Խորհրդային բանտից հետո Արևի աշխատանք ու տուն ունենալու պատմությանն անդրադարձող հոդվածի ՁայնաԳիրը՝ հեղինակի ընթերցմամբ։
«Արևի Բրեժնևյան տարիները» խորագրով երեք մասից բաղկացած շարքի երկրորդ մասը EVN Report-ում հրապարակվեց 2024-ի հունվարի 18-ին։ Սա պատմություն է խորհրդային բանտից փրկված մի կնոջ մասին, որը «միշտ կարմիր սիրուն շրթներկով էր, Ալմոդովարյան երանգների, եսիմորտեղից գնված Շանել կոստյումներով, միշտ բարձր կրունկներով», պատմում է իր զարմուհի Էլլա Կանեգարիանը։
«Ուրեմն էսպես։ Բախտս շատ բերեց ու միանգամից ընդունվեցի Գինու կոմբինատ։ Սկզբից ընդունվեցի շինարարական բաժին՝ որպես տեխնոլոգ, բան չգիտեի դրանից․ մասնագետ չէի ընդհանրապես, բայց էսպես ասեմ՝ էդ բաժնում մյուսներն էլ լրիվ նույն ձևի էին։ Մարդ գործ չէր անում, ժամ էին սպանում մենակ՝ դասական սովետական սխեմա էլի։
Վերջը ես բողոքեցի, որ չեմ ուզում բան չանելու համար աշխատավարձ ստանամ, որովհետև, ոնց ասեմ, բանտից հետո ես արդեն ընդհանրապես ժամանակս սպանելու հակում չունեի, ընդհակառակը, հասկանում էի ինչքան բան եմ բաց թողել ու ուզում էի արագ ամեն ինչ անել, արագ արդյունք տեսնել։ Այսինքն մեջս լիքը էներգիա կար ու արդեն ռիսկ, ես գիտեի, որ դա կարելի ա ավելի խելամիտ օգտագործել։ Էդպես ինձ բրդեցին ուրիշ բաժին ու սկսեցին կոմանդիրովկաների ուղարկել, գնում էի դոկումենտներ էի տանում-բերում, բան-ման ստորագրում։ Ավելի ակտիվ էր իհարկե, բայց էլի էն չէր։
Հետո սկսեցին արդեն 80-ականների կեսերը՝ հակաալկոհոլային օրենք մտավ՝ «սուխոյ զակոն»։ Ամբողջ ԽՍՀՄ-ի տարածքում ալկոհոլ ունեինք մենակ մենք՝ Հայաստանը ու հենց մենք էլ ողջ սովետական երկրներին մատակարարում էինք ալկոհոլ։ Կոմբինատի հենց մեջից երկաթգիծ կար, որ հենց ներսից էլ ուղարկեն ապրանքը դեպի Սիբիր, Հեռավոր Արևելք։ Մինչև վերջերս էլ էդ երկաթգիծը կար, նոր-նոր ասֆալտեցին։
Գինիներն ուղարկվում էին մեծ շշերի ու ցիստեռնների մեջ։ Մեզ շշեր մատակարարում էր Մոլդավիայի Ֆլորիշտի քաղաքը։ Բայց․․․ մի օր մեզ դադարեցին շիշ ուղարկել ու պանիկա էր բոլորի մոտ՝ պատվերները սպասում են, գինին՝ լի, շիշ՝ չկա ընդհանրապես։ Տնօրենը որոշում է ինձ ուղարկել, որ փորձեմ հարցերը լուծել ու հետս լիքը խմիչք է տալիս, որ որպես կաշառք տանեմ։ Ես, իրականում, բոլոր էդ նվեր-կաշառքները գրեթե միշտ տանն եմ թողել, ու ամեն ինչ մենակ պայմանավորվելով, համոզելով եմ արել։ Կաշառք պետք ա գալիս, եթե պայմանավորվել չգիտես, իսկ ես էդ արդեն լավ սովորեցի։ Ուրեմն ընկա ճանապարհ ու մի քանի ժամից հասա Կիշինյով։ Բայց էդ քաղաքից էլ պետք էր ուրիշ տրանսպորտ նստել ու գնալ մինչև էդ տեղը՝ աշխարհի ծերին։ Հենց հասա՝ շշմեցի, քաղաք-զավոդ էր, քաղաքի կեսից շատն էդ շշերի գործարանն էր զբաղեցնում։
Մտա արագ հյուրանոց, իրերս դնեմ։ Հյուրանոցը՝ ոնց կասեք «բուդկա» էր, փոոոքր, մեռած։ Զգացի, որ էդտեղ մի օր էլ չեմ դիմանա, էդ քնած քաղաքում։ Միանգամից փոխվեցի, կոստյում, սիրուն, կուլտուրական հագնվեցի ու դուրս էկա։ Մտածում էի րոպե չկորցնեմ՝ միանգամից գնամ, խոսեմ, պայմանավորվեմ, բայց որ իջա հյուրանոցի պահակն ասեց՝ արդեն ժամը 5-ն է, բոլորը տուն գնացած կլինեն։ Ես շնորհակալություն հայտնեցի, բայց մեկ ա դուրս էկա դեպի գործարան, որովհետև զգում էի, որ մարդ կգտնեմ հաստատ։
Հասա տեղ, ինձ ուղիղ դիրեկտորի մոտ ուղեկցեցին։ Մտա։ Մի ծեր մարդ էր, ահավոր հոգնած ու ձանձրացած հայացքով, ոնց որ դեռ ժամ սպաներ ու չհասկանար, որ սպանել պրծել ա՝ կարող ա արդեն տուն գնա։
Ինձ տեսավ, ոգևորված վեր թռավ, վազեց աթոռ բերեց, որ նստեմ։
Ասեցի հենց նոր եմ Երևանից եկել, ժամանակ չունեմ, հոգնած եմ, երեխայիս թողել եմ հարևանների մոտ, որ գամ գործով ու պետք ա հետ գնամ շշերով։
Շատ ներգրավված լսեց, ձայն չհանեց ու մի պահ սառավ, ոնց որ աչքերը բաց քներ։ Հետո կտրուկ վեր թռավ, վերցրեց խոսափողն ու ասեց՝ «3 վագոն: Երևան ուղարկեք։»
Ես, իհարկե, գիտեի, երբ տեսքս տեղն ա, տրամադրությունս էլ՝ վճռական, միշտ մարդկանց վրա ազդում է, բայց էս արագությանը ինքս էլ պատրաստ չէի։ Շատ ուրախացա, ասեցի շնորհակալ եմ ու դուրս եկա։ Ինքն ասեց անպայման մինչև գնալս մի հատ էլ գամ։
Ես արագ գնացի համարս, զանգեցի մեր գործարան ու ասեցի՝ դիմավորեն 3 վագոն։ Հետո փոխվեցի՝ արդեն ճամփորդական շորերս հագա, մի քիչ քաղաքով պտտվեցի։ Մտածում էի շատ չդատեմ քաղաքը, կարող ա մի բան գտնեմ՝ սիրուն և այլն։ Բայց շատ մեռած էր, ուրախացա էլ, որ ավել րոպե չեմ մնում էդտեղ։ Գնացի տնօրենի մոտ, ինքը նույն սեղանին նստած էր, ուղղակի հիմա դեմը ուտելիք, խմիչք կար, կողքն էլ ինչ-որ մարդ՝ ՑԿ-ից։ Հետս Կագոռ էի վերցրել՝ նվեր, դրեցի սեղանին, ուրախացան։ Իրենք էդ ժամանակ դրան «ցեռկովնոյե վինո» էին ասում։ Մի-մի բաժակ խմեցինք, ինքն էլ ինձ նվերներ տվեց՝ հա՛մ ինձ, հա՛մ, որ փոխանցեմ մեր տնօրենին։ Ու էնպես արագ արբեց էս մարդը, որ երբ դուրս էի գալիս, որ արդեն հետ մեկնեմ, կարմրելով ասեց «ոնց որ ձեզ սիրահարվել եմ, ոչի՞նչ, եթե մեկ-մեկ թույլ տամ ինձ զանգահարել, իմանալ ինչպես եք»։
Դե էդ ժամանակ էդպես բաներ շատ էին ասում ինձ, արդեն ռեզիստենտ էի, բանի տեղ չէի դնում, ասեցի՝ իհարկե, շնորհակալ եմ ու դուրս եկա։ Ծիծաղելին գիտես ինչն էր, էդ մարդը դրանից հետո մի 15 տարի ամեն տոնի զանգում շնորհավորում էր, հարցնում ոնց եմ ու խելոք դնում հեռախոսը։ Մեկ-մեկ լավ ա բալես, որ մարդիկ քեզնով հիանում են, բայց օգտակար ա, որ մի քիչ էլ վախենան, թե չէ մարդիկ դիստանցիան արագ են խախտում։
Երևան էկա, տնօրենս ապշել էր։ Ինքը գիտեր, որ իրա տված նվերները 3 վագոնի չէին, ուզում էր հասկանա ինչ եմ արել, որ էս մարդն էդքան շատ շիշ ա ուղարկել, ասեց եթե գումար եմ ծախսել՝ ասեմ ինչքան, ինքը կտա։
Պատմեցի ոնց էր եղել, ավելի զարմացավ հա՛մ պատմության վրա, հա՛մ, որ առիթը չօգտագործեցի իրանից ավել փող վերցնեմ։ Մի քանի օր հետո զանգեց, հարցրեց ի՞նչ նվեր կուզեմ, որ ինձ փոխանցի՝ իմ աշխատանքի ու ազնվության համար, հետո էլ երևի հիշեց, որ վարձով եմ ապրում, ասեց միգուցե գրանցի տուն ստանալու համար ու ես վերջապես իմ տունը ունենամ։ Շատ ուրախացա, ասեցի՝ հա։
Գնացինք տարածքները նայելու՝ գինու կոմբինատի մոտ էր, հիմա էդտեղ Դոմ Մոսկվի ա ու մի մեծ թաղամաս։ Առաջ իրար վրա շարած տներ էին, մի հատվածն էլ կոչվում էր «Ցախի մեյդան»։ Էդ մարդու ասած տեղը նայեցի՝ ահավոր բան էր ու դեռ երկու հոգի էլ ապրում էին, ու մի հարևանը մյուսին քցել էր չուլանը ու իրա սենյակը զավթել։ Սարսափելի տեսարան էր. մարդը՝ կիսամեռ էր գրեթե, շաաատ հիվանդ ծեր մարդ, ծալված, պառկած էդ չուլանում։
Պրոֆ Միության նախագահի հետ էինք՝ մի շատ սիրուն, լավ կին էր, իրեն ասեցի, որ էդ տեղը հաստատ չեմ ուզի։ Էլի քայլեցինք տարածքներով, բայց բան աչքիս չէկավ, մեկ էլ էդ կինը պտտվեց ու մի բան ցույց տվեց։
Ուրեմն բարձր տեղ, կանաչ դարպասով ու պարսպով ամեն տեղից առանձնացված մի տարածք էր, վրան գրված «շշերի ընդունման կետ»։ Ասեց՝ արի սա նայենք։ Մեջը, իհարկե, լիքը անելու բան կար, բայց դուրս շատ եկավ. հա՛մ կենտրոն, հա՛մ պարսպապատ, առանձնացած, բայց մի բան ֆիքսեցի՝ պետական տարածք էր։
«Աղջիկ ջան, լսի ինձ, խառը տարիներ են հեսա գալու, սաղ կզրոյանա։ Դու սա վերցրու, հետո կսեփականաշնորհես, հետո կսարքես ու կապրես։ Սա լավ տեղ ա լինելու․․. լսի ինձ»։
Անկեղծ ասած՝ շատ աբսուրդ հնչեց, որ ինձ պետական տարածք կտան ինչ-որ 3 վագոն շիշ բերելու համար, բայց էդ կինը էնպես վստահ ասեց, ես էլ վճռական տրամադրվեցի, որ կվերցնեմ տարածքը։
Տնօրենին ասեցի, միանգամից հրաժարվեց՝ ասեց «Անհնար բան մի ուզի», բայց էդ կինը, պրոֆ միության, պնդեց, որ չհրաժարվեմ, ասեմ ուրիշ բան չեմ ուզում՝ մենակ էդ տարածքը։
Հետո էնպես ստացվեց, որ արդեն Սովետի կոնվուլսիաներն էին, հենա-հենա փլվելու էր ու բանկային համակարգն էլ փլվում էր ու բոլորը փողի խնդիր ունեին։ Մեր կոմբինատին միլիոններով փող էին պարտք ԽՍՀՄ-ի տարբեր կետերից, բայց չէին կարողանում փողն ուղարկել, մենք էլ մեր հերթին չէինք կարողանում Պետերբուրգի Մոնետնի Դվոռին գումար տալ մեր ակցիզների համար։ Էդպես, էլի ինձ ուղարկեցին՝ 50.000 միլիոն ռուբլին, որով էն ժամանակ կարելի էր 20 հատ տուն Երևանում առնել․․․ հիմա՝ մի քիչ կասկածում եմ, որ ստացվեր։ Հա, էդպես ես մենակ՝ բեռնատար ինքնաթիռով սկսեցի ԽՍՀՄ-ի մի ծայրից մյուսը թռնել՝ մեր գումարները հետ վերցնելու։ 6 ամիս տևեց, բոլոր փողերը բերեցի, ճանապարհին էլ մեր 17 միլիոն պարտքը Պետերբուրգում փակեցի ու էկա։
Բոլորը զարմացել էին, որ հետ էկա։ Սկզբից չէի հասկանում՝ ինչի, հետո ասեցին․․․ հաշվապահն ասեց, որ էս ամբողջ գումարի հիմքերը ոչնչացված են, թուղթ չկա, փողն օդում ա՝ այսինքն կերած։ Բոլորը մտածում էին ես «կֆայմեի» ու կվերցնեի փողերը ինձ։ Բայց ինձ էդպես կարճաժամկետ մեծ նվերները միշտ վախեցրել են ու հեռու եմ մնացել դրանցից։
Էլի ստացվեց ես կոմբինատին օգնեցի։ Հիմա տնօրենն արդեն ուրիշ կերպ էր հարցին նայում։ Էն կնոջ հետ գնացինք մոտն էլի, ես էլի ասեցի, որ գումար, մեծ նվերներ, բան չեմ ուզում, մենակ էդ տարածքը՝ կանաչ դարպասով»։
Արևը ստոպ տվեց ու էս էլի էն ստոպերից էր, որ օգնում էր իր պատմությունից հետ գալ ներկա, հիշել մեր տունը, կանաչ դարպասը ու դրա էվոլյուցիան դեպի դարպասի այլ գույներ։
«Քար առ քար սարքել եմ էդ տունը՝ տարիներով»,- շարունակեց Արևը,- «Կտոր-կտոր կահույքը Մոսկվայից եմ գնել, բերել, էն ժամանակ ստեղ էնքան բան չկար։ Հիշում ես չէ՞ մեր տունը՝ 3 հարկանի․․․․ Մի հարկանի էր, մնացած 2 հարկն արդեն ես ավելացրի, այգին էլ պապիկիդ հետ տնկեցինք։ Հետո շքեղ այգի դառավ, պտղատու ծառերով, բույսերով։
Բայց ամենը շատ դանդաղ ու ընդհատումներով սկսեց։ Սկզբում Սովետը քանդվեց, գործերս կանգնեց, շինարարությունն էլ հետը։ Հետո հասկացա, որ երկրում մնալը տվյալ պահին անիմաստ ա, շատ մռայլ ու բարդ տարիներ էին։
80 դոլար պարտք վերցրի ու գնացի Մոսկվա, ինչ-որ ժամանակ հետո բիզնես սկսեցի, 1-ին ալիքով էլ էին ցույց տվել ինձ՝ առավոտվա հաղորդման ժամանակ։ Էդ ժամանակ դա լուրջ թեմա էր։ Գիտե՞ս ինչ էի անում, ձուկ էի վաճառում, սովորական՝ շուկայում, առանձին կետ էլ ունեի՝ թանկ էքսկլյուզիվ ապրանքի։ Էդտեղ էլ, բալես, իմ գինիների գիտելիքներին ավելացավ նաև լիքը նոր բան՝ ձկների մասին, ծովամթերքի ու ուտեստների, դրանց համադրման։ Լիքը նոր բան սովորեցի։ Հիմա էլ շատ բաներ հիշում եմ, ուղղակի առանձնապես գործածելու տեղ չկա, բայց եթե մի օր ուզենաս՝ կարող եմ քեզ պատմել, բացատրել, համերի մասին խոսել»։
*բոլոր անունները, տեղանուններն ու կերպարներն իրական են, փոխված է միայն գլխավոր կերպարի անունը
Մաս 1
Արևի Բրեժնևյան տարիները
«Ամնիստիան մարդասպանի վրա կարող էր ազդել, իմ նմանների վրա՝ չէ։ Կաշառքն ամենավատ բանն էր համարվում, չնայած Բրեժնևի ժամանակ կաշառքն ամեն տեղ էր՝ համատարած ու առաջին հերթին հենց իր սիստեմում․․․»
Read moreՄաս 2
Արևը՝ Բրեժնևից հետո. մաս 2
Պատմություն խորհրդային բանտից փրկված մի կնոջ մասին, որը «միշտ կարմիր սիրուն շրթներկով էր, Ալմոդովարյան երանգների, եսիմորտեղից գնված Շանել կոստյումներով, միշտ բարձր կրունկներով», պատմում է իր զարմուհի Էլլա Կանեգարիանը։
Read moreՊեղումներ
Պեղումներ. Պատմության արձանագրումը
Հեռավոր դարերի պատմության հավաստիությունը բազմիցս է կասկածի տակ դրվել, նույնիսկ պատմաբաններն ամեն ինչ չգիտեն և հաճախ իրենք էլ չեն վստահում աղբյուրների անաչառությանը, իսկ պատմագիրներին դատելու համար պետք է նկատի ունենալ մի քանի կարևոր գործոն, որին անդրադառնում է Վահրամ Մարտիրոսյանը։
Read moreՊեղումներ. Հրաշքներ երազո՞ւմ, թե՞ հարթմնի. զրույց Մաշտոցի հետ
Ո՞վ չի երազել հանդիպել պատմական անձի ու զրուցել նրա հետ․․․ Վահրամ Մարտիրոսյանը երևակայական զրույց է ներկայացնում Մեսրոպ Մաշտոցի հետ՝ այս կերպ բացելով մաշտոցյան ժամանակաշրջանի գանձատուփը, հայոց այբուբենի ստեղծման ընթացքն ու դերը։
Read moreՊեղումներ. Տիգրան Մեծ, Հռադամիզդ, Տրդատ I
Հին հունական ու հռոմեական աղբյուրները հայ պատմական գործիչներից ամենաշատն անդրադարձել են Տիգրան II-ին։ Որպես հետևանք՝ նաև համաշխարհային, հատկապես… երաժշտական արվեստը. «Տիգրան» վերնագրով 24 օպերա է գրվել ուշ միջնադարում, ևս մեկ տասնյակում Տիգրանն առանցքային հերոսներից է։
Read moreՊեղումներ շարքը հեղինակի ընթերցմամբ լսեք այստեղ։