Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր
Ի՞նչ անել
Հայաստանի Հանրապետության՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) անդամակցությունը շարունակելու կամ կառույցը լքելու թեման դեռևս շարունակում է լինել օրակարգային՝ ներհայաստանյան և՛ քաղաքական, և՛ փորձագիտական, և՛ վերլուծական շրջանակներում: Սա մեծ մասամբ պայմանավորված է այն իրողությամբ, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի շարունակաբար առերեսվում է 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո Հայաստանի առջև ծառացած արտաքին սպառնալիքներին և մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ անվտանգային համակարգի ձևավորման հրամայականի հետ: Մինչպատերազմյան ռազմավարությունները, դրանց սպասարկմանը միտված բանաձևերն ու գործիքներն այլևս վաղուց գետնի վրա ապացուցել են իրենց անկենսունակությունը: Պետությունն իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու անկախությունն ապահովելուն միտված գործուն բանաձևեր գտնելու փնտրտուքի մեջ է, ինչն ավելի է բարդանում ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված աշխարհաքաղաքական վայրիվերումների, Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ վարվող նվաճողական քաղաքականության և Արցախի դեմ շարունակվող էթնիկ զտման քաղաքականության պայմաններում:
Եթե փորձենք ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության դադարեցմանը դեմ արտահայտվողներին մեկտեղել, ապա հիմնական խոսույթը պտտվում է հետևյալ դրույթների շուրջ.
- ՀԱՊԿ-ը մեզ չօգնեց կանխել և/կամ դիմադրել Ադրբեջանի կողմից 2021-ի մայիս և 2022-ի սեպտեմբեր ամիսներին Հայաստանի ինքնիշխան տարածքների բռնազավթումը, որովհետև Հայաստանի իշխանությունները 2018-ին տեղի ունեցած հեղափոխությունից հետո հետևողականորեն փչացրել են հարաբերությունները Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ՝ սեթևեթելով Արևմուտքի հետ: Հետևաբար, եթե Հայաստանը ցանկանում է ստանալ հավաքական պաշտպանության սկզբունքից բխող աջակցություն ՀԱՊԿ-ից՝ ապա պետք է ընդունի իր մեղքի բաժինը, դադարի Արևմուտքի հետ Ռուսաստանի ռազմավարական շահերի շրջանակից դուրս հարաբերվել և վերադառնա Հայաստան-Ռուսաստան մինչհեղափոխական տրամաբանության տիրույթ:
- Որոշ շրջանակներ ընդունում են ՀԱՊԿ-ի անգործությունը, դրանում չեն մեղադրում գործող իշխանություններին, բայց, միևնույն ժամանակ, դեմ են արտահայտվում կառույցը լքելուն, քանի որ այդ քայլի ռիսկերը գնահատված չեն: Ավելին՝ դա կարող է բերել Ռուսաստանի՝ Հայաստանին պատժելու քաղաքականության սաստկացմանը:
- Եվ վերջապես, առավել արմատական տրամադրված շրջանակները պնդում են, որ ներկայիս իշխանություններին անհրաժեշտ է փոխարինել այնպիսի քաղաքական ուժով, որը կվայելի պաշտոնական Մոսկվայի համակրանքը և ի վիճակի կլինի նորոգել հայ-ռուսական հարաբերությունները: Այլ բառերով՝ Հայաստանի խնդիրների լուծման բանալին բացառապես հայ-ռուսական հարաբերությունների բարելավման տիրույթում է, որի հիմքում պետք է ընկած լինի Արևմուտքի հետ հարաբերվելու քաղաքականությունից հրաժարվելը կամ չափավորելը և Հայաստանի խնդիրներին, դրանց լուծման բանաձևերին և առհասարակ զարգացման տեսլականներին Ռուսաստանի ազգային անվտանգության շահերի դիտանկյունից մոտենալը:
Ի օգուտ ՀԱՊԿ-ը լքելուն արտահայտվող շրջանակները մեծ մասամբ հենվում են ներքոնշյալ դրույթների վրա.
- Կառույցը, անդամ պետությունների բռնապետական վարչակարգերով պայմանավորված, ամենևին չի համապատասխանում Հայաստանի ժողովրդավարական նկրտումներին, և եթե Հայաստանը ցանկանում է ինտեգրվել արևմտյան ընտանիքի մեջ, ապա պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, նպաստի Ռուսաստանի՝ տնտեսական, քաղաքական և ռազմական ազդեցության թուլացմանը:
- Որոշ շրջանակներ հանդես են գալիս Ռուսաստանի հետ հարաբերությունները նվազագույնի հասցնելու և փոխարենը Արևմուտքի հետ հարաբերությունները խորացնելու դիրքերից:
- Առավել արմատական տրամադրված շրջանակները խոսում են կառույցը լքելու և փոխարենը Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությանը (ՆԱՏՕ) անդամակցելու օգտին:
Հիմնական շեշտադրումների տարբերություններով իսկ հանդերձ՝ այս երկու խմբերին համախմբում է մեկ գաղափար, այն է՝ երկուսն էլ ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակացությունը շարունակելու կամ դրանից դուրս գալու դրույթները և հիմնավորումները ձևավորելիս առաջնայինը հենվում են ռուսական գործոնի վրա՝ դրական կամ բացասական պարունակում: Ամենևին չվիճարկելով այն, որ ավանդաբար Ռուսաստանը Հարավային Կովկասը դիտարկում է իր ռազմավարական շահերի գոտի, սույն հոդվածը, այնուամենայնիվ, ՀԱՊԿ-ում մնալու կամ լքելու թեմային մոտենում է հետպատերազմյան Հայաստանի ազգային անվտանգության նոր ռազմավարություն ձևավորելու և միջազգային հարաբերություններում Հայաստանի դիրքավորման վերանայման տեսանկյունից:
Հայաստանի Հանրապետությունն ունեցել է ազգային անվտանգության երկու ռազմավարություն: Առաջին ռազմավարությունն ընդունվել է 2007-ին և դիտարկվել է որպես ուղեցույց՝ պետության ներքին և արտաքին անվտանգության ռազմավարության հիմնական ուղղությունները, մարտահրավերներն ու առաջնահերթությունները ներկայացնելու համար: Սույն փաստաթուղթն ազգային անվտանգության դեմ ուղղված արտաքին սպառնալիքների շարքում ընդգծում էր Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի դեմ զինված ուժի կիրառման հավանականությունը: Միևնույն ժամանակ, ռազմավարությունն ընդգծում էր, որ առկա են այդպիսի զարգացումը կանխող բազմաթիվ գործոններ: Սույն հոդվածի առաջին մասում ներկայացվում է, թե Հավաքական անվտանգության պայմանագրին անդամակցելուց ի վեր Հայաստանն ինչ բանաձևով է իր անվտանգային համակարգը կառուցել՝ հենվելով հավաքական պաշտպանության սկզբունքի և հայ-ռուսական երկկողմ ռազմաքաղաքական հարաբերությունների վրա: Սույն դրույթն ամրագրված է նաև 2007-ի ռազմավարությամբ, քանի որ փատաթուղթը ՀԱՊԿ-ին անդամակցությունը դիտարկում էր որպես Հայաստանի անվտանգության ապահովման բաղադրիչներից մեկը՝ որպես առաջնային կարևորություն ընդգծելով պայմանագրի ռազմական բաղադրիչի շրջանակներում արտոնյալ պայմաններով ռազմատեխնիկական մատակարարումներ ապահովելու հանգամանքը: Հետևաբար, ակներև է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի դեմ զինված ուժի կիրառումը կանխող գործոնների թվում ռազմաքաղաքական կառույցը դիտարկվել է ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը, այլ նաև Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին:
Երկրորդ ռազմավարությունն ընդունվել է 2020-ին՝ Արցախյան երկրորդ պատերազմից ամիսներ առաջ: Փաստաթուղթն ընդգծում է, որ 2007-ի ռազմավարության ընդունումից հետո միջազգային տարածաշրջանային անվտանգային միջավայրն էական փոփոխություններ է կրել՝ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները դարձնելով ավելի բարդ ու բազմաշերտ: Միևնույն ժամանակ, միայն այն փաստը, որ դրա ընդունումից ամիսներ հետո Ադրբեջանը, իր ռազմավարական դաշնակից և ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի գործուն աջակցությամբ, Արցախի դեմ սանձազերծեց պատերազմ և ռազմական գործողությունների դադարեցման մասին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից անմիջապես հետո ձեռնամուխ եղավ Հայաստանի ինքնիշխան տարածքները սահմանապատելուն և բռնազավթելուն, խոսում է այն մասին, որ Հայաստանը թերացել էր առնվազն միջազգային և տարածաշրջանային անվտանգային միջավայրի իր գնահատականներում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում հայտարարեց, որ մինչև 2020-ի սեպտեմբերի 25-ը, այսինքն՝ պատերազմից երկու օր առաջ, համապատասխան մարմինները պատերազմի հավանականությունը գնահատել են ընդամենը 30 տոկոս։ Պատերազմի ժամանակ Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Դավիթ Տոնոյանն էլ իր հերթին հայտարարեց, թե «Հայաստանի պաշտպանության նախարարությունը չի կանխատեսել, որ Թուրքիայի զինված ուժերը կարող են հայտնվել պատերազմական գործողություններից ընդամենը 25-45 կիլոմետր հեռավորության վրա՝ իրականացնելով թռիչքներ»: Վերջինիս խոսքերով՝ Թուրքիայի ներգրավվածությունը եղել է անմիջական, կիրառվել են F-16 կործանիչներ, որոնք բացահայտել են հայկական կողմի հակաօդային պաշտպանության ամբողջ համակարգը: Ավելին՝ զենքի մատակարարումների ուղիները եղել են «զմռսված» և Հայաստան զենք էր հասնում «աճպարարության արդյունքում»։
Հայաստանը երբեք չի ունեցել ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգային հենք: Քաղաքական ողջ միտքը կենտրոնացվել է «Ռուսաստանը երբեք թույլ չի տա Հարավային Կովկասում պատերազմ», «Ռուսաստանը հնարավոր ռազմական էսկալացիայի պարագայում կաջակցի Հայաստանին, քանի որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է», «ՀԱՊԿ-ը հավաքական պաշտպանության սկզբունքի հիման վրա գործող կառույց է, հետևաբար, Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ ռազմական ագրեսիան կնշանակի ագրեսիա բոլոր անդամ պետությունների նկատմամբ», «ԵՄ Ասոցացման համաձայնագրի փոխարեն ԵԱՏՄ-ին անդամակցելը միտված է մեր անվտանգության ամրապնդմանը» և նույնաբովանդակ այլ դրույթների շուրջ: Այլ բառերով՝ Հայաստանը հետևողականորեն գնացել է մեկ ռազմավարական դաշնակցից իր տնտեսական, քաղաքական և ռազմական կախվածությունը մեծացնելու ճանապարհով՝ դրա մեջ գտնելով իր «փրկությունը»: Եթե պատմության թափանիվը հնարավոր լիներ հետ շրջել, ապա Հայաստանն առնվազն պետք է 1997-ին չերկարաձգեր Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը, ինչպես դա արեց, օրինակ, Ադրբեջանը, և ձեռնամուխ լիներ տարածաշրջանում իր ուրույն տեղն ու դերը ձևավորելուն:
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ռազմավարությունը կարող է հենվել մի շարք հայեցակարգերի փոխլրացման վրա: Դրանցից մեկը Փոքր պետության մասնագիտացման հայեցակարգն է, ինչը ենթադրում է մի շարք ուղղություններում արհեստավարժություն ու համաշխարհային առաջատարություն գրանցելու շարժառիթ-ծրագիր՝ ի նպաստ միջազգային հարաբերություններում Հայաստանի մրցունակության բարձրացմանը, քաղաքական և աշխարհատնտեսական արժեկշռի ձևավորմանը: Այս հայեցակարգի կիրարկումը Հայաստանի համար լինելու է բարդագույն խնդիր, քանի որ այն պահանջում է քաղաքական վերնախավի և հանրության քաղաքական հասունության ձևավորում: Այլ բառերով՝ պետության գիտակցական ընտրությունը պետք է լինի ի օգուտ Հայաստանի աշխարհագրական դիրքի և աշխարհաքաղաքական դիրքավորման վրա հիմնված այնպիսի ռազմավարական ծրագրավորման, որը միտված կլինի երկրի նյութական ու մտավոր պաշարների դասական մտածելակերպից դուրս առավել արդյունավետ օգտագործմանը։ Համաշխարհային քարտեզի վրա առկա այն փոքր պետությունները (Իսրայել, Էստոնիա, Սինգապուր, ՄԱԷ, Ադրբեջան և այլն), որոնք այսօր հանդես են գալիս իրենց միջավայրում օրակարգ ձևավորողի և ազդեցություն պրոյեկտողի քաղաքական դերակատարի դիրքերից՝ հաջողել են հենց ոչ դասական լուծումների շնորհիվ: «Կաղապարներից անդին» մտածողություն ձևավորելու ճանապարհին Հայաստանն անխուսափելիորեն բախվելու է այլ պետությունների օրակարգերը սպասարկողի դիրքերից հանդես եկող ներհայաստանյան պետական և հանրային շրջանակների, անհատների դիմադրությանը, չէ՞ որ անզեն աչքով էլ պարզ է, որ պետության մասնագիտացման հայեցակարգի՝ արտաքին քաղաքական կապիտալացումը քաղաքական առևտրի գործիքակազմ է ապահովելու Հայաստանի և՛ անհամաչափ, և՛ համաչափ արտաքին հարաբերություններում և տեսանելիորեն թուլացնելու է Հայաստանի ծայրահեղ կախվածությունը Ռուսաստանից: Եվ այստեղ Հայաստանին «փրկության» կգան ՀԱՊԿ-ում երկրի անդամակցությունը շարունակելու կողմ արտահայտվողների մի մասը: «Փրկողների» շրջանակը կարող է ընդլայնել նաև հարմարավետության գոտում իրենց կայուն կարգավիճակն ունեցող պետական որոշ այրեր, քանի որ Փաշինյանի կառավարության՝ «ամեն ինչ ջրի երես հանելուն» միտված մարտավարությանը ցայսօր չի հաջողվել արմատախիլ անել պետական մարմինների ավանդական նմանակող և ինքնահոս գործելաոճը: Մասամբ դիմադրություն կարող է ցուցաբերել նաև սփյուռքը, քանի որ «Հայոց ցեղասպանության» գաղափարից անդին արտաքին դաշտում ներկայանալը կնշանակի ընդունել և ստանձնել Հայաստանի Հանրապետության պետական օրակարգեր առաջ մղողի դերը, ինչի համար 2020-ի Արցախյան պատերազմից հետո առկա չեն տեսանելի նախադրյալներ:
Հաջորդ հայեցակարգը փոքր, ոչ բլոկային (չմիավորված) պետության հայեցակարգն է: Ոչ բլոկայնությունը պետության կողմից որևէ ռազմական դաշինքին անդամակցելուց ձեռնպահ մնալու քաղաքականությունն է: Այն անհրաժեշտ է տարբերակել Չեզոքության քաղաքականությունից և Ապահովագրման քաղաքականությունից, քանի որ չեզոքությունը ոչ թե պետության արտաքին քաղաքականության սկզբունք է, այլ կիրառվում է որոշակի պատերազմի կամ հակամարտության պարագայում: Ինչ վերաբերում է Ապահովագրման քաղաքականությանը, ապա այս պարագայում պետությունը որդեգրում է չխառնվելու/չմիջամտելու մարտավարություն՝ զուգահեռաբար չբացառելով ապագայում որևէ դաշինքին անդամակցելու տարբերակը:
Հայաստանի՝ ոչ բլոկայնության կարգավիճակ որդեգրելու խոսույթում կա մեկ հիմնարար նշանակության սկզբունք՝ այն չի կարելի դիտարկել որպես նպատակ, քանի որ այդ պարագայում չմիավորումը կարող է հանգեցնել արտաքին աշխարհից պետության մեկուսացմանը: Այն անհրաժեշտ է դիտարկել որպես միջոց՝ բլոկային կարգավիճակից բխող համակարգային սահմանափակումները շրջանցելու ճանապարհով ռազմավարական գործընկերների փոխշահավետ ցանց ստեղծելու, փոքր պետությունների հետ փոխգործակցությամբ քաղաքական ուժ և ազդեցություն պրոյեկտելու և մեծերի ու փոքրերի առանձնահատկություններից բխող մոտեցումներում Հայաստանի Հանրապետության պետական շահը սպասարկելու, արտաքին քաղաքականության տեսանելիություն ապահովելու և տարածաշրջանային դերակատար դառնալու համար: Եվ վերջապես, չմիավորման քաղաքականությունը միջոց դիտարկելու պարագայում պետության մասնագիտացման հայեցակարգը կարող է դառնալ արտաքին քաղաքական ազդակ, քանի որ այն հստակեցնում է, թե Հայաստանի Հանրապետությունը արտաքին հնարավոր գործընկերներից իր ակնկալիքները ձևակերպելուն զուգընթաց, ինչ կարող է նաև առաջարկել վերջիններիս:
Ոչ բլոկային բազմավեկտորության քաղաքական ուղղության որդեգրումը ռազմավարական ծրագրման և համակարգային ձևաչափերի հաստատման հետ զուգահեռ նպաստում է նաև արտաքին քաղաքականության ոլորտում համադաշնության ռազմավարության արդյունավետ կիրարկմանը: Վերոնշյալ ռազմավարությունը միտված է խոշոր գործընկերների մասնակցությամբ Հայաստանի արտաքին քաղաքական միջավայրի բազմազանեցմանը, մեկ ռազմավարական գործընկերոջ գերակայության, նրանից կախվածության նվազեցմանը և արտաքին քաղաքականության սպասարկման գործիքների արագ և ճկուն հարմարվելու կարողությունների ձևավորմանը:
Համադաշնության ռազմավարության կիրարկման հնարավոր արգասիք կարող է հանդիսանալ այնպիսի երկկողմ և/կամ եռակողմ ռազմավարական գործընկերային ձևաչափերի ձևավորումը, որը միտված կլինի և՛ տարածաշրջանային (օրինակ՝ Հայաստան-Հունաստան-Կիպրոս), և՛ միջտարածաշրջանային (օրինակ՝ Ուրուգվայ-Հայաստան-Սինգապուր) ռազմավարական օրակարգերի ձևավորմանն ու սպասարկմանը:
Ոչ բլոկային կարգավիճակից բխող առավելություններն ի ցույց դնելու համար փայլուն օրինակ է Ադրբեջանը: Վերջինս, ոչ բլոկայնությունը միջոց դիտարկելու շնորհիվ կարողացել է իր ազգային անվտանգային շահերն առաջ մղելու համար առավելագույն մանևրականություն ապահովել արտաքին դաշտում և ռազմավարական գործընկերային հարաբերություններ ունենալ նույնիսկ իրենց միջպետական հարաբերություններում հակամարտային-փոխգործակցային տրամաբանությամբ առաջ շարժվող Ռուսաստանի և Թուրքիայի հետ: Արդյունքում, Ադրբեջանն այսօր ոչ միայն բարձրացրել է իր արժեկշիռը Ռուսաստան-Թուրքիա քաղաքական առևտրում, այլ նաև իր սեփական օրակարգերով կարողանում է ազդել վերջիններիս՝ Հարավային Կովկասում վարվող քաղաքականության վրա: Մինչ Հայաստանը ՀԱՊԿ-ում իր անդամակցությամբ ամրապնդում էր այս կառույցի հավաքական պաշտպանության համակարգը՝ Ադրբեջանը երկկողմ փոխշահավետ, ռազմավարական նշանակության հարաբերություններ էր ձևավորում ՀԱՊԿ-ում Հայաստանի բոլոր դաշնակիցների հետ:
Հետպատերազմյան Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունները մշակելիս Փոքր պետության մասնագիտացման և Փոքր, ոչ բլոկային պետության հայեցակարգերը կարող են փոխլրացվել այլ գործուն հայեցակարգերով ևս: Միևնույն ժամանակ, անկհայտ է, որ Հայաստանն այլևս երբեք չի կարող ունենալ հայեցակարգային ամուր հենքից զուրկ Ազգային անվտանգության ռազմավարություն, քանի որ դա կնշանակի տասնամյակներ շարունակ տարվող իմիտացիոն քաղաքականության շարունակություն:
Մաս 1․ ՀԱՊԿ․ ավելի մոտ Ադրբեջանին, քան՝ Հայաստանին
Հայաստանը 1992-ից ի վեր իր անվտանգային համակարգը կառուցել և ամրապնդել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շուրջ: Արմինե Մարգարյանը քննում է այս կազմակերպության հնարավորություններն ու խոչընդոտները Հայաստանի պարագայում։
Read moreՄեր հայերեն էջից
Նախ կյանք, հետո՝ կրթություն
Ադրբեջանական պաշարման մեջ հայտնված Արցախում չի իրացվում ոչ միայն այնտեղ բնակվող երեխաների կրթության իրավունքը, այլև վտանգված է, առհասարակ, կյանքի իրավունքը։
Read moreԱրևի Բրեժնևյան տարիները
«Ամնիստիան մարդասպանի վրա կարող էր ազդել, իմ նմանների վրա՝ չէ։ Կաշառքն ամենավատ բանն էր համարվում, չնայած Բրեժնևի ժամանակ կաշառքն ամեն տեղ էր՝ համատարած ու առաջին հերթին հենց իր սիստեմում․․․»
Read moreԱրցախ. ոչ միայն մարդասիրական աղետ
Արցախցին, որ այսօր ուզում է ապրել իր հայրենիքում արժանապատիվ կյանքով, ամեն վայրկյան պայքարում է իր ինքնասիրության դեմ, գրում է արցախաբնակ Թամարա Գրիգորյանը՝ ներկայացնելով տեղում տիրող իրավիճակը։
Read moreԱնվտանգության զեկույց. հունիս 2023
Այս անվտանգության զեկույցում սցենարի ծրագրումը կմիավորվի արտաքո իրավիճակների ծրագրման հետ` առաջարկելով գործողությունների շարք և ելքեր, որոնց կարելի է դիմել անսպասելի իրավիճակներում և մեղմել ռուս-ուկրաինական շարունակվող հակամարտության և Ռուսաստանի ներքին քաղաքական կարգի փոփոխության էական ներգործությունը Հայաստանի Հանրապետության վրա։
Read moreԽաղաղությունը տապալող խաղաղություն
Ոմանք կարող են մտածել, որ վատ խաղաղության պայմանագիրն ավելի լավ է, քան ոչ մի խաղաղության պայմանագիր: Բայց պատմությունն այլ բան է ցույց տալիս, գրում է Շիլա Փայլանը՝ քննելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի խութերը։
Read moreԼեռնային Ղարաբաղում մարդասիրական ճգնաժամը սրում է տարածաշրջանային անկայունությունը
Արցախի ծանր վիճակը հասցեագրելու գործում քաղաքական, բարոյական և իրավական ակնհայտ իրողությունների անտեսումը հավասարազոր է բազմապատիկ հետևանքներ ունեցող հետագա անկայունության սերմանմանը, գրում է արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Read moreԻսկ ես ուզու՞մ եմ լինել զինվորի մայր․ (չ)տոնական հարցեր
Բանակի տոնին՝ չափազանց դժվար ինքնախոստովանություն, որը գրում եմ՝ հույս ունենալով, որ այսուհետ քաջություն կունենանք խոսելու և անկեղծորեն բարձրաձայնելու խնդիրները` վախի, պաթոսի ու ինքնախաբեության շղարշի տակ չթաքցնելով։
Read more