Մոտենալով ծանրաձողին

Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր

Երբ 1970-ականների վերջից սկսած 7 տարի Յուրի Վարդանյանը դառնում էր ծանրամարտի աշխարհի առաջնությունների անբեկանելի չեմպիոն, 1980-ին էլ օլիմպիական չեմպիոն, ոչ միայն զուտ սպորտային նվաճումներ էին, այլ Հայաստանը հանրահռչակելու և տեղում այս սպորտաձևի զարգացման անկյունաքարը։ 

43 ռեկորդ գրանցած, 113 ոսկե մեդալ նվաճած ու, կարծես, հայկական ծանրամարտի համանիշը դարձած Վարդանյանի փառքը տարածվելով ամբողջ աշխարհում՝ հայտնիություն էր բերում նաև այն տարիներին Խորհրդային Միության մաս կազմող Հայաստանին ու իր ծննդավայր Լենինականին (ներկայումս Գյումրի), որտեղ ծնվող տղաների մի զգալի մասը հենց նրա անունով էին կոչվում, իսկ ծանրամարտի խմբակները համալրվում էի նոր սաներով, որոնք պետք է ապահովեին տիտղոսակիրների շարունակականությունը։ Ու թերևս պատահական չէ, որ ծանրամարտից Հայաստանի 3 օլիմպիական չեմպիոններից 2-ը, աշխարհի 8 չեմպիոններից 5-ը, Եվրոպայի 20 չեմպիոններից 11-ը հենց Գյումրիից են։

Դեռևս հնագույն ժամանակներից հայտնի ծանրությունների բարձրացման մրցումները պաշտոնապես առաջին անգամ կազմակերպվել են Ամերիկայի Միացյալ Նահանգներում 19-րդ դարի կեսերին։ Ծանրամարտը, որպես առանձին մարզաձև, ընդգրկվել է 1896-ի ժամանակակից առաջին Օլիմպիական խաղերի ծրագրում։ Իսկ կանայք այս մարզաձևում թեև իրենց ուժը սկսեցին ցուցադրել արդեն 1970-ականների վերջից, սակայն Օլիմպիական խաղերում ընդգրկվեցին միայն 2000-ից՝ Սիդնեում կայացած Օլիմպիական խաղերից սկսած։

Ծանրամարտի միջազգային մրցումների անցկացման կանոնադրությամբ, որը հաստատել է 1912-ին ստեղծված ծանրամարտի համաշխարհային ֆեդերացիան, հաշվարկվում են պոկում վարժությունը (ծանրաձողը գետնից բարձրացվում է մեկ շարժումով), հրում վարժությունը (ծանրաձողը բարձրացվում է 2 շարժումով՝ նախ՝ կրծքի վրա, ապա՝ կրծքից վեր) և դրանց միագումար (երկամարտ) արդյունքները։ Յուրաքանչյուր մարզավարժության համար մարզիկին տրվում է երեք մրցափորձ։ Օլիմպիական խաղերում հաղթում է երկամարտի գումարով առավել բարձր արդյունք ցույց տվող ծանրորդը։ Աշխարհի, Եվրոպայի առաջնություններում և այլ մրցաշարերում պաշտոնապես որոշվում են նաև առանձին մարզավարժություններում հաղթողները։ 

Հայաստանում ծանրամարտով որպես սպորտաձև սկսել են զբաղվել 1927-ից, երբ հանրապետական սպորտկոմիտեին կից սկսել է գործել ծանրամարտի խումբը։ Արդեն մեկ տարի անց Երևանում անցկացվել է ծանրամարտի հանրապետական անդրանիկ առաջնությունը։ 1928-ից սկսած՝ հայ ծանրամարտիկները մասնակցել են Խորհրդային Միության, 1947-ից՝ Եվրոպայի առաջնություններին։ 

Ըստ վիճակագրական տվյալների՝ 2021-ին Հայաստանում գործել է ծանրամարտի 220 խումբ, աշխատել է 126 մարզիչ-մանկավարժ, նրանցից 5-ը կին, մարզիկների թիվը կազմել է 1704, նրանցից 91-ը՝ կին։ Մինչդեռ 2011-ին գործել է ծանրամարտի 262 խումբ, աշխատել է 140 մարզիչ-մանկավարժ, մարզվել է 2345 ծանրորդ, նրանցից 38-ը՝ կին։

2002-2013-ին, բացառությամբ 2007-ի, Հայաստանում մարզվել է 2000-ից ավելի մարզիկ, իսկ 2014-ից նրանց թիվը սկսել է նվազել՝ այլևս չհատելով 2000-ի սահմանը։

Այնուամենայնիվ, ծանրամարտը Հայաստանում շարունակում է մնալ հենակետային մարզաձևերից՝ ըմբշամարտի ու բռնցքամարտի կողքին, և երկրին պարգևել չեմպիոններ ունենալու բերկրանքը։ Իսկ ծանրամարտի Եվրոպայի 2023-ի առաջնությունն անցկացնելու նպատակով Հայաստանի մայրաքաղաք Երևանի ընտրությունը, ըստ Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար, առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ ունեցավ ոչ միայն մարզական նշանակություն, այլ ընդգծեց երկրի՝ որպես մարզական կենտրոնի դերը։

Երևանում կայացած Եվրոպայի առաջնությունում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Սամվել Գասպարյանը երկրորդ անգամ Եվրոպայում լավագույնը ճանաչվեց 109 կգ քաշային կարգում։

«Ես հանդես էի գալիս մեր հարկի տակ, իմ նպատակը միայն հաղթանակ տանելն էր։ Դահլիճում մեր մեծաթիվ հայրենակիցները հետևում էին մեր մրցելույթներին, աջակցում մեզ»,- ասում է Գասպարյանը և հավելում, որ չեմպիոնի տիտղոսի նվաճումը մեծ ուրախություն ու հպարտություն է պարգևել։

Գասպարյանին առաջին անգամ մորեղբայրը՝ Հարություն Եղոյանն է մարզադպրոց տարել ու դարձել ութամյա տղայի անձնական մարզիչը։ 

«Երբ առաջին անգամ մտա դահլիճ, հանդիպեցի անվանի ծանրորդների՝ եվրոպայի չեմպիոններ Տիգրան Մարտիրոսյանին ու Գևորգ Դավթյանին, երջանկահիշատակ մարզիչ Աշոտ Մխիթարյանին և այլոց, շատ ոգեշնչվեցի»,- պատմում է Գասպարյանը՝ նշելով, որ սպորտում շատ դժվարություններ կան, հաճախ վնասվածքներ են ստանում, ինքն էլ երկու անգամ ծնկների ծանր վիրահատություն է տարել, բացի այդ, դահլիճների պայմանները ևս ոչ միշտ են չեմպիոնների մարզմանը համապատասխանում, սակայն այս գործում կարևորն ամուր կամքն է, որն էլ մարզիկին ստիպել է միշտ առաջ շարժվել։

 

Նվաճած մեդալների հակառակ կողմը

Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղի, ծանրամարտի աշխարհի չեմպիոն Յուրի Սարգսյանի անվան մարզադպրոցի ծանրամարտի մարզիչ Արթուր Կարապետյանը հիշում է՝ երբ ինքը փոքր էր, Գեղակերտի մարզադպրոցը փայտով և աթարով էին ջեռուցում, ծուխ էր, ցուրտ, մարզագույք չկար, հատակը քանդված էր, պատուհաններից քամին ներս էր սողոսկում։ Հիմա զգալի տարբերություն կա, բայց, այնուամենայնիվ, մարզադպրոցը վերանորոգման կարիք ունի։ Բացի անբարեկարգ դահլիճների առկայությունը, Կարապետյանը մեծ խնդիր է համարում նաև մարզիչների անհամարժեք վարձատրությունը. շուրջ 90.000 դրամ աշխատավարձ ստացող երևանաբնակ մարզիչը շաբաթական 5 օր աշխատանքի՝ 25 կմ հեռավորությամբ գտնվող Գեղակերտ է գնում ու ստացած գումարի մի մասը ճանապարհածախսին է հատկացնում։ 

«2015-ից մոտ երկու տարի ամսական 35 հազար դրամ աշխատավարձ եմ ստացել։ Մարզիչների աշխատավարձը, իրոք, քիչ է նրանց կատարած աշխատանքի համեմատ։ Իհարկե, երբ մարզիչը մեծ նվաճումներ ունեցող մարզիկների է պատրաստում, պետությունն արդեն մարզչի աշխատավարձը բարձրացնում է, բայց չէ՞ որ մինչև չեմպիոն պատրաստելը մարզիչը տարիներ շարունակ երկարատև աշխատանք է տանում»,- ասում է մարզիչը՝ նկատի ունենալով կառավարության որոշումները՝ ըստ որոնց՝ սպորտային մեծ նվաճումներ ունեցող մարզիկներին և նրանց մարզիչներին պետության կողմից տրվում են միանվագ գումարներ:

Հայաստանում ծանրամարտի նորագույն պատմության մեջ իրենց ուրույն դերն ունեն նաև կանայք. 2007 և 2008 թվականների Եվրոպայի չեմպիոն Մելինե Դալուզյան, 2007-ի Եվրոպայի չեմպիոն և 2012-ի Օլիմպիական խաղերի մրցանակակիր Հռիփսիմե Խուրշուդյան, 2008-ի Եվրոպայի և 2009-ի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյան։

Հռիփսիմե Խուրշուդյանը, խոսելով մարզական ձեռքբերումներից, հիշում է բարձրակարգ մարզիկ դառնալու մասին մարզիչի հավաստումն ու միևնույն ժամանակ՝ ծնողների տարակուսանքը։

«Պատահական եմ ընտրել այս սպորտաձևը։ Քույրս ինձնից առաջ էր զբաղվում ծանրամարտով, մի օր որոշեցի գնալ, տեսնել՝ ինչպես են մարզվում,- հիշում է այսօր արդեն Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր և մի շարք մրցույթների տիտղոսակիրը,- մարզիչ Աշոտ Դանիելյանը, որը հետագայում իմ մարզիչը պիտի դառնար, ստուգեց իմ տվյալները, ասաց, որ ես կարող եմ բարձրակարգ մարզիկ դառնալ։ Ու դարձա Հայաստանում պրոֆեսիոնալ ծանրամարտով զբաղվող առաջին կին ծանրորդը»։

Խուրշուդյանն ասում է, որ յուրաքանչյուր ելույթից առաջ նախ ինքն իրեն է գոտեպնդում. 

«Մրցումների մասնակցելիս ինքս ինձ հետ խոսում ու համոզում էի, որ պետք է բարձրացնել այնպիսի կիլոգրամներ, որոնք անգամ մարզումների ընթացքում չեմ բարձրացրել։ Եվ հաղթանակած վերադառնում էի»։

2016-ին Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ նվաճելով՝ Խուրշուդյանը որոշել էր Օլիմպիական խաղերին մասնակցել ու ավարտել կարիերան, բայց, երբ 2008-ի Պեկինի Օլիմպիական խաղերի ժամանակ անցած դոպինգ թեստի պատասխանում հայտնաբերվել էր արգելված խթանիչ, հասկացավ՝ սպորտը թողնելու ժամանակը չէ, դեռ ապացուցելու բան ունի։ 6 տարի անց՝ 2022-ին վերադառնալով մեծ սպորտ, հունիսին Եվրոպայի առաջնությունում 87 կգ քաշայինների պայքարում Խուրշուդյանը երկամարտում գրանցելով 227 կգ արդյունք (105+122 կգ)՝ զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: 2023-ի ապրիլին Խուրշուդյանը երկամարտի 227 կգ արդյունքով (107+120 կգ) բրոնզե մեդալ նվաճեց Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում, փոքր բրոնզե մեդալներ էր նվաճել նաև պոկում և հրում վարժություններում:

«Չեմ պատկերացնում կյանքս առանց ծանրամարտի, չեմ պատկերացնում՝ ինչպես եմ մեծ սպորտի աշխարհից դուրս գալու,- ասում է 12 տարեկանից ծանրամարտով զբաղվող մարզիկը՝ շեշտելով, թե ուզում է գեղեցիկ պատմություն կերտած հեռանալ,- Հայաստանում կանանց ծանրամարտի սկիզբը ես եմ դրել, իհարկե, դժվար է, բայց նաև հասկանում եմ՝ այդպես չի լինի, ինչպես ասում են՝ ամեն ինչ իր վերջն ունի»։

Այսօր արդեն հանրահայտ մարզիկի օրն սկսվում է նախավարժանքով, հետո որդիներից մեկին մանկապարտեզ է ճանապարհում, մյուսին՝ դպրոց, այնուհետև գնում է մարզումների։ Օրական երկու ժամ մարզվում է, մարզական հավաքների դեպքում, սովորաբար, օրական երկու անգամ է մարզվում։ Խուրշուդյանն ասում է՝ մարզիկի կյանքում ամենակարևորը մրցումների ընթացքում հաջող ելույթ ունենալն է, որպեսզի նրա քրտնաջան աշխատանքն իր պտուղները տա։ 

Ու թեև կին, մայր, մարզիկ լինելը բարդ է, սակայն, ըստ ծանրորդի, երբ ցանկություն ու կամք կա, հնարավոր է հասնել արդյունքի։

«Երբ հավաքների եմ լինում, ինձ իմ սկեսուր-մայրիկն է օգնում, իսկ երբ վերադառնում եմ տուն, աշխատում եմ բաց թողածս ժամանակը լրացնել։ Հուսով եմ՝ ստացվում է»,- ժպտալով ասում է մարզիկը՝ հավելելով, որ իր ընտանքին իր հենարանն է։

Խուրշուդյանը ներկայումս ծավալելով նաև մարզչական գործունեություն, եռանդուն աշխատում է իր ուժերի վրա ևս, ուսումնամարզական հավաքների է մասնակցում,  պատրաստվում է սեպտեմբերին կայանալիք մեծահասակների աշխարհի առաջնությանը, որտեղ խաղարկվելու են Օլիմպիական խաղերի միավորներ։ 

Անգամ սպորտով, ծանրամարտով չհետաքրքրվող ու շատ բան չհասկացողներին հայ ծանրորդներն իրենց հաղթանակներով բազմիցս պարգևել են հուզումնառատ պահեր։ Սպորտի վարպետները վստահեցնում են, որ քարտեզում աննշան երևացող Հայաստանի հավաքականը լավագույններից է ու դեռ շատ հաղթանակներ է բերելու, իսկ հայ ծանրորդները շարունակում են ոգևորվել միմյանց հաղթանակներով, հաղթահարում խոչընդոտներն ու գրանցում նվաճումներ՝ բարձր պահելով ծանրամարտի հայաստանյան դպրոցի նշաձողը։

Leave A Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Սպորտ

Հայաստանի սպորտային պատմությունը սկսվում է դեռևս մեր թվարկության առաջին դարերից, երբ հայ արքաներն իրենց ուժերը չափում և տիտղոսներ էին վաստակում օլիմպիական բարձրունքում։ 1940-ականների կեսերից ևս, երբ Խորհրդային Միությունը սկսեց մասնակցել միջազգային մրցաշարերի, հայ մարզիկներն աչքի ընկան իրենց հաջողություններով։
Անկախության դժվար ճանապարհին, չնայած բազմաթիվ փորձություններին, հայ մարզիկներին հաջողվեց պահպանել որոշ սպորտաձևերում առաջատար լինելու կարողությունը՝ ծանրամարտում, բռնցքամարտում, ազատ և հունահռոմեական ոճերի ըմբշամարտերում ու մի քանի այլ ոլորտներում։
EVN Report ամսագրի «Սպորտ» համարն անդրադառնում է Հայաստանի սպորտային պատմության մեջ առանցքային հաջողություններ արձանագրող ոլորտներին ու դերակատարներին։