- ասում է փաստաբանը:
Օրենքի շահառուները նաև պահեստազորում են հաշվառվելու, ինչպես շարքային զինծառայողները, որոնք իրենց ծառայությունն են կատարել: Այսինքն՝ գումարի դիմաց ծառայությունից ազատված քաղաքացին չի ազատվելու, օրինակ, պահեստազորի հաջորդ հավաքին մասնակցելու ծանուցագրից:
«Տուգանքի մատերիա՞լ»
Պարտադիր ժամկետային ծառայությունից խուսափածների վերաբերյալ պաշտոնական վիճակագրություն չկա: Հարցմանը, թե քանի քաղաքացի է քրեական հետապնդման մեջ գտնվում ծառայությունից խուսափելու համար, Քննչական կոմիտեից չպատասխանեցին՝ պարզաբանելով, որ նման տեղեկությունները հրապարակման ենթակա չեն: Փոխարենը, օրենքի քննարկման ժամանակ տվյալներ է հրապարակել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների հեղինակ, իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ նշելով, թե 27 տարին լրացած ու ծառայությունից խուսափած 5000 քաղաքացի քրեական հետապնդման մեջ է։ 5000 դատապարտյալ ունենալու փոխարեն պատգամավորն իր փոփոխությունների առաջարկով ցանկանում է նրանց այլընտրանքների հնարավորություն տալ։ Առաջարկվող կարգավորումների կիրառմամբ ակնկալվող արդյունքների մեջ նշվում է.
«Բազմաթիվ երիտասարդներ՝ շատերն ընտանիքներով, կվերադառնան հայրենիք մշտական բնակության՝ իրենց հետ բերելով օտարերկրյա պետություներում կուտակած ֆինանսական միջոցները, որոնց հաշվին կկատարվեն ներդրումներ, կներգրավվեն աշխատանքում, ինչպես նաև կստեղծվեն նոր աշխատատեղեր։ Իսկ այն երիտասարդները, ովքեր չեն տեղափոխվի Հայաստան մշտական բնակության, առնվազն՝ որպես զբոսաշրջիկ, հաճախակի անխոչընդոտ կայցելեն հայրենիք»։
Բացի այդ, օրենքի հիմնավորման մեջ ասվում է նաև, որ եթե 27 տարին լրացած քաղաքացիներին չընձեռնվի այս հնարավորությունը, ապա գործող կարգավորումներով նա չի վերադառնա հայրենիք մինչև 37 տարեկանը լրանալը, քանի որ 37 տարեկանում քաղաքացին ազատվում է քրեական հետապնդումից՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: Սակայն, ըստ օրենքի հեղինակի, հասկանալի պատճառներով, այս դեպքում նրանցից քչերի մոտ պահպանված կլինի հայրենիք վերադառնալու ցանկությունը, իսկ վերադարձողները և՛ չեն ծառայի Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, և՛ պետական բյուջե գումար չեն վճարի:
«Այսինքն, եթե նրանք բոլորը հայտնաբերվեն կամ ներկայանան, մենք կունենանք 5000 դատապարտյալ, իսկ օրենքի ընդունումից հետո, եթե նրանք բոլորը ներկայանան, մենք կունենանք այդ քանակությամբ ավելի զինծառայող կամ հավասարեցված գումարներ»,- օրենքում իր առաջարկած փոփոխությունների անհրաժեշտությունն այսպես էր հիմնավորել Սարգսյանը: Նա նաև հաշվարկել էր, որ տարեկան 500-1000 քաղաքացի է օգտվելու օրենքից: Օրենքի ուժի մեջ մտնելուց շուրջ 20 օր անց Սարգսյանը հայտնեց, թե 10 քաղաքացի արդեն ցանկություն է հայտնել վճարել 15 մլն դրամ և չծառայել բանակում։
Պատգամավորի լավատեսությունը, սակայն, չի կիսում 13 տարի առաջ Ռուսաստանի Դաշնություն մեկնած, այժմ 26-ամյա Ա. Հ.-ն։ Մեկնելուց հետո տղամարդը Հայաստան չի եկել ու մտադրություն էլ չունի վերադառնալու.
«Այո՛, տեղյակ եմ, որ ինձ քրեական հետապնդում է սպառնում, բայց մի պատկերացրեք, թե դրսում ապրող հայերը բոլորը միլիոնատերեր են և նրանց համար, օրինակ, 15 միլիոն դրամն էական նշանակություն չունի ու կարող են հեշտ ու հանգիստ Հայաստանի պետբյուջե մուտքագրել: Մենք աշխատում ենք, օրվա հացը վաստակում ու ապրում,- ասում է տղամարդը՝ հավելելով, որ օրենքը, կարծես, մեծահարուստների համար գրված լինի,- Բանակից փողով ազատվելը բոլոր ժամանակներում եղել է, հիմա ստացվում է՝ օրինականացրել են էդ ձևը»:
Տղամարդը կարծում է, որ ծառայելուց ազատվելու կամ ինչ-որ վճարի դիմաց չծառայելու համար նպաստավոր օրենքներ մշակելուց առաջ, Հայաստանը ծառայողների համար նպաստավոր ու անվտանգ պայմաններ ստեղծելու կարիք ունի։
«Պատկերացրեք, որ Հայաստանի բանակում ծառայության վերադարձին ավելի շատ կնպաստի անվտանգության հաստատուն երաշխիքները, քան ծառայությունից խուսափելու դեպքում քրեական հետապնդումից ազատվելու վերաբերյալ նպաստավոր օրենքները,- ասում է տղամարդը՝ հավելելով, որ իր կարծիքով՝ ծառայությունից հիմնականում խուսափում են հենց անվտանգության բացակայության պատճառով,- Իսկ նմանատիպ օրենքների դեպքում ունևոր մարդիկ Հայաստանից ավելի հանգիստ դուրս կգան՝ մտածելով, դե կգնանք, մի քիչ կաշխատենք, երբ հարմար լինի, կվերադառնանք ու բանակից խուսափելու տույժերը կվճարենք, կազատվենք, էն չունևորը էսպես, թե էնպես չի գալու, չի օգտվելու»:
Հատկանշական է, որ ԱԺ-ում նախագծի քննարկման ժամանակ իր կոշտ դիրքորոշումը հայտնեց իշխանական մեկ այլ պատգամավոր՝ Հովիկ Աղազարյանը, անգամ սպառնաց, թե ամեն ինչ կանի, որ նախագիծը չընդունվի․
«Երբ մշակում էիք այս օրենքը՝ հարց չի՞ առաջացել, թե այս օրենքն ընդունվելու դեպքում որտեղ են հայտնվում 14 տարեկան պատանիները: 18 կամ 23 տարեկան երիտասարդը մտածելու է, որ մինչև իր 27 տարեկան լրանալը մի նմանատիպ օրենք կընդունվի ու ինքը նորից բանակից կազատվի: Չե՞ք անհանգստանում, որ բացասական վարքագիծ եք մտցնում մեր պատանիների մեջ այդ նախագծով»։
Աղազարյանի համոզմամբ՝ օրենքի կիրարկումից հետո 20-30 հոգուց ավելի շատ մարդ չի վերադառնա Հայաստան։
«Պարոն Սարգսյանի առաջարկած օրենքից գրեթե մարդ չի օգտվելու։ Մի վտանգավոր բան էլ կա. մենք կոռուպցիոն սխեմաներին տալիս ենք հոգեբանական լեգիտիմություն: Այսինքն՝ ոմն մեկը կարող է շատ հանգիստ մոտենալ մի պաշտոնյայի ու առաջարկել 15 միլիոն դրամի փոխարեն 20 միլիոն դրամ՝ իր տղային ազատելու դիմաց»,- ասում է Աղազարյանը:
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն էլ սոցիալական անարդարության խնդիրներ է տեսնում այս օրենքում: Ըստ նրա, փաստորեն, ով ֆինանսապես ապահովված է՝ կազատվի, ով չէ՝ կդատվի։ Ըստ Կարապետյանցի՝ որևէ լուրջ հիմնավորում չի ներկայացվել, թե ինչ հաշվարկներ են արվել ու, այսպիսով, որքան մարդ է վերադառնալու.
«Գնալ այս ճանապարհով, նսեմացնել հայրենիքին ծառայելու գաղափարը, ամենամեծ բարոյազրկումն այստեղ է: Երբ ինչ-որ մեկը փող ունի ու լքել է Հայաստանը և այսօր հնարավորություն ունի վճարել ու չծառայել, կարող է գալ մի ամիս ձեռքերը գրպանում ման գալ զորամասում, մյուսը, որն այդ հնարավորությունը չի ունեցել ու չի լքել հայրենիքը, պետք է երկու տարի ծառայի բավականին ծանր պայմաններում: Էն էլ պարզ չէ՝ այդ զորամասը կվառվի՞, զինվորն անհետ կկորի՞, պոստից իջնելիս ձնաբքի տակ կմնա՞, թե՞ չի մնա»:
ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ վստահ է՝ օրենքի փոփոխությունների կիրառումից մեկ տարի անց վիճակագրությունը փաստելու է, որ օրենքից ոչ ոք չի օգտվել՝ աստղաբաշխական վճարների պատճառով։
«Բարձր գումար վճարելը ելակետ չէ, ասում են՝ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, բայց, ցավոք սրտի, տվյալ դեպքում տուգանքի մատերիալ դարձավ»,- ասում է Մանուկյանը՝ հղում անելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով տարիներ շարունակ պարբերաբար շեշտում է, թե քաղաքացին տուգանքի մատերիալ չէ:
Նպատակին չծառայած օրենքի վերակենդանացումը
27 տարին լրացած ու ծառայությունից խուսափած անձանց քրեական հետապնդումից ազատվելուն ուղղված օրենսդրական նախագծեր նախկինում ևս քննարկվել են։ Խնդրին լուծում տալու համար տարբեր ժամանակահատվածներում պատգամավորական տարբեր նմանատիպ նախաձեռնություններ են եղել:
Մինչև 2019-ը գործում էր «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքը, ըստ որի՝ սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած որոշակի խմբի քաղաքացիներին հնարավորություն էր տրվում օրենքով սահմանված չափով և կարգով պետական բյուջե գումար վճարելով չենթարկվել քրեական պատասխանատվության և կանգնել զինվորական հաշվառման։ Այն ժամանակ վճարի չափը կազմում էր յուրաքանչյուր խուսափած զորակոչի համար առավելագույնը 200.000 դրամ:
2019-ին, երբ որոշում կայացվեց այդ օրենքի գործողության ժամկետը չերկարաձգել, այդ ժամանակվա պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պատճառաբանեց՝ օրենքի գործունեության ժամանակային ընթացքը ցույց է տվել, որ այն փաստացի դարձել է պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու միջոց, որի արդյունքում 18 տարին լրացած շատ քաղաքացիներ, հույսը դնելով օրենքի պարբերաբար երկարաձգումների վրա, նախընտրել են Հայաստանը լքելու միջոցով խուսափել զորակոչից, այնուհետև՝ տարիքը լրանալուց հետո, վճարել համապատասխան գումարը:
«Կարծում ենք, որ դա արդարացի չէ իրենց սահմանադրական պարտականությունը կատարած Հայաստանում ապրող քաղաքացիների նկատմամբ»,- բացատրել էր նախկին նախարարը:
Ոչ պաշտոնական տվյալներով, բանակից խուսափած անձանց մեծամասնությունը մինչև չափահաս դառնալը հայրենիքից հեռացածներն են: Այն պատանիներն են, որոնց փոխարեն իրենց ծնողներն են որոշում կայացրել: Իսկ այդ որոշումները շատ թանկ գին ունեն՝ այլևս երբեք հայրենիք չվերադառնալ, վերադառնալ ու քրեական պատասխանատվության ենթարկվել, հիմա արդեն նաև՝ խոշոր գումարներ վճարել: Գաղտնիք չէ, որ ֆինանսական հնարավորություն ունեցողները բանակից ազատվելու տարբերակներ միշտ գտել են, հիմա, երբ չծառայելու համար կարիք չկա կոռուպցիոն եղանակներով դրան հասնել, որովհետև օրինական ճանապարհը կա, ֆինանսական հնարավորություններ չունեցողների համար տարբերակ կրկին չկա:
Կարդացեք նաև
Կանանց զինծառայություն. որտեղ և ինչպես
Իգական սեռի քաղաքացիներին կամավոր սկզբունքով պարտադիր զինվորական ծառայության մեջ ընգրկելուն անդրադարձող օրինագիծը քննարկումների առիթ է դարձել։ Ի՞նչ է այն ենթադրում, որտե՞ղ և ինչպես են ծառայելու կանայք, ի՞նչ վտանգներ ու խնդիրներ կարող են առաջանալ, անդրադառնում է Արփինե Սիմոնյանը։
Read moreՊահեստազորայինների հավաքներ․ վարժանքնե՞ր, թե համալրում
Հայաստանում վերջին մեկ տարում պարբերաբար անցկացվում են պահեստազորայինների վարժական հավաքներ, որոնցով, թերևս, փորձ է արվում լուծել մի շարք խնդիրներ։
Read moreՄարդ և օրենք
Հաճախ կիրառվող ծայրահեղ միջոց՝ կալանք
Թեև մեկ տարուց ավելի է գործում է Քրեական դատավարության նոր օրենսգիրքն ու սահմանված են այլընտրանքային խափանման նոր միջոցներ, սակայն մինչդատական կալանքը Հայաստանում շարունակում է նախկինի պես հաճախ կիրառվել։ Ինչո՞ւ են դատարանները խուսափում կիրառել խափանման այլ միջոցները, մեկնաբանում է Աստղիկ Կարապետյանը։
Read moreՓորձությո՞ւն, թե՞ փորձանք ուսուցիչների համար
Կամավոր ատեստավորման համակարգի միջոցով բարձր աշխատավարձ ստանալու հնարավորությունից ուսուցիչների մեծ մասը դեռևս խուսափում է օգտվել, ի՞նչն է պատճառը, մեկնաբանում է Գայանե Մկրտչյանը՝ ներկայացնելով ծրագիրն ու այս գործընթացի միջով անցածների պատմությունները։
Read moreԱռողջության համապարփակ ապահովագրության հայաստանյան տեսլականը
Որակյալ բուժօգնության հասանելիությունը մարդու հիմնարար իրավունքն է, սակայն Հայաստանում շատերի համար այն շարունակում է մնալ անհասանելի շքեղություն: Բուժման չափազանց մեծ ծախսերը հոգալ չկարողանալու պատճառով շատ ընտանիքներ պարզապես աղքատանում են։
Read moreԱշխատանքային օրենսգրքի նոր կարգավորումներն ու լուծումները
Աշխատանքային օրենսգրքի 266 հոդվածից 122-ում նախատեսված են փոփոխություններ, որոնց նպատակն է որոշ դրույթների համապատասխանեցումը Սահմանադրությանն ու միջազգային փաստաթղթերին, օրենսդրական բացերի ու հակասությունների վերացումը, ինչպես նաև նոր համակարգերի ներդրումը։
Read moreՆոր օրենք․ զենքի ձեռքբերման ազատականացու՞մ, թե՞ խստացում
Հայաստանում ընդունվել է զենքի շրջանառությանը վերաբերող նոր օրենք։ Աստղիկ Կարապետյանն ուսումնասիրել է օրենքի ռիսկերը, վտանգներն ու առավելությունները։
Read more