
Համաշխարհային ճանաչում ունեցող պատմական հայ գործիչներին ու նրանց նվիրված օպերաներին է անդրադառնում Վահրամ Մարտիրոսյանի ՁայնաՊատումը, որտեղ հեղինակն առավել մանրամասն է ներկայացնում իրավիճակն ու ավելի շատ փակագծեր բացում, քան հոդվածում։
Մեր թվարկությունից առաջ II դարում Արտաշես Բարեպաշտին (մ.թ.ա 191-160) հաջորդել են որդիները՝ Արտավազդ I-ը (մ.թ.ա 160-115) և Տիգրան I-ը (մ.թ.ա 115-95)։
Պատմության օրինաչափություններից է, որ մեծ անհատականությունների զավակները հազվադեպ են իրենց հայրերի փառքին արժանի ժառանգություն թողնում՝ «բնությունը հանգստանում» է մի որոշ ընթացք։ Արտավազդի I-ից հիշարժան ոչինչ չի մնացել, բացի մի վառ արտահայտությունից, որով նա դիմել է հորը.
«Երբ դու գնացիր,
Ու ամբողջ երկիրը քեզ հետ տարար,
Ես այս ավերակների վրա
Ո՞ւմ թագավորեմ»։
Արտաշես I Բարեպաշտի հետ հուղարկավորել են մի ամբողջ գանձարան՝ ոսկե դագաղից սկսած։ Բազմաթիվ մարդիկ են ինքնասպան եղել՝ իբր ուղեկցելու թագավորին հանդերձյալ կյանքում։ Բայց։ Արդարացի չէ՞ Արտավազդի ընդվզումն ընդդեմ գանձերը հողում ամփոփելու հեթանոսական նախապաշարմունքի, որը, ցավոք, վերածնվեց ուշ սովետական տարիներին… և շարունակվում է մինչև հիմա։ Երբ գերեզմանոցներում ավելի մեծ գումար է ծախսվում, քան կենդանի մարդկանց առողջության… բանակի աջակցության, բարեգործության… թեկուզ նույնիսկ բակային խաղահրապարակների համար։
Ըստ Խորենացու մեջբերած առասպելի, մահամերձ Արտաշեսը անիծում է որդուն, որ երբ որսի գնա «յԱզատն ի վէր, ի Մասիս» քաջքերը նրան բռնեն ու զնդան գցեն, ինչը կատարվում է։ Բայց մինչ այդ տեղի կունենար, իրականում, Արտավազդը թագավորել է բավական երկար՝ 45 տարի, որի չորս տասնամյակը եղել է խաղաղության շրջան, եթե շարունակենք վստահել մերօրյա ասույթին, թե՝ տեղեկությունների բացակայությունը ինքնին լավ տեղեկություն է։ Միայն իր գահակալության վերջերին՝ մ.թ.ա 120 թվականին, նա պարտվում է պարթևներին և, լինելով անժառանգ, պատանդ է հանձնում իր եղբորորդի Տիգրանին։
Գահին Արտավազդին հաջորդել է իր եղբայր Տիգրան I-ը, որի օրոք Հայաստանում խաղաղություն է տիրել, մինչև թագն անցել է նրա որդուն՝ Տիգրան II-ին, որը հայ պատմական գործիչներից ամենահայտնին է։ Տիգրանը II-ը պարթևներին է զիջել հայկական «Յոթանասուն հովիտ» կոչվող տարածքը, որպեսզի տիրանա գահին։ Շուտով նա ընդլայնում է իր իշխանության սահմանները։ Փոքր Ասիայում սկսվել էր մի շրջանը, երբ

Տիգրանին նվիրված բազմաթիվ օպերաներից երկուսի լիբրետոները
պահանջվում էր թագավոր
Տիգրան II-ի գահակալության սկզբին «իշխանության վակուում» էր Փոքր Ասիայում։ Հռոմում երկպառակություն էր Ծերակույտի՝ Սենատի հեղինակավոր անդամների միջև, ինչ-որ պահի էլ Սպարտակի ապստամբությունը ցնցեց Հանրապետությունը, իսկ պարթևական տերությունում ուժեղացել էին կենտրոնախույս միտումները։ Տիգրան II-ը դաշինք կնքեց Հռոմի թշնամի Միհրդատ Եվպատորի հետ և, պատերազմներում հաջողության հասնելով, խլեց պարթևներից արքայից արքայի տիտղոսը, Ասորիքում տիրացավ երկրների, որոնք չէին կարողանում արժանի գահակալ գտնել՝ պահանջվում էր թագավոր, և իրենք դիմեցին նրան։ Վրացիները ևս Տիգրանին օգնության կանչեցին իրենց պարթևամետ, հավատուրաց թագավորից ազատվելու համար։
Իսկ ո՞վ էր Միհրդատ Եվպատորը։ Շատ համառոտ՝ նա Պոնտոսի թագավորն էր՝ հանդուգն արքա և տաղանդավոր զորավար, որի օրոք այդ երկիրը ձեռք բերեց միջազգային, կարելի է ասել նույնիսկ՝ համաշխարհային կշիռ. քաղաքակիրթ աշխարհը դեռ շատ փոքր էր։
Տիգրանն ու Եվպատորն ունեին մի շատ յուրահատուկ պայմանավորվածություն, որը բացահայտում է նրանց ռազմավարությունների տարբերությունը։ Մ.թ.ա 92-ին կնքված դաշնագրի համաձայն, հողերը, որ նրանք գրավել էին համատեղ, անցնում էին Եվպատորին, իսկ մարդիկ ու շարժական գույքը՝ Տիգրանին։
Այսինքն, թեև Տիգրանը դարձավ կայսր՝ արքայից արքա, թեկուզև կարճ ժամանակով, Եվպատորի՛ նպատակներն էին ծավալապաշտական՝ նրան նոր հողեր, քաղաքներ էին պետք։ Իսկ ինչ էր նշանակում մարդկանց ու շարժական գույքի պահանջը՝ երկրի տնտեսության զարգացում, այսինքն՝ ինքնիշխանության ամրապնդում։ Երբ երկու թագավորը գրավեցին Կապադովկիան, որը հելլենիստական պետություն էր, այն միացվեց Պոնտոսին, իսկ Տիգրանն այստեղի, ապա նաև Կիլիկիայի 12 քաղաքներից հարյուր հազարավոր հույների ու հրեաների բերեց-համաբնակեցրեց Հայաստանում՝ հատկապես նոր մայրաքաղաք Տիգրանակերտում։
Սա հեռատես քաղաքականություն էր՝ վերաբնակներն իրենց հետ պետք է բերեին քաղաքային մշակույթ, որը մի քանի սերնդի ընթացքում է ձևավորվում։ Բայց։ Հռոմեացիներն ու պարթևները, առաջին անգամ, համաձայնեցրին իրենց գործողություններն ընդդեմ Հայաստանի (և Պոնտոսի), ընդդեմ տարածաշրջանի նոր վերաձևման։ Վերաբնակները դեռ չէին մերվել և իրենց հայրենիքը համարել Հայաստանը, երբ հռոմեական «Անպարտելի լեգեոնները», որոնց զորավարները Փոքր Ասիայում էին նվաճում իրենց դիրքերը Հռոմի Սենատում, պաշարեցին Տիգրանի մայրաքաղաքը։ Քաղաքի չորս թաղամասերից մեկը զբաղեցնող կիլիկեցիները բացեցին դարպասները ներսից։
Այնուհետև հռոմեական ռազմական մեքենան հաղթեց Միհրդատին, Հայաստանից նոր տարածքներ խլեց, տարբեր քաղաքական դաշինքներով մեծացրեց իր ազդեցությունը։ Նույն շրջանում պարթևները ճնշեցին ապստամբ ցեղախմբերին։ Տիգրանի ժամանակն ավարտվեց։
Պահանջվում էր թագավոր-2
Թեև Տիգրան II-ի գահակալության վերջում միայն փշրանքներ էին պահպանվել նրա հաղթարշավներից, անտիկ՝ հին հունական ու հռոմեական աղբյուրները հայ պատմական գործիչներից ամենաշատը նրան են անդրադարձել։ Որպես հետևանք՝ նաև համաշխարհային, հատկապես… երաժշտական արվեստը. «Տիգրան» վերնագրով 24 օպերա է գրվել ուշ միջնադարում, ևս մեկ տասնյակում Տիգրանն առանցքային հերոսներից է։ Անսպասելի է, բայց հետազոտողները հաշվել են, որ, առհասարակ, աշխարհի բոլոր թագավորներից Տիգրան II-ի մասին են ամենամեծ թվով օպերաներ գրվել։ Հենդել, Սկարլատի, Վիվալդի, Գլյուկ՝ ահա հռչակավոր հեղինակներից մի քանիսի անունները։
Ո՞րն էր Տիգրանի հանդեպ այս մեծ ուշադրության պատճառը, եթե հաշվի առնենք, որ անտիկ պատմաբանները, որպես թշնամի ընկալելով, նրան ու Միհրդատ Եվպատորին դրական լույսի ներքո չեն ներկայացրել։ Տիգրանից նրանց երկերում հիշատակվում է ընդամենը մեկ թևավոր խոսք, հռոմեացի զորավար Լուկուլլոսի զորքի մասին՝ դեսպանության համար նրանք շատ են, թշնամիների համար՝ քիչ։ Ավաղ, Լուկուլլոսը դեսպանությունը ոչ շատ գերազանցող ուժերով հաղթեց Հայոց արքային Տիգրանակերտի ճակատամարտում։

«Արտամենե կամ Կյուրոս Մեծ» վեպի տիտղոսաթերթը
Բայց։ Ուշ միջնադարում սկսվեց՝ հետ դեպի ապագա շարժումը։ Վերածնունդը, Լուսավորությունը, կասկածի տակ առնելով եվրոպական ֆեոդալական համակարգն ու քննադատելով ժամանակի սանձարձակ բարքերը, իրենց կատարելատիպերը սկսեցին փնտրել հունա-հռոմեական զարմանահրաշ քաղաքակրթության մշակույթում։ Վերընթերցվեցին ու սիրվեցին անտիկ հեղինակների, այդ թվում՝ Քսենոփոնի ստեղծագործությունները, որի «Կյուրոպեդիա» վեպում Տիգրան Երվանդյանն ամուսնական հավատարմության, խիզախության, անձնազոհության մարմնավորում է։ XVII դարում լույս տեսավ Մադլեն և ժորժ Սկուդերիների «Արտամենե կամ Կյուրոս Մեծ» վեպը, որն ամենածավալունն է ֆրանսիական արձակում. տասը գիրք՝ երեքական հատորով, ընդհանուրը՝ 13.095 էջ։ Այստեղ նույնպես Տիգրանը կար։
Կարելի է ենթադրել, որ Տիգրան Երվանդյանը, որպես Կյուրոս Մեծի հավատարիմ դաշնակից, գրավիչ նախատիպ էր, իսկ Արտաշիսյան Տիգրանը՝ Տիգրան II-ը «պահանջարկ ուներ» որպես հեռավոր երկրի, «էկզոտիկ» թագավոր։ Տիգրանի ու Եվպատորի հարաբերություններն ունեցել են կտրուկ շրջադարձեր՝ դրանք էլ թույլ էին տալիս արտահայտելու բարձր զգացմունքներ, բուռն կրքեր։ Ճիշտ է, հեռավորության պատճառով որոշ օպերաներում պատմական գիտության տեսանկյունից լիակատար խառնաշփոթ է տիրում մ.թ.ա VI դարի և մ.թ.ա II դարի Տիգրանների համատեղումից։
Մի առանձին դրամա է Անտոնիո Վիվալդիի «Տիգրան II» օպերայի պատմությունը։ Այն բեմադրվել է 1724 թվականին, ամենամյա Մեծ պարահանդեսի ընթացքում։ Ըստ օպերայի, Տիգրանը ոչ թե «քաղաքական ամուսնություն» է կնքել Միհրդատ Եվպատորի Կլեոպատրա անունով դստեր հետ, այլ ծպտված ծառայել է Միհրդատի բանակում, փայլուն հաղթանակներ տարել Պոնտոսում, որի շնորհիվ արժանացել է Կլեոպատրայի սիրուն։
Վատիկանի պահանջով օպերայի առաջին ու երրորդ գործողություններն ուրիշ կոմպոզիտորներն են գրել նորից, քանի որ ստեղծագործության թեման սիրային էր, իսկ Վիվալդին… քահանա էր։ Նրանով նույնիսկ Սուրբ ինկվիզիան է զբաղվել, որը «Կարմրահեր քահանային» արգելել է պատարագել, բայց ավելի ծանր պատիժ չի սահմանել՝ կոչելով «հիմար արվեստագետ»։
Օպերան ամբողջությամբ չի պահպանվել, միայն՝ հանճարեղ Վիվալդիի լիբրետոն ու նրա հեղինակած երկրորդ գործողության պարտիտուրը, բարեբախտաբար։

Ալեքսանդր Սիրանոսյանի «Տիգրանի փոխակերպումները» գրքից
Նրանք, ովքեր կուզենան ավելի մանրամասն իմանալ Տիգրանին նվիրված օպերաների բովանդակությունն ու ճակատագիրը, կարող են աներևակայելի քանակությամբ տեղեկություններ քաղել Ալեքսանդր Սիրանոսյանի «Տիգրանի փոխակերպումները» շքեղ երկհատորյակից, որը լույս է տեսել 2014-ին Փարիզում, ֆրանսերեն։
Իսկ ի՞նչ դրամաներ է ապրել իրական Տիգրան II-ը, որոնք չեն արտացոլվել օպերաներում։ Երբ նրա դեմ հաճախ ապստամբում էին նվաճված երկրները, ճնշում էր դաժանորեն: Պակաս սուր չէին անձնական դրամաները՝ Տիգրանը մահապատժի է ենթարկել իր երկու որդուն. հազիվ թե բնորոշ կերպով է արտացոլում Տիգրան II-ի կյանքը, դիցուք, Սկարլատիի «Տիգրան կամ սեր և հավատարմություն» օպերայի վերնագիրը (իտալերեն՝ Il Tigrane ovvero L’egual impegno d’amore e di fede, 1715), որի լիբրետոյի հիման վրա շատ ուրիշ «Տիգրաններ» են ստեղծվել։
Միհրդատի մասին էլ Նիկողայոս Ադոնցը «Միհրդատ Եվպատոր և Տիգրան Մեծ» աշխատությունում գրում է. «Յոթ տարի տևող խնամակալությունից հետո այրի թագուհին ևս սպանվում է։ Ըստ Վալերիոս Մաքսիմոսի… Միհրդատ Եվպատորն էր սպանել իր հորը։ Այժմ նա ազատվում է նաև իր մորից։ Նրան է վերագրվում նաև իր փեսայի և քրոջ սպանությունը Կապադովկիայում»։
Պահանջվում էր թագավոր-3
Տիգրանի որդի Արտավազդ II-ը, որը հայտնի էր որպես բացառիկ կրթված արքա և հայ առաջին թատերագիրն է (իշխել է մ.թ.ա 55-30 թվականներին), հրաժարվեց խոնարհվել Եգիպտոսի հռչակավոր թագուհի Կլեոպատրային, ինչի պատճառով գլխատվեց։ Նրա գերված ընտանիքը՝ նույնպես։ Արտավազդ II-ի պահվածքն արժանացել է անտիկ հեղինակների հիացմունքին, բայց… գլխատվեց նաև երկիրը։ Այսուհանդերձ, թե ուրիշ ինչ որոշում կարող էր կայացնել նա, որպեսզի լուծումը նվազ ողբերգական լիներ, ինքս հետին թվով կզգուշանամ դատել՝ այս պատմական անձն իր կյանքով է վճարել իր համբավի համար։
Արտաշիսյանների օրոք սկիզբ առավ ևս մեկ դրամա։ Հայ թագավորները ֆիզիկապես Արևելքում էին, մտքով՝ Արևմուտքում, որտեղ ավելի զարգացած էին պետական իրավունքը, փիլիսոփայությունը, արվեստն ու գրականությունը։ Արտաշիսյան Տիգրան I-ը, ըստ նրա հատած դրամի մակագրության, «հելլենասեր» է, այսինքն՝ հունասեր։ Տիգրան III-ը (իշխելու տարիները՝ մ.թ.ա 20-8 թվականներ, մոտավորապես), որն ամբողջ հասակով է պատկերված իր դրամին, ըստ մակագրության՝ «Մեծ» է, «Հայրենասեր», նաև… «Հունադավան», այսինքն՝ ընդունում է հունական աստվածներին։ Հանելուկ չէ՞։ Հունաստանն այդ ժամանակ Հռոմի ենթակայության նահանգ էր։ Այսինքն, խոսքը ոչ թե քաղաքական ենթակայության, այլ մշակութային, քաղաքակրթական երկրպագության մասին էր։ Հելլենասեր էր դարձել նաև Հռոմը՝ հին հույները մշակութապես նվաճել էին իրենց երկիրը գրաված ժողովրդին։
Միայն թե Հայոց արքաների այս հակումը հարուցում էր հարևան պարթևների խանդը, ինչը հանգեցնում էր բախումների։
Արտավազդի զոհվելուց հետո պահանջվում էր ուժեղ թագավոր, բայց այդպիսին չհայտնվեց մ.թ.ա I դարում, իսկ մ.թ. I դարի առաջին կեսում Հայաստանի գահը կա՛մ թափուր էր, կա՛մ զբաղված՝ դրածոների կողմից, մինչև հայտնվեց ևս մեկ «օպերային արքա»՝ Հռադամիզդը։

Զենոբիան, որին գտել են հովիվները՝ Պոլ-Ժակ-Էմե Բոդրիի (1828–1886) կտավը
Հռադամիզդը վրաց արքայազն էր, որը ձևացնելով, թե գժտվել է հոր հետ, փախավ Հայաստան, որտեղ կարողացավ հեղաշրջում անել։ Նրա մայրը վերջին Արտաշիսյան գահակալներ Տիգրան IV-ի և Էրատոյի դուստրն էր, այսինքն, ժամանակի միջազգային իրավունքի տեսանկյունից նա կարող էր հավակնել գահին, բացի այդ, նրա կին Զենոբիան Հայոց թագավոր Միհրդատի դուստրն էր։ Ըստ հռոմեացի պատմիչ Տակիտոսի (I-II դարեր), Հռադամիզդը Գառնու ամրոցում պաշարել և, հռոմեական կայազորը կաշառելով, խաբեությամբ սպանել է Հայոց արքա Միհրդատին… նաև՝ նրա կնոջը, որ իր քույրն էր, ու զավակներին։ Ժողովուրդը ապստամբել-քշել է Հռադամիզդին։ Նա երկրորդ անգամ է բռնի տիրացել երկրին, հռոմեացիների օգնությամբ, հաշվեհարդար տեսել ընդդիմադիրների հետ։
Այնուամենայնիվ, Հռադամիզդին երկար չեն հանդուրժում հայ նախարարները, որոնց օժանդակում են պարթևները՝ Վաղարշ I Արշակունի արքայի եղբայր Տրդատի առաջնորդությամբ։ Փախչելով Արտաշատ մայրաքաղաքից՝ Հռադամիզդը նահանջի ճանապարհին կտրում է հղի Զենոբիայի կոկորդը, որ թշնամիների ձեռքը չընկնի, և նետում է Արաքսը։ Բայց Զենոբիան ողջ է մնում։ Նրան ամենայն պատիվներով Հայոց արքունիքում հյուրընկալում է Տրդատը։
Իմիջիայլոց, Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքում, որը լույս է տեսել 2023-ին, ոչ մի բառ ասված չէ այն մասին, որ Հռադամիզդը վրացի էր։ Ինչո՞ւ։ Մի՞թե աշակերտներին հետաքրքիր չէ, թե ինչպիսի շրջադարձեր են եղել հարևան երկու ժողովրդի անցյալում։ Ժամանակի Վրաց թագավոր Փարասման ցանկանում էր, որ Հայաստանի թագավորը իր դրածոն լինի՝ ի հակադրություն իր հարազատ եղբայր, այսինքն՝ նույնպես վրացի Միհրդատի։ Ծրագիրը ձախողվեց, Փարասմանը իր Հռադամիզդ որդուն սպանեց Հայաստանից փախչելուց մի քանի տարի անց, 58 թվականին՝ արդեն իր հանդեպ դավաճանության համար։
Հռադամիզդին ու Զենոբիային բազմաթիվ կտավներ են նվիրել XVII-XIX դարերի բազմաթիվ եվրոպացի նկարիչներ։ Հատկապես՝ «Հայաստանի թագուհի Զենոբիայի» փրկությանը Արաքս գետից, պատահական հովիվների շնորհիվ։ Այդ թեմայով կտավ ունի բարոկկո ոճի լավագույն ֆրանսիացի նկարիչ Նիկոլա Պուսենը (1594–1665)։ Ըստ պատմաբան Արմեն-Կլոդ Մութաֆյանի հետազոտության, որը հրապարակվեց վերջերս, Զենոբիայի մասնակցությամբ օպերաների թիվը հասնում է 100-ի։
Հռադամիզդի պատմությունն օպերա է դարձրել Գեորգ Ֆրիդրիխ Հենդելը։ Սքանչելի երաժշտությամբ այս ստեղծագործությունը, որի առաջնախաղը տեղի է ունեցել 1720-ին, Լոնդոնի Թագավորական թատրոնում, հետո բազմիցս բեմադրվել է Եվրոպայում։ Հայաստանի թագավոր պատմական Միհրդատի անունը, ի դեպ, օպերայում… Տիգրան է։
XIX դարում ռուս գրող, «Տհասը» դասական պիեսի հեղինակ Ալեքսանդր Գրիբոյեդովը (1795-1829) կազմել է Հռադամիզդի թեմայով դրամատուրգիական երկի նախագիծ։ «Հռամիզդ և Զենոբիա» վերնագրով ողբերգություն է սկսել գրել բանաստեղծ, եկեղեցական գործիչ Հարություն Ալամդարյանը (1795-1834)։ Չար պատահականության բերումով երկուսն էլ սպանվել են՝ չհասցնելով ավարտել իրենց ստեղծագործությունները։

«Ներոն» օպերայի լիբրետոն, որում Հայաստանի արքա Տիգրանը գլխավոր հերոսներից մեկն է։ Ալեքսանդր Սիրանոսյանի «Տիգրանի փոխակերպումները» գրքից
Պահանջվում էր թագավոր-4
Հայաստանի անկայուն վիճակն առաջին և միգուցե միակ անգամ մեր պատմության մեջ պարթևներին ու հռոմեացիներին դրդում է համագործակցել իրար հետ մեր երկրի ինքնիշխանությունն ամրապնդելու նպատակով։ Շախմատի լեզվով ասած, ցուգցվանգային մի իրավիճակ էր, երբ 54-64 թվականների պարթևա-հռոմեական պատերազմից հետո կողմերի ցանկացած քայլ, որն ուղղված կլիներ գերազանցության հասնելուն, կարող էր հանգեցնել լիակատար տապալման։ Պահանջվում էր թագավոր, որպեսզի Հայքը դադարի կռվախնձոր լինելուց։ Եվ համաձայնություն է կայացվում, որ դա կլինի պարթև Տրդատը, բայց կթագադրի նրան, Հռոմում, Ներոն կայսրը։
Տրդատը, որը նույնպես օպերային հերոս է դարձել, Ներոնին նվիրված դրամաներում, ճանապարհվում է Հռոմ։ Ցամաքո՛վ, ոչ ծովով, քանի որ պարթևական կրոնական համոզմունքները մերժում էին ծովագնացությունը՝ չէր կարելի թքով, այլ աղտեղություններով ապականել ջուրը։ Ուղևորության ամբողջ ծախսը հոգաց Ներոնը։ Սա համաշխարհային պատմության ամենաթանկ հյուրընկալություններից էր։ Տրդատը, որին Հայոց աղբյուրները կոչում են Տիրիթ, Հռոմ է մեկնում 3.500-անոց զորքով։ Նրանց պատվին Նեապոլում, հռոմեական այլ խոշոր քաղաքներում տոնախմբություններ են կազմակերպում։ Հռոմում Տրդատն իր թագը դնում է Ներոնի արձանի ոտքերի առաջ, Ներոնը, այն վերցնելով, նորից դնում է Տրդատի գլխին։

Տրդատ I, Ալեքսանդր Սիրանոսյանի «Տիգրանի փոխակերպումները» գրքից
Այս իրադարձության շուրջ Հայաստանում հյուսված ավանդության համաձայն, Տրդատին ապշեցնելու, խեղճացնելու համար Ներոնի ցուցումով նրան ցույց են տալիս Հռոմի վիթխարի շինությունները, Սենատն ու բազմաթիվ սենյակներ, որտեղ օրենսգրքերն էին դարսված։
Երբ ճաշի են նստում, Ներոնը հարցնում է. «Իսկ Հայոց աշխարհում այսպիսի օրենքներ կա՞ն»։ Տրդատը պատասխանում է, որ հայկական օրենքները քիչ են, բայց լավը. եթե բոլորը դրանք պահեն, օտարների ոտքն ընդմիշտ կկտրվի Հայաստանից։ Անակնկալ պատասխան։ Ի՞նչ օրենքներ պետք է թվի Տրդատը, որ իրավագիտության հայրենիքում չկան։ «Առաջին օրենքն այն է,- ասում է նա,- որ մեր թուրը ժանգոտ լինի, և մանգաղը` հայելու նման փայլուն։ Երկրորդ օրենքն այն է, որ դատարանի դռանը կանաչ խոտ բուսնի, իսկ տաճարի դուռը միշտ ցեխոտ լինի»… Այսինքն, ավելի լավ է հանցանքը կանխարգելել տաճարի՝ հավատի, օրինապահության միջոցով, քան պատժել։ Իսկ թուր բանեցնելուն` պատերազմին, հակադրվում է մանգաղը՝ խաղաղ աշխատանքը։ Հրաշալի սկզբունքներ ու պատգամներ ապագայի համար, որոնք, իհարկե, ավելի անսասան կլինեին, եթե հռոմեականների նման պաշտպանվեին ստվար օրենսգրքերի հոդվածներով։
Ներոնը ճանապարհում է Հայոց արքային նվերներով և բազմաթիվ արհեստավորներ տրամադրում, որոնց սակավությունը կար մեր երկրում։ Հայաստանում Տրդատը վերականգնում է Արտաշատը, որը, ըստ հռոմեացի պատմիչների, վերանվանում է Ներոնեա։ Ինչո՞ւ՝ ոչ։ Ներոնը արժանի էր երախտագիտության. նրա իշխանությունը ինքնին նվեր էր Հայոց երկրի համար. զեխ կյանքով, շքեղ շենքերի կառուցմամբ՝ դիցուք, պտտվող հյուրասենյակով, որը ճարտարագետները միայն երկու հազար տարի անց կկարողանան կրկնել, բարձր հարկերով ու տուրքերով, որոնք հանգեցրին ապստամբությունների և, ի վերջո, ինքնասպանությամբ, Ներոնը այնպես թուլացրեց Հռոմեական կայսրությունը, որ այն բավական ժամանակ ի վիճակի չէր իրագործել իր գաղութատիրական նկրտումները։ Բայց Ներոնի մեծագույն ծառայությունը Հայոց աշխարհին Տրդատ Արշակունու թագադրումն էր։ Նա դարձավ Հայոց ամենաերկարակյաց գահատոհմի հիմնադիրը, որն իշխեց 66 թվականից մինչև 428 թվականը։
Պեղումներ
Հայոց ծանոթ և անծանոթ պատմությունից
Պեղումներ․ Արտաշես Մեծի խաղաղության օազիսը
Արտաշես Մեծը խաղաղության հայկական օազիսում իր քաղաքակրթական անկյունաքարերը հաստատեց՝ աշխարհի զարգացումն ու հայրենական ավանդույթը համադրելով։ Իշխանության այդ կանոնակարգումն էր, որը մեծացրեց հայկական պետականության դիմադրողականությունը հետագա դարերում և ազգային ինքնագիտակցություն ներմուծեց արժեքներ, որոնք արդիական են մինչև այսօր։
Read moreՊեղումներ. «Մի վարդ քաղեց այտից». Արա Գեղեցիկ, Շամիրամ… Նինոս
Արդյո՞ք հայոց Արա արքային տիրանալ ցանկացող Ասորեստանի աշխարհակալ թագուհի Շամիրամն իսկապես վավաշոտ ու նենգ կին է, արդյո՞ք այս սիրավեպ ավանդազրույցն ունեցել է իրականության հետ կապ, համադրում ու մեկնաբանում է Վահրամ Մարտիրոսյանը։
Read moreՊեղումներ. Վառվռուն աչքերով և հպարտ բնավորությամբ Հայկը
Մեր անվանադիր Հայկը հրաշալի ժառանգություն է՝ իր «վառվռուն աչքերով», ազատասիրությամբ ու բարեհաճությամբ դեպի այլ ազգերը։ Ո՞րն էր Հայկի «հաջողության գաղտնիքը», ինչպե՞ս է դա արտահայտվում ու ինչպիսի՞ն պետք է լիներ ժամանակի հեռահար զենքը՝ նետուաղեղը, կատարյա՛լ նետուաղեղը։
Read moreՊեղումներ. Ու՞մ և ինչու՞ է Խորենացին իրականում կոչել Տիգրան Մեծ
Արքայազն Տիգրանը Քսենոփոնի վեպում զգացմունքային է, պերճախոս, անձնվեր։ Իսկ Խորենացին նրան համարում է թագավորներից ամենահզորը, ամենախոհեմն ու քաջը։ Ինչու՞ Պատմահայրը չի զսպում իր զգացմունքները՝ անդրադառնալով Տիգրանի ժամանակաշրջանին, մեկնաբանում է Վահրամ Մարտիրոսյանը։
Read moreԱմբողջական շարքը կարող եք լսել այստեղ։