Ինչպե՞ս և ովքե՞ր էին գրում պատմությունը, ի՞նչ դժվարությունների ու քննադատությունների էին բախվում, անդրադառնում է Վահրամ Մարտիրոսյանի ՁայնաՊատումը, որտեղ հեղինակն առավել մանրամասն է ներկայացնում իրավիճակն ու ավելի շատ փակագծեր բացում, քան հոդվածում։
Շատերը կասկածում են հեռավոր դարերի պատմության հավաստիությանը՝ ելնելով այն հանգամանքից, որ ներկայում ամեն օր բախվում են կեղծ լրատվության։ Իհարկե, ավելի լավ կլիներ, որ յուրաքանչյուր ոք իր տեսակետն ունենար՝ իմանալով սկզբնաղբյուրները, բայց նույնիսկ պատմաբաններն ամեն ինչ չգիտեն և հաճախ իրենք էլ չեն վստահում աղբյուրների անաչառությանը։ Անշուշտ, անցյալում եղել է արտաքին ու ներքին գրաքննություն. արտաքինը ոչնչացնում էր պատրաստի գրքերը, ներքինը խանգարում էր իրերն իրենց անունով կոչել։ XII դարի ժամանակագիր Մատթեոս Ուռհայեցին ուղղակի գրում է, որ դեռ շատ բան կհայտներ «ֆրանկների»՝ Եդեսիայի խաչակիր կառավարիչների անօրինությունների մասին, բայց… նրանց տիրապետության տակ էր։
Մյուս կողմից՝ հենց պատմաբանները ինչքան հաճախ են հայտնվում զանազան ճնշումների տակ։ Ուրեմն՝ պատմաբանների՞ն հավատալ, թե՞՝ պատմագիրներին։ Պատմագիրներին դատելու համար պետք է նկատի ունենալ մի գործոն, որը միայն նեղ մասնագիտական շրջանակներում է քննարկվում՝
Սեբաստիայի Ավետարան, XII դար
1. գրչագիրների աշխատանքը
«Խորենացու մոտ Արտավազդի համար եղել է Ի (20) տարի, և Ի-ի գլխիկի կորուստն է, որ բանասերներին երկար տարիների տառապանք է պատճառել»։ Սա մեջբերում է «Բանբեր Մատենադարանի» գիտական ամսագրի բանավիճային հոդվածից, որը նվիրված է Խորենացու «Հայոց պատմության» ժամանակագրական համակարգին։ Հեղինակը համոզված է, որ վրիպակի ուղղումը թույլ կտա ապացուցել Խորենացու աղյուսակի ճշգրտությունը, որը կասկածի են ենթարկել օտարազգի և հայ մի շարք գիտնականներ՝ առաջարկելով նրան V դարից հետ գցել VII, նույնիսկ՝ IX դար։
Խորենացու ժամանակի ձեռագրերի բնագրեր մեզ չեն հասել՝ միայն ընդօրինակություններ։ Իհարկե, հեղինակը նույնպես կարող է սխալներ թույլ տալ (այլապես գոյություն չէր ունենա սրբագրիչի հարգարժան մասնագիտությունը)։ Ուրեմն, «Ի-ի գլխիկի կորստի» նման վրիպակները, որոնց շուրջ բանավիճում են գիտնականները… նրանց պատճառով է, ովքեր արտագրել են մատյանները։
Ինչպե՞ս էր արվում այդ գործը։ Մեր նախնական պատկերացումների ճշգրտությունը արժե ստուգել մի թեստային հարցով՝
ի՞նչ գույն ունի մագաղաթը
«Հետո, նստավ անհենարան աթոռակի մը վրա։ Խոշոր արցունքներ կը կաթեին անոր աչքերեն․ լռիկ մնջիկ կուլար հեք սապատողը, առանց կծկում մը ցուցնելու դեմքին վրա․ արցունքի հատիկները շարունակ կիյնային, թրջելով անոր երեսին մագաղաթագույն մորթը»։ Երուխան, (1870-1915), «Կուզը»
Ժամանակակից գրողների գործերում ևս կարելի է հանդիպել «մագաղաթագույն» մակդիրին։ Բառարաններում այն հոմանիշն է դեղնավունի, դեղնագույնի։ Մենք՝ XX-XXI դարերի մարդիկս, նոր մագաղաթ չենք տեսել, միայն՝ մի քանի հարյուր տարվա վաղեմության. այդ ընթացքում է, որ դեղնել են մագաղաթները, մինչդեռ ի սկզբանե եղել են… կուրացուցիչ սպիտակ։
Ճիշտ այդպես մեզ հայտնի է նաև, որ մագաղաթը պատրաստել են կովի կաշվից, բայց ավելի նուրբ թերթերի համար օգտագործվել է նաև այծերի, գառների, նապաստակների մորթին, որոնք միայն հմուտ վարպետները կարող էին մշակել։ Գերադասելի էր, որ կովի կաշին նույնպես պատկաներ մատղաշ կենդանու։ Այսօրվա տպարանների նման եղել են գրչատներ, որտեղ շատ ձեռագրեր են ընդօրինակվել։ Տաթևում, Նարեկում, Հաղպատում, Աղթամարում, Խոր վիրապի, Գոշավանքի, Հռոմկլայի, Մեծոփավանքի, Մշո Սուրբ Առաքելոց, Գլակա, Վարագա և այլ վանքերում։ Հայության բազմադարյա սփռվածության բերումով՝ գրչատներ են գործել նաև Հայաստանից դուրս` Երուսաղեմի, Կոստանդնուպոլսի, Նոր Ջուղայի նշանավոր վանքերին կից, ավելի ուշ՝ Իտալիայում, Հոլանդիայում… Հնդկաստանում։
Ընդօրինակումը չէր նշանակում միայն արտագրություն։ Մատյանը պատրաստ էր, երբ նաև ծաղկողը կամ ծաղկարարն էր նկարազարդել, ինչի համար պահանջվում էին որակյալ ներկեր, ընդհուպ մինչև՝ ոսկու փոշի։ Ծաղկող, այսինքն՝ ծաղկազարդող բառը հավանաբար ծագել է, երբ նկարիչները էջի գլխատառերը պատկերել են տարբեր ծաղիկների ձևով (տարածված էին նաև թռչնագրերը)։ Այնուհետև կողված թերթերը, ծալված ու ամրակներով կարված տետրակները կպցնում էին փայտե կազմին, որը պատվում էր կաշվով, ապա՝ դրվագանախշ ու գոհարակուռ արծաթով։
Շատ գրիչներ կամ գրչագիրներ, ինչպես անցյալում կոչում էին ընդօրինակողներին, հիշատակել են իրենց խնդիրները։ Վենետիկի Մխիթարյան միաբանությունից ամենահաս Ղևոնդ Ալիշանն է նրանց հաճախ մեջբերել, իսկ մեկ այլ՝ վիեննացի միաբան Արիստակես Վարդանյանը, խնամքով ժողովել է հիշատակարանների գոհարներն իր «Հայ գրչագիրները ի՛նչ պայմաններու տակ կ’ընդօրինակէին հայ ձեռագիրները» գրքույկում, որը տպվել է 1924-ին, նույն Վիեննայում… և մոռացվել։ Հետագայում լուրջ ուսումնասիրություններ, բարեբախտաբար, լույս են տեսել, բայց դրանցում հազվադեպ է պատահում Հայր Արիստակեսի անունը։
Ի՞նչն էր ամենաշատը նեղում գրչագիրներին։ Գրիգոր անունով գրչագիրը, օրինակ, այսպիսի հիշատակարան է թողել.
…Նիւթս պակաս, թանաքս աւեր եւ իմ պիտոյքն է ոչինչ՝ բայց միայն ցամաք հաց…
«Ավեր թանաքը» կարող էր լինել ջրիկ… կամ, ընդհակառակը՝ մածուցիկ, ունենալ գնդիկներ, որոնք լաքա կտարածեին մագաղաթին (վատթարագույն դեպքում՝ արդեն պատրաստի էջին)։ Այնուամենայնիվ, եթե թանաք կար, թեկուզև՝ «ավեր», և կար ցամաք հաց, այսինքն՝ երկու հոգս պակաս էր, դեռ մնում էր
նյութերի մեծ ցանկ, որ անհրաժեշտ էին գրիչին
Նա, ով հատուկ չի ուսումնասիրել այս ոլորտը, ժամանակների հեռվից հեշտ չի գուշակի ձեռագիր մատյանի ստեղծման առաջնահերթությունները, բայց հայերեն ընդօրինակում բառից կարող է մի կարևոր հուշում ստանալ։ Գործը սկսելու համար… նախ պետք էր
ա. օրինակ
Եկեղեցիներին գրականություն էր անհրաժեշտ արարողությունների, աստվածաբանություն, պատմություն, գեղարվեստական գրականություն ուսանելու և ուսուցանելու համար։ Հայկական անկախ թագավորությունների օրոք նոր եկեղեցիներ շատ էին կառուցում, և դպրանոցներն էլ բազմանում էին, բայց գրչատներն ապահովված էին անհրաժեշտ մագաղաթով, մելանով։ Օտար տիրապետության շրջանում հաճախակի օգտագործվելուց մաշված ձեռագիր մատյանները դժվար էր փոխարինել։ Եվ դա ինքնին խոչընդոտ էր ընդօրինակման համար։ Գրիչը պետք է ազատ օրինակ ունենար՝ ամիսներով կամ տարիներով։ Այնքան, որքան պիտի տևեր մեկ մատյանի արտագրությունը։
Ոչ կայր օրինակ… եւ իմ առեալ զտետրակսն աստ եւ անդ բազում աշխատութեամբ գրեի…
Օրինակ չկար, և գրիչն իր տետրերն առած այս ու այնտեղ է գնում, որ ազատ օրինակ գտնի և արտագրի։ Մեկ ուրիշ գրիչ հուսահատ խնդրում է՝
…զսխալութիւնս ներել եղկելւոյս զի ես ինձէն գրեալ եմ ոչ օրինակէն…
Ներեցեք գարշելիիս սխալները, քանի որ հիշողությամբ եմ գրել, ոչ՝ օրինակից։
Աղաչեմ անմեղադրություն, զի առանց օրինակ էր,- արդարանում է մի երրորդը։
Աներևակայելի իրավիճակ։ Ընդօրինակում՝ առանց օրինակի։ Գրիչը կարդացել է մատյանը և… «ընդօրինակումը» շաբաթներ և ամիսներ անց կատարել առանց բնագրի։ Ով երբևէ մի քանի տասնյակ թիվ կամ բառ հիշելու վարժություն է արել, կպատկերացնի, թե ինչ է նշանակում փորձել հարյուրավոր էջեր վերարտադրել հիշողությամբ։
Այս խոստովանություններից մարդու սիրտ է սեղմվում, բայց արդյո՞ք կարելի է ներել այս գրչագիրներին։ Արդյո՞ք նրանց տված վնասն ավելի մեծ չէ, քան օգուտը։ Որքան էլ՝ ճարահատյալ, բայց ուրիշ շատ գրիչներ հրաժարվել են այդ «ուղուց»՝ տարիներ ծախսելով, մինչև օրինակ գտնեն, որը կլինի «ընտիր», «ստույգ», «անխափան»։
Ավետարան, 1224, Սուրբ Հովհաննեսը և Պրոխորոսը
Հովասափ գրիչը «տխմար» է կոչում «բերանացի գրողներին»՝ նրանք կամա թե ակամա աղավաղում էին բնագրի միտքը, ոճը… և, ի վերջո՝ պատմությունը։
բ. մագաղաթ
Պատահում էր, որ մագաղաթ չկար… կամ սարսափելի թանկ էր։ Չկա՛ մագաղաթ, չկա՛ ընդօրինակում՝ կմտածի յուրաքանչյուր ողջամիտ մարդ։ Մեր ժամանակներում։ Բայց անցյալում գրչագիրներն ունեին «պահեստային» տարբերակ։ Մագաղաթը, ի տարբերություն թղթի, կարելի էր երկրորդ անգամ օգտագործել։ Նրանք գտնում էին ոչ պիտանի մատյաններ, լվանում էին մագաղաթն ու վրան նորից գրում։ Սա կոչվում է պալիմպսեստ՝ կրկնագիր։
Ստեփանոս կրոնավորը գրում է.
Ես լուացի ինքս ու շատ աշխատեցայ, այնոր համար որ զգիրն դժար կու առներ ու զծաղկներ…
Սա նշանակում է, որ պալիմպսեստի արդյունքը երաշխավորված չէ։ «Սեքընդ հենդ» մագաղաթի վրա շատ դժվար է գրել ու «ծաղկել»։ Այս դեպքում գրիչի բախտը կբերեր, եթե հին մագաղաթի թանաքն «ավեր» է եղել՝ լավ կմաքրվեր, իսկ եթե կաղամարի թանկ թանաք էր, որը ներմուծվում էր ծովեզրյա երկրներից, ապա գրչագիրը երբեք վստահ չէր կարող լինել, որ գործը հաջողել է։ Նախկին գիրը մեկ էլ կհայտնվեր ժամանակի հետ նոր գրի տակից՝ անընթեռնելի դարձնելով մատյանը… Այսօրվա ուսումնասիրողի համար սա արկած է՝ հին, «ոչ պիտանի» ձեռագիրն ավելի արժեքավոր կարող է լինել… բայց հնարավոր է և հակառակը։
Մագաղաթի սակավությունը ստիպում էր, որ գրիչները հապավումներ օգտագործեին ու խիտ գրեին։ Երբ Մատենադարանի հին մատյանում բառերն իրար մեջ են մտած, դա ժամանակի ոճը չէ՝ պարզապես բացատների հաշվին խնայել են մագաղաթը։ Համարյա ինչպես վիմագրություններն են փորվում՝ քարի վրա նվազագույն տեղ զբաղեցնելու միտումով։
Երբ կար օրինակ, մագաղաթ, թանաք, պետք էր
գ. գրիչ
Գրիչները երկու տեսակ էին՝ փետուրից ու եղեգնից («Եղեգնյա գըրչով երգեցի փառքեր. — Քեզի ընծա՜, իմ հայրենիք», Դանիել Վարուժան, «Ձոն»)։ Փետուրի գրիչը պետք էր հաճախ թաթախել թանաքի մեջ՝ արագ էր փչանում։ Եղեգնյա գրչի ծայրը կտրում էին մեծ թեքությամբ, որ սնամեջ ցողունը շատ թանաք քաշեր, բայց հմտորեն չգործածելու դեպքում գիրը թանձր ու խոշոր կլիներ։ Թեմայի սիրիահայ հետազոտող վաղամեռիկ Հուշիկ Ղազարյանը մեջբերում է միջնադարյան գրիչին՝ «Սուտ գծագրողիս… Յովհաննէսիս յիշման արժանի ըրէք, ո՛վ Սուրբ գիրքերը աշակերտող անձինք, քանի որ այս տետրակը 900 գիր մէկ անգամ թանագ առնելով գրեցի եւ ուրիշ անգամ 20 եւ 30 աւելի: Վարդապետները վկայ»: Ահա այսպիսի անձնական ռեկորդ. 900-920-930 տառ՝ միայն մեկ անգամ գրիչը թանաքի մեջ թաթախելով, որոնց վկան վարդապետներն են՝ հակառակ դեպքում ժամանակակիցները հավատ չէին ընծայի։
Ըստ Հուշիկ Ղազարյանի, Հովհաննեսը գրել է ինքնահո՛ս, խեցե գնդիկով գրիչով, որը ստեղծել էին Կիլիկիայում, և պատկերված է շատ մատյաններում, այդ թվում և՝ Մեծ Հայքի։ Ավաղ, նույնիսկ գրիչը միշտ չէ, որ հասանելի էր։ Ինչպես հեգնել է իր վիճակը XIV դարի բանաստեղծ Մխիթար Երզնկացին՝ «թուղթս անկոկ և գրիչ չկայ»։ Նրան պատահել է անհմուտ արհեստավորի կոկած մագաղաթ՝ գրչատներում կար նաև այդ մասնագիտությունը։
Գրիչ, մագաղաթ, թանաք, օրինակ ունենալու դեպքում էլ ձեռագրի ընդօրինակումը կձախողվեր, եթե չկար
դ. գրակալ
Գրակալները նույնպես պատկերված են շատ մանրանկարներում։ Դրանք հիմնականում նման են այսօրվա համերգային ծալովի գրակալներին, բայց կարող էին լինել նաև առաստաղից կախված, ինչը թույլ էր տալիս հեշտությամբ թեքվել դեպի լույսի աղբյուրը, բայց պետք էր այնպես գրել, որ չճոճվեին։
Հայ բեղուն գրիչներից Սիմոն Կաղանկատվացին բացատրում է, որ տառերը կանոնավոր չեն, և ձեռագիրը գեղեցիկ չէ, քանի որ «ի վերայ ծնգաց իմոց գրեցաւ»։
Սրանք «գրենական պիտույքներ» էին, բայց կային նաև ոչ նյութական բնույթի պահանջներ։ Գրչագիրները պետք է ունենային
ե. գիտելիքներ
Ովքե՞ր էին գրիչները։ Հիմնականում հոգևորականներ էին, որոնցից մի մասը նույնիսկ՝ բարձրաստիճան։ Ոմանք գրչութանը զուգահեռ սովորել էին ծաղկել և հետագայում ստեղծել են մեր մանրանկարչության գլուխգործոցները, ինչպես՝ Թորոս Ռոսլինը, Սարգիս Պիծակը, Մկրտիչ Նաղաշը։
Հովհաննես Մանկասարենցն ապրել է 86 տարի, որից 72-ը զբաղվել է գրչությամբ։ Նա Վանա լճի արևմտյան ափի Արճեշ քաղաքում գրչության դպրոց էր հիմնել։ Ինքն անձամբ ընդօրինակել է շուրջ 140 ձեռագիր, փրկվել է միայն 30-ը։
Գրչության հնագույն դպրոցներից մեկը Տաթևի վանքինն է։ X դարից հիշատակվող այս դպրոցը XIV-XV դարերում նոր մակարդակի են հասցրել Հովհան Որոտնեցին ու Գրիգոր Տաթևացին: «Անոնք չէին բաւարարուէր իրենց աշակերտներուն սոսկ գրչութեան արուեստ սորվեցնելով, կը կրթէին զանոնք բոլոր գիտութիւններով` պատմութիւն, փիլիսոփայութիւն, բնական գիտութիւններ, թուաբանութիւն, երաժշտութիւն եւ նկարչութիւն: Միաժամանակ գրիչներն ու ծաղկողները պարտադրապէս պիտի իմանային նաեւ այն, ինչ գրուած էր քիմիական բովանդակութիւն ունեցող «գիրք Արհեստից» ժողովածուներուն մէջ եւ կը վերաբերէր գրչութեան ու մանրանկարչութեան: Իսկ այս կը նշանակէ առնուազն իմանալ սեւ ու կարմիր թանաք պատրաստելու, ներկեր եւ մագաղաթ պատրաստելու կերպերը»,- գրում է Հուշիկ Ղազարյանը: Անիի, Հաղպատ-Սանահինի դպրոցների երևելի դեմքերն էին Գրիգոր Մագիստրոսը, Սարգիս գիտնական վարդապետը, Անի մայրաքաղաքի բարձրագույն դպրոցի ուսուցչապետ, մաթեմատիկոս, բանաստեղծ, տոմարագետ, երգահան, «սոփեստոս» Հովհաննես Սարկավագը:
Սուրբ Մարկոսը, Արճեշ, Վասպուրական, 1303, նկարիչ՝ Ստեփանոս
Բայց։ Շատ են եղել նաև ոչ արհեստավարժ գրիչները, որոնք շատ վրիպակներ են թույլ տվել։ Արդեն տարեց Գրիգոր քահանան չի ցանկացել կոտրել վանահայր Հովհաննես րաբունու սիրտը և ընդօրինակել է նրա հանձնարարած մատյանը, բայց գիրը «խոշոր» է ստացվել, (այսինքն՝ տգեղ) սխալներ են սպրդել։ «Մենք գրագիր չէինք… մեր բանը չէր. ամեն մեկն իր գործը պետք է անի, որ ամոթով չմնա»։
Մեկ ուրիշ գրիչ խնդրում է՝ իմ սխալներն ուղղեք, իմացությունս այսքան էր։ Երրորդը հազար ուրիշ գործին զուգահեռ է գրչություն անում՝ ձեռքը մե՛րթ գրին է, մե՛րթ քար ու փայտին ու փեթակին՝ մինչև առաջին էջը վերջացնում է, տասն անգամ տեղահան են անում։ Չորրորդը «աչնոց» է գործածում՝ ակնոց, միևնույն է՝ աչքերն հոգնում են, հինգերորդը,- ժամանակակից մարդը կշվարի,- սատանայի ճանկն է ընկել, մի ժամով նույնիսկ չի կարողանում օձիքն ազատել, վեցերորդը «ոսկւոյ եւ մարգրտի» նման երեք զավակ է կորցրել՝ նրա արտասուքը պղտորում է տեսողությունն ու խառնվում մելանին՝ թանաքին… Հենց նա երևի ամենամեծ արքը կունենար բոլոր գրիչների անունից ընթերցողներին այսպես դիմելու.
«Լուարուք եղբարք որ լավ խնամք տանիք եւ սպիտակ լաթով բռնէք զի կարի դիժար է գրոցն գրելն, որ պատրաստութեամբ պահէք ի ջրոյ եւ ի նամէ եւ դուք վարձս առնէք ի Քրիստոսէ ամեն եւ եղիցի»։ (Լսեք, եղբայրներ, պետք է լավ խնամեք և սպիտակ կտորով բռնեք [մատյանը], քանի որ չափազանց դժվար է ձեռագիրն արտագրելը, պետք է ջրից ու խոնավությունից հեռու պահեք, և Քրիստոսը ձեզ վարձահատույց կլինի)։
«Ձեռիկը կու մրսեր ի գրե(լն)», «թանաքն կու սառեր» ձմեռը, երբ նաև լույսն էր քիչ։ Իսկ ամառը… Հնդկաստանում գրիչը 2-3 ժամով «անշնչանում էր» տապից, իսկ «ճանճին չարիքն եւ խայթուածքը յոլով էր» (չափազանց շատ էր)։
Կան և այնպիսիք, ովքեր անգիտակցաբար են մատնում իրենց թերությունները, բայց, անկախ դրանից, ցանկացած հիշատակարան գանձ է գիտնականների համար։ Ընթացիկ իրավիճակի նկարագրությամբ այն նման է օրաթերթի, որը լույս է տեսել… դարեր առաջ։
«Գրեցի»՝
ի դառն եւ ի նեղ վշտաշատ պատուհաս ժամանակ…
ի դառն եւ նուրբ ժամանակ…
Գրչագիրներն անդրադառնում են պատերազմներին, կոտորածներին, դաժան հարկահանությանը, սովին, տարերային աղետներին, համաճարակին և այլն… Նրանց վաստակն անսահման գնահատելի է՝ անկախ ընդօրինակման թերություններից՝ բոլոր մարդկանց նման սխալական էին, բայց կար ավելի մեծ վտանգ, քան ակնհայտ վրիպակներն էին։ Դեռ V դարում Ղազար Փարպեցին իր «Հայոց պատմության» մեջ վրդովվում էր.
Ոմանք… գաղտագողի դիմում էին այսպիսի անամոթության. տգետ ու հանդուգն մարդիկ իրենք գրում էին դատարկ ու անպիտան ճառեր և իրար խառնելով դնում գիտունների գրքերի մեջ։
Սա արդեն ինքնակոչ գիտնականների մասին է, որոնց սարքած շիլաշփոթն անասելի բարդությունների առաջ կկանգնեցնի հետազոտողին… Ինչպե՞ս որոշել, թե որտեղ է «ստեղծագործել» գրչագիրը։
Ճիշտ է, եղել են նաև խանդավառ մոլորյալներ։ XVIII դարի մեր Միայնակ Ազատարարը՝ Հովսեփ Էմինը, որը երիտասարդ տարիքում օրվա հացի սիրույն ձեռագրեր էր մաքրագրում Լոնդոնում, հեղինակային բնագիր մեջբերումներ էր ներմուծում իր նոր կարդացած գրքերից, որոնցից հենց նոր նրա աչքերին էր խփել Լուսավորության դարաշրջանի լույսը։
Ինչևէ, գրչագիրների մեծամասնության անունները նույնիսկ չգիտենք, բայց մեր օրհնությանն են արժանի։ Անվանապես՝ հայտնի, փոխարենը շատ ավելի ծանր հավատաքննության միջով են անցնում
Ավետարան, 1304 թ., Նախիջևան, սրնգահար հովիվ
2. պատմագիրները
Ակադեմիկոս Ստեփանոս Մալխասյանցը (1857-1947) համարում է, որ անհայտ կորել են Պատմահայր Մովսես Խորենացու 30 տարվա գրվածքները, այդ թվում հոգևորական վերնախավին ուղղված նզովքը, երբ նա Հայաստանում հալածանքի է ենթարկվել եկեղեցու կողմից, իր քաղկեդոնական կողմնորոշման համար, նաև «նրա Պատմությունն անցել է հայ հոգևորականության խիստ քննության բովով և ուղղագրվել է» (այսինքն՝ խմբագրվել է գրաքննչական նկատառումներով)։
Իսկ այն «Հայոց պատմության» մեջ, որը հասել է մեզ, Խորենացին դժգոհում է օտար տիրակալների գրաքննությունից, որի պատճառով քիչ տեղեկություններ են պահպանվել մեր վաղ անցյալի մասին.
Բայց թե ինչո՞ւ այս բաները [այլ երկրների] թագավորների բուն մատյաններում կամ մեհենական պատմություններում չհիշատակվեցին, թող այս մասին ոչ ոք չտարակուսի, կասկածի չգնա: […] Նրանք հարկավոր և կարևոր չէին համարում օտար ազգերի, հեռավոր աշխարհների հին լուրերն ու նախնական զրույցները իրենց թագավորների կամ մեհյանների մատյաններում գրել, մանավանդ որ պարծանք և պատիվ չէր օտար ազգերի քաջությունը և արիական գործերը հիշատակել:
Ասորեստանի Նինոս թագավորը, որի առթիվ Խորենացին արտահայտել է այս միտքը, հրամայել է այրել բազմաթիվ մատյաններ։ Նույն կերպ են վարվել ամենազոր հռոմեացիները իրենց տիրապետության տակ ընկած երկրներում։
Եվ Խորենացին ստիպված է եղել վերլուծական, քննադատական մտքի օգնությամբ հայտնաբերել փաստերը, «ճշմարտել» հայոց առասպելները, որքան էլ դրանք… հունականների նման պատճառաբանված, «պերճ ու ողորկ» չեն, «որոնց տակ ճշմարիտ իրողություններ են թաքնված»։
Ժամանակի սղության պատճառով նա չի կարողացել «կարդալ հունական բոլոր աղբյուրները, ոչ նույնիսկ Դիոդորի» (Դիոդորոս Սիկիլիացու, մոտ մ.թ.ա. 90-30 թթ., որի «Պատմական գրադարան» երկի 40 հատորից մի մասն է պահպանվել) գրվածքներն են ձեռքին եղել, որ աչքերը «նրա վրա պահելով» բաց չթողներ որևէ «գլխավոր և պիտանի բան»։ Չնայած այս անկեղծ խոստովանությանը, Խորենացին XIX դարի վերջին հայտնվել է այսպես կոչված «գերքննադատության» թիրախում՝ անվանվելով կեղծարար ու ձեռնածու։ Այդ ալիքը, բարեբախտաբար, հետո անցել է, և շատ հեղինակավոր գիտնականներ են հաստատել «Հայոց պատմության» բարձր արժանիքները, բայց այսօր էլ գիտական գոռոզամտությունը հաճախ է թերագնահատում աղբյուրները՝ հաճախ լիարժեք չտիրապետելով նյութին կամ անտեսելով «տգետ ու հանդուգն» ընդօրինակողների հնարավոր միջամտությունները։
Կա մեկ ուրիշ կարևոր հանգամանք։ Ինքս լիովին շրջանցված եմ համարում… հեղինակային հոգեբանության, պատմագիրների ինքնաբնութագրումների դերը։
Պատմահայր Խորենացու ամենահայտնի արտահայտություններից է, թե «ես այր եմ ծերացեալ եւ հիւանդոտ եւ անպարապ ի թարգմանութեանց», որը սովորաբար հիշատակվում է մատյանի ստեղծման ժամանակ նրա տարիքը ճշտելու համար։ Իբր՝ իմանում ենք, որ իր ուշ գործերից է «Հայոց պատմությունը»։ Բայց։ Արժե ամբողջ պարբերությունը մեջբերել, որպեսզի ի հայտ գա Խորենացի-անհատականությունը՝ իր ամբողջ փառահեղությամբ.
Եթե մեկն ասե, թե մենք պետք է գրեինք Մեծն Սահակի խոսքերը [ասված] Պարսից ատյանում, թող գիտենա, որ ամբողջն իսկությամբ մեր լսելիքին չի հասել ոչ ոքից, ուստի և մենք չենք հոժարում հյուսել այս պատմության մեջ։ Որովհետև ես էլ մի մարդ եմ ծերացած և հիվանդոտ և թարգմանություններից անպարապ, ես միտքս դրի շտապել, առանց խոսքի մաքրության հետևելու, որպեսզի քո կամքը կատարված լինի, և ես ազատվեմ քո ստիպողական խոսքերից և աղաչանքներից. քեզ էլ մարդ եմ համարում, կարիքների կողմից մեզ հավասար և ոչ թե, ինչպես քերթողներն ասում են, որ իշխաններն աստվածային զարմից են, նրանց մերձավոր և սերնդակից։
Գերադասելով գրել անպաճույճ, բայց ոչ՝ անստույգ, Խորենացին այս խոսքերն ուղղում է Սահակ Բագրատունի իշխանին։ Որի պատվերով գրում էր իր «Պատմությունը»։
Եվ «գերքննադատները» Խորենացուն համարում էին ձեռնածու։ Արդյոք պատմության որևէ կեղծարար իրեն ջատագովելու փոխարեն
ա. կներկայանար որպես ծեր ու հիվանդոտ,
բ. կհայտարարեր, որ շտապում է մատյանը գրել, քանի որ ավելի կարևոր ուրիշ՝ թարգմանչական ծրագրեր ունի,
գ. կհեգներ բանաստեղծների (քերթողների) հաճոյամտությունը, որոնք իշխաններին աստվածազարմ են կոչում, երբ Սահակ Բագրատունին Հայոց բազմադարյա թագադիր ասպետների ժառանգն էր, Հայոց մարզպանը և մանրանկարներում նույնիսկ թագով է պատկերվում։
Խորենացի և Սահակ Բագրատունի, XIV դարի ձեռագիր
Խորենացին նաև չի վարանում Բագրատունուն հայտնել, որ, դիցուք, հետաքրքրվել է Սիմոն առաքյալով, բայց վստահ չէ, որ հենց նա է նահատակվել պարսկական Վերսիփորում։ Ավելին, լինելով հոգևորական, մատյանը գրելու պահին՝ Բագրևանդի թեմի առաջնորդ, նա մերժում է Հին կտակարանի հեղինակությունը, քանի որ այն ամեն էջում փառաբանում է Իսրայելի ժողովրդին՝ ստորադասելով մյուսներին։ Խորենացին դա հիմք է համարում Սուրբ գրքից պատմական ճշմարտություններ չակնկալելու. «Մանավանդ որ Ս. Գիրքը յուրայիններին զատելով իբրև իր սեփական ազգ, մյուսներինը լքեց` իբրև արհամարհելի և իր կողմից խոսքերով նշվելու անարժան (ազգերի): Սրանից սկսելով` կճառենք, որքան կարողություն կա, ինչպես որ հավաստին գտանք հին պատմությունների մեջ` մեր մասով ամենևին անսուտ»:
Ինչպիսի մեծ վստահություն է պետք սեփական գրի հանդեպ, որպեսզի կասկածի տակ առնես Աստվածաշնչի հեղինակությունը։ Քրիստոնեության վերելքի դարերում։
Պատմահոր գիտական բարձր ինքնավերահսկողության վկայությունն է «Պատմության» մեկ այլ հատված։ «Զայս աւելորդ եղեւ պատմել մեզ զնահատակութիւն առնն ցանկասիրի»: Նկարագրելով Սյունյաց Բակուր Նահապետի և տաքարյուն Տրդատ Բագրատունու միջև բախումը Նազենիկ անունով վարձակի համար (որի հիման վրա Դանիել Վարուժանը գրել է իր «Հարճը» պոեմը), նա ափսոսանք է հայտնում, որ անդրադարձել է այդ «չնչին» դրվագին։ Անկեղծության, զգացմունքայնության այս չափը հուշում է, որ հեղինակը հարգալից վերաբերմունքի իրավունք ունի։
Նա չի թաքցնում նաև, որ իր սրտին էլ սիրելի ու հարազատ են «մեր աշխարհի բնիկ պսակավորները (թագավորները)» և իր ազգին կոչում է «վեհագույն»։ Ճշտելով՝ «հյուսիսայինների մեջ»։ Դա ազգային սնապարծություն կհամարի միայն նա, ով տեղյակ չէ, որ V դարի աշխարհում Հայքից հյուսիս ավելի շատ տարտամ կազմակերպվածությամբ ցեղեր էին դեռ ապրում, քան ազգեր։
Ես «անմեղության կանխավարկածի» կողմնակից եմ, երբ խոսքը վերաբերում է պատմագիրներին։ Պետք չէ մոռանալ Շլիմանի դասերը։ Այս սիրող հնագետը XIX դարում պեղեց-հայտնաբերեց Տրոյան, որ առասպելական էր համարվում, և պատմաբաններին մնաց ճշտել հանուն Չքնաղ Հեղինեի մղված ճակատամարտերի մանրամասները։ Մեր Խորենացին էլ գրել է Եղիական պատերազմին հայ զորապետ Զարմայրի մասնակցության մասին («Եղիականը» Հոմերոսի Իլիականն է, գրաբարյան տառադարձությամբ)։ Ուրեմն, չբացառենք, որ նրա այս և ուրիշ գրածներ ևս մի օր «կճշմարտվեն», ինչպես և՝ հեռավոր անցյալին վերաբերող շատ ուրիշ հիշատակություններ։
0:00:00 առաջաբան
0:00:53 վրիպակներ, սխալներ… իրենց ժամին սպասող ճշմարտություններ
0:02:31 գրչագիրների աշխատանքը
0:04:00 ի՞նչ գույն ունի մագաղաթը
0:07:29 նյութերի մեծ ցանկ, որ անհրաժեշտ էին գրիչին
0:07:52 ա. օրինակ
0:10:11 բ. մագաղաթ
0:12:05 գ. գրիչ
0:13:58 դ. գրակալ
0:14:43 ե. գիտելիքներ
0:20:39 պատմագիրները
0:21:15 «Հայոց պատմությունը»
Պեղումներ
Հայոց ծանոթ և անծանոթ պատմությունից
Պեղումներ. Հրաշքներ երազո՞ւմ, թե՞ հարթմնի. զրույց Մաշտոցի հետ
Ո՞վ չի երազել հանդիպել պատմական անձի ու զրուցել նրա հետ․․․ Վահրամ Մարտիրոսյանը երևակայական զրույց է ներկայացնում Մեսրոպ Մաշտոցի հետ՝ այս կերպ բացելով մաշտոցյան ժամանակաշրջանի գանձատուփը, հայոց այբուբենի ստեղծման ընթացքն ու դերը։
Read moreՊեղումներ. Տիգրան Մեծ, Հռադամիզդ, Տրդատ I
Հին հունական ու հռոմեական աղբյուրները հայ պատմական գործիչներից ամենաշատն անդրադարձել են Տիգրան II-ին։ Որպես հետևանք՝ նաև համաշխարհային, հատկապես… երաժշտական արվեստը. «Տիգրան» վերնագրով 24 օպերա է գրվել ուշ միջնադարում, ևս մեկ տասնյակում Տիգրանն առանցքային հերոսներից է։
Read moreՊեղումներ․ Արտաշես Մեծի խաղաղության օազիսը
Արտաշես Մեծը խաղաղության հայկական օազիսում իր քաղաքակրթական անկյունաքարերը հաստատեց՝ աշխարհի զարգացումն ու հայրենական ավանդույթը համադրելով։ Իշխանության այդ կանոնակարգումն էր, որը մեծացրեց հայկական պետականության դիմադրողականությունը հետագա դարերում և ազգային ինքնագիտակցություն ներմուծեց արժեքներ, որոնք արդիական են մինչև այսօր։
Read moreՊեղումներ. «Մի վարդ քաղեց այտից». Արա Գեղեցիկ, Շամիրամ… Նինոս
Արդյո՞ք հայոց Արա արքային տիրանալ ցանկացող Ասորեստանի աշխարհակալ թագուհի Շամիրամն իսկապես վավաշոտ ու նենգ կին է, արդյո՞ք այս սիրավեպ ավանդազրույցն ունեցել է իրականության հետ կապ, համադրում ու մեկնաբանում է Վահրամ Մարտիրոսյանը։
Read moreՊեղումներ. Վառվռուն աչքերով և հպարտ բնավորությամբ Հայկը
Մեր անվանադիր Հայկը հրաշալի ժառանգություն է՝ իր «վառվռուն աչքերով», ազատասիրությամբ ու բարեհաճությամբ դեպի այլ ազգերը։ Ո՞րն էր Հայկի «հաջողության գաղտնիքը», ինչպե՞ս է դա արտահայտվում ու ինչպիսի՞ն պետք է լիներ ժամանակի հեռահար զենքը՝ նետուաղեղը, կատարյա՛լ նետուաղեղը։
Read moreՊեղումներ. Ու՞մ և ինչու՞ է Խորենացին իրականում կոչել Տիգրան Մեծ
Արքայազն Տիգրանը Քսենոփոնի վեպում զգացմունքային է, պերճախոս, անձնվեր։ Իսկ Խորենացին նրան համարում է թագավորներից ամենահզորը, ամենախոհեմն ու քաջը։ Ինչու՞ Պատմահայրը չի զսպում իր զգացմունքները՝ անդրադառնալով Տիգրանի ժամանակաշրջանին, մեկնաբանում է Վահրամ Մարտիրոսյանը։
Read moreԱմբողջական շարքը կարող եք լսել այստեղ։