Հոդվածը կարող եք լսել Ձայնագիր
Հայ ազգն ապրում է աղետալի հերթական ժամանակաշրջանը: Մինչ հայ հասարակությունը վերականգնվում էր 2020 թվականի պատերազմից և դրան հաջորդած ադրբեջանական ագրեսիաներից, մանրամասն ծրագրված, Ադրբեջանի և նրա ռուս ու թուրք դաշնակիցների 24-ժամյա համակարգված հարձակումը հանգեցրեց Արցախի Հանրապետության կորստին: Թեև մեզ դեռ վիճակված է ականատես լինել համատարած անկման, նվաստացման, էթնիկ զտումների, մարդկության հանդեպ հանցագործությունների ու միջազգային իրավունքի կոպիտ խախտումների, որոնք արդեն իսկ իրականացվել են և, ամենայն հավանականությամբ, կիրականացվեն Իլհամ Ալիևի և նրա հանցակիցների ցեղասպանական վարչակարգերի կողմից, հայ ժողովրդի հոգեբանության վրա հավաքական ազդեցությունը հստակ է. համակերպումը, հուսահատությունը և զայրույթը մրցակից զգացմունքներ են, որոնք խորապես և ամբողջությամբ արմատացած են Արցախի, Հայաստանի և սփյուռքի հայերի մեջ: Բնական արձագանքը հետևյալն է. 1) մեղադրել մեզ, 2) մեղադրել ուրիշներին և 3) գտնել ու «պատժել» նրանց, ովքեր ձախողեցին հայկական պետությունը: Պարզ ճշմարտությունը, սակայն, այն է, որ այս գործողություններից ոչ մեկը մի քայլով անգամ չի մոտեցնում մեզ՝ մեր հայրենիքում մեր ժողովրդի ապագան ապահովելու հեռանկարին:
Այս փուլում անհրաժեշտ են հավաքական և կառուցողական ջանքեր՝ հաղթահարելի նպատակների վճռորոշ շարք սահմանելու, կազմակերպելու և իրականացնելու համար: Մեկ արտաքին «պաշտպանին» մյուսով փոխարինելով, իզուր սպասելով, որ կհայտնվի փայլփլուն զենքուզրահով ասպետն ու կփրկի մեզ, օգնություն աղերսելով միջազգային հարթակներում, կամ հարկադրելով վարչակարգի փոփոխություն՝ առանց հստակ ծրագրի, թե ինչ կլինի հետո, մենք այդպես էլ կմնանք անօգնական ու մոլորված, ինչպես շատերն են այսօր: Քաղաքագիտական բառապաշարով՝ հայ ժողովուրդը սեփական ճակատագիրը վճռելիս փնտրում է որոշակի գործուն ուժ, իսկ դա չի կարող լինել առանց կախվածության: Իսկ հաճախ լսվող միասնականության կոչը՝ «Հայե՛ր, միացե՜ք», որին հազվադեպ են հետևում, այսօր նույնքան դատարկ է, ինչպես տարիներ, տասնամյակներ, նույնիսկ դարեր առաջ:
Նկատի առնելով տարածարջանային, աշխարհաքաղաքական և միջազգային զարգացումների բարդ ցանցը, ռազմական դիրքավորման և հնարավորությունների թվացյալ անհամաչափությունը և խորապես պառակտված հասարակությունը, առաջ գնալու վճռական ճանապարհ գտնելը, թվում է, գրեթե անհաղթահարելի է: Մինչդեռ, պատասխանն ապշելու չափ պարզ է. մենք ունենք միայն մեկ գերակա նպատակ, այն է՝ դառնալ մեր իսկ անվտանգության երաշխավորը: Ինչպե՞ս անել դա: Մեզնից յուրաքանչյուրն ամեն օր աշխատում է մեկ ընդհանուր նպատակի ուղղությամբ. կառուցել Հայաստան ամրոց: Ի՞նչ է Հայաստան ամրոցը: Անկախությունը, ժողովրդավարական սկզբունքներն ու Հայաստանի Հանրապետության լիարժեք տարածքային ամբողջականությունը պաշտպանելու ազգային, հավաքական ջանք: Յուրաքանչյուր քառակուսի սանտիմետր պաշտպանվում է՝ առանց փոխզիջումների կամ որևէ տեսակի տարածքային զիջումների որևէ արտաքին սպառնալիքի կամ պահանջի դիմաց: Սա անվտանգության ճարտարապետություն է, որը հիմնված է. 1) անվտանգության համակողմանի հայեցակարգի վրա, որը ներառում է հզոր ռազմական, քաղաքացիական և ընդհանուր հասարակության պաշտպանական կարողություններ, 2) բազմակողմանի դիվանագիտական դաշինքների և գործընկերների ցանցի մեծացում, որը լրացնում, բայց չի փոխարինում մեր սեփական բազմակողմանի անվտանգային պատասխանատվությունները, և 3) արագ աճող ու բազմազանեցված տնտեսական շարժիչ, որը պիտի նվազեցնի կախվածությունը գոյություն ունեցող սահմանափակ թվով արտահանման շուկաներից և առևտրային գործընկերներից, ինչպես նաև ֆինանսավորի Հայաստան ամրոցի կայացումը: Երբ հերթը հասնի անվտանգության ոլորտին, Հայաստան ամրոցի այս երեք հիմնարար տարրերը կամրապնդվեն Հայաստանում քաղաքական մշակույթի զարգացման միջոցով, կրթական համակարգի բարեփոխում՝ հասարակությունն ամբողջությամբ՝ մոտեցման համապատասխան, և ներառական քաղաքական վերնախավ, որի համար բոլոր այլ քաղաքական նպատակների շարքում ամենաառաջինը Հայաստան ամրոցն է, կարճ ասած՝ այնպիսի հասարակություն և կառավարություն, որտեղ յուրաքանչյուր անդամ գիտակցում է, որ ունի իրեն յուրահատուկ դեր ու պատասխանատվություն Հայաստան ամրոցի կառուցման և պահպանման գործում:
Արցախում իրադարձությունների զարգացմանը զուգահեռ հայ հասարակությունն արդեն մխրճվել է մեղադրանքների խաղի մեջ. ռուսներ, ամերիկացիներ, Լևոն, Ռոբերտ, Սերժ, Նիկոլ և այդպես շարունակ: Սակայն պարզ է մի բան, որ մեղադրանքն ու հատուցումը չեն վերադարձնի կորցրած հողն ու չեն երաշխավորի անվտանգություն: Ըստ էության, այն, ինչ կանենք հիմա և առաջիկա օրերին, շաբաթներին ու ամիսներին, կա՛մ մեզ կհանի այս աղետալի իրադրությունից, կամ է՛լ ավելի կխորացնի այն: Արդյունքում քաղաքական բոլոր գործիչները, քաղաքացիական հասարակությունը, մասնավոր ոլորտն ու յուրաքանչյուր հայի պետք է գնահատել միայն մեկ չափորոշիչով. արդյո՞ք նրանց գործն ու խոսքն օգնում են կառուցել Հայաստան ամրոց, թե՞ խանգարում են այս եզակի նպատակին: Բոլորս ամեն օր և յուրաքանչյուր մտքի ու գործողության մեջ պետք է հարցնենք ինքներս մեզ և շրջապատին. արդյոք ես մի քար ավելացնո՞ւմ եմ ամրոցին, թե՞ թուլացնում եմ դրա հիմքերը: Մյուս բոլոր խոսակցություններն ու գործողությունները երկրորդական են, բուն նպատակից շեղող, և որ ավելի վատ է՝ քայքայիչ:
Համապարփակ անվտանգություն. Հայաստան ամրոցի հիմքը
Կան բազմաթիվ օրինակներ, երբ (ավելի) փոքր պետությունները զարգացնում են իրենց իսկ համապարփակ անվտանգային կարողությունները՝ ավելացնելով ավելի խոշոր ագրեսորների դեմ պաշտպանությունը և զսպման ներուժը. Ֆինլանդիա, Իսրայել, Սինգապուր, Շվեդիա, Շվեյցարիա. սրանք դեռ մի քանիսն են: Այս անհատական ծրագրերի համեմատական ուսումնասիրությունն ընդգծում է հիմնական թեզը. հստակ ձևակերպված քաղաքական կամքը, հասարակական գիտակցված ու գործուն մասնակցությունը, ինչպես նաև մանրամասն մշակված և իրագործված գործողությունների ծրագիրը, որի մասին հստակ պատկերացում ունի հասարակության յուրաքանչյուր անդամ, ավելի կարևոր է, քան նյութական գերազանցությունը: Որքան արագ մշակվի համապարփակ անվտանգության ռազմավարություն և ընդունվի՝ որպես պաշտոնական քաղաքականություն, որքան շուտ, հրատապ կարճաժամկետ և միջնաժամկետ առաջադրանքներ տրվեն համապատասխան պետական և ոչ պետական մարմիններին, այնքան ավելի արագ հասարակության շահագրգիռ ներկայացուցիչները կգտնեն իրենց տեղն այս ներուժի զարգացմանն աջակցելու գործում: Խիստ կարևոր է նշել, որ համապարփակ հասարակական հայեցակարգ չի նշանակում, թե յուրաքանչյուր ունակ քաղաքացի պետք է զենք վերցնի ու շտապի իր տեղը զբաղեցնել առաջնագծի խրամատներում (թեպետ ոմանցից դա նույնպես կպահանջվի): Արդի աշխարհում, որը լեփ-լեցուն է սպառազինությունների թվայնացված համակարգերով, հիբրիդային պատերազմի ավելացող տարրերով և փափուկ ու կոշտ թիրախների ընդլայնվող շրջանակով, կան բազմաթիվ հմտություններ և փորձագիտական գիտելիք, որն անհնարաժեշտ է՝ երկրի ֆիզիկական և թվային անվտանգությունն ապահովելու համար:
Պետք է անհապաղ ձեռնարկել մի շարք հստակ գործողություններ. դրանցից են՝ պահեստազորի պատրաստման պետական ծրագրի (որի իրավական կառուցվածքը վերանայվեց 2022 թվականի աշնանը) զգալի ընդլայնում և արդիականացում, տարածքային պաշտպանության համակարգի ավելի լայն տեղակայում, տեղական արտադրության և ներկրված ռազմական տեխնոլոգիաների գնման ու ծավալման ընթացքի ավելացում և բազմազանեցում, հանրային զանազան կրթական համապարփակ ծրագրեր՝ և՛ քաղաքացիական պաշտպանության, և՛ առաջին օգնության ու տարբեր արտակարգ իրավիճակներին արձագանքելու ուղղությամբ: Մասնավորապես, անհրաժեշտ է 4000-5000 պահեստազորայիններին տարեկան 25 օր ուսման և ակտիվ ծառայության կանչելու ներկայիս ձևաչափից անցում կատարել ամսական տասը գումարտակ պատրաստելուն, ինչի շնորհիվ կունենանք տարեկան շուրջ 40.000 պատրաստված պահեստազորայիններ՝ ի լրումն գոյություն ունեցող մշտական բանակի: Ոչ պակաս կարևոր է նշել, որ խնդիրը միայն թվերը չեն. ուսուցումը պետք է լինի արդի, տեխնոլոգիաների վրա հիմնված ռազմավարության և մարտավարության կիրառմամբ, իսկ պահուստային ստորաբաժանումները պետք է ոչ միայն միասին մարզվեն կանոնավոր կերպով, այլև անհրաժեշտության դեպքում միասին տեղակայվեն: Այս սկզբունքների վրա հիմնված փորձնական ծրագիրը կմեկնարկի շուտով:
Ինչ վերաբերում է տարածքային պաշտպանությանը, 2016-ից մասնավոր ոլորտի ջանքերն ուղղված էին ինքնապաշտպանության ոլորտում քաղաքացիների ներգրավմանն ու պատրաստմանը, հատկապես սահմանամերձ համայնքներում: Հարկ է անհապաղ ընդլայնել դրանք ու լրացնել զգալիորեն բարելավված հաղորդակցության միջոցներով, գործառնական համակարգերով և բազմաշերտ պաշտպանական ենթակառուցվածքներով ռազմավարական նշանակություն ունեցող սահմանամերձ համայնքներում և տեղանքում: Տեղական նաև միջազգային բազմազան ռազմական տեխնոլոգիաների գնումները վերջապես մեկնարկեցին՝ 2022-ի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժելուց հետո: Անհրաժեշտ է արագացնել և կանոնակարգել գործընթացը՝ պաշտպանության և զսպման ներուժը շարունակաբար բարելավելու նպատակով:
Այս ամենի հիմքում կառավարության և հասարակության հավաքական անվտանգային ճարտարապետության պարունակում միմյանց դերերից սպասելիքների համաձայնեցված և համատեղ փոփոխությունն է: Մեկ կենտրոնից կառավարվող խորհրդային համակարգում հասարակ քաղաքացիներին չէր կարելի վստահել նույնիսկ կառավարության կողմից վերահսկվող հասանելիություն՝ զենքի ու պաշտպանության ենթառուցվածքներին, և հանրությունն իր անվտանգության հարցերը պատվիրակում էր տարբեր պետական մարմինների: Համապարփակ անվտանգային ձևաչափում մեծ վստահություն և համագործակցություն կա հանրային և մասնավոր ոլորտի (և, առհասարակ, հասարակության) միջև արտաքին սպառնալիքի դեմ հասարակության լայն շերտերին համախմբման նպատակով: Մենք պետք է նախաձեռնողաբար ընդունենք հայացքների ու մոտեցումների այս հիմնարար փոփոխությունը, որպեսզի կառուցենք արդյունավետ Հայաստան ամրոց:
Բազմակողմանի դիվանագիտական դաշինքներ և միջազգային գործընկերություն
2020-ի հետպատերազմական շրջանի նշանակալի ձեռքբերումներից մեկը եղել է Հայաստանի դիվանագիտական կարողությունների զարգացումը և հարաբերությունների ձևավորումը տարբեր երկրների և բազմազգ միավորումների հետ, որը գագաթնակետին հասավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերջին արտահերթ նիստի ընթացքում Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի շեշտակի ելույթով։ Հայաստանի դիվանագիտական կորպուսը և բարձրաստիճան պաշտոնյաները հստակ ներկայացրել են Հայաստանի ցանկությունն ու կարողությունը՝ ընդլայնելու հարաբերությունների և դաշինքների ցանցը և դառնալու գործուն խաղացող ավելի ու ավելի բարդացող աշխարհաքաղաքական միջավայրում: Եկել է ժամանակն օգուտ քաղելու այս առաջին հաղթանակներից և մշակելու նախաձեռնող, համակարգված և ռազմավարական արտաքին քաղաքականություն, որը կնպաստի Հայաստան ամրոցի ամրապնդմանը:
Վճռական նշանակություն ունի քաղաքականության գործուն զարգացումը, հաղորդակցությունն ու դիրքավորումը, ինչպես նաև այն իրականության ընդունումը, որ այսօրվա փոխկապակցված և թվայնացված աշխարհում չնչին տարբերություն կա ներքին և միջազգային քաղաքականության միջև, ուստի չի կարելի միջազգային քաղաքականության մեջ դիրքային առավելությունը զոհել հանուն ներքին քաղաքականության կարճաժամկետ հաղթանակների: Երբ կառավարությունն իրականացնի Հայաստան ամրոցի արտաքին քաղաքականությունը մշակելու և իրագործելու մասով իր պարտավորությունները, հասարակության պատասխանատու անդամները պետք է աջակցեն և տարածեն այս տեսլականն ու քաղաքականությունը համապատասխան հարթակներում և առօրյա կյանքում: Դարձյալ գլխավոր սկզբունքն այն է, որ կառավարությունն ու հասարակությունն ընդհանրապես (և ոչ միայն վերնախավը) «նույն ալիքի վրա լինեն» Հայաստան ամրոցի նպատակներին հասնելու առումով:
Արագ աճող տնտեսական շարժիչ՝ Հայաստան ամրոցը ֆինանսավորելու համար
Ուժեղ ազգ պետություն կառուցելու բոլոր ջանքերի հիմքում ընկած է տնտեսական աճը: Հայաստանի դեպքում, հաշվի առնելով դեպի ծով ելք չունենալը և արևելքից ու արևմուտքից թշնամական հարևաններով շրջապատված լինելը, տնտեսական զարգացումն ու բազմազանեցումը շատ ավելի կարևոր են և, միևնույն ժամանակ, դժվար հասանելի: Ոչ պատշաճ ճանապարհային ենթակառուցվածքների, արդի երկաթուղային համակարգերի բացակայության, սահմանափակ օդային հաղորդակցության ու պատժամիջոցներից և տարածաշրջանում միմյանց հակասող շահերից ծագող բարդությունների պատճառով հումքի ներկրումն ու պատրաստի արտադրանքի արտահանումն ավելի թանկ է: Հայաստանը զգալի հաջողությունների է հասել տեխնոլոգիահեն տնտեսության զարգացման գործում, որի վրա սկզբունքորեն չեն ազդում կապի ֆիզիկական երթուղիները, իսկ վերջին տարիներին նկատվում է թռիչքների քանակի աճ, որն ավելացնում է աշխարհագրական բազմազանությունը: Սակայն հիմնական խնդիրը դեռևս խիստ կենտրոնացած ներկրման և արտահանման ճարտարապետությունն է, որը, ի լրումն աշխարհաքաղաքական մարտահրավերներ ստեղծելուն, նաև հայ արտադրողին հնարավորություն չի տալիս ապրանք արտադրել ավելի բարդ և պահանջկոտ շուկաների համար: Սակայն տեղական տեխնոլոգիական արդյունաբերության՝ համաշխարհային մրցունակության չափի և հնարավորության ապշեցուցիչ աճը և վերջին հաջողություններն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են արհեստական բանականությունը և երկակի օգտագործման տեխնոլոգիաները, վկայում են այն մասին, որ վերափոխում հնարավոր է: Հայաստան ամրոցում տնտեսության համար պատասխանատու գործիչներն անկեղծորեն կձգտեն տնտեսական աճի և բազմազանեցման՝ սկսելով ֆինանսավորման ավելի հուսալի աղբյուրներից և ձևերից, հասնելով արհեստավարժության և մասնագիտական պատրաստվածության բարելավման, կմշակեն պետական քաղաքականություն՝ ներկրման և արտահանման ոլորտում բազմազանեցումը քաջալերելու և ապրանքների ու ծառայությունների որակն ու տարածաշրջանային և համաշխարհային մրցունակությունը մեծացնելու համար: Թավշյա հեղափոխությամբ ստվերային տնտեսության զգալի հատվածների վերացումը հանգեցրել է նրան, որ ավելի մեծ մաքսային և հարկային հոսքեր են տեղափոխվում պետական բյուջե. հիմա, երբ պետությունը վերացրել է արհեստական սահմանները տնտեսական ակտիվության և պետական հարկահավաք գործունեության միջև, ժամանակն է բարձրացնել տնտեսությունը բոլոր ոլորտներում, և յուրաքանչյուր մարդ իր դերն ունի Հայաստան ամրոցի կառուցման այս երրորդ կարևորագույն շրջանում:
Այսօր յուրաքանչյուր հայ կանգնած է ընտրության առաջ. համակերպվել իր ճակատագրի հետ, ինչպիսին էլ որ այն լինի, մեղադրանքն ու թունոտ քննադատությունն ուղղել իր ընտրած քավության նոխազին՝ արդյունքում չհասնելով որևէ շոշափելի արդյունքի, կամ ջանադրաբար աշխատել անհատապես և համատեղ՝ կառուցելով Հայաստան ամրոց: Ո՞ր տարբերակն եք ընտրում դուք:
EVN Report
Հայերեն
Որ վերջում բարին հաղթի չարին …
Առաջին հոգեբանական օգնություն ցուցաբերելով Արցախից բռնի տեղախանված երեխաներին՝ Ներքին գործերի նախարարության աշխատակիցները փորձում են փոքր-ինչ մեղմել երեխաների անհանգստությունները։ Աշխատանքի ընթացքը՝ Անի Գևորգյանի ֆոտոպատումով։
Read moreՕտարականության փորձառությունը Ատոմ Էգոյանի կինոյում
Էգոյանի ֆիլմերում ընդգծվում է օտարականության զգացումը. մարդիկ իրենց տեղում չեն, ամեն ինչ ասես երազում է կատարվում: Իսկ երաժշտությունը՝ համահունչ լինելով խճանկարային ու բազմաբովանդակ պատումին՝ օգնում է սոսնձել սյուժեի բեկորները:
Read moreԱռանց Արցախ. լայն բացված աչքերով ու հույսին հրաժեշտ տված
2020-ի արհավիրքից հետո Արցախ վերադարձած, ինը ամիս շրջափակման բոլոր մարտահրավերները կրած ու դրանք հիմնականում հաղթահարած մարդիկ հավաքեցին դարերի հիշողությունն ու մի քանի կենցաղային իրերի հետ տեղավորելով տարբեր չափերի մեքենաների մեջ՝ ճանապարհ ընկան, հիմնականում՝ դեպի անհայտություն։ Թամարա Գրիգորյանը կիսվում է բռնի տեղահանության իր պատմությամբ։
Read moreՎավերացված, չգոհացրած. արձագանքելով ՄՔԴ-ին Հայաստանի միանալու շուրջ մտահոգություններին
Թեև ոմանք ողջունեցին Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացումը, թերահավատների մի խումբ, սակայն, դեմ է այդ գաղափարին: Շիլա Փայլանն անդրադառնում է ամենաարդիական մտահոգություններին:
Read moreՆոր պատմաշարք
Պեղումներ