
Ուսումնասիրությունը կարող եք լսել ՁայնաԳիր՝ արհեստական բանականության ընթերցմամբ։
Ընտրությունների վերջին շաբաթում EVN Report-ը հրապարակում է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընտրողների վարքագիծը վերծանող ուսումնասիրության չորրորդ՝ վերջին փուլի արդյունքները։ Հարցախույզը պատրաստել է «Հայաստանի ընտրական համակարգի ուսումնասիրության կենտրոնը» (ArmES)։ Այն արձանագրում է ընտրողների նախապատվությունների ընդհանուր միտումների բարելավում՝ տնտեսության, երկրի ուղղության և վարչապետի գործունեության գնահատման վարկանիշի առումով, մինչդեռ անվտանգությանն առնչվող արդյունքները մնում են կայուն: Դիտարկելով հարցումների առաջին, երկրորդ և երրորդ փուլերի օրինաչափությունները՝ չորրորդ փուլն ի հայտ է բերում չորս կարևոր միտում. 1) վարչապետի գործունեության հավանության ցուցանիշը հետևողականորեն աճել է՝ առաջին հարցման 36 տոկոսից երկրորդում հասնելով 47,2 տոկոսի, երրորդում՝ 49 տոկոսի, ներկայումս՝ 53 տոկոսի, 2) կողմնորոշում չունեցող կամ այսպես կոչված «չկողմնորոշված» ընտրողների շրջանում վարչապետի գործունեության հավանության ցուցանիշը նույնպես զգալի աճել է՝ առաջին հարցման 35,4 տոկոսից ներկայիս հարցումով հասնելով 41,0 տոկոսի, 3) տնտեսության վերաբերյալ հանրային ընկալումները ցույց են տալիս աստիճանական աճ՝ առաջին հարցման 32,1 տոկոսից երկրորդում հասնելով 39,5 տոկոսի, երրորդում՝ 41,7 տոկոսի, չորրորդում՝ 46,4 տոկոսի, 4) երկրի ուղղության վերաբերյալ հանրային ընկալումները կտրուկ փոխվել են՝ առաջին հարցման 34,9 տոկոսից ներկայումս հասնելով 46,7 տոկոսի։
Ամենակարևոր՝ քվեարկության մտադրության վերաբերյալ հարցի պատասխանը ցույց է տալիս իշխող կուսակցության ցուցանիշի տեսանելի աճ և հիմնական ընդդիմադիր կուսակցության ցուցանիշի չնչին աճ, մինչդեռ մնացած բոլոր կուսակցությունների արդյունքները մնացել են համեմատաբար կայուն: «Քաղաքացիական պայմանագիրն» ընդլայնել է իր զգալի առավելությունը մնացած ընդդիմադիր կուսակցությունների նկատմամբ, թեև, առանց չկողմնորոշված ընտրողների նախապատվությունը հաշվի առնելու, դեռևս չի հասնում միակուսակցական կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ մեծամասնությանը: Միևնույն ժամանակ, առաջատար ընդդիմադիր ուժերի շարունակական մասնատվածությունն անցողիկ շեմի խնդիր է ստեղծում թե՛ «Հայաստան» դաշինքի, թե՛ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար, թեև երկրորդն ավելի մոտ է անհրաժեշտ շեմին, քան առաջինը: «Ուժեղ Հայաստանը» մնում է միակ ընդդիմադիր ուժը, որը հաղթահարում է անհրաժեշտ ընտրական շեմը։ Ընտրություններին մասնակցող մնացած 16 կուսակցությունները, որոնք հիմնականում որդեգրել են արևմտամետ կամ «երրորդ ուղու» քաղաքականություն, արձանագրում են նվազագույն ընտրական արդյունքներ, որոնք շատ ցածր են նվազագույն շեմից, ընդ որում՝ բոլորի աջակցությունն էլ 2,0 տոկոսից պակաս է:
Ինչպես EVN Report-ի համար «ԱրմԵս»-ի իրականացրած նախորդ երեք հարցումներում, չորրորդ հարցումը նույնպես իր տեսակի մեջ առաջինն է Հայաստանում, որտեղ կիրառվում է մեթոդաբանական բարդ մոդելավորում՝ կողմնորոշում չունեցող կամ այսպես կոչված «չկողմնորոշված» ընտրողների վերաբերյալ տվյալներն առանձնացնելու համար, որոնք վերջնական հարցման արդյունքներով կազմում էին հայաստանցի ընտրազանգվածի մոտ 37 տոկոսը: Ընդհանուր առմամբ՝ չորրորդ փուլի արդյունքները մատնանշում են 4 կարևոր դիտարկում. 1) չկողմնորոշված ընտրողները հետևողականորեն ցույց են տվել գրեթե 50 տոկոսանոց հակվածություն դեպի իշխող կուսակցությունը, ընդ որում՝ չորրորդ հարցումը փաստում է, որ չկողմնորոշված ընտրողների 49,3 տոկոսը հակված է դեպի «Քաղաքացիական պայմանագիր», 2) քաղաքացիների ճնշող մեծամասնությունը վստահություն է հայտնել գալիք ընտրությունների կազմակերպման հարցում կառավարության մոտեցումներին, քանի որ 57,6 տոկոսը վստահում է, որ կառավարությունը կանցկացնի արդար և ազատ ընտրություններ, 3) ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ հանրային ընկալումները նկատելիորեն աճել են՝ երրորդ հարցման ժամանակ արձանագրված անկումից հետո, ինչը ցույց է տալիս թե՛ նախընտրական քարոզարշավի հանրային քննարկումների, թե՛ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցի դրական ազդեցությունն այս թեմայի շուրջ, և 4) «Ուժեղ Հայաստան»-ի աջակցությունը գրանցել է աննշան աճ, ամենայն հավանականությամբ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության աջակցության հաշվին, որը գրանցել է համանման նվազում, մինչդեռ «Հայաստան» դաշինքի աջակցությունը մնացել է ուշագրավորեն անփոփոխ։
Մեթոդաբանություն և ձևաչափ
Հարցումների բոլոր չորս փուլերի մեթոդաբանական մոտեցումը հիմնված է «Ամերիկյան ազգային ընտրությունների ուսումնասիրությունների» (ANES), մասնավորապես՝ 2020-ի «բազմափուլ հարցումների ուսումնասիրության» վրա։ Քաղաքական վարքագծի հարցախույզերի «ոսկե չափանիշ» համարվող «ԱՆԵՍ»-ը նախընտրական և հետընտրական հարցում է, որն իրականացվում է խառը մոտեցմամբ (հեռախոսային + համացանցային): «ԱրմԵս»-ը շատ առումներով նպատակ ուներ նմանվել իր ամերիկյան գործընկերոջը: Ե՛վ «ԱրմԵս»-ը, և՛ «ԱՆԵՍ»-ը հիմնվում են կրկնվող (panel) և թարմ նմուշ (fresh sample) ձևաչափի վրա, և երկուսն էլ ներկայացուցչական են ազգային մակարդակով: Փոքր տարբերությունները ներառում են՝ (1) «ԱՆԵՍ»-ը կիրառում է խառը մոտեցում, մինչդեռ «ԱրմԵս»-ն օգտագործել է բացառապես հեռախոսային հարցազրույցներ, և (2) «ԱՆԵՍ»-ը նախընտրական և հետընտրական բնույթի է, մինչդեռ «ԱրմԵս»-ը միայն նախընտրական է:
Նախընտրական հարցման չորրորդ փուլը մեկնարկել է մայիսի 4-ին։ Հեռախոսային հարցումն իրականացվել է հեռախոսահամարների պատահական ընտրությամբ, իսկ հարցվողների ընտրությունը կատարվել է համաձայն գրանցված ընտրողների թվաքանակի և մարզային բաշխվածության։ Յուրաքանչյուր հարց տեսականորեն միտված է քաղաքացու ընտրական նախապատվությունները սոցիոլոգիական և սոցիալ-հոգեբանական դիտանկյունից հասկանալուն։ Հարցումը բաղկացած է հետևյալ բաժիններից.
(1) Երկրի ուղղությունը և դիրքորոշումային հարցեր
(2) Կուսակցական պատկանելություն
(3) Ընտրությունների և թեկնածուների գնահատում
(4) Սոցիալ-ժողովրդագրական և սոցիալ-տնտեսական ցուցանիշներ
Հարցվողներին ուղղվել է 23 հարց, որոնցից 14-ը վերաբերել են առաջիկա ընտրություններին։ Հարցումը ներառել է նաև հարցեր՝ ուղղված հարցվողների սոցիալ-տնտեսական և սոցիալ-ժողովրդագրական հատկություններին։ Հարցումն ավարտվել է 2026-ի մայիսի 31-ին, հարցմանը մասնակցել է 1157 մարդ։ 95 տոկոս վստահության ցուցանիշով սխալի սահմանը կազմում է 2,9 տոկոս։
Արդյունքներ
Հարցման շրջանակում մասնակիցներին խնդրել ենք նշել՝ իրենց կարծիքով երկիրը «ճի՞շտ, թե՞ սխալ ուղղությամբ» է ընթանում, որն ընտրողների վարքագծի ուսումնասիրություններում կարևոր ցուցիչ է և թույլ է տալիս առավել ճշգրիտ պատկերացում կազմել հանրային տրամադրությունների մասին։ Հարցվածների 46,7 տոկոսը նշել է, որ Հայաստանն ընթանում է ճիշտ ուղղությամբ, 29,6 տոկոսի կարծիքով՝ սխալ, իսկ 17,4 տոկոսը հստակ դիրքորոշում չի հայտնել։ Երրորդ փուլի համեմատ դրական պատասխաններն աճել են 2,7 տոկոսով, իսկ բացասականները՝ նվազել 1,3 տոկոսով, ինչը վկայում է երկրի ուղղության վերաբերյալ հանրային ընկալումների 4 տոկոս բարելավման մասին։

Վարչապետի գործունեության գնահատման վերաբերյալ հարցը նույնպես դրական աճ է արձանագրել իշխող կուսակցության համար. Նիկոլ Փաշինյանի աշխատանքը դրական է գնահատել հարցվածների 52,9 տոկոսը, բացասական՝ 32 տոկոսը՝ արձանագրելով գրեթե խորհրդարանական մեծամասնությանը մոտ գնահատական և նախորդ հարցման համեմատ շուրջ 4 տոկոս աճ։ Հատկանշական է, որ «մասամբ դրական» պատասխանը նախորդ հարցման համեմատ մնացել է անփոփոխ, սակայն 4 տոկոսով աճել է «առավելապես դրական» պատասխանը։

Չկողմնորոշված ընտրողների 41,4 տոկոսը վարչապետի գործունեությունը դրական է գնահատում, ինչը երրորդ հարցման համեմատ էական փոփոխություն չի կրել, մինչդեռ բացասական է գնահատել 32,7 տոկոսը՝ նախորդ հարցման համեմատ գրանցելով 1,2 տոկոս աճ։ Տվյալների մանրամասն վերլուծությունը ցույց է տալիս, որ նախորդ հարցման համեմատ վարչապետն էական առաջընթաց չի գրանցել չկողմնորոշված ընտրողների շրջանում, սակայն ընդհանուր առմամբ նրա դիրքերն այս ընտրախմբում շարունակում են մնալ ամուր։

Տնտեսության վիճակի վերաբերյալ հանրային ընկալումները շարունակում են մնալ ընտրական վարքագծի կարևորագույն ցուցիչներից մեկը։ Այս միտումն ավելի լավ հասկանալու համար հարցման մեջ ներառվել է ազգային տնտեսությանը վերաբերող երկու հարց՝ հետահայաց և հեռանկարային։ Հետահայաց հարցը պարզել է, թե ինչպես են մասնակիցները որակում տնտեսության ներկա վիճակը նախորդ տարվա համեմատ, մինչդեռ հեռանկարային հարցը վերաբերել է ներկա պահից մեկ տարի անց նրանց ունեցած ակնկալիքներին: Հետահայաց հարցին մասնակիցների 46,4 տոկոսը նշել է, որ տնտեսությունն այժմ ավելի լավ վիճակում է, քան մեկ տարի առաջ, ինչը 4,7 տոկոսով ավել է նախորդ հարցման համեմատ։ 16,7 տոկոսը նշել է, որ այն մնացել է նույնը (4,9 տոկոս նվազում նախորդ հարցման համեմատ), իսկ 27,5 տոկոսը կարծում է, որ վիճակը վատթարացել է (նվազում՝ 1 տոկոս)։ Երկրորդից մինչև չորրորդ հարցումը «նույնն է» պատասխանի ցուցանիշը հետևողականորեն նվազել է, իսկ տնտեսության վերաբերյալ դրական գնահատականներն աճել են մոտ 7 տոկոսով, ինչը վկայում է տնտեսական զարգացման ուղղության նկատմամբ աճող դրական գնահատականի մասին։


Հեռանկարային հարցին ի պատասխան հարցման մասնակիցների 43,1 տոկոսը նշել է, որ տնտեսությունն ավելի լավ վիճակում կլինի (նախորդ հարցման համեմատ 3 տոկոս աճ), մինչդեռ միայն 11,3 տոկոսն է կարծում, որ տնտեսությունը կվատթարանա (համահունչ է նախորդ հարցումների արդյունքներին)։ Ինչը ցույց է տալիս համապատասխանություն ինչպես երկրի ուղղության հարցի դրական միտումներին, այնպես էլ վարչապետի աշխատանքի գործունեության հավանության ցուցանիշերի բարելավմանը։
Հաշվի առնելով չկողմնորոշված ընտրողների բարձր ցուցանիշը, որի մասին վկայում են 2020-ի պատերազմից հետո երկրում անցկացված հարցումները, ներառյալ մեր 2021-ի նախընտրական հարցումը, ինչպես այս շարքի նախորդ երեք փուլերում, այնպես էլ այս փուլում ևս նմանատիպ օրինաչափություն էր ակնկալվում։ Չկողմնորոշված ընտրազանգվածի հայեցակարգային բնորոշման բարդությունները վերծանելու համար «ԱրմԵս»-ը մշակել է կողմնորոշիչ տեսակետային հարցերի շարք՝ որպես ընտրողների քվեարկությունը որակավորելու և կանխատեսելու գործիք։ Տեսակետային հարցերը հաճախ կիրառվում են զարգացող երկրներում՝ ընտրական վարքագիծը վերլուծելու նպատակով, մասնավորապես «Աֆրոբարոմետր» հետազոտական նախաձեռնության շրջանակում։ Այս փուլում քաղաքացիներին ուղղել ենք հարցեր՝ գնահատելու նրանց դիրքորոշումը արդարադատության և պատասխանատվության, Հայաստանի անվտանգային իրավիճակի, ԹՐԻՓՓ նախագծի, ինչպես նաև ազատ և արդար ընտրություններ անցկացնելու հարցում կառավարության նկատմամբ վստահության վերաբերյալ։
Հարցվողներին ներկայացվել են քաղաքական երկու տարբեր տեսակետներ, որոնցից մեկը համապատասխանում է գործող կառավարության, իսկ մյուսը՝ ընդդիմության տեսակետին:
Առաջին հարցով մասնակիցներին առաջարկվել է հստակեցնել իրենց դիրքորոշումը՝ արդյո՞ք ներկայիս կառավարությունը բավարար աշխատանք կատարել է կամ բավարար աշխատանք չի կատարել նախկին պաշտոնյաներին ապօրինի գործունեության համար պատասխանատվության ենթարկելու հարցում:

Հարցվողների 49,8 տոկոսը նշել է, որ Փաշինյանի կառավարությունը բավարար աշխատանք չի կատարել նախկին վարչակարգերի պաշտոնյաներին իշխանության չարաշահման, կոռուպցիայի և այլ ապօրինի գործողությունների համար պատասխանատվության ենթարկելու հարցում։ Մինչդեռ 27,1 տոկոսը, նշել է, որ բավարար քայլեր են ձեռնարկվել նախորդ կառավարությունների պաշտոնյաների դեմ։ Նախորդ հարցման համեմատ՝ արդարադատության և պատասխանատվության ենթարկելու ոլորտում կառավարության գործունեությանը հավանություն չտվողների թիվը նվազել է մոտ 6 տոկոսով, մինչդեռ հավանություն տվողների թիվն աճել է 3 տոկոսով: Այսպիսով, թեև այս դիրքորոշումային հարցի արդյունքները հստակորեն փաստում են, որ հանրության շրջանում լայն աջակցություն կա կառավարության կողմից նախկին վարչակարգի քաղաքական վերնախավին պատասխանատվության ենթարկելու նպատակով առավել համապարփակ քրեական հետապնդման գործողություններ իրականացնելուն, քաղաքացիների աճող թիվը՝ ամենայն հավանականությամբ նախընտրական քարոզչության թեզերի ազդեցությամբ, փոփոխություններ է դրսևորում այս հարցի շուրջ:
Արդարադատության և պատասխանատվության պահանջը բարձր է նաև չկողմնորոշված ընտրողների շրջանում․ 47,1 տոկոսը կարծում է, որ ներկայիս կառավարությունը բավարար աշխատանք չի կատարել նախկին վարչակարգերի պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու հարցում։ Միևնույն ժամանակ, 19,6 տոկոսն այն համոզմունքին է, որ կառավարության մոտեցումը եղել է բավարար։ Երրորդ փուլի հարցման համեմատ՝ չկողմնորոշված ընտրողների շրջանում նախկին պաշտոնյաների նկատմամբ առավել մեծ պատասխանատվության կողմնակիցների թիվը նվազել է 1,7 տոկոսով, իսկ քրեական գործողությունները դադարեցնելու կողմնակիցների թիվը նվազել է 1,1 տոկոսով։

Երկրորդ հարցով քաղաքացիներին առաջարկվել է ընտրել երկու տեսակետից մեկը՝ արդյո՞ք մեկ տարի առաջվա համեմատ Հայաստանի անվտանգային վիճակը բարելավվել է, թե՞ չի բարելավվել: Հարցվողների մեծամասնությունը դրական է պատասխանել՝ նկատելով, որ երկրի անվտանգային միջավայրը բարելավվել է նախորդ տարվա համեմատ։ Հասարակության 53,5 տոկոսը համաձայն է, որ երկրի անվտանգային իրավիճակը բարելավվել է (գրեթե անփոփոխ է նախորդ հարցման համեմատ), մինչդեռ 33,5 տոկոսն այդպես չի կարծում (նախորդ հարցման համեմատ 2,4 տոկոսով ավելի)։

Անվտանգության միջավայրի վերաբերյալ դրական գնահատականները, թեև չկողմնորոշված ընտրողների շրջանում դեռևս գերազանցում են բացասականը, այնուամենայնիվ արձանագրում են համեմատական նվազում։ Առանձնացված արդյունքները ցույց են տալիս, որ չկողմնորոշվածների հարաբերական մեծամասնությունը բարելավում է տեսնում երկրի անվտանգային միջավայրում․ չկողմնորոշված ընտրողների 42,7 տոկոսը պաշտպանում է այն տեսակետը, որ անվտանգության իրավիճակը բարելավվել է, մինչդեռ 39 տոկոսը կարծում է, որ անվտանգային միջավայրը չի բարելավվել: Սա չկողմնորոշվածների շրջանում հավանություն տվողների ցուցանիշի 5,5 տոկոսանոց անկում է, մինչդեռ հավանություն չտվողների թիվը մնում է նույնը:

Երրորդ հարցով մասնակիցներին առաջարկվել է հայտնել իրենց կարծիքը ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ՝ ներկայացնելով երկու տեսակետ․ ԹՐԻՓՓ-ը շահեկան է Հայաստանի համար, քանի որ կբերի տնտեսական աճ և կայունություն կամ ԹՐԻՓՓ-ը շահեկան չէ Հայաստանի համար, քանի որ չի բերի տնտեսական աճ կամ կայունություն։

Հարցվածների 38,5 տոկոսը ԹՐԻՓՓ-ը համարում է Հայաստանի համար շահավետ, մինչդեռ 30,4 տոկոսը չի հավատում, որ ԹՐԻՓՓ-ը կբերի կայունություն և տնտեսական աճ։ 25,8 տոկոսը դեռ չգիտի կամ չի կողմնորոշվել։
Պատասխանների ընդհանուր դրական միտումը բարելավվել է նախորդ հարցման համեմատ, որտեղ 36,3 տոկոսը բացասական գնահատական էր տվել ԹՐԻՓՓ նախագծին: Ուստի, թեև դրական գնահատականներն աճել են ընդամենը 0,3 տոկոսով, բացասականի ցուցանիշը նվազել է գրեթե 6,0 տոկոսով:

Չկողմնորոշված ընտրողների շրջանում, ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ հարաբերական բացասական ընկալումները մնում են համահունչ երրորդ հարցման արդյունքներին․ չկողմնորոշված ընտրողների մոտ զգալի թերահավատություն է ձևավորվել այս նախագծի նկատմամբ: Թեև նախորդ հարցման համեմատ թերահավատությունը նվազել է 3 տոկոսով (36,5 տոկոսից հասնելով 33,5 տոկոսի), ԹՐԻՓՓ նախագիծը շարունակում է մնալ ավելի քիչ հանրաճանաչ չկողմնորոշված ընտրողների շրջանում, քան ընդհանուր ընտրազանգվածում։
Չորրորդ դիրքորոշումային հարցով առաջարկվել է նշել՝ արդյո՞ք հավատում են, որ կառավարությունը կանցկացնի ազատ և արդար ընտրություններ: Ինչպես ցույց են տալիս ստորև բերված արդյունքները, 57,6 տոկոսը վստահություն է հայտնել կառավարության նկատմամբ՝ օրինական ընտրություններ անցկացնելու հարցում, մինչդեռ 23,7 տոկոսը՝ ոչ: Ազատ և արդար ընտրություններ անցկացնելու հարցում կառավարությանը տրված այս զգալի վստահության քվեն համընկնում է վարչապետի գործունեությանը հավանություն տալու ընդհանուր դրական պատասխանների հետ, ինչն առավել հստակորեն տեսանելի է դառնում չկողմնորոշված ընտրողների արդյունքների առանձնացված դիտարկման դեպքում: Չկողմնորոշված ընտրողների 51,9 տոկոսը հավատում է, որ գործող կառավարությունը կանցկացնի ազատ և արդար ընտրություններ, մինչդեռ 22,1 տոկոսը չի հավատում, ինչը բավականին ուժեղ ցուցանիշ է Փաշինյանի կառավարության ժողովրդավարական հատկանիշների հանդեպ ունեցած վստահության՝ առնվազն ընտրական գործընթացների տիրույթում:


Ընտրողների քվեարկության մասնակցությունը և մտադրությունը հասկանալու համար հարցրել ենք՝ արդյո՞ք նրանք քվեարկելու են հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում, և եթե այո, ապա ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին: Հարցվողների մոտ 90 տոկոսը նշել է, որ մտադիր է մասնակցել առաջիկա ընտրություններին (նախորդ հարցման համեմատ 5 տոկոս աճ), ինչը նշանակում է, որ ստացված արդյունքները համադրվել են 90 տոկոս մասնակցության կանխավարկածով: Սա համահունչ է բազմաթիվ ուսումնասիրությունների հետ, որոնք վերլուծում են «մասնակցության բացը», երբ հարցումների ժամանակ ինքնահայտարարված մասնակցությունը տարբերվում է իրական մասնակցությունից։ Սովորաբար, հարցվածների մտադրությունն ու իրական մասնակցությունը տատանվում է 10-30 տոկոսի սահմանում։ Հետևաբար, մասնակցության ավելի բարձր մակարդակը թույլ է տալիս ավելի զգուշավոր գնահատել առաջատար կուսակցության կատարողականը:

Քվեարկության մտադրության առումով, նախնական արդյունքները, չկողմնորոշված ընտրողների հավանական հակվածությունը չհաշված, ցույց են տալիս, որ «Քաղաքացիական պայմանագիրը» կապահովի ձայների հարաբերական մեծամասնությունը 36,3 տոկոսով, ինչը նախորդ հարցման համեմատ աճել է 3,8 տոկոսով։ Այս աճը, որոշակի չափով, կարծես թե փոխկապակցված է այս չորրորդ փուլում չկողմնորոշված ընտրողների թվի նվազման հետ՝ երրորդ փուլի համեմատ. 39,5 տոկոսից հասնելով 37,0 տոկոսի: «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, որը գլխավորում է Նարեկ Կարապետյանը՝ որպես իր հորեղբոր՝ ռուսաստանահայ մեծահարուստ Սամվել Կարապետյանի լիազոր ներկայացուցիչ, զբաղեցնում է երկրորդ տեղը 12,15 տոկոսով՝ նախորդ հարցման համեմատ արձանագրելով 2 տոկոսանոց աճ։ Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը, որին դաշինք լինելով պայմանավորված անհրաժեշտ է ձայների 8 տոկոսը, 4,84 տոկոսով զբաղեցնում է երրորդ տեղը, իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) 3,1 տոկոսով չորրորդն է։ «Հայաստան» դաշինքի ձայների չնչին աճը փոխկապակցված է ԲՀԿ-ի ձայների նվազման հետ, մինչդեռ «Ուժեղ Հայաստանի» 2 տոկոսանոց աճը վկայում է աշխույժ քարոզարշավի շնորհիվ արձանագրված նկատելի առաջընթացի մասին: Թե՛ «Հայաստան» դաշինքը, թե՛ ԲՀԿ-ն չեն հաղթահարում խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ ընտրական շեմը, սակայն, քանի որ ըստ Հայաստանի Սահմանադրության խորհրդարան պետք է անցնի առնվազն երեք խմբակցություն, շեմին ամենամոտ գտնվող երրորդ կուսակցությունն ինքնաբերաբար կանցնի խորհրդարան: Ուստի, եթե արդյունքները մնան անփոփոխ, ԲՀԿ-ն խորհրդարան կանցնի որպես երրորդ ուժ, քանի որ նրանց արդյունքներն ավելի մոտ են կուսակցությունների համար սահմանված 4 տոկոսանոց շեմին, քան «Հայաստան» դաշինքի արդյունքները:

Ընդհանուր առմամբ, «Քաղաքացիական պայմանագրից» և «Ուժեղ Հայաստանից» բացի, որևէ այլ ուժ չի հաղթահարում խորհրդարան անցնելու շեմը, հատկապես արևմտամետները, ինչպես՝ Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունը կամ Արման Բաբաջանյանի գլխավորած «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը, ինչպես նաև «երրորդ ուժի» հավակնորդները, օրինակ՝ Արման Թաթոյանի գլխավորած «Միասնության թևերը», Գուրգեն Սիմոնյանի գլխավորած «Հայաստանի շնորհապետական կուսակցությունը», Հայկ Մարությանի գլխավորած «Նոր ուժը»։ «Հայաստան» դաշինքին, ինչպես ցույց են տալիս մեր բոլոր չորս հարցումները, որպես ռուսամետ ընդդիմության առաջամարտիկ փոխարինելու է եկել «Ուժեղ Հայաստանը», և «Հայաստան» դաշինքը ոչ միայն ձայներ է կորցրել հօգուտ «Ուժեղ Հայաստանի», այլև ԲՀԿ-ի ներկայությունն ընտրապայքարում հանգեցրել է ընտրական քվեների փոխադարձ «քայքայման»՝ Ռոբերտ Քոչարյանի և «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջև։
Հարցման արդյունքները, որոնք չեն կարող հաշվի չառնել չկողմնորոշված ընտրողներին, հատկապես Հայաստանի նման ընտրական միջավայրում, ներկայացնում են ընտրությունների հնարավոր ելքերի միայն մասնակի և թերի պատկերը: Սա առավել ակնհայտ է՝ հաշվի առնելով, որ հարցվածների մոտ 37 տոկոսը դեռևս չեն կողմնորոշվել։ Ստացվում է, որ քվեարկության մտադրության բաժնում ամենակարևորը դառնում են «հրաժարվում եմ պատասխանել» ընտրած հարցվողները, որոնք կազմում են 26,2 տոկոսը, և «չգիտեմ» պատասխանած 10,6 տոկոսը։ Այս երկու խմբերը միասին կազմում են հայկական ընտրազանգվածի չկողմնորոշված հատվածը՝ ընդհանուր առմամբ 36,8 տոկոս։ Այս ձայների բաշխումը կորոշի 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ելքը: Չկողմնորոշված քաղաքացու հակումները զատորոշելով՝ հարցախույզը, ինչպես նախորդ երեք փուլում, ներկայացնում է պատկերացումներ և արդյունքներ չկողմնորոշված ընտրողների հավանական քվեարկության մասին։
Սա հնարավոր է դարձել համակցային ինդեքսի մոդելավորման կիրառմամբ։ Այս մոտեցումը տարածված է քվեարկության վարքագծի ուսումնասիրություններում, մասնավորապես այն գիտնականների շրջանում, ովքեր ուսումնասիրում են ընտրազանգվածի քաղաքական խրթինությունը։ Մեր դեպքում, հղում տալով չորս՝ տեսակետ ակնկալող օրինակների, կիրառում ենք 0-4 համակցային սանդղակ, որը հնարավոր է դարձնում բացահայտել հարցման մասնակցի համաձայնության մակարդակը իշխող վարչակարգի վարած քաղաքականության նկատմամբ։ 4 միավորը ցույց է տալիս հարցվողի քաղաքականության դիրքորոշումների և վարչապետի դիրքորոշումների զգալի համընկնում։ 0 միավորը նշանակում է դիրքորոշումները չեն համընկնում։ Եթե առաջնորդվում ենք այն կանխավարկածով, որ Հայաստանում ընտրողներն առավելաբար քվեարկում են խնդիրներից ելնելով (մեր նախորդ երեք փուլերի, ինչպես նաև ներկայիս արդյունքները դրա ապացույցն են), ապա մեր համակցային ինդեքսը կարող է կանխատեսել չկողմնորոշված ընտրողների հավանական քվեարկության տրամաբանությունը։

Արդյունքները ցույց են տալիս, որ չկողմնորոշված ընտրողների 7,44 տոկոսն «ամենայն հավանականությամբ» կքվեարկի «Քաղաքացիական պայմանագրի» օգտին, 17,6 տոկոսն էլ «առավել հավանական» է, որ կքվեարկի իշխող կուսակցության օգտին, իսկ 24,3 տոկոսը՝ «մասամբ հավանական»։ Այսպիսով, ընդհանուր առմամբ, չկողմնորոշված ընտրողների 49,3 տոկոսը հակված է իշխող կուսակցությանն ընտրելուն։ Չկողմնորոշված ընտրողների նման հակվածությունը նշանակալի և հիմնավոր ազդեցություն ունի: Միևնույն ժամանակ, չկողմնորոշված ընտրողների 37,5 տոկոսը «մասամբ անհավանական» է, որ կքվեարկի «Քաղաքացիական պայմանագրի» օգտին, իսկ 13,15 տոկոսը՝ «բացարձակապես անհավանական»։
Ինչպես երևում է ստորև, համակցային ինդեքսից ստացված տվյալները վերածվում են քվեարկության մտադրության կանխատեսող մոդելի, որը ցույց է տալիս, թե ինչպիսին կլինի իշխող կուսակցության օգտին տրված քվեն. մասնակցության 90 տոկոսի դեպքում չկողմնորոշված ընտրողների 49,3 տոկոսը, հավանաբար, կքվեարկի «Քաղաքացիական պայմանագրի» օգտին:

Պահպանողական գնահատականով, միայն «ամենայն հավանականությամբ» չկողմնորոշված ընտրողների ՔՊ-ին ձայն տալու պարագայում, իշխող կուսակցության ձայների բաժինը 32,5 տոկոսից բարձրանում է մինչև 39 տոկոս։ «Առավել հավանականությամբ» և «ամենայն հավանականությամբ» չկողմնորոշված ընտրողների ընդհանուր թվի դեպքում, իշխող կուսակցության ձայների բաժինը հասնում է մինչև 45,5 տոկոս։ Իսկ եթե «հավանական» համարվող բոլոր չկողմնորոշված ընտրողները քվեարկեն ՔՊ-ի օգտին, ապա կուսակցության ձայների բաժինը կհասնի 54,4 տոկոսի։ Այնուամենայնիվ, կարևոր է նշել, որ «մասամբ հավանական» խմբի ձայները, որոնք կազմում են չկողմնորոշված ընտրողների 24,3 տոկոսը, ՔՊ-ի օգտին երաշխավորված քվե չեն։ Հետևաբար, ընտրողների 90 տոկոս մասնակցության պայմաններում 54,4 տոկոսը ՔՊ-ի համար հնարավոր լավագույն արդյունքն է։ Այսպիսով, վիճակագրության լեզվով, ՔՊ-ն ներկայումս ունի 45,5-54,4 տոկոսի սահմաններում ձայների մասնաբաժին, ինչը նշանակում է, որ եթե ընտրությունները տեղի ունենային վաղը, և գրանցված ընտրողների 90 տոկոսը մասնակցեր քվեարկությանը, ՔՊ-ն կստանար քվեների մոտավորապես 45,5 տոկոսը, սակայն այս պահին դեռևս երաշխավորված չէ 54,4 տոկոսի ապահովումը։
«ԱրմԵս»-ի մասին
«ԱրմԵս»-ը գործարկվել է 2017 թվականի Հայաստանի խորհրդարանական ընտրություններից առաջ՝ որպես հայաստանյան ընտրազանգվածի գիտական ուսումնասիրության հարթակ: Ի տարբերություն այլ հարցումների և հետազոտությունների՝ «ԱրմԵս»-ի հիմքում ընկած է ընտրողների վարքագծի վերաբերյալ գիտական մեթոդաբանությունը։ Յուրաքանչյուր հարց ձևակերպված է փորձարարական տվյալների հիման վրա։ Հետազոտության հարցաշարը կազմված է սոցիալ-հոգեբանական ձևաչափի շրջանակում, ըստ որի քվեարկության մտադրությունը պայմանավորված է սոցիոլոգիական և հոգեբանական գործոններով։ Հետագա փուլերը՝ 2018 և 2021 թվականներին, կիրառել են նույն մեթոդաբանական մոտեցումը, համապատասխանաբար, այդ տարիների խորհրդարանական ընտրություններից առաջ հայ ընտրողի վարքագիծը վերլուծելու նպատակով։
Հեղինակների մասին
Ռաֆայել Օգանեսյան
Դոկտոր Ռաֆայել Օգանեսյանը Լաս Վեգասի Նևադայի համալսարանի բակալավրիատի հետազոտությունների գրասենյակի ծրագրերի ղեկավարն է։ Նրա հետազոտական աշխատանքները ներառում են ընտրողների վարքագիծը, տնտեսագիտությունն ու ընտրությունները, ինչպես նաև հետխորհրդային քաղաքականությունը։
Ռաֆայել Օգանեսյանը նաև ղեկավարում է (2017, 2018, 2021) «Հայաստանի ընտրական համակարգի ուսումնասիրության կենտրոնը» (ArmES), որն իրականացնում է հայկական ընտրազանգվածի նախընտրական ուսումնասիրություն։ Նրա աշխատանքները հրապարակվել են մի շարք ակադեմիական հանդեսներում, այդ թվում՝ «Ֆրենչ Փոլիթիքս» (French Politics), «Ջորնալ օֆ Քոմոն Մարկետ Սթադիզ» (Journal of Common Market Studies — JCMS) և «Ջորնալ օֆ Էլեքշընս, Փաբլիք Օփինիոն ընդ Փարթիզ» (Journal of Elections, Public Opinion, and Parties)։
Ներսես Կոպալյան
Դոկտոր Ներսես Կոպալյանը Լաս Վեգասի Նևադայի համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դասախոս է: Նրա մասնագիտացման ոլորտները ներառում են միջազգային հարաբերությունները, աշխարհաքաղաքականությունը, քաղաքական տեսությունն ու գիտության փիլիսոփայությունը: Նա ծավալուն հետազոտություններ է անցկացրել բևեռականության, գերտերությունների հարաբերությունների, անվտանգության ուսումնասիրությունների վերաբերյալ։ Կոպալյանը «Համաշխարհային քաղաքական համակարգերը բևեռականությունից հետո» գրքի (Ռութլիջ, 2017) հեղինակն է, «Սեքս, իշխանություն և քաղաքականություն» գրքի (Փալգրև Մաքմիլլան, 2016) համահեղինակը: Նրա ընթացիկ հետազոտությունների առանցքում են աշխարհաքաղաքական և մեծ տերությունների հարաբերությունները՝ շեշտը դնելով Եվրասիայի վրա: Նա նաև լայնածավալ աշխատանք է կատարել Հայաստանում տեղի ունեցած քաղաքական զարգացումների վերաբերյալ՝ մինչ թավշյա հեղափոխությունը և դրանից հետո։ Հայաստանի կառավարության համար մշակել է առաջարկությունների փաթեթներ, ինչպես նաև կամավորական հիմունքներով խորհրդատվություն է տրամադրել պետական տարբեր կառույցներին: Դոկտոր Ներսես Կոպալյան-ը նաև EVN Report-ի մշտական հեղինակներից է։
