
Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր:
Շուրջ երկու տարի առաջ մեքենայով ավտովթարի ենթարկված ու բավականին մեծ վնաս կրած Արման Ղարիբյանը մինչ օրս չի կարողանում ամբողջությամբ ստանալ վնասի փոխհատուցումը։ Քաղաքացին ասում է, որ, թեև հօգուտ իրեն ընդունված դատարանի վճիռ կա, սակայն դրա կատարումը հարկադիր կատարողները ձախողել են։
Ըստ դատարանի վճռի՝ ավտովթարի ենթարկված երկու մեքենաներից մեկի ղեկին եղել է Ղարիբյանը, մյուսին՝ ոչ սթափ վիճակում գտնվող և վարորդական իրավունք չունեցող մեկը, ով վարել է բոլորովին այլ անձի ավտոմեքենան։
Ղարիբյանին հասցված վնասը գնահատվել է ավելի քան 2.5 միլիոն դրամ, սական ապահովագրական ընկերությունը կարողացել է փոխհատուցել առավելագույն՝ 1.8 միլիոն դրամի չափով։ Իսկ մնացյալ մասը ստանալու համար Ղարիբյանը դիմել է դատարան՝ ընդդեմ մեքենայի սեփականատիրոջ և ավտովթարի ժամանակ մեքենան վարողի։ Դատարանը վճռով այս անձանց պարտավորեցրել է վճարել Ղարիբյանին շուրջ 800 հազար դրամ։
«Հարկադիր կատարողների հետ շատ տխուր փորձ եմ ունեցել։ Ես էի փորձում զանգել, հասկանալ, թե ինչ են անում վճռի կատարման ուղղությամբ կամ որևէ բան անում են, թե՝ ոչ, շատ դժվար էր իրենց հետ կապվելը»,- ասում է Ղարիբյանը՝ նշելով, թե երկար փորձերից հետո հեռախոսով հայտնել են, թե պատասխանողների գույքի նկատմամբ հետախուզում է հայտարարված, եթե որևէ գույք հայտնաբերվի, ապա հօգուտ Ղարիբյանի կբռնագանձվի, սակայն մինչ օրս որևէ բռնագանձում չի եղել։
Ղարիբյանը պատմում է, որ զավեշտալիորեն հենց այդ նույն շրջանում, երբ հարկադիր կատարողները պետք է ապահովեին իրեն հասցված վնասի փոխհատուցումը, իր բոլոր հաշիվների վրա կալանք է դրվել, քանի որ մեկ այլ գործով 5000 դրամ տուգանքը սխալմամբ վճարած չի եղել։ Սակայն վճարելուց կարճ ժամանակ անց կալանքը հանվել է։
Նախատեսված բարեփոխումներ հարկադիր կատարման ոլորտում
«Եթե դատական ակտը չի կատարվում, ապա այն հավասար է թղթի կտորի»,- նշում է փաստաբան Արամազդ Կիվիրյանը։ Նրա խոսքով՝ դատական ակտի կատարումը մարդու արդար դատաքննության իրավունքի կարևորագույն բաղադրիչներից մեկն է և խիստ կարևոր պատասխանատվություն է դրված հարկադիր կատարումն ապահովող ծառայության (ՀԿԱԾ) վրա։
Կառավարության որոշմամբ հաստատված դատաիրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունն ու դրանից բխող գործողությունների ծրագրի նպատակներից մեկը վերաբերում է հարկադիր կատարման համակարգում փոփոխություններին։
Ռազմավարությամբ նախատեսված բարեփոխումների զգալի մասն արդեն իսկ կատարվել է։ Մասնավորապես, արդարադատության նախարարությունից տեղեկանում ենք, որ սահմանված յոթ գործողություններից վեցն իրականացվել են և միայն մեկն ընթացքի մեջ է։
Այսպիսով, առաջին կատարված գործողություններից է ՀԿԱԾ նոր մոդելի ներդրումը։ Գլխավոր հարկադիր կատարողի օգնական Լարիսա Հարությունյանը մանրամասնում է, որ ստեղծվել են կառուցվածքային նոր ստորաբաժանումներ, մարզերում քաղաքացիների հարմարավետ և արագ սպասարկման համար սկսել են գործել ՀԿԱԾ շարժական գրասենյակներ։ Նախարարի հրամանով հաստատվել է հարկադիր կատարողի վարքագծի կանոնագիրքը, հաստատվել են հարկադիր կատարողներին և մյուս աշխատակիցներին հատուկ առաջադրանքների և որակյալ աշխատանքի համար պարգևատրման մեթոդաբանությունն ու հաշվարկման կարգը և ներկայումս կիրառվում է վարձատրության արդյունքահեն համակարգը։
Նաև մշակվել և ընդունվել է օրենք՝ «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ, որով կարգավորվել են թափուր հաստիքները համալրելու, որակյալ կադրեր ներգրավելու, աշխատակիցների սոցիալական դրությունն ու գիտելիքները բարելավելու հարցերը։ Ընդունվել են մի շարք ենթաօրենսդրական ակտեր՝ այս օրենքի կիրարկմանն ուղղված։
Բարելավվել է նաև ծառայության տեխնիկական հագեցվածությունը։ Մասնավորապես, շուրջ 600 միլիոն դրամի ներդրման արդյունքում արդիկանացվել է սերվերային հանգուցը, ձեռք են բերվել ծրագրային ապահովման արտոնագրեր և տարբեր սարքեր։
Պարզեցվել է նաև դրամական հաշիվների վրա արգելադրման և բռնագանձնման գործընթացը։ Լարիսա Հարությունյանի խոսքով, ներկայումս բոլոր վճարումներն ու բռնագանձումները ի սկզբանե նույնականացվում են, ինչն ուղիղ ազդեցություն է ունենում կատարողական վարույթի ընթացքի և ժամկետների վրա։
«Ներդրվել է նոր ծրագրային մոդուլ, որի շնորհիվ կատարողական վարույթներով կատարված վճարումների մշակման գործընթացն ամբողջ ծավալով ավտոմատացվել է և իրականացվում է 24/7 ռեժիմով, որի արդյունքում վճարային տերմինալների միջոցով վճարելու դեպքում կատարողական վարույթներն ավտոմատ կարճվում են, այդ թվում՝ ոչ աշխատանքային օրերին ու ժամերին, և արգելանքները վերացվում են»,- ասում է գլխավոր հարկադիր կատարողի օգնականը։
Փաստաբան Մերի Հարությունյանն էլ նշում է, որ այս ինքնաշխատ համակարգն էապես թեթևացնում է թե՛ հարկադիր կատարողների, թե՛ վարույթի կողմերի աշխատանքը․
«Մինչ այս հաճախ հանդիպող վիճակ էր, երբ պարտավորությունն ամբողջությամբ կատարված էր լինում, իսկ կատարողական վարույթը և դրա շրջանակում կիրառված արգելանքները շարունակվում էին պահպանվել։ Եվ անհրաժեշտություն էր լինում կրկին գրություններ ուղարկել հարկադիր կատարողին»։
Գործողություններից միակը, որն արդարադատության նախարարության տվյալներով դեռևս կատարված չի համարվում, վերաբերում է ՀԿԱԾ անձնակազմի վերապատրաստումներին։ Սակայն Լարիսա Հարությունյանը նշում է, որ դեռևս 2023 թվականից հարկադիր կատարողները շարունակաբար մասնակցում են վերապատրաստման դասընթացների։
Նոր օրենք՝ հաջորդ տարվա հուլիսի 1-ից
«Կատարողական վարույթի մասին» նոր օրենքն ընդունվել է 2024-ի ապրիլի 11-ին, իսկ 2025-ի հուլիսի 1-ից մտնելու է օրինական ուժի մեջ։ Այս նոր օրենքի մշակումն ու ընդունումը նույնպես ռազմավարությամբ է նախատեսված և մեծ փոփոխություններ է բերելու համակարգում։
Լարիսա Հարությունյանն ասում է, որ գործող օրենսդրությամբ մի շարք հարցեր կարգավորված են թերի կամ ընդհանրապես կարգավորված չեն, իսկ որոշ կանոններ ցրված են տարբեր իրավական ակտերում և միավորված չեն ընդհանուր տրամաբանությամբ։ Նրա խոսքով, նոր օրենքի սահմանումները թույլ են տալու խուսափել երկակի մեկնաբանումներից, ապահովելու են օրենսդրության կանխատեսելիությունն ու որոշակիությունը և խնդիրներին արդարացի լուծումներ տալը։
Օրենքով նախատեսվում է էլեկտրոնային ծանուցումների համակարգի ներդրումը․ 22-րդ հոդվածը սահմանում է կատարողական վարույթի փաստաթղթերը տրամադրելու հինգ եղանակ՝ անձնական գրասենյակ էլեկտրոնային հարթակով, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով, էլեկտրոնային փոստով, փոստային առաքմամբ և հրապարակային ծանուցմամբ:
Ընդ որում` յուրաքանչյուր հաջորդ եղանակը կիրառվում է նախորդը կիրառելու անհնարինության դեպքում․ օրինակ, ավանդական փոստային տարբերակով փաստաթղթերը կարող են ուղարկվել կողմին, եթե նախորդ էլեկտրոնային տարբերակներով հնարավոր չէ անել։
«Սահմանվել է, որ վարույթի կողմը, գրանցվելով «Անձնական գրասենյակ» էլեկտրոնային հարթակում, ոչ միայն օպերատիվ կարգով իրազեկվելու է վարույթի շրջանակներում կայացված բոլոր որոշումների վերաբերյալ, այլև կարող է այդ հարթակի միջոցով անմիջապես արձագանքել այդ որոշումներին՝ ներկայացնելով դիմումներ, միջնորդություններ, դիրքորոշումներ և այլ փաստաթղթեր»,- նշում է գլխավոր հարկադիր կատարողի օգնականը։
Փաստաբան Արամազդ Կիվիրյանը, սակայն, վերապահումով է մոտենում այս մեխանիզմի ներդրմանը:
«Ես ինքնին կողմ եմ նոր մեխանիզմների ներդրմանը, եթե դրանք գործող են և իսկապես հեշտացնում են մարդու կյանքը,- նա օրինակ է բերում այս տարվա փետրվարի 1-ից գործարկվող քաղաքացիական դատավարության էլեկտրոնային մոդուլը,- այդ հարթակն աշխատում է խափանումներով, ունի բազմաթիվ խնդիրներ, որոնք մինչ օրս լուծված չեն և բարդացնում են թե՛ դատարանների, թե՛ փաստաբանների կյանքը»։
Անժառանգ գույքը կբռնագանձվի՝ հօգուտ պարտատիրոջ
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը նախորդ տարի ներգրավվել է «Կատարողական վարույթի մասին» օրենքի նախագծի լրամշակումն իրականացնող արդարադատության նախարարության աշխատանքային խմբում և ներկայացրել առաջարկություններ, որոնց մի մասն ընդունվել են։
Դրանցից մեկը վերաբերում է անժառանգ գույքի բռնագանձմանը։ Անժառանգ է համարվում այն գույքը, որը չի կտակվել կամ ժառանգության իրավունքով չի անցել որևէ մեկին՝ սեփականատիրոջ մահից հետո։ Գործող կարգավորմամբ՝ եթե մահացած պարտապանի գույքը ժառանգվել է որևէ մեկին, ապա ժառանգն ունի պարտավորություն նրա պարտքը մարելու, իսկ եթե գույքն անժառանգ է, ապա այն անցնում է համայնքին և համայնքը չունի որևէ պարտավորություն նրա պարտքը մարելու։
Հիմնադրամի կողմից իրականացված հետազոտության մեջ նշվում է, որ սա չարդարացված անհավասարություն է ժառանգման իրավունքով ժառանգությունն ընդունած անձանց և համայնքի միջև։ Ավելին՝ ոտնահարվում է պահանջատիրոջ արդար դատաքննության իրավունքը․ կա դատարանի վճիռ՝ պարտքը մարելու վերաբերյալ, սակայն դա ուղղակի չի կատարվում՝ անհնար լինելու հիմքով։
Նոր օրենքով, սակայն, հնարավորություն է ստեղծվում անժառանգ գույքի բռնագանձումը՝ հօգուտ պահանջատիրոջ։ Մասնավորապես, 75-րդ հոդվածի համաձայն, անժառանգ գույքն անցնում է համայնքին, եթե համայնքը վճարում է գույքի շուկայական արժեքը, բայց ոչ ավելի, քան մահացած պարտապանի նկատմամբ բոլոր դրամական պահանջների և կատարողական վճարների հանրագումարը: Իսկ եթե չի վճարում, ապա գույքը վաճառվում է, ստացված դրամական միջոցներն ուղղվում են պարտքի մարմանը, իսկ մնացած մասը փոխանցվում է համայնքին։
Նոր կարգ՝ կատարողական ծախսերի հատուցման համար
Նոր օրենքով հարկադիր գործողությունների կատարման ծախսերը հատուցելու նոր մեխանիզմ է սահմանված։ Լարիսա Հարությունյանը նշում է, որ եթե գործող կարգավորումներով կատարողական ծախսերը հատուցվում են հաշվի առնելով միայն բռնագանձվող գումարի կամ գույքի արժեքի չափը, ապա նոր օրենքով հաշվի է առնվելու նաև կոնկրետ կատարողական վարույթի շրջանակում կատարված գործողությունների ծավալն ու առանձնահատկությունները։
Օրինակ, գործող «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 67-րդ հոդվածի համաձայն՝ կատարողական գործողությունների կատարման ծախսերը 100 հազար դրամ և ավելի չափով պահանջի բավարարման դեպքում կազմում են այդ գումարի կամ գույքի արժեքի 5 տոկոսը և բռնագանձվում են պարտապանից։
Նոր՝ «Կատարողական վարույթի մասին» օրենքի 28-րդ հոդվածով սահմանվում է, որ 100 հազար դրամ և ավելի գումարով դրամական պահանջների կատարման վարույթներով պարտապանը վճարում է կայուն մեկանգամյա 5000 դրամ կատարողական վճար և հավելյալ վճարներ։ Օրինակ, եթե պարտքը մարում է կամովին և կատարողական վարույթի հարուցումից երկու շաբաթվա ընթացքում, ապա վճարում է պարտքի 2 տոկոսի չափով, իսկ եթե երկու շաբաթ անց՝ ապա 4 տոկոսի չափով, իսկ եթե չի վճարում կամովին և կատարվում է դրամական միջոցների բռնագանձում, ապա՝ 5 տոկոսի չափով և այլն։
Լարիսա Հարությունյանի խոսքով՝ ներկայումս հաճախ ստեղծվում են իրավիճակներ, երբ հատուցվող կատարողական ծախսը և կատարված գործողությունների ծավալը չեն համապատասխանում միմյանց՝ վճարվող գումարը կամ անհամեմատ մեծ է լինում կամ փոքր։ Իսկ նոր կարգավորումները մի կողմից խթանելու են պարտապանի պատշաճ վարքագիծը, մյուս կողմից՝ շահագրգռելու են հարկադիր կատարողին արդյունավետ աշխատել։
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի նախագահ Գենյա Պետրոսյանը նշում է, որ իրենց առաջարկությունների հիման վրա պարտապանի համար 33-րդ հոդվածով սահմանվել է հնարավորություն չվճարել կատարողական ծախսերը, եթե դատական ակտը կատարում է կամովին և սեղմ ժամկետում։
«Պարտատերն այս դեպքում պարտավոր է ուղարկել կատարողական դիմումը պարտապանին և երկու շաբաթ հետո միայն իրավունք ունի դիմել ՀԿԱԾ։ Եվ սա պարտապանի համար խթան է վճռը կամովին կատարելու համար»,- ասում է Պետրոսյանը։
Փաստաբան Արամազդ Կիվիրյանն ասում է, որ նոր օրենքի կիրառության դեպքում կատարողական ծախսերի հատուցման վճարներն ավելի բարձր են լինելու, քան ներկայումս է։ Նա օրինակ է բերում 29-րդ հոդվածով ոչ դրամական պահանջով սահմանված կատարողական վճարները, որոնք կազմելու են մինչև փաստացի կատարված ծախսերի եռապատիկը։ Օրինակ, եթե բնակարանից հարկադիր վտարման համար ծախսվի 200 հազար դրամ, ապա կատարողական վճարը կլինի 600 հազար դրամ։
Նրա խոսքով, վերջին շրջանի օրենսդրական փոփոխությունների հետևանքով արդարադատությունը դառնում է թանկ և անմատչելի․ մասնավորապես, թանկացվել են դատարան դիմելու տուրքերը, ներկայումս ԱԺ-ում է փաստաբանների համար սահմանված հարկերը բարձրացնելու նախագիծը, որի ընդունվելու դեպքում փաստաբանական ծառայությունները մինչև 50 տոկոսով կարող են թանկանալ։
«Ընդհանուր առմամբ, այս թանկացումները ազդելու են հենց քաղաքացու գրպանի վրա»,- ասում է Կիվիրյանը։
Սեղմ ժամկետում կատարման ապահովումը
Թերևս ամենամեծ խնդիրներից մեկը, որի մասին բարձրաձայնում են թե՛ քաղաքացիները, թե փաստաբանները, դատական ակտերի կատարման նույնիսկ տարիներ տևող ձգձգումներն են։
Գլխավոր հարկադիր կատարողի օգնականի խոսքով, վերջին 26 տարիների փորձը ցույց է տվել, որ անհնար է հստակ սահմանել կատարողական վարույթի միասնական ժամկետ՝ հաշվի առնելով հարկադիր կատարման ենթակա ակտերի առանձնահատկությունները։
Այդուհանդերձ, նոր օրենքով սահմանված մի շարք կարգավորումների շնորհիվ կատարողական վարույթները կարող են իրականացվել շատ ավելի սեղմ ժամկետներում, քան ներկայումս են լինում։
Լարիսա Հարությունյանն օրինակ է բերում այն, որ նոր օրենքով ընդհանուր գույքում պարտապանի բաժնի, իրավաբանական անձանց կանոնադրական/բաժնեհավաք կապիտալում մասնակցության հետ կապված իրավունքների վրա բռնագանձում տարածելու ողջ գործընթացն իրականացվելու է հարկադիր կատարողի կողմից։ Մինչդեռ գործող օրենսդրությամբ դա, որպես կանոն, հնարավոր է պահանջատիրոջ կողմից լրացուցիչ դատական հայցեր ներկայացնելու միջոցով, ինչի հետևանքով վարույթի ընթացքը տարիներով չի լուծվում։
Այսպիսով, համակարգը բարեփոխելուն ուղղված գործողությունները մեծամասամբ կատարվել են, սակայն դրանք դեռևս գործնականում ամբողջովին կիրառության մեջ չեն։ Մասնավորապես, «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքը, որը ենթադրելիորեն լուրջ փոփոխություններ է բերելու, օրինական ուժի մեջ կմտնի այս 2025-ի հուլիսից։
Հոդվածի վիզուալ տարբերակը՝ այստեղ։
Մարդ և օրենք
Արմատական և ձգձգվող քայլեր՝ շարունակական բարեփոխումների հույսով
Դատաիրավական բարեփոխումների շարունակականությունն ապահովելու նպատակով իրականացվող գործողությունների ընթացքին, դատավորների որակավորման ստուգման նոր կարգի վտանգների, դատավորների բարեվարքության ստուգման խնդիրներին է անդրադառնում Աստղիկ Կարապետյանը։
Read moreՓարիզյան համաձայնագիրը՝ ի նպաստ Հայաստանում անտառծածկույթի ընդլայնմանը
Թեև Հայաստանի կառավարությունը կլիմայի փոփոխության դեմ պայքարի շրջանակներում պարտավորվել է ավելացնել երկրի անտառածածկույթը, սակայն բնապահպաններն անտառները համարում են երկրի ամենավտանգված էկոհամակարգը։ Գայանե Մկրտչյանն անդրադառնում է անտառների խնդիրներին ու Փարիզյան համաձայնագրի շրջանակներում երկրի պարտավորություններին։
Read moreՎերականգնելի. պետական մոտեցումը պատժողական արդարադատությանը
Հայաստանի արդարադատության համակարգը պատժողական ավանդական գաղափարախոսությունից փորձում է անցնել դեպի վերասոցիալականացման և վերականգնողականի, որի շրջանակներում էլ ներդրվել է պրոբացիոն ծառայությունը։ Ի՞նչ խնդիրներ է լուծում այս ծառայությունը, ինչ գործառույթներ ունի և ովքեր են դրա շահառուները, բացատրում է Լիլիթ Ավագյանը:
Read moreՎտանգավոր քիմիական նյութերը քաղաքում՝ աչքից հեռու, մտքից հեռու
Հայաստանում քիմիական նյութերի խոշոր պահեստները չեն համապատասխանում որևէ չափորոշչի. եղել են գործարաններ, փակվել են ու լքվել, մինչդեռ այնտեղ շարունակում են մնալ մեծ քանակությամբ քիմիական նյութեր։ Վտանգավոր նյութերի պահման պայմաններին, դրանց վնասազերծման խնդիրներին ու պետության պարտավորություններին է անդրադառնում Մարիամ Տաշչյանը։
Read moreՔարսիթներ. օրենքը կա, իրագործումը՝ ոչ
Տրանսպորտային միջոցներում մանկական պահող համակարգերի՝ քարսիթների օգտագործումը Հայաստանում թեև պարտադիր է, սակայն այնքան էլ մեծ տարածում չունի։ Մարգարիտա Ղազարյանն անդրադառնում է երեխաների անվտանգությունն ապահովող այս համակարգերի կիրառման հայաստանյան փորձին։
Read moreԷլեկտրոնային արդարադատություն․ ռիսկեր և հնարավորություններ
Քաղաքացիական նոր գործերով դատավարական բոլոր փաստաթղթերն այսուհետ պետք է ներկայացվեն էլեկտրոնային համակարգով։ Ո՞րն է էլեկտրոնային արդարադատության համակարգի նպատակը, ի՞նչ խնդիրներ ու հնարավորություններ է այն ընձեռում, անդրադառնում է Աստղիկ Կարապետյանը։
Read moreՈվքե՞ր կօգտվեն բանակից փողով ազատվելու հնարավորությունից
Զինվորական ծառայությունից խուսափածների ազատազրկմանն ի՞նչ այլընտրանքեր են առաջարկում, սոցիալական ու իրավական ի՞նչ խնդիրներ են առաջացնում և ի՞նչ տեսլական ունեն զինծառայությանը վերաբերող օրենքի վերջերս ուժի մեջ մտած փոփոխությունները։
Read moreՀաճախ կիրառվող ծայրահեղ միջոց՝ կալանք
Թեև մեկ տարուց ավելի է գործում է Քրեական դատավարության նոր օրենսգիրքն ու սահմանված են այլընտրանքային խափանման նոր միջոցներ, սակայն մինչդատական կալանքը Հայաստանում շարունակում է նախկինի պես հաճախ կիրառվել։ Ինչո՞ւ են դատարանները խուսափում կիրառել խափանման այլ միջոցները, մեկնաբանում է Աստղիկ Կարապետյանը։
Read more