
Քիչ են մարդիկ, ում անունով դար է կոչվել։ Լեոյի նման անողոք պատմաբանը հայոց XVIII դարը կոչում է Մխիթարյան, իսկ ինչու և ինչպես էր հենց Մխիթար Սեբաստացին արժանացել այդ տիտղոսին: Կարող եք լսել Վահրամ Մարտիրոսյանի ՁայնաՊատումը, որտեղ հեղինակն առավել մանրամասն է ներկայացնում իրավիճակն ու ավելի շատ փակագծեր բացում, քան հոդվածում։
Hominem unius libri timeo. «Վախեցիր միայն մե՛կ գրքի մարդուց»։
Թովմա Աքվինացի
Մարդը հրաժարվում է աշխարհիկ ուրախություններից՝ ընտրելով հոգևոր ծառայությունը։ Միջնադարում նա պետք է նաև սահմանափակեր իր կյանքը վանքի պատերով։ Եթե երկիրն այլահավատների տիրապետության տակ էր, ինչպես Հայաստանի դեպքում, երկար դարեր, պետք է պատրաստ լիներ թիրախավորվելու նրանց կողմից, ամեն պահի։
Այդ դարերում նաև ժառանգականությունն էր վճռորոշ գործոն՝ «պարոնորդին» («Ֆրիկ) տիրանում էր հոր կալվածքներին («հայրենիքին»՝ ասում էին այն ժամանակ) վաճառականի որդին վաճառական էր դառնում, քահանայինը՝ քահանա։

Սեբաստիայի Սուրբ Նշան եկեղեցին մինչև 1915-ին թուրքերի կողմից ավերվելը
Մխիթար Սեբաստացին (1676-1749)՝ ավազանի անունով՝ Մանուկ, ծնվել էր վաճառականի ընտանիքում։ Նա բնակակից երկու եղբոր առաջին արու զավակն էր, որը, բնականաբար, պետք է շարունակեր հոր՝ Պետրոսի գործը։ Հայրը հայտնի վաճառական չէր, բայց մանր առևտրական էլ չէր։ Կողմնակի տեղեկություններից, թե եղբայրները երկար ժամանակով բացակայել են Սեբաստիայից՝ «ի պատճառս տուրևառիկ վաճառաց», պարզ է դառնում, որ, հակառակ «տուրևառիկ» փաղաքշական բառին, Պետրոսը քարավանով կամ նույնիսկ ծովով է տեղափոխել բեռները։
Մխիթարի կենսագրության վաղ շրջանը հիշեցնում է առաջին քրիստոնյա նահատակների վարքաբանությունը՝ թե ինչպես է նա ձգտում դեպի կրթությունն ու հավատը, իսկ ծնողները ստիպում են հրաժարվել, թե ինչպես է ուրիշ դավանանք նախընտրում։
Սեբաստացու կենսագիր Ստեփանոս Գյուվեր Ագոնցը (1740-1824) իր գրաբար կենսագրական գրքում (1810) պատմում է, որ Մխիթարը հնգամյա տարիքում արդեն վարժ գրում-կարդում էր՝ բացառիկ բան համարյա զանգվածային անգրագիտության ժամանակներում։ Դա բնածին ընդունակություն էր, իսկ դեպի հավատն են նրան մղել դրկից Մարիամ ու Մանասե քույրերը, որոնք աշխարհաթող էին եղել՝ նախընտրելով կուսական կյանքը իրենց իսկ տանը, ինչպես նաև՝ «կամավոր աղքատներ» Հովհաննեսը և Ալեքսիանոսը, որոնք այցելել, խնամել են կույսերին, երբ նրանք անկողին են ընկել զանազան ինքնազրկանքների պատճառով։
Հավանաբար նրանց ազդեցությամբ Մխիթարը տասը տարեկանից պահքը սովորություն էր դարձրել՝ հրաժարվելով նույնիսկ մանուկներին սիրելի մրգերից, ջրից, 2-3 օրը մեկ սնվելով, շրջելով խարազնազգեստ, այսինքն՝ հագուստով, որի կտորն այնքան փշփշոտ էր, որ քերծում էր մարմինը… Բայց։ «Մնալով կայտառ»։ Նրա յուրօրինակությունը հայտնի դարձավ ամբողջ Սեբաստիային, երբ մի համախոհ մանչուկի հետ փախավ տնից քարանձավում ճգնելու։ Բարեբախտաբար, նրանց նույն երեկոյան գտան։

1810 թ. փայտի փորագրությունից. Մինաս Նուրիխանի The Life and Times of Abbot Mechitar գրքից (1915)
Մարիամ և Մանասե կույսերի վարքը ևս արտասովոր է եղել Սեբաստիայում՝ նրանց մասին ավանդություն է հյուսվել։ Մահվանից հետո քույրերը հայտնվում են մի հայհոյաբան մարդու երազին՝ որպես աղավնի։ Սա անտեսում է նախազգուշացումը, շարունակում է հիշոցներ արձակել, և, շատ չանցած, տունը փլվում է նրա ու երկու որդու գլխին, փրկվում է միայն թոնրի կողքին քնած կինը։ Անարդար է, իհարկե, որ հանցավորի որդիները նույնպես զոհաբերվում են երկնային զայրույթին, և հենց հայհոյաբանին են «վերացնում» այն դարում, երբ արյունը հոսում էր ջրի նման։
Բայց։ Աշխարհիկ մարդը չի կարող հավակնել ճշգրիտ ըմբռնելու հոգևորականների կամ խոր հավատացյալների գործողությունների… և ժամանակի տրամաբանությունը, թեև այսօրվա Հայաստանում էլ հանկարծ արդիական դարձավ հայհոյանքի սահմանափակումը… սոցցանցային տարածքում, հանրային տիրույթում։ Տարիներ անց Մխիթարի հոգեկից ընկերները նույնպես «վի՛շտ կրեին»՝ վշտանում էին, երբ օտար քաղաքում ականջներին էին հասնում պատառիկներ «յանմաքուր զրուցաց» (Ագոնց)։
Դեռահաս Մխիթարն ուսանում է Սեբաստիայի Սուրբ Նշան վանքում, գրում է երգեր, քարոզներ։ Ծնողները պայմանավորվել են, որ եթե մինչև տասնհինգ տարեկանը միտքը չփոխի, հոգևոր ծառայության կանցնի։ Նա ոչ միայն չի մտափոխվում, այլև աղաչում է մորը, որ համաձայնությունը տա մինչև հոր վերադարձը «տուրևառիկ վաճառաց» ճամփորդությունից։ Մայրը, ի վերջո, ընդառաջում է, և Մխիթարը սարկավագ է ձեռնադրվում։
Շուտով առիթ է լինում հանդիպելու Էջմիածնից ժամանած Միքայել արքեպիսկոպոսին։ Ուսման ծարավը դրդում է Մխիթարին խնդրելու, որ նա իրեն աշակերտելու թույլտվություն տա։ Արքեպիսկոպոսն արտոնում է։
Հետագա դեպքերը հիշեցնում են Թումանյանի «Գիքորը»։ Դեռ Էջմիածնի ճանապարհին արքեպիսկոպոսը, որ երկու նժույգով է՝ մեկին ինքն է հեծել, մյուսին՝ իրերն են, իր նոր սանին ստիպում է ոտքով գալ, որ… ձին չհոգնի։ Պատանին ի վերջո հետ է ընկնում քարավանից… Սա բազմաթիվ ուղևորություններից մեկն էր, որ կարող էր վերջինը դառնալ Մխիթարի համար։ Արքեպիսկոպոսը նույնիսկ չի անհանգստանում, թե նրան ինչ եղավ։ Արդեն մթնշաղ է, երբ Մխիթարին նկատում և, իր գրաստին նստեցնելով, քարավանին է հասցնում բոլորովին անծանոթ և այլադավան մի մարդ, հավանաբար՝ մուսուլման։ Այսուհանդերձ, Մխիթարը երջանիկ է, որ Մայր աթոռում է հայտնվել։ Բայց։ Շուտով պարզվում է, նրա առաջ փակ է Իմացության տաճարի դուռը. արքեպիսկոպոսը նույնիսկ գրքերն է կողպած պահում՝ նա միայն սաղմոս երգել կարող է սովորել։ Իսկ «կրթական ծրագիրը» հետևյալն է՝ տասներկու տարի արքեպիսկոպոսի ծառան է լինելու, հետո միայն նա «ավելի բարդ» գիտելիքներ կուսուցանի։ Ծառան պետք է կատարեր ամեն ինչ, ինչ որ՝ մյուսները վանքում, բացի այդ, պետք է զորուգիշեր ոտքի վրա սպասեր արքեպիսկոպոսի հրամաններին։ Տղան այնքան քիչ է քնում, որ աչքերից արյուն է գալիս։ Միքայել արքեպիսկոպոսը նաև գանահարում է նրան, ինչպես օրինակ այն առիթով, որ ծանոթացել-շփվել է Հիսուսյան, այսինքն՝ կաթոլիկ միաբանության քահանայի հետ։

Աստվածածնի որմնանկարը Սևանավանքում. Մինաս Նուրիխանի The Life and Times of Abbot Mechitar գրքից (1915)

Կոմիտաս Քյոմուրճյանի գլխատման տեսարանը
Մխիթարը փախչում է Սևանի մենաստան, որ «երեք օրվա ճանապարհ» էր Էջմիածնից… ոտքով։ Այստեղ էլ իր երազած ուսումը չի ստանում, բայց ունենում է տեսիլք, որ բախտորոշ կլինի նրա համար,- այդ մասին՝ մի փոքր ուշ։
Ի վերջո, վերադառնում է հայրենի եզերք, որտեղ շուտով իր քարոզներով, իր գրած սաղմոսով լայն ճանաչում է գտնում։ Բայց նրա ուսման ծարավը չի բավարարվում։ Ընկնելով Հալեպ, այստեղ նա ծանոթանում է կաթոլիկ հոգևորական հայր Անտոնի հետ և հասկանում, որ շատ տարբեր, բայց իրեն ավելի սրտամոտ է եկեղեցու կազմակերպումը, ծխականների հետ հարաբերությունը, կրթությունը կաթոլիկական եկեղեցում։
XVII-XVIII դարերի հատման շրջանն Օսմանյան կայսրության լուսավորչական և կաթոլիկ հայ համայնքների դաժան հակամարտության տարիներ էին։ Կաթոլիկություն ընդունած հայերն այնքան էին ատում լուսավորչականներին, որ թուրքերեն էին խոսում, իսկ լուսավորչականները, որոնց պատրիարքի նստավայրը Կոստանդնուպոլիսն էր, համոզում էին թուրքական իշխանություններին, որ կաթոլիկները լրտեսներ են և ապստամբներ։ Թուրքերը կաթոլիկներին հակակրում էին որպես եվրոպական «ազդեցության գործակալներ», բայց շատ խիստ գործողությունների չէին դիմում։ Ավելին՝ դժկամությամբ էին ընթացք տալիս ներդավանանքային վեճերին։ Բայց քանի որ պատրիարքը ոչ միայն մեղադրում էր կաթոլիկներին, այլև վկաներ բերում (սուտ վկաներ), դատարանը մի քանի անգամ մահվան դատավճիռ կայացրեց նրանց առաջնորդների նկատմամբ։ «Բռնության աճուրդում» (ֆրանսիացի պատմաբան Ալբերտ Վանդալի ձևակերպմամբ) գործի է դրվում նաև կաշառքը, որը Օսմանյան կայսրության գլխավոր արատներից մեկն է եղել մինչև իր կործանումը։ Դատապարտյալների միակ փրկությունը իսլամ ընդունելն էր, ինչը, ի վերջո, նրանք անում են։
Միայն Քյոմուրճյան Կոմիտաս հայ քահանան, որը քրիստոնեական սեր էր քարոզում երկու կրոնական համայնքի միջև, չուրացավ հավատը և գլխատվեց թուրք դահիճի ձեռքով 1707-ին։
Իհարկե, կաթոլիկներն էլ խաղաղության աղավնիներ չէին։ Պոլսում ֆրանսիական դեսպան Ֆերիոլը հասավ Ավետիք Եվդոկացի պատրիարքին աքսորի դատապարտելու որոշմանը։ Պատրիարքը, որ կաթոլիկների երդվյալ թշնամին էր, ճանապարհին դեսպանի կողմից հատուկ այդ նպատակով վարձված նավը նստեց և… առևանգվեց։ Նրան տարան Ֆրանսիա, բանտարկեցին Բաստիլում, որտեղից ազատ արձակվեց միայն կաթոլիկություն ընդունելուց հետո։ Ճիշտ է, դա չօգնեց, որ նա Օսմանյան կայսրություն վերադառնալու թույլտվություն ստանա, և այդպես էլ մահացավ Փարիզում, 1710-ին։
Մխիթարը երազում էր Հռոմ գնալ, բայց կարողացավ միայն Կիպրոս հասնել։ Այստեղ ծանր հիվանդացավ, բայց կղզու լուսավորչական քահանաները նրան միայն ծվարելու տեղ էին տալիս, դժկամությամբ, մերժում էին հացն ու ջուրը։ Հռոմ մեկնելու միջոցներ չունենալով՝ Մխիթարը մի կերպ վերադարձավ Սեբաստիա, որտեղ մայրն արդեն սև զգեստ էր կրում՝ մի անգամ առել էր որդու մահվան լուրը, երբ նա ծանր հիվանդ էր եղել։
Շուտով նա կազդուրվեց, գրկաբաց ընդունվեց հայրենի եկեղեցում։ Քսան տարեկանում Սուրբ Նշան վանքում Մխիթարին կուսակրոն քահանա օծեցին, մեծ շուքով։ Որպեսզի մնա՛ Սեբաստիայում։ Քսաներեքում նա վարդապետական գավազան ստացավ։ Մխիթարը շատ էր տարբերվում դասակիցներից իր վարքով։ Ընչաքաղց չէր՝ հրաժարվում էր թե՛ «գավազանապտղից», որն արտահայտվում էր գյուղացիների այգիների բարիքներից մասնահանումներով, թե՛ ուրիշ հարկերից ու տուրքերից, որ հավատացյալները հատկացնում էին հոգևորականներին։ Երբ ժանտախտ է տարածվում քաղաքում, և «այլ հիւանդութիւնք փոխադրական և մահաբերք» (Ագոնց. «փոխադրական», այսինքն՝ վարակիչ) խնամում է բոլորին՝ առանց իր մասին հոգալու։ Մինչև ինքը ևս հիվանդանում է, բարեբախտաբար՝ ապաքինվում։
Այսուհանդերձ, կաթոլիկությունը նրան ավելի սրտամոտ էր և նա համախոհներ էր փնտրում։ Մխիթարն ունի XV դարի հեղինակ Թովմա Կեմբացու «Նմանություն Հիսուս Քրիստոսի» գիրքը, որը երկու մասի է բաժանում, որպեսզի հասակակից Հովհաննես վարդապետն էլ զուգահեռաբար կարդա։ Վերջինիս մայրը հրապարակավ մեղադրում է Մխիթարին՝ որդուն «ֆռանկ արարելու», այսինքն՝ կաթոլիկ դարձնելու համար։
Մթնոլորտն այնքան է լարվում, որ Մխիթարը տեղափոխվում… փախչում է Կոստանդնուպոլիս, որտեղ 1701 թվականի սեպտեմբերի 8-ին հիմնում է իր եղբայրությունը, որի կնիքն ու նշանաբանն էր ՈԿՎԱ՝ «Որդեգիր Կուսին, Վարդապետ Ապաշխարության»։ Կույսը Աստվածամայրն էր, սեպտեմբերի 8-ը՝ նրա ծննդյան օրը։ Ըստ Սեբաստացու կենսագրի, նույն օրը, ինը տարի առաջ՝ 1692-ին Մխիթարը տեսիլք է ունեցել և ուխտել, որ կհիմնի Սուրբ Մարիամին ընծայված վանք։ Եղբայրության ստեղծումից հետո նա հիմնեց Սուրբ Մարիամին նվիրված ոչ թե մեկ, այլ երկու վանք։ Օտարության մեջ։ Մեկը եղավ Սեբաստացու կյանքի մեծագույն ողբերգությունը, մյուսը՝ մեծագույն երջանկությունը։
Պոլսում նա ՈԿՎԱ եղբայրությունը ծպտել էր որպես կազմատուն։ Աղոթում էին, կրոնական գիտելիքներ ուսանում, հենց այցելու էր գալիս, գրքեր էին կազմում։ Բայց գաղտնիքը բացվեց, և լուսավորչականների դրդմամբ օսմանյան իշխանությունը սկսեցին հետապնդել Մխիթարին և նորընծա միաբան-եղբայրներին։ Նրանց սպառնում էր ծեծ, բանտ, թիապարտություն, ունեցվածքի բռնագրավում։ Մխիթարը թաքնվում է ֆրանսիական դեսպանի կեցավայրում, հետո՝ Կապուչինյան միաբանության վանքում… մի ֆրանսիացի գինեվաճառի տանը, ապա հայ բարեկամի տանիքում։ Այս հալածական վիճակում բացահայտվում է հրատարակչի նրա տաղանդը՝ կարողանում է… հոգևոր բովանդակությամբ չորս գիրք տպագրել։
Ծպտյալ վիճակը չէր կարող անվերջ շարունակվել։ Հեշտ չէր, բայց պետք էր լքել Օսմանյան կայսրությունը։ Մխիթարի տասներկու միաբանները մեկ-մեկ, երկու-երկու հեռանում են Պոլսից, նա ինքը՝ վաճառականի տարազով։ Բայց ո՞ւր գնալ։ Լիբանանյան լեռներում մարոնիտներն ունեին կաթոլիկական պատրիարքություն, բայց այնտեղ էլ էր վիճակն անկայուն՝ սա էլ էր Օսմանյան կայսրության տարածքը։ Մխիթարյանները հաստատվեցին Մեթոն բերդաքաղաքում, Պելեպոնեսյան թերակղզում, որը Վենետիկի Հանրապետությունը նորերս էր գրավել թուրքերից։ Այն դեռ չէր ազատվել Օսմանյան կայսրության գաղութներին բնորոշ թշվառությունից, բայց գոնե հալածանքներ չէին լինի՝ Վենետիկը կաթոլիկ պետություն էր։
1708 թվականի սեպտեմբերի 8-ին, Մխիթարի առաջին վանքի հիմնարկեքը եղավ։ Քաղաքն այն տոնեց հրազենային համազարկով։ Մխիթարը դիմեց Հռոմ, որ նոր վանքը Բենեդիկտյան միաբանության մաս կազմի, որը հնագույնն էր կաթոլիկական եկեղեցում։

Սուրբ Ղազար կղզին Մխիթարի օրոք
Պապական կոնդակը երկար տարիների սպասումից հետո է գալիս՝ չարակամները այստեղ էլ են խարդավանքներ հյուսում, զրպարտում են նրան, բայց պարտքերի, մուրհակների գնով, Մեթոնում կառուցվում է վանքը, որի նմանը գավառում չկար։ Մաքուր, բայց, «բազմակարկատ» (Ագոնց) հագուստներով վանականներն աշխատում են օրնիբուն, նորատունկ 2000 ձիթենիներն առաջին անգամ պտուղ են տալիս, ընթացքի մեջ են տպարանի հիմնադրման աշխատանքները… բայց սկսվում է Վենետա-օսմանյան VI պատերազմը (1714-1718՝ այո, եղել են այդպիսի պատերազմներ՝ թվով յոթը), և քրիստոնյա բնակչությունը ստիպված է փախչել թերակղզուց։ Չորս քահանա է մնում Մեթոնում, որոնք չեն սպանվում, բայց գերվում են։ Հետագայում մեծ ջանքերի… ու ծախսերի գնով հաջողվում է նրանց փրկագնել։ Վանքն ավերվում է։
Մխիթարյանները 1715-ին նավով, առանց փորձությունների հասնում են Վենետիկ համընթաց քամու շնորհիվ։ Բայց նրանք 40 օր պետք է անցկացնեն մեկուսացած, կարանտինում՝ քաղաքի կարգն է այդպես։ Ապա տուն են վարձում և յուրաքանչյուրը մի եկեղեցու մեջ պատարագում, որպեսզի խաչհամբույրի դրամներով գլուխները պահեն։
Վենետիկի Սենատը ոչ վաղուց վճիռ է կայացրել, որ քաղաքում այլևս որևէ միաբանության տեղ չի հատկացնի։ Բայց Մեթոնի կորուսյալ վանքը, ավելի ճիշտ նրա բարի համբավը հիմք կդառնա, որ նոր օրենքից բացառություն անեն, և 1717-ի սեպտեմբերի 8-ին, կրկին՝ Սուրբ Մարիամի ծննդյան օրը, վանականները ոտք կդնեն Սուրբ Ղազար լքված կղզին։ Այստեղ ավետարանական հարություն կառնի Մխիթարի միաբանությունը Ղազարոսի նման՝ նրան կենդանացրել էր Հիսուսը մահվանից երեք օր անց, ըստ «Նոր կտակարանի»։ Աբբահայրը փոքրիկ օազիս կսարքի կղզին, վանական համալիր կգոյացնի, և ձեռնամուխ կլինի այն առաքելությանը, որի համար երախտաշատ մատենագետ Ռաֆայել Իշխանյանը կոչում է նրան
նոր Մաշտոց
Այդ առաքելությունը գրատպությունն էր։ Թեև Սեբաստացին կարող էր բավականանալ Ոսկան Երևանցու մեծադիր «Աստվածաշնչի» (1664–1666 թթ.) պարզ վերահրատարակությամբ, բայց տպագրեց ավելի շքեղ գիրքը՝ ոչ թե պատրաստի գնված փորագրանկարներով, այլ հատուկ պատվիրված՝ հայերեն մակագրություններով։ Սա էլ բնական նախաձեռնություն էր հոգևորականի համար, բայց նա քաջ տեղյակ էր Թովմա Աքվինացու (1225–1274) իմաստությանը. hominem unius libri timeo՝ «վախեցիր միայն մե՛կ գրքի մարդուց»։ Պետք էր շատ և տարբեր գրքեր տպագրել։
«Գիրք կոչեցյալ հոգևորական պատերազմ», «Պատմագիրք հոգվոց հավատացյալ ննջեցելոց և հրաշալյացն սրբազնության», «Գիրք մոլությանց», «Գիրք առաքելությանց», «Կրթություն աղոթից», «Դրախտ հոգվոյ», «Գիրք, որ կոչի աղբյուր բարի»՝ կաթոլիկ հեղինակների այս բազմաթիվ գրքերից բացի, Մխիթարը տարիների տքնանքով ստեղծում է… «Հայկազյան բառարանը»։

«Մխիթարյան հայրերը Սուրբ Ղազար կղզում», Հովհաննես Այվազովսկի, 1849
Հայոց լեզվի այս գանձարանը վեցերորդն էր աշխարհում իր տեսակով՝ նույնիսկ անգլերենն ու գերմաներենը դեռ «թեզաուրուսներ» չունեն։ «Դուռն քերականության աշխարհաբար լեզուի՛ն հայոց» (1727 թ.)՝ արևմտահայերենի առաջին ձեռնարկը, երբ այն նույնիսկ չէր ձևավորվել որպես գրական լեզու, այլ միայն խոսակցական էր։ Գիրքը լույս տեսավ հայերեն և հայատառ թուրքերեն՝ դաժան իրականության պարտադրանքը. ավաղ, շատ հայեր Օսմանյան կայսրությունում կորցրել էին մայրենի լեզուն։ Այբբենարաննե՛ր, «Քերականությո՛ւն գրաբար լեզուի հայկազյան սեռի» (1730 թ.)։ Այս գրքերը Հայոց կարելիական, վիրտուալ պետության հիմնաքարերից մեկի՝ լեզվի վերակայացման հիմքը դրեցին։ Հայր Միքայել Չամչյանի «Պատմութիւն Հայոց ի սկզբանէ աշխարհի մինչեւ ցամ Տեառն 1784» եռահատոր գրաբար աշխատությունը (1784-1786 թթ.) հայ պատմագիտության հիմքը դրեց: Հետագայում Մխիթարյան միաբանները հազարավոր ուրիշ հետազոտություններ հրապարակեցին, որոնց մեծ մասը… իրենց իսկ հրատարակած հանդեսներում։
Սեբաստացին նաև կարողանում էր հաջողությամբ տարածել/վաճառել իր հրատարակությունները Եվրոպայում՝ հաշվելով ամեն դուկատը… քանի որ դրա շնորհիվ պետք է տպվեին հաջորդ գրքերը։ Բայց նրա գլխավորը հոգսը մնում էր հայրենիքը, ուր գրքերը հասցնում էին թուրքական նավահանգիստների դարպասով։ Մխիթարը գործընկեր գտավ Պոլսում։ Պարոն Սարգիսը՝ Տիրացու Գևորգ Կոստանդնուպոլսեցու որդին, հոգաց սուրբ Ալբերտ Մեծի «Համառոտ աստվածաբանություն» դասագրքի ծախսի մեծ մասը, ինչպես նշված է գրքի անվանաթերթին, նաև 2.500 դուկատ պարտք տվեց վենետիկցի տպարանատեր Անտոնիո Բորթոլիին, որը նոր տպարան էր հիմնել. պայմանն այն է, որ պարտքը փոխհատուցի հայերեն գրքեր տպելով։ Ինքը՝ Սարգիսը, աներևակայելի ձեռնտու պայմաններով, հանձն առավ Սեբաստացու գրավաճառը դառնալ. ըստ պայմանագրի՝ նա գրքերի ինքնարժեքը, ծախսը վճարում էր միանգամից, շահույթի երեք քառորդը՝ հատկացնում վանքին։
Միգուցե ժամանակի հեռվից թվա, թե հայ վաճառականի անշահախնդրությունը բնական էր՝ ի վերջո, բազմաթիվ են հովանավորության դեպքերը նրանց կողմից, բայց նախ… առևտուրը «շահ հետապնդող» ոլորտ է, ապա «խոջաների» միջավայրում կրթության, լուսավորության հանդեպ մղումը մեծ չէր, իսկ ամենահարուստները հաճախ կծծի էին։ Խոսուն է «Կրթություն աղոթից» գրքի մեկենաս Պարոն Մելիքի օրինակը։ Նա պաշտում էր Մխիթար աբբահորը, աղոթում Աստծուն, որ եթե իրեն քառասուն տարի է մնացել ապրելու, տասը կտրի-ավելացնի նրա կյանքին, բայց… դեմ եղավ, որ իր անունը նշվի գրքի հիշատակարանում։ Ինչո՞ւ։ Որպեսզի… ազգականները իրեն չհամարեն փողը քամուն տվող։
1725-ին Սարգիսը սնանկանում է՝ նրա և Սեբաստացու յոթնամյա պայմանագրի հինգերորդ տարում։ Դա կարող էր տապալել գրքերի վաճառքը Պոլսում։ Այստեղ ևս տարեկան 4-5 գիրք էր տպվում՝ վենետիկյան որակին զիջող, բայց ավելի էժան։ Նաև՝ բողոքներ կային կաթոլիկական գրքերի դեմ, լուսավորչականները երբեմն հասնում էին նույնիսկ դրանց ներմուծման արգելմանը։
Բայց։ 1715-ին Պոլսո պատրիարք էր ընտրվել Հովհաննես Կոլոտը (1678-1741)։ Նա… գրապաշտ էր և, ինչպես ժամանակակիցն է նշում, նոր գրքերի թարգմանության ու տպագրության համա՛ր «վատնե հոլով դրամս», այսինքն՝ եղած-չեղած փողը։ 1701-1749 թթ. Պոլսում տպվել է 164 գիրք, որ բացառիկ ցուցանիշ էր Արևելքի ժողովուրդների շրջանում։ Ինքը՝ Հովհաննես պատրիարքը, քարոզների ընթացքում Սեբաստացուն կոչում էր «փոքր Լուսավորիչ», «կրկին Լուսավորիչ»։ Թեև Գրիգոր Լուսավորչի հիմնած Հայ առաքելական եկեղեցին իր պատմության որոշակի փուլերում բավական պահպանողական է եղել, նրա ռահվիրաներից մեկը՝ Հովհաննես պատրիարքը, այնքան լայնախոհ էր, որ ուրիշ՝ կաթոլիկական դավանանքի, հետևորդին կոչեց՝ Լուսավորիչ։ Պատրիարքը հայերեն գրքերի մաքսային վերահսկողությունը վստահեց իր մտերիմներից մեկին, որը դյուրացրեց դրանց ներմուծումը։ Ըստ Սուրբ Ղազարի վանքում պահպանված հաշվետետրերի՝ ութ տարում վեց հազար կտոր գիրք է Վենետիկից հասել Օսմանյան կայսրություն։

Մխիթարյան միաբան, մարդ-հանրագիտարան, մարդ-հետազոտական հաստատություն Ղևոնդ Ալիշանը (1820-1901)
Բայց։ Իտալացի տպարանատեր Բորթոլին մենաշնորհյալ էր… և չարաշահում էր իր դիրքը։ Աբբահայրը Ամստերդամում գտավ Ոսկան Երևանցու պղնձե մայրատառերը, որոնք գնեց հայկական համաշխարհային ցանցի՝ վաճառականների օգնությամբ, ապա դիմեց Վենետիկի պատկան մարմիններին, թե իր ուխտն ունի «հեռավոր երկիրներե բերել տված 1.000 դուկատե ավելիի գիրերու կատարյալ տեսակներ» Բորթոլիի «միայն երկու տեսակի… 300 դուկատ արժեցող տառերի» դիմաց, որոնց կեսը… մաշվել է։ Բորթոլիին կարող էին նույնիսկ զրկել հայերեն գրքեր տպելու արտոնությունից՝ նա ստիպված համաձայնեց «Ս. Ղազարի մեծարգո հայ վարդապետների» պայմաններին։ Կնքվեց պայմանագիր, ըստ որի իտալացին պետք է խնամքո՛վ գործածեր «մեծարգո Հայրերի» տառերը, տպեր գրքերը նրա´նց թղթով և վաճառեր իր խանութում նրա´նց սահմանած գնից ոչ բարձր, միայն 10 տոկոսի շահով… իսկ եթե «վերոհիշյալ Հայրերը» ցանկանային ուրիշ տպարանի դիմել, նա խոստանում էր վերադարձնել տառերը՝ իրենց սնդուկներով հանդերձ։
Աբբահոր ծրագիրն էր 5000 դուկատի հասցնել գրքերի եկամուտը, դրամագլուխը պահ տալ բանկին և տարեկան միայն 200 դուկատ՝ տոկոսները, ծախսել տպագրության համար։ Դա հաջողվում է անել։ Բայց։ Սեբաստացի-գիտնականը, հայրենասերը նրա մեջ հաղթում է Սեբաստացի-«ձեռներեցին»։ Միայն «Նոր բառգիրք Հայկազյան լեզվի» բառարանը կլանում է ոչ թե 200 դուկատ, այլ այնքան, որ հավասար էր Միաբանության կես տարվա ծախքին… Անտիպ են մնում Թովմա Աքվինացու «Բովանդակություն աստվածաբանությանը» Աբբահոր թարգմանության 11 հատորը։

Աստծո ծառա աբբահայր Մխիթար։ Աբբահայր Ստեփան Մելքոնիան, Արքեպիսկոպոս աբբահայր Ստեփանոս Ագոնց, Արքեպիսկոպոս աբբահայր Սուքիաս Սոմալիան, Արքեպիսկոպոս աբբահայր Ջորջ Հուրմուզ, Արքեպիսկոպոս աբբահայր Իգնատիոս Չորեքիան. Մինաս Նուրիխանի The Life and Times of Abbot Mechitar գրքից (1915)
Մխիթարը մի քանի անգամ ապաքինվել էր անհուսալի թվացող վիճակում և շարունակել տքնել գիշերուզօր։ 1749-ին նա չկարողացավ հետաձգում կորզել մահից։ Բայց նույնիսկ վերջին հրաժեշտը տալիս հավատարիմ մնաց բենեդիկտյանների եվրոպական կազմակերպվածությանը, նրանց «աղոթք և աշխատանք» կարգախոսին։ Սեբաստացին մեկ առ մեկ, երես-երեսի հանդիպեց իր բոլոր վարդապետներին և նախօրոք պատրաստած գրություններ տվեց նրանց՝ անհատական հանձնարարականներով։
Ի դեպ, հրաշալի կառավարիչ էր նաև Սեբաստացու կենսագիր Ստեփանոս Ագոնցը, որը նույնպես գլխավորել է Մխիթարյան միաբանությունը՝ շուրջ քսանհինգ տարի։ Հենց նրան է հաջողվել 1810-ին, երբ Նապոլեոն Բոնապարտը փակում էր Իտալիայում բազմաթիվ վանքեր, հաստատում ստանալ կայսրից, որ Սուրբ Ղազար կղզին հայկական ակադեմիա է և շարունակելու է գործել… Ի դեպ, մի փոքր դեր էր ունեցել նաև այն, որ Իտալիայի փոխարքայի սենեկապետը, որի վերահսկողության ներքո էր Սուրբ Ղազար կղզին, ղարաբաղցի էր։
Քիչ են մարդիկ, ում անունով դար է կոչվել։ Հայտնի է, դիցուք, «Վիկտորիա թագուհու դարաշրջանը»՝ իր յուրահատկություններով։ Լեոյի նման անողոք պատմաբանը հայոց XVIII դարը կոչում է Մխիթարյան։
Սուրբ Ղազար կղզում հազարավոր ձեռագրեր հավաքվեցին, երբ դեռ Հայաստանում չկար Մատենադարան։ Ընդ որում, ձեռագրեր կան, որ մեն-միակ օրինակով են։ Դիցուք, Աբրահամ Երևանցու «Պատմությունը», որը Երևանի 1724-ի ամիսներ տևած ինքնապաշտպանության եզակի աղբյուր է։ Իսկ վանքի գրադարանի արժեքավոր գրքերի քանակը հազարներով է հաշվվում։
Մխիթարյան միաբանությունը նաև վարժարաններ բացեց Անկյուրիայում, Մերտինում, Եվդոկիայում՝ անուններ, որ ոչինչ չեն ասի այսօրվա ընթերցողին, բայց հայության կարևոր կենտրոններից էին երեք դար առաջ։ Իսկ ընդհանուր առմամբ Մխիթարյան միաբանությունը մի պետության չափ՝ շուրջ հարյուր վարժարան է բացել իր գոյության ընթացքում… որոնցից տասը դադարեցին գործել 1915-ին։ Միայն Տրանսիլվանիայի Եղիսաբեթուպոլիս քաղաքի հայկական դպրոցը 100 տղա, 80 աղջիկ աշակերտ ուներ Սեբաստացու կենդանության օրոք, ուսուցիչների թվում էլ կար 4 կին։
Մխիթարյան վարժարանների սաները կամ դասախոսներն են եղել Դանիել Վարուժանը, Վահրամ Փափազյանը, օտարներից՝ Վալտեր Սկոտը, Ալֆրեդ դը Մյուսեն, Ստենդալը…

«Բայրոնը Սուրբ Ղազար կղզում», Հովհաննես Այվազովսկի, 1899
Եվ իհարկե՝ Ջորջ Բայրոնը, որ ամեն օր Վենետիկից… լողալով էր գնում հայերենի դասերին. նրան թույլատրված չէր վանքում գիշերել դեռ Անգլիայում սկսված անձնական կյանքի սկանդալների պատճառով։ Բայրոնը համահեղինակն էր անգլերեն-հայերեն, հայերեն-անգլերեն առաջին բառարանների, նաև առաջաբան գրեց դրանց համար, որտեղ կար հայերի մասին երբևէ արտահայտված ամենամեծ գովեստներից մեկը՝ «նրանց բոլոր առաքինություններն իրենցից են, իսկ թերությունները՝ օտար տիրապետողներից»։ Մխիթարյանները, օտար տիրապետողներից զգուշանալով, առաջաբանը գրքում չտպեցին՝ այն կես դար անց բանաստեղծի կենսագիրներից մեկը հայտնաբերեց նրա թղթերի մեջ։
Դավանանքի հարցում Աբբահոր հայրենասիրությունը հաղթում էր ընդունված խստություններին՝ նա թույլ էր տալիս, որ լուսավորչականները հաճախեին միաբանության կաթոլիկական եկեղեցիներ։ Նրան ամբաստանում էին՝ հասնելով մինչև Հռոմի պապ, բայց նա չէր ընկրկում, որպեսզի տաճարները շարունակեին բոլոր հայրենակիցներին ծառայել։ Հայ ազգին նրա դիմումն այս էր. «Ինչ-որ իմն է, քոնն է, ինչ որ քոնն է, իմն է… և իմ ծառայությունը քեզ պարծանք է ինձ համար»։
Պեղումներ
ՁայնաՊատում
Պեղումներ. «Ալքիմիկոսը»՝ Մկրտիչ Նաղաշ
XV դարում է ստեղծագործել պանդխտության առաջին հայ երգիչը, որի անունն է բոլորին հայտնի գրականության դասագրքերից, բայց՝ ոչ կյանքը։ Մկրտիչ Նաղաշը, նրա ժամանակաշրջանն ու իրադարձություններն են գրող, թարգմանիչ Վահրամ Մարտիրոսյանի «Պեղումներ. Հայոց ծանոթ և անծանոթ պատմությունից» շարքի առաջին անդրադարձի առանցքում։
Read moreՊեղումներ. Հակոբ Մեղապարտի հետ՝ դեպի Վենետիկ
Հայերեն գիրքը թե՛ ազգային ինքնությունը պահպանելու հզոր գործիք դարձավ, թե՛ հնարավորություն մուտք գործելու գիտության, տեխնիկայի և տեղեկատվության զարգացման դարաշրջան։ Հակոբ Մեղապարտը, նրա գործունեությունն ու կենսական անհրաժեշտություն գրքերի տպագրման ուղին է գրող, թարգմանիչ Վահրամ Մարտիրոսյանի «Պեղումներ. Հայոց ծանոթ և անծանոթ պատմությունից» շարքի երկրորդ անդրադարձի առանցքում։
Read moreՊեղումներ. Ողջույն, Ժան-Ժակ Ռուսսո
Ժամանակակից գերմանացի փիլիսոփա Յուրգեն Հաբերմասի կարծիքով, հանրային ոլորտը հենց սրճարանում է սկսել կայանալ։ Առաջին սրճարանները, դրանց դերն ու այդ գործում հայերի ունեցած ավանդն է գրող, թարգմանիչ Վահրամ Մարտիրոսյանի «Պեղումներ. Հայոց ծանոթ և անծանոթ պատմությունից» շարքի երրորդ անդրադարձի առանցքում։
Read moreՊեղումներ. Ջղային ջուղայեցիներ
Թե՛ Օսմանյան կայսրությունում, թե՛ Պարսկաստանում քրիստոնյա գյուղացիները, արհեստավորները մի կերպ գոյատևում էին, բայց կար մի խավ, որը կարող էր դուրս գալ տեղական սահմաններից՝ վաճառականները։ Այս գործընթացի առանցքում անսպասելիորեն հայտնվեցին հայերը։ Նրանց մեծ մասը սերում էր Արաքսի ափի մի կիրճում սեղմված Ջուղայից։
Read moreՊեղումներ. Երևանի 1724 թվականի ինքնապաշտպանությունը
1724 թվականին Երևանն օսմանյան բանակին մի քանի ամիս դիմադրեց՝ այդպիսով ամիսներ շարունակ քաղաքին գամելով թուրքական ուժերը, ինչը թույլ տվեց Արցախին ու Սյունիքին պարզած պահել ապստամբության դրոշը, որն ավարտվեց միայն 1730-ին։
Read more