EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
Morning News
  • Հայ
    • Eng
No Result
View All Result
Գլխավոր Մարդ և օրենք
Հնվ 16, 2025

Բուժօգնությունը բանտում․ դեղերի պակաս, անպատասխան մնացող դիմումներ

Աստղիկ Կարապետյան

Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր:


Your browser does not support the
audio element.

«Բժշկության անունը մի տվեք, ահավոր դժգոհ եմ, իրենց երեսից սուտասանի պիտակ ա դեմքիս հայտնվել»,- ասաց 35-ամյա Արթուրը (անունը փոխված է), ով արդեն երրորդ տարին է անցկացնում անազատության մեջ։ 

Նա քրեական մի գործով դատապարտվել է տասը տարվա ազատազրկման, իսկ մեկ այլ գործով ներգրավված է որպես մեղադրյալ և գործը դատաքննության փուլում է։ Պարբերաբար տեղափոխվում է դատարան՝ նիստերին մասնակցելու։ Հերթական նիստերից մեկի օրն իրեն վատ է զգացել․ «Քույրը մտել, ասում ա՝ էս ի՞նչ ա քո վիճակը, դու ընդհանրապես հաց ուտո՞ւմ ես, ճնշումս ընկած, սրտիս աշխատանքն ընդհանրապես չէր լսվում, նույն րոպեին ասաց՝ հենց հիմա նշանակում եմ էլեկտրասրտագրություն: Հիմա եկել են, ինձ տանում են, ասում եմ՝ ի վիճակի չեմ, ուզում եք մեքենայի մեջ վատանա՞մ, մնամ ճամփին»։ 

Պատմեց, որ այդ օրը նիստի չի գնացել ու դատարանը նրան բերման ենթարկելու որոշում է ընդունել, քանի որ առողջական վիճակի վերաբերյալ տեղեկանք չի ներկայացվել դատարան։ Իսկ ավելի ուշ կազմված տեղեկանքում նշվել է, թե նա բժշկի դիմել է ոչ թե նիստի օրը, այլ նիստից օրեր առաջ։ 

 

«Կարող է ատամդ ցավել ու դեղ չլինի»

Սակայն սա բուժօգնության հետ կապված միակ խնդիրը չէ, որին հանդիպել է Արթուրը։ Օրինակ, ատամդ կարող է ցավել ու դեղ չլինի․ «Բժշկուհուն ասում ես, ասում ա՝ չունեմ, չեմ ստացել, կանչում ես դեղեր բաժանողին՝ ասում ա՝ ես տվել եմ քույրերին: Քույրին կանչում ես՝ չունեմ, չեն տվել, դե արի գլուխ հանի՝ ո՛ւմ մեղադրես, ո՛ւմ՝ չէ»: 

«Ոչ մի դեղ իրանցից չեմ վերցնում, ոչ մի դեղ։ Սաղ դեղերս ես եմ առնում,- ասաց 50-ամյա դատապարտյալ Նորիկը (անունը փոխված է) և թվարկեց իր առողջական խնդիրները՝ սրտի առիթմիա, ստամոքսում ու երիկամներում խոցեր, թոքերում բարորակ գոյացություն և այլն,- Չորս-հինգ հատ դեղ ա, մի շաբաթվա մի դեղն են տալիս, հինգ օրվա մի դեղն են տալիս։ Անցնում ա հինգ օր, ասում ես՝ էս մի դեղը վերջացավ, ասում են՝ լավ, վաղը կզեկուցեմ, կստանամ, կբերեմ։ Առիթմիան էնպես բան ա, որ սաղ կյանքդ պետք ա խմես, եթե չեմ խմում, ճնշումս 260 բարձրանում ա»։ 

Նորիկը դեղերը ստանալու վերաբերյալ մի իրավիճակի մասին պատմեց. օրինակ, եթե բժշկի կողմից նշանակված դեղը չի լինում, տալիս են դրա փոխարինողը։

«Ասում են՝ կուզե՞ս փոխարինողը տանք։ Ասում եմ՝ ես չգիտեմ, ես բժիշկ չեմ։ Մի երկու ամսվա մեջ փոխարինողը չկա, փոխարինողի փոխարինողը տանք, փոխարինողի փոխարինողի փոխարինողը․․․ Հետո սրտաբանն եկավ, ասեց՝ էս ի՞նչ դեղեր ես խմում, ասեցի` ինչ տվել են, էդ էլ խմում եմ։ Ասեց՝ դրա համար էլ ճնշումդ չի իջնում»,- նրա խոսքով, ի վերջո, բժիշկն արձագանքել է, որ ստացել է իրեն ոչ անհրաժեշտ դեղեր։

Քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) դեղորայքով ապահովվածության խնդիրն արձանագրել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակը։ Մասնավորապես, տարեկան զեկույցում նշված են դեպքեր, երբ մարդիկ նշանակված բուժումն ու դեղերը ստացել են ամիսներ անց՝ միայն ՄԻՊ միջամտությունից հետո։ 

«Ազատությունից զրկված անձանց անհրաժեշտ դեղորայքով չապահովելը կարող է հանգեցնել պետության` իր հոգածության ներքո գտնվող անձանց պատշաճ բուժօգնության, դեղորայքային բուժման ապահովման պարտականության չկատարմանը»,- նշված է զեկույցում։ 

ՄԻՊ աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանն ասաց, որ խնդրի պատճառներից մեկը պետական գնումների երկարատև գործընթացն է։ Օրինակ, գնման գործընթացը կարող է տևել մինչև մեկ ամիս, իսկ երբեմն էլ գնման ժամանակ մի շարք դեղամիջոցների համար որևէ գնառաջարկ չներկայացվի, հետևաբար, հնարավոր չի լինի նաև դրանք ձեռք բերել։

Զեկույցում նշված է նաև, որ հաճախ անձին ցուցված դեղամիջոցը փոխարինվում է նույն քիմիական բաղադրությունն ունեցող այլ դեղամիջոցով, սակայն դրանք նույնպես ոչ միշտ են լինում «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ) դեղատանը։ 

Ի դեպ, «Քրեակատարողական բժշկության կենտրոնը» ստեղծվել է 2018-ի մարտին՝ որպես արդարադատության նախարարության ենթակայությամբ գործող կառույց, իսկ 2023-ի ապրիլի 28-ից այն գործում է առողջապահության նախարարության ենթակայությամբ։

Կենտրոնի գործառույթը քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց և դատապարտյալների առողջության պահպանումն ու վերականգնումն է, իսկ նպատակը՝ նրանց պատշաճ բուժօգնություն և սպասարկում մատուցելը։  

 

«Դեղերը բերում են, ժամերով բժիշկ չկա»

ՄԻՊ զեկույցում արձանագրվել է, որ ազատազրկվածները բժշկի կողմից ցուցված իրենց դեղամիջոցները հիմնականում ձեռք են բերում կամ իրենց միջոցներով կամ դրանք փոխանցվում են ազգականների կողմից: Այդ դեղերն ընդունվում են «Քրեակատարողական բժշկության կենտրոնի» ներկայացուցիչների կողմից դեղամիջոցն ուսումնասիրելուց, թույլատրելիությունը պարզելուց, ինչպես նաև, երբեմն, ռենտգեն սարքի միջոցով ստուգվելուց հետո։ 

«Դեղերը բերում են, բժիշկ չկա, ժամերով չկա,- Նորիկն ասաց, որ եթե ներքևից «կռիվ է լսվում», ուրեմն դեղեր են բերել հարազատները,- հիմա կտրոնը քաշում, հերթ են կանգնում, մի հինգ ժամ հանձնուք տալիս, մի երկու ժամ էլ սպասում, որ դեղը տան, մի կես ժամ էլ սպասեն, որ անձնագիրը հետ բերեն տան։ Այսինքն, հարազատը էդ մի օրը պիտի տրամադրի քեզ»։ 

Նախորդ տարի ՄԻՊ-ի կողմից դեպք է արձանագրվել, երբ անձը ՔԿՀ է տեղափոխվել ուրբաթ երեկոյան, հիմնարկում նրան ցուցված մշտական օգտագործման դեղը չի եղել, իսկ հարազատների կողմից բերվածը չի ընդունվել՝ ոչ աշխատանքային օր լինելու և կազմակերպչական խնդիրների պատճառաբանությամբ։ Փաստացի, անձը երեք օր չի կարողացել իր դեղերը ստանալ և նրա առողջական վիճակը վատթարացել է։ 

Նորիկը պատմեց, որ չեն թույլատրում իրենց մոտ ունենալ, օրինակ, յոդ, ջերմաչափ։ Եթե կարիք է լինում՝ բժիշկ պիտի կանչեն։ 

Հատված՝ Նորիկի հետ զրույցից

-Առաջ ունեինք ջերմաչափ, մեկն իրան վնաս չտվեց դրանով։ Հիմա չեն թողնում։ Ստերիոտիպ ա էլի։ 

-Չկա՞ն ինքնավնասում անողներ։

-Կան։ Դա էլ ներքին կուխնիայից ա գալիս։ Բժիշկ ա կանչում, չի գալիս։ Օրինակ, ես մի քիչ շատ ջղայնանայի, կարող ա մի ավելորդություն էլ ես անեի։ Երկու ամիս ա գլխավոր բժիշկ եմ կանչում, չկա։ Ոչ մի բան չեն ասում։ ․․․Եթե մի հատ խնդիր ես ունենում, քեզ պիտի տանեն ստուգման։ Ռենտգեն էլ անում են, ասում են՝ հըլը արի տես, ոնց որ բան չկա, չէ՞։ 

 

Հացադուլ՝ բուժօգնություն ստանալու պահանջով

Նախկին դատապարտյալ, մասնագիտությամբ իրավաբան Արման Սարգսյանը, ով անցյալ տարի է ազատ արձակվել և ներկայումս զբաղվում է դատապարտյալների իրավունքների պաշտպանությամբ, ասաց, որ ազատազրկվածների բուժօգնություն ստանալու պահանջները հաճախ արձագանք են ստանում միայն, երբ նրանք ծայրահեղ միջոցի են դիմում․ «Հացադուլ են հայտարարում, երեք օրվա ընթացքում լուծվում է։ Իմ դուրս գալուց առաջ էլ էլի հացադուլ արեցին, որ կռվով-դավով տանեն բուժման մարդկանց։ Մարդ կար, որ ամբողջ օրգանիզմը բորբոքված էր, ամիսներով կռիվ էինք տալիս, որ տանեն հիվանդանոց, չէին տանում, որովհետև պետպատվեր չէին տալիս»։

Այս խնդիրն արձանագրել է նաև ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խումբը։ 

«Բուժօգնությանը վերաբերող հիմնական բողոքները, որ ներկայացվում են մեր խմբին, վերաբերում են բուժօգնության հրատապությունն անտեսելուն, նաև ինքնավնասումների մեծ մասն է լինում դրա պատճառով՝ հաշվի առնելով իրենց հղումը, որ բուժօգնությունն ուշանում է, իրենք առողջական խնդիրներ ունեն, պատշաճ բուժօգնություն չեն ստանում»,- ասաց խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյանը: 

Նրա խոսքով, արձագանքների ուշացման պատճառները տարբեր են՝ սկսած հիմնարկներում բուժաշխատողների սակավությամբ, վերջացրած նրանով, որ դատապարտյալին բուժօգնության տեղափոխելը ենթադրում է մի շարք կազմակերպչական աշխատանքներ, օրինակ, ուղեկցողի տրամադրում։ 

Դատապարտյալ Արթուրն ասաց, որ կես տարի առաջ է գրավոր դիմել, որ թույլատրեն իր ֆինանսական միջոցներով ականջների ու քթի հետազոտություն անցնի, բայց պատասխան չի ստացել․ «Մեզ մոտ մի տղա կա՝ ականջների խնդիր ունի, մենք զգում ենք, որ գնալով վատ ա լսում, կանչեցինք բժիշկ, եկավ, ասեց՝ սա պետք չի էսպես թողնել, գնալով կխորանա, անպայման կարձագանքենք, թող էն սարքից տան… Մինչև հիմա էդ տղեն նույն վիճակում ա, էնպես չէ, որ մենակ ես եմ»։ 

Լաուրա Գասպարյանն էլ նշեց, որ իրենք նույնպես ստանում են ահազանգեր՝ պատշաճ բուժօգնություն չստանալու պատճառով հացադուլների դիմելու դեպքերի մասին։ Իսկ ՄԻՊ տարեկան զեկույցում նշված է, որ 2023-ի ընթացքում արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ անձին ցուցված բժշկական հետազոտությունները կազմակերպվել են ամիսներ անց, ընդ որում՝ գերակշիռ մասը միայն ՄԻՊ միջամտությունից հետո:

 

Պատժվելու վախ՝ բողոքելու համար 

Արման Սարգսյանը հիշեց դեպք, երբ բուժաշխատողը հայտնի է եղել դատապարտյալներին չսիրելու համար, օրինակ, պատշաճ բուժօգնություն չի տրամադրել մարդուն միայն այն բանի համար, որ նա դատապարտված է եղել սպանության համար։ 

Նրա խոսքով, նման դեպքերում ազատազրկվածները վախենում են բողոքել՝ մտածելով, որ եթե բողոքից հետո բուժաշխատողը նկատողություն ստանա և շարունակի աշխատել, կարող է ավելի վատ վերաբերվել իրենց, օրինակ, ոչ ցուցված դեղ տալ։ 

Զարուհի Հովհաննիսյանն էլ նշեց, որ նման բողոքներ ստացել են և համապատասխան մարմինների են դիմել՝ խնդրի լուծման ակնկալիքով։ Միևնույն ժամանակ նշեց, որ «Քրեակատարողական բժշկության կենտրոնի» աշխատակիցների հետ այս և այլ թեմաներով զրույցների ժամանակ պարզել են, որ կա նաև կադրային խնդիր․ թեև այստեղ ավելի բարձր աշխատավարձ է առաջարկվում, սակայն ընդհանուր պայմանները գրավիչ չեն․ «Նույն բուժաշխատողներն ասում են՝ իրենց հետ հավասար, կարծես, մենք էլ ենք նստած այս փակի տակ»։ 

 

«Ես հրաժարվում եմ հարցազրույց կազմակերպել»

Անազատության մեջ գտնվող անձանց բուժօգնության և սպասարկման վերոնշյալ և այլ խնդիրների վերաբերյալ հարցազրույց տալ «Քրեակատարողական բժշկության կենտրոնից» համաձայնեցին, սակայն նշեցին, որ դա կարող են անել միայն, երբ համաձայնություն լինի առողջապահության նախարարությունից։ 

Սակայն նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը հեռախոսազրույցի ժամանակ ասաց, որ հրաժարվում է հարցազրույց կազմակերպել, քանի որ լրագրողական նյութը ոչ թե վիդեո, այլ տեքստային տարբերակով է լինելու, և ասաց, որ տեղեկություն ստանալու համար պետք է գրավոր հարցում անել։ 

Այս հոդվածը գրելու համար զրույցներ են եղել ներկա և նախկին դատապարտյալների, քրեակատարողական արդարադատության ոլորտի փորձագետների հետ, ովքեր պատմել են մի շարք խնդիրների մասին։ Այդպիսով, հոդվածի հեղինակի մոտ (և ո՛չ նախարարության) հավաքվել են տեղեկություններ, որոնց վերաբերյալ անհրաժեշտություն է առաջացել ստանալ պարզաբանում, մեկնաբանություն, կարծիք, դիրքորոշում  առողջապահության նախարարությունից։ Հետևաբար, դիմել է հարցազրույց ունենալու համար։ 

Մինչդեռ, տեղեկություն ստանալու հարցում արվում է այն դեպքում, երբ պատկան կառույցից պահանջվում է նրա կողմից տնօրինվող տվյալ, որը ստացվել կամ ձևավորվել է օրենսդրությամբ սահմանված կարգով  («Տեղեկատվության ազատության մասին» օրենքի երրորդ հոդված)։ 

Միևնույն ժամանակ, որոշակի տեղեկություններ ստանալու համար նախարարությանը և կենտրոնին գրավոր հարցում արվել է, սակայն ստացված պատասխանները նոր հարցեր են առաջ բերում և պարզաբանումների կարիք ունեն։

 

Լուսանկարներով տարբերակը՝ այստեղ։

Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Կարդացեք նաեւ

«Ընտրել եմ ապրելը»․ հաշմանդամություն ունեցողներն անազատության մեջ

«Ընտրել եմ ապրելը»․ հաշմանդամություն ունեցողներն անազատության մեջ

Աստղիկ Կարապետյան
Հնվ 13, 2025

Թեև քրեակատարողական հիմնարկներում իրականացվում են ազատությունից զրկված հաշմանդամություն ունեցող անձանց պահման մատչելի պայմանների ապահովմանն ուղղված միջոցառումներ, սակայն դրանք տեղային են ու ՔԿՀ-ների տարածքները հենաշարժողական խնդիրներ ունեցողների համար շարունակում են մնալ ոչ մատչելի ու ստեղծում են խնդիրներ։

Read more
Աշխատանքն ու կրթությունը բանտում

Աշխատանքն ու կրթությունը բանտում

Աստղիկ Կարապետյան
Հնվ 9, 2025

Ինչպես են անազատության մեջ գտնվողները կրթություն ստանում ու վարձատրվող աշխատանքի ինչ հնարավորություններ ունեն, դատապարտյալներից քանի՞սն է աշխատում ու ինչ խնդիրների է բախվում, անդրադառնում է Աստղիկ Կարապետյանը։

Read more
Astghik Karapetyan, Motherhood Behind Bars

Մայրությունը՝ ճաղերի հետևում

Աստղիկ Կարապետյան
Նյմ 4, 2024

Ինչպես են Հայաստանում անազատության մեջ գտնվող մայրերը խնամում իրենց երեխաներին քրեակատարողական հիմնարկում, ինչ խնդիրների են բախվում հիմնարկից դուրս գտնվող երեխաների դաստիարակության հարցերում, անդրադառնում է Աստղիկ Կարապետյանը։

Read more

Մարդ եւ օրենք

Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենք․ պարտադրո՞ւմ, թե՞ խրախուսում

Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենք․ պարտադրո՞ւմ, թե՞ խրախուսում

Արևիկ ՕհանյանևՌուբեն Մարկոսյան
Նյմ 5, 2024

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագծի որոշ դրույթների կիրառման արդյունքում վտանգվելու են բուհական համակարգի մի շարք կարևոր հիմնարար սկզբունքները, կարծում են կրթության փորձագետներ Արևիկ Օհանյանն ու Ռուբեն Մարկոսյանը և առաջարկում այլընտրանքներ։

Read more
Ջրային պաշարների կառավարումը մարտահրավերների առջև

Ջրային պաշարների կառավարումը մարտահրավերների առջև

Մարիամ Տաշչյան
Սպտ 16, 2024

Հայաստանի ջրային պաշարների անհամաչափ բաշխումը, ապաշնորհ կառավարումը, ոռոգման համակարգերի անարդյունավետությունը և Սևանա լճի ճակատագիրը հրատապ լուծումներ են պահանջում։ Երկրի առջև ծառացած է հիմնարար հարց. ինչպե՞ս հավասարակշռել տնտեսական զարգացման և բնապահպանական կարիքները, գրում է Մարիամ Տաշչյանը։

Read more
Armenia as a Refuge: Who's Seeking Asylum?, Arshalouys Barseghyan

Հանգրվանը՝ Հայաստան. ովքե՞ր են ապաստան հայցում

Արշալույս Բարսեղյան
Օգս 14, 2024

Վերջին տարիներին Հայաստանում ապաստան հայցողների թվի աճ է նկատվում, ավելացել է նաև երկրների թիվը, որոնց քաղաքացիները նման դիմում են ներկայացնում Հայաստանում։ Ինչո՞վ է պայմանավորված այս միտումը, ո՞ր երկրների քաղաքացիներից է Հայաստանը ստանում ամենաշատ դիմումներն ու արդյոք բավարարում է դրանք, անդրադառնում է Արշալույս Բարսեղյանը։

Read more
Հարկադիր կատարում․ խնդիրներ ու նախատեսված լուծումներ

Հարկադիր կատարում․ խնդիրներ ու նախատեսված լուծումներ

Աստղիկ Կարապետյան
Հլս 11, 2024

Դատաիրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունն ու դրանից բխող գործողությունների ծրագրի նպատակներից մեկը վերաբերում է հարկադիր կատարման համակարգում փոփոխություններին, թե որքանով են դրանք արդյունավետ ու իրական, պարզաբանում է Աստղիկ Կարապետյանը։

Read more
Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:

Բաժանորդագրվել

Բաժիններ

  • Քաղաքականություն
  • Կարծիք
  • Արցախը կիզակետում
  • Մարդ և հասարակություն
  • Մշակույթ
  • Ընտրություններ
  • Ստեղծարար Tech
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ

Հետևեք մեզ





@ 2024 EVN Report. All Rights Reserved

    Subscribe

      Բաժանորդագրվել

      Բաժիններ

      • Քաղաքականություն
      • Կարծիք
      • Արցախը կիզակետում
      • Մարդ և հասարակություն
      • Արվեստ և մշակույթ
      • ԵՎ այլն
      • Ստեղծարար Tech
      • Մարդ և օրենք
      • Տնտեսություն
      • Ընտրություններ
      • Ընթերցողների հարթակ
        • Անցումային արդարադատություն
        • Ընտրական օրենսգիրք
        • Կամավորություն
        • Հայաստան-Սփյուռք հարաբերություններ
        • Հաշմանդամություն ունեցող նորածինների պաշտպանություն
      • Անվտանգության զեկույց
      • Հոդվածների ընդունման կարգ
      • Մեր մասին
      • Կապ
      • Eng
      • Հայ

      Բաժանորդագրվեք մեր ամփոփագրին

      Աջակցություն

      ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ