
Հոդվածը կարող եք լսել Ձայնագիր
Խմբագրի կողմից. հոդվածի բնագրի հրապարակումից երկու օր անց՝ հոկտեմբերի 13-ին, Հայաստանի նախագահը ստորագրեց օրինագիծը։
2023 թվականի հոկտեմբերի 3-ին Հայաստանի խորհրդարանի ճնշող մեծամասնությունը քվեարկեց Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտի վավերացման օրինագծի օգտին: Հայաստանի նախագահն ունի 21 օր՝ օրինագիծը ստորագրելու համար* (տե՛ս Հայաստանի Սահմանադրություն, հոդված 129), որից հետո Հայաստանը պետք է վավերացման փաստաթուղթը փոխանցի Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին, որպեսզի 60 օր հետո Ստատուտն ուժի մեջ մտնի Հայաստանի համար (տե՛ս Հռոմի ստատուտ, հոդվածներ 125-126): Երբ այս վերջին ընթացակարգային կետերը կատարվեն, Հայաստանը կդառնա ՄՔԴ-ի 124-րդ անդամը:
Հայաստանում շատերը ցնծությամբ ընդունեցին խորհրդարանի այս քայլը: Շուրջ երկու շաբաթ հետևելով, թե ինչպես է ծավալվում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության էթնիկ զտման սարսափը, և ավելի քան երկու տարի դիմակայելով Ադրբեջանի ահագնացող ագրեսիային ու պատերազմական հանցագործություներին Հայաստանի տարածքում, բարձրաձայն «այո»-ն, որը վերջապես կենսական ճանապարհ կապահովի հայերի դեմ վայրագությունների մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար, թույլ տվեց մի փոքր շունչ քաշել:
Թերահավատների մի խումբ, սակայն, շարունակում է արտահայտվել ՄՔԴ-ին միանալու գաղափարի դեմ, չնայած գործընթացի որոշ առավելություններ արդեն իսկ հստակեցվել են տարբեր հարթակներում (տե՛ս, օրինակ, այստեղ, այստեղ և այստեղ): Կրկնություններից խուսափելու համար այս հոդվածը դարձյալ չի ներկայացնի առավելությունները, այլ ավելի շատ կկենտրոնանա ենթադրյալ ամենաէական թերություների վրա:
Վախ Ռուսաստանի հակադարձ ազդեցությունից
Վախը հիմնականում կապված է այն փաստի հետ, որ ՄՔԴ-ն Ռուսաստանի նախագահ Պուտինի ձերբակալման օրդեր տվեց համարյա նույն ժամանակ, երբ Հայաստանում հանվեցին վավերացման սահմանադրական խոչընդոտները: ՄՔԴ-ի բոլոր անդամ պետությունները պարտավոր են գործակցել ՄՔԴ-ի հետ (տե՛ս Հռոմի ստատուտ, հոդված 86 և հաջորդները), այդ թվում և կատարել ձերբակալության օրդերներ, ինչը նշանակում է, որ Հայաստանը ստիպված կլինի ձերբակալել Պուտինին, եթե նա երբևէ ոտք դնի Հայաստանի տարածք: Այս մտահոգությանն անդրադարձել ենք EVN Report-ի նախորդ հոդվածում, ըստ որի՝ պետությունների ղեկավարների անձեռնմխելիության օրենքը ենթադրում է, որ Հայաստանը (մյուս բոլոր անդամ-պետությունների շարքում) Հռոմի ստատուտի հոդված 98/1-ի համաձայն կարող է ազատվել Պուտինի դեմ ՄՔԴ-ի օրդերը կատարելու պարտավորությունից:
Այս առումով, Հայաստանը նաև ապրիլից Ռուսաստանին առաջարկել է երկկողմ համաձայնագիր Հռոմի ստատուտի հոդված 98 (2)-ի համաձայն՝ ցրելու համար ցանկացած մտահոգություն, որը վերաբերում է վավերացման գործընթացում Հայաստանի առաջընթացին, բայց ռուս գործընկերները դեռևս չեն արձագանքել այդ ջանքերին: Ռուսաստանը կընդունի առաջարկը թե ոչ, փաստը մնում է փաստ. խոհեմ կամ իրատեսական չէր լինի Հայաստանից ակնկալել (այդ թվում և ՄՔԴ-ը չի կարող անել դա) միակողմանի կատարել միջուկային գերտերության գործող ղեկավարի ձերբակալության օրդերը, եթե իհարկե, նրանից չեն ակնկալում ինքնասպանություն գործել: Ավելի ուժեղ երկրները հրաժարվել են կատարել այդպիսի օրդերներ պետությունների պակաս ազդեցիկ ղեկավարների նկատմամբ, ինչպես Սուդանի նախկին նախագահ Օմար Ալ-Բաշիրի դեպքում: Սուրբ Թովմա Աքվինացու դասական ասացվածքը՝ ՚՚nullus tenetur ad impossibile” (չի կարելի պահանջել անհնարինը), այսպիսով, շատ ավելի կիրառելի է Հայաստանի կողմից Պուտինի ձերբակալության դեպքին: Եվ բոլորը, այդ թվում և Ռուսաստանը, գիտեն այդ մասին:
Այս համապատկերում, Ռուսաստանի դժգոհությունը պայմանավորված է ոչ այնքան ձերբակալության շուրջ լրջագույն մտահոգությամբ, այլ, ավելի շուտ, սովորական զայրույթով, որ Հայաստանը կարող է համարձակվել ոտքի կանգնել: Ուստի, Հայաստանին հատուցումով սպառնալը միանգամայն անընդունելի է: Հայաստանը քանիցս հստակեցրել է, որ ՄՔԴ-ին միանալու իր որոշումը որևէ առնչություն չունի Ռուսաստանի հետ և ամբողջությամբ կապված է Ադրբեջանի հետ: Իսկ Հայաստանի հետ ռազմական դաշինքը և Արցախի հայերին պաշտպանելու իր խոստումը կատարելու Ռուսաստանի անկարողությունը կամ չկամությունը, Հայաստանին այլ տարբերակ չի թողնում, քան այլ տեղերում փնտրել այլընտրանքային միջոցներ:
Մտահոգություն առ փաստաթղթի զսպման ներգործությանը
Այստեղ պարզ պատասխանը հետևյալն է. եթե չվավերացնենք ՄՔԴ-ին միանալու վերաբերյալ Հռոմի ստատուտը, կարող ենք հարյուր տոկոսով վստահ լինել, որ այն զսպող ազդեցություն չի ունենա Հայաստանի տարածքում ապագա ոճրագործությունների դեմ: Ամբողջ աշխարհում քրեական արդարադատության համակարգերը հիմնված են զսպման տեսության վրա: Եվ հետազոտությունը ցույց է տալիս, որ հանցանքի մեջ բռնվելու հավանականությունն ունի հզոր զսպող ազդեցություն:
Այն փաստը, որ Ադրբեջանը ՄՔԴ-ի անդամ չէ, չի ազատում նրա քաղաքացիներին քրեական հետապնդումից, եթե նրանք ստատուտով նախատեսված հանցագործություններ գործեն Հայաստանի տարածքում, երբ Հայաստանը դառնա անդամ պետություն: Միանշանակ չի կարելի ասել, թե արդյոք Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը որևէ զսպող ազդեցություն կունենա այնպիսի մեկի վրա, ինչպիսին է Ադրբեջանի նախագահ Ալիևը, բայց նույնիսկ սա, հավանաբար, կփոխվի հիմա, երբ ՄՔԴ-ը Պուտինի ձերբակալության օրդեր է տվել:
Ինչևէ, գոյություն ունեն պատերազմական հանցագործությունների անթիվ-անհամար ենթադրյալ ադրբեջանցի մեղավորներ՝ զինվորներ, հրամանատարներ, Ալիևի վարչակարգի անդամներ և այլն, որոնք չեն օգտվում որևէ անձեռնմխելությունից ու երկար կմտածեն, մինչև կհամաձայնեն մասնակցել այնպիսի գործողությունների, որոնք կարող են դիտարկվել որպես միջազգային հանցագործություն: Անցյալ տարի Սև լճի մոտակայքում ադրբեջանցի զինվորների կողմից առնվազն վեց անզեն հայ զինվորների զանգվածային սպանությունը փայլուն օրինակ է հանցագործության, որը դժվար թե տեղի ունենա, եթե հանցագործները բախվեն ՄՔԴ-ի պես մարմնի կողմից քրեական հետապնդման և պատժի իրական հեռանկարին:
Քննադատություն առ այն, որ Հայաստանը հրաժարվում է դատական ինքնիշխանությունից
Ո՛չ, սխալ է: ՄՔԴ-ն գործում է փոխլրացման սկզբունքի հիման վրա, ինչը նշանակում է, որ կարող է արդարադատություն իրականացնել, միայն երբ ազգային դատարանները չեն կարող կամ չեն ցանկանում հետապնդել անհատներին՝ ՄՔԴ-ի իրավասության շրջանակում գործած հանցանքի համար: Այս սկզբունքն աջակցում է պետությունների ինքնիշխանությանը՝ նրանց հնարավորություն տալով գործերն ուսումնասիրել երկրի ներսում, երբ դա հնարավոր է: ՄՔԴ-ն իրավասություն ունի սահմանափակ թվով հանցագործությունների վրա և կիրառվում է միայն այն դեպքերում, որոնք կապված են առավել լուրջ միջազգային հանցագործությունների հետ: Այն չունի երկրի իրավական համակարգի այլ ոլորտներին միջամտելու լիազորություն: Հռոմի ստատուտի անդամ պետությունները, այսպիսով, պահպանում են վերահսկողությունն իրենց ներքին իրավական համակարգերի վրա: Նրանք կարող են հետաքննել ու հետապնդել հանցագործներին իրենց իրավասության շրջանակում, և միայն երբ նրանց չի հաջողվում, կամ երբ պարզվում է, որ ջանքերը բավարար չեն, հնարավոր է, որ ՄՔԴ-ն միջամտի: Որպես այդպիսին, ՄՔԴ-ն չի զավթում Հայաստանի ինքնիշխանությունը, այլ լրացնում է այն:
Մտահոգություններ առ այն, որ հայերին կարող են ենթարկել քրեական հետապնդման
ՄՔԴ-ի իրավազորությունը տարածվում է Հայաստանի տարածքի, ինչպես նաև նրա քաղաքացիների վրա: Այնպես որ, այո՛, երբ Հայաստանը դառնա ՄՔԴ անդամ, Հայաստանի քաղաքացիները տեսականորեն կարող են ենթարկվել հետապնդման և պատասխանատվության ՄՔԴ-ի իրավասության շրջանակներում դիտարկվող հանցագործությունների համար: Սակայն այստեղ հարկ է կրկնել, որ դեռևս կիրառվում է փոխլրացման սկզբունքը. եթե Հայաստանի քաղաքացին գործում է այդպիսի հանցանք, ու Հայաստանի ներքին իրավական համակարգն ի զորու է և ցանկություն ունի պատշաճ կերպով հետաքննել և քրեական հետապնդման ենթարկել, ապա ՄՔԴ-ն չի միջամտի: Բայց սա խնդիր չի լինի, քանի դեռ հայերը չեն գործում այդպիսի հանցագործություններ: Ցանկացած ոք, ով կգործի դաժան հանցագործություներ, լինի ադրբեջանցի, հայ, թե այլազգի, պետք է ենթարկվի պատասխանատվության և պատժվի:
Եզրակացություն
Սույն հոդվածը հավակնություն չունի վստահեցնելու, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը պարունակում է բացառապես առավելություններ՝ առանց հնարավոր ռիսկերի: Միևնույն ժամանակ, ռիսկերից չափից շատ խուսափելը դանդաղեցնում է մեր զարգացումը, և չի կարելի հերքել, որ ՄՔԴ-ին միանալու Հայաստանի որոշումը, չնայած Ռուսաստանի այսպիսի հզոր ճնշման, խիզախ ու համարձակ քայլ է: Սա մի քայլ է, որով հայ ազգը կարող է անսահման հպարտանալ, ու որը բարձր գնահատականի է արժանացել միջազգային հանրության գաղափարակից ներկայացուցիչների կողմից: Նույնիսկ Ուկրաինան, աշխարհի, այդ թվում և ՄՔԴ-ի ամբողջ աջակցությամբ հանդերձ, որևէ քայլ չի արել Հռոմի ստատուտը վավերացնելու ուղղությամբ: Այս հանգամանքը պատիվ չի բերում Ուկրաինային ու աննկատ չի մնացել:
Չնայած ահռելի դժվարություններին, մենք վերջապես ցույց ենք տալիս մեր ինքնիշխան կամքն ու ուժը, ինչպես նաև պատրաստակամությունը խաղաղությանն ու անվտանգությանն ամբողջ աշխարհում: Մենք ցույց ենք տալիս նրանց, ովքեր կփորձեն վախեցնել մեզ կամ խախտել օրենքը, որ առաջնորդվում ենք ոչ թե վախով, այլ մեր հավաքական լիազորությամբ: Իսկ նրանց, ովքեր կարծում են, թե դրա համար ոչ մի պատճառ չկա, կարող եմ ասել միայն մի բան. պատճառ չկա չանելու, հատկապես եթե կարող ենք դրանից շատ բան ստանալ. արդարություն, վնասի փոխհատուցում և զսպում, այն ամենը, ինչ այդպես էլ չստացանք Հայոց ցեղասպանությունից հետո, ինչպես նաև ավելի մեծ ինքնավարություն և հեղինակություն միջազգային հանրությունում:
Ու ինչպես ցանկացած խնջույքից, որը սպասվածի չափ ուրախ չի անցնում, եթե իսկապես հիասթափվենք ՄՔԴ-ին միանալուց հետո, միշտ կարող ենք հեռանալ (Տե՛ս Հռոմի ստատուտ, հոդված 127): Բուրունդին այդպես վարվեց: Ֆիլիպինները՝ նույնպես: Դարձյալ, գուցե անթերի չէ, բայց տարբերակ է: Սակայն մինչ այդ պետք է գոնե փորձել:
Մեր հայերեն էջից
Նոր տանիք փնտրելիս. Զորակ
Արցախից ավելի քան 500 բռնի տեղահանվածներ այժմ Հայաստանի Արարատի մարզի Զորակ գյուղում են, որտեղ մի քանի ընտանիք միասին ապրում են մեկ տանը, ոմանք նույնիսկ ստիպված են քնել բեռնատարների մեջ: Նրանց պատմությունը ներկայացնում է ֆոտոլրագրող Անի Գևորգյանը։
Read moreՈճրի և իրավունքի արանքում
Շուրջ տասն ամսվա շրջափակումից ու մեկ օր տևած ռազմական գործողություններից հետո Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներն առաջիկայում էլ բախվելու են իրավական բազմաթիվ գործընթացների։
Read moreԿորստից կորուստ ապրելու
«Երեք տարի առաջ այս օրերին կրկին պատերազմ էր ու զոհեր, կրկին տեղահանություն էր ու հայրենազրկում, մենք պետք է անվերջ կորցնե՞նք»,- գրում է Գոհար Աբրահամյանը։
Read moreՊեղումներ. «Ալքիմիկոսը»՝ Մկրտիչ Նաղաշ
XV դարում է ստեղծագործել պանդխտության առաջին հայ երգիչը, որի անունն է բոլորին հայտնի գրականության դասագրքերից, բայց՝ ոչ կյանքը։ Մկրտիչ Նաղաշը, նրա ժամանակաշրջանն ու իրադարձություններն են գրող, թարգմանիչ Վահրամ Մարտիրոսյանի «Պեղումներ. Հայոց ծանոթ և անծանոթ պատմությունից» շարքի առաջին անդրադարձի առանցքում։
Read moreԵրևանը՝ «միությունից» անկախություն
Երևանի մասին շարքի երկրորդ մասում Լիլիթ Ավագյանն անդրադառնում է մայրաքաղաքի կառավարման զարգացմանը՝ Խորհրդային Միության փլուզումից մինչև Երևանի նոր քաղաքապետի վերջին ընտրությունը։
Read moreԵրևանը՝ կայսրությունից «միություն»
Երևանի ավագանու ընտրություններից առաջ Լիլիթ Ավագյանն անդրադառնում է, թե ի՞նչ քաղաք էր Երևանը, ինչպես է սկսվել կառավարման պատմությունն ու ի՞նչ շրջափուլեր է ունեցել Ռուսական կայսրության, Առաջին Հանրապետության ու Խորհրդային Միության տարիներին։
Read more