Բարդ չէ ախտորոշել հասարակական մակարդակում և վերնախավի շրջանում շփոթմունքն ու թյուրըմբռնումը և ծավալվող լայն դիսկուրսը Փաշինյանի կառավարության հստակ ազդակների շուրջ, որոնք վերաբերում են Հայաստանում անցումային արդարադատության կիրառմանը։
Թեմայի շուրջ քննարկումները երեք հիմնական ուղղությամբ են։ Առաջին. ի՞նչ է անցումային արդարադատությունը և որն է դրա նպատակը։ Երկրորդ. արդյո՞ք այն կիրառելի է Հայաստանի դեպքում, ինչպես իրավական-սահմանադրական, այնպես էլ քաղաքական համատեքստում։ Եվ երրորդ. ինչու՞ անցումային արդարադատություն կիրառելու առաջարկը հիստերիա առաջացրեց թե՛ Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) և թե՛ նախկին վարչակարգերին լոյալ ընտրախավի շրջանում։
Հայաստանում անցումային արդարադատությունը գլխավորապես կկիրառվի նախկին գործերի բողոքարկումները քննելիս, իշխանության և լիազորությունների չարաշահման համար հաշվետվողականության իրավական պահանջ սահմանելիս, իսկ ընդհանրական իմաստով՝ կոռուպցիայի համակարգն արմատախիլ անելու նպատակով։
Բաբլոյանի առաջարկությունը կարծես բաղկացած է երկու մասից. առաջին, անցումային արդարադատության մեխանիզմներն անհամատեղելի են (կամ կարող են անհամատեղելի լինել) Հայաստանի սահմանադրական դրույթների հետ, և երկրորդ՝ մտավախություն կա, որ իրավական բաղադրիչից զատ, անցումային արդարադատությունը կհարվածի անձեռնմխելիության պաշտոնական և ոչ պաշտոնական ինստիտուտին, որով պաշտպանվել են նախկին իշխանությունների ներկայացուցիչները։ Հետագայում այս մտահոգություններին ուղղակիորեն անդրադարձավ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ մասնավորեցնելով, որ անցումային արդարադատության մարմինները համապատասխանում են Հայաստանի Սահմանադրությանը, չեն սպառնում դատական ոլորտի անկախությանը, և որ դրա արդյունքում Հայաստանի «սահմանադրական և միջազգային պարտավորությունները չեն խզվի»։
Ի՞նչ է անցումային արդարադատությունը
Անցումային արդարադատություն հասկացությունը ներառում է գործիքների և միջոցների լայն շրջանակ, կիրառվում է այն երկրներում, որոնք անցում են կատարում ռեպրեսիվ, ոչ ժողովրդավարական քաղաքական համակարգերից, մասնավորապես՝ հետսովետական երկրներում, որոնք միաժամանակ թե՛ անցում են կատարում հովանավորչական քաղաքականության ոչ պաշտոնական և կոռումպացված համակարգից, թե՛ ոչնչացնում են այն։ Այս միջոցները տարբեր են՝ դատական և ոչ դատական բաղադրիչներից մինչև պաշտոնական, ոչ պաշտոնական, պատժիչ և արդարացնող իրավական միջոցառումների և քաղաքականության իրականացում։ Համատեքստային առումով, սա փափուկ արդարադատության ձև չէ և ոչ էլ «համագործակցություն համաներման դիմաց» հավաքական գործընթաց, այլ արդարադատություն իրականացնելու միասնական գործընթաց, որը լուծում է նախկինում առաջացած խնդիրները, կարգավորվում ընթացիկ կառուցվածքային և համակարգային թերությունները, իսկ ընդհանրապես՝ ստեղծում է առողջ իրավական կառավարման հիմք, որին հատուկ է հաշվետվողականությունը։ Հասկացության էությունը լայն է ու բազմակողմանի, ուստի անցումային արդարադատության տարրերը համապատասխանեցվում են՝ դիմագրավելու տվյալ երկրի առաջ ծառացած սուր իրավական, քաղաքական և հասարակական խնդիրներին։ Այս իմաստով Հայաստանում անցումային արդարադատությունը գլխավորապես կկիրառվի նախկին գործերի բողոքարկումները քննելիս, իշխանության և լիազորությունների չարաշահման համար հաշվետվողականության իրավական պահանջ սահմանելիս, իսկ ընդհանրական իմաստով՝ կոռուպցիայի համակարգն արմատախիլ անելու նպատակով։ Նորմատիվային տեսանկյունից անցումային արդարադատությունը քաջալերվում և խթանվում է միջազգային նորմերով և չափանիշներով և դարձել է միջազգային օրենքի կարևոր ենթաոլորտ, ինչպես սահմանում է Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (OHCHR)՝ իր առանցքային գործիքներով, որոնք առաջարկվում են ՄԱԿ-ի կողմից և միջազգային օրենքով՝ անցումային արդարադատություն հասկացությունը պարզաբանելու և իրականացնելու նպատակով։
Առաջարկվել է հնարավոր միջոցառումների և մեխանիզմների հավաքական գործիքակազմ, որը կարելի է կիրառել Հայաստանում։ Առաջին նկատառումն ինստիտուցիոնալ բարեփոխումն է, որը կներառի ոչ միայն կառուցվածքային, այլև ինքնուրույն, անկախ բարեփոխումներ, որոնց դեպքում ինստիտուցիոնալ հաշվետվողականությունը կհանգեցնի այս հաստատությունների հանդեպ վստահության վերականգնման։ Այս համատեքստում վարչապետ Փաշինյանի՝ անցումային արդարադատության կիրառման առաջարկը համապատասխանում է այսպիսի բարեփոխումների ոգուն. մասնավորապես, քանի որ Հայաստանի դատական ոլորտում լեգիտիմության ճգնաժամ է նախկինում կատարված անօրինությունների և խոր արմատներ ունեցող կոռուպցիայի պատճառով, այնպիսի գործիքներ, ինչպիսիք անցումային դատական մարմիններն են, կարող են վիրահատական ճանապարհով հեռացնել կոռուպցիայի փոխկապակցված օջախները և ցանցերը, որոնք թույլ են տալիս անուղղակիորեն ներգործել դատական համակարգի անկախության վրա, և ստեղծել խիստ վերահսկողության ընդհանուր մեխանիզմ, որը խստորեն պարտադրում է հաշվետվողականությունը՝ որպես գլխավոր պայման։ Երկրորդ նկատառումը. ինստիտուցիոնալ բարեփոխման մեխանիզմներն ակնհայտորեն չեն սահմանափակվում բացառապես դատական մարմինների բարեփոխումներով, այլև ենթադրում են կոռուպցիայի դեմ ավելի ընդգրկուն պայքար։ Հովանավորչական քաղաքական համակարգերը գործում են պաշտոնական և ոչ պաշտոնական ցանցերի միջոցով, կոռուպցիայի «սարդոստայնը» չի սահմանափակվում մեկ հաստատությամբ, այլ ներառում է հաստատությունների շարք, որոնք փոխկապակցված են, ինչպես նաև հասարակական ուժեր՝ տնտեսական ոլորտի գործիչներ, ինչպիսիք են, օրինակ, օլիգարխները, տեղական քաղաքական ղեկավարներ, կեղծ քրեական տարրեր և կոռումպացված բյուրոկրատական և քաղաքական պաշտոնյաներ։ Սա է պատճառը, որ համակարգային խնդիրը պահանջում է լայնածավալ համակարգային լուծում, և անցումային արդարադատության գործիքները տալիս են այդ հնարավորությունը։
Երրորդ նկատառումը վերաբերում է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերին, խնդրի շուրջ հասարակական-զգացմունքային հակասական տրամադրություններին և այն հարցին, թե անցումային արդարադատությունը որքանով թույլ կտա կայացնել անկողմնակալ իրավական վճիռ։ Այս նկատառումն, անշուշտ, առանձնացած չէ վերը նշված երկուսից, քանի որ խնդիրը դարձյալ հանգում է դատական հաստատության հանդեպ թերահավատության և վստահության պակասին, այս և այլ փոխկապակցված հաստատություններին հատուկ համակարգային կոռուպցիայի էությանը և դատական ոլորտի անկախության հետ կապված մտահոգություններին։ Հետևաբար անցումային արդարադատության կիրառումը թույլ կտա ոչ միայն մեղմել այս խնդիրները, այլև ապաքաղաքականացնել ինքնին գործընթացը։ Գործընթացի իրավական մասը քաղաքական բաղադրիչից մեկուսացնելու դեպքում մարտի 1-ի դեպքերի պատասխանատուների հնարավոր դատավարությունների գործընթացի և արդյունքի լեգիտիմությունն էլ ավելի կմեծանա։ Լեգիտիմության գաղափարը կլինի ոչ միայն ներքին իրավական որոշումների կողմնակի արդյունք, այլև կհամապատասխանի միջազգային չափանիշներին և ակնկալիքներին, քանի որ անցումային արդարադատությունը միջազգային նորմ է։
Ինչպիսի՞ն կլինի անցումային արդարադատությունը, եթե այն իրականացվի Հայաստանում
Հաջորդող դրույթները նպատակ ունեն Փաշինյանի կառավարությանը ճանապարհային քարտեզ առաջարկել, քանի դեռ կառավարությունն այս փուլում հստակ ծրագիր չունի, թե ինչպիսին կլինի անցումային արդարադատությունը Հայաստանում։ Ակնհայտ է, որ կառավարությունն իրազեկ է, բայց դեռևս չի մշակել և ձևակերպել, թե, օրինակ, ինչպիսին պիտի լինեն դատական մարմինները, կամ անցումային արդարադատության գործիքներն ինչպես պիտի համապատասխանեցվեն երկրի իրավական և սահմանադրական դրույթներին։ Փոքր-ինչ պարզաբանելով, թե մեխանիզմն ինչպես պիտի իրականացվի Հայաստանում, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ կառավարությունն ուսումնասիրում է մասնավորապես Վրաստանի փորձը՝ որպես անցումային արդարադատության իրականացման համեմատության օրինակ։ Այս համատեքստում, մակերեսորեն ուսումնասիրելով, թե անցումային արդարադատությունն ինչպես է ձևակերպվել և իրագործվել Վրաստանում, ավելի լավ պատկերացում կկազմենք, թե ինչ նկատի ունի Փաշինյանի կառավարությունը։ Ավելին, դա թույլ կտա ծրագրային քաղաքականության վերաբերյալ առաջարկներ անել կառավարությանը։
Վրաստանում անցումային արդարադատության կիրառումն ուներ երեք հիմնական թերություն, որոնք վնասում էին հայեցակարգի լիարժեք և առողջ իրագործմանը՝ միևնույն ժամանակ ձախողելով կաոռւցվածքային բարեփոխումները անհրաժեշտ հաստատություններում։ Զեյնալյանը մասնավորեցրեց, որ Հայաստանը ոչ միայն կդիտարկի Վրաստանի օրինակը, այլև կառավարությունը կուսումնասիրի Վրաստանի թերացումները և կօգտագործի դրանք որպես գործիք՝ անցումային արդարադատության Հայաստանի ռազմավարական դրույթները ձևակերպելիս։
Քաղաքականացնելու մեղադրանքները մեղմելու նպատակով Փաշինյանի կառավարությունը պետք է դիմի երկու քայլի. ձևավորել անցումային արդարադատության մարմին, որն իր հերթին քննում և վերահսկում է ՀՔԾ-ի հետաքննությունները՝ ապահովելով թափանցիկությունը և ապաքաղաքականացումը. և միևնույն ժամանակ, ձևավորել անցումային արդարադատության մարմին, որը նաև հետևում է դատախազի ընտրությանն ու փաստերի ուսումնասիրությանը՝ խուսափելով կողմնակալությունից և ընտրողական մոտեցումից։
Վրաստանի ձախողումն ակնհայտ էր երեք հիմնական ոլորտում. 1) արդարադատության ընտրողական կիրառում, որը թվում էր կամայական և չհամակարգված՝ տեղի տալով քաղաքական հետապնդման մեղադրանքների, 2) բարեփոխումներ իրականացնող տարբեր կառույցների և մարմիններ, որոնք թեև համապատասխանում էին միջազգային նորմերին, սակայն գործողությունների արհեստածին և ոչ ինքնուրույն մեթոդների էին դիմում՝ կարծիք ձևավորելով, որ ինստիտուցիոնալ բարեփոխումները սնամեջ են ու առերևույթ, 3) խիստ վերահսկողության մեխանիզմների բացակայություն, որոնք կմատնանշեին ողջ գործընթացի թերություններն ու արատները. սա մտահոգություն էր առաջացնում գործադիր իշխանության միջամտության, անցումային մարմիններում անկախության բացակայության և որպես այդպիսին անցումային արդարադատություն հայեցակարգի սխալ կիրառման շուրջ։
Անցումային արդարադատության գործիքների ճիշտ և պատշաճ ձևակերպման և իրականացման պարագայում Հայաստանը կկարողանա շրջանցել բազմաթիվ խնդիրներ, որոնց բախվեց Վրաստանը՝ խուսափելով արդարադատությունը ձախողելու և քաղաքականացնելու մեղադրանքներից։
ICTJ-ի զեկույցում [էջ 13] ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, ԵՄ-ի հանձնաժողովի նախագահը և ԱՄՆ-ի պետքարտուղարը քննադատեցին Վրաստանում նախկին իշխանությունների ներկայացուցիչներին հետապնդելու և պատասխանատվության ենթարկելու գործընթացը՝ այն որակելով որպես «քաղաքական հետապնդում»։ Այս դիրքորոշումը վնասեց Վրաստանում անցումային արդարադատության իրականացմանը երկու առումով։ Առաջին. հաստատեց իշխանությունն ու լիազորությունները իրապես չարաշահած պաշտոնյաների պնդումներն առ այն, որ գործընթացը ոչ թե իրավական էր, այլ քաղաքական, և այդ անհատներին թույլ տվեց կամ խուսափել նախկին հանցագործությունների համար պատժից, կամ կոծկել մեղքը քաղաքական վենդետաների զոհ լինելու շղարշի տակ (դիրքորոշումը հիշեցնում է Հայաստանի պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեկնաբանությունները՝ մարտի 1-ի դեպքերի առնչությամբ իրեն հետապնդելու վերաբերյալ)։ Երկրորդ և ավելի լայն իմաստով՝ քանի որ միջազգային լուրջ վարկանիշ ունեցող գործիչներ Վրաստանի ղեկավարությանը մեղադրեցին գործընթացը քաղաքականացնելու մեջ, դա ծանր հարված էր նրանց գործունեության օրինականությանը, ուստի երբ կառավարությունը սկսեց նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին Վրաստան արտահանձնելու գործընթացը, համապատասխան եվրոպական երկրները մերժեցին խնդրանքը։
Ինչ վերաբերում է Փաշինյանի կառավարությանը, այստեղ դիտարկումները եռաշերտ են։ Նախ, Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ), որը հետաքննում է ներկա և նախկին պաշտոնյաներին առնչվող գործերը, կառավարական մարմին է, որը հաստատում է փաստերը, ձերբակալում մեղադրյալներին, ապա գործը փոխանցում դատախազություն։ Քաղաքականացնելու մեղադրանքները մեղմելու նպատակով Փաշինյանի կառավարությունը պետք է դիմի երկու քայլի. ձևավորել անցումային արդարադատության մարմին, որն իր հերթին քննում և վերահսկում է ՀՔԾ-ի հետաքննությունները՝ ապահովելով թափանցիկությունը և ապաքաղաքականացումը. և միևնույն ժամանակ, ձևավորել անցումային արդարադատության մարմին, որը նաև հետևում է դատախազի ընտրությանն ու փաստերի ուսումնասիրությանը՝ խուսափելով կողմնակալությունից և ընտրողական մոտեցումից։ Մասնավոր այս օրինակում Վրաստանի սխալներից խուսափելու համար Հայաստանի կառավարությունը պետք է ձևավորի անցումային արդարադատության երկու անկախ մարմին, որոնք կվերահսկեն հետաքննչական և մեղադրանքի առաջադրման գործընթացները։ Սա խիստ կարևոր է, քանի որ անցումային արդարադատության մարմինների դիսկուրսը գերազանցապես կառուցվում է գաղափարի շուրջ, որ դրանք պետք է քննեն ու վերահսկեն դատարանները, դատական մարմինները և դատավորների վարքագիծը։ Ու թեև սա գործընթացի կարևոր մաս է, այնուամենայնիվ, դրա ընդլայնումը (ընդհուպ մինչև կառավարության սեփական քննչական և մեղադրական մարմինների ստեղծում) հանգեցնում է նրան, որ գործընթացը դառնում է շատ ավելի հավասարակշռված և պաշտպանված ինստիտուցիոնալ կողմնակալության մեջ մեղադրանքներից։ Այսպիսով, ոչ միայն դատավորները, այլև քննիչներն ու դատախազները կիմանան իրենց բարձր մասնագիտական հատկանիշների մասին։ Վերահսկողության և հաշվետվողականության տարածման միջոցով Փաշինյանի կառավարությունն առավելագույնս կամբողջացնի գործընթացը։
Երկրորդ դիտարկումը վերաբերում է միջանկյալ մարմնի ստեղծմանը, որը կապահովի հաղորդակցությունը մեղադրյալների և կառավարության միջև, խորհրդատվություն կապահովի անցումային արդարադատության քաղաքականության հետևողականության և ճիշտ իրականացման վերաբերյալ, ինչպես նաև բազմակողմանի հաշվետվություն կտրամադրի իրավական գործընթացում կառավարության և մեղադրյալի վարքագծի մասին։ Այս միջանկյալ մարմինը նաև կունենա դատական ընթացակարգերը, դատավորի (դատավորների) և դատական մարմինների վարքագիծը վերահսկելու, բայց ոչ դրանց միջամտելու լիազորություն։
Թավշյա հեղափոխությունից հետո քաղաքացիական հասարակության բազմաթիվ նշանակալի առաջնորդներ պաշտոններ զբաղեցրին կառավարությունում՝ այդպիսով ապահովելով կապը քաղաքացիական հասարակության, կառավարության և համայնքների միջև, ինչը խիստ կարևոր է։
Երրորդ դիտարկումն այն է, որ այս մարմիններում պետք է ներգրավված լինեն իրավական փորձագիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ ինչպես Հայաստանից, այնպես էլ միջազգային հանրությունից (սա ավելի ստույգ կսահմանվի Վենետիկի հանձնաժողովի կողմից, ինչը կներկայացնենք հոդվածի հետագա հատվածներում)։ Իրավական փորձագետներին կմիանան նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ընդ որում սա վերաբերում է ինչպես ՀԿ-ների, որոնք զբաղվում են հասարակական արդարության հիմնախնդիրներով, այնպես էլ քաղաքացիական խմբերի և հետազոտական կենտրոնների, որոնք առնչվում են հասարակական, իրավական և սահմանադրական խնդիրների։ Այս մեխանիզմի նպատակն, անշուշտ, ներառականության ապահովումն է, որը կսահմանազատի գործադիր իշխանության անցանկալի միջամտությունը, ճնշումները ցանկացած կառավարական և ոչ կառավարական ուժերի կողմից, և թույլ կտա, որ իրավական գործընթացը հասնի տրամաբանական եզրահանգման։
Շարունակելով Վրաստանի մասին ICTJ-ի զեկույցը [էջ 19]՝ հարկ է նշել, որ Վրաստանում մյուս լուրջ սահմանափակումը քաղաքացիական հասարակության զարգացման համեմատաբար ցածր մակարդակն էր, որին, ըստ զեկույցի, չհաջողվեց ազդել անցումային արդարադատության վրա, այսինքն՝ նրանք «հիմնականում քաղաքականապես պասիվ են և անկազմակերպ… Քաղաքացիական հասարակությունը թույլ է և կապված չէ համայնքների հետ»։ Հայաստանը կարող է հեշտությամբ շրջանցել Վրաստանում առկա այս խնդիրը՝ նկատի առնելով այն փաստը, որ հայ հասարակությունն ունի կուռ և զարգացած քաղաքացիական հասարակություն, ինչպես նաև այն հանգամանքը, որ քաղաքացիական հասարակության խմբերի և առաջնորդների մեծամասնությունն ունի բարձրագույն կրթություն, քաղաքականապես ակտիվ է, թրծված է քաղաքական հարցերում և ունի հասարակական արդարության ոլորտի հիմնախնդիրների իրական փորձ։ Ավելին, և որն ավելի կարևոր է, Թավշյա հեղափոխությունից հետո քաղաքացիական հասարակության բազմաթիվ նշանակալի առաջնորդներ պաշտոններ զբաղեցրին կառավարությունում՝ այդպիսով ապահովելով կապը քաղաքացիական հասարակության, կառավարության և համայնքների միջև, ինչը խիստ կարևոր է։ Հասարակական արդարության ոլորտի խնդիրների փոխանցման, համակարգման, քաղաքականության մշակման և իրականացման այս հոսքագիծը վկայում է Հայաստանի առողջ ինֆրակառուցվածքի մասին։ Սա ոչ միայն կնպաստի Հայաստանում անցումային արդարադատության գործիքների և քաղաքականության ձևավորանը, այլև կապահովի գործընթացի լեգիտիմությունը, երբ այսպիսի գործընթացը չի լինի եզակի իրադարձություն, ինչպես Վրաստանում, այլ բազմազան և բազմակողմանի համատեղ նախաձեռնություն կառավարության, քաղաքացիական հասարակության և համայնքների միջև։ Փաշինյանի վարչակազմը պետք է ջանա ապահովել բազմաթիվ գործող անձանց (թե՛ ներքին և միջազգային, թե՛ քաղաքացիական հասարակություն և կառավարություն, և այլն, և այլն) լիարժեք և ներառական մասնակցությունն անցումային արդարադատության մարմինների ձևավորմանը, դրանց առնչվող գործողությունների ծրագրի մշակմանն ու իրագործմանը, ինչպես նաև անցումային արդարադատության մարմինների իրական պարտականությունների կատարմանը։ Դիվերսիֆիկացնելով մասնակիցների մտավոր ներուժը, փորձագիտական հմտություններն իրավական ոլորտում և մասնակիցների գաղափարական բազմազանությունը՝ լիարժեք օբյեկտիվ, անկողմնակալ և չքաղաքականացված գործընթացն աներկբայորեն զերծ կմնա մեղադրանքներից։
Ինստիտուցիոնալ բարեփոխումը մեծ խնդիր չէ Հայաստանի համար, քանի որ Հայաստանի հաստատություններն իրականում բավական զարգացած են։ Այստեղ խնդիրը այդ հաստատությունները բանիմաց բյուրոկրատական գործող անձանցով համալրելը և, որ ավելի կարևոր է, հաստատությունների մշակույթն ու արժեհամակարգը փոխելն է։
Քանի որ անցումային արդարադատության ծրագրերը միանման չեն, կան բազմաթիվ առաջնահերթություններ, որոնք տվյալ հասարակությունն ընտրում է իր քաղաքականությունն ու գործիքակազմը ձևավորելիս։ Հայաստանի դեպքում թիվ մեկ առաջնահերթությունը շարունակում է մնալ քաղաքական կամքը, բայց ոչ թե հետապնդելու և անցյալում կատարված չարաշահումների հանդեպ հանրության զայրույթը բավարարելու, այլ քաղաքական կամք և անցումային արդարադատության տեսլական, որը բարձրաձայնվում է ազգային երկխոսության միջոցով։ Բազմակողմանի մոտեցումը հեշտացնելու համար համապատասխան իրավական և հնարավոր սահմանադրական բարեփոխումները պետք է նպաստեն բաց ազգային երկխոսությանը, որի շնորհիվ հասարակությունը լիովին կիրազեկվի ընտրության հնարավորությունների և համապատասխան սպասելիքների մասին։
Ինչու՞ են նախկին վարչակարգերի անդամներն ու հավատարիմ հետևորդներն այդքան սարսափում անցումային արդարադատությունից
Դատական մարմինների անկախության մանիպուլյացիան և կոպիտ խախտումն այն անկյունաքարերից էր, որի միջոցով Հայաստանի նախկին իշխանությունները ղեկավարում էին երկիրը, ինչպես նաև դիմակայում իրենց ապօրինի գործունեության առաջ ծառացող ցանկացած իրավական մարտահրավերի։ Մասնավորապես, նախկին իշխանությունները գործում էին որպես ոչ պաշտոնական ցանցերով հովանավորչական կառույցներ, որոնք գրեթե ամբողջությամբ յուրացրել էին դատական համակարգը՝ այն դարձնելով այդ ցանցերի շարունակություն։ Սա է պատճառը, որ թերևս վերջին 100 տարիների ընթացքում Հայաստանի դատական իշխանությունն այդպես էլ չունեցավ դատական անկախություն՝ թե՛ սովետական տարիներին (երբ դատավորները երկրորդական դեր ունեին դատախազների համեմատ), թե՛ անկախացումից հետո, երբ դատավորները դարձել էին գործադիր իշխանության գործիք՝ Տեր-Պետրոսյանի կառավարությունից մինչև Քոչարյանի և Սարգսյանի կառավարություն։
Նկատի ունենալով դատավորների մեծ մասի մութ և կասկածելի իրավական որոշումները, վերջին 30 տարիներին գրեթե անհնար է գտնել մեկ դեպք, երբ դատավորն ընդդիմացել է կառավարությանը, գործադիր իշխանությանը կամ հզոր օլիգարխի. այս մարդիկ կամ համագործակցել են նախորդ վարչակարգերի հետ կամ ներգրավված են եղել կոռուպցիոն գործարքներում։ Ուստի մեծ է հավանականությունը, որ նախորդ իշխանությունների ներկայացուցիչները դեռևս ներգործման լծակներ ունեն այս դատավորներից շատերի վրա։
Այս համատեքստում, նկատի առնելով ինստիտուցիոնալ անկախության բացակայությունը, գոյություն ունեն ներքին կառուցվածքային և ինֆրահամակարգային թերություններ ինչպես դատական համակարգում, այնպես էլ դատավորների իրավասության և գործունեության տեսանկյունից։ Դատավորների մեծամասնությունն ընտելացել է հրամաններ կատարելուն, զուրկ է իրավական փորձառությունից, որը պահանջվում է անկախ դատական մարմիններից։ Սա պակաս կարևոր չէ, քանի որ դատական իշխանությունը, բացի անկախությունից զուրկ լինելուց, հետխորհրդային Հայաստանի կառավարության թերևս ամենակոռումպացված հաստատություններից մեկն էր, եթե ոչ ամենակոռումպացվածը, և նախորդ իշխանությունների արմատացած ուժերը դեռևս մեծ ազդեցություն ունեն ներկայիս դատավորների վրա։ Սա նշանակում է, որ, օրինակ, նկատի ունենալով դատավորների մեծ մասի մութ և կասկածելի իրավական որոշումները, վերջին 30 տարիներին գրեթե անհնար է գտնել մեկ դեպք, երբ դատավորն ընդդիմացել է կառավարությանը, գործադիր իշխանությանը կամ հզոր օլիգարխի. այս մարդիկ կամ համագործակցել են նախորդ վարչակարգերի հետ կամ ներգրավված են եղել կոռուպցիոն գործարքներում։ Ուստի մեծ է հավանականությունը, որ նախորդ իշխանությունների ներկայացուցիչները դեռևս ներգործման լծակներ ունեն այս դատավորներից շատերի վրա։
Նկատի ունենալով, որ վերջին 20-30 տարիներին նրանք գոյակցել ու համագործակցել են կախյալ վիճակում, այս դատավորներից շատերի կենսագրության մեջ, այսպես ասած, բազում գաղտնի շերտեր կան։ Դա նրանց դարձնում է հատկապես խոցելի, և նրանք չեն կարողանում օբյեկտիվ և իրավական տեսանկյունից անկախ դատավարություններ վարել, երբ իրենց դատարաններում քննվում են նախկին պաշտոնյաների գործերը։ Ներքին սկզբունքային հակադրություն կա տվյալ դատավորի՝ չբացահայտվելու կամ գործարքին չմասնակցելու անձնական շահագրգռվածության և նրա ընթացիկ պարտականությունների միջև. փոխզիջման գնացող դատավորը չի կարող համոզիչ և վստահ կատարել իր պարտականությունները։
Անցումային արդարադատության հիմնական տրամաբանությունը մեղմում է այս խնդիրը. օրինակ, երկրի դատավորների մեծ մասին հեռացնելու փոխարեն, որը հավասարազոր կլինի ողջ համակարգի իսպառ ոչնչացման և ինստիտուցիոնալ ձախողման, կարևոր գործերը, որտեղ հնարավոր է շահերի բախում, նախկին համագործակցություններ և կամ լծակների գործադրման հավանականություն, կարելի է կիրառել անցումային արդարադատության չեզոք գործիքակազմ։ Սա ներկա դատավորներին պաշտպանում է քաղաքական ենթատեքստ հաղորդելու կամ նախորդ վարչակարգի գործիքը դառնալու մեղադրանքներից, ինչպես նաև ապահովում է ինքնին գործընթացի անկախությունն ու օբյեկտիվությունը։
Մյուս հիմնախնդիրը, որը խիստ քաղաքական է, հանրային սպասումներն են՝ պատժելու բոլոր նրանց, ովքեր չարաշահել են պաշտոնական դիրքն ու լիազորությունները, ստեղծել ռեպրեսիվ քաղաքական համակարգ, որն առաջին հերթին գործում էր հօգուտ սեփական շրջանակների։
Նախկին իշխանությունների ներկայացուցիչների հիստերիան, հետևաբար, ուղղակիորեն կապված է այսպիսի զարգացումների հետ։ Քանի դեռ ներկայիս դատական համակարգը կանգուն է, այդպիսի անհատները շատ ավելի ապահով են զգում, որ ստիպված չեն լինի պատասխանատվություն կրել նախկին իրավական, ֆինանսական և քաղաքական ապօրինությունների համար. մինչդեռ անցումային արդարադատության թափանցիկ համակարգում նախկին ուժերը չեն կարողանա օգտագործել իշխանական լծակները, ինչը հնարավոր կլիներ այն դատավորների դեպքում, որոնք փոխզիջումների են գնացել կամ ներգրավված են եղել նախկին հովանավորյալ համակարգում։ Օրենքի օբյեկտիվ և խիստ կիրառում չեզոք, անկողմնակալ իրավական կառույցների կողմից. ահա թե ինչից են սարսափում կլեպտոկրատները և նախկին իշխանությունների հավատարիմ հետևորդները։ Նրանց անզորությունն իր տեղը զիջում է անկարողությանը. անցումային արդարադատության գործիքակազմը ոչ միայն մարգինալացնում, այլև հիմնովին վերացնում է այդպիսի գործիչների՝ մանիպուլյացիայի ենթարկելու, անուղղակի հարկադրանքի կամ իրավական գործընթացի վրա որևէ ապօրինի ներգործության հնարավորություն։
Հնարավոր բարդություններ և տարաձայնություններ՝ ներկայիս կառավարության քննարկման համար
Հայաստանի օրենքների և սահմանադրական դրույթների հետ անցումային արդարադատության համատեղելիության ձևակերպումը չպետք է լինի խնդրահարույց. հայեցակարգը կարելի է հեշտությամբ մշակել այնպես, որ բացառվեն հակասությունները, և ավելին, այն արժանանանա հեղինակավոր երրորդ կողմի՝ Վենետիկի հանձնաժողովի հավանությանը։ Այնուհանդերձ, Փաշինյանի կառավարությունը պետք է ջանք ու եռանդ չխնայի, որպեսզի անցումային արդարադատության գործիքակազմի յուրաքանչյուր տարրի ձևավորումն ու մշակումը լինի սկզբունքորեն անկողմնակալ, լիարժեքորեն ապաքաղաքականացված և միանշանակ օբյեկտիվ։ Պետք է չեզոքացնել կողմնակալության ցանկացած, անգամ աննշան դրսևորում՝ թե՛ իրավական, թե՛ քաղաքական տեսանկյունից։ Սա ոչ միայն կօրինականացնի գործընթացը և դրա վերջնական արդյունքը, այլև կձևավորի լայն կոնսենսուս ողջ նախաձեռնության օրինականության վերաբերյալ։
Մյուս հիմնախնդիրը, որը խիստ քաղաքական է, հանրային սպասումներն են՝ պատժելու բոլոր նրանց, ովքեր չարաշահել են պաշտոնական դիրքն ու լիազորությունները, ստեղծել ռեպրեսիվ քաղաքական համակարգ, որն առաջին հերթին գործում էր հօգուտ սեփական շրջանակների։ Սա կապելով մարտի 1-ի դեպքերի հետ՝ հայ հասարակությունն ընդլայնում է պահանջը, այն է՝ ոչ միայն արդարադատություն իրականացնել նախորդ իշխանությունների գործիչների ու գործակալների նկատմամբ, այլև կիրառել պատժի դաժան մեխանիզմներ։ Այս համատեքստում անցումային արդարադատությունը վերաբերում է ոչ այնքան պատժին, որքան թափանցիկությանը, արդար դատավճռին, վնասի փոխհատուցմանը և արդարադատության ոլորտում չլուծված խնդիրների կարգավորմանը։ Ըստ էության, հնարավոր է, որ կառավարությանը չհաջողվի իրականացնել իր ընտրազանգվածի ակնկալիքները, եթե հանցագործները չստանան համաչափ կամ սպասված պատիժ։ Այս դեպքում կառավարությունը կորակվի փափուկ կամ թույլ. ավելին, սա հասարակության դավադրապաշտ շերտերին առիթ կտա մտածելու, որ անցումային արդարադատության ողջ գործընթացի նպատակն է թեթև պատիժ սահմանել նախկին օրինազանցների նկատմամբ։ Սա կենթադրի գաղտնի գործարքների առկայություն, թափանցիկության բացակայություն և կհանգեցնի կառավարության հանդեպ ավանդական անվստահության։
Եվ այսպես, կառավարությունը պետք է գիտակցի, որ խիստ անհրաժեշտ է իրավական գործընթացի լեգիտիմությունը հավասարակշռել դրա արդյունքի հանդեպ հանրության ակնկալիքների հետ։ Ուստի Փաշինյանի կառավարությունը պետք է սկսի մշակել ազգային երկխոսության մեխանիզմ՝ խոսելով ակնկալիքների մասին, կրթելով հանրության ավելի լայն շերտերին և հասարակական հիմքեր նախապատրաստելով անցումային արդարադատության ծրագրի մշակման համար։ Ամենախոշոր սայթաքումը, որ իշխանությունները կարող են թույլ տալ, սեփական կամքից անկախ նախկին իշխանությունների հարձակումների և սեփական ընտրազանգվածի խիստ սպասելիքների ծուղակն ընկնելն է։ Նոր իշխանությունները պետք է հմտորեն առաջ շարժվեն՝ չմեղմացնելով և չթեժացնելով ընտրազանգվածի ակնկալիքները, միևնույն ժամանակ խուսանավելով անցումային արդարադատության դեմ ՀՀԿ-ի դիրքորոշումից։ Այս նուրբ, հավասարակշիռ խաղը քաղաքական տեսանկյունից խիստ բախտորոշ է. եթե Փաշինյանի կառավարությունը հայտնվի մի անհնարին իրավիճակում, այն է՝ մի կողմից բավարարի կոշտ արդարադատություն իրականացնելու իր ընտրազանգվածի պահանջները, մյուս կողմից միջոցներ ձեռնարկի քաղաքական հետապնդման մեղադրանքների դեմ, սա կդիտարկվի որպես քաղաքական կապիտալի վատնում անելանելի իրավիճակում մանեվրելիս։ Հնարավոր նման ծուղակից խուսափելու համար կառավարությունը պետք է կանխի երկու կողմի գործողությունները՝ մի կողմից հանդարտեցնելով իր ընտրազանգվածին, մյուս կողմից խորամանկությամբ գերազանցելով ընդդիմախոսներին։