Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր
Մի կողմից շարունակ արդիական է դատարանների ու դատավորների գերծանրաբեռնվածության հարցը, մյուս կողմից՝ համակարգում նոր դատավորներ նշանակելու անհրաժեշտության և դատավորի պաշտոնի ոչ գրավիչ լինելու մասին քննարկումներն են։
«Ես հիշում եմ, երբ 2019 թվականին ես արդարադատության նախարարությունում էի ⟮աշխատում⟯, կային թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական մասնագիտացման դատավորների թափուր հաստիքներ և դրանց դիմել ցանկացողները շատ քիչ էին»,- ասում է փաստաբան և արդարադատության նախկին փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը։
Օրինակ, 2021-ին քրեական մասնագիտացման 11 թափուր հաստիքի համար դիմել է ընդամենը 3 հավակնորդ։
«Սա ակնհայտորեն խոսում էր ինստիտուցիոնալ խնդրի մասին․ եթե չունես դատավոր դառնալ ցանկացողներ, ապա դժվար էլ կարողանաս համալրել հաստիքները, ավելին՝ համալրել որակյալ կադրերով»,- նշում է Գրիգորյանը։
Դատավորների թափուր հաստիքների համալրումը բխում է դատաիրավական բարեփոխումների շարունակականությունն ապահովելու նպատակից՝ սահմանված է Դատաիրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությամբ և դրանից բխող գործողություններով, որն ընդունվել է կառավարության 2022-ի հուլիսի 21-ի որոշմամբ։
Դատաիրավական բարեփոխումների շարունակականությանն ուղղված գործողությունները տասն են, դրանց հիմնական մասն արդեն իսկ կատարված է, մի մասի դեպքում օրենսդրական փոփոխություններն արված են, սակայն դեռևս օրինական ուժի մեջ չեն մտել։ Միայն 3 գործողություն պետք է կատարվի մինչև 2026-ը։
Դատավոր դառնալու նոր հատուկ կարգը
Մինչև 2023-ը Հայաստանում դատավոր դառնալու համար գործում էր որակավորման ստուգման միայն ընդհանուր կարգ․ հավակնորդը պետք է հանձներ գրավոր քննություն, հոգեբանական թեստավորում և հարցազրույց։ Այնուհետև մինչև 8 ամիս սովորեր Արդարադատության ակադեմիայում և միայն ուսումն ավարտելուց հետո ներառվեր դատավորների թեկնածուների ցուցակում՝ պաշտոնում նշանակվելու համար։
Սակայն ավելի քան մեկ տարի է՝ ընդհանուր կարգին զուգահեռ գործում է նաև հատուկ կարգը։ Այս դեպքում հավակնորդը հանձնում է գրավոր քննություն, այնուհետև հարցազրույց է անցում և հաղթահարելու դեպքում միանգամից ներառվում է դատավորների թեկնածուների ցուցակում՝ առանց Արդարադատության ակադեմիայում սովորելու։
Ռազմավարության մեջ այս փոփոխության հիմնավորման մեջ նշվում է, որ սա հնարավորություն կտա ապահովել դատական համակարգի գրավչության բարձրացումը, ինչպես նաև ավելի մեծ թվով պրոֆեսիոնալ անձանցով համալրումը։
Այսպիսով, հատուկ կարգի ներդրումն արվել է Դատական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքով նոր՝ 110․1 հոդվածի ավելացմամբ։ Ազգային ժողովն օրենքն ընդունել է 2022-ի դեկտեմբերի 23-ին, որն ուժի մեջ է մտել 2023-ի հունվարի 7-ից։
Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) Իրավական ակտերի մշակման և փորձաքննության վարչության պետ Մարիանա Դանիելյանի խոսքով, թեև հատուկ կարգը բացառում է Արդարադատության ակադեմիայում սովորելը, սակայն «թեկնածուին ներկայացվող պահանջները որոշակի չափով խստացվել են», գրավոր քննության թեստը ավելի բարդ է, ինչը ենթադրում է, որ այն հաղթահարողը պետք է ունենա որոշակի գիտելիքներ, հմտություններ ու փորձ։
Ի դեպ, Դատական օրենսգրքի 110․1 հոդվածով սահմանվում է, որ հատուկ կարգի դեպքում պետք է ապահովվի որակավորման ստուգման «էական բարդությունը»:
Դանիելյանը նշում է նաև, որ դատավորների թափուր հաստիքները երկար ժամանակ հնարավոր չէր լինում համալրել ընդհանուր կարգի միջոցով․ հավակնորդների մի մասը չէր հաղթահարում որակավորման ստուգման փուլերը, իսկ հաղթահարածները պետք է մինչև 8 ամիս սովորեին արդարադատության ակադեմիայում, արդյունքում նոր դատավոր ներգրավելը մոտ մեկ տարի էր տևում և հաստիքները շարունակում էին թափուր մնալ։
Եթե, օրինակ, 2023-ի ապրիլին դատական համակարգում կար 34 թափուր հաստիք, ապա մեկ տարի անց, ըստ ԲԴԽ պաշտոնական կայքի, ընդամենը 3-ն է։ Նախորդ տարվա դեկտեմբերին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը հայտարարեց, որ գրեթե ամբողջությամբ համալրված է դատական իշխանությունը և բոլոր մասնագիտացումներով արդեն ընտրվել, վերապատրաստվել և իրենց նշանակմանն են սպասում մի քանի տասնյակ մասնագետներ։
Ավելին, այս հայտարարության մեջ ԲԴԽ նախագահը նշել էր, թե հատուկ կարգի ներդումը նաև կոռուպցիոն ռիսկերի դեմ քայլ էր․ «Դատավորների պաշտոններն այդքան երկար թափուր պահելը կարող էր հնարավորություն տալ դատական իշխանության ամեն նոր ղեկավարությանն իր հայեցողությամբ և անձնական շահերից ելնելով համալրել դրանք»:
Լուրջ ռիսկեր՝ նոր կարգում
Թեև ԲԴԽ ներկայացուցիչները հնարավորինս դրական են ներկայացնում նոր կարգն ու դրա արդյունքները, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ փորձագիտական զեկույցը մի շարք լուրջ խնդիրներ է վեր հանել։
Զեկույցի համահեղինակ և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը նշում է, որ նախևառաջ որակավորման ստուգման հատուկ կարգը ներդրվել է առանց հանրային քննարկման։
Այսպես, դեռևս 2022-ի սեպտեմբերին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում հանրային քննարկման է ներկայացվել Դատական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ անելու մասին օրինագիծը, որում որևէ նշում չի եղել հատուկ կարգի մասին։ Այս տարբերակը հաստատվել է կառավարության կողմից և ուղարկվել ԱԺ։ Խորհրդարանում առաջին ընթերցումից առաջ՝ հենց նույն օրը, իշխող կուսակցության պատգամավորներից մեկի առաջարկությամբ ավելացվել է հատուկ կարգը սահմանող նոր հոդվածն ու այդ նոր տարբերակով օրենքն ընդունվել է։
Մյուս խնդիրը վերաբերում է հավակնորդների արդարադատության ակադեմիայում չուսանելուն:
«Եթե նույնիսկ ես լավ իրավաբան եմ, չեմ կարող պրոֆեսիոնալ դատավոր լինել՝ առանց ակադեմիական կրթության։ Ակադեմիայում ստանում են ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև գործնական հմտություներ, օրինակ, հաղորդակցման հմտություններ, դատական նիստ կառավարելու, դատական ակտ ընդունելու կարողություններ և այլն,- ասում է Մելքոնյանը՝ նշելով, թե պրակտիկորեն հնարավորություն չի եղել գնահատելու քննական թեստերի բարդությունը,- Դատական դեպարտամենտը մեզ մերժեց տրամադրել արդեն իսկ ավարտված քննական տոմսի օրինակ՝ առանց որևէ անձնական տվյալի կամ այլ արգելված տեղեկության»:
Մինչդեռ, հատկանշական է, որ ԲԴԽ իրավական ակտերի մշակման և փորձաքննության վարչության պետ Մարիանա Դանիելյանն ասաց, որ արդեն իսկ ավարտված քննության թեստերը գաղտնի չեն և չկա արգելող կանոն՝ դրանք այլ անձի տրամադրելու վերաբերյալ։
Ի դեպ, զեկույցի համաձայն, հատուկ կարգով որակավորման ստուգման դեպքում դատավորի թեկնածուների մասնագիտական չափանիշների որևէ փոփոխություն կամ առավել բարձր չափանիշներ չեն նախատեսվել, դրանք նույնն են թե՛ ընդհանուր, թե՛ հատուկ կարգի դեպքում։ Կան նաև գրավոր քննության և հարցազրույցի ժամանակ արձանագրված այլ խնդիրներ։
Հատուկ կարգով անցած նոր դատավորները
«Հատուկ կարգի այս գործիքը ներդրվեց և արագ կիրառվեց։ Մինչև 2023-ի սեպտեմբերն անցկացվել է 2 ընդհանուր կարգով և 7 հատուկ կարգով որակավորման ստուգում։ Հատուկ կարգով որակավորման ստուգումն անցել է 28 հոգի և նրանցից 24-ը տարվա ավարտին արդեն իսկ նշանակված է եղել դատավոր»,- նշում է Մելքոնյանը։
Հատուկ կարգով որակավորման ստուգում անցած և դատավոր նշանակվածների մեջ կան քաղաքական որոշակի ազդեցություն կրող անձինք։ Օրինակ, ԲԴԽ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ դատավոր Գագիկ Հարությունյանը եղել է Կարեն Անդրեասյանի խորհրդականը՝ արդարադատության նախարարի և ԲԴԽ նախագահի պաշտոնավարման ժամանակ։ Իսկ Կարեն Անդրեասյանն իր անդամակցությունը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությանը դադարեցրել է ԲԴԽ անդամ դառնալուց 2 շաբաթ առաջ։
Դավիթ Սարգսյանը դատավորի պաշտոնին նշանակվել է 2023-ի սեպտեմբերին, մինչ այդ եղել է Վայոց Ձորի փոխմարզպետը։ Նա ՔՊ անդամ, Վայոց Ձորի նախկին մարզպետ, ներկայումս ԱԺ պատգամավոր Տրդատ Սարգսյանի եղբայրն է։
Մեկ այլ դատավոր՝ Գուրգեն Մալխասյանը, օրինակ, այս պաշտոնին նշանակվել է 2023-ի սեպտեմբերին։ ԲԴԽ կայքում տեղադրված նրա կենսագրության մեջ նշվում է, որ մինչ 2023-ը (ամսաթիվը հստակեցված չէ) եղել է «Մալխասյանց փաստաբանական կենտրոն» ՍՊԸ-ի փոխտնօրենը։ Infocom լրատվամիջոցի հետաքննությունը պարզել է, որ հենց այս ընկերության աշխատակիցները 2023-ի ամռանը 7,2 միլիոն դրամի նվիրատվություն են արել ՔՊ նախընտրական քարոզարշավի համար։ Իսկ այդ ընկերության աշխատակիցներից Մինաս Մալխասյանը (բաժնետեր և տնօրեն), Նազիկ Մալխասյանը (փոխտնօրեն) և Գրիգոր Մալխասյանը դատավոր Գուրգեն Մալխասյանի զավակներն են։
Դատավոր Մասիս Մելքոնյանի դեպքում հանրապետության նախագահը հրաժարվել է ստորագրել նրան դատավոր նշանակելու հրամանագիրը՝ ԲԴԽ-ին ներկայացնելով առարկություններ թեկնածության վերաբերյալ։ Թեև ԲԴԽ-ն առարկությունները չի ընդունել, նախագահը նորից չի ստորագրել հրամանագիրը և այն ուժի մեջ է մտել իրավունքի ուժով (երբ նախագահը եռօրյա ժամկետում հրամանագիրը չի ստորագրում և միևնույն ժամանակ չի ուղարկում Սահմանադրական դատարան, հրամանագիրը համարվում է ուժի մեջ մտած)։ Բացի այս փաստը՝ Մասիս Մելքոնյանը 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցել է «Հանրապետություն» կուսակցության ընտրացուցակով, եղել է կուսակցության քաղաքական խորհրդի անդամ և Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ՝ ներկայացված նույն կուսակցությունից։
«Նման օրինակները արդարադատության որակի վերաբերյալ խորը մտահոգության տեղ են տալիս։ Կարող են լինել փայլուն մասնագետ, մի շարք արդար դատական ակտեր ընդունել, սակայն չգիտենք, թե որոշ դեպքերում նրանց փոխկապակցվածությունն այս կամ այն ուժի հետ ինչ ազդեցություն և հետևանք կարող է ունենալ»,- նշում է Մելքոնյանը։
Դատավորների բարեվարքության պարբերական ստուգում
Դատավորների բարեվարքության պարբերական գնահատման կառուցակարգերի ներդրումը նպատակ ունի համակարգում կոռուպցիան կանխարգելելու և դատական իշխանության հանդեպ վստահությունը բարձրացնելու։
Որպես այս գործողության հիմնավորում՝ նշվում է, որ ներկայումս միայն նոր նշանակվող և առաջխաղացման ենթակա դատավորների բարեվարքությունն է ստուգվում, իսկ հետագայում ստուգվում է միայն նրանց գույքային դրությունը, չկա հնարավորություն ստուգելու շահերի բախման կամ այլ խնդրահարույց հարցերի վերաբերյալ տեղեկությունները։
Ըստ արդարադատության նախարարության՝ այս գործողությունը կատարվել է․ 2023-ի դեկտեմբերին առաջին ընթերցմամբ ԱԺ-ն ընդունել է օրենսդրական փաթեթ, որը հնարավորություն է տալու գնահատել թե´ նոր նշանակվող, թե´ առաջխաղացման ենթակա դատավորների, թե´ գործող դատավորների բարեվարքությունը։ Փաթեթում ներառված են Դատական օրենսգրքում, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում և այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ անելու նախագծեր։
Դատական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների նախագծի համաձայն՝ դատավորների բարեվարքությունը ստուգելու է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ)՝ ուսումնասիրելով նրանց գույքային դրությունը, դատական գործերով հայցվոր կամ պատասխանող լինելու, նախկինում քրեական, վարչական և կարգապահական պատասխանատվության ենթարկված լինելու, քրեական ենթամշակույթին հարելու, շահերի բախման, պաշտոնի հետ անհամատեղելիության վերաբերյալ հարցերը։
Այս պահին դեռևս օրենսդրական փաթեթը չի ստորագրվել նախագահի կողմից և չունի օրինական ուժ։ Արաքս Մելքոնյանը նշում է, որ բավականին ձգձգումներով է իրականացվում բարեվարքության ստուգման մեխանիզմի ներդրումը, միևնույն ժամանակ, հայտնի չէ՝ գործնականում այն ինչպես կգործի։
Օրինակ, ներկայումս էլ դատավորների թեկնածուների կամ առաջխաղացման ենթակա դատավորների բարեվարքության վերաբերյալ ԿԿՀ-ն տալիս է ոչ պարտադիր, խորհրդատվական բնույթ ունեցող բացասական, դրական կամ դրական վերապահումով եզրակացություններ։ Եվ պրակտիկայում կան դեպքեր, երբ դատավոր են նշանակվել բացասական բարեվարքությամբ անձինք։ Օրինակ, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ զեկույցում նշվում է, որ նույն հատուկ կարգով ԲԴԽ կողմից ընտրված և դատավոր նշանակվածներից 3-ը ունեցել են բացասական բարեվարքության եզրակացություն։
«Հնարավոր է՝ ԲԴԽ-ի համար փարատվում են կասկածները, սակայն հանրությանը որևէ բացատրություն չի տրվում, երբ բարեվարքության բացասական եզրակացությամբ անձը նշանակվում է դատավոր կամ առաջխաղացում ունենում։ Մինչդեռ սկզբունքը պետք է լիներ այն, որ բարեվարքության բացասական եզրակացություն ստացած անձինք չանցեն։ Իհարկե, էական է, որ ԿԿՀ եզրակացությունը լինի պատշաճ հիմնավորված »,- նշում է Մելքոնյանը։
Դատավորների աշխատավարձերի բարձրացում
Դատաիրավական բարեփոխումների շարունակականության ապահովման գործողություններից է դատավորների վարձատրության բարձրացումը։ Մարիանա Դանեիլյանը նշում է, որ աշխատավարձերն ինքնին չեն փոփոխվել, սակայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում կատարված փոփոխություններով բարձրացվել են դատավորներին տրվող հավելումներն ու հավելավճարները։
Մասնավորապես, օրենքի 13-րդ հոդվածի համաձայն, այժմ առաջին ատյանի դատավորին տրվում է հավելում` պաշտոնային դրույքաչափի 60 տոկոսի չափով, վերաքննիչ ատյանի դատավորին՝ 55 տոկոսի և վճռաբեկ դատարանի դատավորներին՝ 50 տոկոսի չափով։
Օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ սահմանադրական դատարանի նախագահին, փոխնախագահին և դատավորին վճարվում է հավելավճար` պաշտոնային դրույքաչափի 80 տոկոսի չափով:
Ի դեպ, Դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ վարձատրության բարձրացումը սահմանված է բարձր ատյանների դատավորների համար միայն (պետբյուջեից հատկացվել է 283 միլիոն դրամ)։ Սակայն քաղհասարակության կառույցների կողմից եղել է առաջարկ՝ առաջնահերթությունը տալ առաջին ատյանի դատարանի դատավորներին՝ հաշվի առնելով նրանց գերծանրաբեռնվածությունը։
Այլ քայլեր՝ ուղղված բարեփոխումների շարունակականության ապահովմանը
Դատաիրավական բարեփոխումների շարունակականությունն ապահովելու նպատակով իրականացվել են նաև այլ գործողություններ, որոնք են․
- Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բաժանվել է երկու առանձին՝ քաղաքացիական և քրեական դատարանների: Սրա հիմնավորումն այն էր, որ մեկ դատարանի աշխատակազմը բավականին մեծ էր (72 դատավոր, 6 նստավայր), որը ղեկավարվում էր մեկ նախագահի կողմից և գործնականում առաջանում էին բարդություններ։
- 2023-ի ընթացքում Արդարադատության ակադեմիայում վերապատրաստվել են հակակոռուպցիոն առաջին ատյանի, վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի և վճռաբեկ հակակոռուպցիոն պալատի դատավորներ։
- Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, այդ թվում նաև դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին ԲԴԽ որոշումները բողոքարկելու հնարավորություն է սահմանվել Դատական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ անելու մասին օրենքով, որն արդեն իսկ ընդունվել է, սակայն դեռևս ուժի մեջ չի մտել։
Մարիանա Դանիելյանը նշում է, որ օրենսդիրը պայման է դրել՝ այս դրույթներն ուժի մեջ կմտնեն, երբ ուժի մեջ կմտնի նաև ԲԴԽ որոշումը՝ բողոքարկման հանձնաժողովի կազմի ձևավորման կարգի վերաբերյալ․ «Ներկա պահին դեռ ԲԴԽ այդ որոշումը վերամշակման փուլում է»։
Այս օրենքով նաև նախատեսվում է, որ բողոքը քննելու է ԲԴԽ 4 անդամից բաղկացած կազմը, որի անդամները յուրաքանչյուր բողոքի դեպքում լինելու են տարբեր։ Կազմը բողոքը քննելու է մեկամյսա ժամկետում և կարողանալու է վերացնել կարգապահական տույժը կամ նշանակել այլ կարգապահական տույժ կամ անփոփոխ թողնել ԲԴԽ որոշումը։ Բողոքի քննության արդյունքում ԲԴԽ ընդունած որոշումը լինելու է վերջնական և ենթակա չէ լինելու բողոքարկման։
Մշակվել է օրենսդրական փաթեթ, որի ընդունման դեպքում Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովում ոչ դատավոր անդամների թիվը ավելացվել է 3-ով (դարձվել է 5)։ Արաքս Մելքոնյանը նշում է, որ ներկայում քաղհասարակության ներկայացուցիչ անդամները 2-ն են, և չկա հնարավորություն ազդելու հանձնաժողովի որոշումների վրա։ Այս առնչությամբ էական է, որ հանձնաժողովում ներգրավված լինեն բավարար համամասնությամբ ոչ դատավոր անդամներ, որոնք կառաջադրվեն հասարակական կազմակերպությունների կողմից։
Հարցի վերաբերյալ արդարադատության նախկին փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը նշում է, որ քաղհասարակության անդամների ներկայացվածության նպատակը հանձնաժողովի աշխատանքի թափանցիկությունն ու հաշվետվողականությունն ապահովելն է, ինչը գործող համակարգով էլ իրականացվում է։
Ծրագրված են նաև այլ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն մինչև 2026-ը։ Դրանցից է հակակոռուպցիոն դատարանների շենքային և նյութատեխնիկական միջոցների ապահովումը։ ԲԴԽ նյութատեխնիկական ապահովման և գնումների վարչության պետ Արթուր Ասատրյանն ասում է, որ այս տարի ԲԴԽ նախագահի հանձնարարականով ընթացիկ վերանորոգումներ են կատարվում գրեթե բոլոր վարչական շենքերում և այս աշխատանքների համար հատկացվել է շուրջ 77 միլիոն դրամ։
Ծրագրվում է նաև մշակել մասնագիտացված դատարանների և դատավորների ենթամասնագիտացումներ ունենալու հայեցակարգ և դրանց ստեղծմանն ուղղված օրենսդրական լուծումներ (օրինակ՝ փոքր հայցապահանջներ քննող, առանձին տեսակի վարչական գործեր քննող դատավորներ, զինվորական տրիբունալ և այլն):
Այսպիսով, դատաիրավական բարեփոխումների շարունակականությանն ուղղված գործողությունների հիմնական մասը թեև համարվում է կատարված, սակայն դեռևս դրանք լիարժեք գործող չեն և արդյունքները գնահատել չենք կարող։
Հոդվածի վիզուալ տարբերակն՝ այստեղ։
Մարդ և օրենք
Փարիզյան համաձայնագիրը՝ ի նպաստ Հայաստանում անտառծածկույթի ընդլայնմանը
Թեև Հայաստանի կառավարությունը կլիմայի փոփոխության դեմ պայքարի շրջանակներում պարտավորվել է ավելացնել երկրի անտառածածկույթը, սակայն բնապահպաններն անտառները համարում են երկրի ամենավտանգված էկոհամակարգը։ Գայանե Մկրտչյանն անդրադառնում է անտառների խնդիրներին ու Փարիզյան համաձայնագրի շրջանակներում երկրի պարտավորություններին։
Read moreՎերականգնելի. պետական մոտեցումը պատժողական արդարադատությանը
Հայաստանի արդարադատության համակարգը պատժողական ավանդական գաղափարախոսությունից փորձում է անցնել դեպի վերասոցիալականացման և վերականգնողականի, որի շրջանակներում էլ ներդրվել է պրոբացիոն ծառայությունը։ Ի՞նչ խնդիրներ է լուծում այս ծառայությունը, ինչ գործառույթներ ունի և ովքեր են դրա շահառուները, բացատրում է Լիլիթ Ավագյանը:
Read moreՎտանգավոր քիմիական նյութերը քաղաքում՝ աչքից հեռու, մտքից հեռու
Հայաստանում քիմիական նյութերի խոշոր պահեստները չեն համապատասխանում որևէ չափորոշչի. եղել են գործարաններ, փակվել են ու լքվել, մինչդեռ այնտեղ շարունակում են մնալ մեծ քանակությամբ քիմիական նյութեր։ Վտանգավոր նյութերի պահման պայմաններին, դրանց վնասազերծման խնդիրներին ու պետության պարտավորություններին է անդրադառնում Մարիամ Տաշչյանը։
Read moreՔարսիթներ. օրենքը կա, իրագործումը՝ ոչ
Տրանսպորտային միջոցներում մանկական պահող համակարգերի՝ քարսիթների օգտագործումը Հայաստանում թեև պարտադիր է, սակայն այնքան էլ մեծ տարածում չունի։ Մարգարիտա Ղազարյանն անդրադառնում է երեխաների անվտանգությունն ապահովող այս համակարգերի կիրառման հայաստանյան փորձին։
Read moreԷլեկտրոնային արդարադատություն․ ռիսկեր և հնարավորություններ
Քաղաքացիական նոր գործերով դատավարական բոլոր փաստաթղթերն այսուհետ պետք է ներկայացվեն էլեկտրոնային համակարգով։ Ո՞րն է էլեկտրոնային արդարադատության համակարգի նպատակը, ի՞նչ խնդիրներ ու հնարավորություններ է այն ընձեռում, անդրադառնում է Աստղիկ Կարապետյանը։
Read moreՈվքե՞ր կօգտվեն բանակից փողով ազատվելու հնարավորությունից
Զինվորական ծառայությունից խուսափածների ազատազրկմանն ի՞նչ այլընտրանքեր են առաջարկում, սոցիալական ու իրավական ի՞նչ խնդիրներ են առաջացնում և ի՞նչ տեսլական ունեն զինծառայությանը վերաբերող օրենքի վերջերս ուժի մեջ մտած փոփոխությունները։
Read moreՀաճախ կիրառվող ծայրահեղ միջոց՝ կալանք
Թեև մեկ տարուց ավելի է գործում է Քրեական դատավարության նոր օրենսգիրքն ու սահմանված են այլընտրանքային խափանման նոր միջոցներ, սակայն մինչդատական կալանքը Հայաստանում շարունակում է նախկինի պես հաճախ կիրառվել։ Ինչո՞ւ են դատարանները խուսափում կիրառել խափանման այլ միջոցները, մեկնաբանում է Աստղիկ Կարապետյանը։
Read moreՀացի խնդիր. ներմուծե՞լ ցորենը, թե՞ արտադրել
Հայաստանի համար ցորենի արտադրության և ներմուծման խնդիրն անվտանգային նշանակություն ունի: Ի՞նչ է արվում՝ Հայաստանի պարենային անվտանգության, մասնավորապես, ցորենի ինքնաբավությունը մեծացնելու, ինչպես նաև ցորենի անխափան ներմուծումն ապահովելու առումով, անդրադառնում է Լիլիթ Ավագյանը։
Read moreEVN Report
Մեդիա փառատոն
Հայաստանի և Վրաստանի փորձագետները կքննարկեն մշակույթի և լրատվամիջոցների դերը՝ որպես տարածաշրջանում դիմակայության և ժողովրդավարություն խթանող կարևորագույն չափորոշիչներ: Նրանք կանդրադառնան երկու երկրներում առկա իրավիճակներին, կվերլուծեն մշակութային կյանքի վերափոխումները, հանրության մշակութային իրավունքների ընկալումները, հիշողության քաղաքականությունը և կկիսվեն, թե ինչպես մշակութային իրավունքները և լրատվամիջոցների խոսույթները կարող են խթան հանդիսանալ տարածաշրջանում առկա մարտահրավերներին զուգահեռ ժողովրդավարության ամրապնդման համար:
Գրանցվեք այստեղ։
Ամբողջ ծրագրին ծանոթացեք այստեղ։