
Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր:
Հայաստանում 2022-ից նկատվում է ապաստան հայցողների թվի՝ վերջին տասնամյակի համար աննախադեպ աճ։ Ապաստանի հայցերին զուգահեռ ավելացել է նաև երկրների քանակը, որոնց քաղաքացիները նման դիմում են ներկայացրել Հայաստանում. եթե 2015-ին 13 երկրից էին, ապա 2023-ին՝ 36։
Տարիներ շարունակ ամենաշատ հայտերը Հայաստանը ստանում է Մերձավոր Արևելքի երկրների քաղաքացիներից՝ Իրան, Իրաք, Սիրիա, Եգիպտոս։ 2022-ից սկսած այս ցանկում է հայտնվել նաև Ուկրաինան, ինչն իշխանությունները պայմանավորում են նույն տարում սկսված ռուս-ուկրաինական պատերազմով։
Սակայն, Ուկրաինայից ապաստան հայցողների հիմնական մասը, ի տարբերություն մյուսների, հայեր են։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանի խոսքով՝ նախկինում նման միտում եղել է 2011-ին Սիրիայի պատերազմի մեկնարկից հետո ապաստան հայցողների պարագայում։
Այս երկու պատերազմները, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում մեծ ազդեցություն ունեցան միգրացիոն հոսքերի վրա։ 2011-ի մարտին Սիրիայում բռնկված պատերազմի հետևանքով միլիոնավոր մարդիկ ստիպված եղան լքել երկիրը՝ այդ թվում նաև հայերը։ Դարերի պատմություն ունեցող, շուրջ 120.000 հայկական համայնքից այսօր մնացել է շուրջ 20.000-ը։ Սիրիայից դուրս եկածներից շատերն իրենց ապագան փորձեցին շարունակել հենց Հայաստանում, ինչն արտացոլվեց նաև հետագա տարիների պաշտոնական վիճակագրությունում։
Միգրացիոն ծառայության տրամադրած տվյալների համաձայն՝ եթե 2011-ին ապաստանի 73 հայց էր եղել, փախստական էր ճանաչել 54-ը, ապա արդեն 2012-ին այս թվերը մի քանի անգամ ավելացել են՝ ապաստան է հայցել 579 մարդ, փախստական է ճանաչվել 390-ը։
Իսկ արդեն 2022-ին Ուկրաինայում բռնկված պատերազմից հետո Հայաստանը ստացավ 2015-2023 թվականների ժամանակահատվածի ամենաշատ ապաստանի հայտերը՝ 968 (որից ամենաշատ երկրներից են Ուկրաինա 484, Իրաք 198, Իրան 106, Կուբա 49, Եգիպտոս 25, Սիրիա 19, Ռուսաստան 19)։
Ի դեպ, պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ Ուկրաինայի պատերազմից հետո աճել է նաև Ռուսաստանից Հայաստանում ապաստան հայցողների թիվը, ու եթե 2015-ին և 2016-ին այդ երկրից ոչ մի դիմում չկար, իսկ 2017-ին 2-ն էին, ապա 2023-ին 32-ն են եղել։
Ի տարբերություն ապաստանի հայտերի, աճի միտումը չի նկատվում փախստականի կարգավիճակի տրամադրման դեպքում։ Այն թեև աճել է, բայց դեռ հետ է 2012-ին տրված 390-ից։
Սակայն, թե այս մարդկանցից քանիսն է մնացել երկրում՝ հայտնի չէ. Հայաստանում չի իրականացվում մշտադիտարկում, թե փախստականի կարգավիճակ ստացած անձանցից քանիսն են շարունակում բնակվել այստեղ։
Ապաստանի տրամադրման և մերժման հիմքերը
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից չեն ներկայացնում ամենատարածված պատճառները, որոնց համար Հայաստանում ապաստան են հայցում՝ պարզաբանելով, որ այն հրապարակման ենթակա տեղեկություն չէ։ Հայտնի չեն մերժման հաճախ պատահող պատճառները ևս։
Միգրացիոն ծառայության կայքում նշված է, որ ապաստան է տրամադրվում բոլոր այն անձանց, որոնք հետապնդումների կամ դրան ենթարկվելու ողջամիտ հնարավորության պատճառով ստիպված են եղել լքել իրենց քաղաքացիության կամ մշտական բնակության երկիրը:
Իսկ ՄԱԿ-ի՝ «Փախստականների կարգավիճակի մասին» 1951-ի Ժնևի կոնվենցիան, որը 1993-ին վավերացրել է Հայաստանը, սահմանում է, որ փախստական է համարվում այն անձը, որը «ռասայի, կրոնի, ազգության, որոշակի սոցիալական խմբի պատկանելիության և քաղաքական հայացքների պատճառով հետապնդվելու հիմնավորված երկյուղի հետևանքով գտնվում է իր քաղաքացիության կամ մշտական բնակության երկրից դուրս և անկարող է կամ, նման երկյուղի պատճառով, չի ցանկանում օգտվել այդ երկրի պաշտպանությունից, կամ նա, ով, չունենալով քաղաքացիություն և նման իրադարձությունների հետևանքով գտնվելով իր նախկին մշտական բնակության երկրից դուրս, անկարող է կամ, նման երկյուղի պատճառով, չի ցանկանում վերադառնալ այնտեղ»։
Հայաստանը 2008-ին ընդունել է ապաստանի ոլորտը կարգավորող «Փախստականների և ապաստանի մասին» ազգային օրենքը, որում՝ «փախստական» ճանաչվելու համար 1951-ի կոնվենցիայով ամրագրված հինգ հիմքերի հետ մեկտեղ ամրագրվել են ևս հինգը՝ մարդու իրավունքների զանգվածային խախտումներ, համատարած բռնություն, արտաքին հարձակում, ներքին հակամարտություններ, հասարակական կարգի լուրջ խախտումներ։
2023-ի տարեվերջից հանրային հնչեղություն ստացավ մի քանի դեպք, երբ օտարերկրյա քաղաքացիները ձերբակալվել էին՝ իրենց երկրներում հետախուզման մեջ գտնվելու հիմքով, ինչից հետո դիմել էին Հայաստանի իշխանություններին՝ հայցելով ապաստան։
Տարեսկզբից մինչև մարտ երեք բելառուս է Հայաստանի սահմանը հատելուց հետո ձերբակալվել՝ իրենց երկրում իրենց դեմ հարուցված քրեական գործերի պատճառով։ Սակայն նրանցից մեկին տրամադրվել է ապաստան և հունիսի 18-ին՝ չորս ամիս անազատության մեջ պահվելուց հետո ազատ է արձակվել։ Բելառուս երիտասարդին ապաստան տրամադրելու որոշման մեջ, ըստ նրա իրավունքերի պաշտպանությամբ զբաղվող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի՝ արժանահավատ են ճանաչվել քաղաքական հետապնդման ենթարկվելու փաստը և արձանագրել է, որ Բելառուսի իշխանությունը չի հանդուրժում այլակարծությունը․ անձինք տարբեր մեղադրանքներով կարող են դատապարտվել ազատազրկման։
Կացարան. օրենք և իրականություն
Ապաստանի հայցի քննարկումը տևում է 3-6 ամիս։ Այս ընթացքում, ցանկության դեպքում, մարդիկ բնակեցվում են ապաստան հայցողների ժամանակավոր կացարանում։ Տրամադրվում է սնունդ, հիգիենայի պարագաներ։ Սակայն այս կացարանը նախատեսված է 50 անձի համար։
Նոր կացարան է կառուցվում Աբովյան քաղաքում՝ նախատեսված է մինչև 120 անձի համար։ Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2024-ի աշուն:
Այժմ գործող կացարանում տեղավորման անհնարինության դեպքում՝ ապաստան հայցողին հայցի դիտարկման ամիսներին տրամադրվում է դրամական օգնություն՝ ապաստանի դիմում ներկայացնողին 20.000 դրամ, իսկ նրա ընտանիքի յուրաքանչյուր անդամին՝ 15.000-ական դրամ։ Միգրացիոն ծառայության խոսնակ Նելլի Դավթյանը նշում է, որ հատկացվող գումարով 3-4 հոգուց բաղկացած ընտանիքներին հնարավոր է լինում մարզերում տեղավորել։
Իսկ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) 2023-ի զեկույցում բարձրացվում է կացարանից դուրս ապրողներին տրամադրվող գումարի հարցը՝ նշելով, որ այն բավարար չէ անհրաժեշտ կարիքները հոգալու համար:
Սակայն գործող կացարանը բացի սահմանափակ տեղերից ունի նաև այլ բացեր. ՄԻՊ գրասենյակը բացմիցս անդրադարձել է այդ կացարանի սանիտարական, սննդի տրամադրման, թարգմանիչների բացակայության հետ կապված, ինչպես նաև արձանագրվող այլ խնդիրներին։
Ըստ Դավթյանի՝ Ապաստանի և փախստականների մասին օրենքը, սահմանում է, որ ապաստան հայցողը պետք է կացարանով ապահովվի հայցն ընդունելուց հետո՝ ըստ նրա դիմումի և ոչ թե անմիջապես, երբ հայտնվում է պետության տեսադաշտում։ Սակայն հայցը ծառայությունը կարող է ընդունել, երբ ապահովում են համապատասխան լեզվով թարգմանիչ։
«Միշտ չի, որ հնարավոր է լինում անմիջապես ապահովել թարգմանիչ, դրանով պայմանավորված, մեկ գիշեր հնարավոր է, որ ապաստան հայցողը մնա առանց պետության հոգածության»,- ասում է Դավթյանը։
Փախստական ճանաչվելուց և ապաստան ստանալուց հետո նրանք պարտավոր են ազատել սենյակը, իսկ դրամական օգնություն ստացողի դեպքում՝ օգնության տրամադրումը դադարեցվում է։
Դավթյանն ասում է, որ ապաստան հայցողների «մի խոշոր զանգված» կացարանի համար չի դիմում պետությանը։ Նման միտում նկատվել է Ուկրաինայի քաղաքացիների դեպքում։
«Իրենք հիմնականում ազգությամբ հայեր են, հիմնականում ունեն բարեկամներ ու տարբեր սոցիալական կապեր մեր երկրում, նրանց շրջանում գրեթե մինչև մեկ տասնյակի էլ չի հասնում ապաստան հայցողների թիվը, որոնք պետությունից կացարան են ուզել»,- ասում է Դավթյանը։
Մայիսին ընդունվել է Միգրացիոն ծառայության առաջարկը, համաձայնի որի՝ լրացումներ են կատարվել հարցը կարգավորող՝ Փախստականների և ապաստանի մասին օրենքում։ Դրանով հասարակական կազմակերպություններին հնարավորություն է ընձեռնվել վերահսկողություն իրականացնել ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնի գործունեության նկատմամբ։ Հասարակական դիտորդների խումբը կարող է ունենալ մինչև քսանմեկ անդամ, որոնցից յուրաքանչյուրի լիազորությունների ժամկետը երեք տարի է:
Խնդիրներ և առաջարկներ
ՄԻՊ գրասենյակը փախստականների և ապաստան հայցողների իրավունքների երաշխավորման համար իրականացնում է չհայտարարված կամ մշտադիտարկման այցեր թիրախային կառույցներում։
Վերջին՝ 2023-ի զեկույցում խնդրահարույց է համարվել ապաստանի հայցեր ընդունող պետական մարմիններում հարցազրույցի ընթացքում անվճար թարգմանության բացակայությունը։ Եթե օրենքով կարգավորված է Միգրացիոն ծառայությունում հարցազրույցի ընթացքում անվճար թարգմանություն հարցը, ապա նման օրենսդրական կարգավորումը բացակայում է մյուս մարմինների դեպքում։
Նման խնդիր պաշտպանի գրասենյակն արձանագրել է նաև ազատազրկվածների դեպքում՝ քրեակատարողական հիմնարկներում թարգմանչական ծառայությունների ոչ լիարժեք գործելու պատճառով։ Հարկ է նշել, որ պետությունն ունի իրավասություն կալանավորելու այն ապաստան հայցողին, ով հետախուզման մեջ է, և կա միջնորդություն վերջինիս իր երկիր հանձնելու մասով, ինչպես նաև Հայաստանում ենթարկվում է քրեական հետապնդման՝ որևէ արարքի համար։
Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների կողմից արձանագրվել է նաև քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների ոչ բավարար իրազեկվածությունը՝ ապաստան հայցողներին գրանցելու և համապատասխան պետական մարմիններին ուղղորդելու իրենց պարտավորությունների մասով։
Խնդրահարույց է որակվել ազատազրված օտարերկրացիների առողջության պահպանման և ծառայություններից օգտվելու իրավունքների ապահովման հարցը ևս։
Իսկ օրենսդրական կարևոր բացերից է մահապատժի ենթարկվելու վտանգի առկայության պարագայում՝ անձի արտաքսման կամ հանձնման օրենսդրական արգելքի բացակայությունը։
Այս խնդիրն արձանագրված է նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի զեկույցում։ Իրավապաշտպան կազմակերպությունը, հղում անելով «Օտարերկրացիների մասին» օրենքի 41 հոդվածին, ըստ որի՝ օտարերկրացիների հանձնումն արգելվում է մահապատիժ կիրառվելու վտանգի դեպքում, առաջարկում է, առհասարակ, բացառել բռնապետական, ոչ ժողովրդավար և մահապատիժը որպես պատժի տեսակ կիրառող պետություններից ստացված արտահաձման միջնորդությունների հիման վրա անձանց ազատությունից զրկելը և միանգամից մերժել ներկայացված միջնորդությունները միջազգային սկզբունքի կիրառմամբ։
Կազմակերպությունը նաև առաջարկում է բացառել օտարերկրացիների արտահանձնումը բոլոր այն դեպքերում, երբ կա իրական վտանգ՝ վատ վերաբերմունքի ենթարկվելու այն պետությունում, որի կողմից անձը գտնվում է հետախուզման մեջ։
Ո՞ր երկրում են ապաստան հայցում Հայաստանի քաղաքացիները
Հայաստանի քաղաքացիներն ամենաշատն ապաստանի հայտեր ներկայացնում են ԱՄՆ-ում, Գերմանիայում, վերջին տարիներին՝ Ֆրանսիայում։
Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանի հաղորդմամբ՝ վերջին տասը տարիներին Եվրամիության անդամ երկրներում Հայաստանից ապաստան հացողների ամենամեծ թիվը եղել է 2016-ին՝ շուրջ 8000։ Այդ թիվն աստիճանաբար նվազել է հաջորդող տարիներին, սակայն կտրուկ իջել է 2020-ին, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, հասնելով շուրջ 1200-ի։ Ապա, համավարակի սահմանափակումների վերացմանը զուգահեռ թիվն աստիճանաբար բարձրացել է, 2023-ին արձանագրվել է շուրջ 4000 դիմում։
Ըստ Ղազարյանի՝ ԵՄ-ում ապաստան հայցած Հայաստանի քաղաքացիների դիմումների շուրջ 96 տոկոսը մերժվում են։ Մնացած դրական արձագանք ստացած 4 տոկոսը, հիմնականում, հումանիտար պաշտպանություն են ստանում։
«Սա չի ենթադրում Ժնևի կոնվենցիայի հիմքերով փախստականի կարգավիճակի ճանաչում, այլ ենթադրում է, որ մարդն այլ հանգամանքներից ելնելով չի կարող վերադարձվել և այդ հանգամանքները ճնշող մեծամասնության դեպքերում լինում են առողջապահական»,- ասում է Ղազարյանը։
Մարդ և օրենք
Հարկադիր կատարում․ խնդիրներ ու նախատեսված լուծումներ
Դատաիրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունն ու դրանից բխող գործողությունների ծրագրի նպատակներից մեկը վերաբերում է հարկադիր կատարման համակարգում փոփոխություններին, թե որքանով են դրանք արդյունավետ ու իրական, պարզաբանում է Աստղիկ Կարապետյանը։
Read moreԱրմատական և ձգձգվող քայլեր՝ շարունակական բարեփոխումների հույսով
Դատաիրավական բարեփոխումների շարունակականությունն ապահովելու նպատակով իրականացվող գործողությունների ընթացքին, դատավորների որակավորման ստուգման նոր կարգի վտանգների, դատավորների բարեվարքության ստուգման խնդիրներին է անդրադառնում Աստղիկ Կարապետյանը։
Read moreՓարիզյան համաձայնագիրը՝ ի նպաստ Հայաստանում անտառծածկույթի ընդլայնմանը
Թեև Հայաստանի կառավարությունը կլիմայի փոփոխության դեմ պայքարի շրջանակներում պարտավորվել է ավելացնել երկրի անտառածածկույթը, սակայն բնապահպաններն անտառները համարում են երկրի ամենավտանգված էկոհամակարգը։ Գայանե Մկրտչյանն անդրադառնում է անտառների խնդիրներին ու Փարիզյան համաձայնագրի շրջանակներում երկրի պարտավորություններին։
Read moreՎերականգնելի. պետական մոտեցումը պատժողական արդարադատությանը
Հայաստանի արդարադատության համակարգը պատժողական ավանդական գաղափարախոսությունից փորձում է անցնել դեպի վերասոցիալականացման և վերականգնողականի, որի շրջանակներում էլ ներդրվել է պրոբացիոն ծառայությունը։ Ի՞նչ խնդիրներ է լուծում այս ծառայությունը, ինչ գործառույթներ ունի և ովքեր են դրա շահառուները, բացատրում է Լիլիթ Ավագյանը:
Read moreՎտանգավոր քիմիական նյութերը քաղաքում՝ աչքից հեռու, մտքից հեռու
Հայաստանում քիմիական նյութերի խոշոր պահեստները չեն համապատասխանում որևէ չափորոշչի. եղել են գործարաններ, փակվել են ու լքվել, մինչդեռ այնտեղ շարունակում են մնալ մեծ քանակությամբ քիմիական նյութեր։ Վտանգավոր նյութերի պահման պայմաններին, դրանց վնասազերծման խնդիրներին ու պետության պարտավորություններին է անդրադառնում Մարիամ Տաշչյանը։
Read moreՔարսիթներ. օրենքը կա, իրագործումը՝ ոչ
Տրանսպորտային միջոցներում մանկական պահող համակարգերի՝ քարսիթների օգտագործումը Հայաստանում թեև պարտադիր է, սակայն այնքան էլ մեծ տարածում չունի։ Մարգարիտա Ղազարյանն անդրադառնում է երեխաների անվտանգությունն ապահովող այս համակարգերի կիրառման հայաստանյան փորձին։
Read moreԷլեկտրոնային արդարադատություն․ ռիսկեր և հնարավորություններ
Քաղաքացիական նոր գործերով դատավարական բոլոր փաստաթղթերն այսուհետ պետք է ներկայացվեն էլեկտրոնային համակարգով։ Ո՞րն է էլեկտրոնային արդարադատության համակարգի նպատակը, ի՞նչ խնդիրներ ու հնարավորություններ է այն ընձեռում, անդրադառնում է Աստղիկ Կարապետյանը։
Read more