Թե ինչպե՞ս ու ինչո՞ւ «քարանձավներում ու գետնախորշ դամբարաններում գաղտնի երկրպագվող կրոնը պատվեց շքեղությամբ», բացահայտում է Վահրամ Մարտիրոսյանի ՁայնաՊատումը, որտեղ հեղինակն առավել մանրամասն է ներկայացնում իրավիճակն ու ավելի շատ փակագծեր բացում, քան հոդվածում։
«Պեղումներ» շարքի ընթացիկ՝ «Ինչու՞ քրիստոնեություն» ենթաշարքը Հայոց եկեղեցու պատմությունը չէ. այն պետականության արժեքների տեսանկյունից է դիտարկում կրոնն ու Եկեղեցու հաստատությունը, ինստիտուտը սկսած՝ I դարից՝ զուգահեռելով Հայաստանի քաղաքական իշխանության գործունեության հետ։ Իսկ «Պեղումների» նախորդ հոդվածներն ընդգրկում են ոչ շատ հայտնի դրվագներ ու գործիչների հայոց պատմությունից՝ սկսած Տիգրան Երվանդյանից մինչև Եվրոպայի հայկական սրճարաններ, մեր անվանադիր Հայկից մինչև գրերի գյուտ ու պատմության արձանագրման գաղտնիքներ։
Հայաստանում արդեն շուրջ երկուսուկես հարյուրամյակ գործում էին քրիստոնեական գաղտնի համայնքներ, երբ III դարի վերջին այստեղ խաչվեց երկու ճակատագիր։ Տրդատը թագի ժառանգորդն էր, Գրիգորը՝ Հայոց եկեղեցու ապագա հիմնադիրը։ Ավելի վաղ մեր երկրում խաչվել էին նրանց հայրերի ճակատագրերը։
Հայրերի սպանությունը՝ Խոսրով և Անակ
Գրիգորի հայր Անակը պարթև Արշակունի էր։ Ինչպես և՝ մ.թ. 50-ականներից 428-ի Հայոց բոլոր թագավորները։ Պարթևները Իրանի ցեղախմբերից էին, որոնք իրենց կոչում էին «փահլավան», բառ, որ ինչպես «պարթև»-ը՝ հայերեն, նշանակում է հաղթանդամ` «փահլևան»։ Պարթև Արշակունիները կես հազարամյակ տիրել են Իրանի գահին։ Պատմիչ Ագաթանգեղոսը կոչում է Անակին «պարթևների տերության գլխավոր նահապետ», այսինքն՝ արքայական տոհմի ավագ որդի։ I դարից, երբ Հայաստանի թագավոր օծվեց նույն տոհմի կրտսեր ճյուղի ներկայացուցիչը, Իրանի Արշակունիները կրում էին «հայոց մեծ թագավոր» տիտղոսը, ինչի մասին սովորաբար լռում է հայ պատմագիտությունը։ Բախումներ լինում էին Հայաստանի և Իրանի Արշակունիների միջև, բայց դրանք յուրատեսակ «քաղաքացիական պատերազմներ» էին մինչև III դար, երբ Սասանյանների տոհմը պետական հեղաշրջում կատարեց, և Հայաստանը մնաց միակ երկիրը, որտեղ իշխում էր նրանց հակառակորդ Արշակունի գահատոհմը։
Դավաճան Անակի սպանությունը, Ջուլիանո Ձասսո (1833-1889)
Հայոց Խոսրով Արշակունի թագավորը 245-ին ապստամբեց Սասանյանների դեմ։ Նա մի քանի անգամ հաղթեց պարսիկներին։ Այդ ժամանակ էր ահա, որ Շապուհ I շահնշահը կանչեց Անակին և խոստացավ Քուշանաց աշխարհի թագը, եթե նա սպաներ Խոսրովին։ Անակը համաձայնեց` Քուշանաց աշխարհը, որը տարածվում էր Միջին Ասիայից մինչև Հյուսիսային Հնդկաստան, պարթևների բուն հայրենիքն էր իրանական աշխարհում։
Շահնշահը ռազմական գործողությունների մի ամբողջ ներկայացում բեմադրեց։ Իբր պարսկական զորքը հալածում է Անակին, և սա նահանջում է Հայաստան։ Խոսրովը, խաբվելով, օգնական գունդ ուղարկեց, որը փրկեց Անակին, ապա թագավորը տիրույթներ շնորհեց նրան։ Անակը երկու տարի սպասեց հարմար պահի և սպանեց Խոսրովին։ Հայ նախարարները հետապնդեցին Անակին, բռնեցին ու «գետավեժ» արեցին Արաքսի` այդ օրերին «հորդացած սառցախառն ջրերում»։
Ապա, ինչպես ընդունված էր այդ դարերում, բնաջնջեցին արքայասպանի տոհմը։ Փրկվեց երկու երեխա՝ Գրիգորն ու իր եղբայրը։
Որդիների համերաշխությունը, գժտությունը, ապա միասնությունը՝ Տրդատ և Գրիգոր
Խոսրովի մահից հետո մանուկ արքայազնի` Տրդատի կյանքին վտանգ էր սպառնում։ Արտավազդ Մանդակունի իշխանը գահաժառանգին փախցրեց Հռոմ։ Շատ չանցած շահնշահը գրավեց Հայաստանն ու կոտորել տվեց Մանդակունի իշխանի տոհմը։
Տրդատը (250-330) Հռոմում մեծացել է կոմս Լիկինիոսի տանը (308 թվականից` հռոմեական կայսր)։ Օտար միջավայրում նա պետք է ապացուցեր, որ արժանի է իր բարձր ծագմանը։ Նա տիրապետեց հունարենին ու լատիներենին, տպավորիչ հաղթանակներ տոնեց ուժի և զենքի մրցումներում։ Ըստ պատմիչների, նա մասնակցել է օլիմպիական խաղերին, մի ձեռքով, եղջյուրից բռնած, ոլորել ցուլի վիզը, կրկեսում կանգնեցրել է սլացող կառքը։ Երբ Հռոմի սարսափ գոթերի թագավորը մենամարտի է կանչել Դիոկղետիանոս կայսրին, Տրդատը նրա հագուստով դուրս է եկել կռվի և հաղթել՝ պահպանելով թե՛ կայսեր կյանքը, թե՛ կայսրությունը՝ վերահաս պատերազմից, որի ելքը, գոթերի պարագայում անկանխատեսելի էր։
Ինչ վերաբերում է Գրիգորին, նա ապաստանել էր Փոքր Ասիայի Կեսարիա քաղաքում։ Գրիգորը մանկուց լսել էր սուրբ նահատակների պատմությունները` դայակը քրիստոնյա էր։ Հասակ առնելով՝ նա ամուսնացավ Մարիամի, Դավիթ անունով բարեպաշտ մի քրիստոնյայի դստեր հետ։ Արդեն ունեին երկու զավակ, երբ մի օր իմացավ, որ իր հայր Անակը սպանել է Հայոց Խոսրով թագավորին։ «Որպես ճշմարիտ քրիստոնյա», գնաց «Տրդատի մոտ հոր պարտքը հատուցելու» (Խորենացի)։ Տրդատը շուրջ մեկ տասնամյակ՝ 276-ից, հաջողությամբ ճակատամարտում էր պարսից զորքի դեմ։ Գրիգորը, որ երիտասարդ տարիքում զինվորական էր, մշտապես արքայի կողքին էր։ 287-ին Տրդատը վերանվաճեց գահը և, ի նշան հաղթության, գոհության տոնախմբություն կատարեց Անահիտի մեհյանում:
Տրդատը գիտեր, որ Գրիգորը քրիստոնյա է, բայց պահանջեց, որ զոհ մատուցի Անահիտ մեծ տիկնոջը։ Սա ապացույց է, որ Հայաստանում արդեն կար հանդուրժողականություն քրիստոնյաների հանդեպ, բայց «կարիերայի» սահմանափակմամբ՝ Գրիգորն արդեն չափից դուրս բարձր դիրքի էր հասել, որպեսզի պաշտոնական կրոնը՝ բազմաստվածությունը չընդուներ։ Կարծիքներ կան, որ Տրդատը հենց այդ ժամանակ է իմացել, որ նա Անակի որդին է, և ցանկացել է հոր վրեժը լուծել, այսուհանդերձ, կարծում եմ, վճռորոշ է եղել արտաքին-քաղաքական գործոնը։
Հռոմը նոր հալածանք էր սկսել քրիստոնյաների դեմ, և Հայոց արքան, որպես դաշնակից, պարտավոր էր աջակցել կայսեր ձեռնարկներին։ Եվ նա չխնայեց, Ագաթանգեղոսի բառերով, «վաստակավոր Գրիգորին՝ իր սիրելիին»։ Գրիգորը մերժեց դավանափոխության առաջարկը։ Նրա և թագավորի միջև անզիջում կրոնական վեճ ծավալվեց, որի ընթացքում Գրիգորը հեթանոսներին մեղադրեց, թե
«մտքով եզից ու էշից էլ պակասամիտ գտնվեցիք, քանի որ չճանաչեցիք ձեր ստեղծողին»։
Ակնհայտ է, որ կոպիտ վիրավորանք է։ Բայց երբ Ագաթանգեղոսը գրում էր թագավորին ուղղված այս խոսքերը, քրիստոնեությունն արդեն հաղթել էր, և պատմիչը կարող էր նաև չափազանցություն թույլ տալ իրեն։ Տրդատը, ըստ նրա, զարհուրելի չարչարանքների դատապարտեց Գրիգորին։ Նրան մեքենաներով կախեցին ապարանքի ամենաբարձր կետից, յոթ օր անց ևս յոթ օրով կախեցին՝ արդեն մեկ ոտքից, աղբ վառեցին տակն ու դալար ճիպոտներով ծեծեցին։ Այս տանջանքներից հետո նրա ներբաններին երկաթե մեխեր խփեցին ու ստիպեցին քայլել։ Ապա քթի մեջ եղեգան փող դրեցին, մեջը աղ, բորակ ու թունդ քացախ լցրին… Գրիգորը դիմացավ բոլոր տասներկու տանջանքներին և շարունակեց քարոզել։
Ի վերջո, արքան նրան գցել տվեց վեց մետր խորությամբ փոսը՝ Խոր վիրապը, որը նախատեսված էր մահապարտների համար և լիքն էր օձերով, սարդերով, կարիճներով։ Գրիգորը տարիներ մնաց Վիրապում։
Այդ ընթացքում «դրսի» աշխարհում աներևակայելի փոփոխություններ տեղի ունեցան։ 297-ին Պարսից Ներսեհ շահնշահը մեծ բանակով գրավեց Հայաստանը, բայց երկու տարի անց Դիոկղետիանոս կայսեր հռոմեական լեգեոններն ու հայկական զորքը ջախջախեցին պարսիկներին։ Գերի ընկավ Ներսեհի ամբողջ բազմանդամ ընտանիքը։ Նա ստիպված եղավ քառասուն տարով հաշտության պայմանագիր կնքել, որի համաձայն, ի թիվս այլ զիջումների, Տրդատի իշխանությունը տարածվեց Կասպից ծովից մինչև Միջագետք, որը հիմք տվեց նրան հորջորջելու Մեծ։
Բայց։ Անսպասելի ձևով, ըստ վարքաբանական պատումների, հայ-հռոմեական դաշինքը վտանգվեց։ Ագաթանգեղոսի «Հայոց պատմությունը» այնքան մանրակրկիտ է, որ ավանդությունների աշխարհը թվում է իրական։ Դիոկղետիանոսը ցանկանում էր իրեն կին գտնել և կայսրության չորս ծագերն ուղարկեց պատկերահան նկարիչների (գործառույթի առումով՝ այսօրվա «լուսանկարիչների»)։ Սրանք մի մեկուսի կուսանոցում հանդիպեցին «պարկեշտագեղ» Հռիփսիմեին։
Երբ Դիոկղետիանոսը տեսավ «Հռիփսիմեի… նկարի հիասքանչ վայելչությունը, կատաղի ցանկության տռփանքով լցվեց… և շտապեց հարսանեկան ուրախություն անել»։ Բայց կույսերի գլխավոր Գայանեն փախուստի դիմեց՝ Հռիփսիմեին և յոթանասուն այլ կույսերի առած, «որպեսզի իրենց անձերը սրբությամբ պահպանեն հողաթավալ, մեղսաթաթավ, մեղանչական, անօրեն ու դիվական մարդկանց խառնակությունից»։ Երկար դեգերումներից հետո Հռիփսիմյանց կույսերը եկան Վաղարշապատ։ Շուտով Հռոմից ուղերձ հասավ Հայոց մայրաքաղաք.
Ինքնակալ կայսր Դիոկղետիանոսը՝ մեր սիրելի եղբայր և աթոռակից Տրդատին, ողջո’ւյն…
Խնդրանքը, որ պետք է շարադրեր Դիոկղետիանոսը, այնքան կարևոր էր նրա համար, որ «եղբայր» դիմելաձևն է ընտրել՝ ենթակա թագավորներին կայսրերը դիմում էին «որդի» բառով, «եղբայրը» թագակիր անձանց միջև նշանակում էր հավասարություն։
Մեր սրերը բթացան, իսկ նրանք (քրիստոնյաները) չզարհուրեցին մեռնելուց, քանզի մոլորված են՝ ոմն խաչյալ հրեայի հետևելով […] Մինչև անգամ կանանց տղամարդկանցից և տղամարդկանց կանանցից ողջ-ողջ հեռացնում են»։
Այնուհետև կայսրը կոչ էր անում Տրդատին սպանել փախստական կույսերին՝ չբացառելով, որ եթե ուզենա, կարող է նաև կնության առնել «չքնաղագեղ» Հռիփսիմեին։
Հռիփսիմե և Գայանե
Հռիփսիմյան կույսերն ապաստանել էին քաղաքի հյուսիս-արևելյան կողմի խաղողի հնձաններում։ Նրանք ուտելիք էին հայթայթում՝ քաղաքում վաճառելով իրենց ունեցվածքն ու կույսերից մեկի պատրաստած ապակե ուլունքները։ Տրդատը հրամայեց հսկողության տակ առնել «պողոտաների և բոլոր գավառների ամեն անցքերը»։ Շուտով պարզվեց նրանց տեղը՝ ինչքա՞ն կարող էին կույսերն օտար երկրում թաքնվել։ Հսկայական բազմություն հավաքվեց տեսնելու Հռիփսիմեի գեղեցկությունը։ Թագավորն այնպես գերվեց նրանով, որ իր սիրտն ու գահն առաջարկեց, բայց Հռիփսիմեն մերժեց։ Տրդատը փորձեց բռնի տիրանալ կույսին, «ժամը երեքից մինչև տասը»՝ ըստ պատմիչի։ Քաղաքը ցնծում էր, բոլորը երգում էին ու պարում՝ պատրաստվելով հարսանիքին, բայց նույնիսկ հզոր մարզիկի ուժը չբավարարեց թագավորին՝ կոտրելու օրիորդի դիմադրությունը, որը «գոտեպնդվել էր աղոթքներով»։ Տանջեցին մայրապետ Գայանեին, բայց նա իր սանուհուն հորդորեց ոչ թե Տրդատի, այլ Երկնային թագավորի կամքը կատարել։ Չարչարեցին նաև մյուս կույսերին, ձգեցին չորս ցցի վրա, այրեցին, գոգները քար լցրին…
Նրանց չարչարանքները, ինչպես և՝ Գրիգորինը, բազմաթիվ էջեր են զբաղեցնում Ագաթանգեղոսի գրքում՝ նոր հավատը հեշտությամբ չպետք է հաղթի։
«Հոռի ամսի քսանվեցին երեսուներեք նահատակակից ընկերներով» Հռիփսիմեն վախճանվեց։ «Վեց օր խոր տխրության և անտանելի տրտմության մեջ էր թագավորը, Հռիփսիմեի գեղեցկության նկատմամբ ունեցած տենչալի սիրո պատճառով»։
Ապա Տրդատը որսի է գնում, որ ծանր ապրումներից ազատվի։ Այստեղ նրան պատուհասում է խոզակերպությունը, որը բժշկության մեջ լիկանտրոպիա` գայլամարդություն կոչվող հիվանդությունն է։ Թագավորաքույր Խոսրովիդուխտը տեսիլք է ունենում, որ միայն Գրիգորը կարող է Տրդատին ապաքինել։ Գրիգորը, ըստ պատմիչի, «օձերի հենց տեսքից պետք է մեռած լիներ», բայց նրան զորություն էր տվել Աստծո հրեշտակը, իսկ այրի մի կին օրական մի նկանակ հաց բերել։
Իշխան Օտա Ամատունուն ուղարկեցին Գրիգորին բերելու։ Նա դրսից պարան գցեց վիրապը, ձայն տվեց` Գրիգոր։ Ոչ մի պատասխան… Նորից ձայնեց։ Մի՞թե մահացել է, վաղուց։ Քիչ անց պարանը ներքևից ձգեցին։ Ուրեմն, կա՛մ ուշաթափ էր, կա՛մ ուժասպառ։
«Պատմություն Ագաթանգեղոսի», 1569. Գրիգոր Լուսավորիչը քարոզում է, Տրդատ թագավորը դեռ վարազի տեսք ունի
Հայ առաքելական եկեղեցին ամեն տարվա մարտին նշում է «Սուրբ Գրիգոր Լուսավորչի մուտն ի Վիրապ», իսկ հունիսին՝ «Ելն ի Վիրապեն»։
Գրիգորն աղոթքով բուժեց Տրդատին։ Նա հուղարկավորեց կույսերին, որոնց մարմինները ո՛չ շուն էր վնասել, ո՛չ գազան, ո՛չ քայքայվել էին, ըստ պատմիչի։
Տրդատը Գրիգորին ճանապարհեց եպիսկոպոս ձեռնադրվելու՝ Փոքր Ասիայի Կեսարիա կամ հայկական անվանումով՝ Մաժաք քաղաքում, տասնվեց երևելի նախարարների ուղեկցությամբ։ Արքունական կառքը, որով նա ժամանեց, ոսկեպատ էր։ Այն քաշում էր 12 զույգ սպիտակ ջորի (որոնք ձիերից ավելի պատվական էին համարվում լծելու համար)՝ ահա այսպես քարանձավներում ու գետնախորշ դամբարաններում գաղտնի երկրպագվող կրոնը պատվեց շքեղությամբ։ Կեսարիայի Ղևոնդիոս հայրապետը Գրիգորի մանկության խաղընկերն էր՝ նրանք ողջագուրվեցին։ Ղևոնդիոսն ու տարբեր կողմերից եկած սրբազնագույն եպիսկոպոսները ձեռքները դրեցին Գրիգորի վրա և, ուսին գցելով եմիփորոնը, բացականչեցին. «Արժանի՜, արժանի՜, արժանի՜»։ Այդ օրն ամբողջ քաղաքում տոն եղավ, հրավառություն, մկրտվեցին բազմաթիվ քաղաքացիներ։ Գրիգորին հետ ուղեկցեցին ջահերով ու մոմերով։
Վերադառնալով Հայաստան` Գրիգորը Արածանի գետում մկրտեց Տրդատին, Հայոց մեծ տիկին Աշխենին, արքունիքը և բանակը։
303 թվականի հունվարի 6-ի այգաբացն էր՝ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության օրը։ Ըստ պատմիչի՝ 7 օրում 4 միլիոն մարդ օծվեց։ Բոլորը մկրտվում էին մերկ։ Արդյոք դա գայթակղության չէ՞ր տանի տոնախմբության մասնակիցներին։ Ոչ։ Գետի մեջտեղում ձգել էին վարագույրներ, ծածկոցներ, որոնց շնորհիվ կանայք ևս առանց հանդերձների իջնում էին մկրտության ավազան։ Լուսավորիչը մյուռոն ու յուղ լցրեց գետը՝ խաչի նշան անելով։
Այնուհետև Գրիգորը, ըստ պատմիչի, «ճարտարապետի լարը» ձեռքին անձամբ գցում է առաջին մատուռների հիմքերը Հռիփսիմյան կույսերի նահատակության տեղում։ Տրդատը, որ ջանում էր քավել նրանց մահվան մեղքը, «բրիչ ու բահ առած փորեց սրբերի հանգստյան գերեզմանները, ըստ դագաղների չափի»։ Թագավորը նաև «հայկաբար»՝ Հայկ Նահապետին վայել ուժ գործադրելով, ութ հսկա քար է բերում Մասիսի գլխից՝ եկեղեցիների հիմքերի համար։
Տրդատ թագավոր, Աշխեն թագուհի, Խոսրովիդուխտ,
Նաղաշ Հովնաթան (1661-1722)
Ըստ պատմիչի, Տրդատը դարձել էր «կենդանի քարոզ»՝ ամենուրեք Գրիգորի հետ էր։ Լուսավորիչը համոզեց թագավորին երեխաների հավաքել, նրանց թոշակ նշանակել, և կեսին ասորի, կեսին հելլենական դպրություն ուսուցանել (հայկականը դեռ չկար)։ Հայ առաջին քրիստոնյա պատմիչ Ագաթանգեղոսը գրում է.
Դրանով իսկույն, մի ակնթարթում, երկրի վայրենամիտ, դատարկասուն և անասնաբարո բնակիչները արագորեն մարգարեագետ, առաքելածանոթ և Ավետարանի ժառանգորդներ դարձան…
Ապա Տրդատն ու Գրիգորը բազմաթիվ մեհյաններ են կործանում։ Մեր պատմիչները դիմադրության համեմատաբար քիչ դեպքեր են հիշատակում, բայց Տարոնում, որտեղ կանգնեցված էին 10 ու 15 մետրանոց պղնձե կուռքեր՝ նվիրված Գիսանե և Դեմետր աստվածներին, Արձան քրմապետի զորքը մոլեգնաբար կռվում է մի քանի օր, և միայն երբ Անգեղ տան իշխանը սպանում է նրան, կռապաշտներն ընդունում են իրենց պարտությունը։ Ճակատամարտի տեղում մահարձան է կանգնեցվել, որին գրված էր, որ այստեղ են ամփոփված «ԱՐՁԱՆ ՔՐՄԱՊԵՏԸ ԵՎ 1038 ՀՈԳԻ, ՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԵՑԻՆ ՀԱՆՈՒՆ ԳԻՍԱՆԵԻ ԿՈՒՌՔԵՐԻ ԵՎ ՀԱՆՈՒՆ ՔՐԻՍՏՈՍԻ» (Զենոբ Գլակ Ասորի. «Պատմություն Տարոնի»)։
Ոչ միայն ի պատիվ հաղթողների, այլև հակառակորդ զինվորների հիշատակին նվիրված մեկ-միասնական մահարձանը լայնախոհության բացառիկ դրսևորում է, որով կարող է հպարտանալ ցանկացած ժողովուրդ։
Պետական կրոնը ենթադրում էր եկեղեցիների և հոգևորականների ցանց երկրով մեկ, որոնց կենսական կարիքները հոգալու համար Լուսավորիչը յուրաքանչյուր ագարակից 4-ական ծխի հողաբաժին հատկացրեց հոգևորականներին, ավաններից՝ 7-ական, և մեհյանների կալվածքները փոխանցեց եկեղեցուն։ Մեհյաններում ահռելի գանձեր էին կուտակվել. նա մի մասը հատկացրեց արքունի գանձարանին կամ բաժանեց չքավորներին, մնացածը տրամադրեց եկեղեցիների կառուցմանը։
Հայոց եկեղեցին ֆինանսական ու տնտեսական բավարար միջոցներ ձեռք բերեց, որպեսզի իր իշխանությունն ամրապնդի, բայց արդյոք այն որպես հաստատություն ներդաշնակվե՞ց պետականությանը։ Բավական է միայն մի փաստ նշել. IV դարում Հայաստանում սպանվեց երեք քահանայապետ, որոնց ավելի ուշ կկոչեն կաթողիկոս, իսկ չորրորդի մահվան հանգամանքները կասկածելի են։ Սպանվեցին նաև մի քանի թագավորներ, որոնց հետ հոգևորականությունն առճակատման մեջ էր։
Պեղումներ
Հայոց ծանոթ և անծանոթ պատմությունից
Պեղումներ. Աստված սեր է, բոլորը հավասար են Նրա առաջ
Հայ քարոզիչները, երկրի ներսում, թե այլուր, տարածում էին նոր կրոնը՝ երբեմն զոհելով իրենց ու իրենց հարազատների անձերը, գրում է Վահրամ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով մեր թվարկության առաջին դարերում դավանանքի ընտրության ընթացքին։
Read moreՊեղումներ. Ինչո՞ւ քրիստոնեություն
Վաղուց չէ, որ խաչվել է Հիսուսը։ Ի՞նչ են խոսել Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները, որոնց քարոզչության ուղիները հատվել են Հայաստանում։ Սուրբ Հոգու հրա՞շքն են հիշել երախտագիտությամբ, թե՞ խոսել են փորձություններից, որոնց հանդիպել են քարոզչության տատասկոտ ճանապարհներին։
Read moreՊեղումներ․ Խենթություն հայկական ձևով՝ Սասնա ծռեր
«Սասնա ծռերը» պատմական Հայաստանի մի որոշ հատվածի վեպն է, բայց հայ ժողովուրդը «որդեգրել է» այն։ Իսկ արդյո՞ք ժողովուրդն այժմ համապատասխանում է իր էպոսին։ Բնորո՞շ է, դիցուք, «Սասնա ծռերի» հերոսների վարքն այսօրվա հայությանը, որքանո՞վ ենք մենք՝ հայերս, «ծռեր»՝ միամիտ խենթեր, մեկնաբանում է Վահրամ Մարտիրոսյանը:
Read moreՄյուս ՁայնաՊատումները՝ այստեղ։