Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր
Տասն ամիսների շրջափակման և մեկ օր տևած ռազմական ծանր գործողությունների ու ադրբեջանական կողմի շարունակական սպառնալիքների հետևանքով ավելի քան 100.630 արցախաբնակներ ընդամենը 5-6 օրում ստիպված եղան տեղահանվել իրենց բնօրրանից։
«Վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլևս հայ չի մնա։ Սա էթնիկ զտման և հայրենազրկման ուղղակի ակտ է և այն, ինչի մասին մենք երկար ժամանակ ահազանգում էինք միջազգային հանրությանը»,- դեռևս սեպտեմբերի 28-ին կառավարության նիստի մեկնարկին հայտարարել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Արդեն հոկտեմբերի 1-ի դրությամբ Արցախը գրեթե ամբողջությամբ հայաթափված էր։
Ադրբեջանական կողմի ռմբակոծությունների ներքո իրենց հիմնական բնակավայրերից նախ մի կերպ տարբեր տեղեր ճողոպրած, այնուհետև Արցախից ստիպված դուրս գալը, սակայն, ադրբեջանական կողմում ներկայացվում է որպես «ինքնակամ հեռացում»։
Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը Deutsche Welle-ին տված հարցազրույցում նշել է, թե Ադրբեջանը ոչ մեկին չի ստիպում լքել Լեռնային Ղարաբաղը. «Մարդիկ Արցախից հեռանում են իրենց կամքով։ Դա նրանց անձնական որոշումն է։ Հակաահաբեկչական միջոցառումներն ուղղված չեն եղել քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների դեմ»։
Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը, սակայն, նշում է, թե պարտադիր չէ, որ մինչև Արցախ-Հայաստան սահման մարդկանց բռնության ենթարկեն, որ դա իրավաբանորեն համարվի որպես բռնի տեղահանում։ Ըստ Ղազարյանի՝ Արցախում ստեղծված պայմաններն անհնարին են դարձրել մարդկանց՝ իրենց բնակավայրում արժանավայել կերպով ապրելը։
«Նույնիսկ քարոզչական քայլերը չեն կարող որևէ կերպ հակազդել այն կարծիքին, որ եթե 100.000 մարդ մի քանի օրվա ընթացքում դուրս է գալիս այդ տարածքից, բնականաբար դա իրենց ցանկությամբ չեն անում»,- ասում է Ղազարյանը։
Իրավունքի պաշտպանություն առանց սահմանների հասարակական կազմակերպության իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանի խոսքով՝ Արցախում կատարվածը հենց բռնի տեղահանում է, քանի որ այնպիսի պայմաններ են ստեղծել բնակչության համար, որ նրանք հարկադրաբար լքում են իրենց մշտական բնակության վայրը՝ այնտեղ արդեն ապահովության զգացում չունենալով.
«Ռազմական գործողությունների արդյունքներից մեկն Արցախը հայաթափելն է, էթնիկ զտումը։ Ադրբեջանը, քարոզչական նյութեր նկարահանելով, փորձում է բոլորին համոզել, որ Արցախի ժողովուրդն ինքնակամ է լքում բնակության վայրը, իրենց մեքենաներով տեղափոխվում են, բայց այս ամենը մեզ համար ցուցիչ է, որ անձինք այդ տագնապի, սպառնալիքի ներքո ստիպված լքում են իրենց տները՝ իրենց կյանքին, ազատությանը, առողջությանը և այլ իրավունքներին սպառնացող վտանգներով պայմանավորված»։
Ըստ Մելիքյանի՝ 2020-ի պատերազմից հետո անդրադարձ եղել է սողացող էթնիկ զտմանը, որը անգամ եթե ակտիվ ռազմական գործողությունների միջոցով չէր իրականացվում, բայց ստեղծված իրավիճակը մարդկանց հարկադրում էր հեռանալ։
«Այդպես էլ եղավ, տասն ամիս շրջափակման, սննդամթերքի, դեղորայքի սահմանափակ լինելու, հոսանքի ու ջեռուցման բացակայության այնպիսի պայմաններ էին ստեղծել, որ հենց ճանապարհը բացվի, մարդիկ ցանկանան գնալ։ Դա բավարար չէր կարծես, գուցե վստահ չէին, որ կհասնեն իրենց նպատակին, դրա համար նաև ռազմական գործողություններ սկսեցին,- ասում է փորձագետը՝ հիշեցնելով նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախկինում արված հայտարարությունները, ըստ որոնց, Լաչինի միջանցքի փակումից հետո Ալիևն ասում էր, թե «ով չի ցանկանում մեր քաղաքացին լինել, ճանապարհը փակ չէ, բաց է»,- Այս ամենի համատեքստում վստահորեն ասում ենք, որ սա էթնիկ զտման ակնհայտ դրսևորում է, որն ուղղված է Արցախի հայերին՝ որպես խումբ վերացնելուն»։
Էթնիկ զտման գործընթացը՝ առանց փաստավավերագրումների
Միջազգային կազմակերպությունների, մարդասիրական կառույցների ու օտարերկրյա լրագրողների կողմից հենց Արցախում բռնի տեղահանման, էթնիկ զտման գործընթացի փաստավավերագրումների բացակայությունն Աննա Մելիքյանը մտահոգիչ է համարում։ Ըստ փորձագետի, ի տարբերություն Արցախյան 2020-ի պատերազմի, երբ Արցախ մտնելու և տեղում փաստահավաք գործողություն իրականացնելու, խախտումների արձանագրման հնարավորություն կար, այժմ իրավիճակն առավել բարդ էր։ Մյուս կողմից էլ Մելիքյանը նշում է, որ արդեն Հայաստանի տարածքում՝ Կոռնիձորում, Գորիսում բավական շատ լրատվամիջոցներ են ներկա, այդ թվում նաև միջազգային, որոնք արձանագրել են քաղաքացիների հոսքը։
«Այս դեպքում վկայությունները տեղի բնակչությունից պետք է գան, հնարավորին չափ շատ պետք է արձանագրվեն փաստերը՝ սկսած ռմբակոծություններից, թե ինչ է վնասվել, արդյոք թիրախավորվել է քաղբնակչության ենթակառուցվածքները և այլն»,- ասում է փորձագետը՝ շեշտելով այս փաստերի արձանագրման կարևորությունը։
Մելիքյանը նշում է նաև, որ ի տարբերություն 2020-ի պատերազմի, երբ պատերազմական հանցագործություների մասին վկայություններ կարողանում էին առանձնացնել նաև ադրբեջանական կողմից տարբեր հարթակներում տեղադրված հրապարակումներից, այս անգամ, սակայն, որևէ բան գտնելը բավական դժվար է դարձել. Ադրբեջանում այդ օրերին անգամ «ՏիկՏոկ» սոցիալական հարթակն էին անջատել, համացանցում ևս սահմանափակումներ կային, ըստ փորձագետի, նպատակ ունենալով կանխել ադրբեջանցի զինծառայողների կողմից նկարահանված տեսանյութերի տարածումը, որոնք կարող էին հանցագործությունների մասին վկայել։
«Աշխարհին ուզում են հակառակը համոզել, քարոզչական տեսանյութեր են հրապարակվում, որտեղ վնասվածքներ ստացած արցախահայերը բուժօգնություն ու աջակցություն են ստանում՝ հատուկ ընդգծելով, թե օգնում են քաղաքացիական անձանց ու պատրաստ են նրանց անվտանգությունն ապահովել»,- նշում է Մելիքյանը։
Իրավական գործողությունները
Իրավական հարցերով փորձագետը, հաշվի առնելով նախկին փորձը, նշում է, որ շատ կարևոր է ունենալ Արցախում մշտական բնակության և սեփականության իրավունքի մասին վկայող փաստաթղթեր՝ միջազգային դատարաններ ներկայացվելիք հայցերը, գանգատները հիմնավորելու նպատակով։
«Երբ փոխհատուցման հայց ես ներկայացնում, պետք է ներկայացնես, թե ինչ ես կորցրել, ինչի համար ես այդ հատուցումն ուզում։ Բոլորս գիտակցում ենք, որ, ցավոք, տեղահանման դեպքում մարդիկ հնարավորություն չունեն շատ իրեր իրենց հետ տեղափոխել։ Սակայն արժեքավոր են լուսանկարները, փաստաթղթերը, տեսանյութերը»։
Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի խոսքով՝ եթե տարածքն ամբողջությամբ անցել է Ադրբեջանի իրավազորության տակ ու նույնիսկ եթե Ադրբեջանն ազգայնացնի քաղաքացիների կամ մասնավոր ձեռնարկությունների գույքը, դա չի նշանակում, որ իրավաբանորեն այդ մարդիկ կորցնում են իրենց գույքային իրավունքը։
«Ադրբեջանի նկատմամբ իրավական գնահատականը տրվելու է ամբողջ կոնտեքստով՝ սկսած ռազմական գործողություններից, դրանց համաչափությունից, մինչև Ադրբեջանի հայերի նկատմամբ ընդհանուր հանրային քաղաքականությունը,- նշում է Ղազարյանը՝ հավելելով, թե իրավական առումով ապագայում դեռ անելիքներ շատ կան, և՛ որակապես, և՛ քանակապես իրավական բազմաթիվ գործընթացների են բախվելու, որոնք հօգուտ հայկական կողմի են,- Մենք տեսնում ենք տեսանյութ, որտեղ ադրբեջանցիները կրակ են արձակում եկեղեցու վրա, բնականաբար, շարժառիթը ռազմական ինչ-որ առավելության հասնելը չէ, այնտեղ ինչ-որ դիրքեր չկան։ Մեկը հրաման է տվել ոչնչացնել, և դա արվում է հենց էթնիկ զտման նպատակով։ Ոչնչացվում են մշակութային օջախները, մշակութային բոլոր խորհրդանիշերը, դա արվում է այն նպատակով, որ համայնքը չկարողանա, չցանկանա ապրել այդ տարածքում»։
Ըստ Ղազարյանի՝ Էթնիկ զտումը ինչպես մարդկության դեմ կատարվող հանցագործություն է, այնպես էլ միջազգային և պատերազմական հանցագործություն է, որի համար պատասխանատու է և՛ պետությունը՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, և՛ առանձին անհատները, անձինք, զինվորականները, նրանց հրամանատաները.
«Ո՞վ իր կամքով իր գույքը կթողնի, իր տունը կթողնի ու դուրս կգա։ Շարժառիթները շատ-շատ են, Ալիևի հայտարարություններից սկսած մինչև վերջին ռազմական գործողությունները՝ թիրախավորելով քաղաքացիական անձանց, բնակավայրերը և մեքենաները։ Ուստի, Ադրբեջանը շատ քիչ հակափաստարկներ է ունենալու և անընդհատ փորձելու է իրավական գործընթացներն ավելի շատ քաղաքական հարթակում լուծել, քանի որ այնտեղ գերակայություն ունի»։
Մինչ այդ, ադրբեջանական կողմն արդեն սկսել է Արցախում բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած անձանց ձերբակալությունները։ Պարբերաբար հաղորդվում էր, թե Ադրբեջանն ունի ավելի քան 300 արցախցիների «սև ցուցակ», որոնց նկատմամբ հարուցվել են քրեական գործեր։ Փաստորեն, այս ցուցակի առաջին ձերբակալությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 27-ին, երբ Լաչինի միջանցքով Հայաստան անցնելիս՝ Հակարիի կամրջի ադրբեջանական անցակետում ձերբակալվեց Արցախի նախկին պետնախարար, գործարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադիր Ռուբեն Վարդանյանը։
Ադրբեջանական դատարանը Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել 4-ամսյա կալանքը։ Նրան 3 մեղադրանք է առաջադրվել` ֆինանսական ահաբեկչություն, ապօրինի զինված խմբերի ձևավորում և դրանց մասնակցություն, պետական սահմանի ապօրինի խախտում։
Սեպտեմբերի 28-ին էլ Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտնեց, որ ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակում», և ադրբեջանական կողմը պահանջել է ժամանել Բաքու՝ համապատասխան հետաքննության համար, ինքն էլ որոշել է գնալ։ Ավելի ուշ ադրբեջանական կողմը հաստատեց Բաբայանի կալանավորման մասին. նրա դեմ դեռևս 2020-ի հոկտեմբերի 28-ին քրեական գործ էր հարուցվել մի քանի հոդվածներով՝ պատերազմ ծրագրելու, նախապատրաստելու, սկսելու և վարելու, վարձկանների ներգրավելու, միջազգային հումանիտար իրավունքի նորմերի խախտում զինված հակամարտության ժամանակ, հանցավոր հրաման տալու կամ անգործության, ահաբեկչություն կազմակերպելու, ազգամիջյան թշնամանք հրահրելու:
Այնուհետև Բաքուն հաղորդեց նաև Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի ու Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանի ձերբակալությունների մասին։
Արա Ղազարյանի խոսքով՝ ադրբեջանցիները միանգամից գործերը տանելու են քրեական դատավարության դաշտ, որպեսզի ցույց տան, թե օրինական, իրավական գործընթացներ են։ Սակայն, ըստ փորձագետի, ադրբեջանական կողմը պարտավոր է ապահովել կալանավորված անձի բոլոր իրավունքները՝ սկսած առաջին հարցաքննությունից՝ մեղադրյալի կողմից ընտրած փաստաբանի միջոցով, ինչը, սակայն, Ղազարյանը բացառում է.
«Վերջին 21 տարում նրանք երբեք նման բան չեն արել։ Որպես կանոն իրենք են փաստաբան նշանակում և հնարավոր չէ փաստաբանի հետ կապ հաստատել, թեկուզ մեղադրյալի կինը հնարավորություն չի ունենում փաստաբանի հետ կապ հաստատել,- ասում է Ղազարյանը՝ միևնույն ժամանակ հավելելով, թե հնարավոր է, որ Ռուբեն Վարդանյանի դեպքում որոշ ցուցադրական գործողություններ փորձեն անել, օրինակ՝ թույլատրել կապի հնարավորություն հարազատների հետ»։
Սակայն, Ղազարյանի խոսքով, ամենակարևորն այս դեպքում մեղսագրվող հանցագործությունն է, քանի որ Ադրբեջանը միտում ունի լայնորեն մեկնաբանելու ահաբեկչություն հասկացությունը, և այս տիրույթում կարևոր է ուշադրություն դարձնել, թե ինչ արարքներ են մեղսագրվում նախկին պաշտոնյաներին։
«Զինված դիմադրություն ցույց տալը իրենք մեկնաբանում են որպես ահաբեկչություն, որը քրեական իրավունքի իմաստով այդպես չէ։ Ահաբեկչության ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ հատկանիշները բոլորովին այլ տեղում են, այսինքն իրականում քաղաքական հետապնդում է տեղի ունենալու, բայց փորձելու են իմիտացիա անել, թե արդարացի դատական քննության իրավունք կապահովեն։ Վարդանյանի դեպքում Ադրբեջանի համար բավական դժվար կլինի, քանի որ գործ են ունենալու հայտնի քաղաքական հեղինակություն վայելող գործչի հետ»,- ասում է Ղազարյանը։
Այնուամենայնիվ, փախստակա՞ն
Արցախում բնակվող քաղաքացիներն ունեն Հայաստանի Հանրապետության անձնագրեր, համարվում են Հայաստանի քաղաքացիներ, ինչը բարդացնում է այս անձանց իրավական կարգավիճակի տրամադրման հարցը։ «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքը, որի հիմքում ընկած է Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների կարգավիճակի մասին 1951-ի կոնվենցիան և 1967-ին ընդունված արձանագրությունը, որոնց Հայաստանը միացել է 1993-ին, լայն հնարավորություններ է նախատեսում փախստականների համար և երաշխավորում նրանց իրավունքների իրացումը։ Սակայն փախստականի կարգավիճակ հայցելու գործընթացը ենթադրում է երկու տարբեր երկրների ներգրավվածություն, հետևաբար, արցախցիները չեն կարող ապաստան հայցել Հայաստանից։
Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը, սակայն, ամրագրում է, որ անձինք լքում են իրենց մշտական բնակության վայրը երկյուղի պատճառով, ինչը թույլ է տալիս նրանց՝ որ պետության սահման էլ նրանք գնան ու խնդրեն ներս թողնել, այդ պետությունները պարտավոր են դա անել՝ միջազգային նորմերի համաձայն.
«Թեև տեսական առումով չեն համապատասխանում փախստականի եզրույթին միջազգային իրավունքի տեսանկյունից, բայց, փաստացի, իրենք փախստականի նման վիճակում են գտնվում և ունեն աջակցության այն կարիքը, որն ունեն դասական իմաստով փախստականները»։
Մեր հայերեն էջից
Կորստից կորուստ ապրելու
«Երեք տարի առաջ այս օրերին կրկին պատերազմ էր ու զոհեր, կրկին տեղահանություն էր ու հայրենազրկում, մենք պետք է անվերջ կորցնե՞նք»,- գրում է Գոհար Աբրահամյանը։
Read moreՄաս 2. ՀԱՊԿ. ավելի մոտ Ադրբեջանին, քան՝ Հայաստանին
Հայաստանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում անդամակցությունը շարունակելու կամ կառույցը լքելու թեման դեռևս շարունակում է լինել օրակարգային։ Արմինե Մարգարյանն անդրադառնալով հարցին՝ նոր հեռանկար է առաջարկում։
Read moreՄաս 1․ ՀԱՊԿ․ ավելի մոտ Ադրբեջանին, քան՝ Հայաստանին
Հայաստանը 1992-ից ի վեր իր անվտանգային համակարգը կառուցել և ամրապնդել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շուրջ: Արմինե Մարգարյանը քննում է այս կազմակերպության հնարավորություններն ու խոչընդոտները Հայաստանի պարագայում։
Read moreԱնվտանգության զեկույց. օգոստոս 2023
Խելագարի տեսությունը ձևավորվել է որպես հարկադրող սակարկման արդյունավետ ռազմավարություն, որտեղ դերակատարի ենթադրյալ ծայրահեղականությունն այն հիմքն է, որի վրա կառուցվում է նրա հետ փոխհարաբերությունը: Ալիևի դիրքորոշումը ոչ միայն Հայաստանի հետ, այլև «խաղաղության» բանակցություններում ներգրավված միջազգային հանրության հետ ելնում է այն տրամաբանությունից, որ եթե իր պայմանները չկատարվեն, նա իրեն իրավունք կվերապահի պատերազմ սկսել:
Read moreԱնվտանգության զեկույց. հուլիս 2023
Որպեսզի ազգային ռազմավարությունը լինի հստակ, ինքնուրույն և գործառնական, այն պահանջում է ռազմավարական հետախուզություն, բացատրում է Ներսես Կոպալյանը։
Read moreԱնվտանգության զեկույց. հունիս 2023
Այս անվտանգության զեկույցում սցենարի ծրագրումը կմիավորվի արտաքո իրավիճակների ծրագրման հետ` առաջարկելով գործողությունների շարք և ելքեր, որոնց կարելի է դիմել անսպասելի իրավիճակներում և մեղմել ռուս-ուկրաինական շարունակվող հակամարտության և Ռուսաստանի ներքին քաղաքական կարգի փոփոխության էական ներգործությունը Հայաստանի Հանրապետության վրա։
Read moreԱնվտանգության զեկույց. մայիս 2023
Հայաստանի հանքերը երբեք չեն եղել անվտանգության ճարտարապետության մաս, իսկ այս ոլորտի հնարավոր անվտանգայնացումը երբևէ չի դիտարկվել որպես հիմնարար անկյունաքար` դաշինքներ կամ ռազմավարական գործընկերություն կառուցելիս: Հանքարդյունաբերություն հանուն անվտանգության սկզբունքը Հայաստանին առաջարկում է իր հանքային արդյունաբերությունը որպես անվտանգության գործիք օգտագործելու խիստ անհրաժեշտ հնարավորություն, գրում է Ներսես Կոպալյանը։
Read more