
Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր՝ հեղինակի ընթերցմամբ:
Այս տարի Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակի արժանացավ ամերիկացի ռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը (Anora, 2024), և մինչ միջազգային կինոհասարակությունը քննարկում էր ռեժիսորի ջանքերն էկրան բերել սեքս-աշխատողների պատմությունները և սովորական դարձնել նրանց առօրյան հասարակության աչքերում, մեզ համար ֆիլմը կրում էր այլ հետաքրքրություն` վերջինիս հայկական պատմագիծն ու կերպարները, որոնց մարմնավորում են դերասաններ Կարեն Կարագուլյանն ու Վաչե Թովմասյանը: Ֆիլմում այս երկուսը խաղում են ռուս օլիգարխին հավատարիմ աշխատողների, ովքեր պետք է գտնեն իրենց ղեկավարի երես առած ու վախկոտ զավակին, ով ամուսնացել է սեքս-աշխատողի` Անիի (հերոսուհին հայ չէ) հետ:
Ֆիլմում հայ հերոսները չափազանց իրական են իրենց պահվածքով, հագուստով և բառապաշարով ու գրեթե չեն տարբերվում Երևանում, Ռոստովում կամ Լոս Անջելեսում հանդիպող հայկական հասարակության այս ենթամշակութային շերտի մյուս ներկայացուցիչներից, որոնց փորձում է արտապատկերել Բեյքերը: Սա ռեժիսորի` հայկական կերպարներ պատկերելու առաջին փորձը չէ, և այս հարցում մեծ է Բեյքերի ընկեր ու մշտական համագործակից Կարեն Կարագուլյանի դերը: Վերջինս ներկա է ռեժիսորի գրեթե բոլոր ֆիլմերում` «Առաքում»-ում (Take Out, 2004), «Ստարլետ»-ում (Starlet, 2012), «Ֆլորիդա նախագիծ»-ում (The Florida Project, 2017), իսկ «Մանդարին»-ում (Tangerine, 2015) նրա կերտած Ռազմիկը պատմության գլխավոր հերոսներից մեկն է: Բեյքերի կերպարների այս օրինակները մտքում պահելով` հետաքրքիր է դառնում ուսումնասիրել, թե ինչպես է, ընդհանրապես, ամերիկյան կինոն ներկայացրել հայկական հերոսներին և հասկանալ դրանց փոփոխությունը ժամանակի ընթացքում:
Ամերիկյան կինոյում հայկական առաջին կերպարներն ու պատմությունները հայտնվել են դեռ համր շրջանում։ Դրանցից ամենահայտնին Օսկար Ափֆելի «Հոգիների աճուրդ»-ն է (Auction of Souls, 1919), որ պատմում է հայկական ջարդերի մասին և հիմնված է Արշալույս Մարդիգանեանի հուշերի վրա: Բացի այս ֆիլմից, որի միայն մի հատվածն է մեզ հասել, նույն ժամանակաշրջանում նկարահանվել են այլ ֆիլմեր, որ պատկերում էին ցեղասպանությունը: 1930-50-ականներին հայերը գրեթե անհետանում են ամերիկյան էկրաններից, կամ նշվում են շատ հպանցիկ կերպով, հիմնականում հանուն էկզոտիզմի, ինչպես օրինակ՝ ռեժիսոր Ռուդոլֆ Մատեյի «Խորը վեցը» (The Deep Six, 1958) պատերազմական ֆիլմում, որտեղ դերասան Ռոս Բաղդասարյանն իր զինվորակիցներին տանում է հայկական ակումբ՝ աղջիկներ «կպցնելու» և առաջին անգամ ամերիկյան էկրանից հնչեցնում է հայերենը։ Այդ տարիներին ստեղծված առավել հետաքրքիր ու խոշոր հայ կերպարներից մեկը հանդիպում է Օրսոն Ուելսի «Պարոն Արկադինը» (Mr. Arkadin, 1955) ֆիլմում: Հիմնված «ԲիԲիՍի»-ի (BBC) ռադիոհաղորդաշարի վրա, որտեղ գլխավոր հերոսը պարոն Արկադյանն է, ֆիլմի տարբեր հնչունավորումներում ազգանունը հանդիպում է որպես Արկադյան կամ Արկադին: Ուելսն ինքն է մարմնավորում չափազանց հարուստ և չափազանց մութ անցյալ ունեցող իր առեղծվածային հերոսին, որը ֆիլմի որոշ տարբերակներում ներկայացված է որպես հայ, մյուսներում` ռուս: Պահարանում թաքնված կմախք կամ հանցագործ/ոչ ամենաօրինակելի քաղաքացիական գործունեության ծավալումը դառնալու էր ամենատարածված ենթիմաստը կինոյում, որում հաջորդող տարիներին ներկայացվելու էին հայ կերպարները:
Այս նկարագրությանը համապատասխանում է Բարի Լևինսոնի «Դու չգիտես Ջեքին» (You don’t know Jack, 2010) դրաման, որը հիմնված է իրական դեպքերի վրա և ներկայացնում է պաթոլոգ Ջեք Գևորգեանի պատմությունը: 1990-ական թվականներին Գևորգեանը պայքարում էր մահացու հիվանդ կամ հաշմանդամության սուր դրսևորումներ ունեցող մարդկանց` իրենց կյանքին վերջ դնելու իրավունքի համար և ըստ որոշ տեղեկությունների` օգնել էր մահանալ շուրջ 130 հիվանդների: Ֆիլմի ռեժիսորը շեշտում է Գևորգեանի ծնողների` Հայոց ցեղասպանությունը վերապրելու փաստը` այսպիսով հոգեվերլուծական նոր շերտ տրամադրելով իր հերոսի համար:
Ցեղասպանության հոգեխոցը հայկական կերպարների ամենակարծրատիպային գծերից է, ինչը հանդիպում է նաև շատ այլ ֆիլմերում: Օրինակ` Ջեն Քուինտանոյի «Ինչո՞ւ ես» (Why, me?, 1990) կատակերգությունը պտտվում է Թուրքիային պատկանող «Բյուզանդական կրակ» թանկարժեք քարի գողության շուրջ, որը գողանում է հայերի մի խումբ, իսկ նրանցից էլ՝ ֆիլմի գլխավոր հերոսները, չնայած պատահաբար: Բացի հայկական հանցագործ հրոսակից ֆիլմում պարբերաբար հայտնվում է խելագար հայ ահաբեկիչ կին, որ գործում է «Հայկական ազատագրական կուսակցության» անունից: Կինը միշտ խոսում է իր ընտանիքի անդամներին սպառնացող վտանգի մասին, եթե ինքը չկատարի այս կամ այն գործողությունը:
Հայկական ընտանիքները որպես պարունակ, որում տեղի են ունենում ֆիլմի գործողությունները, ևս հանդիպում է ամերիկացի ռեժիսորների ֆիլմերում: Ալեքսանդր Փեյնի «Ճամփեզրին» (Sideways, 2004) ֆիլմի հերոսը պատրաստվում է ամուսնանալ հայուհու հետ, ում ընտանեկան առանձնատունը երևում է ֆիլմի սկզբում և վերջում: Մարտիրոս Սարյանի կտավներով ու ոսկեզօծ հայերեն տառերով զարդարված պատերի ներսում ապրող ընտանիքն օրինակելիության ու բարեկեցության խորհրդանիշ է, որից փախչում, բայց որին վերադառնում է հերոսը: Հայաստանն ու հայկական ընտանիք է պատկերում Բրադեն Քինգն իր «Այստեղ» (Here, 2011) դրամայում, որը հատուկ մրցանակի է արժանացել Բեռլինի միջազգային կինոփառատոնում: Ֆիլմը հետևում է ամերիկացի ինժեներ Վիլլին (Բեն Ֆոսթեր), ով Հայաստան է գալիս արբանյակներ քարտեզագրելու և ծանոթանում է հայ լուսանկարչուհու` Կատերինի հետ (Լուբնա Ազաբել): Բացի այս երկու հերոսների հարաբերություններից, ռեժիսորը ներկայացնում է ընտանիք-զավակ հարաբերությունները. Կատերինան հեռացել է Հայաստանից տարիներ առաջ և հաջողակ է իր աշխատանքում, ինչն արժանանում է ծնողների քննադատությանը, ինչպես նաև հպարտությանը. երկու զգացմունքն էլ արտահայտվում է լռությամբ: Քանի որ ֆիլմը մասամբ արված է ճանապարհորդական դրամայի ժանրում, ընթացքում հանդիպում են մի շարք այլ հերոսներ, բոլորն իրական ու չչափազանցված: Սա թերևս այն եզակի դեպքերից է, երբ ամերիկյան ֆիլմում փորձ է արված հնարավորինս խորը և զգայուն կերպով ներկայացնել հայկական թեման։ Ցավոք, այս ֆիլմն առ այսօր կարելի է միայն բացառություն համարել։
Հայկական ընտանիքի կարծրատիպային պատկերմանը դեմ է գնում Շոն Բեյքերի «Մանդարին» (Tangerine, 2015) ֆիլմը, որի հերոսները տրանսգենդեր սեքս աշխատողներն են, իսկ նրանցից մեկի մշտական հաճախորդը հայ տաքսիստ Ռազմիկն է (Կարեն Կարագուլյան): Շուտով ընտանիքը` կինն ու զոքանչը տեղեկանում են նրա սիրային կապի մասին, ինչը «այՖոն»-ով նկարահանված գունավոր դրաման հարստացնում է հայերեն գոռգոռոցներով: Կարագուլյանը վարպետորեն մարմնավորում է հայրիշխան ու «խիստ» հայ տղամարդու, ով հավատում է, որ կոպիտ վարվելակերպն ընտանիքի անդամների հետ ապացույց է իր տղամարդկայնության, սակայն սյուժետային այս շրջադարձն անողոքաբար գահընկեց է անում Ռազմիկին:
Հայ հոր վիճելի կերպար է վերստեղծված նաև Ջորջ Ա. Ջոնսոնի «Մթությունից դուրս եկած» ֆիլմում (որոշ աղբյուրներում «Ազատության փնտրտուք», Pulled from Darkness/Pursuit for Freedom, 2022), որտեղ ուկրաինացի հանցագործներին հայրը պարտվում է իր կնոջը, ում հանձնում են սեռական ստրկության: Ամուսինն անհետանում է էկրանից ֆիլմի առաջին րոպեների ընթացքում, բայց ֆիլմում առկա են նաև այլ հայ կերպարներ. ամուսնու ծնողները, Սպիտակում բնակվող բարեկամները, ովքեր հոգ են տանում մորը կորցրած երեխաների համար և այլն: Ֆիլմը բավական թույլ է, տհաճ և ձգտում է խոսել տասնյակ սոցիալական, քաղաքական ու կրոնական թեմաների շուրջ, ինչը չի հաջողվում:
Վերջին տարիներին ամերիկյան ավելի շատ ֆիլմերում են սկսել հայտնվել էպիզոդային հայ կերպարներ: Օրինակ` Ջոն Փաթոն Ֆորդի «Հանցագործ Էմիլին» (Emily the Criminal, 2022) ֆիլմում Էմիլին փորձում է «ԲՄՎ» մակնիշի մեքենա գողանալ, որ պատկանում է հայ մեքենա վերավաճառողների, վերջիններս էլ դաժան ծեծի են ենթարկում Էմիլիին: Ջ. Ջ. Փերիի «Ցերեկային հերթափոխ»-ում (Day shift, 2022) կան Նազարյան եղբայրները` վամպիրների խիզախ որսորդները: Նման կերպարներ հայտնվում են էլ ավելի մեծ հաճախականությամբ՝ ամերիկյան սերիալներում, որոնց գերակշռող մասը պատկանում է քրեական ժանրին (The Shield, Weeds, House of Cards, և այլն)։
Վերջին տասնամյակների ընթացքում ամերիկացի ռեժիսորների այս ֆիլմերում հայկական կերպարների դիտարկումը փաստում է հասարակական ընկալման փոփոխություն: Ողբերգական կամ մութ անցյալ ունեցող, գլխավորապես տղամարդ հերոսներին, փոխարինելու են գալիս փոքր հանցագործերի ու գողերի կերպարները, որոնք ֆիլմերում էպիզոդային դերեր ունեն: Եվ եթե Վուդի Ալենն իր 1972-ին արված «Ամենն ինչ միշտ ցանկացել եք իմանալ սեքսի մասին, բայց վախեցել եք հարցնել» (Everything you always wanted to know about sex but were afraid to ask) կատակերգությունում իր ոչխարին սիրահարված հայ հովիվին հունական Միլոս անունն է տալիս` չցանկանալով ուղղակիորեն նեղացնել հայերին կամ մտածելով ծաղրել բոլորին միանգամից, ապա վերջին տարիներին արված ֆիլմերում կարծրատիպային, երբեմն անգամ վիրավորական մեջբերումներն ու կերպարները սահմանակցում են ռասիզմի և վատ ճաշակի հետ:
Սույն փաստը, թերևս, խոսում է այն մասին, որ, չնայած հայ համայնքի չափազանց զգալի ներկայությանն ամերիկյան կինոյի կիզակետում՝ Հոլիվուդ/Լոս-Անջելեսում, այն դեռևս չի մշակել ռազմավարություն կամ լծակներ` ավելի տեսանելի և ներկա լինելու աշխարհի ամենաազդեցիկ կինոհարթակում։ Ու թեպետ վերջին տարիներին հայ մասնագետների թիվը զգալիորեն աճել է ամերիկյան կինոարդյունաբերության գրեթե բոլոր ոլորտներում, սա չի նպաստել հայկական պատմությունների ու հայկական կերպարների ավելի բազմակողմանի ներկայացմանը: Փոխարենը կա կարծրատիպերի մի նոսր «ճաշացուցակ», որին այս կամ այն ֆիլմում պատահականորեն հանդիպելիս հայ հանդիսատեսն ուռչում է գավառական հպարտությամբ, փոխանակ հարց տալու, թե ինչո՞ւ է օտարի աչքերում, սովորաբար, ներկայանում որպես մանր հանցագործ, «քյառթու» տաքսիստ կամ հղփացած գործատեր։ Նման իրավիճակի հետևանքները կարող են թվալ անէական ու թռուցիկ, սակայն հաշվի առնելով հոլիվուդյան կինոյի ահռելի ներազդեցությունը որևէ ժողովրդի, ազգի ու մշակույթի հանդեպ համաշխարհային ընկալումներ ձևավորելու հարցում` այսպիսի նսեմ պատկերումների համագումարը կարող է թողնել շատ խորն ու բացասական հետք՝ հատկապես մեր օրերում, երբ կարիք կա քաղաքակիրթ աշխարհի ուշադրությունը գրավել մի շարք օրհասական խնդիրների շուրջ։ Թերևս ժամանակն է ըմբռնել համաշխարհային կինոյի և հեռուստատեսության հայկականության կոպիտ արտացոլաքները ոչ թե որպես «մեծ եղբայրների» ցուցաբերած թեթև փաղաքշանք, այլ որպես լուրջ քաղաքական խնդիր, որն ուղղակիորեն ազդում է հայերի, Հայաստանի ու մեր մշակույթի շուրջ գիտակցությունների կազմավորման վրա։
ԵՎ այլն
Մեր օրերի Սալոմեն. կնատյացությունից կնակենտրոն պատում
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը բացած Ատոմ Էգոյանի «Յոթ քող»-ը ֆիլմը Սալոմեի պատմության նոր մեկնաբանությունն է՝ արդիականացված ու համապատասխանեցված ժամանակակից հասարակական ու մշակութային իրողություններին, գրում է Սոնա Կարապողոսյանը։
Read moreԺառանգությունից՝ «հայփ»
Անդրադարձ, որը կոչ է անում երկխոսություն սկսել Հայաստանի մշակութային փառատոների համադրման և մշակութային ժառանգության վայրերի ու հանրության հետ փոխազդեցության հայեցակարգային որոշ մտահոգությունների շուրջ:
Read moreԴպրոցական դասագիրքը և ստալինիզմի ուրվականը
Ստալինի մահվանից հետո շատ ոլորտներ կրել են ապաստալինականացման, ապատոտալիտարիզացման բարերար ազդեցությունը, բացի երկու փոխկապակցված ոլորտից. պատմագիտությունը և Ստալինի ազգերի տեսությունը, որը վերանայելու բոլոր փորձերը խորհրդային և հետխորհրդային տարիներին տապալվեցին, գրում է Վարդան Ջալոյանը՝ անդրադառնալով պատմության նոր դասագրքի թնջուկին։
Read moreԱրցախից Գազա, ոչ ոք ազատ չի լինի
Աշխարհում ամենամեծ վավերագրական փառատոնը թեև 2023-ին զուգակցվեց մի շարք վեճերով ու գրեթե ձախողվեց, սակայն փառատոնի հիմնական մրցույթում ներկայացված հայկական ֆիլմը բացառիկ հաջողություններ գրանցեց։
Read moreԵրկու կինո՝ մեկ աղբյուրից
Մկրտիչ Արմենի «Հեղնար աղբյուր»-ը ստեղծագործության գրեթե զուգահեռ երկու տարբեր էկրանավորումները բացառիկ հնարավորություն են ստեղծում խորհրդահայ և սփյուռքահայ հայացքների ուսումնասիրման, ազգային գրականության մեկնաբանման հարցում երկու հակադիր մոտեցումների համեմատման համար։
Read more