
Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր:
Փառատոներն աշխույժ հարթակներ են, որոնք միավորում են մարդկանց ընդհանուր թեմայի կամ օրակարգի շուրջ՝ խթանելով հանդիպումները, հասարակական հարակցությունը՝ միևնույն ժամանակ աշխուժացնելով այն բոլոր վայրերը, որտեղ դրանք անցկացվում են: Զուգահեռաբար, մայրաքաղաքում և մարզերում տարբեր ստեղծագործական համայնքներ նախաձեռնում են կինոյի, մեդիայի, երաժշտության, ճարտարապետության և ժամանակակից արվեստի փառատոներ՝ նպաստելով տնտեսական և հասարակական աշխուժացմանն ու հավաքական լիազորմանը, սա ի լրումն գաստրո, գինու և արհեստների մեծաթիվ փառատոների: 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո նմանատիպ համատեղ մշակութային դրսևորումները, որոնք հրամցվում են հանրությանը խիտ ժամանակացույցով, կարևոր դեր են խաղում նաև համայնքային կապերի, համերաշխության ու դիմակայության ամրապնդման մեջ և ինքնարտահայտման ապահով տարածք տրամադրում՝ շարունակական ճգնաժամին դիմակայելու և մեր հավաքական հոգեխոցերը հաղթահարելու համար: Բայցևայնպես, փառատոնի տեսլականի և մատուցման թերացումները կարող են վտանգել այդ նույն արժեքները՝ հարցեր բարձրացնելով դրանց մտադրությունների և ազդեցության վերաբերյալ:
Մեկամյա «Ճարտարապետության գրադարանի» տասներկու ամիս տևողությամբ ծրագրի շրջանակում «Էլեկտրիկ Արքիթեքթս» (Electric Architects) ճարտարապետական ընկերության նախաձեռնած «Տոտալ Դրամա» փառատոնը տեղի ունեցավ Երևանում, 2024-ի հունիսին: «Էլեկտրիկ Արքիթեքթս»-ը «Ռամբալկոշե» (RAMBALKOSHE) ժամանակակից արվեստի թանգարանի հետ համատեղ կազմակերպեց փառատոնի առաջին արարը մայիսի 31-ից մինչև հունիսի 2-ը՝ նախորդ տարի նախաձեռնված «Ռամբալկոշե» «թանգարան» (musæum) նախագծի շրջանակում: Այս անկախ կազմակերպությունները երեք օր անընդմեջ Երևանի Արաբկիր վարչական շրջանի Լևոն Խեչոյան փողոցում համատեղ զբաղեցրել էին 5000 քառակուսի մետր տարածքով շինություն: Տասնյակ արվեստագետներ, ստեղծագործական խմբեր, ապրանքանիշեր և խանութներ էին հրավիրված՝ առաջարկելու «տարածության ու ծավալի մեջտեղում թատերական արկածների՝ նմանը չունեցող փորձ», ինչպես նշում են կազմակերպիչները: Փառատոնի մասին հայտարարության մեջ, որը սոցիալական ցանցերում տարածվեց բացումից մեկ շաբաթ առաջ, հիշատակվում էին մասնակից արվեստագետների անունները, հասցեն, տարածքի տպավորիչ չափսերը և ԱՏեԷս (ATS) անվանումը: Բնականաբար, շատերիս հետաքրքրում էր, թե ինչ ահռելի շենք ենք բացահայտելու, և արվեստագետներն ինչպիսի մասնակցություն են ունենալու միջոցառմանը:
Մենք երեքս բացման արարողությանը եկանք իրարից անկախ, բայց, երբ հանդիպեցինք տարածքում, բոլորիս համակեց վարանման և անհանգստության ընդհանուր զգացումը՝ պայմանավորված փառատոնի որոշ առանձնահատկություններով: Ապշեցինք՝ իմանալով, որ ԱՏեԷՍ-ի շենքը, այսինքն՝ տարածքը, որտեղ տեղի էր ունենում փառատոնը, քանդվելու էր միջոցառումից անմիջապես հետո, և միջոցառումը հովանավորում էր նույն ընկերությունը, որը պատասխանատու էր քանդման համար: Հոդվածի հաջորդ պարբերությունները ոչ մի կերպ նպատակ չունեն անտեսելու արվեստագետներին և ցուցադրված արվեստի գործերը: Ճիշտ հակառակը, մեր նկատառումների նպատակն է երկխոսություն սկսել այս փառատոնի (և բազմաթիվ այլ նմանատիպ փառատոների) համադրման և մշակութային ժառանգության վայրերի ու հանրության հետ փոխազդեցության հայեցակարգային որոշ մտահոգությունների շուրջ:
Ստեղծարար վերաիմաստավորման տրամադրվածությո՞ւն
Հայաստանի ամբողջ տարածքում կարելի է հանդիպել ճարտարապետական ժառանգության լքված տարածքերի/շենքերի, որոնք պատկանում են ինչպես մոդեռնիստական, այնպես էլ ավելի վաղ ժամանակաշրջաններին: Պետական կամ մասնավոր սեփականություն հանդիսացող այս վայրերից շատերը գայթակղիչ են ստեղծագործողների համար՝ ապրեցնելու կամ աշխուժացնելու գրավչությամբ լի: Սակայն, նման համադրությունը պետք է ուղեկցվի մի շարք հարցերի հանդեպ քննադատական ներգրավվածությամբ. ինչպե՞ս հաղթահարել միջավայրի լքվածությունը՝ առանց ավերակը ռոմանտիզացնելու: Ինչպիսի՞ ստեղծագործական միջամտություն առաջարկել, որը հաշվի կառնի պատմական պարունակը և ամբողջականությունը՝ միաժամանակ արդի հանդիսատեսի համար ստեղծելով վառ, աշխույժ և իմաստալից հանդիպումներ և փորձառություն: Լքված մշակութային ժառանգության տարածքում ստեղծագործական գործունեություն կազմակերպելը բավական բարդ է, իսկ անհապաղ քանդման ենթակա վայրում միջոցառում կազմակերպելը, ընդ որում, երբ միջոցառումը ֆինանսավորում է կառուցապատող գործակալությունը, լուրջ մտորումների տեղիք է տալիս:
Իսկապես, «Տոտալ Դրամա» փառատոնը նպատակ ուներ արվեստն ու մարդկանց միավորել անտեսված տարածքում, մինչդեռ հանրությունը (մեծամասամբ՝ անտեղյակ) անգիտակցաբար ընդամենը հադիսացավ շուտով ոչնչացվելիք շինության դիտող: Արդյունքում բազմաթիվ մտահոգություններ առաջացան արվեստի, ժառանգության և անշարժ գույքի ոլորտների խաչաձևման վերաբերյալ: Երկրում անշարժ գույքի շուկայի հանդեպ քննական դիրքորոշում ձևավորելու կամ շինությունը ստեղծագործաբար վերաիմաստավորելու գործընթացը պաշտպանելու փոխարեն կազմակերպիչներն ու արվեստագետները միջոցառումը հովանավորող կառուցապատողների ձեռքին վերածվեցին գործիքի: Փառատոնն ինքնին դարձավ միջոցառում, որը լքված տարածքն օգտագործեց՝ որպես ստեղծագործական ինքնարտահայտման մթնոլորտային ետնապատկեր՝ միևնույն ժամանակ նպաստելով կառուցապատողի գործողությունները դրական լույսի տակ ներկայացնելուն: Այս լքված մոդեռնիստական շինությունները զուտ որպես ետնապատկեր կիրառելու արդյունքում տարածքը դառնում է ներկայացում և ժամանց մատուցելու միջոց: Կենտրոնանալով «ավերակի» տեսողական գրավչության վրա՝ փառատոնն անտեսել էր իր էթիկական պարտավորությունը, այն է՝ մատուցել այս տարածքները այցելուներին՝ դրանց նախկին և ներկա նշանակության ներքո: Այդ ինչպե՞ս:
Պարունակ և ամբողջականություն
Որպես ճարտարապետական ընկերության կողմից կազմակերպված փառատոն, որն իրականացվել էր «Ճարտարապետության տեսությունը քննարկելու և նոր գաղափարներ ներկայացնելու համար» անկախ հարթակ հանդիսացող «Ճարտարապետության գրադարան»-ի ծրագրի շրջանակում, բնականաբար, կարելի էր մտածել, որ փառատոնը կներկայացներ շենքի և շրջակա միջավայրի մասին բովանդակություն, որպեսզի այցելուներն ավելի խորությամբ հասկանան տեղավայրի պատմությունը: Ինչի՞ համար էր այն օգտագործվում: Ինչո՞ւ դատարկվեց: Ինչո՞ւ էր շենքը տեղակայված հենց այս թաղամասում: Միջոցառման ընթացքում մենք պատահաբար լսեցինք, որ շինությունը, որը սոցիալական ցանցով փառատոնի գովազդում հիշատակվել է որպես ԱՏեԷՍ, ժամանակին եղել է Արաբկիր վարչական շրջանի հեռահաղորդակցության կայան:
Հաշվի առնելով կառույցի հաղորդակցական բնույթը՝ կարելի է կարծել, թե այն ենթադրում է համադրողական դիրքորոշում՝ արվեստագետներին, արվեստի գործերը և համայնքները կապելով տարածքի հետ: Ինչո՞ւ օգտագործել այս տեղավայրի տեսողական գրավչությունը՝ առանց դրա տարածական և պատմական հենքի հետ ավելի խոր փոխազդեցության: Կազմակերպիչների դիրքորոշումը «ճարտարապետության թատերականության և թատրոնի տարածականության» վերաբերյալ, ինչպես նշված է նրանց հայտարարության մեջ, բացահայտվեց շինության տխուր ճակատագրի միջոցով: Տպավորություն էր, թե մոտալուտ քանդումը նախատեսված էր՝ որպես մասնավորապես այս «դրամատիկ» պատումի վերջին, արտասովոր արար: Առանց շենքի նշանակությանը հղում տալու` մի՞թե չի ստացվում, որ փառատոնի նպատակը մակերեսային, պարզունակ փորձառության վրա հիմնված արվեստի ուրախ-զվարթ, «Ինստագրամ»-յան վառ ակնթարթներով լեցուն միջոցառում կազմակերպելն էր: Մի՞թե փառատոները չպիտի քաջալերեն քննական միտքն ու քննարկումները տարածքների մասին, որոնք զբաղեցնում են, հատկապես, երբ այդ տարածքները լի են պատմական բովանդակությամբ և ոչնչացման եզրին են:
Միսակ Սամոկատյանի աշխատանքն իմաստալից տեղհատուկ ժամանակակից տեղադրման փայլուն օրինակ է, որը համապատասխանում է վերոնշյալ արժեքներին. «Լուսային հարձակում» իստալյացիան ստեղծված էր տվյալ տարածքի համար և առաջացնում էր ոչնչացման տագնապալի զգացողություն: Գեղեցիկ բացահայտում էր խորհրդային շրջանի բեմական-թատերական մանրակերտերի ներկայությունը, որը փառատոնին ավելացրեց մի պատմաշերտ և զավեշտորեն ընդգծեց շինության կարևորությունը, կառույց, որը շուտով դադարելու էր գոյություն ունենալ:
Փոխազդեցության նկատառումներ
Թերևս, մեզ ամենից շատ անհանգստություն էր պատճառում շենքի առաջին հարկի հիմնական ցուցասրահը: Մտնելուն պես ձախ պատին տեսանք տեղեկատվություն փառատոնի հիմնական կազմակերպիչների մասին։ Ընդարձակ հարկում տեղակայված էր երկու բան. կենտրոնում դրված սեղանը, որի վրա ցուցադրված էին ճարտարապետական մանրակերտեր շրջապատված առաստաղից կախված բազմաթիվ ճոճանակներով: Մանրակերտերը ներկայացնում էին «Սանդեյ Թաուերս» (Sunday Towers) առաջարկվող բնակելի թաղամասը, որը կառուցվելու էր այն շինության տեղում, որտեղ կանգնած էինք մենք: Սեղանին դրված էին նաև նոր նախագիծը գովազդող գրքույկներ, և եթե դա բավարար չէր գովազդային ռազմավարության տեսանկյունից, գործակալը մոտենում էր այցելուներին՝ ընդգծելու նախագծի որոշ առանցքային առանձնահատկություններ, օրինակ, այն, որ ինչ-որ հարկում լողավազան է լինելու կամ, որ ամբողջ բնակելի թաղամասը լինելու է «առանց ավտոմեքենաների»: Խիտ երթևեկությամբ, հանրային տրանսպորտի համեստ ենթակառուցվածքով քաղաքում, թվում էր, պետք է գոհ լինեինք մասնավոր բարձրակարգ բնակելի ներսատարածքից, որի սահմաններում կախվածություն չկա մեքենաներից, կամ որտեղ արտոնյալ այցելուների համար լողավազան կա:
Ի լրումն քաղաքային պարունակի բացակայության, որը կվերլուծեր և կտեղակայեր առաջարկված նախագիծը հասարակական-տնտեսական միջավայրում, խորապես անհանգստացնող էր նաև այն, որ փառատոնի ժամանցային օրակարգը և հանրային բնույթը կառուցապատողներին սխալմամբ ներկայացնում էր՝ որպես սոցիալապես պատասխանատու գործիչներ: Շահագրգիռ կողմերի պատշաճ ջանքի և հանրության հետ աշխատանքի բացակայության պայմաններում, ինչը պետք է ուղեկցի քաղաքային զարգացման ցանկացած խոշոր նախագիծ, հատկապես եթե այն տեղակայված է խիտ բնակեցված քաղաքային տարածքում և ենթադրում է ապամոնտաժում, մի՞թե ակնկալում էին, որ գոհ կմնանք մի քանի ճոճանակից:
Կառուցապատողներն օգտագործո՞ւմ էին արվեստի հմայքը՝ առաջիկա նախագծի գրավչությունը բարձրացնելու համար՝ այդպիսով մշակութային փորձառությունը վերածելով ապրանքի: Այս միջոցառումն ընկնո՞ւմ է այսպես կոչված «արվեստի լվացման» ծուղակը, որը ներկայում տարածված է ամբողջ աշխարհում, երբ արվեստն օգտագործվում է որպես մշակութային փոխազդեցության խաբկանք այն դեպքում, երբ դրա հիմքում ընկած շարժառիթը շահույթի հետապնդումն է: Եվ դարձյալ խոսակցություններից լսեցինք, որ նոր «Սանդեյ Թաուերս» թաղամասը նախագծում է «Էլեկտրիկ Արքիթեքթս» ընկերությունը՝ փառատոնի համակազմակերպիչներից մեկը: Մի՞թե նրանք չեն դառնում շենքի ապամոնտաժման անմիջական մասնակիցներ: Մի՞թե փառատոնը չի վերածվում մշակութային ժառանգության տարածքի ցինիկ հրաժեշտի խնջույքի (եթե չասենք թաղման արարողության):
Դեպի առաջ
Նկատի առնելով այն, որ «Էլեկտրիկ Արքիթեքթս»-ը ոչ միայն փառատոնի կազմակերպիչն է, այլև առաջարկվող բնակելի նախագծի ճարտարապետական ընկերությունը, արդյոք այսպիսի փառատոնը կատարյալ վայր չէ՞ քաղաքային վերլուծությունը, նախագիծը և թիմի ստեղծագործական գործընթացը ներկայացնելու համար՝ կառուցապատող ընկերության գովազդներում վերջնական առաջարկը տպագրելուց առաջ: Բնակելի թաղամասի նախագծի ճարտարապետական առանձին մանրակերտերը որպես պարունակից զրկված «ready-made»-ներ ներկայացնելը վտանգավոր է այն առումով, որ ոչ միայն կարող է անտեսել, ամենայն հավանականությամբ, նախագծին ծնունդ տված քաղաքային պարունակը, այլև փոքրացնում է ճարտարապետության և քաղաքային նախագծման գիտակարգը՝ այն հասցնելով իրենց շրջապատող իրականությունից կտրված գույքի:
Արդարացվա՞ծ էր արդյոք կազմակերպիչների որոշումը՝ մշակութային-տնտեսական աճի տեսլական այլևս չունեցող վայրում ներդրել ժամանակ և միջոցներ ու կազմակերպել փառատոն: Քանի որ Երևանում բազմաթիվ պատմական վայրեր վտանգված են, այսպիսի փառատոներն ունեն նոր մշակութային պատումներ և հասարակական-տնտեսական ենթակառուցվածքներ ստեղծելու ներուժ՝ տեղավայրերը փրկելով անուշադրությունից և պահպանելով ապագա սերունդների համար:
Քանի որ մենք ականատես ենք համաշխարհային միտման, երբ մշակութային միջավայրում գերիշխում է «արագ արվեստը» և փորձառական ժամանցը՝ մարդկանց և պատմության հետ ավելի խոր կապեր ունեցող արվեստի փոխարեն, հարկ է խորհել հասարակության մեջ մեր դերի մասին: Մի՞թե արվեստագետների, համադրողների, ճարտարապետների և քաղաքային պլանավորողների պատասխանատվության տիրույթում չէ բարձրաձայնել խրթին հարցեր՝ միևնույն ժամանակ խթանելով, ոգեշնչելով և պաշտպանելով հանրային բարիքը: Ինչպե՞ս կարելի է հավասարակշռել այս ոլորտները, որպեսզի արվեստը մնա թե՛ հաճելի, թե՛ իմաստալից:
Չնայած այսօրվա շարունակվող ճգնաժամի պայմաններում ցանկալի է տարածություն տրամադրել ուրախության, խաղի և թեթևության համար, ինչը շռայլորեն առաջարկում էր այս փառատոնը, ստեղծագործական համայնքի սոցիալական պատասխանատվությունը դեռևս ցանկացած կայուն և տոկուն դրական փոփոխության բանալին է, որը բոլորս ցանկանում ենք տեսնել հասարակության մեջ: Հույս ունենք, որ այս նկատառումները կընդունվեն որպես երկխոսության առաջարկ՝ համատեղ փոխգործակցելու և խնամքով ու իմաստով հարաբերվելու տարածքների հետ, որոնք ժառանգություն ենք ստացել և պետք է շարունակենք ապրեցնել:
ԵՎ այլն
Արցախից Գազա, ոչ ոք ազատ չի լինի
Աշխարհում ամենամեծ վավերագրական փառատոնը թեև 2023-ին զուգակցվեց մի շարք վեճերով ու գրեթե ձախողվեց, սակայն փառատոնի հիմնական մրցույթում ներկայացված հայկական ֆիլմը բացառիկ հաջողություններ գրանցեց։
Read moreԵրկու կինո՝ մեկ աղբյուրից
Մկրտիչ Արմենի «Հեղնար աղբյուր»-ը ստեղծագործության գրեթե զուգահեռ երկու տարբեր էկրանավորումները բացառիկ հնարավորություն են ստեղծում խորհրդահայ և սփյուռքահայ հայացքների ուսումնասիրման, ազգային գրականության մեկնաբանման հարցում երկու հակադիր մոտեցումների համեմատման համար։
Read moreՕտարականության փորձառությունը Ատոմ Էգոյանի կինոյում
Էգոյանի ֆիլմերում ընդգծվում է օտարականության զգացումը. մարդիկ իրենց տեղում չեն, ամեն ինչ ասես երազում է կատարվում: Իսկ երաժշտությունը՝ համահունչ լինելով խճանկարային ու բազմաբովանդակ պատումին՝ օգնում է սոսնձել սյուժեի բեկորները:
Read moreԻնչու՞ «Խ» և այլ Խնդիրներ. Աննա Դավթյանի «Խաննա»-յի երկԽոսային գրաԽոսական
2020-ին լույս տեսած «Խաննա» վեպը մեծ քննարկումների առիթ դարձավ՝ սկսած անվանումից մինչև վեպի հերոսներն ու օգտագործված լեզուն։ Ինչո՞ւ «Խ», արդյոք ո՞վ է Խաննան, ինչո՞ւ է որոշվել հենց նման լեզվով գրել վեպը, քննարկում են գրող, գրականագետ Կարեն Ղարսլյանն ու վեպի հեղինակ Աննա Դավթյանը։
Read moreՍերն ու չսերը «Հրաշագործում»
«Հրաշագործը» երեխայասեր մեր հասարակության համար սիրո ու չսիրո դիմաց դնում է հավասարման մեծ նշան։ Մեկնաբանում է Նունե Հախվերդյանը։
Read moreԲայց և սակայն, այնուամենայնիվ
Փոդքասթ