
Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր
Հայաստանի և Ադրբեջանի ընթացիկ բանակցությունների կառուցվածքը չի գործում: Եթե Երևանը, Բրյուսելն ու Վաշինգտոնը շարունակվող գործընթացը դիտարկում են որպես բազմամակարդակ նախաձեռնություն, որի նպատակը մոտավորապես հանդուրժելի խաղաղության հասնելն է, ապա Բաքուն այդ գործընթացը համարում է իր առավելապաշտական և իրրեդենտիստական ձգտումների ամրապնդման նախավարժանք, իսկ Մոսկվան նախընտրում է սառեցնել գործընթացը, որպեսզի ստեղծի մի նոր, վերահսկելի ստատուս քվո: Ադրբեջանը չի բանակցում, այլ թելադրում է մի շարք ոչ բանակցելի պահանջներ և ակնկալում լուռ համաձայնություն: Այսպիսով, Բաքուն չի բանակցում, այլ գործում է վերջնագրերի ու սպառնալիքների տիրույթում: Հարթակները, որոնք ձևավորվել են այսպիսի բանակցություններ վարելու համար, այս պարունակում համապատասխան չեն գործընթացի հետ. Վաշինգտոնն ու Բրյուսելը բանակցություններ են վարում` ենթադրելով Բաքվի բարի կամքը, իսկ Ռուսաստանը վարում է բանակցություններ, որոնք ուղղված են սեփական շահերի առաջխաղացմանը: Գոյություն ունեցող հարթակներից ոչ մեկը չի հանգեցնում խաղաղության հաստատմանը. եվրոպական հարթակը հանդարտեցնում է Բաքվին` հուսալով, որ Ալիևը չի հեռանա բանակցությունների սեղանից, ամերիկյան հարթակն օգտագործում է իր համաշխարհային հեգեմոնի կարգավիճակը, որպեսզի ստիպի Բաքվին առնվազն բարի կամք դրսևորել, իսկ Ռուսաստանի հարթակը Բաքվին լուրջ լծակներ է տալիս` ի վնաս հայկական շահերի: Այս բոլոր` երբեմն փոխկապակցված, երբեմն անջատ բանակցային գործընթացների ընդհանուր հայտարարն այն կեղծ ընկալումն է, թե Բաքուն ցանկանում է անաչառ խաղաղություն: Բայց այդպես չէ: Ըստ էության, խաղաղության պայմանագիրը հակասում է Ալիևի վարչակարգի ռազմավարական շահերին: Որպես այդպիսին, բանակցային հարթակներում Բաքուն զբաղված է ցուցադրական քաղաքականությամբ, որի հիմքում ընկած տրամաբանությունը բավական պարզ է. կա՛մ տվեք մեզ այն ամենը, ինչ ուզում ենք, կա՛մ…
Հնարավո՞ր են արդար հարաբերություններ ուժերի անհամաչափության դեպքում: Երբ մի կողմն իրեն պահում է այնպես, ասես բանակցություններ է վարում, բայց իրականում առաջ է քաշում պահանջներ, որոնք ենթակա չեն քննարկման, արդյոք չե՞նք զբաղվում ինքնաժխտմամբ: Եվրոպացիները կո՞ւյր են, թե՞ հույսեր են փայփայում ի հեճուկս ամեն ինչի: Ամերիկացիները միամի՞տ են, թե՞ հենվում են միայն բլիթի ու մտրակի սկզբունքի վրա: Ռուսաստանին, առհասարակ, հուզո՞ւմ են Հայաստանի շահերը, թե՞ Մոսկվան լքել է Երևանը և Բաքվի հետ առաջ է տանում տարածաշրջանային իր պայմանավորվածությունները: Սրանք միմյանց հետ կապակցված հարցեր են, և բոլորը բերում են մեկ եզրահանգման. եթե Երևանը չբարելավի իր բանակցային կարողությունները, Եվրոպան և Ամերիկան չեն կարող իրենց վրա կրել այդ բեռը, իսկ Ռուսաստանը կշարունակի անտարբերությամբ վերաբերվել իր «դաշնակից» պետության խնդիրներին: Ինչպիսի՞ն պիտի լինի այդ բարելավումը: Անհամաչափ ագրեսիվ սակարկման մոտեցում:
Անհամաչափ ագրեսիվ սակարկումը համեմատաբար ավելի թույլ պետության կողմից քաղաքական և ռազմական տեսանկյունից վտանգավոր միջոցների կիրառումն է ավելի հզոր պետության դեմ` բանակցություններում առավել ուժեղ դիրք ձեռք բերելու համար: Կա երկու համակարգային գործոն, որոնք փոքր պետությանը մղում են անհամաչափ ագրեսիվ սակարկման. անվտանգության բարձր կախվածություն ավելի մեծ պետությունից և թույլ անվտանգային ճարտարապետություն: Ռուսաստանի հետ անվտանգության ոլորտում ոչ արդյունավետ պայմանավորվածությունները ներկայացնում են առաջին, իսկ Ադրբեջանից լսվող շարունակական սպառնալիքները` երկրորդ կետը:
Ավելի հզոր դաշնակից
Երբ ավելի փոքր պետություններն անհամաչափ ագրեսիվ սակարկման մեջ են մտնում իրենց հովանավորների կամ դաշնակիցների հետ, որոնք խոշոր տերություններ են, նրանց մեղադրում են «անտրամաբանական» վարքագծի մեջ: Անհանգստացնում է այն, որ ավելի մեծ տերությունը կա՛մ կհրաժարվի իր պարտավորություններից, կա՛մ կդիմի պատժիչ գործողությունների: Սակայն հետազոտությունը ցույց է տալիս, որ անհամաչափ ագրեսիվ սակարկումը ոչ միայն բանական, այլև ռազմավարական տեսանկյունից բեղմնավոր կարող է լինել: Ինչ վերաբերում է կորուստներին, օրինակ, ավելի փոքր պետության անվտանգության մակարդակն այնքան կարող է նվազել, որ հզոր դաշնակցի պատժիչ սպառնալիքները կորցնեն ուժը: Այսպիսով, որքան վատթարացել է Հայաստանի անվտանգության իրավիճակը, այնքան նվազել են ռուսական լծակներն ու ազդեցությունը: Ըստ էության, որքան շատ կոցնելու բան ունի փոքր պետությունը, այնքան խոցելի է, բայց որքան քիչ բան ունի կորցնելու փոքր պետությունը, այնքան պակաս խոցելի է (քանի որ կորցնելու շատ բան այլևս չունի): Այսպիսով, «հովանավոր-հաճախորդ» պետական հարաբերություններում փոքր դաշնակիցը կարող է հանդուգն գործել հզոր դաշնակցի նկատմամբ` բանակցություններում իր դիրքն ամրապնդելու համար:
Կարևոր ուսումնասիրությունները նաև ցույց են տալիս` փոքր պետությունը կարիք չունի անհանգստանալու, որ իր խոշոր դաշնակիցն ամբողջությամբ կլքի իրեն, որովհետև վերջինս չափազանց հավատարիմ է ու չի հրաժարվի իրենից [1]։ Այս պարունակում, այն վախերը, որ ագրեսիվ սակարկումը, օրինակ՝ Ռուսաստանի հանդեպ, կհանգեցնի նրան, որ Ռուսաստանը կհրաժարվի կատարել Հայաստանի նկատմամբ իր անվտանգային պարտավորությունները, ինչպես, օրինակ՝ Թուրքիայից Հայաստանը պաշտպանելը, բացարձակ անհիմն են: Եվ ոչ թե անվտանգության ոլորտում պարտավորությունների պատճառով, այլ որովհետև դա կհակասի հենց Ռուսաստանի ռազմավարական շահերին: Մասնավորապես, Հայաստանը կարող է համարձակ լինել Ռուսաստանի հետ հարաբերություններում, որովհետև Ռուսաստանը նույնպես կախված է Հայաստանից անվտանգության հարցերում, քանի որ Ռուսաստանի ամբողջ հարավային անվտանգային թևը կախված է Հայաստանում նրա ներկայությունից: Հետազոտությունը ցույց է տալիս, որ դաշինքի ներսում բանակցային կառուցվածքի կարևորագույն որոշիչ գործոններից մեկը ոչ թե դաշնակիցների հարաբերական հնարավորություններն են, այլ անվտանգությունից նրանց հարաբերական կախվածությունը [2]։ Այս պարունակում, ըստ գրականության [3], Հայաստանը պետք է ագրեսիվորեն Ռուսաստանից պահանջի ավելին և չխուսափի ագրեսիվ սակարկումից:
Փորձառական տվյալները հանգեցնում են երեք կարևոր կանխադրույթի.
1.Երբ փոքր պետությունն օգտվում է հզոր դաշնակցի աջակցությունից, քիչ հավանական է, որ դիմի ագրեսիվ սակարկման:
2.Երբ փոքր պետությունն ունի այլընտրանքային դաշնակից, որը կարող է բավականաչափ աջակցություն ցույց տալ, քիչ հավանական է, որ կդիմի ագրեսիվ սակարկման:
3.Երբ փոքր տերությունը մեծապես կախված է իր հզոր դաշնակցից, բայց վերջինս ցանկություն չունի աջակցելու, փոքր պետությունը պետք է դիմի հանդուգն սակարկման [4]։
Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանը զգալի աջակցություն չի ստանում Ռուսաստանից, և հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանը չունի կայացած այլընտրանքային դաշնակից, որը կարող է համապատասխան աջակցություն տրամադրել, ըստ փորձառական տվյալների, Հայաստանը պետք է ագրեսիվ սակարկման մեջ մտնի Ռուսաստանի հետ` անվտանգային երկընտրանքի և Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում իր դիրքերն ամրապնդելու համար:
Հակառակորդ
Հակառակորդի նկատմամբ անհամաչափ ագրեսիվ սակարկումը հանգեցնում է ռիսկի ու կորստի հարաբերակցության, ինչպես նաև ռազմական հակամարտության հավանականության զգալի աճի: Ադրբեջանի դեպքում Հայաստանի կողմից անհամաչափ ագրեսիվ սակարկմանը խոչընդոտում է մեկ հիմնական գործոն. Թուրքիան: Մասնավորապես, եթե Թուրքիան, որպես Ադրբեջանի հզոր դաշնակից, առաջարկում է կայուն և անվերապահ աջակցություն, ապա Ռուսաստանը, որպես Հայաստանի հզոր դաշնակից, հրաժարվում է պատասխանատվությունից և չի կատարում իր պարտավորությունները: Այս պարունակում անհավասարությունը ոչ միայն, համապատասխանաբար, Հայաստանի ու Ադրբեջանի, այլև յուրաքանչյուր պետության հզոր դաշնակցի աջակցության մեջ է: Այսպիսով, եթե Ադրբեջանը կարիք չունի անհամաչափ ագրեսիվ սակարկման մեջ մտնել Թուրքիայի հետ, ապա Հայաստանն այլ տարբերակ չունի, քանի որ Ադրբեջանի ուժերի հավասարությունը գերազանցում է Հայաստանին երկու առումով էլ: Սա, միանշանակ, փոխում է բանակցային գործընթացի փոխդասավորությունները, քանի որ Ադրբեջանին հնարավորություն է տալիս լինել թե՛ ավելի առավելապաշտական, թե՛ ավելի ապակառուցողական:
Այս խնդիրը լուծելու և իր բանակցային հնարավորությունները բարելավելու համար Հայաստանը պետք է ձևակերպի անհամաչափ ագրեսիվ բանակցային ռազմավարություն, որը ներառում է հինգ բաղադրիչ.
- Անհամաչափ ագրեսիվ սակարկման քաղաքականություն վարել Ռուսաստանի նկատմամբ` բանակցային գործընթացում Մոսկվայի դիրքորոշումը փոխելու համար, մեղմելու այն անհավասարությունը, որը ստեղծվում է Ադրբեջանին Թուրքիայի կայուն աջակցության արդյունքում:
- Ներկայացնել այլընտրանքային դաշնակից, որը կարող է բավականաչափ աջակցություն տրամադրել` որպես ազդեցության լծակ թե՛ Ռուսաստանի, թե՛ Ադրբեջանի դեմ` հաշվի առնելով առաջինի հրաժարվելն ու երկրորդի ագրեսիան:
- Որպես անհամաչափ ագրեսիվ սակարկման գործոն` հրաժարվել Ռուսաստանի կազմակերպած ցանկացած բանակցային հարթակից այնքան ժամանակ, մինչև Ռուսաստանը կփոխի իր դաշնակցի հանդեպ վարքագիծը:
- Բանակցային գործընթացում Ֆրանսիան դիրքավորել որպես այլընտրանքային դաշնակից և ագրեսիվորեն առաջ տանել Ամերիկայի վարած բանակցությունների հարթակը:
- Տարբերակել բանակցային հարթակները. տեխնիկական և փորձագիտական բանակցություններ` Եվրոպական Միության կազմակերպած հարթակները կիրառելու համար, և լայն քաղաքական/տարածաշրջանային/անվտանգային բանակցություններ` Ամերիկայի կազմակերպած հարթակները կիրառելու համար:
Հաշվի առնելով այն, որ Ադրբեջանի նպատակներն են խոչընդոտել ու վարկաբեկել բանակցությունները և այդ արդյունքների հիման վրա օգտագործել ուժերի անհավասարությունը` կա՛մ պատերազմով սպառնալու, կա՛մ առավելապաշտական արդյունքների հասնելու նպատակով հիբրիդային պատերազմի հնարավորություններն ընդլայնելու համար, Ռուսաստանի կազմակերպած բանակցային հարթակները շարունակում են առավելապես համապատասխանել Ադրբեջանի նպատակներին: Բաքվի տեսանկյունից, այն որ նրա հակառակորդն աջակցություն չի ստանում առավել հզոր դաշնակցից, Բաքվին էլ ավելի մեծ լծակներ է տալիս: Հայաստանի համար եվրոպական և ամերիկյան հարթակներն առաջարկում են ավելի մեծ հավասարություն, քանի որ առաջինը նպաստում է կառուցողական զարգացումներին, իսկ երկրորդը չի հանդուրժում ապակառուցողական վարքագիծ: Եթե Ռուսաստանի ղեկավարած հարթակը զուրկ է թե՛ կառուցողական բաղադրիչներից, թե՛ հանդուրժում է Բաքվի ապակառուցողական վարքագիծը, ապա արևմուտքի կրկնակի հարթակները մեղմում են երկու խնդիրն էլ` միևնույն ժամանակ բանակցային գործընթացում Հայաստանին առաջարկելով այլընտրանքային հզոր դաշնակից պետություն` Ֆրանսիան:
Անշուշտ, գաղտնիք չէ, որ անհամաչափ ագրեսիվ սակարկման մոտեցումը մտահոգությունների տեղիք է տալիս. Բաքուն չի համաձայնի բանակցային հարթակներին: Բայց գուցե հենց դրանում է հայեցակարգի հիմնական նպատակահարմարությունը. այնպես անել, որ Բաքուն հայտնվի այնպիսի իրավիճակում, որի դեպքում ստիպված կլինի դիմադրել Եվրոպային և Միացյալ Նահանգներին, ապա միջոցներ ծախսել` փորձելով արդարացնել իր ապակառուցողական վարքագիծը: Ցանկացած փոխդասավորության դեպքում էլ Հայաստանի բանակցային շահերից է բխում լուսանցքայնացնել ու սահմանափակել Ռուսաստանի դերը` միաժամանակ ամրապնդելով Եվրոպայի ու հատկապես Միացյալ Նահանգների դերը: Այս դիրքավորումը հիմնվում է ոչ թե գաղափարական դրույթների, այլ զուտ ռազմավարական հնարամտության վրա. Վաշինգտոնը չի հանդուրժի Բաքվի մոտեցումը: Ինչպես բացատրվեց, Ադրբեջանի մոտեցումը հետևյալն է` թելադրել մի շարք ոչ բանակցելի պահանջներ, ապա սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով հասնել համաձայնության: Ռուսաստանն անվերապահորեն թույլ է տալիս, որ Բաքուն «մարսի» դա, իսկ Եվրոպան չունի անհրաժեշտ ուժ ու միջոցներ` Ադրբեջանի վարքագիծը փոխելու համար: Սակայն Բաքվի այս վարքագիծը չի հանդուրժվի բանակցություններում, որոնք ընթանում են ամերիկյան հարթակի հովանու ներքո, Ամերիկայի թելադրանքի պայմաններում: Ըստ էության, հաշվի առնելով այն, որ Ամերիկան հանդես է գալիս որպես միջնորդ, ստիպված կլինի դիմել կտրուկ քայլերի, եթե Ադրբեջանը խոչընդոտի կամ վարի հարկադիր դիվանագիտություն:
Ծանոթագրություններ.
[1] Ռոբերտ Քեոհեյն, 1971: “Big Influence of Small Allies”, Արտաքին քաղաքականություն, համար 2, Տե՛ս նաև Յան Տրիսկա, խմբ., 1986: “Dominant Powers and Subordinate States: The United States in Latin America and the Soviet Union in Eastern Europe” (Duke University Press):
[2] Գլեն Հ. Սնայդեր: 1984: “The Security Dilemma in Alliance Politics”: Համաշխարհային քաղաքականություն, հատոր 36:
[3] Հյուբերտ Մ. Բլալոք Կրտսեր: 1984: “A Power Analysis of Conflict Process”, Էդվարդ Լոլերի և Բարի Մարկոկսկիի խմբ., Առաջընթաց խմբային գործընթացում (JAI Press):
[4] Յասուհիրո Իսումիկավա: 2007: “Security Dependence and Asymmetric Aggressive Bargaining: North Korea’s Policy toward the Two Superpowers”: Ասիական անվտանգություն, հատոր 3:
Անվտանգության զեկույց
Անվտանգության զեկույց. մայիս 2023
Հայաստանի հանքերը երբեք չեն եղել անվտանգության ճարտարապետության մաս, իսկ այս ոլորտի հնարավոր անվտանգայնացումը երբևէ չի դիտարկվել որպես հիմնարար անկյունաքար` դաշինքներ կամ ռազմավարական գործընկերություն կառուցելիս: Հանքարդյունաբերություն հանուն անվտանգության սկզբունքը Հայաստանին առաջարկում է իր հանքային արդյունաբերությունը որպես անվտանգության գործիք օգտագործելու խիստ անհրաժեշտ հնարավորություն, գրում է Ներսես Կոպալյանը։
Read moreԱնվտանգության զեկույց․ ապրիլ 2023
Ռուսաստանի կողմից 2020 թվականի Արցախյան պատերազմի ավարտի վերաբերյալ նոյեմբերի 9-ի համաձայնագրով Հայաստանի իրավունքների ու շահերի նկատմամբ լիակատար անտարբերությունն ու դրանց ոտնահարումն ի ցույց են դրել հայ-ռուսական հարաբերություններում առկա ճեղքերը՝ բացահայտելով սառեցված հակամարտության հարատևման Մոսկվայի նախապատվությունը։
Read moreԱնվտանգության զեկույց․ մարտ 2023
Ադրբեջանը մարտին ուժեղացրեց իր ագրեսիվ հռետորաբանությունը Հայաստանի նկատմամբ, նախաձեռնեց անվտանգային միջավայրը խաթարելուն միտված ծածուկ քաղաքականություն։ Բացի այդ Ռուսաստանը և Ադրբեջանը միասնական ճակատ են ստեղծել տարածաշրջանում Արևմտյան ներկայության դեմ, իսկ Հայաստանն անցել է իր ռազմավարական շահերի վերակազմավորմանը։
Read moreԱնվտանգության զեկույց. փետրվար 2023
Հայաստանի առջև ծառացած անվտանգային անկայուն վիճակին գումարվում են երկրի թերզարգացած կառույցներն ու անկայուն ենթակառուցվածքները։ Փետրվարյան անվտանգության զեկույցի համար Ներսես Կոպալյանը գրում է, որ այս պարունակում Հայաստանի հասարակական և կառավարական մոտեցման ամբողջությունը պետք է հենվի դիմակայություն կառուցելու վրա։
Read moreԱնվտանգության զեկույց. հունվար 2023
Հաշվի առնելով հունվարի անվտանգության պարունակը և առաջնորդվելով զսպում մերժման միջոցով ռազմավարությամբ, Հայաստանը պետք է մշակի «ոզնու» հայեցակարգը՝ զսպելու Ադրբեջանի նկրտումները և ալիևյան վարչակարգի ապակայունացնող ծրագրերը։
Read moreԱնվտանգության զեկույց. դեկտեմբեր 2022
Դեկտեմբերյան անվտանգային պարունակը ցույց տվեց, որ ի հեճուկս բանակցություններին կամ հնարավոր խաղաղության պայմանագրի ընդհանուր ուրվագծերին, ալիևյան կառավարության հետ իրական և մնայուն խաղաղությունը շարունակելու է մնալ անիրատեսական։ Իրավիճակը հասկանալու համար այս ամսվա անվտանգության զեկույցը ներկայացնում է գոյաբանական անվտանգության հայեցակարգը։
Read moreԲոլոր անվտանգության զեկույցները տեսեք այստեղ