
Հոդվածը կարող եք լսել ձայնագիր տարբերակով։
Սույն թվականի օգոստոսի 3-ին Ադրբեջանը, հերթական անգամ խախտելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման մասին 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ (Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան) հայտարարությունը, ագրեսիա ձեռնարկեց ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում, ինչի հետևանքով հայկական կողմից 19 զինծառայող տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, իսկ 2-ը՝ զոհվել: Ըստ էության, արձանագրենք, որ, ի տարբերություն Հայաստանի, որը հետևողականորեն առաջնորդվում է տարածաշրջանում կայունության և խաղաղության հասնելուն միտված քայլերով, Ադրբեջանը շարունակում է Լեռնային Ղարաբաղի բնակչությանն ահաբեկելու, Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտման ենթարկելու և Լեռնային Ղարաբաղի սողացող օկուպացման ծրագրավորված քաղաքականությունը:
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ի սկզբանե ձևակերպված էր որպես հում փաստաթուղթ, ինչը միջազգային հարաբերություններում ընդունված պրակտիկա է: Մի կողմից այդ մոտեցումը թույլ է տալիս կողմերին և միջնորդներին, առանց հակամարտության կարգավորման մանրամասների շուրջ հստակ համաձայնության գալու դադարեցնել ռազմական գործողությունները, իսկ մյուս կողմից՝ հետագա խաղաղ գործընթացների ժամանակ լայն դաշտ է բացում անմիջական և միջնորդավորված կողմերի համար իրենց շահերից բխող դիրքորոշումները վերանայելու, ձևակերպելու և առաջ մղելու համար: Պատահական չէ, որ և՛ հայկական կողմը, և՛ արևմտյան խաղացողները մշտապես ընդգծել և ընդգծում են, որ եռակողմ հայտարարությունը կանգնեցրել է արյունահեղությունը, իսկ հակամարտության հետ առնչվող և մնացած հարցերը դեռ բանակցվելու և հստակեցվելու կարիք ունեն: Պատահական չէ նաև, որ ռուսական կողմը նոյեմբերի 9-ի հայտարարությունը դիրքավորում է որպես Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը միտված բոլոր գործընթացների համար առանցք՝ չէ որ այն ստորագրվեց ռուսական կողմի միջնորդությամբ և ամրապնդեց ռուսական կողմի՝ առաջնային խաղացողի դիրքերը Հարավային Կովկասում: Պատահական չէ նաև, որ եռակողմ փաստաթղթղի դրույթները ցայսօր իրարամերժ են ընկալում և մեկնաբանում փաստաթուղթը ստորագրած կողմերը, չէ որ նրանցից յուրաքանչյուրը ստորագրման պահին արդեն ունեցել է պատկերացում, թե ինչպես է հետագա բանակցային գործընթացների ժամանակ փաստաթղթի այս կամ այն դրույթը շրջելու իր օգտին, շրջանցելու, կամ ամրապնդելու՝ եթե այն բխում է իր շահերից: Այս ամենին երբ գումարում ենք 44-օրյա պատերազմում հայկական կողմերի պարտությունն ու դրա ծավալները, ապա միանգամայն ակներև է, որ Հայաստանն ու Արցախը մուտք գործեցին բանակցային գործընթացներ ծայրահեղ խոցելի դիրքերից:
Նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից ցայսօր, Ադրբեջանի իշխանությունների՝ Արցախին վերաբերող հայտարարությունների առանցքում եղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության և Լեռնային Ղարաբաղ միավորի այլևս գոյություն չունենալը: Որպես «հիմնավորում», ի թիվս այլ կեղծ թեզերի, ադրբեջանական կողմն առաջ է բերում պատերազմի հետևանքով հակամարտությունը լուծելն ու իր տարածքային ամբողջականությունը վերականգնելը: Ադրբեջանը նույնիսկ փորձում է շրջանառության մեջ դնել Արցախյան առաջին գոյամարտի ընթացքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված չորս բանաձևերի՝ պատերազմի միջոցով իր կողմից ի կատար ածելու թեզը: Ըստ էության, վերոնշյալ դիրքորոշմամբ, ալիևյան ռեժիմն անթաքույց պատերազմ սանձազերծելու և միջազգային հարաբերություններում խնդիրները ուժի և ուժի սպառնալիքի միջոցով լուծելու լեգիտիմացման փորձեր է անում, ինչն առայժմ միջազգային հանրությունը չնկատելու է տալիս՝ միևնույն ժամանակ պարբերաբար հիշեցնելով հակամարտության հետ առնչվող և մնացած հարցերի լուծման անհրաժեշտությունը: Որպես օրինակ, կարելի է մեջբերել ԱՄՆ պետքարտուղարության այս օրերի հայտարարությունն առ այն, որ «Լարվածության մեծացումը վերջին շրջանում ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր մնացած հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը»։
Հայկական կողմն իր հերթին մշտապես ընդգծում է հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական առաքելության շրջանակներում և սկզբունքային է որակում Ղարաբաղի հայության անվտանգության երաշխիքների, նրանց իրավունքների և ազատությունների ապահովման ու Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցման հարցերը: Վարչապետ Փաշինյանի խոսքերով «Եթե նախկինում մենք հիմքում դնում էինք Ղարաբաղի կարգավիճակը՝ դրանից բխեցնելով անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, այժմ հիմքում դնում ենք անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, դրանից բխեցնելով կարգավիճակը: Այլ կերպ ասած՝ մենք արձանագրում ենք, որ կարգավիճակը տվյալ իրադրության մեջ ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունն ու իրավունքները»: Սույն դիրքորոշումն ունի իր դրդապատճառները, թույլ և ուժեղ կողմերը, ինչը դիտարկվել է իմ նախորդ հոդվածում:
Պատերազմի ավարտից մինչ այսօր, եռակողմ հայտարարության 3-րդ կետի համաձայն, Լեռնային Ղարաբաղում շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը՝ որպես Արցախի բնակչության անվտանգության ապահովման առանցքային գործոն: Ի սկզբանե ակներև էր, որ Ադրբեջանը, չստորագրելով խաղաղապահ առաքելության մանդատը, նպատակ էր հետապնդում մանևրելու հնարավորություններ ձևավորելու և հետագա խաղն իր ուզած սցենարներով զարգացնելու համար: Ադրբեջանական սցենարի բաղկացուցիչներից է հետպատերազմյան Արցախը հայաթափելուն միտված ագրեսիվ գործողություններին զուգընթաց խաղաղապահ առաքելությանը վարկաբեկելը, ինչն օր օրի առավել օրհասական է դառնում ալիևյան ռեժիմի համար՝ պայմանավորված խաղաղապահ առաքելության առհասարակ գոյության հանդեպ ադրբեջանական հանրության ներսում գեներացվող խիստ բացասական տրամադրություններով: Հետևաբար, մանևրելու հնարավորությունը, ի թիվս այլ հարցերի, ալիևյան ռեժիմի համար լուծում է ներքաղաքական խնդիր, ասել է թե՝ խաղաղապահների առկայությունը ֆիկցիա է: Արձանագրենք, որ այս օրերի ադրբեջանական ագրեսիան, 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր առաջինը չէ, այլ շարունակությունը, կամ եթե կուզեք հերթականը՝ այս տարվա մարտի 24-ին Փառուխ գյուղի գրավումից, 2020-ի դեկտեմբերի 11-ին Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի ուղղությամբ ձեռնարկված գրոհից և հայ զինծառայողների գերեվարումից հետո: Մեկ անգամ ևս արձանագրենք՝ վերոնշյալ բոլոր իրադարձությունները տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում՝ վերջիններիս ներկայությամբ և թողտվությամբ:
Ադրբեջանական սցենարը բնավ միայն ներքաղաքական դրդապատճառներով չի սահմանափակվում, այլ միտված է ուկրաինական ճգնաժամով պայմանավորված Ռուսաստան-Հավաքական Արևմուտք ծայրաստիճան լարված հարաբերություններից առավելագույնս օգուտներ քաղելուն և ամրագրելուն: Այս համատեքստում հիշատակման արժանի իրադարձությունների թվին է պատկանում առնվազն Բաքու-Բրյուսել էներգետիկ գործընկերության ընդլայնումը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵՄ-ն մեծ նշանակություն է տալիս իր էներգամատակարարման դիվերսիֆիկացմանը Ռուսաստանից էներգակիրների կախվածությունը թուլացնելու համատեքստում, պաշտոնական Բրյուսելի համար Հարավային գազային միջանցքի նշանակությունն էլ ավելի է բարձրանում: Արդյունքում, Ադրբեջանը նախատեսում է մինչև այս տարվա ավարտը Անդրանատոլիական և Անդրադրիատիկ գազատարներով գազամատակարարումը Եվրոպա հասցնել 9,1 միլիարդ, իսկ 2023-ին՝ 11 միլիարդ խորանարդ մետրի։
Մինչ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում ադրբեջանական կողմի վերջին ագրեսիան՝ Հայաստանը խաղաղապահ զորախմբի գործունեության արդյունավետության վերաբերյալ իր դիրքորոշումն արտահայտել է զգուշավոր, բայց՝ միանշանակ: Մասնավորապես, մարտի 31-ին կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի Փառուխ գյուղ ադրբեջանական զինուժի ներխուժումը, ըստ էության, կատարվել է պայմանավորվածությունների խախտման արդյունքում: ՌԴ խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ կողմերը համաձայնություն են ձեռք բերել հայելային եղանակով Խրամորթ-Փառուխ հատվածից մի շարք դիրքեր հանելու վերաբերյալ և այդ գործողությունը պիտի երաշխավորեր ՌԴ խաղաղապահ զորախումբը: Արդյունքում, հայկական դիրքերը հետ են քաշվել, խաղաղապահները տեղակայվել են նշված հատվածում, սակայն նրանց աչքի առաջ ադրբեջանցիները ներխուժել են խաղաղապահների պատասխանատվության գոտի։ Առայսօր, հայկական կողմը բարձրագույն և բարձր բոլոր մակարդակներով անդադար հույս է հայտնում, որ ՌԴ զորախումբը հստակ քայլեր կձեռնարկի ադրբեջանական զինուժի դուրսբերումը խաղաղապահների պատասխանատվության գոտուց հանելու համար, ինչպես նաև բարձրաձայնում է իր ակնկալիքն առ այն, որ խաղաղապահների «գործողությունները կամ անգործությունը կարժանանան հստակ քննության»։ Խնդիրը և դրա լուծման վերաբերյալ իր ակնկալիքները հայկական կողմը պաշտոնապես բարձրացրել է նաև ՀԱՊԿ, ԵԱՏՄ բազմակողմ և հայ-ռուսական բարձրագույն և բարձր ձևաչափերով երկկողմ հանդիպումների ժամանակ:
Մինչդեռ, տպավորություն է, որ օգոստոսի 3-ի ադրբեջանական ագրեսիան որոշ չափով փոփոխություն է մտցրել պաշտոնական Երևանի հռետորաբանության մեջ, ինչը և՛ մտահոգիչ է, և՛ ոգևորիչ: Մասնավորապես, օգոստոսի 4-ի կառավարության նիստում, թվարկելով խաղաղապահների պատասխանատվության գոտում տեղի ունեցած ադրբեջանական սադրանքները, վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ այդ համատեքստում «խիստ անհրաժեշտ է դառնում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը»: Ավելին՝ վերջինիս համոզմամբ Հայաստանի և Ռուսաստանի ստորագրությունը բավարար են ռուս խաղաղապահների մանդատն ամբողջությամբ իրագործելու համար, իսկ եթե ոչ, ուրեմն անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել այդ մանդատը միջազգայնորեն հաստատելու, կամ խաղաղապահներին ավելի լայն միջազգային մանդատով օժտելու ուղղությամբ: Սույն հայտարարությունը դիվանագիտական լեզվից թարգմանաբար նշանակում է, որ խաղաղապահների գործունեության հետ կապված հստակության բացակայությունը Ադրբեջանի կողմից օգտագործվում է որպես գործիք՝ սեպարատ օրակարգեր առաջ մղելու և Հայաստանի ու Ռուսաստանի վրա հավելյալ ճնշումներ գործադրելու համար, իսկ Ռուսաստանի կողմից օգտագործվում որպես փաստարկ՝ խաղաղապահ առաքելության թերացումները շրջանցելու համար:
Վարչապետ Փաշինյանի վերոնշյալ հայտարարությանը բավական ուշագրավ արձագանքեց պաշտոնական Մոսկվան: Մասնավորապես՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը վերահաստատեց 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթղի ելակետային բնույթը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև տարբեր մակարդակներով առկա սերտ շփումները «թույլ կտան պարզաբանել այս հարցերը»: ՌԴ արտաքին գերատեսչական մարմնի ղեկավար Սերգեյ Լավրովն էլ իր հերթին հայտարարեց, որ «Մոսկվան դեռ չի տեսել Հայաստանի վարչապետի առաջարկները՝ ԼՂ-ում ռուսական խաղաղապահ առաքելության մանրամասները հստակեցնելու հետ կապված»: Եթե վերոնշյալ հայտարարություններին գումարենք նաև ՀՀ ԱԳ նախարարության արձագանքն առ այն, որ ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտության և հետագայում հնարավոր խնդիրների առաջացման վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները, ի թիվս այլ դեպքերի, դեռևս 2021-ի փետրվարին գրավոր կերպով փոխանցվել են ՌԴ բարձրագույն ղեկավարությանը՝ ապա ակներև է, որ այս ուղղությամբ Հայաստանի համար գործելու դաշտ է բացվում։
Եթե հետևենք նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների վերաբերյալ հայկական կողմից արվող այս օրերի շեշտադրումներին՝ կարող ենք նաև պարզորոշ տեսնել, թե Ադրբեջանն ինչպես է խեղաթյուրում հայտարարության դրույթները, որոնք են դրանց շարժառիթները, ինչ ռազմավարություն է պարփակված խեղաթյուրման տակ և ինչպես է նա փորձում «լեգիտիմացնել» իր ցանկացած հերթական ռազմական ագրեսիան Արցախի հանդեպ: Մասնավորապես, մինչ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն արձանագրում է Լեռնային Ղարաբաղ միավորի գոյությունը, Ադրբեջանն այն մերժում է՝ կոպտորեն խախտելով իր իսկ կողմից ստորագրած եռակողմ հայտարարությունը: Մինչ նույն այդ հայտարարությունն արձանագրում է շփման գծի առկայությունը, որտեղ ի դեպ տեղակայված են ռուս խաղաղապահները, պաշտոնական Բաքուն դե-ֆակտո մերժում է շփման գծի առկայությունը՝ իրեն բնորոշ էս սարն իմն է, էս ծառն իմն է մոտեցմամբ: Եվ վերջապես, մինչ նույն այդ հայտարարությունն ամրագրում է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ ապահովող Լաչինի միջանցքի առկայությունը՝ որտեղ, ի դեպ, նորից տեղակայված են ռուս խաղաղապահները, Ադրբեջանը փորձում է այս հարցում նույնպես պղտոր ջրում ձուկ որսալ: Բանն այն է, որ եռակողմ հայտարարության 6-րդ կետի համաձայն՝ կողմերի (այսինքն՝ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի) համաձայնեցմամբ առաջիկա երեք տարվա ընթացքում, այսինքն՝ մինչև 2023-ի նոյեմբերի 9-ը, պետք է որոշվեր Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման պլանը, ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հետագա վերատեղաբաշխմամբ՝ այդ երթուղու պահպանության համար: Ադրբեջանը խախտելով համատեղ հայտարարության սույն դրույթը՝ ի վերջո օգոստոսի 3-ի ռազմական ագրեսիայի միջոցով պարտադրեց հայկական կողմերին ժամանակից շուտ Լաչինի միջանցքի ներկայիս երթուղին փոխարինել նոր երթուղով, որի, ի դեպ, ադրբեջանական հատվածի շինարարական աշխատանքերն ավարտված են, իսկ հայկական մասինը՝ դեռ ոչ (Հայաստանի Հանրապետությունը սկսել է Կոռնիձոր-Տեղ-Մ12 մայրուղու ավտոճանապարհի վերակառուցումը, որը ենթադրաբար պիտի միանա Լաչինի միջանցքի նոր երթուղուն): Արդյունքում, գործող միջանցքի մի շարք հատվածներ հանձնվելու են ադրբեջանական վերահսկողությանը, իսկ թե նոր երթուղու վրա ինչպես, երբ, կամ ինչ պայմաններով է վերատեղաբաշխվելու ռուսական խաղաղապահ կոնտինգենտը՝ հստակ չէ: Այսինքն, փաստացի շաբաթներ հետո տեղի կունենա Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու գործարկումը՝ առանց կառուցման պլանի հստակեցման վերաբերյալ համատեղ աշխատանքների:
Այս ամենին եթե հավելենք նաև այն, որ Լաչինով են անցնում ոչ միայն Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը այլև՝ արցախցիների կյանքի համար կարևորագույն ենթակառուցվածքները (գազի խողովակաշար, էլեկտրաէներգիայի, ինտերնետի և կապի մալուխներ)՝ ապա նոր երթուղու կառուցման պլանի բացակայությունը օդից կախված է թողնում նաև Արցախին էլեկտրական էներգիայի և գազի մատակարարման հարցերն ու անվտանգության հետ կապված խնդիրները: Նույնիսկ անզեն աչքով ակներև է, որ Ադրբեջանի շտապողականությունը, ի թիվս այլ հանգամանքների, պայմանավորված է նոր երթուղու վրա անցակետեր տեղադրելու շարժառիթով, ասել է, թե՝ Արցախը ամբողջական վերահսկողության տակ վերցնելու, արցախահայերի կյանքի իրավունքը վտանգելու, մեկընդմիշտ Արցախյան հիմնահարցը փակելու և թուրք-ադրբեջանական տանդմեի համար այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բաղձալի երազանքը ի կատար ածելու համար:
Միևնույն ժամանակ, սույն սցենարի հաջողության համար ծանրակշիռ և թերևս վերջին խոչընդոտ է մնում Արցախի Հանրապետության պաշտպանության բանակն ու ռուսական խաղաղապահ կոնտինգետնը: Հետևաբար, ալիևյան ռեժիմը մի կողմից անդադար աշխարհին հիշեցնում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ժամանակավոր լինելը, մյուս կողմից՝ փորձում է խեղաթյուրել նաև եռակողմ հայտարարության 4-րդ կետը՝ սլաքներն ուղղելով դեպի Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի լուծարման ուղղությամբ: Մինչդեռ, որքան ավելի հետևողական են դառնում Արցախի հանդեպ ռազմական ագրեսիայի դեպքերն, այնքան ավելի կենսական նշանակություն է ստանում Պաշտպանության բանակի կենսագործունեության հարցը՝ արցախցիների ֆիզիկական անվտանգությունն ապահովելու համատեքստում:
Ադրբեջանի ռազմավարության գլուխկոտրուկն ամբողջականացնում է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից այսպես կոչված Զանգեզուրի միջանցք ստանալու քաղաքականությունը: Այսպես՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը սահմանում է՝ «Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»: Միանգամայն պարզ է, որ խութերով լի այս դրույթի իրագործումը պահանջում է ամուր նյարդեր, ժամանակ և ճկունություն, ինչն առավել դժվարանում է ադրբեջանական կողմի մաքսիմալիստական քաղաքականության պատճառով: Մասնավորապես, տևական ժամանակ է պաշտոնական Բաքուն, խեղաթյուրելով համատեղ հայտարարության սույն կետը, փորձում է քաղաքական և ռազմական միջոցներով «լեգիտիամացնել» Լաչինի միջանցքը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հետ նույնականացնելու իր ռազմավարությունը: Հեռու չգնանք և որպես օրինակ մեջբերենք միայն նախորդ տարի դեկտեմբերին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Իլհամ Ալիևի արտաբերած ներքոնշյալ բառերը՝ «Այսօր Լաչինի միջանցքում չկան մաքսակետեր: Նույնը պետք է լինի նաև «Զանգեզուրի միջանցքում»։ Եթե Հայաստանը պնդի` մաքսակետեր ստեղծելու համար վերահսկել ապրանքների և քաղաքացիների տեղաշարժը «Զանգեզուրի միջանցքով», ապա այն ժամանակ մենք պնդելու ենք Լաչինի միջանցքում նույն պայմանները։ Սա տրամաբանական է»։
Ըստ էության արձանագրենք՝ պաշտոնական Բաքվի շտապողականությունը Լաչինի միջանցքի գործող ճանապարհը նոր ճանապարհով փոխարինելու հարցում բազմաֆունկցիոնալ համակցություն է՝ միտված ապահովելու հիբրիդային, այսինքն՝ միաժամանակյա արդյունք: Մասնավորապես՝ Արցախը Հայաստանին կապող ճանապարհի վերահսկմանը զուգահեռ լուծարվում է Պաշտպանության բանակը, և, ի շարունակություն, հայաթափվում է Արցախը: Ավելին՝ իրականություն է դառնում Լաչինի միջանցքի և այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի նույնականացումը՝ դրանից բխող Հայաստանի պետականության համար բոլոր կործանարար հետևանքներով: Դե իսկ այս ամենը հաջողությամբ ավարտին հասցնելու ճանապարհին Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ առաքելությունը նույնպես սահուն կերպով կարող է մոտենալ իր տրամաբանական ավարտին՝ խաղաղապահ առաքելությունների պատմության մեջ հիշվելով որպես առանց մանդատ առաքելություն և լրացնելով ձախողված առաքելությունների տխրահռչակ ցանկը:
Մեր հայերեն էջից
Մաս 1. Ի՞նչ կարող է պատահել Լեռնային Ղարաբաղի հայերին
Երեք մասից բաղկացած հոդվածաշարի առաջին մասում Սոսի Թաթիկյանը վերլուծում է Լեռնային Ղարաբաղի անորոշությունները և հնարավոր սցենարները, եթե Հայաստանի ղեկավարությունը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
Read moreՄաս 2. Ի՞նչ կարող է պատահել Լեռնային Ղարաբաղի հայերին
Որպեսզի հասկանանք, թե ինչ կարող է պատահել Լեռնային Ղարաբաղի հայերի հետ, եթե նրանց համար չապահովվեն անվտանգության և մարդու իրավունքների պատշաճ միջազգային երաշխիքներ, Սոսի Թաթիկյանը ներկայացնում է մի շարք նմանատիպ հակամարտությունների զարգացումը։
Read moreՄաս 3. Ի՞նչ կարող է պատահել Լեռնային Ղարաբաղի հայերին
Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը նվիրված շարքի հաջորդ հատվածում Սոսի Թաթիկյանը փորձում է լուծում առաջարկել ներկա իրավիճակում, որն անվտանգության երաշխիքներ կտրամադրի հայկական բնակչությանն ու առաջընթաց կգրանցի հակամարտության լուծման հարցում:
Read moreԱրցախ-Ուկրաինա. Հայաստանը` երկու պատերազմի արանքում
Փետրվարի 24-ին Ռուսաստանի ներխուժումից հետո Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների շուրջ չդադարող լարվածության պայմաններում և 2020 թվականին Արցախում պարտությունից հետո Հայաստանն ինչպե՞ս կարող է դուրս գալ ահագնացող հակամարտությունների այս շղթայից:
Read moreՀարաբերությունների կարգավորման Ադրբեջանի 5 կետերը և Հայաստանի արձագանքը
Բաքուն հետևողականորեն տապալում է հետպատերազմյան ժամանակահատվածում տեղի ունեցած բոլոր բանակցություններն ու առկա ձևաչափերը, քանի որ Ալիևի վարչակարգի թերևս միակ օրակարգը Հայաստանի ու Արցախի տոտալ տապալումն է:
Read moreԼեռնային Ղարաբաղի ինքնիշխանության խնդրի լուծումը
Դոկտոր Ներսես Կոպալյանի ծրագրային հետազոտությունն ուրվագծում է Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի հայեցակարգային քաղաքականության հնարավոր տարբերակը` այդպիսով ձևակերպելով «ինքնիշխանություն հանուն փրկության» գաղափարի ընդհանուր ռազմավարությունը մշակելու համար անհրաժեշտ փորձառական և իրավական հիմքը:
Read moreՍահմանագծման խնդրի արմատները
Նոյեմբերի 10-ի հայտարարությունը թեև կանգնեցրեց Արցախյան երկրորդ պատերազմը, սակայն Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանների հստակեցման շուրջ լուրջ մտահոգություններ առաջ բերեց: Մինչ հանրային քննարկումների կենտրոնում շարունակում են մնալ սահմանագծման և սահմանազատման գործընթացի օրինականության շուրջ մտահոգությունները, ներկան ավելի լավ ըմբռնելու համար անհրաժեշտ է հետադարձ հայացք նետել անցյալին:
Read moreՂարաբաղյան Շարժում կամ ի՞նչ էր տեղի ունենում Խորհրդային Հայաստանում 30 տարի առաջ
Հարություն Մարությանը գրում է, որ Ղարաբաղյան շարժումը ոչ միայն Արեւելյան եվրոպական հեղափոխություններից առաջինն էր, այն նաեւ մեծ դեր է խաղացել խորհրդային հասարակության ժողովրդավարացման, Խորհրդային Միության ապակենտրոնացման եւ հետեւաբար կոմունիզմի սպառնալիքի վերացման գործում:
Read more