Կարթագենի առաջնորդ Հաննիբալին ու հեղափոխական բարեշրջումներ կատարած Արտաշես Մեծին է անդրադառնում Վահրամ Մարտիրոսյանի ՁայնաՊատումը, որտեղ հեղինակն առավել մանրամասն է ներկայացնում իրավիճակն ու ավելի շատ փակագծեր բացում, քան հոդվածում։
Սահմանում է… երկու մարդ գրով հիշեցնողներ, մեկը բարին հիշեցնողը, մյուսը՝ վրեժխնդրությունը։ Բարին հիշեցնողին հրաման է տալիս՝ թագավորի բարկանալու կամ անիրավացի հրաման տալու դեպքում հիշեցնել իրավացին և մարդասիրությունը։
Խորենացի, Պատմություն Հայոց, Գիրք Բ, գլ. Ը
Ահա այսքան խոհեմ էր Արտաշես I Բարեպաշտը, (մ.թ.ա. 190-160)։ Իսկ ի՞նչ էր տեղի ունեցել Տիգրան Երվանդյանի գահակալությունից ի վեր, որի մասին պատմել եմ «Բեհիսթունյան ճանաչում» խորագրով։
Մ.թ.ա. V-III դարերի Հայաստանը քիչ անդրադարձ է գտել օտար պատմական բնագրերում։ Չենք ունեցել և մեր Տիտոս Լիվիոսը (մ.թ.ա. 53 – մ.թ. 17), որը «Հռոմի պատմություն» է գրել 142 հատորով (մեզ հասել է 35-ը), ստեղծման օրվանից՝ մ.թ.ա. 753-ից մինչև մ.թ.ա 9 թվական։ Բայց։ Որքան էլ դեռ չկար Հայոց պատմագրություն կամ եղել-չեն պահպանվել մեհենական մատյաններ, ինչպես՝ Արամազդի տաճարի Օղյումպ քրմի պատմությունը, որից օգտվել է Խորենացին, եթե մեր հաղթանակները՝ չէ, առնվազն խոշոր պարտությունները կգրանցեին կա՛մ հակառակորդները, կա՛մ հետաքրքրասեր որևէ հույն, հռոմեացի պատմիչ։ Ի՞նչ է հնարավոր կռահել այս փաստից։ Ականավոր պատմաբան Նիկողայոս Ադոնցը եզրակացնում է, որ Հայքում խաղաղություն է տիրել։ Համարյա ըստ մեր օրերի ասացվածքի՝
վատ լուրերի բացակայությունն ինքնին լավ լուր է
Գանգրամորուս Դարեհ I Մեծից (Պարսից արքա՝ մ.թ.ա. 522-486 թթ.) մինչև մ.թ.ա. 331 թվական՝ շուրջ երկու դար, Հայաստանն Աքեմենյան կայսրության կազմում էր՝ 13-րդ և, մասամբ, 18-րդ սատրապություններում՝ ընդհանուր 20-ից։
Դարեհ I։ Բեհիսթունյան արձանագրությունից
Երվանդունիների կառավարչության ներքո՛, սեփական զորքո՛վ, ոսկեդրամ հատելու իրավունքո՛վ, որն ինքնիշխանության բարձր մակարդակի վկայություն է։ Հայոց Արշակունյաց հարստությունը (66-428 թթ.), դիցուք, այդպես էլ դրամ չի հատել… Բագրատունիները՝ նույնպես։ Կիլիկիան՝ այո։
Երկու դար անց՝ մ.թ.ա. 331-ին, հայկական ծանրազեն հեծելազորը Գավգամելայի ճակատամարտում Դարեհ III-ի կողմից էր կռվում Ալեքսանդր Մակեդոնացու դեմ։ Այն, որ հեծելազորը թեթևազեն չէր, նշանակում էր՝ երկիրը բավական հարուստ է, որպեսզի թե՛ հարկերը տա, թե՛ այդպիսի հեծելազոր պահի։ (Քսենոփոնը «Անաբասիս»-ում գրում է, որ Արմենիան «մեծ էր ու հարուստ»)։ Երեք դար անց էլ Հայոց Արտավազդ II-ը վեց հազարանոց «զրահապատ հեծելազորով» է Մարկոս Անտոնիոսի հետ արշավում Մեդիա, ինչպես գրում է Ստրաբոնը։
Ուրիշ ի՞նչ կարող է «պատմել» զենք-զրահը։ Հայկական սատրապական հեծելազորը սպառազինված էր… հունական ձևով. սա էլ վկայում է պարսկական կենտրոնական իշխանությունից անկախ արտաքին կապերի մասին։ Գավգամելայի ճակատամարտում հայկական հեծելազորը նեղել է հույներին աջ թևում՝ Ալեքսանդրը հաղթել է միայն կենտրոնի հանդուգն ճեղքումով, «փոշու ամպ» բարձրացնելով՝ ինչպես նկարագրում է Խորենացու աղբյուրներից Եվագարոսը… Թեև ռազմական վերլուծաբանները չեն բացառում, որ բախտն էլ է դեր խաղացել։ Պարսիկները հարթ, հեշտ հաղթահարելի ձախ թևում «ոզնի» էին սարքել՝ գետնի մեջ սայրերը դուրս խրված սրերի ու դանակների գոտի, որը պետք է շարքից հաներ հակառակորդի հեծելազորի ձիերին։ Հույները դրանից անտեղյակ էին, բայց շրջանցեցին «ոզնին» ոչ թե դեպի կենտրոնով, այլ՝ էլ ավելի ձախից, և, նույն կողմը ձգվելով, պարսկական ուժերը թուլացրին իրենց կենտրոնը։
Ծոփքի և Միտտանիի սատրապ Երվանդի ոսկեդրամը, մ.թ.ա 362
Ադոնցը գրում է Ալեքսանդրի մասին. «Թվում է, նրա ռազմարշավն ավելի շուտ խելահեղությամբ էր պայմանավորված, որն անվանում են երջանիկ անշրջահայեցություն՝ felix temeritas, այլ ոչ թե մտածված ու կշռադատված ծրագրի արդյունքում իրականացված գործողություն։ Բարեբախտությունը ցանկացել է նրան մղել մինչև աշխարհի՝ այն ժամանակ հայտնի ծայրամասերը։ Նա նվաճել է անծայրածիր մի կայսրություն, առանց իրեն հաշիվ տալու այն պահպանելու միջոցների մասին։ Ժամանակին վրա հասած վախճանը փրկել է նրա փառքը։ Եթե նա ապրեր ավելի երկար, կարող էր տեսնել իր ձեռնարկի կործանումը»։ Կոշտ ու պատկերավոր է բնորոշում Ադոնցը։ Նա 1920-ին հեռացել է Հայաստանից և չի ճզմվել սովետական գրաքննության մամլիչի, անդեմ գիտության կաղապարների արդուկի տակ, ինչպես նույն շրջանի մեր պատմաբանների մեծամասնությունը։ Ի դեպ, Ադոնցը (1871, Բռնակոթ-1940, Բրյուսել) Դավիթ Բեկի զինակից Տեր-Ավետիսի հեռավոր ժառանգն է։
Ոչ միայն կարճահասակ, կրակի կտոր Ալեքսանդրի բախտը բերեց Գավգամելայի ճակատամարտում, որտեղ նա կործանարար հարված հասցրեց Աքեմենյան կայսրությանը, Հայաստանը փաստացի անկախացավ Իրանից։ Մեր երկիրը նաև Ալեքսանդր Մեծի հնդկաստանյան գլխավոր հարվածային ուղղության հյուսիսային եզրին էր. սրա շնորհիվ լուրջ հարձակման թիրախ չդարձավ։
Մակեդոնացին վախճանվեց մ.թ.ա. 323-ի հունիսի 10-ին։ Կայսրությունը մասնատվեց՝ բաժանվելով նրա զորավարների միջև։ Այն երկրների ցանկում, որոնց նրանք պետք է տիրեին, չկար Երվանդունյաց Հայաստանի անունը։ Ալեքսանդրի ռազմարշավը մինչև Հիմալայներ նոսրացրել էր նորաստեղծ ընդարձակ կայսրության ռազմական ուժը։ Հայերը, որ տարածաշրջանի մեծաքանակ ազգություններից էին, բավարար ներուժ չունեին կայսրություններին հաղթելու, բայց դիմադրելու, ապստամբելու՝ այո. հնարավոր նվաճողները ստիպված էին հաշվարկել՝ արդյոք չափից դուրս թանկ չի՞ նստի իրենց վրա պատերազմը, իսկ հաղթելու դեպքում՝ տիրապետությունը։
Եվս մեկ դար անց դեպի արևելք ծավալվեց մի նոր աշխարհակալ ուժ՝ Հռոմը։ Հռոմեացիները մ.թ.ա. 202-ին հաղթեցին հելլենական Կարթագենին՝ այնտեղից փախստական անելով նրա առաջնորդ Հաննիբալին (մ.թ.ա. 247-183) և գերազանցություն ստանալով Միջերկրածովքում։ Մ.թ.ա. 197-ին նրանք ծանր պարտության մատնեցին Մակեդոնիային՝ իրենց տիրապետության տակ առնելով Հունաստանը։ Ալեքսանդր Մակեդոնացու զորապետերից Սելևկոսին հաջողվել էր ահռելի հելլենական տերություն ստեղծել, որը, ներառելով Աֆղանստանը, Պարսկաստանը, Միջագետքը, այսօրվա Քուվեյթը և այլ տարածքներ, ամենամեծն էր աշխարհում։ «Սառը պատերազմի» մի քանի տարի հաջորդեց, որի ընթացքում Հռոմը նվաստացուցիչ պահանջներ ներկայացրեց Սելևկյաններին, բայց ջղուտ ու վճռական Անտիոքոս III-ը, որ հաղթարշավներ էր ունեցել ժամանակին և հորջորջվել Մեծ, չընդունեց Հռոմի վերջնագրերը։
Անտիոքոս III Մեծ
Հայաստանից հեռու Թերմոպիլում, որ հունարեն նշանակում է Ջեռ (շոգ) դարպասներ, մ.թ.ա. 191-ին Հռոմը խորտակեց Անտիոքոս III-ի նավատորմը, ապա, մեկ տարի անց, Հանրապետության լեգեոնները ջախջախեցին նրա զորքը Մագնեսիայի ճակատամարտում, Փոքր Ասիայի արևմտյան դարպասների մոտ։
Մ.թ.ա. 189-ին կնքվեց Ապամեայի դաշնագիրը։ Հարկերից ազատվեցին և ինքնավարություն ստացան Փոքր Ասիայի հունական պոլիսները՝ ձերբազատվելով Անտիոքոս III-ին աջակցելու որևէ պատճառից. մինչ այդ նա երկիրը կառավարում էր իրենց ծննդավայրերից ներգաղթած հույների զգալի մասնակցությամբ, որոնց միջոցով ապահովվում էր նաև հելլենական մշակույթի գերակայությունը։ Անտիոքոս III-ից խլված տարածքներում ստեղծվեցին մի շարք երկրներ, որոնք կոչվում էին Հռոմի «դաշնակից և բարեկամ», բայց՝ ավելի շատ պարտավորություններ ունեին, քան արտոնություններ։ Նշեմ արտոնության մեկ օրինակ. ըստ հռոմեացի պատմագիր Դիոն Կասիոսի, թատրոնում «Հռոմի բարեկամներին» (amicus populi Romani) վերապահված էին առաջին շարքերը։ Այս կարգավիճակը հռոմեացիները կոչում էին «սատելիտ»՝ լիովին համապատասխան այսօրվա քաղաքական բառապաշարի նվաստացուցիչ իմաստին։ Այն, ինչ Հռոմը գրավել էր, իր սեփականությունն էր՝ dominium-ը, իսկ «դաշնակից» թագավորները միայն տիտղոսավոր կառավարիչներ էին:
Անտիոքոս III-ին պարտադրված պայմաններով Հռոմի ազդեցությունն առաջին անգամ հասավ Հայաստանի արևմտյան սահման՝ Եփրատ գետ։ Անտիոքոս III-ը պետք է նաև հաղթող կողմին հանձներ Հաննիբալին, որն ապաստանում էր այնտեղ, ուր այդ պահին Հռոմի թշնամիներն էին։ Կարթագենացուն հանձնելու կետը նա չկարողացավ կատարել՝ Հաննիբալը փախավ Հայաստան, որտեղ պետական հեղաշրջում էր կատարվել. երկրին տիրել էր Արտաշեսը՝ անցնելով, ըստ պատմաբան Ալբերտ Ստեփանյանի, նվիրագործության, ինիցիացիայի երեք աստիճան՝
Երվանդ IV
հովիվ, զինվոր, արքա
«Սառը պատերազմի» տարիներին Հայաստանի Երվանդ IV արքան մերժել էր Հռոմի դեմ դաշինք կնքելու Անտիոքոս III-ի առաջարկը. դա ենթադրվում է նրա հետագա ակնկալությունից, որ հռոմեացիներն իրեն օժանդակ զորք կուղարկեն (Խորենացի, Պատմություն Հայոց, Գիրք Բ, ԽԵ)։ Բայց։ Կայսրերն ունենում են գաղտնի զենք՝ թագի ուրիշ հավակնորդ, որին «քաղաքական ապաստան» են տալիս նման դեպքերի համար։
Երվանդ արքան հետապնդել էր մանուկ Արտաշեսին՝ տոհմի ներսում գահակալական նկրտումները կանխելու համար։ Ըստ Խորենացու, երեխայի ստնտուն, որի ժառանգները Դիմաքսյան իշխանական տոհմ կդառնան, փախցրել — Սելևկյանների մոտ է տարել նրան։ Այս դեգերումների ընթացքում հովիվներն են հաց տվել Արտաշեսին։ Նա, իր զարմիկ Զարեհի նման, զորավարի տաղանդ է դրսևորել Անտիոքոս III-ի բանակում, որը Հռոմի դեմ վճռական ճակատամարտից առաջ նրանց որպես իր ստրատեգոսներ՝ կուսակալներ, կառավարիչներ, ուղարկեց Հայաստան ու Ծոփք՝ դրանք իր վերահսկողության տակ առնելու։
Արտաշեսը հաղթեց Երվանդ IV (Երվանդ Վերջին) արքային, որին հետո սպանեց իր իսկ զինվորներից մեկը։ Նրա եղբորը՝ Երվազ քրմապետին, թագի հաջորդ հավակնորդին, պարանոցից երկանքի քար կապելով, գետահեղձ արեցին Ախուրյանի հորձանուտում։ Արտաշեսը տիրեց Հայոց գահին (մ.թ.ա. 190-160), Զարեհը օծվեց Ծոփքի թագավոր (մ.թ.ա. 190-188)։
Ուշագրավ է Ալբերտ Ստեփանյանի դիտարկումը «հովիվ, զինվոր, արքա» գաղտնածիսային շարքի վերաբերյալ, որը կարելի է պեղել Խորենացու «Պատմության»՝ Արտաշեսին նվիրված գլուխներից։ Սա մի տարր է, որով ժողովուրդը կարծես ընդունում է նոր գահատոհմի օրինականությունը։ Ստեփանյանը համարում է, որ «տեղեկույթը աղերսներ ունի հնդեվրոպական հնագույն պատկերացումների հետ… որոնք առավել հստակ պահպանվել են «Սասնա ծռերի» խորքային շերտերում»։
Դավիթն իսկապես հովվություն է անում էպոսի բոլոր պատումներում, երբեմն էլ նախքան որպես դյուցազուն, «փահլևան» Մսրա Մելիքի դեմ մենամարտելը նրա զորքի դեմ է կռվում՝ որպես ռազմիկ, զինվոր, որին մարտնչել են սովորեցնում Քեռի Թորոսը, Ձենով Օհանը… Քուռկիկ Ջալալին՝ խոսող նժույգը.
Ձենով Հովան թռավ ձիու քամակ,
Ձեռ թալեց մեկ բարտի ծառ, արաց ուր ճպոթ,
Խասավ մեջ Մսրա Մելիքի խեծլին,
Տեսավ, որ Տավիթ շըշկռեր ի։
Տավթին ասաց. —
Կայնի՛, ես քե կռիվ անել սորվեցուցեմ։
Ուր ձեռաց ճպոթ մեկ մ՝ աջ փարատեց,
Իրեք խարիր հոգի մեկանց ինկան.
Մեկ մը ձախ փարատեց,
Վեց խարիր հոգին թմըմավ։
Նոր «ստրատեգոսների» ռազմավարությունը
Անտիոքոս III-ի կայսրությունը քանդվում էր՝ Արտաշեսն ու Զարեհը հեռու քաշվեցին, չմասնակցեցին Հռոմի դեմ Մագնեսիայի ճակատամարտին։ Հույն աշխարհագետ Ստրաբոնը հայտնում է, որ նրանք հռոմեացիների կողմն են անցել, բայց չի բերում որևէ փաստ։ Իսկ հակառակի վկայությունը կա։ Ըստ մեկ ուրիշ հռչակավոր հույն պատմիչի՝ Պլուտարքոսի, Արտաշեսն ապաստան է տվել Հաննիբալին Մագնեսիայի ճակատամարտից անմիջապես հետո՝ մ.թ.ա. 188-186 թվականներին։ (Ի դեպ, սա չի նշանակում, թե Ստրաբոնը ստում էր։ Պատմաբանները հակասությունների հանդիպելիս հաճախ շտապում են աղբյուրներից մեկն անհավաստի հայտարարել` դրանով կասկած հարուցելով, առհասարակ, պատմագիտության հանդեպ, բայց, հատկապես ցնցումների փուլերում, մի հեղինակը կարող է իրավացի լինել տասնամյակի, մյուսը՝ մի քանի տարվա կտրվածքով, ինչպես տվյալ դեպքում՝ Պլուտարքոսը)։
Ստրաբոնը երկար թվարկում է Արտաշեսի նվաճած տարածքները, որոնք ժամանակակից քարտեզի հետ հարաբերելը մեծ ծավալ կզբաղեցներ, բայց, որ նա, դիցուք, «իբերներից… Գոգարենեն» է խլել, «մեդացիներից՝ Կասպիանեն»,- խոսքը մի դեպքում վրացապատկան Գուգարքի, մյուսում՝ Կասպից ծովափի մասին է, պատկերացում տալիս է, թե մինչև ուր էին ձգվում նրա տերության եզրագծերը։
Արտաշեսի օրոք երկիրը Սև ծովին էլ սահմանակցեց, իր թագավորությունն ընդլայնեց նաև Ծոփքի Զարեհ արքան։ Այս տպավորիչ արդյունքները հնարավոր էին, եթե «ստրատեգոսներ» Արտաշեսն ու Զարեհը, որպես առաջնահերթություն, խիստ մարտունակ բանակ ձևավորեին, ինչը հավաստում է Դիոդորոս Սիկիլիացին (Արտաշեսը «հավաքեց հզոր զորք», Diodoros Siculos, XXXI, 16, 17a.), ապա ձեռնամուխ լինեին ռազմարշավներին։
Ըստ Խորենացու, Արտաշեսի օրոք «ոչ գտանել երկիր անգործ յաշխարհիս Հայոց, ոչ լեռնային եւ ոչ դաշտային»՝ անմշակ հողակտոր չէիր գտնի երկրում, իսկ դա ձեռք է բերվում միայն տևական խաղաղության ընթացքում։ Ինչպես և՝ մեծածավալ բարենորոգումները, որոնք նա իրագործել է։ Ուրեմն, ռազմական նվաճումներն Արտաշեսը կատարել է իր տիրակալության սկզբնական շրջանում, թեև պատմագիրները չեն նշում տարեթվերը, երբ նրա կողքին էր Հաննիբալը, որի աջակցությամբ նույնիսկ միաժամանակ տարբեր ուղղություններով պատերազմներն էին հնարավոր։
Հաննիբալը ռազմական հանճար էր, Օտտո Բիսմարկի կարծիքով՝ ամենաերևելի զորավարը մարդկության պատմության մեջ։ Նա երիտասարդ տարիքում նվաճել է Իսպանիան ու 50.000-անոց զորքով, մարտական փղերը՝ ներառյալ, կտրել անցել Ալպյան լեռները և հանկարծակի հայտնվել Հռոմի մոտ։ Հռոմեացիների Hannibal ad portas՝ «Հաննիբալն է դարպասների մոտ» բացականչությունը թևավոր խոսք է դարձել՝ անսպասելի վտանգը բնորոշելու համար։ Ի դեպ, ժամանակակից մարդիկս նրան կարող ենք պատկերացնել հռչակավոր ծովահենների… կամ ծովակալ Նելսոնի նման ակնակապով հրամանատարական դիրքերում կանգնած. դեռ մ.թ.ա. 217 թվականի այդ հեռավոր Ալպյան ռազմարշավի ընթացքում Հաննիբալի մի աչքը բորբոքվել էր և ավելի ուշ կուրացել։
Հայ պատմաբանները բազմիցս հղում են արել Պլուտարքոսին, թե ինչպես Հաննիբալը, նկատելով «անտես արված հարմարագույն ու խիստ հաճելի մի վայր… այդ տեղում ուրվագծեց քաղաքի հատակագիծր», որն ապագայի Արտաշատն էր։ Հույն պատմագիրը, սակայն, հաղորդում է դա որպես հավելյալ տեղեկություն՝ «բացի այդ, նկատելով անտես արված…», իսկ նրա հիմնական ասելիքը սա է. «Պատմում են, որ երբ Անտիոքոսը պարտություն կրեց հռոմեացիներից՝ կարթագենացի Հաննիբալը եկավ Արտաշես Արմենի մոտ և հրահանգիչ ու խորհրդատու դարձավ բազմաթիվ օգտավետ գործերում»: Մեր որոշ պատմաբաններ շրջանցել են Հաննիբալի հնարավոր ռազմագիտական աջակցությունը… «օգտավետ գործերի» ցանկում, կարծես դա կստվերեր Արտաշեսի նվաճումները։ Մինչդեռ տարօրինակ կլիներ, եթե Հայաստանում կիրառվեր միայն ճարտարապետի, թեկուզև ռազմական ճարտարապետի նրա միտքը։ Հնագետ Ժորես Խաչատրյանը իրավամբ ենթադրում է, որ Հաննիբալը, «իհարկե, ժամանակի ամենահզոր հռոմեական բանակի մարտավարությանը քաջածանոթ լինելով` առաջին հերթին վերակազմավորելու էր հայկական բանակը»։
Հայոց արքան ինքը, առնվազն «Հունաց» երեք պատմագիրների կարծիքով, որոնց հիշատակում է Խորենացին՝ Պոլիկրատես, Եվագարոս, Սկամադրոս, տաղանդավոր զորավար էր, և գիտեր՝ ինչ խորհուրդ հարցնել Հաննիբալից։ Դա պակաս տաղանդ չէ, քան մասնագիտական որևէ կարողություն։ Հաննիբալը եղել էր նաև Անտիոքոսի կողքին, բայց դա վերջինիս չէր փրկել իրարահաջորդ երկու ծանր պարտությունից՝ ծովում և ցամաքում։
Արտաշիսյան դրամի գծագիր
Իհարկե, Արտաշատի հատակագիծը ևս յուրահատուկ է։ Քաղաքը կառուցվել է Արաքս և Մեծամոր գետերի միախառնման տեղում առաջացած թերակղզու բլուրների վրա, անհրաժեշտ գերաններ էլ բերել են Արաքսով։ Հնագետները պարզել են, որ Արտաշատը ոչ միայն արտաքին պարիսպ է ունեցել, այլև բոլոր 9-12 բլուրներն են ունեցել պարիսպներ։ Այսինքն, եթե թշնամին կարողանար ներթափանցել քաղաք, կընկներ միջնաբերդերի խաչաձև նետահարության տակ: Ճիշտ է, դա պահանջում էր, որ մայրաքաղաքն ունենա ուժեղ կայազոր՝ համոզված է Գայոս Կոռնելիոս Տակիտոսը, որի անբավարարության պատճառով քաղաքը մի քանի անգամ գրավվել և ավերվել է։ Հաննիբալը միգուցե մտածել է Հայոց երկրից ավելի մեծ չափումներով։ Այսպես, թե այնպես, Արտաշատի կառուցումը համաշխարհային հնչեղություն ուներ, եթե դատենք թեկուզ Գուգլի՝ մ.թ.ա. 190-ի նշանակալի իրադարձությունների ցանկից։ Այն նաև Հայոց ամենաերկարակյաց մայրաքաղաքը եղավ՝ շուրջ յոթ դար, փոքր ընդմիջումներով։
Հաննիբալը հեռացավ Հայաստանից մ.թ.ա. 186-ին։ Դեպի Հռոմի հարձակմանը սպասող մի փոքրասիական երկիր, որտեղ ինքնասպան եղավ մ.թ.ա. 183-ին, երբ իրեն արդեն պետք է հանձնեին հռոմեացիներին: Քանի դեռ Հայաստանը հյուրընկում էր Հաննիբալին, Հռոմի հարձակման վտանգը կար։ Հավանաբար հենց նրա հեռանալուց հետո՝ մ.թ.ա. 186-ից Արտաշեսը նախաձեռնեց
հեղափոխական բարեշրջումներ
Նրան հաջողվել էր չներքաշվել փոքրասիական նոր հակամարտությունների մեջ, որոնց Հռոմը վերջ դրեց մ.թ.ա. 179-ի Խաղաղության պայմանագրով։ Հայոց թագավորն այստեղ հրավիրված էր որպես յուրատեսակ դիտորդ-երաշխավոր։
Որո՞նք էին Արտաշեսի բարեշրջումները։ Նրա քաղաքական բարեշրջումը… նոր արքայական տոհմի հիմնումն էր։ Այդպիսով նա ազատվեց Աքեմենյանների, Սելևկյանների հանդեպ Երվանդունիների ստանձնած որևէ պարտավորությունից։ Միաժամանակ, Արտաշեսը հայտարարեց, որ ազգակից է Երվանդունիներից. դա նրան տալիս էր օրինակարգություն՝ ժամանակի իրավունքը չէր ճանաչում որևէ նոր թագավորի՝ առանց արքայական ծագման, հնարավորություն՝ պահպանելու այն ավանդույթները, որոնք համապատասխանում էին նոր քաղաքական կարգին, խորթ չդիտվելու հայկական միջավայրում։ Նա կարգադրեց հուղարկավորել Երվանդ Վերջինին և մահարձան դնել, մյուս կողմից, քանի որ Երվանդը սպանվել էր Արտաշեսի դեմ պատերազմում, նա ձևավորեց բոլորովին նոր «կառավարություն»։ Պետական «գաղափարախոսի»՝ քրմապետի պաշտոնը, որ նախկինում, Երվանդ-Երվազի օրինակից դատելով՝ ժառանգական էր, նա հանձնեց մի երազահանի, որի գուշակությունները, հավանաբար, կատարվել էին, այսինքն, առաջնորդվեց մերիտոկրատական, արժանավորության սկզբունքով։
Կառավարման ասպարեզում Արտաշեսը ժողովրդապետության կարևոր հաստատություն հիմնեց՝ Աշխարհաժողովը, որը տեղի էր ունենում Նպատ լեռան ստորոտին, մասնակցությամբ՝ պաշտոնական և ոչ պաշտոնական ընտրախավի, ռազմիկների և հասարակ մարդկանց (ռամիկների)։
Հասարակական կյանքում Արտաշեսը սահմանեց համերաշխության սկզբունքը։ Գյուղացիները պետք է վերաբերվեին քաղաքացիներին նույն հարգանքով, ինչ իշխաններին, իսկ քաղաքացիներն էլ գյուղացիների հետ «եղբայրաբար վարվեին»։
Քաղաքները նա հիմնում էր համաբնակեցման եղանակով, որ Մակեդոնացին կիրառում էր նվաճված ժողովուրդներին և հույներին միաձուլելու համար։ Արտաշեսը ոչ միայն հայերի բերեց-«համաբնակեցրեց», այլև հազարավոր հրեաների, որոնք արդեն տիրապետում էին քաղաքային արհեստներին կամ հմուտ վաճառականներ էին։ Նրա թոռ Տիգրան II-ն էլ, երբ դաշինք էր կնքում Միհրդատ VI Եվպատորի հետ հռոմեացիների դեմ, պայմանավորվեց, որ Միհրդատը կտիրի քաղաքներին և հողին, իսկ ինքը՝ գույքին և մարդկանց, որպեսզի հետո նրանց տեղափոխի Հայաստան։
Արտաշատում տներն ունեին ընդհանուր սենյակ, որի շուրջը դասավորված էին մյուս սենյակները՝ դա կարծես «անձնական տարածքի» հնարավորություն էր։ Հանրային բաղնիքներն ունեցել են խճանկարներ, ինչն ուրիշ երկրներում միայն բարձր դասի մենաշնորհն էր։ Քաղաքում ծաղկող արհեստներից շուրջ հիսունը նշում են պատմական աղբյուրները՝ ապակեգործություն, կողովագործություն, ոսկրագործություն, դարբնություն և այլն։
Արդյունավետ կառավարման համար երկիրը բաժանվեց 120 գավառի, հունահռոմեական աղբյուրների լեզվով՝ ստրատեգիաների։
Տնտեսության մեջ թագավորը սահմանազատեց հողերը, որով հստակորեն առանձնացվեցին պետական սեփականությունը, ազնվականների դաստակերտները, ագարակները և գյուղերի համայնքային տարածքները։ Քաղաքներն ազատ «ձեռներեցության» գոտի էին։
Լեզվական ներդաշնակություն հաստատվեց երկրում՝ նրա սահմանները հասան այնտեղ, ուր «վերջանում է հայերենը», ինչպես նշում է Խորենացին։ «Այնպես որ բոլորը միալեզու եղան», ամփոփում է Արտաշեսի նվաճումների ցանկը Ստրաբոնը։
Երբ Հռոմն է ad portas՝ դարպասներիդ մոտ, բարեփոխումները ներքին խնդիր չեն. այն պարտադրում էր իր հակառակորդներին
քաղաքակրթական մրցակցություն
Մեծ լեզվաբան Հրաչյա Աճառյանը գրում է. «Հռովմեական բանակի պատճառով էր, որ տեղի են տվել տեղական ազգային լեզուները Սպանիայում, Պորտուգալիայում, Ֆրանսիայում, Հելվեդիայում (Շվեյցարիայում), Բելգիայում, և մտել է ամբողջապես լատիներենը, որի ժառանգներն են այսօր սպաներենը, պորտուգեղերենը, ֆրանսերենը և այլն»։ Այսինքն, թվարկված ազգերի բուն լեզուները վերացել են, անհետացել՝ փոխարինվելով խոսակցական լատիներենով, որի հիմքի վրա առաջացել են այսօրվա իսպաներենը, պորտուգալերենը, ֆրանսերենը։ Լեգեոնների կառուցակարգը և հռոմեական իրավունքը հասել էին մի մակարդակի, որ ձուլում էին ենթակա ժողովուրդներին։
Արտաշես I Մեծը չստեղծեց նույնպիսի կատարյալ համակարգեր, բայց խաղաղության հայկական օազիսում իր քաղաքակրթական անկյունաքարերը հաստատեց՝ աշխարհի զարգացումն ու հայրենական ավանդույթը համադրելով։ Իշխանության այդ կանոնակարգումն էր, որը մեծացրեց հայկական պետականության դիմադրողականությունը հետագա դարերում և ազգային ինքնագիտակցություն ներմուծեց արժեքներ, որոնք արդիական են մինչև այսօր։
Պեղումներ
Հայոց ծանոթ և անծանոթ պատմությունից
Պեղումներ. «Մի վարդ քաղեց այտից». Արա Գեղեցիկ, Շամիրամ… Նինոս
Արդյո՞ք հայոց Արա արքային տիրանալ ցանկացող Ասորեստանի աշխարհակալ թագուհի Շամիրամն իսկապես վավաշոտ ու նենգ կին է, արդյո՞ք այս սիրավեպ ավանդազրույցն ունեցել է իրականության հետ կապ, համադրում ու մեկնաբանում է Վահրամ Մարտիրոսյանը։
Read moreՊեղումներ. Վառվռուն աչքերով և հպարտ բնավորությամբ Հայկը
Մեր անվանադիր Հայկը հրաշալի ժառանգություն է՝ իր «վառվռուն աչքերով», ազատասիրությամբ ու բարեհաճությամբ դեպի այլ ազգերը։ Ո՞րն էր Հայկի «հաջողության գաղտնիքը», ինչպե՞ս է դա արտահայտվում ու ինչպիսի՞ն պետք է լիներ ժամանակի հեռահար զենքը՝ նետուաղեղը, կատարյա՛լ նետուաղեղը։
Read moreՊեղումներ. Ու՞մ և ինչու՞ է Խորենացին իրականում կոչել Տիգրան Մեծ
Արքայազն Տիգրանը Քսենոփոնի վեպում զգացմունքային է, պերճախոս, անձնվեր։ Իսկ Խորենացին նրան համարում է թագավորներից ամենահզորը, ամենախոհեմն ու քաջը։ Ինչու՞ Պատմահայրը չի զսպում իր զգացմունքները՝ անդրադառնալով Տիգրանի ժամանակաշրջանին, մեկնաբանում է Վահրամ Մարտիրոսյանը։
Read moreՊեղումներ. «Ալքիմիկոսը»՝ Մկրտիչ Նաղաշ
XV դարում է ստեղծագործել պանդխտության առաջին հայ երգիչը, որի անունն է բոլորին հայտնի գրականության դասագրքերից, բայց՝ ոչ կյանքը։ Մկրտիչ Նաղաշը, նրա ժամանակաշրջանն ու իրադարձություններն են գրող, թարգմանիչ Վահրամ Մարտիրոսյանի «Պեղումներ. Հայոց ծանոթ և անծանոթ պատմությունից» շարքի առաջին անդրադարձի առանցքում։
Read moreՊեղումներ. Հակոբ Մեղապարտի հետ՝ դեպի Վենետիկ
Հայերեն գիրքը թե՛ ազգային ինքնությունը պահպանելու հզոր գործիք դարձավ, թե՛ հնարավորություն մուտք գործելու գիտության, տեխնիկայի և տեղեկատվության զարգացման դարաշրջան։ Հակոբ Մեղապարտը, նրա գործունեությունն ու կենսական անհրաժեշտություն գրքերի տպագրման ուղին է գրող, թարգմանիչ Վահրամ Մարտիրոսյանի «Պեղումներ. Հայոց ծանոթ և անծանոթ պատմությունից» շարքի երկրորդ անդրադարձի առանցքում։
Read moreՊեղումներ. Ողջույն, Ժան-Ժակ Ռուսսո
Ժամանակակից գերմանացի փիլիսոփա Յուրգեն Հաբերմասի կարծիքով, հանրային ոլորտը հենց սրճարանում է սկսել կայանալ։ Առաջին սրճարանները, դրանց դերն ու այդ գործում հայերի ունեցած ավանդն է գրող, թարգմանիչ Վահրամ Մարտիրոսյանի «Պեղումներ. Հայոց ծանոթ և անծանոթ պատմությունից» շարքի երրորդ անդրադարձի առանցքում։
Read moreՊեղումներ. Ջղային ջուղայեցիներ
Թե՛ Օսմանյան կայսրությունում, թե՛ Պարսկաստանում քրիստոնյա գյուղացիները, արհեստավորները մի կերպ գոյատևում էին, բայց կար մի խավ, որը կարող էր դուրս գալ տեղական սահմաններից՝ վաճառականները։ Այս գործընթացի առանցքում անսպասելիորեն հայտնվեցին հայերը։ Նրանց մեծ մասը սերում էր Արաքսի ափի մի կիրճում սեղմված Ջուղայից։
Read moreՊեղումներ. Երևանի 1724 թվականի ինքնապաշտպանությունը
1724 թվականին Երևանն օսմանյան բանակին մի քանի ամիս դիմադրեց՝ այդպիսով ամիսներ շարունակ քաղաքին գամելով թուրքական ուժերը, ինչը թույլ տվեց Արցախին ու Սյունիքին պարզած պահել ապստամբության դրոշը, որն ավարտվեց միայն 1730-ին։
Read moreՊեղումներ. Լորդ Բայրոնը լողում է Մխիթարյան միաբանություն, հայերենի դասի
Քիչ են մարդիկ, ում անունով դար է կոչվել։ Լեոյի նման անողոք պատմաբանը հայոց XVIII դարը կոչում է Մխիթարյան, իսկ թե ինչու և ինչպես էր հենց Մխիթար Սեբաստացին արժանացել այդ տիտղոսին, բացահայտում է Վահրամ Մարտիրոսյանի նոր պատումը։
Read moreՊեղումներ. Միայնակ Ազատարարը` Հովսեփ Էմին
Հովսեփ Էմինն իր գործերով, նաև անգլերեն մի գրքով պատմեց աշխարհին, որ իր ժողովուրդն ունի պատմություն, ձգտում է անկախության։ Կարելի է երկար թվարկել Էմինի առաքինությունները, բայց որպես ժառանգություն՝ նա հետագա սերունդներին թողեց ազատարար հերոսի իր աննկուն կերպարը, որն ազգային ինքնություն է կերտում և քաղաքակրթության լույսին ուղղում հայրենակիցների հայացքը։
Read more