
Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր՝ արհեստական բանականության ընթերցմամբ։
Առաջիկա խորհրդարանական ընտրությունները հուսահատության զգացում առաջացնո՞ւմ են։ Չգիտե՞ք՝ ում քվեարկել։ Այս հոդվածը գրել եմ հենց Ձեզ համար։ Ուզում եմ օգնել նվազեցնելու բարկությունն ու շփոթմունքը։ Ձեր ընտրությունը կարևոր է։ Տեսնենք, թե ինչպես կարող ենք քվեախցիկում կայացնել հանգիստ ու կշռադատված որոշում։
Առաջին քայլը. սոցիալական մեդիայի հիգիենա։ Դադարե՛ք սոցցանցերն օգտագործել քաղաքական տեղեկատվություն ստանալու համար։ Դրանք դրա համար նախատեսված չեն։ Սոցցանցերն ի սկզբանե նենգափոխող բնույթ ունեն։ Սոցիալական մեդիայում քաղաքականությանն առնչվող բովանդակության ահռելի տոկոսը պարզապես աղբ է։ Թեկնածուների վարքագիծը սոցցանցերում կարող է Ձեր՝ որոշում կայացնելու գործոններից մեկը լինել (այդ մասին՝ ստորև)։ Բայց ես հույս ունեմ Ձեզ համոզել, որ կան այլ՝ ավելի արդյունավետ գործոններ։
Երկրորդ. կողմնորոշվեք՝ ուզում եք քվեարկել «կողմ», թե՞ «դեմ»։ Սա գուցե տարօրինակ հնչի։ Գործնականում մենք բոլորս քվեարկելու ենք 18 թեկնածուներից որևէ մեկի «օգտին»։ Սակայն այստեղ կարևոր հոգեբանական նրբերանգ կա։ Մեզնից ոմանք կարծում են, որ ամենաչսիրած թեկնածուին «պատժելը» իրենց քվեի լավագույն կիրառումն է։ Ահա թե ինչ նկատի ունեմ «դեմ» քվեարկելով։ Մենք սրան կանդրադառնանք հոդվածի վերջում, քանի որ, նախ, ցանկանում եմ Ձեզ դրդել դրական մտածելուն՝ քվեարկելով «օգտին»։ Բայց եթե դա չաշխատի, ապա, անշուշտ, օգտագործե՛ք Ձեր ձայնը Ձեր անհամաձայնությունն արտահայտելու համար։
Երրորդ. որոշեք՝ արդյոք «փոքր խաղացողները» արժանի՞ են Ձեր ուշադրությանը։ Ոմանց համար ընտրությունները երկու կամ երեք հիմնական մրցակիցների միջև պայքար են։ Եթե ցանկանում եք համոզված լինել, որ Ձեր ձայնը նպաստում է հաջորդ գործադիր իշխանությունը ձևավորելու «մեծ խաղին», Ձեր ընտրությունը սահմանափակ է, բայց նաև բավականին պարզ, քանի որ գալիք ընտրություններում «խոշոր խաղացողների» միջև տարբերությունները կտրուկ են։ Եթե որոշեք կենտրոնանալ «խոշոր խաղացողների» վրա, հավանաբար կվերադառնաք նախորդ հարցին՝ «կողմ», թե՞ «դեմ»։ Հոգ չէ։ Քվեարկությունը բարդ որոշում է, մտքի «հետ ու առաջ» անցումը նորմալ է։ Ծանր ու թեթև արեք՝ հաշվի առնելով տարբեր փաստարկներ և անկեղծորեն ընդունելով Ձեր զգացմունքները։ Եթե Դուք իսկապես չեք սիրում «խոշոր խաղացողներից» մեկին, Ձեր միակ ընտրությունը մյուս «խոշոր խաղացողն» է, ով հնարավորություն ունի հաղթելու Ձեր չսիրած թեկնածուին։ Բայց չէ՞ որ սա տխուր ընտրություն է։
Այստեղ մենք հասնում ենք այս հոդվածը գրելու իմ գլխավոր շարժառիթին։ Որպես քաղաքագետ՝ ուզում եմ փաստել, որ ա) խորհրդարանական ընդդիմությունը չափազանց կարևոր է, և բ) «փոքր խաղացողները» նույնպես նշանակություն ունեն։ Ինձ համար ցավալի է, որ Հայաստանում շատերը խորհրդարանական ընտրություններն ընկալում են «հաղթանակն ամեն ինչ է» սկզբունքով։
Իհարկե, ընտրությունները հաջորդ գործադիր իշխանության ձևավորման մասին են։ Բայց, միևնույն ժամանակ, դրանք նաև օրենսդիր մարմնի ձևավորման մասին են։ Երկրորդ տեղը զբաղեցրած կուսակցությունը չի «պարտվում»։ Այն ստանձնում է խորհրդարանական ընդդիմությունը գլխավորելու չափազանց կարևոր դերը։ Հայաստանը որակյալ քաղաքական ընդդիմության խիստ կարիք ունի։ Նույնիսկ եթե այն փոքրամասնություն է և ի վիճակի չէ ազդել մեծ որոշումների վրա, միևնույն է, պետք է ապահովի կառուցողական քննադատություն և քաղաքականության այլընտրանքային տեսլականներ։ Ազգային ժողովում մանդատ ունենալը արտոնություն է և պատասխանատվություն։
Որոշ ընտրողների համար միայն «խոշոր խաղացողներն» են կարևոր։ Դա անձնական ընտրություն է և անժխտելի իրավունք։ Սակայն համամասնական ընտրակարգով խորհրդարանական համակարգում փոքր կուսակցությունները նույնպես կարևոր են։ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը (Ընտրական օրենսգրքի 95.4 հոդված) պահանջում է Ազգային ժողովում առնվազն երեք քաղաքական ուժի ներկայություն։ «Փոքր խաղացողները» մրցում են հենց այդ դերի համար։ Խորհրդարանում հայտնվելը նրանց կտա անհրաժեշտ «քաղաքական թթվածինը»՝ քաղաքականությունում դերակատարում պահպանելու համար։ Մի քանի քաղաքական կուսակցություններից կազմված խորհրդարանը մեզ՝ այս երկրի քաղաքացիներիս, կտա տեսակետների անհրաժեշտ բազմազանություն։
Փոքր կուսակցությունները կարևոր են, որովհետև նրանք ներկայացնում են այն մարդկանց տեսակետները, ովքեր իրենց ներկայացված չեն զգում «խոշոր խաղացողների» կողմից։ Նրանք հարստացնում են հանձնաժողովներում աշխատող և օրինագծեր քննարկող պատգամավորների փորձագիտական ներուժը։ Կախված մանդատների վերջնական բաշխումից՝ նրանք կարող են դառնալ առանցքային կոալիցիոն գործընկերներ կամ ժամանակավոր դաշնակիցներ՝ որակյալ մեծամասնություն պահանջող որոշումներ ընդունելիս։ Եթե կա մի թեկնածու, ով, Ձեր կարծիքով, լավ պատգամավոր կլինի, արդյո՞ք ճիշտ է նրան արհամարհել զուտ այն պատճառով, որ նա բավարար ձայներ չի հավաքի կառավարություն ձևավորելու համար։ Այո, կա հավանականություն, որ նրանք չեն հաղթահարի 4 տոկոսի շեմը։ Բայց նույնիսկ եթե չհաղթահարեն, Ձեր ձայնը նրանց համար միևնույն է կարևոր կլինի։ Նրանք կարող են հաղթահարել 2 տոկոսի շեմը և հաջորդ հինգ տարիների ընթացքում պետական ֆինանսավորում ստանալ։ Ծայրահեղ դեպքում նրանք բարոյական բավարարվածություն կստանան՝ իմանալով, որ ինչ-որ տեղ ինչ-որ մեկը վստահել է իրենց քվեն։ Դա կարող է նրանց ուժ տալ առաջ շարժվելու համար։
Որոշելուց հետո, թե ուզում եք կենտրոնանալ «խոշոր խաղացողների» վրա, թե՞ պատրաստ եք դիտարկել նաև «փոքրերին», Ձեզ մոտ դեռ կարող է հարց առաջանալ՝ իսկ ինչպե՞ս ընտրել։
Նայե՛ք նրանց անցած ուղուն (փորձառությանը)։ Թեկնածուներից շատերը երկար ժամանակ քաղաքականության մեջ են, իսկ ոմանք երկիրը կառավարելու փորձ ունեն։ Դուք սեփական մաշկի վրա եք զգացել նրանց գործողությունների արդյունքները։ Այն մարդկանց կարծիքը, ովքեր ավելի երկար են ապրել այս երկրում, քան Դուք, նույնպես կարող է տեղեկատվության լավ աղբյուր լինել։ Քաղաքականությունը բարդ գիտություն չէ։ Այն մեր ապրած կյանքի մասին է։ Դրանում է այն գաղափարի գեղեցկությունը, որ մարդիկ իրենք են ընտրում իրենց կառավարությունը՝ դրան ուղեկցող բոլոր հետևանքներով, հուսախաբություններով և ապագա հնարավոր խնդիրներով հանդերձ…
Նայե՛ք նրանց ներկայիս վարքագծին, ներառյալ նախընտրական քարոզարշավը։ Այստեղ սոցիալական մեդիան կարող է որոշակի դեր խաղալ, թեև ես նորից կզգուշացնեի սոցցանցերում ակտիվությունը իրականության հետ շփոթելուց։ Այդուհանդերձ, եթե Դուք, ինձ նման, վրդովված եք համացանցային որոշակի վարքագծից և բառապաշարից, ցույց տվե՛ք դա Ձեր քվեով։
Նայե՛ք նրանց նախընտրական խոստումներին։ Սա դասական քաղաքագիտություն է (գաղափարախոսության կամ ծրագրերի վրա հիմնված քվեարկություն), որը Հայաստանում կիրառելը միշտ շատ դժվար է եղել։ Բայց իրավիճակը կարծես թե փոխվում է։ Ընտրություններին մասնակցող թեկնածուները տարբերվում են իրենց արտաքին քաղաքական դիրքորոշումներով։ Ես կպնդեի նաև, որ նրանք տարբերվում են ժողովրդավարության և իրավունքի գերակայության նկատմամբ իրենց վերաբերմունքով, թեև դա ավելի դժվար է հստակ արձանագրել։
Եթե այս ամենից ոչինչ չի օգնում, և Դուք դեռ զգում եք, որ ավելի շատ «դեմ» եք, քան «կողմ» թեկնածուներից որևէ մեկին, գործե՛ք ըստ այդմ։ Մենք արդեն քննարկել ենք Ձեր չսիրած «խոշոր խաղացողին» «դեմ» քվեարկելու տարբերակը՝ աջակցելով մեկ այլ «խոշոր խաղացողի»։ Ձեր ունեցած մյուս երկու տարբերակներն են՝ քվեարկել մի թեկնածուի օգտին, ով բացահայտորեն քարոզարշավ է իրականացնում հենց այդ տրամադրություններով։ Պետք է խոստովանեմ, որ գնահատում եմ նրանց հումորը։ Բայց եթե Դուք դեմ եք բոլորին, ներառյալ՝ «բոլորին դեմ» տարբերակին, քվեարկե՛ք՝ անվավեր դարձնելով Ձեր քվեաթերթիկը։ Ընտրական օրենսգրքի 67.3 հոդվածը սահմանում է, որ քվեաթերթիկը ծրարի մեջ պետք է դնել առանց ծալելու։ Տրամաբանորեն, քվեաթերթիկը ծալելը պետք է անվավեր դարձնի այն։ Բայց եթե ցանկանում եք վստահ լինել, կարող եք էլ ավելի ստեղծագործ մոտենալ. մի քանի ծալված քվեաթերթիկ միասին դրեք ծրարի մեջ և/կամ գրիչ վերցրեք Ձեզ հետ և Ձեր ծալված քվեաթերթիկի վրա մեծ տառերով գրեք «ԱՆՎԱՎԵՐ»։ Ժպտացող դեմք նկարեք։ Ստիկեր փակցրեք…
Հստակեցնեմ՝ ես կողմնակից չեմ անվավեր քվեներին։ Բայց, եթե դա Ձեր ընտրությունն է, լիովին հարգում եմ նախաձեռնողաբար այն կիրառելու Ձեր որոշումը։ Դա քաղաքացիություն է։ Դա սեփական կամքի դրսևորում է։ Դա այն է, ինչի կարիքն ունի Հայաստանը։ Կոչ եմ անում բոլորին՝ գնացե՛ք ընտրության։
Այստեղ արտահայտված տեսակետները հեղինակի անձնական տեսակետներն են և որևէ կերպ չեն արտացոլում Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) դիրքորոշումը։
Փոդքաստ
Քարոզարշավ չորս տոկոսի համար
Հայաստանում, ինչպես զարգացող բոլոր հասարակություններում, դեռևս ձևավորվում է քաղաքական մշակույթ։ Ներսես Կոպալյանի հետ զրուցել ենք հունիսյոթյան ազգային ժողովի հնարավոր կազմի, ընտրությունների երկրորդ փուլի հավանականության, ընտրությունների արդյունքների վրա քվեարկության մասնակցության թվերի ազդեցության և EVN Report-ի ընտրողների վարքագիծը վերծանող հարցախույզի այլ մանրամասների մասին։
Read moreՄեր հայերեն էջից
Խաղահրապարակում մնացած աշխարհը
Երբ բակն ամայանում է, երեխան կորցնում է ոչ միայն խաղալու տեղը, այլև աշխարհի հետ չմիջնորդավորված, կենդանի հարաբերությունը։ Մի ոտանի սև սատանայից մինչև զիլինա, հավալա ու հալամուլա բակային խաղերի դերը վերլուծելով՝ ֆոտոպատմությունը ցույց է տալիս, որ ժամանակակից քաղաքային միջավայրում վերահսկվող մանկությունը նվազագույնի է հասցնում ինքնաբուխ համայնական փորձը։
Read moreԵտպատերազմյան հետագիծ
Պատերազմի անավարտ խոսակցությանը մոտենալու փորձ է արել լուսանկարիչ Վաղինակ Ղազարյանը՝ իր ֆոտոպատմության հերոսներին՝ 44-օրյա պատերազմի մասնակիցներին, անավարտ հարցեր տալով՝ վերհանել պատերազմի թողած հետքը։
Read moreԻնչո՞ւ երիտասարդները չեն վստահում
Ինչպե՞ս են բարձրագույն կրթության ոլորտում չիրականացված խոստացված բարեփոխումները, 44-օրյա պատերազմի ծանր հետևանքները և քաղաքական խոսույթի անկումը, ձևափոխել երիտասարդության վերաբերմունքը քաղաքականության նկատմամբ, մեկնաբանում է Դավիթ Պետրոսյանը՝ անդրադառնալով վերջին հարցման արդյունքներին։
Read more




