Հոդվածը կարող եք լսել Ձայնագիր
Ավելի շատ դժվար է գրել, հավանաբար, երևույթներից, որոնց մասին կա՛մ պարտավոր ես շատ լավ գրել, կա՛մ, առհասարակ, չգրել: Դժվար է վերլուծել նաև՝ լա՞վ է գրված, թե՞ վատ: Դժվար է զգացողություններից դուրս գալ, դատել ու քննադատել մարդուն՝ պատերազմները սխալ ու ճիշտ ընկալելու համար: Դժվար է որոշելը՝ ճի՞շտ արեց, որ լռեց, թե՞, մեկ է, սխալվեց: Դժվար է:
Գրելուց հետո էլ կգան ու կհարցնեն: Կհարցնեն, թե՝
ինչի՞ մասին է գիրքը
պատերազմի՞
պատերազմի ընթացքի՞
թե՞ հետոյի:
Իսկ գուցե՞ պատերազմի ազդեցությա՞ն, զինվորի՞, մարդու՞:
Մարդու՞:
Մարդու:
Գրականություն՝ մարդու մասին, որն իրենից կենթադրի աղետներ կամ հաղթանակներ, որոնք խիստ առնչություն ունեն մարդու հետ: Պատերազմներ շատ են եղել, ցավոք էլ, կլինեն դեռ: Իսկ ի՞նչ է լինում պատերազմից առաջ կամ հետո: Փոխվում են մարդիկ, փոխվում են կարծիքներն ու տեսակետները: Բայց մենք մեր գործի անունն էլ կարդալ ենք դրել, ուրեմն պիտի հասկանալ՝ պատերազմից հետո գրքերում փոփոխություններ լինու՞մ են, թե՞ չեն լինում: Ջոնը Լենոն ու էլի մի քանի հոգի կգային ու կասեին՝ վերջ տվեք պատերազմներին, թողեք աշխարհը հանգիստ ապրի: Պատերազմներին վերջ տալ պետք է, բայց մինչ դա տեղի ունենա, պետք է հասկանանք՝ հայ գրականության մեջ 90-ականներից այս կողմ պատերազմներն ի՞նչ են արել գրականության հետ, ու ինչ ունենք, որպես, այսպես կոչված, «պատերազմական գրականություն»: Այս անդրադարձն այդ կարճ հարցի երկար ձևակերպումն է։
Հարցը միգուցե կարելի է սկսել այսպես. ունե՞նք արդյոք սերունդներ, ասենք, ինչպես Beat Generation-ը (կոտրված սերունդ) կամ Lost Generation-ը (կորուսյալ սերունդ): Այս երկու սերունդները, որոնցից երկրորդը՝ Ֆիցջերալդ, Հեմինգուեյ և այլք, առավել ևս կապվում է Առաջին համաշխարհային պատերազմի հետ, որովհետև հաջորդել էր դրան ու որովհետև գրականության մեջ խիստ կարևորություն ուներ: Այս գրողները չէին խուսափում պատերազմ բառն օգտագործել՝ որպես գլխավոր դերակատար, որպես գլխավոր՝ ի պատճառով կամ ի շնորհիվ, որպես ծնող ու քայքայող: Մարդկանց կյանքում անդադար պատերազմական մտքեր էին, անընդհատական ցավեր էին: Բայց պետք է ասել նաև, որ առաջին համաշխարհայինը հավաքեց, կամ ձևավորեց մի սերունդ, մի համայնք, որը հրատարակիչը եղավ քսաներորդ դարի առաջին կեսի առավել կարևոր գրքերի ու գաղափարների:
Մյուս՝ «Բիթ» սերունդը, ինչքան էլ Երկրորդ համաշխարհային պատերազմի թողած մեծ դեպրեսիայի արդյունք էին, այնուամենայնիվ, խոսում էին հիմնականում իրենց ազատության, ջազի, սեքսի, թմրանյութի, ճանապարհորդության, երազելու կարողության և որ կարևորն ու էականն է՝ մարդու և սիրո մասին: Նրանք ժամանակակից գոյութենական (էքզիստենցիալ) ռոմանտիկներ էին, որոնք մինչև վերջ ապրում էին կյանքը՝ հենց այդ կյանքով տանելով իրենց դեպի անկում, անկում՝ բաց ձեռքերով, պարելով, ավտոստոպով, Դևիսի կամ Քոլթրեյնի մեղեդիով: Այնուամենայնիվ, նրանք՝ Ջեք Քերուեքը, Ալան Գինզբերգը, Բերոուզը և այլք, ստեղծել կամ թվացնել էին տվել, թե մի սերունդ կա, որտեղ բոլորը մտածում ու գրում են համարյա թե նմանապես, որոնք հիասթափված կամ խորապես կոտրված ու ընկճված ապրում էին՝ պատերազմի հետևանքների ստվերի ներքո:
Իսկ ի՞նչ ունեցանք մենք:
90-ականների հայ արձակն ուսումնասիրելիս մի տեսակ ամուր գրականության շունչ եկավ, հստակ լեզու, հստակ ասելիք, նոր շունչ. Գուրգեն Խանջյան, Լևոն Խեչոյան, Ռաֆայել Նահապետյան, Վրեժ Իսրայելյան, Լուսինե Վայաչյան, Գարուն Աղաջանյան, Վահան Թամարյան, Վարուժան Այվազյան, Սուսաննա Հարությունյան, Մարինե Պետրոսյան, Վիոլետ Գրիգորյան, Վահան Իշխանյան, Վահրամ Սահակյան, և այլն, և այլն: Այս գրական սերնդին հաճախ անվանում են երիտասարդ սերունդ/ անկախության սերունդ: Այնուամենայնիվ, եթե գաղափարական առումներով գուցե կգտնենք որոշ նմանություններ, բայց «սերունդ»՝ հարացույցներով ու լեզվամտածողությամբ իրար կապված, ամուր կանգնած, չունեցանք:
Եվ ուրեմն, անկախությու՞ն:
Անկախությունն ու գրական լեզվի փոփոխությունը ձեռք ձեռքի բռնած եկան: Գրականության մեջ նկատվեց ասելիքն արտահայտելու ավելի բաց տեքստեր, լեզուն ավելի տեղայնացվեց, չվախեցավ իրար կպչող տառերի նոր բացահայտումներից: Սա պայմանավորված է իրականության, ապրելու ձևի ու տեմպի փոփոխության հետ: Իսկ ապրելակերպի հիմնական փոփոխությունը ԽՍՀՄ փլուզումն էր և Անկախության նվաճումը: Եթե փլուզումից առաջ գրողներն ունեին հատուկ ցենզուրա, գրական սահմաններ, ապա փլուզումից հետո փլուզվեցին նաև գրական սահմանափակումներն ու կապանքները:
Սովետական գրականությունը, եթե ցանկանում էր իր անաչառ դիրքորոշումը հայտնել այս կամ այն թեմայի շուրջ, դա պիտի աներ հատուկ տողատակով, տառերի տակ քողարկված: Գրականության հանդեպ եղած արգելքներն ազդում էին առաջնահերթ լեզվի և ասելիքի վրա: Ուստի ԽՍՀՄ փլուզումից հետո, բնական է, որ պիտի լիներ կտրուկ փոփոխություն: Ճիշտ, թե սխալ, գրողները սկսեցին գրել այն, ինչ ուզում էին, այն, ինչ հուզում էր հենց իրենց: Այստեղ հետաքրքիրը նաև այն է, որ անազատ գրականության ժամանակներում, եթե, օրինակ, Եղիշե Չարենցը ստիպված էր ընտրել մեզոստիքոս (բանաստեղծության առաջին բառերի երկրորդ տառերով գրված բառ․ Չարենցի դեպքում՝ «Ո՜վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է») ձևը բանաստեղծության, որպեսզի կոչ ուղղեր հայ ազգին, արդյո՞ք երբ հայ գրականությունը վերջնականապես ազատվեց նման կապանքներից ու ազա՞տ էին արդյոք իրենց կոչերի ու ուղղություններ տալու մեջ գրողները: Եվ առհասարակ, արձագանքներ եղա՞ն հենց Անկախություն ժառանգելու մասին, կամ պիտի՞ լինեին: Պիտի՞ լիներ կարծիք պատերազմի մասին: Ինչե՞ր գրվեցին այս մեծ իրադարձություններից հետո:
Լևոն Խեչոյանն ընտրեց պատմությունը՝ որպես գրական ուղի, Խանջյանը՝ թելի վրա կանգնած մարդուն փորձեց խոսեցնի՝ թելը տեղ-տեղ այրելով, Լուսինե Վայաչյանը՝ բոլորովին թարմ, տեղային ժարգոնով գրեց «վատ» կնոջ մասին, խոսեց մարդկային թուլությունների մասին, մի քայլ ավելի համարձակ դառնալով իր 80-ականների գործերից, Վահագն Գրիգորյանը ստեղծեց գերիրական ու պարադոքսալ իրավիճակները նկարագրող նուրբ լեզու, Ռաֆայել Նահապետյանը պատմվածքներում ստեղծում էր իրական, բայց սեփական աշխարհը, աշխարհ, որին հավատացնել էր տալիս, որովհետև ինքն էլ հավատում էր և այսպես շարունակ:
Իհարկե, գրականության վրա մեծագույն ազդեցություն թողեցին նաև պոետները, որոնց լեզվական փոփոխություններն ու բերած նորամուծությունները կարևոր էին գրականության առաջխաղացման համար․ Մարինե Պետրոսյան, Աշոտ Խաչատրյան, Վիոլետ Գրիգորյան և այլք։ Պոեզիայի դեպքում, դասականից կտրուկ անցումը շատ ավելի սուր ընդգծվեց։ Այստեղ, պարզապես, փորձում ենք հասկանալ արձակ գրականությունը, ուստի առավել շատ արձակ ժանրով գրողներին ենք անդրադառնում։
Ահա այսպես բոլորն էլ տարբեր էին հիմնովին, բայց բոլորի գրականության եզրն էլ մարդու մարդ մնալն ու ազատության տենչանքն էր: Տենչանք, որից հաճախ վախենում էին ու ավելի հետ հրում՝ հույսով, որ կցնդի մի տեղ: Բայց հայ գրողների ազատությունը խիստ տարբերվում է, օրինակ, ամերիկյան «Բիթ» գրականության ազատությունից: Նրանց ուզած ազատությունը՝ սուբյեկտիվ էր, մեր գրողներինը՝ «օբյեկտիվ»: Տեղ-տեղ անանձնական էր, տեղ-տեղ՝ անկեղծ անձնական, անգամ խիստ անհատական: Պատկերացումը կյանքի մասին՝ բոլորի մոտ տարբեր էր, տարբեր ու երազային, տարբեր ու ցավոք, տարբեր ու հայրենասեր, տարբեր ու հոգնած/ սպառված:
Գրողները հաճախ փնտրում էին ճիշտ կյանքի բանաձևումը, փորձում էին ցույց տալ խնդիրները, վերհանել գաղափարներ ու մտքեր՝ հասնելու համար լավագույնին։ Այս առումով, կարևոր է նշել գրողներին, որոնք ներքաշվեցին նաև քաղաքականության մեջ և ստեղծեցին, այսպես ասած, քաղաքական գրականություն։ Սրա ակնառու ներկայացուցիչն է Վանո Սիրադեղյանը, որի գրականության մեջ հստակ երևում էր 90-ականների կյանքի, խոսույթի և երազանքների մասին առհասարակ։
Գրողներից շատերը փորձեցին շրջանցել պատերազմի թեման, փորձեցին ցավից հեռու պահել և՛ իրենց, և՛ ընթերցողին, որը փոքր երեխայի պես հետևելու էր իր սիրած գրողի մտքերին ու կրկնօրինակելու էր դրանք: Պատասխանատվություն է… Ծանր ու մեծ պատասխանատվություն է, որը կա՛մ պիտի ամբողջությամբ կրես ու հաղթահարես, կա՛մ, առհասարակ, մոտ չգնաս դրան: Օրինակ, Գուրգեն Խանջյանը, իր վեպերին տալով փոքր-ինչ այլաբանական իմաստ, ներթափանցեց մարդու անգիտակցականի մեջ, պտտեց նրան Երևանից մինչև Գյումրի ու Թբիլիսի, փոխեց նրա համար տարբեր ժամանակաշրջաններ, բայց ներսի խնդիրները դրանով փոփոխության չենթարկվեցին: Նրա վեպերում հերոսը քիչ-քիչ մեծանում է, փոխվում, բայց ցավը նույնն է, չհասկացվածությունը սոցիումում նույնն է:
Ու պատկերացնո՞ւմ ես՝ նոր որս կսկսվի, ուրիշ ոլորտում, ձգողականության ուրիշ դաշտում, ֆիզիկա-քիմիայի ուրիշ պայմաններում, ուրիշ կյանքի, ուրիշ օրենքներով…[1]
Ընդհանրապես, բոլոր պատերազմներից հետո հաճախ ծնվում է նաև այսպես ասած պարտադրողական գրականություն: Գրողների ուսերին դրվում է մարդկանց մխիթարելու, հույսը տեսնելու ամենածանր պարտավորությունը, իսկ գրողներից շատերն էլ տեղի են տալիս այս ամենին ու գրում բաներից, որոնց այնքան էլ չեն ուզում անդրադառնալ: Մեծ մասի մոտ չի ստացվում գրել այն, ինչ իրոք զգում և մտածում են, իսկ մի մասն էլ ընդհանրապես չի դիպչում պատերազմի թեմային:
Պատերազմի մասին գրականություն ամենաշատը կարելի է հանդիպել մեր նախորդ դարերի գրողների մոտ, որոնք գրում էին հիմնականում հենց վերոնշյալ՝ պարտադրական ձևով, որտեղ շատ դեպքերում շատ պատումներ կեղծ ու չափազանցված էին թվում: Իհարկե, կարևոր է նշել ժամանակաշրջանը, կածրատիպը, գրողների ապրելակերպը, գրական ժանրերը և այլն, սակայն հասարակության մեծ մասը սովորել է այդ գրականությանը, և ուզում է մարդուն շարունակաբար տեսնել այնպես, ինչպես սովոր էր տեսնել։
Կարևոր բացառություններով հանդերձ (թերևս արևմտահայ ու սփյուռքյան գրականության դեպքում հատկապես) մեր գրականության մեջ մարդը որպես մարդ, իր մարդկային սխալներով ու լինելիությամբ հաճախ դուրս է թողնվել: Ձևակերպեմ այսպես. մարդը չի մեր գրականության գլխավոր կերպարը, այլ՝ հայրենիքը, սերը, հավատարմությունը, սակայն այս բոլորն առանց մարդու, անհատի։ Իսկ սերն առանց մարդու, հատկապես, կեղծ է, սերն առանց թուլությունների, սերն առանց ուժեղ պայքարների, սերն առանց փախուստների ու վերադարձների զրոյացնում է իր գերագույն արժեքը: Սակայն ահա ժամանակակից և հետժամանակակից գրողների մոտ անհատը գալիս է ավելի առաջ: Այստեղ խնդիրն այն չէ, թե բոլորը դա շատ լավ են կառուցում, բայց ուրախալի է մարդուն տեսնել գրականության առաջաբեմում:
Ժամանակակից գրողները, սակայն, պատերազմի մասին գրելիս ավելի համարձակ են ու անկեղծ: Հաճախ հենց այդ չափից դուրս բացն ու անկեղծը քննադատվեց, որովհետև, ըստ մեր հասարակական պատկերացումների, գրականությունը միտված է դաստիարակելու, ուստի ընթերցողը չպիտի իմանա, թե իրականում ինչ է կատարվում հենց մեկը պատերազմի դաշտում: Այս թեմայով հետաքրքիր պատմվածք ունի Վրեժ Իսրայելյանը՝ «Սոնան և պատերազմը»: Պատմվածքում, Իսրայելյանն ուղիղ պատկերն է տալիս պատերազմի դաշտից. մի շարք զինվորներ և ընդամենը մի կին: Կին, որն անգամ եթե չլիներ գեղեցիկ, հոգատար ու խելացի, միևնույն է զինվորների համար էական դեր էր կատարելու: Վերում նշածս վեպերում այդ կինը կկորցներ իր կին լինելու փաստն ու կվերածվեր մոր կերպարի: Իսկ ահա այստեղ, Սոնան զինվորների համար գտնում է ապրելու, պատերազմում հաղթելու շարժառիթ: Նա և՛ ընկեր է, և՛ կին: Սոնան խոստանում էր.
Տղե՛րք, ես ձեր ցա՛վը տանեմ: Սոնան ձեզ հետ է, չվախենա՛ք: Սոնան ձեր բաժինն է: Հենց հաղթած տուն գաք, մեկ առ մեկ բոլորիդ տալո՛ւ եմ: Էս ձեռքերով մեկ առ մեկ սափրելու եմ ձեր փռչոտ երեսները: Անուշահոտ օճառով բոլորիդ լվանալու եմ: Ու քրքրելո՛ւ եմ… մեկ առ մեկ քրքրելու եմ: Սոնայի պայմանը պայման է… Թե հաղթած հետ չեկաք, էս հյութալի խնձորները կտրելու եմ գցեմ շներին…[2]
Ուղիղ պատկեր տալ պատերազմից կարող էին նաև մարդիկ, որոնք գտնվում էին հենց պատերազմի դաշտում: Ըստ այդմ՝ խոսենք երկու գրողից, որոնց մոտ գերակշիռ մաս կազմեցին քաղաքական թեմատիկայով գրված պատմվածքներն ու էսսեները՝ Վանո Սիրադեղյան և Վազգեն Սարգսյան: Սիրադեղյանի մոտ գերակշռեց հրապարակախոսական/էսսեատիպ ժանրը, իսկ ահա Վազգեն Սարգսյանի մոտ, սրանից զատ, նաև գեղարվեստական պատմվածքներ էին՝ մեծ մասամբ հեղինակի հետ կապված: Իհարկե, այս երկու գրողների քաղաքական/երկրի մասին պատումները պայմանավորված էին նաև իրենց կյանքով, որը սերտ առնչություն ուներ քաղաքականության հետ: Սիրադեղյանին հիմա են միայն առավել կարդում ու ընկալում որպես գեղարվեստական գրողի, զուգահեռում հաճախ Մաթևոսյանի հետ, սակայն մի ժամանակ նրա դերն ավելի ակտիվ էր որպես հրապարակախոս:
Քանի որ, հիշատակվեց Մաթևոսյանը, ցանկանում եմ ասել, որ մեր գրական հետաքրքրությունների մեջ, հատկապես վերջերս, շատ շահարկվեցին Մաթևոսյանի և Սիրադեղյանի անունները: Նշվում էր, որ Մաթևոսյանի լեզուն կատարյալ է, ասելիքը՝ համաշխարհային մակարդակի, կարծիքներ եղան, որ նրանցից հետո որպես այդպիսին հայ գրականությունը զարգացում քիչ է ապրել: Մեծ գնահատելով Մաթևոսյանի դերը հայ գրականության մեջ՝ չեմ ուզում համաձայնել չզարգացող գրականության սահմանման հետ ու հիշատակել հենց այս գրողին փոքր-ինչ զուգահեռվող Լևոն Խեչոյանին: Զուգահեռվող հենց բովանդակային, հաճախ նաև լեզվական առումներով: Հասարակ կերպարների հասարակ պատմություններից Խեչոյանն իր պատմվածքներում ստանում է գեղեցիկ գեղարվեստական լեզու, ստանում է շատ կյանքային պատմություններ: Իր վեպերում Խեչոյանը կենտրոնանում է անցյալի պատմության վրա և դա խարսխում՝ թե՛ հստակ տեղի, թե՛ հստակ ժամանակի մեջ, ինչը հենց առանձնացնում է նրան որպես մաթևոսյանական լեզվի կրող ու շարունակող:
Այս լեզվից դուրս՝ գրողները սկսեցին չվախենալ ավելի ժարգոնային, ազատ, հայհոյախառն լեզվից: Այս առումով եզակի է Լուսինե Վայաչյանը՝ մասնավորապես իր «Բալագոյե» վեպը (2008 թ․): Իհարկե, այստեղ բացի լեզվից յուրահատուկ են կանանց ազատության, կանանց իրավունքների թեմաները: Հեղինակը կարողանում է խոսել չնչին թվացող խնդիրների մասին, քննարկել ամուսնական հարաբերությունների, կանանց հուզող խնդիրների՝ մինչև անգամ հիգիենայի մասին, միայնակ լինելու մասին, և այս ամենն անում է շատ բնական ու շատ անկեղծ՝ ի տարբերություն այս հարցերը բարձրացնող, բայց շինծու թվացող շատ այլ գրողների: Գրողի առաջ բերած թեմաները բացառիկ էին ու եզակի իր՝ մինչ «ՄիԹու»-ական ժամանակների համար:
Ապրում եմ, փնտրում, ուզում եմ լինել երջանիկ։ Միայնակ կին եմ (կի՞ն), տասնվեցամյա հուրի-փերու մայր։ Անտուն ու անտաղանդ, անդեմ ու անկյանք, առանց ներկայի ու ապագայի, լավի ու վատի, չարի ու բարու, մեղքի և թողության՝ բավականին տարօրինակ ու պրիմիտիվ գավառական էակ եմ։ Դժվար, բայց հետաքրքիր կյանք եմ ապրել։ Ոչնչի համար չեմ փոշմանում ու չեմ ամաչում։
Գրականության ստեղծման ներքին փնտրտուքների, արտահայտության ձևի ու բովանդակության հաղթելիության համար, իհարկե, գրողներին ու գրական շրջանակներին չէր կարող չհետաքրքրել հրատարակչական գործընթացն ու դրա զարգացվածության աստիճանը, որը ցավոք, գրեթե, բացակայում էր: Եթե գրողին հաջողվում էր տպագրվել, դա լինում էր սահմանափակ տպաքանակով, որը հասանելի էր լինում քչերին, և որակյալ գովազդ չարվելու դեպքում, արագ մոռացվում էր: Սրանով պայմանավորված՝ գրողները բացի տպագրվելու ներքին խնդիրները հաղթահարելը, պիտի հաղթահարեին նաև հրատարակչական բարդությունները: Թվում էր, թե անկախությունը ստանալու հետ մեկտեղ, մենք ստանալու ենք նաև անկախ ու ազատ մշակույթ, սակայն, ցավոք, դա չեղավ: Կասեմ, որ եղավ բոլորովին հակառակը։ Ստեղծվեցին նոր արգելքներ՝ բարոյական, տնտեսական ու քաղաքական, մոռացվեց խորհրդային ժառանգությունը, նորերի նկատմամբ էլ հետաքրքրությունը միայն պատկանում էր գրական նեղ շրջանակներին: Օրինակ, լավ կլիներ, որ շատ հնչեր Վարուժան Այվազյանի անունը: Այվազյանն ունի հստակ ասելիք միֆական լեզվով: Մտավորական գրականության ընտիր նախատիպ լինելուց զատ՝ այս մարդը ստեղծել է նաև կոնցեպտուալ առումով բարդ լեզու և չի վախեցել լինել բոլորվին այլ տեսակ, գուցե կրկնվող ասելիքով ու բովանդակությամբ, բայց լրիվ նոր ձևով:
Եթե թռչող ափսեներն էլ չգային՝ կարող է մենությանը չդիմանալուց հենց մենք մեզ ոչնչացրած լինեինք [3]:
90-ականների սերնդին հաջորդեց 2000-ականների սերունդը, որոնք արդեն ոչ թե ուղիղ կերպով պատերազմին հաջորդող սերունդ էին, այլ սերունդ էին պատերազմի ցավից, ծանր հոգեբանությունից, ազդեցություններից դուրս եկած: Այս սերնդի գրականության մեջ ավելի շատ է նկատվում ցավը, ավելի շատ է նկատվում մարդկանց ուսումնասիրելու, հասկանալու մղումներն ու հետաքրքրությունները: Նրանք ավելի շատ գրում են պատերազմի ծնած ցավերի մասին, բռնության մասին, հոգեկան և հոգեբանական խնդիրների մասին: Թեմային խիստ համապատասխան գործերից է Հրաչյա Սարիբեկյանի «Ապուշների ուղևորությունը» վիպակը (2008թ․) որտեղ հեղինակը ներկայացրել է ադրբեջանցի և հայ հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների, որոնք գտնվում են նույն գնացքում: Վիպակի վառ գիծը պատերազմի անիմաստությունն ու ցավն է: Սակայն, երբ գրողն ու գրականությունը խոսում է պատերազմի անիմաստության մասին, մեզանում, սովորաբար, քննադատվում է, ինչը ևս, կարծում եմ՝ նախկինում ունեցած ոչ այնքան անկեղծ գրականության արդյունքն է:
Պատերազմի անիմաստությունից զատ՝ հաջորդ ամենաքննադատվող թեման դարձավ բանակի թեման: Նրանք, ովքեր գրում են բանակից, այստեղ անկեղծ լինելու համար ևս արժանացան մեծ քննադատությունների, և փոխանակ ժամանակակից գրողների վերհանած խնդիրներին ուշադրություն դարձնելու, փոփոխություն անելու վրա կենտրոնանալուն, մարդիկ մեղադրում էին գրողներին առհասարակ այդ թեմաների մասին գրելու համար: Բանակի թեման շատ արտահայտված է Արամ Պաչյանի «Ցտեսություն Ծիտ» վեպում: Կարծում եմ այստեղ Պաչյանի ու «Ծտի» խնդիրը ոչ միայն բանակն էր, այլև՝ մարդը, բռնությունը, ցավը, կարոտը, մանկությունը, չհարմարվելը, կեղտը, սերը, մաքրությունը… Հա… Այն ամենը, ինչ կապված էր մարդու հետ, ինչից կարող է ճնշվել մարդը, ինչից կարող է ապրել մարդը: «Վերջաբանի փորձով» խոսում է գրականության մասին, ինքն իր ուզած գրականության, ստացած, հաղթած ու պարտված գրականության մասին: Այս վեպը կարծում եմ, կարող էր լինել ազդակ, և մարդիկ (քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ, գրականագետներ և այլ «պատվավոր անձիք») սկսեին մտածել, թե ինչո՞ւ է երիտասարդ գրողը գրում այսքան ցավալի հարցերի մասին: Ցավոք, դա չարվեց: Իհարկե, վեպը ունեցավ լայն տարածում, սիրվեց, և կարդում ենք մինչ օրս, սակայն ավելի շատ սովորական ընթերցողների կողմից, քան գրականագիտական շրջանակների, վերլուծաբանների և այլոց:
Բանակի թեմայի մասին գրել են նաև Արմեն Հայաստանցին, Համբարձում Համբարձումյանը: Հայաստանցին գրում է նաև սեռային խնդիրների մասին, հատկապես այն մասին, թե ինչ է լինում նրանց հետ բանակում: Հեղինակի մեծ աղմուկ բարձրացրած «Մայրենիք Դրոշ» (2015թ․) գիրքը, հենց այդ թույլ, դաժան, կեղտոտ հասարակության մասին է, ու կազմված է շատ յուրօրինակ կառուցվածքով: Առհասարակ, Հայաստանցու լեզուն անընդհատ փոփոխվող ու կերպարին հարմարվող է, ինչը բնորոշ է նաև Համբարձումյանի գրականությանը: Հեղինակը լեզուն տեղայնացնում է՝ բնորոշելով Երևանի թաղերը լեզվով, անգամ մարդկանց անուններով: Իսկ, օրինակ, Աննա Դավթյանի լեզուն ավելի փոքր-ինչ նման է վերում նշածս մաթևոսյանականացված լեզվին: Դավթյանը հետաքրքիր գիծ է տանում՝ իր ու տատի սերնդային հարաբերությունը ցույց տալով, ժամանակակից կնոջ ազատագրման ու ապրումների հասկացվածության, ապրելու տեղերի ու կենսակերպերի տարբերության, կարծրատիպերի և դրանց կոտրելու մասին է, հիմանակնում, գրում «Խաննա» վեպում:
Եվ, այնուամենայնիվ, փորձելով վերջաբանել սերնդային գրականության թեման, զատելով 1990-ականների և 2000-ականների երկու «ալիքները», կուզեմ պնդել, որ մեր գրականության մեջ հավաքական, «երկխոսական», սերնդային գրականություն չկա: Ասելիքները տարբեր էին, կյանքի հանդեպ ընկալումները՝ ևս, ինչը ևս ուշադրության արժանի է: Անդադար փնտրտունքերի մեջ ենք, անընդհատական վայրիվերումների մեջ ենք, անվերջ անորոշությունների մեջ ենք, որն էլ փոխանցվել է գրականությանը: Թերևս հենց այդ հատկություններն էլ բնորոշում են պատերազմի թողած կործանարար հետքը՝ որևէ միասնական հետագիծ ձևավորելու անկարողությունը։
Վերլուծելով մի քանի հեղինակների 1990-ական թվականներից, տեսանք, որ նրանք կարողացել են կոտրել դասական դարձած մի շարք կանոններ, սկզբունքներ ու օրենքներ, իսկ ահա 2000-ականներին ստեղծագործած գրական սերնդի մեծ մասը համարյա թե վերցրել է թեմաները, որոնք ծնվել էին 90-ականներին և ավելի համարձակորեն գրել դրանց մասին, շարունակել, ավելի հստակեցրել դրանք: 2020 թվականի պատերազմից հետո գրականությունը, հատկապես արձակ գրականությունը, դեռևս խոշոր անդրադարձ չի կատարել գեղարվեստական խոսքով։ Հիմնականում գրվել են գրքեր նվիրված զինվորներին, գրվել են նրանց ընկերների կողմից, գուցե գրվել են նաև ստեղծագործություններ, որոնք սակայն դեռևս ավելի հուզական, էմոցիոնալ ապրումներ են:
Եվ փաստորեն, պատերազմից հետո մենք ունեցանք գրականություն, որը միշտ չէր, որ խոսում էր պատերազմից, սակայն այնտեղ մարդիկ էին, որոնք վերապրել էին ցավեր ու սուր զգացումներ, մարդիկ էին, որոնք իրենք իրենց ներսում կորել էին, չէին գտն(վ)ում, մարդիկ էին, որոնք կնոջը բերեցին պատերազմի դաշտ ու սիրեցին նրան, որոնք խոսում էին առօրյա կյանքային լեզվով՝ առանց այլևայլությունների: Այնուամենայնիվ, այդ Մարդը դեռ պետք է իր խոսքը ասի պատերազմի հետևանքի մասին։ Հատկապես հիմա, կարծում եմ, այս փոքր ու մեծ պատերազմներից հետո, սպասվում է գրական նոր ասելիք ու գաղափար պատերազմի մասին, պատերազմից հետո ունեցած, գտած ու փրկած կյանքի մասին։
Ծանոթագրություններ.
[1] Գ. Խանջյան, «Համբերություն քեզ, մարդ», Երևան, 2019:
[2] Վ. Իսրայելյան, Տոնապետ, Ե., 2010:
[3] Վ. Այվազյան, «Ճանճի ամիսը», Ե., 1998:
ԵՎ այլն
Օտարականության փորձառությունը Ատոմ Էգոյանի կինոյում
Էգոյանի ֆիլմերում ընդգծվում է օտարականության զգացումը. մարդիկ իրենց տեղում չեն, ամեն ինչ ասես երազում է կատարվում: Իսկ երաժշտությունը՝ համահունչ լինելով խճանկարային ու բազմաբովանդակ պատումին՝ օգնում է սոսնձել սյուժեի բեկորները:
Read moreԿաննի կինոփառատոնի տարածաշրջանային քաղաքականությունը
Կաննի կինոփառատոն ընտրվելու համար գործում են մի շարք պայմանական կարգեր: Սոնա Կարապողոսյանն անդրադառնում է հեղինակավոր կինոփառատոնին, աշխարահագրությանը, ներկայացվելու կարգերին ու այս պարունակում հայ կինոգործիչների աշխատանքներին։
Read moreԻնչու՞ «Խ» և այլ Խնդիրներ. Աննա Դավթյանի «Խաննա»-յի երկԽոսային գրաԽոսական
2020-ին լույս տեսած «Խաննա» վեպը մեծ քննարկումների առիթ դարձավ՝ սկսած անվանումից մինչև վեպի հերոսներն ու օգտագործված լեզուն։ Ինչո՞ւ «Խ», արդյոք ո՞վ է Խաննան, ինչո՞ւ է որոշվել հենց նման լեզվով գրել վեպը, քննարկում են գրող, գրականագետ Կարեն Ղարսլյանն ու վեպի հեղինակ Աննա Դավթյանը։
Read more«Դոն Կիխոտը» հայերեն՝ ներկա-բացակա
Համաշխարհային գրականության անկյունաքարերից՝ Սերվանտեսի «Դոն Կիխոտը», տարատեսակ իրողությունների բերումով, երկու հատոր կազմող վեպի հայերեն թարգմանությունը լիարժեքորեն չի հասել ընթերցողի սեղանին, գրում է Արամ Պաչյանը։
Read moreՀայկական անիմացիան՝ կին ռեժիսորների առաջնագիծ
Անիմացիոն ժառանգության մեջ կանանց դերի վերանայումը հատկապես կարևոր է թվում վերջին տարիներին, երբ հայկական ժամանակակից անիմացիան սկսում է ակտիվանալ և մեծ հաջողություններ գրանցել միջազգային ասպարեզում՝ հենց կին ստեղծագործողների աշխատանքի շնորհիվ, գրում է Սոնա Կարապողոսյանը։
Read moreՈւժի պատկերը․ Կիլիկյան արքունական թագերի շուրջ
Լևոն 2-րդ արքայի պատկերների քննությամբ Մարգարիտա Ղազարյանն անդրադառնում է Կիլիկյան թագավորների կրած թագի հիմնահարցին, ինչպես նաև ժամանակի քաղաքական պարունակին, ազդեցություններին, գերիշխող հայացքներին:
Read more«5 երազողները և ձին»
«5 երազողները և ձին» ֆիլմում հեղինակներն օգտագործում են տարբեր արտահայտչամիջոցներ, տեսողական պատմողականության տեխնիկաներ ու ձևեր` պատմելու մեկ երկրի կամ երազանքի մասին, գրում է կինոքննադատ Սոնա Կարապողոսյանը։
Read moreՀիշել «Երևանը»
Երևանն ուներ իր սեփական վեպը, այն ուղղակի մոռացվել էր, հեռացվել էր մեր հիշողությունից։ Ժամանակակից արձակը լուսավորեց մոռացության խավարը և օգնեց մեզ հիշել «Երևանը», գրում է Տիգրան Ամիրյանը։
Read moreՍերն ու չսերը «Հրաշագործում»
«Հրաշագործը» երեխայասեր մեր հասարակության համար սիրո ու չսիրո դիմաց դնում է հավասարման մեծ նշան։ Մեկնաբանում է Նունե Հախվերդյանը։
Read moreԿետաձկան ծիծաղը
Գյումրեցի արձակագրի ստեղծագործությունն իր ուրույն բնույթով վերադասավորում է բիբլիական հռչակավոր ասքերից մեկը՝ Հովնան մարգարեի և կետաձկան պատմությունը: Վեպում ամուսնական ճգնաժամը վերածվում է զավեշտալի ու դրամատիկ ռոբինզոնադայի, մեկնաբանում է Արամ Պաչյանը։
Read moreՃարտարապետության ժամանակը կրկին
Ճարտարապետության հիմնահարցերին, ընկալումներին ու խնդիրներին է անդրադառնում Միսակ Խոստիկյանը։
Read moreՃարտարապետության ժամանակը կրկին. մաս 2
Ճարտարապետության սուբյեկտը հենց գործն է, ոչ թե այդ գործի փաստացի հեղինակը կամ պատվիրատուն, սպառողը կամ ուրիշ ատյանները, մեկնաբանում է Միսակ Խոստիկյանը։
Read more