EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
Morning News
  • Հայ
    • Eng
No Result
View All Result
Գլխավոր Քաղաքականություն
Հնս 13, 2025

Հեքիաթներ, դասագրքեր և տարածքային պահանջներ. ինչպե՞ս է հյուսվում «Արևմտյան Ադրբեջանի» առասպելը

Տաթևիկ Հայրապետյան

Listen to the article. 


Your browser does not support the
audio element.

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մարտի 13-ին հայտարարեց, որ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագիծը վերջնականացվել է, բանակցություններն ավարտվել են,  և խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Հայաստանն ընդունել է Ադրբեջանի նախկինում չլուծված երկու հոդվածների վերաբերյալ առաջարկները՝ հետ կանչել երկու կողմերի ներկայացրած միջազգային դատական հայցերը և արգելել երրորդ կողմի դիտորդների կամ զորքերի տեղակայումը հայ—ադրբեջանական սահմանի երկայնքով:

Համաձայնագրի նախագծի վերջնականացումից հետո Ադրբեջանը նախաձեռնեց ծավալուն տեղեկատվական արշավ: Թեև այս արշավն արդեն սկսվել էր մինչև մարտի 13-ի հայտարարությունը, հիմնականում Ադրբեջանի կառավարության հետ փոխկապակցված լրատվամիջոցների միջոցով, այն ուժեղացավ մարտի 13-ից հետո՝ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության ուղղակի ներգրավմամբ, որը շարունակաբար հրապարակում էր կեղծ և անհիմն հաղորդագրություններ՝ պնդելով, թե իբր հայկական կողմը կրակ է բացել սահմանի տարբեր ուղղություններով:

Մարտի 16-ից մինչև ապրիլի վերջ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հրապարակել է 26 նման հաղորդագրություն՝ 16-ը մարտին [1] և 10-ը՝ ապրիլին [2]: Մինչ այդ, 2025 թվականի սկզբից ի վեր միայն մեկ նման հայտարարություն էր եղել՝ մարտի 5-ին: Այս բոլոր հաղորդագրությունները հասանելի են Ադրբեջանի Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում:

Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հերքել է բոլոր նման հաղորդագրությունները, նշելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը: Ավելին, Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հետևողականորեն կրկնել է, որ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի գրասենյակի դիրքորոշման, պատրաստ է հետաքննել Ադրբեջանական պնդումները հաստատող ցանկացած ապացույց, եթե այդպիսիք ներկայացվեն: Մինչ այժմ Ադրբեջանը չի արձագանքել այս առաջարկին: Միևնույն ժամանակ, հայկական կողմը երկու հայտարարություն է արել մարտի 31-ին և ապրիլի 20-ին՝ լուսանկարներով ներկայացնելով ապացույցներ, որ ադրբեջանական ուժերը կրակ են բացել Հայաստանի Սյունիքի մարզի բնակելի շենքերի ուղղությամբ:

Ապատեղեկատվական հաղորդագրությունների ծավալից պարզ է դառնում, որ Ադրբեջանը իրական հետաքրքրություն չի ցուցաբերում խաղաղության համաձայնագիրը ստորագրելու հարցում՝ նույնիսկ Հայաստանի միակողմանի զիջումներից հետո: Ադրբեջանի դժկամությունը ավելի ակնհայտ դարձավ արտաքին գործերի փոխնախարար Էլնուր Մամեդովի հայտարարությամբ։ Նա համաձայնագրի նախագծի վերջնականացումից մեկ օր անց հայտարարեց, որ  համաձայնագրի ստորագրման վայրի վերաբերյալ քննարկումները «դեռևս վաղաժամ են»: Նա նաև նշեց, որ Ադրբեջանը սպասում է Հայաստանում սահմանադրական փոփոխություններին՝ 1990-ական թվականներից առկա տարածքային հավակնություններից հրաժարվելուն, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի պաշտոնական լուծարմանը:

Միջազգային շատ դիտորդների տարակուսելի կթվա, թե ինչու Ադրբեջանը դեռ չի ստորագրել պայմանագիրը այն դեպքում, երբ դրա կետերն արդեն վերջնականացվել են, մեծ մասամբ, Հայաստանի միակողմանի զիջումների արդյունքում։

Ի՞նչ է թաքնված ստորագրումը հետաձգելու Ալիևի ռազմավարության հետևում: Արդյո՞ք կա ավելի լայն ծրագիր կամ հավակնություն, որը չի կարող իրականացվել զուտ բանակցությունների միջոցով: Եկեք ավելի ուշադիր նայենք, թե ինչ զարգացումներ են ծավալվում այս խիստ վերահսկվող և գնալով ավելի միապետական դարձող երկրի կուլիսներում:

Մինչ Ալիևը և ադրբեջանական այլ պաշտոնյաներ շարունակում են Հայաստանի Սահմանադրությունը նշել որպես խաղաղության համաձայնագրի ստորագրման հիմնական խոչընդոտ, նրանք ամեն օր առաջ են մղում մի վտանգավոր և անհեթեթ խոսույթ, որն Ալիևը սկսեց ավելի գործուն կերպով բարձրաձայնել 2022 թվականի դեկտեմբերից: Այս հորինվածքը Հայաստանի Հանրապետությունը անվանում է «Արևմտյան Ադրբեջան»՝ հիմնվելով այն կեղծ և անհիմն պնդման վրա, իբրև «այս տարածքում երբեք Հայաստան չի եղել, և ներկայիս Հայաստանը պատմականորեն ադրբեջանական հող է»: Թեև որոշ դիտորդներ կարող են այս հռետորաբանությունը համարել պարզապես քաղաքական քարոզչություն, ադրբեջանական դպրոցական պատմության դասագրքերի և ավելի լայն հասարակական զարգացումների մանրակրկիտ ուսումնասիրությունը բացահայտում է առավել անհանգստացնող իրականություն. այս հորինվածքը ներդրվում է կրթական համակարգում՝ ադրբեջանցիների հաջորդ սերնդին սովորեցնելով, որ հարևան Հայաստանը իրենց «հնագույն հողն» է:

Ադրբեջանի միապետական վարչակարգի շարժառիթները հասկանալու համար ուսումնասիրել ենք երկրի կրթական համակարգում վերջերս՝ 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո, կատարված փոփոխությունները: Այս վերլուծության նպատակը քաղաքական հռետորաբանությունից և քարոզչությունից անդին զարգացող գործընթացները բացահայտելն է, ուսումնասիրել, թե ինչ են իրականում սովորում ադրբեջանցի դպրոցականները՝ հասկանալու համար Ադրբեջանի ղեկավարության իրական նպատակները Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ։ Դիտարկել ենք պատմության դասագրքերը, բարձրագույն կրթական համակարգում ընթացող զարգացումները և նույնիսկ նոր հրատարակված հեքիաթները, որոնք բոլորն էլ արտացոլում են երիտասարդ սերնդի մեջ ներդրվող խոսույթը: Այս զարգացումները տեղի են ունեցել 2020 թվականի պատերազմի, դրան հաջորդած շրջափակման և էթնիկ զտումից հետո: Մեր բացահայտումները ցույց են տալիս, որ Ալիևի համար Լեռնային Ղարաբաղը երբեք վերջնական նպատակ չի եղել: Տարածքի զավթումը և հայաթափումը սնուցել են և երևան հանել ավելի վտանգավոր հորինվածքներ, որոնք արդեն խորապես ներդրված են Ադրբեջանի կրթական համակարգում:

Փոփոխություններ Ադրբեջանի պատմության դասագրքերում. ժամանակագրություն և իրականացում 

2020 թվականի նոյեմբերյան եռակողմ հրադադարի համաձայնագրից մի քանի ամիս անց, մասնավորապես 2021 թվականի մայիսին, նախագահ Իլհամ Ալիևը կարգադրեց, որ երկրորդ Ղարաբաղյան պատերազմը ներառվի դպրոցների և համալսարանների պատմության դասագրքերում: 2021-2022 ուսումնական տարվանից սկսած 9-րդ դասարանի աշակերտների համար ներմուծվեց մի նոր առարկա՝ «Zəfər tarixi» (Հաղթանակի պատմություն), որը կենտրոնանում է 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմի վրա:

Այս դասընթացը ամբողջությամբ փառաբանում է 2020 թվականի պատերազմը՝ շարունակելով հայերին ներկայացնել որպես «թշնամիներ»: Թեև հայերին որպես հակառակորդ ներկայացնելը նորություն չէ Ադրբեջանի կրթական համակարգում, այժմ, սակայն, նույն քարոզչությունը նոր թափ է ստանում՝ չնայած խնդրի ռազմական ելքին և Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության բռնի տեղահանմանը:

Ուշագրավ զարգացումն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը որպես «Արևմտյան Ադրբեջան» ներկայացնելու մտադրությունը ներառվել է ուսումնական ծրագրում միայն սկսած 2024 թվականից: Հարկ է նշել, որ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» հետ հանդիպման ժամանակ 2022 թվականի դեկտեմբերին նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր.

«…Այժմ, երբ Ղարաբաղյան հակամարտությունը լուծվել է, սա է մեր օրակարգում եղած խնդիրը: Իհարկե, վաղաժամ էր խոսել դրա մասին նախքան Ղարաբաղյան հակամարտության լուծումը: Բայց մենք չպետք է ժամանակ վատնենք: Պետք է մշակվի վերադարձի հայեցակարգ: Կրկին, այն պետք է լինի խաղաղ հայեցակարգ…»

Այս հայտարարությունը հստակ ցույց է տալիս, որ Ալիևը գիտակցում էր այդ պնդման և՛ անհավանականությունը, և՛  իր ավելի լայն ծավալապաշտական հավակնությունների պարունակում նման պնդման աշխարհաքաղաքական հավանական վտանգները: Նա գիտակցաբար խուսափում էր հրապարակայնորեն անդրադառնալ այդ հարցին, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չէր լուծվել:

2024 թվականի մայիսին իշխող «Յենի Ադրբեջան» կուսակցության պատգամավոր Մալահաթ Իբրահիմգիզին հաստատեց, որ «Արևմտյան Ադրբեջանի» հարցի ավելի վաղ վերհանումը կարող էր բարդացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Նա ընդգծեց, որ նախ անհրաժեշտ էր «ազատագրել» Ստեփանակերտը, մինչ հնարավոր կլիներ ուշադրությունը կենտրոնացնել հաջորդ նպատակի վրա: Այժմ ժամանակն է բացահայտ խոսել այս նոր նպատակի մասին: Նա հավելեց.

«Արևմտյան Ադրբեջանի վերաբերյալ բաժին ստեղծելուց առաջ, նրա պատմության, մշակույթի և արվեստի մասին դասագրքերը պետք է ներառվեն ուսումնական ծրագրում: Այս գործընթացը պետք է կազմակերպվի համապարփակ կերպով: Նախ գրքերի միջոցով պետք է բարձրացվի իրազեկվածությունը. մեր Արևմտյան Ադրբեջանի պատմությունը պետք է վերաշարադրվի և ավելացվի դասագրքերում»:

Սա արտացոլում է միտումնավոր ռազմավարական ծրագրավորում. նախ փակել Լեռնային Ղարաբաղի հարցը, ապա անցնել ավելի լայն տարածքային հավակնություններին: Սա հիմնավորում է այն փաստարկը, որ այսպես կոչված «խաղաղության» գործընթացն օգտագործվում է ժամանակ շահելու կամ երկարաժամկետ նպատակների համար քաղաքական շղարշ ապահովելու նպատակով:

Այժմ եկեք ուսումնասիրենք Ադրբեջանի վերաշարադրված դասագրքերը: Այս ուսումնասիրության համար ընտրել ենք հատվածներ ներկայիս դասագրքերից, որտեղ Հայաստանի Հանրապետությունը կոչվում է «Արևմտյան Ադրբեջան»: Հատկանշական է, որ ադրբեջանցի դպրոցականները պատմություն ուսումնասիրել սկսում են արդեն 5-րդ դասարանից։ 2024 թվականի դասագրքի 110-րդ էջում գրված է.

«1948-1953 թվականներին Հայկական ԽՍՀ—ում բնակվող մեր հայրենակիցները տեղահանվեցին իրենց պապենական հողերից, որը վերաբնակեցրին արտասահմանցի հայերը: Այսպես խորհրդային ղեկավարությունը «պարգևատրեց» ադրբեջանցի ժողովրդին, որը մեծ դեր էր խաղացել գերմանական ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում:

1988 թվականին սկսվեց արտաքսման վերջին փուլը: Մեր հարյուր հազարավոր հայրենակիցներ բռնի կերպով տեղահանվեցին իրենց պապենական հողերից, և տեղահանության ընթացքում շատ ադրբեջանցիներ սպանվեցին: 1991 թվականին Հայկական ԽՍՀ-ում, այսինքն, Արևմտյան Ադրբեջանում, այլևս ադրբեջանական բնակչություն չէր մնացել: Խորհրդային ղեկավարությունը աչք էր փակում այս ամենի վրա. ադրբեջանցիների դեմ կատարված հանցագործությունները քողարկվում էին:

Հայկական ԽՍՀ-ն ստեղծվել է պատմական ադրբեջանական հողերի արևմտյան մասում: Հետագայում Մոսկվայի ղեկավարությունը Ադրբեջանական ԽՍՀ-ին պատկանող հողերի մի մասը, ներառյալ Շարուր-Դերելայազը և Արևմտյան Զանգեզուրը, փոխանցեց Հայկական ԽՍՀ-ին: Արդյունքում Ադրբեջանը բաժանվեց Նախիջևանից: Մեր հայրենակիցները, որոնք բռնի կերպով տեղահանվել էին իրենց պապենական հողերից, հետագայում ձևավորեցին Արևմտյան Ադրբեջանի համայնքը: Այս համայնքը միջազգային կազմակերպություններում պաշտպանում է Արևմտյան Ադրբեջանում մեր պատմական ժառանգության պահպանումը և տեղահանված բնակչության իրավունքները: Նրանք շարունակում են պայքարել իրենց հայրենիք վերադառնալու համար:

Խորհրդային իշխանության ժամանակ Ղարաբաղի լեռնային մասում բնակվող հայկական բնակչությանը տրվեց ինքնավարություն: Սակայն այդ ժամանակ Հայաստանում բնակվող մեր հայրենակիցներին նման իրավունքներ չշնորհվեցին: 1988 թվականին Հայկական ԽՍՀ ղեկավարությունը պահանջեց, որ Ղարաբաղը փոխանցվի իրենց: Այս տարածքային պահանջը մերժվեց Ադրբեջանի կողմից: Խորհրդային ղեկավարությունը, սակայն, այս հարցում ևս վարեց հայամետ քաղաքականություն»:

Նույն դասագրքում՝ 111-րդ էջում, կա մեկ այլ հղում՝ համանման բառապաշարով. «Այսպիսով, Արևմտյան Ադրբեջանից բնակչության արտաքսումը և Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունները ընդգծեցին անկախ պետության ստեղծման անհրաժեշտությունը, քանի որ ԽՍՀՄ ղեկավարությունը չկարողացավ արդար դիրքորոշում ընդունել: 1991 թվականի հոկտեմբերի 18-ին հայտարարվեց Ադրբեջանի Հանրապետության հիմնադրման մասին…»:

Հայաստանի՝ որպես «Արևմտյան Ադրբեջան» հիշատակումը մեկ այլ դրվագով հայտնվում է դասագրքի 112-րդ էջում: Այնտեղ նշվում է. «Ղարաբաղում բնակվող ալբանական ծագմամբ քրիստոնյա բնակչությունը աստիճանաբար ենթարկվել է հայացման: Պատահական չէ, որ Ղարաբաղում արմատացած քրիստոնյա բնակչությանը հայերն անվանում են «դարձի եկած»:

Հայկական ԽՍՀ ղեկավարները բազմիցս փորձել են բռնակցել այս տարածքը, բայց նրանց ջանքերն անհաջող են եղել: 20-րդ դարի վերջում ԽՍՀՄ ղեկավարությունը փոխվեց: Օգտվելով իրավիճակից՝ Հայաստանը սկսեց տարածքային պահանջներ ներկայացնել Ադրբեջանին: Սկսվեց Արևմտյան Ադրբեջանում բնակվող ադրբեջանցիների բռնի տեղահանումը: Հայ ազգայնականները հավաքվեցին Երևանում և այլ քաղաքներում՝ վանկարկելով «Հայաստան առանց թուրքերի» և «Մերժի՛ր թուրքերին» կարգախոսներ: Այս ամենը կանխամտածված և նենգ ծրագրի մաս էր.

  1. Ադրբեջանցիները պետք է ամբողջությամբ արտաքսվեն Արևմտյան Ադրբեջանից:
  2. Ղարաբաղի լեռնային մասը պետք է կցվի Հայկական ԽՍՀ—ին:
  3. Հետագայում պետք է բարձրացվի Նախիջևանը Հայաստանին կցելու հարցը»:

Ինչպես երևում է վերոնշյալ հատվածներից, այն գաղափարը, որ հարևան երկիրը՝ Հայաստանի Հանրապետությունը, «ադրբեջանական պատմական հող» է կամ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան», հետևականորեն քարոզվում է ադրբեջանական պատմության դասագրքերում այն պահից, երբ դպրոցականները սկսում են պատմություն ուսումնասիրել: Սա բացահայտում է, որ սերունդները կրթվում են խորապես անհանգստացնող և վտանգավոր ծավալապաշտական հորինվածքով, որը ձգտում է կասկածի տակ դնել Հայաստանի Հանրապետության գոյությունը:

Դասագրքերը մշտապես պատկերում են հայերին որպես «թշնամիներ», «ատելի թշնամիներ», «ֆաշիստներ» և «անպատիվ թշնամիներ»: Այս տերմինները, որոնք հաճախ իր ելույթներում օգտագործում է նախագահ Իլհամ Ալիևը, համակարգված կերպով ներառվում են կրթական համակարգում: Հատկանշական է, որ նույն դասագրքի 143-րդ էջում կա ուղղակի մեջբերում նախագահ Ալիևի՝ 2021 թվականի հոկտեմբերի 18-ի ելույթից, որտեղ նա ասում է.

«Ցանկացած մարդ, ով այս օրերին այցելում է Ֆիզուլի, կարող է տեսնել հայկական վայրագության դրսևորումները: Ֆիզուլին ամենաավերված շրջանն է: Այստեղ չկա ոչ մի անվնաս մնացած գյուղ, ոչ մի շենք: Ֆիզուլի քաղաքն ամբողջությամբ հողին է հավասարեցվել, ինչը, հավանաբար, շատ լավ եք հիշում: Ադրբեջանական ժողովուրդը հիշում է, որ Ֆիզուլիի ազատագրումից հետո մենք չկարողացանք գտնել գեթ մեկ շենք, որի վրա մեր դրոշը կբարձրացնեինք: Մեր դրոշը վերջապես բարձրացվեց զորամասի ձողի վրա: Յուրաքանչյուր մարդ, որ գալիս է այստեղ, կարող է տեսնել հայկական վայրագությունը, հայկական բարբարոսությունը, և ոչ դա ոք չի կարող ժխտել:

Ատելության քարոզչությունը սկսվում է արդեն պատմության կրթության նախնական փուլերում՝ նախագահ Ալիևի ուղղակի մեջբերումներով և հայկական տարածքների բազմակի հիշատակումներով որպես «Արևմտյան Ադրբեջան»։ Վերջինս հորինված և չափազանց վտանգավոր տերմին է, որը չունի որևէ քաղաքական, աշխարհագրական կամ պատմական հիմնավորում:

Այժմ եկեք ուսումնասիրենք Ադրբեջանի 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խմբագրվել և վերահրատարակվել է 2023 թվականի հունիսին: 109-րդ էջում կա «Արևմտյան Ադրբեջանի խանությունները» վերնագրով բաժին: Ուղեկցող տեքստը հետևյալն է.

«Արևմտյան Ադրբեջանում առաջացած խանությունները առանձնանում էին իրենց ռազմավարական դիրքով և միջազգային առևտրային ուղիների վրա գտնվելով: Այդ պատճառով դրանք ենթարկվում էին հարևան խանությունների և օտար պետությունների հարձակումների:

Ինչպիսի՞ն էր Արևմտյան Ադրբեջանի քաղաքական և տնտեսական իրավիճակն այդ ժամանակ, մասնավորապես, Իրևանի և Նախիջևանի խանություններում։

Իրևանի խանություն. Իրևանի խանությունը հիմնադրվել է 18-րդ դարի կեսերին Միր Մեհդի Խան Աֆշարի կողմից (1747–1752): 1755 թվականին Հասան Ալի Խան Ղաջարը դարձավ Իրևանի խան, ինչը նշանավորեց Ղաջար ցեղից նոր տոհմի առաջ գալով։

Խանության բնակչություն. Իրևանի խանության բնակչությունը հիմնականում կազմված էր ադրբեջանցի թուրքերից, որոնք նկարագրվում են որպես այս հողի ամենահին բնակիչներ: Սա հաստատվում է այդ ժամանակաշրջանի տեղանուններով, Իրևան այցելած եվրոպացի ճանապարհորդների պատմություններով և նույնիսկ հայ պատմաբանների կողմից:

Բնակչության միայն մի փոքր մաս կազմող քրիստոնյաներն առաջին անգամ եկել են 1441 թվականին, երբ հայկական կաթողիկոսութությունը Կլիկիայից տեղափոխվեց դեպի Ադրբեջանի Իրևանի շրջան, մասնավորապես Ուչքիլսե (Էջմիածին): Մինչև այս տեղափոխումը, ըստ հաղորդումների, շրջանում հայկական բնակավայրեր կամ հողեր չեն եղել: Հետագայում հայկական կաթողիկոսությունը ընդլայնեց իր տարածքը՝ տեղի ադրբեջանցիներին պատկանող հողերը տարբեր միջոցներով զավթելով»:

Զավեշտալի է, բայց ոչ զարմանալի, որ նույն ձևակերպումը հայտնվում է Ադրբեջանի Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում՝ «Իրևանի պատմություն» վերնագրով բաժնում: Այնտեղ նշվում է.

«Իրևանի խանության տարածքը հնագույն ժամանակներից միշտ եղել է Ադրբեջանի մաս, բացառությամբ այն ժամանակաշրջանների, երբ հողը գրավված էր տարբեր ներխուժող կայսրությունների կողմից: Այս հողերը նաև այն շրջաններից էին, որոնք ամենախիտ բնակեցվածն էին ադրբեջանցի թուրքերով: Մինչ 19-րդ դարասկզբի ռուսական նվաճումը, ադրբեջանցի թուրքերը կազմում էին Իրևանի խանության բնակչության բացարձակ մեծամասնությունը: Պետք է նշել, որ մինչ 1441 թվականին հայկական կաթողիկոսության տեղափոխումը Իրևանի (Չուխուրսադ) շրջան, այս տարածքում հայկական գյուղեր կամ հողակտորներ չեն եղել: Նույնիսկ հենց Ուչքիլսե (Վաղարշապատ) գյուղը՝ հայ կաթողիկոսի նստավայրը, հայերը 1443 թվականից սկսած աստիճանաբար տարբեր միջոցներով վերցրել են ադրբեջանցի թուրքերից:

Նշենք, որ Երևանի խանությունը,իր մեծաթիվ մահմեդական բնակչությամբ, իսկապես եղել է պարսկական կայսրության իշխանության ներքո մինչև 1826-1828 թվականների պարսկա—ռուսական պատերազմը, որից հետո տարածաշրջանը անցել է ռուսական վերահսկողության տակ: Սակայն այս պատմական իրողությունը ոչ մի կապ չունի ժամանակակից ադրբեջանական պետության հետ: 

Թեպետ Ադրբեջանի պաշտոնական խոսույթում Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքաք Երևանի նկատմամբ տարածքային հավակնությունները նոր չեն, բայց  հիմա դրանք խթանվում են որպես ավելի լայն և ավելի կազմակերպված ծավալապաշտական հորինվածքի մաս «Արևմտյան Ադրբեջան» պիտակի ներքո:

Այժմ եկեք ուսումնասիրենք 11-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խմբագրվել և հրատարակվել է 2023 թվականին։ Դասագրքի 117-րդ էջում կա է հետևյալ հատվածը.

«1920-ական և 1930-ական թվականներին, խորհրդային ազգային քաղաքականության քողի ներքո, Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունից (ԱԴՀ) ժառանգած պատմական հողերի զգալի մասը, ադրբեջանական ժողովրդի կամքին հակառակ, փոխանցվեց խորհրդային Հայաստանին և Վրաստանին: Կարծես թե բավական չէր Հայաստան կոչվող պետության ստեղծումը՝ Երևան քաղաքի և շրջակա հողերի հաշվին, ադրբեջանական պատմական տարածքների զգալի մասը «նվիրվեց» հարևան հանրապետությանը Մոսկվայի ուղղակի միջամտությամբ և ադրբեջանցի բոլշևիկների անկարողությամբ, որոնց միտքը մթագնված էր «ինտերնացիոնալիզմի» գաղափարներով: Այս գործընթացը շարունակվեց հաջորդ տասնամյակներում»:

Ինչպես այստեղ երևում է, ձևակերպումը կրկին հարցականի տակ է դնում Հայաստանի Հանրապետության գոյության օրինականությունը: Նույն դասագրքի 113-րդ էջում, Ադրբեջանի խորհրդայնացման ժամանակաշրջանի քննարկման ընթացքում, կա «Մեր հողերը բաժանվում են» վերնագրով բաժին: Գրությունը հետևյալն է.

«Ռուսաստանի կողմից հյուսիսային Ադրբեջանի վերագրավումը ավելի ամրապնդեց Հայաստանի տարածքային պահանջները հանրապետության նկատմամբ: Դաշնակների կառավարությունը, որը չէր կարողացել հասնել իր նպատակներին ԱԴՀ ժամանակաշրջանում և ի վերջո պարտություն էր կրել, ուժեղացրեց ադրբեջանական հողերը (Ղարաբաղ, Զանգեզուր, Նախիջևան և այլն) զավթելու քաղաքականությունը՝ Խորհրդային Ռուսաստանի համապարփակ աջակցությամբ: Խորհրդային Ռուսաստանի և հայկական Դաշնակների կառավարության միջև 1920 թվականի օգոստոսին ստորագրված համաձայնագրի համաձայն, Շարուր—Դարալագյազի շրջանը տրվեց հայկական Դաշնակների կառավարությանը, իսկ Նախիջևանը, Զանգեզուրը և Ղարաբաղի լեռնային մասը հայտարարվեցին վիճելի տարածքներ»:

Հորինվածքը շարունակվում է 115-րդ էջում հետևյալ ձևակերպմամբ.

«Պատահական չէր, որ Լեռնային Ղարաբաղի հարցը այդքան երկար ձգվեց: Այս ժամանակահատվածում կուսակցական և խորհրդային մարմինների միջև բազմիցս քննարկումներ են եղել և տարբեր առաջարկներ արվել: Ադրբեջանցի կոմունիստների անվճռականությունը, Մոսկվայի ճնշումը և, որոշ դեպքերում, հայերի ներկայությունը երկու կողմերց (ԱԿ(բ)Կ—ի (Ադրբեջանի Կոմունիստական բոլշևիկյան կուսակցություն)[3] առաջատար մարմիններում կային զգալի թվով հայ ազգայնականներ, որոնք դարձել էին բոլշևիկներ) վճռական ազդեցություն ունեցան այս հարցի վրա: Վերջապես, 1923 թվականի հուլիսի 7-ին Ադրբեջանական ԽՍՀ Կենտրոնական գործադիր կոմիտեն հրապարակեց  «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կազմակերպման մասին» հրամանագիր: Հրամանագիրը Ղարաբաղի հողերի մասնատման պայմաններ ստեղծեց և հիմք դրեց Հայաստանի կողմից ապագայում այս տարածքի նկատմամբ պահանջների վերահաստատման համար: Սակայն, նման քայլեր չձեռնարկվեցին խորհրդային Հայաստանում, որը ստեղծվել էր պատմականորեն ադրբեջանական տարածքների հաշվին, բնակվող հարյուր հազարավոր ադրբեջանցիների համար»:

Կրկին, տեսնում ենք կեղծ և ծավալապաշտական հորինվածքի խթանումը՝ պնդումը, որ Հայաստանը ստեղծվել է «ադրբեջանական հողերի» վրա: Այս Հոդվածի նպատակը պատմական Հայաստանի վաղեմությունն ապացուցելը չէ, կամ թվարկելը, թե որքան հաճախ է այն հիշատակվում հնագույն աղբյուրներում: Հոդվածի նպատակն  է ընդգծել  կրթական համակարգում ներդրված քարոզչության ահագնացող միտումը, որն, ըստ էության, խրախուսում է երիտասարդ ադրբեջանցի աշակերտներին հավատալ, որ հարևան երկիրը «պատկանում է իրենց»: Այս մտածելակերպը սերմանում է այն գաղափարը, որ եթե ղեկավարությունը նախաձեռնի պատերազմ, պատվաբեր կլինի մահանալ «մայր երկրի» կամ «կորուսյալ հայրենիքի» համար:

Ավելի համապարփակ պատկեր ստանալու համար, մենք նաև որոշել ենք օրինակներ ներառել վերջերս հրատարակված հեքիաթների գրքերից, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների ծրագրերից:

Ի՞նչ հեքիաթներ են պատմում Ադրբեջանում

Բահրամ Բաղիրզադեն, ըստ՝ Ադրբեջանի Հանրապետության Աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի, հայտնի է որպես «Բաքվի տղաներ» զվարճանքի և հումորի ակումբի անդամ, ռեժիսոր, դերասան, հրապարակախոս և պատվավոր արվեստագետ: Բաղիրզադեն նաև ճանաչված է իր հրատարակած հեքիաթների համար: Նրա վերջին գործերից մեկը՝ «Իրևանը երեխաների համար», հրապարակվել է նրա ինստագրամյան էջում:

Բաղիրզադեի գրառման համաձայն, այն «պատմում է հին Իրևան քաղաքի՝ մեծ ադրբեջանական Իրևանի խանության նախկին մայրաքաղաքի հիմնադրման և զարգացման մասին: Դարեր շարունակ այս հողում ապրել են քաջ և աշխատասեր ադրբեջանցիներ: Նրանք մշակել են դաշտեր, կառուցել ամրոցներ, ուսումնասիրել գիտություններ և կառուցել մզկիթներ, ստեղծել արվեստի գործեր և կառուցել ճանապարհներ, կապել անհանգիստ գետերի ափերը կամուրջներով և պայքարել թշնամիների դեմ իրենց հողի ազատության համար: Իրևանը երեխաների համար գիրքը կարդալուց հետո երեխաները կիմանան ամենահետաքրքիր իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել այս ադրբեջանական խանությունում»:

Բաղիրզադեն, ով հրապարակայնորեն հովանավորվում  է Ադրբեջանի պետության կողմից, այդ թվում Աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության և «ԱԶԵՐԹԱՋ» պետական տեղեկատվական գործակալության կողմից, մշակում և տարածում է այն գաղափարը, որ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն իրականում «հին ադրբեջանական քաղաք» է: Այս խոսույթը թիրախավորում  է երեխաներին, որոնք գուցե դեռ կարդալ չգիտեն կամ դպրոց անգամ չեն հաճախում։ Այս ջանքի ծավալն ու բնույթը ավելի պատկերավոր ներկայացնելու համար դիտարկենք Բաղիրզադեի մեկ այլ հեքիաթ՝ վերնագրված «Թբիլիսին երեխաների համար»: Հեղինակի ինստագրամյան էջում այս գրքի մասին գրառումը հետևյալն է.

«Ի պատիվ Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի Ադրբեջան այցի, Բահրամ Բաղիրզադեի ստեղծագործական թիմը պատրաստեց Թբիլիսին երեխաների համար գիրքը: Սա ոչ միայն քաղաքավարության ժեստ է, այլ արևոտ Թբիլիսիի և նրա հյուրընկալ բնակիչների հանդեպ անկեղծ սիրո հայտարարություն՝ մի քաղաք, որը գրեթե երկրորդ տուն է դարձել Բահրամ Բագիրզադեի համար: Հեղինակը զգուշորեն կուղեկցի երիտասարդ ընթերցողներին պատմության լաբիրինթոսների միջով՝ բացահայտելով այս հին և վեհաշուք քաղաքի գաղտնի անկյունները, որը գեղեցիկ է տարվա ցանկացած եղանակին: Թբիլիսին հազվագյուտ մարգարիտ է, որը կարողացել է պահպանել, շնորհիվ իր բնակիչների, ջերմության և հյուրընկալության յուրահատուկ մթնոլորտ, հարմարավետ յուրօրինակ փողոցները և ազգային խոհանոցի գրավիչ բույր: Բահրամ Բաղիրզադեն անկեղծորեն հուսով է, որ երիտասարդ ընթերցողները կսիրեն Թբիլիսին այնքան, որքան ինքը»:

Ինչպես տեսնում ենք, Ադրբեջանի երկու հարևան պետությունները նույն հեղինակի հեքիաթներում պատկերված են խիստ տարբեր կերպ: Հայաստանի մայրաքաղաքը ներկայացված է որպես «հնագույն ադրբեջանական քաղաք», մինչդեռ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին որպես ջերմ և բարեկամական հարևան: Այս հակադրությունը ևս մեկ բացահայտող օրինակ է, թե ինչպես են Ադրբեջանի պետական հովանավորությամբ գործող հեղինակները հետևողականորեն ամրապնդում տարածքային հավակնությունները Հայաստանի նկատմամբ:

Բարձրագույն կրթության դերը ռևիզիոնիստական ​​​​պահանջների տարածման գործում

2023 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի պետական համալսարանի կայքում հրապարակվեց հայտարարություն, որտեղ ասվում էր. «Բաքվի պետական համալսարանում (ԲՊՀ) հիմնադրվել է Արևմտյան Ադրբեջանի ուսումնասիրությունների կենտրոն: Նշվել է, որ նախորդ տարվա դեկտեմբերի 24-ին Արևմտյան Ադրբեջանի համայնքի անդամների հետ հանդիպման ժամանակ նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած գաղափարները և «Արևմտյան Ադրբեջան վերադարձի հայեցակարգի» մշակումը նաև մի շարք խնդիրներ են առաջադրում գիտնականներին և դասախոսներին: ԲՊՀ—ում հիմնադրված կենտրոնը կիրականացնի Արևմտյան Ադրբեջանին վերաբերող տարբեր ուսումնասիրություններ և համակարգված հետազոտություններ: Կենտրոնի գործունեությունը կներառի միջազգային գիտաժողովների, գիտական համագումարների, բանավեճերի կազմակերպում, գրքերի հրատարակում և Արևմտյան Ադրբեջանի համայնքի հետ սերտ հարաբերությունների պահպանում»:

Այս հայտարարությունը ցույց է տալիս ծավալապաշտական ​​հայեցակարգի համակարգայնացումը, որն իրականացվում է նախագահ Ալիևի հրահանգով, ինչն աննախադեպ քայլ է։

2024 թվականի մարտին Ադրբեջանի Պետական Մանկավարժական Համալսարանը ևս հանդես եկավ նմանատիպ հայտարարությամբ։ Համալսարանի կայքում հրապարակված հայտարարության մեջ նշված էր.

«Կենտրոնը մտադիր է հարաբերություններ հաստատել Արևմտյան Ադրբեջանի հարցերով զբաղվող բոլոր պետական և ոչ պետական կառույցների հետ և գործել համակարգված կերպով: Արևմտյան Ադրբեջանի ուսումնասիրությունների կենտրոնը պլանավորում է իր աշխատանքը կառուցել երկու հիմնական ուղղություններով՝ 

—Գիտական հետազոտություններ 

—Կրթական գործունեության կազմակերպում 

Սա ներառում է Արևմտյան Ադրբեջանի պատմության տարբեր շրջանների վերաբերյալ գիտական հետազոտությունների իրականացում և այս ոլորտին գիտական և մեթոդական աջակցության տրամադրում:

Կենտրոնը հատկապես կզբաղվի հայերի կողմից ադրբեջանցիների իրենց հայրենիքից զանգվածային բռնի տեղահանման հետ կապված պատմական ժամանակաշրջանների ուսումնասիրությամբ…»:

Այս նախաձեռնությունը ուղղակիորեն բխում է Ալիևի հրահանգներից, մասնավորապես 2020 թվականի պատերազմից և 2022 թվականի հոկտեմբերից հետո, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայի գագաթնաժողովի ժամանակ ճանաչեց Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս: Չնայած այս ճանաչումը, հավանաբար, նպատակ ուներ նպաստել խաղաղության համաձայնագրի կնքմանը, փոխարենն հանգեցրեց տարածքային պահանջների սրմանը:

Խորհրդային Հայաստանում ադրբեջանցիները զգալի ներկայություն ունեին։ Խորհրդային մարդահամարների տվյալները ցույց են տալիս, որ 1979 թվականին Խորհրդային Հայաստանում ապրել է 160,841 ադրբեջանցի [4], բայց այս թիվը հասել է 84,860-ի՝ 1989 թվականի մարդահամարի տվյալներով [5]։

Միևնույն ժամանակ, Խորհրդային Ադրբեջանում (չհաշված Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը) 1979 թվականին ապրում էր 352,410 հայ, իսկ Լեռնային Ղարաբաղում՝ 123,076 հայ, ընդհանուր առմամբ՝ 475,486 հայ ամբողջ Խորհրդային Ադրբեջանում: Մինչև 1989 թվականը Ադրբեջանում (չհաշված Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը) հայերի թիվը նվազել էր մինչև 245,000, մինչդեռ Լեռնային Ղարաբաղում հայերի թիվն աճել էր մինչև 145,450, արդյունքում խորհրդային Ադրբեջանում հայերի ընդհանուր թիվը կազմում էր 390,500:

Ամփոփում

Կարևոր է ընդգծել, որ «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը ոչ մի կապ չունի ժամանակին Խորհրդային Հայաստանում ապրած ադրբեջանցի փախստականների իրավունքների հետ: Չնայած ադրբեջանցի պաշտոնյաները պարբերաբար փորձում են այն ներկայացնել որպես մարդասիրական խնդիր, այս պատումը չի վերաբերում ադրբեջանցի փախստականներին, և ոչ էլ զուգահեռ է Լեռնային Ղարաբաղի խնդրի կամ 2023 թվականի սեպտեմբերին բռնի տեղահանված հայերի իրավունքների հետ: Իրականում, դա ծավալապաշտական օրակարգ է, որը հստակ ուրվագծված և ուղղորդված է նախագահ Ալիևի կողմից: Այս պատումի լրջության թերագնահատումը ոչ միայն միամիտ է, այլև վտանգավոր, հատկապես հիմա, երբ այն պաշտոնապես ներառվել է Ադրբեջանի կրթական ծրագրերում:

Եթե Խորհրդային Հայաստանում ժամանակին բնակված ադրբեջանցիների թվերը կամ խնդիրները կարող են քննարկման տեղ ունենալ, ապա իրավիճակը զգալիորեն ավելի անհանգստացնող է, երբ Հայաստանի ամբողջ տարածքը պաշտոնապես ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան»: Այս պատումը նոր թափ է ստացել 2020 թվականի պատերազմից հետո և ուժեղացել է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ամբողջական էթնիկ զտումից և հարկադիր արտաքսումից հետո, հատկապես, երբ երկու կողմերը քննարկում են հնարավոր խաղաղության համաձայնագրի և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հարցեր:

Այս պատումի ներառումը պետական դպրոցական ծրագրերում, համալսարանական ծրագրերում և նույնիսկ մանկական հեքիաթներում հստակ ցույց է տալիս, որ Ադրբեջանում մի ամբողջ սերունդ է դաստիարակվում այն համոզմունքով, որ Հայաստանը «Արևմտյան Ադրբեջանն» է և «պատկանում է Ադրբեջանին»: Սա նպաստում է ագրեսիվ մտադրություններով և ծավալապաշտական գաղափարախոսությամբ ձևավորված մտածելակերպի զարգացմանը, որը ջատագովում է միապետական վարչակարգը: Համակարգը բացառում է ցանկացած իրական խաղաղության խոսույթ և ճնշում է այլախոհությունը՝ հաճախ բանտարկելով նրանց, ովքեր պաշտպանում են բռնության բացառումը և խաղաղ համակեցությունը։ 

Ալիևի միապետական վարչակարգի արտաքին շղարշից այն կողմ գոյություն ունեն խորապես մտահոգիչ պատումներ, որոնք հիմնված են պատմական վերաքննության և կեղծ փաստերի վրա: Այս պատմությունները համակարգված կերպով սերմանվում են վաղ մանկությունից՝ նախադպրոցական տարիքից մինչև բարձրագույն կրթական հաստատություններ:

Հայաստանի Սահմանադրության՝ խաղաղության համաձայնագրի խոչընդոտ լինելու մասին հռետորաբանությունը ծառայում է միայն որպես պատրվակ՝ գործիք, որն Ալիևն օգտագործում է իմաստալից բանակցությունները հետաձգելու համար, միաժամանակ, նախապատրաստվելով հետագա թշնամանքի, ինչի մասին նա բացահայտորեն ազդարարում է։

Անժխտելի ճշմարտությունն այն է, որ Ալիևի հավակնությունները երբեք չեն սահմանափակվել Լեռնային Ղարաբաղով: Նա բազմիցս ցուցադրել է տարածքային պահանջների ավելի լայն ախորժակ, և այն, ինչ այժմ տեսնում ենք, մեկ այլ վտանգավոր միտում է: Դժբախտաբար, այս զարգացումը պատշաճ կերպով չի ընկալվում ո՜չ Հայաստանի ներկայիս կառավարության կողմից, ո՜չ էլ պատշաճ կերպով հասցեագրվում է միջազգային գործընկերների կողմից, որոնք պնդում են, որ աջակցում են Հարավային Կովկասում խաղաղությանը: Եթե ժամանակին ընկալվեն և հասցեագրվեն, մի շարք հավանական աղետներ դեռ կարող են կանխվել: Ի վերջո, սա վերաբերում է մարդկային կյանքերին և բարիդրացիական հարևանության հնարավորությանը, որը կրթության և այլ միջոցներով համակարգված կերպով խարխլում են Ալիևը և Ադրբեջանի ղեկավարությունը:

Հաշվի առնելով այս անհանգստացնող միտումը, Հայաստանը պետք է ոչ թե լինի արձագանքողի դերում, այլ լինի նախաձեռնողական և մշակի կանգարգելիչ ռազմավարություն։ Մի ռազմավարություն, որը պաշտպանում է իր ինքնիշխանությունը ոչ միայն սահմանազատման և սահմանագծման միջոցով, այլ նաև օրենքի, ճշմարտության և դիվանագիտության: Բացահայտ ծավալապաշտական պատումի հանդեպ պասիվ մնալը վտանգում է Ադրբեջանի պահանջների նորմալացումը և խրախուսում հետագա ագրեսիան: Հայաստանի կառավարությունը միջազգային գործընկերների ակտիվ ներգրավման կարիք ունի, և դրան հասնելու համար էական է հստակ, հետևողական ուղերձների տարածումը: Հայաստանի Սահմանադրությունը շարունակաբար պաշտպանելու փոխարեն հայ պաշտոնյաները պետք է կենտրոնանան Ադրբեջանում տեղի ունեցող զարգացումների բացահայտման վրա, որոնք տարածաշրջանում իրական խաղաղության հիմնական խոչընդոտն են հանդիսանում:

 

Ծանոթագրություններ.
[1]  16.03.2025, 16.03.2025, 16.03.2025, 17.03.2025, 17.03.2025, 18.03.2025, 18.03.2025, 18.03.2025, 19.03.2025, 19.03.2025, 20.03.2025, 20.03.2025, 21.03.2025, 30.03.2025, 31.03.2025 , 31.03.2025
[2] 01.04.2025, 02.04.2025, 07.04.2025, 9.04.2025, 9.04.2025, 10.04.2025, 11.04.2025, 12.04.2025, 19.04.2025,28.04.2025
[3]  Տես՝ Առանձին ազգությունների թվաքականը Հայկական ԽՍՀ տարածքում 1979 և 1989 թթ․, 1989-ի Հայկական ԽՍՀ մարդահամար, էջ 106.
[4] Տես՝ Առանձին ազգությունների թվաքականը Հայկական ԽՍՀ տարածքում 1979 և 1989 թթ․, 1989-ի Հայկական ԽՍՀ մարդահամար, էջ 106.
[5] Ibid.

Վերջերս հրապարակված

Գեմաֆին Գասպարյան. սևագրեր պարտության մասին

Վարդան Ջալոյան
Ապր 25, 2025

Գեմաֆին Գասպարյանի «Պարտության պատմություն» գիրքը ոչ միայն պատերազմի մասին է, այլ՝ հատկապես պարտության և հոգեկան խեղման, ինքնության և ենթակայության ջնջման, գրում է Վարդան Ջալոյանը՝ անդրադառնալով գրքին, պատերազմի խոսույթներին ու պոեզիայում դրանց վերարտադրմանը։

Read more
Women, Peace, Art: Breaking or Reinforcing Stereotypes?

«Կանայք, խաղաղություն, արվեստ». կարծրատիպերի հաղթահարո՞ւմ, թե՞ վերարտադրում

Մարգարիտա Ղազարյան
Ապր 22, 2025

Խաղաղության թեմայով անցկացված ցուցահանդեսին անդրադարձող հոդվածում Մարգարիտա Ղազարյանը բարձրացրել է համակարգային խնդիրներ, որոնք առկա են քաղաքական արվեստի ու կին արվեստագետների փոխառնչություններում՝ հայաստանյան իրականության դիրքերից։

Read more
The Seven-Year Restoration of the Mother See

Յոթ տարի` Մայր տաճարի ողնաշարը վերականգնելու համար

Գայանե Մկրտչյան
Ապր 21, 2025

Շուրջ յոթ տարվա վերականգնումից հետո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որը համարվում է աշխարհի ամենահին քրիստոնեական տաճարը, վերաօծվեց 2024 թվականին, պատմական իրադարձություն, որը պահպանեց սուրբ որմնանկարները, ամրացրեց հնագույն կառույցը և ամփոփվեց սրբալույս մյուռոնի օրհնությամբ:

Read more
Azerbaijan’s Sham Trials: State-Sponsored Hatred and the Erosion of Peace

Ադրբեջանի կեղծ դատավարությունները. պետության հովանավորած ատելությունը և խաղաղության քայքայումը

Տաթևիկ Հայրապետյան
Մրտ 27, 2025

Բաքվում Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս հայ ռազմագերիների դեմ կեղծ դատավարությունները բացահայտում են Ադրբեջանում պետության հովանավորած հակահայկական ատելությունն ու քարոզչությունը, սրում թշնամանքը, խոչընդոտում խաղաղության ջանքերին և ուժեղացնում Ալիևի բռնապետական ռեժիմի հիմքերը։

Read more

Գենդերային ապատեղեկատվություն. բացատրություն չունի, առեղծված էլ չի

Ռուբինա Մարկոսեան
Մրտ 24, 2025

Անդրադարձ հայաստանյան լրատվամիջոցներում գենդերային ապատեղեկատվությանը, հիմնական թիրախներին ու վտանգավոր կարծրատիպերի վերարտադրման հետևանքներին ու հասարակական ազդեցություններին։

Read more
The Housing Program Helping to Revitalize Armenia’s Border Settlements

Երազանքի տներ սահմանամերձ բնակավայրերում

Գոհար Աբրահամյան
Մրտ 20, 2025

Պետական ​​ֆինանսավորմամբ իրականացվող բնակարանաշինության ծրագիրը փոխակերպում է սահմանամերձ բնակավայրերը՝ բազմաթիվ ընտանիքների ապահովելով նոր տներով ու խթանելով համայնքների զարգացմանը։

Read more
Կասկադի տակ

Կասկադի տակ

Միսակ Խոստիկյան
Փտր 12, 2025

«Հայաստան» համալիրը՝ Կասկադը, անցյալից, թեկուզ ոչ հեռու անցյալից ժառանգված հուշարձան է՝ արվեստի գործ, որը կարիք ունի ամբողջացման, պահպանման և խնամքի, գրում է Միսակ Խոստիկյանը։

Read more
Գոհար Աբրահամյան, Բուժօգնություն. երբեմն անվճար ու արտոնյալ, երբեմն անհասանելի

Բուժօգնություն. երբեմն անվճար ու արտոնյալ, երբեմն անհասանելի

Գոհար Աբրահամյան
Փտր 7, 2025

Ի՞նչ ծառայություններ է ներառում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունն ու սպասարկումը և ովքե՞ր կարող են օգտվել, ի՞նչ խնդիրներ ունի համակարգն ու ո՞րն է տեսլականը։

Read more
Բուժօգնությունը բանտում․ դեղերի պակաս, անպատասխան մնացող դիմումներ

Բուժօգնությունը բանտում․ դեղերի պակաս, անպատասխան մնացող դիմումներ

Աստղիկ Կարապետյան
Հնվ 16, 2025

Անազատության մեջ պահվող անձանց ամիսներով հետաձգվող բուժօգնության, անհրաժեշտ դեղերի բացակայությանն ու փոխարինող դեղերով բուժման խնդիրներին, բուժաշխատողների անբարյացակամ վերաբերմունքին է անդրադառնում Աստղիկ Կարապետյանը։

Read more
disability in prison

«Ընտրել եմ ապրելը»․ հաշմանդամություն ունեցողներն անազատության մեջ

Աստղիկ Կարապետյան
Հնվ 13, 2025

Թեև քրեակատարողական հիմնարկներում իրականացվում են ազատությունից զրկված հաշմանդամություն ունեցող անձանց պահման մատչելի պայմանների ապահովմանն ուղղված միջոցառումներ, սակայն դրանք տեղային են ու ՔԿՀ-ների տարածքները հենաշարժողական խնդիրներ ունեցողների համար շարունակում են մնալ ոչ մատչելի ու ստեղծում են խնդիրներ։

Read more
Աշխատանքն ու կրթությունը բանտում

Աշխատանքն ու կրթությունը բանտում

Աստղիկ Կարապետյան
Հնվ 9, 2025

Ինչպես են անազատության մեջ գտնվողները կրթություն ստանում ու վարձատրվող աշխատանքի ինչ հնարավորություններ ունեն, դատապարտյալներից քանի՞սն է աշխատում ու ինչ խնդիրների է բախվում, անդրադառնում է Աստղիկ Կարապետյանը։

Read more
A Dark Future for the Armenians of Syria, Tigran Yegavian

Սիրիայի հայերի մութ ապագան

Տիգրան Եկաւեան
Դկտ 12, 2024

Սիրիայի քաղաքական համայնապատկերը փոխվում է մեծ արագությամբ։ Թեև ավանդական ընդդիմադիր խմբերը և անթիվ փախստականները ողջունում են այս զարգացումը, հայերն ու այլ փոքրամասնություններ անորոշության մեջ են։ Երևանի տեսանկյունից այժմ հրատապ հարց է, թե ինչպես կազմակերպել մեր հայրենակիցների տարհանումը` օգտվելով ՄԱԿ-ում և Սիրիայում գործող դիվանագիտական ​​ներկայացուցչությունների աջակցությունից:

Read more
Ֆիրդուս. «հիշողության մանեժը»

Ֆիրդուս. «հիշողության մանեժը»

Արսեն ԱբրահամյանևՏիգրան Ամիրյան
Նյմ 28, 2024

Ֆիրդուսի ճարտարապետությունը ոչ միայն ժողովրդական էր, այլև՝ արդյունք էր պայմանավորվածությունների, համակեցության և համաստեղծարարության։ Ֆիրդուսի յուրաքանչյուր տան ավերումը վնասում է ոչ միայն առանձին կետին, այլև՝ Ֆիրդուսի ողջ մարմնին ու հիշողության տարածական ցանցին։

Read more

Պատմամշակութային հուշարձանների ներուժը

Գոհար ԱբրահամյանևՀասմիկ Բալեյան
Նյմ 27, 2024

Կառավարությունն ավելացրել է հուշարձանների վերականգնմանը, պահպանմանը հատկացվող ֆինանսավորումը, ծրագրվում են նաև հանրահռչակմանն ուղղված քայլեր, սակայն, ոլորտում առկա խնդիրներն ավելի բազմազան են։

Read more
The Legacy of Rafael Israelyan, Gohar Abrahamyan

Ռաֆայել Իսրայելյանի ժառանգությունը

Գոհար Աբրահամյան
Նյմ 18, 2024

Մենք փոքր հողատարածք ունենք, բայց պիտի այս հողի վրա էլ կանգնենք հպարտ, արժանավայել ու այնպես կանգնենք, որ ոչ մեկս մյուսի ոտքը չտրորի, ասել էր ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը՝ իրեն վստահված շենքերից մեկը նախագծելիս։ Իսրայելյանի ժամանակակիցները բացառիկ են համարում նրան՝ թե՛ աշխատանքում, թե՛ ընտանիքում, թե ընկերական շրջապատում։

Read more
Return of the Ancient Goddess, Lilit Avagyan

Հին աստվածների վերադարձը

Լիլիթ Ավագյան
Նյմ 7, 2024

Բրիտանական թանգարանում պահվող Անահիտ աստվածուհու արձանից պահպանված մասերն առաջիկա ամիսներին ցուցադրվելու են Հայաստանի պատմության թանգարանում։ Որտեղի՞ց ու ինչպե՞ս էին մնացորդները հասել աշխարհի ամենանշանակալի արվեստի և պատմության թանգարաններից մեկն ու ինչպե՞ս են բերվել Երևան, ներկայացնում է Լիլիթ Ավագյանը։

Read more
Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենք․ պարտադրո՞ւմ, թե՞ խրախուսում

Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենք․ պարտադրո՞ւմ, թե՞ խրախուսում

Արևիկ ՕհանյանևՌուբեն Մարկոսյան
Նյմ 5, 2024

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագծի որոշ դրույթների կիրառման արդյունքում վտանգվելու են բուհական համակարգի մի շարք կարևոր հիմնարար սկզբունքները, կարծում են կրթության փորձագետներ Արևիկ Օհանյանն ու Ռուբեն Մարկոսյանը և առաջարկում այլընտրանքներ։

Read more
Astghik Karapetyan, Motherhood Behind Bars

Մայրությունը՝ ճաղերի հետևում

Աստղիկ Կարապետյան
Նյմ 4, 2024

Ինչպես են Հայաստանում անազատության մեջ գտնվող մայրերը խնամում իրենց երեխաներին քրեակատարողական հիմնարկում, ինչ խնդիրների են բախվում հիմնարկից դուրս գտնվող երեխաների դաստիարակության հարցերում, անդրադառնում է Աստղիկ Կարապետյանը։

Read more
Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:

Բաժանորդագրվել

Բաժիններ

  • Քաղաքականություն
  • Կարծիք
  • Արցախը կիզակետում
  • Մարդ և հասարակություն
  • Մշակույթ
  • Ընտրություններ
  • Ստեղծարար Tech
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ

Հետևեք մեզ





@ 2024 EVN Report. All Rights Reserved

    Subscribe

      Բաժանորդագրվել

      Բաժիններ

      • Քաղաքականություն
      • Կարծիք
      • Արցախը կիզակետում
      • Մարդ և հասարակություն
      • Արվեստ և մշակույթ
      • ԵՎ այլն
      • Ստեղծարար Tech
      • Մարդ և օրենք
      • Տնտեսություն
      • Ընտրություններ
      • Ընթերցողների հարթակ
        • Անցումային արդարադատություն
        • Ընտրական օրենսգիրք
        • Կամավորություն
        • Հայաստան-Սփյուռք հարաբերություններ
        • Հաշմանդամություն ունեցող նորածինների պաշտպանություն
      • Անվտանգության զեկույց
      • Հոդվածների ընդունման կարգ
      • Մեր մասին
      • Կապ
      • Eng
      • Հայ

      Բաժանորդագրվեք մեր ամփոփագրին

      Աջակցություն

      ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ