Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր:
Արդեն մի քանի ամիս է շարունակվում է Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած «Հայոց պատմություն» 7-րդ դասարանի դասագրքի աղմուկը [1]։ Դասագրքին անդրադարձել են ինչպես ակադեմիական հաստատությունները, անհատ պատմաբանները, բայց նաև՝ լրագրողները։
Որոշ բացառություններով հանդերձ, հետխորհրդային երկրների, այդ թվում՝ Հայաստանում, դպրոցական կամ համալսարանական դասագրքերը քիչ փոփոխություն են կրել։ Արդեն ձևավորված պատմական կառուցվածքը, կարևոր իրադարձությունների ցանկը, հերոսների և գործիչների պատկերասրահը չնչին փոփոխության են ենթարկվել։ Շարադրվել է նույնը, թեթևակի փոխվել է պատումի առոգանությունը։ Շատ դեպքերում դասագրքերը դարձել են ավելի վատը՝ ծանրաբեռնվելով մանր մունր փաստերով և գործիչներով։ Այժմ փորձ է արվում նորովի մոտենալ պատմության դասագրքերին։
Ամենահիմնավոր անդրադարձը Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած «Հայոց պատմություն» 7-րդ դասարանի դասագրքին` կարելի է համարել Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Պատմության ինստիտուտի Միջին դարերի պատմության բաժնի տեղեկանքը։ Այնտեղ նշվում է, որ ներդրվել են հանրակրթական դպրոցներում կրթության նոր չափորոշիչներ և խնդիր էր դրված համապատասխան այդ չափորոշիչների ստեղծել նոր դասագրքեր, որոնցից մեկը վերոհիշյալն է։ Տեղեկանքում ասվում է` «Դասագրքերի մեթոդական կառուցվածքները, ոչ միայն Հայոց պատմություն, այլև մնացյալ առարկաների, նորություն են, ունեն գործնական, կիրառական նպատակներ ու նշանակություն: Քննվող դասագիրքը ևս մեթոդական առումով նորույթ է՝ գրված նոր ձևաչափով: Այն աչքի է ընկնում մեթոդական կառուցվածքի որոշ դրական կողմերով»:
Որպես հիմնական թերություն` նշվում է, որ «դասագիրքը բավականին բարդ է 7-րդ դասարանի սովորողների համար, որոնք դժվարությամբ են ընկալում նոր ուսումնասիրվող առարկայի բարդ տերմինները, հստակ չեն պատկերացնում պահանջվող առաջադրանքները, յուրացվող նյութի անհարթ ու բարդ ձևակերպումները, որոնք առկա են դասագրքում»։ Բացի դրանից, նշվում է, որ դասագրքում առկա են բազմաթիվ սխալներ և վրիպումներ։ Նրանց մի մասի հետ հեղինակը համաձայն է, մյուս մասը` վիճարկում է։ Ակադեմիական գիտնականները համարում են, որ «դասագիրքն ունի վերանայման կարիք և նման բովանդակությամբ չի կարելի դասավանդել դպրոցում»։
Ակադեմիական քննարկումներից զատ առկա է նաև գաղափարախոսական քարոզարշավ դասագրքի դեմ, հատկապես լրատվամիջոցներում։ Օրինակ՝ նշվում է, որ դասագրքում չկա Մասիս սարի պատկերը, իսկ դա, ըստ պատմական գիտությունների թեկնածու, ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ռուսլան Ցականյանի, ակնհայտորեն պետպատվերի արդյունք է:
«Մեր աշակերտներին զրկում են ՊԱՏՄԱԿԱՆ Մայր Հայաստանի երազանքից: Չկա Մասիս, չկա երազանք…»,- գրել է նա:
Քննադատության հաջորդ կարևոր թիրախը Հայ եկեղեցու պատմության արտացոլումն է դասագրքում։ Այն հարուցեց Մայր Աթոռի դժգոհությունը։ Հայ առաքելական եկեղեցին պնդում է՝ գրքում մի շարք առանցքային սխալներ կան, որոնք՝ «հնարավոր չեն դարձնում կազմակերպել սերունդների ազգային և որակյալ կրթությունն ու դաստիարակությունը»։
Պետք է նկատել, որ հայաստանյան պատմագիտական համայնքը քննադատության է ենթարկվել արևմտյան, ռուսաստանցի կամ հայ բազմաթիվ հետազոտողների կողմից՝ ինտելեկտուալ ազատության սահմանափակման պատճառով։ Մասնավորապես, Հայագիտական միջազգային ընկերության հայտարարությունում ասվում է․ «Մենք՝ ներքոստորագրյալ գիտնականներս և մեզ աջակցող մշակութային-կրթական կազմակերպությունները, խորապես մտահոգված ենք և վրդովմունք ենք հայտնում անհատների և խմբերի վերջին գործողությունների և հայտարարությունների առնչությամբ, որոնք նպատակ ունեն վարկաբեկել հայագետների և հետազոտողների հեղինակությունն ու աշխատանքը, հատկապես Միացյալ Նահանգներում»։
Այսպիսով, Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած «Հայոց պատմություն» 7-րդ դասարանի դասագրքի դեմ քարոզարշավը բոլորովին էլ պատահական չէ, և մաս է կազմում ավելի լայն քարոզարշավի, որտեղ հակադրված են հայաստանյան և արևմտյան հայագիտական ուսումնասիրությունները։ Անշուշտ, այդ երկու դպրոցների միջև տարբերությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ մեկը ձևավորվել է խորհրդային քաղաքական պայմաններում, իսկ մյուսը՝ բուրժուական ազատությունների։
Խորհրդային պատմական գիտությունն ունեցել է Արևմուտքից տարբերվող զարգացում։ Ամենակարևոր գործոնը գաղափարախոսությունն էր, բայց վերջինս չի եղել անփոփոխ, այն անցել է զարգացման տարբեր փուլեր՝ հեղափոխական բոլշևիզմից ստալինյան ամբողջատիրություն, իսկ վերջում գերիշխողը բռնապետական կոմֆորմիզմն էր։ Կոմֆորմիզմը պատմական գիտություններում գերիշխող էր նաև հետխորհրդային դարաշրջանում՝ ընդունելով ազգային պահպանողական բնույթ։
Բոլշևիկյան հեղաշրջումից հետո դպրոցը ևս դարձավ հեղափոխական վերափոխությունների ասպարեզ։ Այն ակնառու է նաև պատմության առարկայի համար։ Խորհրդահայ դպրոցում այն բացակայում էր մինչև 1930-ականների սկիզբը։ Պատմությունը փոխարինվեց հասարակագիտության դասընթացով, որտեղ սովորողն ուսումնասիրում էր մարդու ծագման, ընտանիքի, աշխատանքի և դասակարգային պայքարի պատմությունը:
Պատմաբանների հանդեպ հալածանքների առաջին մեծ ալիքը Խորհրդային Միությունում թվագրվում է 1929 թվականով, երբ սկսվեցին ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի կադրային «զտումները», որոնք ուղեկցվեցին նրա աշխատակիցների զանգվածային կրճատումներով, իսկ աշնանը սկսվեցին պատմաբան գիտնականների ձերբակալությունները «ակադեմիական գործի» շրջանակներում։
Հալածանքները չշրջանցեցին նաև Հայաստանը։ Ազդանշան հանդիսացավ «Նոր ուղի» ամսագրում 1931-ի երկրորդ համարում տպագրված Ադո Ադոյանի «Հակալենինյան իդեոլոգիայի ոտնձգությունների դեմ» հոդվածը։ Հոդվածի հեղինակը գրում էր․ «Հայաստանի ինտիլիգենցիայի որոշ մասը՝ հանձինս հին ու նոր պրոֆեսուրայի մի քանի ներկայացուցիչների, ռեակցիոն, ըստ էության կոնդրատևյան, բացահայտ նացիոնալիստական-բուրժուական արշավ է սկսել մարքսիզմ-լենինիզմի դեմ» (էջ 113)։ Այդ պրոֆեսուրայի ներկայացուցիչներն էին Հակոբ Մանանդյանը, Հրաչյա Աճառյանը, Մանուկ Աբեղյանը և մյուսները։
1934-ին քաղբյուրոյի որոշմամբ Ժդանովի ղեկավարությամբ ստեղծվել է հատուկ հանձնաժողով՝ պատմության դպրոցական դասագրքերի մրցույթի համար։ Բայց պատմաբանների համար անհասկանալի էր, թե ինչպիսի՞ն այն պետք է լինի։ Հետևաբար, Ստալինը, Կիրովը և Ժդանովը հրապարակեցին «Նշումներ նոր պատմության դասագրքի կոնսպեկտի վերաբերյալ» տեքստը, որտեղ առաջին փորձն էր արվում վերականգնել հայրենասիրության գաղափարը։ Եթե նախկինում «բուրժուական պատմաբանները» հալածվում էին, ապա այժմ նրանք դառնում են անհրաժեշտ Ստալինի գաղափարները տարածելու համար։
Մրցույթին ներկայացվեցին բազմաթիվ նախագծեր։ «Հաղթեց» պրոֆեսոր Շեստակովի գլխավորած պատմաբանների քիչ հայտնի խմբի դասագիրքը։ Իրականում, դա 4-րդ դասարանի դասագիրք էր, որը խորհուրդ էր տրվում օգտագործել ավագ դպրոցում։ Այն շեշտը դնում էր պատմության շարունակականության վրա, ռուս ուժեղ գործիչների փառաբանության վրա (Իվան Ահեղ, Պետրոս I), պարզ և սխեմատիկ տալիս հեղափոխությունից հետո տեղի ունեցած իրադարձությունները («բոլշևիկյան կուսակցությունը հաղթեց դավաճաններին»), իսկ վերջում երեխաներին խորհուրդ էր տրվում. «Մենք պետք է ուշադիր հետևենք բոլոր կասկածելի մարդկանց»։
Փաստերը վկայում են, որ Իոսիֆ Ստալինը ոչ միայն այս դասագրքի խմբագիրն էր, այլ նաև համահեղինակը, այնքան մեծ էր նրա միջամտությունը։ Հետագայում, հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, նա ուժեղացրեց պատմական գիտությունների վրա վերահսկողությունը։
1940-ականների կեսերին և 1950-ականների սկզբին պատմաբաններին ուղղված կուսակցական հրահանգների իմաստը հանգում էր ԽՍՀՄ պետական միասնության պահպանմանը, ինչը փաստացիորեն նշանակում էր պայքար տեղական ազգայնականության դեմ և անցյալում ռուս ժողովրդի նվաճումների փառաբանությունը։ Պատմական գիտության հայեցակարգը փոխվեց. եթե մինչ այդ ժողովուրդների միացումը Ռուսաստանին գնահատելիս գործում էր «չարյաց փոքրագույնի» բանաձևը, ապա այս ընթացքում այն փոխարինվեց «բացարձակ բարիքի» սկզբունքով։ Այս նոր թելադրանքն ամրագրվեց 1952-ի Կոմկուսի XIX համագումարում։
Փաստորեն, դրանով իսկ պատմաբաններին ցուցում տրվեց շրջանցել ընդդեմ նվաճողների ոչ ռուս ժողովուրդների ապստամբությունների, Ռուսաստանին նրանց միացման արյունալի մեթոդների և բռնազավթման դեմ հերոսական պայքարի ցավոտ հարցերը։
Պատմական գիտությունների նոր հայեցակարգի ձևավորման համար էական նշանակություն ունեին հետպատերազմյան գաղափարախոսական քարոզարշավները։
Դրանցից առավել կարևոր մեկը «պայքարն էր բուրժուական օբյեկտիվիզմի» դեմ։ Խորհրդային գիտնականը պետք է ունենա «բոլշևիկյան կայծ, մարտնչող ոգի, մահացու սարկազմ և հեգնանք մարքսիստ-լենինյան փիլիսոփայության թշնամիների դեմ»։ Այն պետք է հանդես գա «մերկացնող քննադատությամբ», տոգորված լինի բուրժուական փիլիսոփայության և գիտության հանդեպ ատելությամբ։ Այսուհետ ձևավորվում են պատմագիտության երկու հակադիր ճյուղեր, որոնք ոչ միայն տարբերվում էին գաղափարախոսությամբ, այլ նաև մեթոդով, արտահայտման եղանակով և ոճով։
Դա ակնառու է հատկապես հայագիտության մեջ․ կա հայաստանյան հայագիտություն և «արևմտյան հայագիտություն»։ Առաջինը «հայրենասիրական» է և «ազգային», երկրորդը տառապում է «բուրժուական օբյեկտիվիզմով» և հակված է կոսմոպոլիտիզմի։ Դրանք ընդդիմախոս և անհամատեղելի դիսկուրսներ են։ Այստեղից՝ անհաշտելի և անվերջ թշնամությունը։
Այս քարոզարշավի հաջորդ փուլը «կոսմոպոլիտիզմի դեմ պայքարն էր»։ Այն ուղղված էր ռուսական փիլիսոփայությունը, մշակույթը, գիտությունը և պատմությունը նսեմացնող գործիչների դեմ։ Բայց ազգային հանրապետություններում այն կրում էր «միասնական հոսանքի տեսության դեմ պայքար», որը լուրջ բնույթ ուներ նաև Հայաստանում։ Խոսքը գնում էր ազգային ազատագրական պայքարում երկու՝ բուրժուական և դեմոկրատական հոսանքների հակադրելուն։ Մի կողմում՝ Րաֆֆի և Ռաֆայել Պատկանյան, մյուս կողմում՝ Միքայել Նալբանդյան և Ղազարոս Աղայան։
Ստալինիզմի և մտավորական խավի հարաբերությունը երբեք միանշանակ չի եղել։ Իշխանությունը ոչ միայն ճնշում էր մտավորականությանը, այլև ակտիվորեն փորձում էր այն «յուրացնել»։ Նրանց մեծամասնությունն աստիճանաբար, ոչ առանց դժվարությունների, բայց հիմնականում կամավոր սկսում են ներգրավվել ստալինյան գաղափարախոսության աշխարհում և երբեմն հախուռն ոգևորությամբ նպաստում նրա կայացմանը։ Ձևավորվում է ստալինյան տիպի մտավորականություն, որը կարողացավ վերակառուցել իր գործունեությունը՝ համաձայն կուսակցական որոշումների, իրենց տեքստերը հիմնել մարքսիզմի դասականների մեջբերումների վրա, որոնց մեջ բացառիկ դեր ունեին Ստալինի ասույթներն ազգային հարցի մասին։
Ստալինի մոտեցումները պատմական գիտություններում վերապրել են իրենց մահը և արդիական են եղել ինչպես խորհրդային, այնպես էլ՝ հետխորհրդային շրջանում։ Ստալինի մահվանից հետո շատ ոլորտներ կրել են ապաստալինականացման, ապատոտալիտարիզացման բարերար ազդեցությունը, բացի երկու փոխկապակցված ոլորտից. պատմագիտությունը և Ստալինի ազգերի տեսությունը, որը վերանայելու բոլոր փորձերը խորհրդային և հետխորհրդային տարիներին տապալվեցին։
Իհարկե, հետխորհրդային շրջանում Հայաստանում տարածում ստացան ազգերի արդիական տեսությունները (Է․ Գելեր, Բ․ Անդերսոն, Է․ Սմիթ, և այլն), բայց դրանք ազդեցություն չունեցան դպրոցական կամ համալսարանական դասագրքերի վրա։ Ընդհակառակը, Հայաստանում ակադեմիական և մերձակադեմիական շրջանում դրանք բուռն քննադատության արժանացան, ինչպես օրինակ՝ Ռոնալդ Սյունիի ազգերի ձևավորման կոնստրուկտիվիստական մոտեցումը։
Այսօր հայաստանյան պատմական գիտությունը փորձում է ձերբազատվել խորհրդային-ստալինյան գաղափարախոսության ստեղծած համակարգերից, հիմնվել նոր մեթոդների և տեսությունների վրա։ Ինչպես փաստում են ներկա բանավեճերը, այդ վերափոխումը երկարատև ու ցավոտ ընթացք կունենա։
Ծանոթագրություն.
[1] Սմբատ Հովհաննիսյան, Երևան, «Մասնակցային դպրոց» ԿՀ, 2023, 176 էջ
Եվ այլն
Արցախից Գազա, ոչ ոք ազատ չի լինի
Աշխարհում ամենամեծ վավերագրական փառատոնը թեև 2023-ին զուգակցվեց մի շարք վեճերով ու գրեթե ձախողվեց, սակայն փառատոնի հիմնական մրցույթում ներկայացված հայկական ֆիլմը բացառիկ հաջողություններ գրանցեց։
Read moreԵրկու կինո՝ մեկ աղբյուրից
Մկրտիչ Արմենի «Հեղնար աղբյուր»-ը ստեղծագործության գրեթե զուգահեռ երկու տարբեր էկրանավորումները բացառիկ հնարավորություն են ստեղծում խորհրդահայ և սփյուռքահայ հայացքների ուսումնասիրման, ազգային գրականության մեկնաբանման հարցում երկու հակադիր մոտեցումների համեմատման համար։
Read more90-ականներ, 2000-ականներ… հիման և պատերա՞զմը…
Մինչ տեղի են ունենում պատերազմներ, պետք է հասկանանք՝ հայ գրականության մեջ 90-ականներից այս կողմ պատերազմներն ի՞նչ են արել գրականության հետ, ու ինչ ունենք, որպես, այսպես կոչված, «պատերազմական գրականություն»: Մարիամ Ալոյանը ներկայացնում է այդ կարճ հարցի երկար ձևակերպումը։
Read moreՕտարականության փորձառությունը Ատոմ Էգոյանի կինոյում
Էգոյանի ֆիլմերում ընդգծվում է օտարականության զգացումը. մարդիկ իրենց տեղում չեն, ամեն ինչ ասես երազում է կատարվում: Իսկ երաժշտությունը՝ համահունչ լինելով խճանկարային ու բազմաբովանդակ պատումին՝ օգնում է սոսնձել սյուժեի բեկորները:
Read moreԿաննի կինոփառատոնի տարածաշրջանային քաղաքականությունը
Կաննի կինոփառատոն ընտրվելու համար գործում են մի շարք պայմանական կարգեր: Սոնա Կարապողոսյանն անդրադառնում է հեղինակավոր կինոփառատոնին, աշխարահագրությանը, ներկայացվելու կարգերին ու այս պարունակում հայ կինոգործիչների աշխատանքներին։
Read moreԻնչու՞ «Խ» և այլ Խնդիրներ. Աննա Դավթյանի «Խաննա»-յի երկԽոսային գրաԽոսական
2020-ին լույս տեսած «Խաննա» վեպը մեծ քննարկումների առիթ դարձավ՝ սկսած անվանումից մինչև վեպի հերոսներն ու օգտագործված լեզուն։ Ինչո՞ւ «Խ», արդյոք ո՞վ է Խաննան, ինչո՞ւ է որոշվել հենց նման լեզվով գրել վեպը, քննարկում են գրող, գրականագետ Կարեն Ղարսլյանն ու վեպի հեղինակ Աննա Դավթյանը։
Read more