Արա Գեղեցիկի և Շամիրամի մասին ավանդազրույցների ու իրականության համադրումն է Վահրամ Մարտիրոսյանի նոր ՁայնաՊատումի առանցքում, որտեղ հեղինակն առավել մանրամասն է ներկայացնում իրավիճակն ու ավելի շատ փակագծեր բացում, քան հոդվածում։
Հայոց Արա արքան այնքան գրավիչ արտաքին է ունեցել, որ Ասորեստանի աշխարհակալ թագուհի Շամիրամը ցանկացել է տիրանալ նրան, բայց մերժվել է։ Շամիրամը զորք է ուղարկել, որ Արային բռնությամբ բերեն, բայց նա սպանվել է կռվում։ Շամիրամի աստվածները լիզել են նրան, որ հարություն տան, բայց՝ իզուր։ Այդ ժամանակ Շամիրամը հագցրել է Հայոց թագավորի հանդերձներն իր սիրեկաններից մեկին, իբր Արան ողջ է, իսկ աստվածներին արձաններ կանգնեցրել՝ իբր թե որպես երախտագիտության նշան։
Այս պատմությունը, Խորենացու շարադրանքով, դառնահամ է թողնում կարդալուց հետո. մեր հերո՛սը՝ Արան սպանվում է, իսկ Շամիրամը վավաշոտ ու նենգ կին է, որը… նույնպես ոչ մի արդյունքի չի հասնում։ Բայց։ Դեպքերի հետագա ընթացքը կարծես խախտում է «շամբշոտաշուրթ»՝ ցանկասեր շուրթերով Շամիրամի մասին պատկերացումը։
Պատերազմում հաղթելուց հետո Շամիրամը գալիս է Հայաստան, սքանչանում Վանա լճի շրջակայքի բնությամբ, «կարկաչահոս ու բարեգնաց գետերով», օդի մաքրությամբ, ապա… կառուցում է բերդեր, քաղաք՝ բազմաթիվ զարմանահրաշ շենքերով, որոնց մի մասի ներքին հարդարանքը Խորենացին չի հաջողում նկարագրել, որովհետև… ելումուտը եղել է հույժ գաղտնի, սակավաթիվ ընտրյալներն էլ իրենց տեսածն ուրիշներին չեն փոխանցել։ Շամիրամը որոշում է տարվա մի ամբողջ եղանակ՝ ամառը, այստեղ անցկացնել, քանի որ, ըստ Խորենացու, Հայքում ավելի զով է, քան Ասորեստանում։
Հատո՞ւկ է արդյոք այս պահվածքը վավաշոտ էգին, ինչպիսին Շամիրամին ներկայացնում է Պատմահայրը՝ չհաշված «ամառանոցի» ընտրության գործնական պահվածքը։ Հազիվ թե։ Սա ավելի շուտ վշտահար կին է, որը զրկվել է սիրեցյալից և որպես մխիթարություն շենացնում է նրա երկիրը, փոխհատուցում նրա հպատակների կորուստը։
Խորենացին այս շրջանի գահակալական տախտակ է կազմել, որտեղ Արան և Շամիրամը ժամանակակիցներ են։ Այն հիմնվում է II դարի հույն պատմագիր Աբեյդենոսի «Ասորեստանի և Քաղդեայի պատմությունը» երկի տվյալներին։ Այն մեզ չի հասել, բայց Աբեյդենոսին հիշատակել ու մեջբերել են ուրիշ անտիկ հեղինակներ՝ հեռացնելով կասկածը, թե Պատմահայրն իրական աղբյուր չի հղում, այլ հնարովի։ Ինչպես նա երկար մեղադրվել է Մար Աբաս Կատինայի դեպքում, որը «Հայոց պատմության» հիմնական աղբյուրն է։
Շամիրամը հռչակավոր թագուհի էր, որի անվան հետ է կապվում Աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը՝ Բաբելոնի կախովի այգիները։ Սանդղավանդից սանդղավանդ իջնող այս այգիներում ծաղկում էին աշխարհի ամենազարմանահրաշ ծառերը։ Շամիրամին բազմաթիվ պատմական ու բանասիրական հետազոտություններ են նվիրվել, բնականաբար, իսկ Արայի պատմական հավաստիությունը հայ գիտնականներն են ուսումնասիրել։ Վերջիններս ժամանակով մերթ մոտեցրել, մերթ հեռացրել են Արային ու Շամիրամին։
Շամիրամին ընդունված է նույնացնել պատմական Շամմուրամատի՝ աքքադյան Սամշի-Ադադ V-ի (իշխել է՝ մ.թ.ա. 824-811 թվականներին) ասորուհի կնոջ հետ։ Կա մեկ ուրիշ վարկած, ըստ որի, Կախովի այգիները ստեղծել է Ասորեստանի արքա Նաբուգոդոնոսորի կին Ամիտիսը, որը մարերի արքա Աստիագեսի քույրն էր։ Աստիագեսն իշխել է մ․թ․ա․ 585-550 թթ.-երին… Սա նույն Աժդահակն է, որին հաղթում է մեր Տիգրան Երվանդյանը՝ հենց նրան է Պատմահայրը կոչում Տիգրան Մեծ։ Այս տեղեկությունը միջնորդավորված կապ է ստեղծում Կախովի այգիների և Հայքի միջև, բայց չի ներառում Արային ու Շամիրամին, որ ավելի վաղ ժամանակների հետ են ասոցացվում։
XVIII դարի եվրոպական գոբելենը պատկերում է մարերի արքա Աստիագես-Աժդահակին շղթայված։ Մարերի հսկայական կայսրությունը կործանեց Կյուրոս Մեծը (իշխել է՝ մ.թ.ա. 559 — 530 թթ.)։
Բայց։ XIX դարում հայտնաբերվեց հին հունական վեպի երկու պատառիկ (պահվում են Բեռլինի պետական թանգարանում, Abteliung P. 6926), որոնք Արային ու Շամիրամին շատ ուղղակիորեն կապում են իրար։
Վեպը, որ գրառված է պապիրուսի վրա, պատմում է ոմն Դարկիայի դստեր մասին, որը չի ուզում ամուսնանալ արքայազն Նինոսի հետ։ Ձեռագիրը նկարագրում է Աղջնակի և Նինոսի մայրերի զրույցը, որը պարունակում է ակնարկ, թե նրա սիրտը ուրիշ մեկն է նվաճել։ Նինոսը, որը հետագայում դառնալու էր Ասորեստանի ամենահայտնի արքաներից մեկը, ռազմարշավ է ձեռնարկում, որին մասնակցում է 70.000 հետևակ զինվոր, 30.000 հեծյալ, 150 փիղ։ Նպատակը հայերին հանդարտացնելն էր, ըստ բնագրի՝ «կատաղա՛ծ հայերին»։ Պապիրուսի վնասված թերթը մի քանի տողի տարբերությամբ պահպանել է Արմենի և Էրոս բառերը։ Առաջինը Հայաստան է նշանակում, իսկ երկրորդը… հունական աղբյուրներում նույնացվում է Արայի հետ։ Այս աղբյուրին հանգամանորեն անդրադարձել է ականավոր պատմաբան Նիկողայոս Ադոնցը. «Արշավանքի ուղղությունը ապացույց է, որ աղջկա սերը ուրիշ տեղ էր, Հայաստանում»։
Սիրավեպի իրական հիմքերի վկայություն է նաև հույն պատմիչ Դիոդորոս Սիկիլիացու (մ.թ.ա. 90-մ.թ. 30 թվականներ) հիշատակությունը նույն ռազմարշավի մասին։ «Պատմական գրադարան» երկում, որը 40 գրքից էր բաղկացած, բայց փոքր մասն է պահպանվել, Սիկիլիացին Նինոսին ներկայացնում է… որպես Շամիրամի ամուսին։
Ինչպես ասում էին առաջներում՝ պարը բոլորեց։ Այսինքն, ոչ թե Շամիրամն է արշավել Հայաստան, այլ նրա ամուսինը, որի մահից հետո այրի Շամիրամը ջրանցքներով, նոր բերդերով ու քաղաքներով է ճոխացրել իր սիրեցյալի երկիրը։ Իհարկե, հարց է ծագում, թե ինչպես է առաջացել նրա սերն Արայի հանդեպ։ Արդյո՞ք երբևէ հանդիպել են, թե՞ Շամիրամը «ի բազմաց լուեալ զգեղեցկութենէ նորա, առաքէ հրեշտակս առ Արայն Գեղեցիկ». բազմիցս լսելով Արայի գեղեցկության մասին՝ պատվիրակներ էր ուղարկել, որպեսզի նա գա իր մոտ, Բաբելոն։ Արան չի եկել, ուրեմն, Շամիրամը նրան չէր կարող տեսած լինել։
Բայց։ Շամիրամին (Շամուրամմատ) սեպագիր արձանագրություններից մեկը ներկայացնում է որպես գերված արքայադուստր։ Արան նույնպես կարող էր գերի ընկած լինել նույն տարիներին… կամ պատանդ. հնագույն ժամանակներից ընդունված էր պատանդներ վերցնել արքայական ընտանիքներից, որոնք երաշխիք էին, որ պարտված կողմը չի վիճարկի պատերազմի արդյունքները, քանի որ նրանք կզոհվեին։ Եվ, վերջապես, հարևան երկրների թագավորները երբեմն համատեղ որս էին անում՝ Կյուրոս Մեծին ու Տիգրան Երվանդյանին իր «Կյուրոպեդիա» վեպում Քսենոփոնը որպես որսընկեր է ներկայացնում։
Երվանդ Լալայանի ավանդավեպի առաջին էջը
Հայ պատմաբաններն ու բանասերները գտել և շատ են մեկնաբանել Արայի ու Շամիրամի առասպելի զուգահեռներն ուրիշ հին ժողովուրդների դիցաբանության մեջ, բայց նրանց հարաբերությունների բնույթը հազվադեպ են դարձրել մեկնակետ։ Մինչդեռ կա հայկական ժողովրդական ավանդություն, որտեղ նրանցից առնվազն մեկը տեսնում է մյուսին, և դա կապում է նրանց ճակատագրերը։
Արան դեռ արքայազն է, նրա հայրը՝ Արամ թագավորը, կուրանում է։ Միակ փրկությունը՝ կախարդական դեղը Շամիրամն ունի։ Արան ծպտված հասնում է Ասորեստան, գիշերով ներթափանցում նրա պալատ, որպեսզի հայթայթի դեղը, որի սրվակը նրա ննջարանում է։ Ճանապարհին Արային հանդիպած Իմաստունը խրատել է հանկարծ չնայել թագուհուն, բայց Արան չի դիմանում։ Շամիրամն «անփո՜ւյթ ընկած էր անկողնու մեջ», նրա «ոսկեթել մազերը գանգուրներ էին կազմել կամար ունքերի, լայն ճակատի վրա, աչքերը խոշոր էին, այտերը կարմիր մեկ-մեկ խնձոր, բերանը փոքր, շրթունքը՝ վարդի թեր, կարծես Աստված գործ չէր ունեցել և ոսկե գրիչն առել նախշել էր նրան, այնպես, որ դիտողը մոռանում էր հացն ու ջուրը»։ Հետո ի՞նչ է անում Արքայազնը։ «Մի վարդ քաղեց նրա երեսից», այսինքն՝ համբուրեց, և գեղեցկուհու մատին է հագցնում մատանի, որին գրված է՝ «Արա Գեղեցիկ, որդի Արամ թագավորի»։ (Նույնն է, որ այսօր հեռախոսահամար ու էլեկտրոնային հասցե թողնես մեկին)։
Մեջբերումներն ազգագրագետ Երվանդ Լալայանի «Արա Գեղեցիկը» ստեղծագործությունից է, որը նա գրել է ժողովրդից լսած ավանդավեպի հիման վրա։
Աղեքսանդր Մատիկյանի «Արա Գեղեցիկ» հիմնարար ուսումնասիրության գրքի շապիկը
Մեկ ուրիշ զուգադիպության ես պատահեցի անգլիացի պատմաբան Ալեքսանդր Հիսլոփի «Երկու Բաբելոն» գրքում, արդեն Լալայանի գրառած ավանդավեպին վերաբերող։ Հիմնվելով իր ուսումնասիրած աղբյուրների վրա՝ Հիսլոփը նույնպես «ոսկեթել մազերով» է նկարագրում Շամիրամին՝ «շիկահեր և կապուտաչյա»։ (Ճիշտ է, համարում է… Բելի կինը)։
Հին հունական պապիրուսի բովանդակությունը վերլուծել է նաև «Արա Գեղեցիկ» հիմնարար ուսումնասիրության հեղինակ Աղեքսանդր Մատիկյանը։ Նա ենթադրում է, որ Նինոսն արշավել է Հայք՝ ապստամբությունը ճնշելու։ Բայց չի նշում որևէ առանձնահատուկ պատճառ, որից «հայերը կատաղել էին»։ Մինչդեռ եթե Շամիրամն ու հայոց արքայազն Արան սիրել են իրար, միգուցե նաև գաղտնի նշանվել, իսկ Նինոսը, տարբեր լծակների օգտագործմամբ, ինքն է կնության առել Շամիրամին, ապա հնարավոր է, որ «կատաղած հայերը» ասպատակել են Ասորեստանի սահմանամերձ մարզերը։ Արան անձամբ կարող էր վրիժառության գործողություններ ձեռնարկել։
Այստեղ է, որ կարող է կատարվել այն, ինչ նկարագրում է Խորենացին։ Նինոսը մահացել է, հնարավոր է՝ թունավորումից, որից հետո այրի Շամիրամը՝ արդեն տիեզերակալ թագուհի, Բաբելոն է կանչում Արային։ Սիրավեպի այս փուլում Արան մերժում է, քանի որ նա էլ արդեն Հայո՛ց թագավորն է։ Նրա գնալով՝ Շամիրամը կշահեր, իհարկե, նաև քաղաքականապես՝ կունենար վերահսկելի Հայաստան, բայց Արան, նույնիսկ որպես Ասորեստանի արքա, կզիջեր իր երկրի ինքնիշխանությունը՝ մեծ տերության առաջնորդը չի կարող կողմնակի շահեր ունենալ։ Բացի այդ, իհարկե, պարկեշտությունը նրան թույլ չէր տա լքելու Հայոց թագուհուն, որին մեր գեղարվեստական գրականությունը հիշատակում է Նվարդ, Զվարթ անուններով։
«Պատգամավորները շատ անգամ երթևեկություն կատարեցին», գրում է Խորենացին. այս տևական բանակցությունների նյութը չէր կարող լինել Շամիրամի ցանկասիրությունը, որի այլընտրանքը՝ ամուսնությունը, Խորենացին ևս հիշատակում է։
Շամիրամի և Արայի փոխադարձ սիրո ենթադրությունը մի ուրիշ հաստատում կարելի է համարել Դիոդորոս Սիկիլիացու տեղեկությունը, թե «Շամիրամը Հայկական լեռներից մի քար կտրեց, երկարությունը 130 ոտնաչափ, իսկ լայնքը և հաստությունը՝ 25։ Նա զորքերի և եզների բազմաթիվ լծերով այդ քարը իջեցրեց դեպի գետը և այնտեղ բարձրացրեց լաստի վրա ու դրանով հոսանքն ի վար բերելով մինչև Բաբելոնիա, այն կանգնեցրեց ամենաերևելի ճանապարհի կողքին, որպես զարմանալի տեսարան այնտեղից անցնողներին։ Ոմանք այն, իր ձևի պատճառով, անվանում են կոթող և համարում այսպես կոչված յոթ հրաշալիքներից մեկը»։ (Հայկական լեռներ ասելով՝ Դիոդորոսը նկատի ունի Հայկական Տավրոսը)։ Թերևս միայն դժբախտ սերը կարող էր արդարացնել այն ահռելի ջանքերը, որոնք գործադրվել են ժայռը Բաբելոն հասցնելու և մայրուղիների հատույթում որպես հուշարձան կանգնեցնելու համար։
Արա Գեղեցիկ ու Շամիրամի պատանեկան սիրո պատմությունը տրամաբանություն է մտցնում նրանց հարաբերություններում, և, ինչպես տեսանք, իր արտացոլումն է գտել պատմական աղբյուրներում, առասպելներում ու գրական երկերում (յուրաքանչյուր դեպքում ունենալով տարբեր ավարտ)։
«Շամիրամի աստվածներից» արալեզները նույնպես ամուր տեղ են զբաղեցրել հայոց պատմական հիշողության մեջ։ Երբ Արայից ու Շամիրամից շուրջ հազար տարի անց՝ մ.թ. 375 թվականին սպանվում է Հայոց երիտասարդ սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը, հարազատները կարում են նրա կտրված գլուխը և մարմինը դնում բարձր աշտարակի վրա, որպեսզի արալեզները (առլեզք) գան և հարություն տան՝ այս մասին գրում է Փավստոս Բուզանդը։ Դա տեղի է ունենում… Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց երեք քառորդ դար անց։ Ընդ որում, Աղեքսանդր Մատիկյանի կարծիքով, միայն հայկական առասպելներում են հանդիպում մեռյալներին լիզելով հարություն տվող շները, որոնց հիշատակում են նաև Եզնիկ Կողբացին ու Վանական Վարդապետը։
Վանի բերդը
Եվ վերջապես. եթե Արայի և Շամիրամի մասին դիցաբանական կամ գրավոր աղբյուրների քննական վերլուծությունը երբեմն հանգեցնում է կասկածների ու հերքումների, կան վկայություններ, որոնք վիճարկելը բազմապատիկ դժվար է՝ տեղանունները։ Հայաստանի բազմաթիվ վայրեր կրում են Արայի և Շամիրամի անունը։ Հադիս կամ Հատիս լեռը նախկինում Շամիրամ է կոչվել։ Քչերը գիտեն, բայց Խորենացին ինքը Վան քաղաքն անվանում է Շամիրամակերտ, և այդ ավանդույթը մեր պատմագրության մեջ շարունակվել է դարեր։
Կան նաև Շամիրամի անունով գյուղեր, ձոր, թունել, աղբյուր։ Այսօրվա Հայաստանում է Արալեզ գյուղը, Արարատի մարզում, որի բնակիչների մեծ մասը Վանի Լեզք (այսինքն՝ արալեզ) գյուղից 1915-ին արտագաղթածների ժառանգներն են։
Պեղումներ
Հայոց ծանոթ և անծանոթ պատմությունից
Պեղումներ. Վառվռուն աչքերով և հպարտ բնավորությամբ Հայկը
Մեր անվանադիր Հայկը հրաշալի ժառանգություն է՝ իր «վառվռուն աչքերով», ազատասիրությամբ ու բարեհաճությամբ դեպի այլ ազգերը։ Ո՞րն էր Հայկի «հաջողության գաղտնիքը», ինչպե՞ս է դա արտահայտվում ու ինչպիսի՞ն պետք է լիներ ժամանակի հեռահար զենքը՝ նետուաղեղը, կատարյա՛լ նետուաղեղը։
Read moreՊեղումներ. Ու՞մ և ինչու՞ է Խորենացին իրականում կոչել Տիգրան Մեծ
Արքայազն Տիգրանը Քսենոփոնի վեպում զգացմունքային է, պերճախոս, անձնվեր։ Իսկ Խորենացին նրան համարում է թագավորներից ամենահզորը, ամենախոհեմն ու քաջը։ Ինչու՞ Պատմահայրը չի զսպում իր զգացմունքները՝ անդրադառնալով Տիգրանի ժամանակաշրջանին, մեկնաբանում է Վահրամ Մարտիրոսյանը։
Read moreՊեղումներ. «Ալքիմիկոսը»՝ Մկրտիչ Նաղաշ
XV դարում է ստեղծագործել պանդխտության առաջին հայ երգիչը, որի անունն է բոլորին հայտնի գրականության դասագրքերից, բայց՝ ոչ կյանքը։ Մկրտիչ Նաղաշը, նրա ժամանակաշրջանն ու իրադարձություններն են գրող, թարգմանիչ Վահրամ Մարտիրոսյանի «Պեղումներ. Հայոց ծանոթ և անծանոթ պատմությունից» շարքի առաջին անդրադարձի առանցքում։
Read moreՊեղումներ. Հակոբ Մեղապարտի հետ՝ դեպի Վենետիկ
Հայերեն գիրքը թե՛ ազգային ինքնությունը պահպանելու հզոր գործիք դարձավ, թե՛ հնարավորություն մուտք գործելու գիտության, տեխնիկայի և տեղեկատվության զարգացման դարաշրջան։ Հակոբ Մեղապարտը, նրա գործունեությունն ու կենսական անհրաժեշտություն գրքերի տպագրման ուղին է գրող, թարգմանիչ Վահրամ Մարտիրոսյանի «Պեղումներ. Հայոց ծանոթ և անծանոթ պատմությունից» շարքի երկրորդ անդրադարձի առանցքում։
Read moreՊեղումներ. Ողջույն, Ժան-Ժակ Ռուսսո
Ժամանակակից գերմանացի փիլիսոփա Յուրգեն Հաբերմասի կարծիքով, հանրային ոլորտը հենց սրճարանում է սկսել կայանալ։ Առաջին սրճարանները, դրանց դերն ու այդ գործում հայերի ունեցած ավանդն է գրող, թարգմանիչ Վահրամ Մարտիրոսյանի «Պեղումներ. Հայոց ծանոթ և անծանոթ պատմությունից» շարքի երրորդ անդրադարձի առանցքում։
Read moreՊեղումներ. Ջղային ջուղայեցիներ
Թե՛ Օսմանյան կայսրությունում, թե՛ Պարսկաստանում քրիստոնյա գյուղացիները, արհեստավորները մի կերպ գոյատևում էին, բայց կար մի խավ, որը կարող էր դուրս գալ տեղական սահմաններից՝ վաճառականները։ Այս գործընթացի առանցքում անսպասելիորեն հայտնվեցին հայերը։ Նրանց մեծ մասը սերում էր Արաքսի ափի մի կիրճում սեղմված Ջուղայից։
Read moreՊեղումներ. Երևանի 1724 թվականի ինքնապաշտպանությունը
1724 թվականին Երևանն օսմանյան բանակին մի քանի ամիս դիմադրեց՝ այդպիսով ամիսներ շարունակ քաղաքին գամելով թուրքական ուժերը, ինչը թույլ տվեց Արցախին ու Սյունիքին պարզած պահել ապստամբության դրոշը, որն ավարտվեց միայն 1730-ին։
Read moreՊեղումներ. Լորդ Բայրոնը լողում է Մխիթարյան միաբանություն, հայերենի դասի
Քիչ են մարդիկ, ում անունով դար է կոչվել։ Լեոյի նման անողոք պատմաբանը հայոց XVIII դարը կոչում է Մխիթարյան, իսկ թե ինչու և ինչպես էր հենց Մխիթար Սեբաստացին արժանացել այդ տիտղոսին, բացահայտում է Վահրամ Մարտիրոսյանի նոր պատումը։
Read moreՊեղումներ. Միայնակ Ազատարարը` Հովսեփ Էմին
Հովսեփ Էմինն իր գործերով, նաև անգլերեն մի գրքով պատմեց աշխարհին, որ իր ժողովուրդն ունի պատմություն, ձգտում է անկախության։ Կարելի է երկար թվարկել Էմինի առաքինությունները, բայց որպես ժառանգություն՝ նա հետագա սերունդներին թողեց ազատարար հերոսի իր աննկուն կերպարը, որն ազգային ինքնություն է կերտում և քաղաքակրթության լույսին ուղղում հայրենակիցների հայացքը։
Read more