
Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր՝ հեղինակի ընթերցմամբ:
«Ջա՛ն Հայաստան, ջա՛ն ջրերիդ, ջա՛ն սարերիդ, ջա՛ն Ղարաբաղ…» վերնամասի գրառմամբ դիպլոմային նախագիծը, որի հեղինակը Լենինգրադի գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետական բաժնի 1934 թվականի շրջանավարտ Ռաֆայել Իսրայելյանն էր, գժտեցրել էր դասախոսներին [1]. ոմանք հաստատել են՝ տաղանդավոր գործ է, մյուսներն էլ, թե՝ «եռունդա» (անհեթեթություն): Հավանաբար, դժվար է պատկերացնել, թե հայրենիքի նկատմամբ ինչ սեր ու կարոտ պետք է համակած լիներ նորավարտ երիտասարդին, որ նա նման հանդուգն վերտառությամբ մակագրեր ավարտական՝ «Գետափնյա նավակայան»-ի (Речной вокзал) աշխատանքը։
Թիֆլիս-Լենինգրադ-Երևան
Ռաֆայել Իսրայելյանը ծնվել է 1908-ին, Թիֆլիսում, ուսուցիչներ, արմատներով շուշեցի հոր ու նախիջևանցի մոր ընտանիքում։
«Միջահասակ էր, նիհար, ջլուտ ու թիկնեղ։ Ամառ-ձմեռ օձիքը բաց էր, թեթև հագնված։ Արագաշարժ էր, արագավազ, ճկուն, կեցվածքով մարզիկ էր հիշեցնում։ Աշակերտական խաղերին մասնակցում էր ներքին հրճվանքով, ամբողջովին կլանվելով, բայց չափը երբեք չէր անցնում, միշտ իրեն պահում էր վայելուչ։ Գիտեր սրախոսել, ուրիշի սրախոսությունն էլ գնահատում էր ու արձագանքում դրան»,- Ռաֆայել Իսրայելյանի պատանիությունն այսպիսին է հիշում [2] իր հետ նույն դպրոցում ուսանած ճարտարապետ Էդմոնդ Տիգրանյանը՝ հավելելով, թե ուսումնառության տարիներին Իսրայելյանը որևէ առարկայի նկատմամբ առանձնակի հետաքրքրություն չուներ, իսկ դպրոցն ավարտելուց հետո էլ իմացել են, թե ընդունվել էր երկաթուղային տեխնիկում։
Սակայն, ինչպես հիշում է Տիգրանյանը, տեխնիկումի առաջին կուրսն ավարտելուց հետո, «երթևեկելու ձրի տոմս ստանալու շնորհիվ» Իսրայելյանն ընկերոջ հետ որոշում է ճանապարհորդել Թիֆլիս-Մոսկվա-Հեռավոր արևելք երթուղիով։
«Մոսկվայում շրջելիս ընկնում են ինչ-որ ցուցահանդես (երևի նորակառույցների) Ռաֆոն ընկերոջն ասում է, թե «…էս ի՜նչ լավ բաներ են, ես էլ դենը գնացողը չեմ, վերադառնում եմ տուն ու էս տեսածս գործով գբաղվեմ…» [3],- գրում է Տիգրանյանը։
Այսպիսով, նա 1926-ին ընդունվում է Վրաստանի գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետության ֆակուլտետ, 1929-1936-ին ուսումնառությունը շարունակում է Լենինգրադում, նախ ստանում ճարտարապետ նախագծողի, այնուհետև ճարտարապետ-արվեստագետի, հետո էլ ճարտարապետ-նկարչի կոչումներ:
Այդ տարիներին Իսրայելյանին հաջողվել էր համախմբել Լենինգրադի նույն ակադեմիայում ուսանող 40-ից ավելի հայ երիտասարդների, որոնք մինչ այդ գրեթե չէին շփվում։
«Զրույցները տևում էին մինչև ուշ գիշեր՝ մեր հեռավոր փոքրիկ հայրենիքի մասին, մեր գյուղերի, ճարտարապետական կոթողների, գրականության, արվեստի մասին» [4],- Իսրայելյանի մասին հուշերում գրում է նկարիչ Ցոլակ Ազիզյանը։
Սակայն, թե ինչպես է Իսրայելյանը, առհասարակ, իմացել իր բուն հայրենիքի՝ Հայաստանի մասին՝ նա մանրամասնել է 1965-ին գրված «Երբ ասում են «Հայաստան» ակամա ոտքի եմ կանգնում» [5] պատմվածքում. «1915 թվականին էր… Մի սովորական օր էր, երբ այդ անունը մխրճվեց մանկական ուղեղիս մեջ: Այդ առավոտ, երբ մեր տուն բերին օրվա լրագիրը, նկատեցի նրա արտասովոր գույնը:
Բոլոր էջերը կարմիր տառերով էին տպված։
Հայրս իմ հարցին պատասխանեց, թե Հայաստանը ողողվել է արյամբ, լրագիրն էլ այդ բոթն արյան գույնով է տպել»:
Մեծանալով ու ավելին իմանալով իր ժողովրդի պատմության մասին, ինքն էլ որոշել է նրա ամոքման մեջ իր ներդրումն ունենալ։ Պատմվածքի վերջում, ամփոփելով Հայաստանի մասին իմանալու 50 տարին, նա գրել է. «Եվ մենք, ճարտարապետներս, լծվել ենք մեր լեռնաշխարհը կառուցելու մեծ գործին, որ ավելի գեղեցկանա մեր սքանչելի Հայաստանը, ավելի շեն ու շքեղ դառնան նրա գյուղերն ու քաղաքները, որ մեր երիտասարդ սերունդն ավելի լավ ճանաչի ու սիրի իր հայրենիքը»։
Ուսումնառությունից հետո, կնոջ` Սոֆիա Մուրադյանի հետ (ամուսնացել են 1934-ին), 1936-ին տեղափոխվում է Հայաստան՝ Երևան՝ ասես նույն տարում կյանքից հեռացած Ալեքսանդր Թամանյանին փոխարինելու։ Իսկ Թամանյանին նա համարում էր «սքանչելի Երևանի հիմնադիրը», որին պարտական ենք մեր աչքերը բաց անելու և հոյակապ շենքերը հիմնելու համար։
«Անցնում էի այն պուրակով, ուր այժմ քար է դրված և վրան գրված, որ այստեղ կանգնեցվելու է Ալեքսանդր Թամանյանի արձանը։ Քարի մոտով անցնելիս ակամա հանեցի գլխարկս։ Ինչքա՜ն ենք պարտական այս մեծ մարդուն… »,- գրել է Իսրայելյանը՝ «Ճարտարապետ Թամանյանը և մանուկները» պատմվածքում [6]։
Ճարտարապետական փոքր ու մեծ ձևերի անգերազանցելին
Երևանի կենտրոնում՝ պատմական բերդի տարածքում հիմնված «Արարատ» կոնյակի-գինու-օղու գործարանի կառուցումը Երևանում դառնալու էր այն առաջին մեծ ու պատասխանատու աշխատանքը, որն Իսրայելյանին հանձնարարվելու էր:
Նրա կատարած աշխատանքը, հակադրվելով այդ ժամանակի արդյունաբերական շինարարության պարզունակ ու միապաղաղ թելադրանքներին, խուլ կամարաշարերով պատով գործարանին հաղորդում է բերդապարիսպի տեսք՝ հիշատակելով Երևանի բերդի տարածքում տեղակայումը։
Իսրայելյանը շարունակել է պատերին արձանագրություններ թողնելու հին հայկական ավանդույթը՝ այսպիսով նաև յուրովի հաղորդակցություն ստեղծելով անցյալի ու ներկայի հետ: Օրինակ՝ հայերենով ու ռուսերենով նա նշել է, որ 1827-ին այս տարածքում, հեղինակի ներկայությամբ, առաջին անգամ բեմադրվել է Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» ստեղծագործությունը։ Մեկ այլ գրությամբ էլ նա գովաբանել է աշխատավորին ու պատգամել հիշել նաև շինարարներին:
Իսրայելյանը, որ մեծ գիտակ էր ոչ միայն համաշխարհային գրականության, այլև հայկական ու տարբեր ժողովուրդների բանահյուսության, իր աշխատանքներում հաճախ էր կիրառում դրանցից տարրեր։ Ու այս շենքի կամարակապ մուտքի վերին մասում ամփոփված քանդակը պատկերում է հանրահայտ առակն այն մասին, որ գինին պետք է խմել այնքան, որ առյուծ սպանեք։ Առակային բովանդակությամբ մյուս քանդակն էլ հիշեցնում է խաղողներին հասնել փորձող աղվեսներին։
Սակայն շենքի ամբողջական կառուցումը ճարտարապետի կյանքի օրոք չի ավարտվել: 1970-ականների սկզբին նա գրում է. «Սա մի անհատնում խոսք է, մի բազմավեպ, որի գործող անձինք անընդհատ փոխվում են, ավելանում, որպեսզի շարունակեն նախորդների արածը, մեծացնեն ու հարստացնեն հայոց գինու հրաշալի ամբարները: Եվ ահա այդ գործարանը, հետզհետե զարգանալով, պիտի մոտենա իր հիմնական կերպարին, Հրազդանի ժայռապատ ձորի գլխինվեր խոյանա որպես մի հուժկու ժայռակոփ բերդ»:
Արդեն նոր դարում` 2012-ին է կառուցվել շենքի արևմտյան ծայրում նախագծով նախատեսված վարչական աշտարակը՝ ամբողջացնելով Իսրայելյանի պատկերացնումները։
Իսրայելյանի՝ Հայաստան տեղափոխվելու շրջանը բարդ ժամանակների հետ համընկավ. դժվար էին ինչպես սոցիալական, այնպես էլ քաղաքական պայմանները: Իսրայելյանի քրոջ թոռը՝ ճարտարապետ Մանուշակ Տիտանյանը հիշում է 1937-ին գնդակահարված իր պապին, որն իր համար ուժի և անկոտրունության կերպարն էր, ու զուգահեռ ընդգծում իր համար մյուս կարևոր կերպարին՝ Իսրայելյանին՝ որպես սուս-փուս, անընդհատ նպատակին գնացող մարդու. «Պապս, փաստորեն, պինդ էր, բայց ոչինչ չարեց շատ, որովհետև գնդակահարեցին, իսկ Իսրայելյանը ավելի զուսպ էր, բայց շատ-շատ բան արեց»։
Առջևում էր նաև Համաշխարհային երկրորդ պատերազմը, որի ընթացքում էլ Իսրայելյանն առաջարկեց աղբյուր-հուշարձանների միջոցով հավերժացնել պատերազմի մասնակից հերոսների հիշատակը: Ու տարիներ անց, նրա 50-ամյակին Հովհաննես Շիրազը պետք է ասեր. «Հայաստանի ջրերն ինչքան կարկաչեն՝
Աղբյուր դարձած քո անո՛ւնը կկանչեն…» [7]։
Իսրայելյանի նախագծած առաջին աղբյուրները, արդեն 1943-ին, կառուցվեցին Փարաքարում ու Ստեփանավանում։ Պատերազմից հետո էլ նա, իր մեծածավալ գործերին զուգահեռ, շարունակեց կառուցել նաև աղբյուրները, որոնք դարձան նրբաքանդակ ճարտարապետության փոքր ձևերի նրա հարուստ ժառանգության մասնիկներից։
Ճարտարապետ Մարկ Գրիգորյանը հիշում է [8], որ ճարտարապետական այդ փոքր կառույցների պատկերները ծնվում էին ոչ միայն արվեստանոցում, այլև նիստերի ժամանակ և նույնիսկ ռեստորանում. «Թվում էր` նրա ձեռքը չէր հանգստանա, մինչև չնկարեր։ Նկարում էր աղբյուր-հուշարձաններ, ճանապարհներ ձևավորվելու նպատակով` ուղենիշ-կոթողներ` արծվի կամ առյուծի քանդակով, հաճախ էլ մեծ սիրով ցայտաղբյուրների գողտրիկ ձևեր էր հորինում։ Ու նաև հախճապակե ամանների, ոսկերչական առարկաների էսքիզներ էր անում, զբաղվում գրքի գրաֆիկայով»։
Սակայն, արդեն հաղթանակը դառնալու էր Իսրայելյանի կյանքի թերևս ամենանշանավոր աշխատանքի կերտման առիթն ու շնորհելու էր նրան ամենաբարձր՝ ԽՍՀՄ պետական մրցանակին։
1944-ին խորհրդային իշխանությունները նախ որոշում են Երևանում կառուցել հաղթակամար, որի մրցույթում ընտրվում է Իսրայելյանի աշխատանքը։ Սակայն, ավելի ուշ ծրագրվում է կառուցել հաղթանակը խորհրդանշող մի ամբողջ համալիր։
Քանի որ Իսրայելյանն էր հաղթել նախորդ մրցույթում, այս կոթողի իրականացումը հենց նրան էլ վստահվում է։ Ու չնայած պահանջվող չափսերով ու լուծումներով անկրկնելիությանը, այնուամենայնիվ, Իսրայելյանը, որ մշտապես հիանում էր Հայաստանի ճարտարապետական ժառանգությամբ ու օգտվում էր դրանց լուծումներից, այս անգամ էլ կիրառում է հատվող կամարների ու կենտրոնագմբեթ տաճարների հորինվածքը, ինչի շնորհիվ էլ կարողանում է ստանալ շուրջ 30 մետրանոց դեպի վեր հարաճոխ սեյսմակայուն պատվանդանը, որի վրա էլ հետագայում կանգնեցվեց նախ Ստալինի 17 մետրանոց, ապա «Մայր Հայաստան»-ի 22 մետրանոց արձանը։
Ճարտարապետը, որն իր աշխատանքներում մշտապես մեծ ուշադրություն էր դարձնում կառույցի նյութին ու գույնին, այս դեպքում ընտրում է երևանյան մուգ դարչնագույն տուֆը, որը նաև կապ է ստեղծում բարձունքի հետ, որի վրա 1950-ին խոյացավ կառույցը։ Իսրայելյանը, ինչպես միշտ, այս դեպքում ևս, անձամբ, մանրազնին մշակել է նաև կոթողին հարող ճարտարապետական բոլոր փոքր ձևերն ու գեղազարդային տարրերը՝ ճաղեր, լուսասյուներ և այլն: Իսրայելյանը սիրում էր անձամբ, տեղում հետևել իր նախագծով իրականացվող շինարարությունների ընթացքին։
«…Ներքին խանդավառությամբ առլեցուն, պատմելու ընթացքում Իսրայելյանը հերթով մոտենում էր Հաղթանակի հուշարձանի պատվանդանի դահլիճների պատերին և գլխավոր մուտքի դռանը փորագրված զարդաքանդակներին, ձեռքի ափով նրբորեն շոյում իր երևակայության ուժով ծաղկած անշունչ քարերը, ինչպես ծնողը կշոյեր սիրասուն զավակների գանգուրները…» [9],- Իսրայելյանին նվիրված գրքում իր հիշողություններով է կիսվում գրականագետ Արամ Ղանալանյանը, որն Իսրայելյանին ճանաչում էր դեռևս Թիֆլիսի դպրոցական տարիներից, հետո երկուսն էլ պետք է տեղափոխվեին Երևան, համագործակցեին ու ավելին՝ դառնային խնամիներ (Իսրայելյանի դուստրն ամուսնացել է Ղանալանյանի որդու հետ, նրանց զավակը՝ ճարտարապետ Արամ Ղանալանյանն է զբաղվում Իսրայելյանի ժառանգության պահպանմամբ ու հանրահռչակմամբ):
Պատերազմի հաղթանակի 25-ամյակին՝ 1970-ին, պատվանդանի ներսի շուրջ 3000 քառակուսի մետր տարածքում բացվեց «Հայաստանը Հայրենական մեծ պատերազմում 1941-1945 թվականներին» թանգարանը։ 1995-ին այն վերանվանվեց պաշտպանության նախարարության «Մայր Հայաստան» ռազմական թանգարանի, որի ցուցադրությունը բաղկացած է երկու հիմնական մասից՝ «Հայ ժողովրդի մասնակցությունը երկրորդ համաշխարհային պատերազմին» և «Արցախյան ազատագրական պատերազմ»։
1982-ին Իսրայելյանի որդու՝ Արեգ Իսրայելյանի ղեկավարությամբ կառուցվեց նաև հոր նախագծած կամարը, որը դարձավ զբոսայգու հիմնական մուտքը։
Ու չնայած աշխարհակարգերի փոփոխություններին, քաղաքաշինական վերաձևումներին, մայրաքաղաքում երկնաքերերի մրցավազքին, մի քանի տասնամյակ անց էլ Երևանի բարձունքում խոյացած այս կոթողը շարունակում է անգերազանցելի դիրք ունենալ քաղաքում ու ներդաշնակվել ժամանակի ընթացքին։
1960-ականներին, երբ Հայաստանում սկսվեց տարածվել ռեստորանային մշակույթը, Հաղթանակի զբոսայգու բարձունքի մի հատվածում, 1960-ին բացվեց սպիտակ քարից, հինգ կամարներով մուտքով, շենքի արևելյան պատին մեկ ոտքի վրա կանգնած արագիլ հարթաքանդակով «Արագիլ» ռեստորանը։ Ու թեև ի սկզբանե որոշվել էր, որ ռեստորանը պետք է կրեր հայերի համար բազմանշանակ այս թռչունի անունը, վերադասները վերջին պահին որոշել էին հաճոյանալ վերնախավին ու այն անվանել «Մոսկվա»։ Նման քայլ չանելու մասին Իսրայելյանի հորդորներն անարձագանք են մնում, սակայն նա տեսակցություն է խնդրել Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Յակով Զարոբյանից, ով հարցին լուծում է տվել, ու ընդամենը երկու օր անց ռեստորանի ճակատին էին «ԱՐԱԳԻԼ» տառերը:
Իսրայելյանին նվիրված գրքում նկարիչ Ցոլակ Ազիզյանը գրում է. «Շատ ուրախացավ, երբ «Արագիլ» ռեստորանը կառուցվեց։ Երբեմն ժամանակ էինք անցկացնում այնտեղ՝ ընտանիքով, ընկերների ու բարեկամների հետ։ Շենքի մասին երբեք չէր խոսում, բայց հիանում էր այնտեղից երևացող Երևանով ու Արարատով։ Երբ նստած էինք լինում կամարների տակ, առաջարկում էր գնալ Արարատը նայելու աջ մասում կառուցված տաղավարից, որ հատկապես կառուցվել էր այդ լեռը վայելելու համար» [10]։
Երևանն իր ափսեում ներառող բացառիկ տեղադիրք ունեցող ռեստորանն արդեն տասնյակ տարիներ անուշադրության է մատնված ու քայքայվում է։
Իսրայելյանի նախագծով կառուցվեցին ռեստորաններ ոչ միայն Երևանում, այլև Վանաձորում ու Հրազդանում։
Իսրայելյանը ներգրավվում էր նաև բնակելի նշանակության շինությունների կառուցման գործում։
Առայսօր Երևանի լավագույն բնակելի շենքերից են նրա նախագծով դեռևս իր առաջին աշխատանքներից՝ 1937-ին Նալբանդյան փողոցում կառուցված քառահարկ շենքը, Բագրատունյաց փողոցում 1954-ին կառուցված հինգ հարկանի, կամարակապ շենքը, Մաշտոցի պողոտայում 1956-ին կառուցված կրկին հինգ հարկանի շենքը։
Իսրայելյանն ասում էր, որ բնակելի տների տիպային նախագծերը պետք է «լավերից լավագույնը» լինեն, քանի որ պետք է բազմիցս կրկնվեն, իսկ այդ տներով կառուցված քաղաքը պետք է կարողանա շոյել մարդու աչքը։ Նա նաև հաճախ էր հիշում Շուշիի օրինակը․ «Տները այս քաղաքում, որպես օրենք, երկու-երեք հարկանի են, պատերը կոպտատաշ քարերից են, պատուհանները երիզված են մաքուր սրբատաշ մեծ քարերով, շքամուտքերը, որ ծառայում են նաև բակ մտնելու համար, նույնպես երիզված են քարով։ Այստեղ խոսք անգամ չկա միապաղաղության կամ ձանձրույթի մասին» [11]։
Ճարտարապետական փոփոխություններ հրահրող այդ տարիներին Իսրայելյանին անհանգստանում էր, որ արագորեն աճող բարձրահարկերը մի օր կարող են ծածկել այնպիսի տեսարաններ, ինչպիսիք են Արագածը, Հրազդանն ու Գետառը, որի ջրերը նա առաջարկում էր բարձրացնել ու շուրջը հանգստի վայրեր ստեղծել։ Այն նույն Գետառի, որի հունը կասկածելիորեն պետք է փոխվեր տարիներ հետո, ու առհասարակ, փակվեին քաղաքում դրան տեսանելի հատվածները։ Իսկ Արարատը նրա պաշտամունքն էր։ Կարծում էր, որ Երևանի փողոցները պետք է այնպես նախագծվեն, որ այնտեղից երևա բնության այս հրաշքը, որին նվիրեց նաև Գառնու ճանապարհի հայտնի կամարը՝ «Արարատի տաճար»-ը կամ, ինչպես ժողովուրդն է ասում, «Չարենցի կամար»-ը։
Իսրայելյանը նաև հատուկ վերաբերմունք ուներ Երևանի հին տների նկատմամբ ու կարծում էր, որ դրանք զգուշորեն պետք է պահպանել ու այնպես վերակառուցել, որ հնարավոր լինի օգտագործել։
Ինքն էլ իր տունն էր այնպես կառուցել, որ ասես ինքնին մշակութային ժառանգություն պետք է լիներ։ 1936-ին Երևան տեղափոխվելուց ու մի քանի ամիս վարձակալությամբ ապրելուց հետո նա հողատարածք էր ստացել Մոսկովյան փողոցում (ներկայումս Սարյան), ուր ապրում էին արդեն հայտնի արվեստագետներ Մարտիրոս Սարյանը, Հակոբ Կոջոյանը, Վարազդատ Հարությունյանը։ Իսրայելյանը սկսում է իր երազանքների տան կառուցումը, որը, սակայն, կարողանում է ավարտին հասցնել միայն 1954-ին։
«Ապրում էր սուղ պայմաններում, բայց չէր տրտնջում։ Ուրախ էր, որ աշխատում էր իր երկրում, իր ժողովրդի համար և նույն տրամադրությունն էլ ներշնչում էր կնոջը։ Հետո տուն շինեց։ Սկզբում մի սենյակ։ Անձրևի ժամանակ կտուրը կաթում էր բոլոր տեղերից։ Իրեր չունեին, եղած-չեղածը մի սեղան էր, երկու աթոռ։ Հետագայում, երբ մյուս սենյակները շինվեցին, նրա տունը դարձավ ընկերների ամենացանկալի հավաքատեղին։ Ով ուզեր՝ կմտներ այդ տունը մենակ կամ խմբով, օրվա բոլոր ժամերին» [12],- հիշում է Ցոլակ Ազիզյանը։
Իսրայելյանն անձամբ էր ձևավորել իր բնակարանի տարբեր մասերը, նախշերով զարդարել իր տան պատերի խորշերը, նրա էսքիզներով էին պատրաստվել երկրորդ հարկ տանող կաղնեփայտյա աստիճանների ճաղերը, որոնք երկու կողմերում ոճավորված շուշանաձև մանր նախշեր ունեին, իսկ ամբողջական տեսքով կենաց ծառեր էին հիշեցնում: Իսրայելյանի էսքիզներով էին պատրաստված նաև իր աշխատասենյակի փայտե դարակները՝ երկու ծայրերում թռչունների պատկերներով: Իսկ դարակների վրա շարված էին նրա սիրելի հնագիտական առարկաները: Բակի քարե պարսպի կողքին, ընկուզենու տակ, սեղան էր դրված ու նստարաններ, որն Իսրայելյանի ամենասիրելի վայրն էր։
Տունը 1970-ականներից ընգրկված է եղել պետության կողմից պահպանվող պատմամշակութային հուշարձանների շարքում, սակայն 2004-ին կազմված նոր ցուցակներում չի ներառվել ու ավելի ուշ վաճառվել է ժառանգների կողմից։ Ցավոք, 2011-ին տունը քանդվեց՝ զոհ գնալով հենց Իսրայելյանի այդքան չսիրած քաղաքաշինական փոփոխություններին, այսօր դրա տեղում քաղաքի հերթական հյուրանոցներից մեկն է։
Իսրայելյանի քաղաքաշինական զգայունությունն ընդգծվեց նաև 1955-1956-ին «Նկարիչների միության» եռահարկ շինության վրա աշխատելիս։ «Մոսկվա» կինոթատրոնի շրջակայքում, «Երևան» հյուրանոցին կից կառուցվելիք շենքի դեպքում Իսրայելյանը հատուկ ընդգծել էր մյուս կառույցների հետ համաձայնեցվածության կարևորությունն ու քաղաքաշինական միասնական լուծում գտնելու հարցը: Ու երբ Իսրայելյանին հարցրել են, թե ինչու է շարունակել հյուրանոցի հեղինակ Բունիաթյանի ոճը` ստվերում թողնելով իրենը, նա պատասխանել է. «Մենք փոքր հողատարածք ունենք, բայց պիտի այս հողի վրա էլ կանգնենք հպարտ, արժանավայել ու այնպես կանգնենք, որ ոչ մեկս մյուսի ոտքը չտրորի»:
Հայաստանում լայն տարածում գտած սանդղաձև հարկերով շինությունների կառուցումը ևս Իսրայելյանն է առաջին անգամ կիրառել՝ ժամանակակից ճարտարապետությանը հարիր լուծումներ տալով 1958-1961 թվականներին Արզական գյուղի մոտակայքում կառուցվող առողջարանի ժամանակ։ Այս տարածքը, փոքր ինչ վերափոխումներով, այսօր էլ գործում է որպես հյուրանոց:
Ասում են, որ եղեռնի զոհերի հիշատակին հուշարձան կանգնեցնելու գաղափարն էլ է առաջինն Իսրայելյանը հայտնել ճարտարապետների միությունում ժողովի ժամանակ դեռ 1964-ին: Ու հենց իր՝ անհամաչափ, միահյուսված խաչքարերի նախագծով 1915-ի նահատակներին նվիրված առաջին հուշարձանը Խորհրդային Հայաստանում կանգնեցվեց 1965-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնությամբ՝ Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցին:
Առհասարակ, 1960-ականները նշմարվում էին եկեղեցու հետ սերտ համագործակցությամբ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Իջման սեղանի նախագծման և քանդակազարդման էսքիզների մշակումը հանձնարարվեց հենց Իսրայելյանին, նրան վստահվեց նաև Ավագ սեղանի նախագծի մշակումը։
Այս տարիներին էր նաև, որ սփյուռքում հայկական նոր եկեղեցիների կառուցմանը ևս առաջնահերթություն տրվեց: Սփյուռքի կառույցները Մայր Աթոռից օգնություն էին հայցում՝ նոր եկեղեցիների շինության համար նախագծեր կազմելու կամ իրենց կազմած նախագծերը վերանայելու և մասնագիտական կարծիք հայտնելու համար:
Միլանի Հայոց Սուրբ Քառասուն մանկանց եկեղեցին առաջին նախագիծն էր, որ մշակվեց Մայր Աթոռի աջակցությամբ՝ Իսրայելյանի հեղինակմամբ։ Նա կարողացել էր հմտորեն համադրել հայկական եկեղեցական ճարտարապետության ավանդույթներն արդիական պահանջներին։ Իսրայելյանի աջակցությամբ է կառուցվել նաև Մոնտեվիդեոյի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցին։ Նյու-Յորքի Սուրբ Վարդան եկեղեցու նախագծումը ևս վստահվեց Իսրայելյանին, թեև նրան թույլ չտրվեց մեկնել ու տեղում մասնակցել կառուցման աշխատանքներին։ Իսրայելյանի նախագծով է վերականգնվել նաև Երևանի կենտրոնում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցին։
Սակայն, Իսրայելյանի աշխատանքներում հատուկ տեղ ունի 1918-ի հերոսամարտին նվիրված Սարդարապատի հուշահամալիրը։ Ամեն բան սկսվել էր ճակատամարտի վայրում հաղթանակի 50-ամյակին նվիրված մի հուշաքանդակ կանգնեցնելու մտքից: Սակայն, երբ առաջարկը ստացած քանդակագործը ներկայացրել է իր՝ ավտոմատավոր զինվորի արձան քանդակելու մտահղացումն Իսրայելյանին, ճարտարապետը որոշել է՝ պետք է ստեղծել հզոր գործ: Նա սեփական նախաձեռնությամբ կատարել է նախագծերի մի քանի տարբերակներ։
Ասես որպես դարպաս, երկու կողմում թևավոր ցուլերի արձաններն են, դրանց միջնամասում, փոքր-ինչ հետ, զանգաշտարակն է, որի փոխարեն ի սկզբանե Իսրայելյանը նախատեսել էր 40 մետր բարձրությամբ, վիթխարի թուր: Սակայն «լուռ» ժամանակներ էին, չէր կարելի «չափն անցնել», այն էլ Թուրքիայի հետ։ Ու Իսրայելյանը թրի փոխարեն նախագծում է զանգաշտարակը. չէ՞ որ Սարդարապատի ճակատամարտի մասնակիցները հավաքվել ու թուրքական բանակին դիմավորել էին եկեղեցու զանգերի ղողանջներով: Հարևան երկրին «չբարկացնելու» պատճառով, ճարտարապետը փոխում է նաև զանգաշտարակին հետևող երկար և լայն կանաչապատ ճեմուղու երկայնքով դասավորված հինգ արծիվների դիրքը՝ դեպի Թուրքիա նայող ձախից՝ աջ՝ դեպի Հայաստան։ Ճեմուղին ավարտվում է կիսաշրջանաձև, այլաբանական պատկերներով, հրեղեն ձիերի հարթաքանդակներով հուշապատով, որի մեջտեղում մեծ կամարաձև բացվածք է՝ ճանապարհ դեպի ազգագրության թանգարան, որով էլ եզրափակվում է հուշահամալիրը: Սակայն այս շենքին էլ է Իսրայելյանը եզակի լուծումներ տվել. այն ասես ամրոց լինի՝ խուլ պատեր, հազարաշեն վեր խոյացող գմբեթ, որն էլ ապահովում է ընդարձակ սրահների լուսավորությունը։ Ճարտարապետն այս շենքում ընդամենը երկու նեղ պատուհան է թույլ տվել՝ մեկն ուղղված դեպի Արարատ լեռը, մյուսը՝ դեպի Արագածը:
Ցոլակ Ազիզյանը գրում է, որ Իսրայելյանին երբեք ավելի լարված ու հուզված չէր տեսել, քան Սարդարապատի թանգարանի շենքի նախագծման և կառուցման ժամանակ, ոչ մի կառույց նրան ադքան չէր մտահոգել. «Շարունակ ասում էր՝ այստեղ վերջին կամարներն են արվում, ժամանակները փոխվել են, այսուհետև մեր նախագծերում կամարը կդառնա հազվագյուտ բան։ Կառուցման ընթացքում շրջում էր դահլիճներում, ցույց էր տալիս առանձին ինտերյերներ, անկյուններ, բակեր, առանձին պատեր, դրանց ձևավորումը՝ անսպասելի ու ինքնատիպ լուծումներով։ Եվ այդ բոլորն անում էր մի թաքնված տրտմությամբ, կարծես գիտեր, որ դա իր վերջին կառույցն է, իր կարապի երգը» [13]։
Սակայն ֆինանսական խնդիրների հետևանքով «Ազգային ազատագրական պայքարի թանգարանի» շինարարությունը կանգ է առնում, ու արդեն «Հայաստանի ազգագրության և ազգային-ազատագրական պայքարի պետական թանգարան»-ը բացվում է վարպետի մահից հետո՝ 1978-ին։
Ազատագրական պայքարների թեման Իսրայելյանը շարունակեց արդեն Նոր Հաճնում, Մուսա Լեռում ու Ապարանում ծրագրված հուշարձանների ժամանակ, որոնք ամբողջացրին Իսրայելյանի վերջին շրջանի ճարտարապետական խոսքը։ Ինչպես դրանք, այնպես էլ Աշնակ գյուղում հայ ազգային ազատագրական շարժման գործիչ Գևորգ Չաուշի թանգարանը, որի նախագծի մասին երկար ժամանակ վախենում էին անգամ խոսել, արդեն կառուցվեցին Իսրայելյանից հետո։ Ըստ նախագծի՝ թանգարանի աշտարակին պետք է կանգնեցվեր դեպի Արևմտյան Հայաստան թռչող արծիվը, այն տեղադրվեց միայն 2014-ին։
Իսրայելյանը մահացավ 1973-ի սեպտեմբերի 8-ին, ընդամենը 64 տարեկանում։ Նա, իհարկե, փորձում էր պայքարել հիվանդության դեմ, մինչև կյանքի վերջին օրը մատիտները բարձի տակ էր պահում և աշխատում էր իր մեջ մի փոքր ուժ գտնելուն պես։
«Մոսկվայում, վիրահատությունից առաջ, ես հասկացա, որ նա գիտի իր հիվանդության մասին և խաղում է մեր առաջ, թե իբր սովորական վիրահատության է ենթարկվելու։ Այդպես քաջ էլ պահեց իրեն մինչև վերջ։ Կատակում էր, հարցուփորձ էր անում Ապարանի հուշարձանի կառուցման մասին և օրըստօրե հալվում էր, մաշվում և հեռանում կյանքից ու մեզանից…» [14],- հիշում է Ցոլակ Ազիզյանը։
Իսրայելյանի ժամանակակիցները բացառիկ են համարում նրան՝ թե՛ աշխատանքում, թե՛ ընտանիքում, թե՛ ընկերական շրջապատում։
«Վարչական ամենափոքրիկ աշխատանքն անգամ ճնշում էր նրան։ Նա իրեն լավ էր զգում միայն ստեղծագործական միջավայրում, աշխատանքի մեջ, որ իր տարերքն էր» [15],- գրում է Մարկ Գրիգորյանը։
Թերևս դա էր պատճառը, որ Իսրայելյանը մեծ պաշտոններ չզբաղեցրեց, ջերմորեն շփվում էր բոլորի հետ ու սիրվում բոլորի կողմից։ Շատ էր սիրում երեխաներ, ու իր հինգ երեխաներից յուրաքանչյուրի աշխարհ գալը մեծ տոն էր նրա համար, որոնց հաճույք պատճառելու համար հիանալի խաղեր էր ստեղծում, արտասանում, երգում, պարում, զբոսանքի տանում։
Նրա որդին՝ Արեգ Իսրայելյանը հիշում է [16], որ հայրն ընտանիքին վերաբերում էր իբրև սրբության, որտեղ մայրն աստվածուհի է և պաշտելի ընտանիքի բոլոր անդամների կողմից։
«Կյանքի վերջին օրերին հանկարծ որոշեց տունը վերանորոգել։ Երբ մեր հարևանը հարցրեց, թե ի՞նչ վերանորոգման ժամանակ է, երբ իրեն հանգիստ է պետք, հայրիկը պատասխանեց.
-Սոֆիկիս համար եմ անում»,- գրում է Արեգ Իսրայելյանը։
Հիվանդության ծանր օրերին անգամ ամենափոքր հնարավորության դեպքում գնում էր աշխատանքի։ Ղեկավարը, չնայած մուտքի սահմանափակումներին, կարգադրել էր Իսրայելյանի հետ գործ ունեցողներին անխափան ներս թողնել։ Ու մի անգամ, երբ Իսրայելյանը գալիս է աշխատանքի, պահակը, որ նոր մարդ էր ու չէր ճանաչում նրան, հարցնում է, թե ում մոտ է գնում։ Ճարտարապետը հումորով պատասխանում է. «Իսրայելյանի՛»,- ու անարգել բարձրանում վերև։
Հանրապետության տարբեր հատվածներում իր հատուկ ձեռագրով թողնված կառույցների հեղինակն առայժմ չունի իրեն նվիրված որևէ կառույց։ Նրա թոռը՝ Արամ Ղանալարյանն ասում է, որ իշխանությունները քաղաքի կենտրոնական հատվածներում որևէ տարածք չեն տրամադրում Իսրայելյանին նվիրված հուշարձանի համար։ Նրա արխիվն ու ստեղծագործական ժառանգությունը պահպանելու նպատակով էլ 2020-ին ստիպված են եղել հանձնել Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտին։
Ծանոթագրություններ.
[1] «Ռաֆայել Իսրայելյանը ժամանակակիցների հուշերում», Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1981, Երևան, էջ 45
[2] նույն տեղում, էջ 42
[3] նույն տեղում, էջ 45
[4] նույն տեղում, էջ 51
[5] Ռ. Իսրայելյան, «Իմ մորուքի պատմությունը», Սովետական գրող, 1981, Երևան, էջ 27
[6] Ռ. Իսրայելյան, «Իմ մորուքի պատմությունը», Սովետական գրող, 1981, Երևան, էջ 25
[7] «Ռաֆայել Իսրայելյանը ժամանակակիցների հուշերում», Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1981, Երևան, էջ 190
[8] նույն տեղում, էջ 17
[9] նույն տեղում, էջ 24
[10] նույն տեղում, էջ 56
[11] «Ռաֆայել Իսրայելյան», ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ, Գրաբեր հրատարակչություն, 2008, Երևան, էջ 30
[12] «Ռաֆայել Իսրայելյանը ժամանակակիցների հուշերում», Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1981, Երևան, էջ 53
[13] նույն տեղում, էջ 58
[14] նույն տեղում, էջ 58
[15] նույն տեղում, էջ 9
[16] նույն տեղում, էջ 183
«մարդ ԱՌժամանակ»
անձնական զրույցների շարք
մարդ ԱՌժամանակ. Միքայել Հովհաննիսյան
«մարդ ԱՌժամանակ» անձնական զրույցների շարքի մեկնարկային հանդիպման հյուրը՝ Երևանի պետական համալսարանի զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր, արաբագետ, գիտությունների թեկնածու Միքայել Հովհաննիսյանը, կիսվում է 1988-ի շարժման շրջանի իր հիշողություններով։ Պատմում է Սիրիայում Հայաստանի Հանրապետության առաջին դեսպանի որդին լինելով՝ անկախության առաջին տարիներին Սփյուռքի ամենամեծ համայնքներից մեկում ապրելու փորձառության մասին, անդրադառնում քաղաքացիական ակտիվությանն ու աշխատանքային գործունեությանը։
Read moreմարդ ԱՌժամանակ. Մանուշակ Տիտանյան
«մարդ ԱՌժամանակ» անձնական զրույցների շարքի հյուրը՝ ճարտարապետության դոցենտ Մանուշակ Տիտանյանը, կիսվում է Երևանից Արցախ տեղափոխվելու, պատմամշակութային ժառանգության փաստագրման աշխատանքներում ներգրավվելու, ինչպես նաև Արցախից վերջիններից դուրս գալու մասին։
Read moreմարդ ԱՌժամանակ. Անահիտ Արամունի Քեշիշյան
Գրականագետ, դերասանուհի, պրոֆեսոր Անահիտ Արամունի Քեշիշյանը, պատմում է երկու անգամ հայրենադարձվելու իր փորձառության, 1988-ին սփյուռքում Հայաստանի շարժմանը զորակցող շարժում ստեղծելու և հայրենիքի անկախությանը սատարելու դժվարությունների մասին, ինչպես նաև կիսվում իր առաջիկա նախաձեռնությունների գաղափարներով։
Read moreմարդ ԱՌժամանակ. Քրիստին Սիմոն
«Մանուկեան Սիմոն» հիմնադրամի նախագահ, բարերար Քրիստին Սիմոնը պատմում է պապի՝ առաջին միձեռանի ծորակի նախագիծը ստեղծած ու մեծ հաջողությունների հասած Ալեք Մանուկյանի հետ հարաբերությունների, առաջին անգամ մոր՝ Լուիզ Սիմոնի հետ Սովետական Հայաստան գալու երկար ճանապարհորդության, իրենից առաջ երկու սերնդներից ստացած ժառանգության «բեռի» և այն շարունակելու նպատակով իրականացվող ծրագրերի մասին։
Read moreմարդ ԱՌժամանակ. Վասգեն Բրուտյան
«մարդ ԱՌժամանակ» անձնական զրույցների շարքի հյուրը՝ «Արդեան»-ի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Վասգեն Բրուտյանը, ով 2013-ին երկրորդ անգամ է հայրենադարձվել ու հիմնել արվեստի, դիզայնի և ճարտարապետության կենտրոն, պատմում է իր գործունեության մասին ու վստահեցնում՝ Հայաստանը դիզայնի ոլորտում կարող է առաջնային երկրներից լինել։
Read moreՄարդ ԱՌժամանակ. Անահիտ Ավանեսյան
«մարդ ԱՌժամանակ» անձնական զրույցների շարքի հյուրը՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կիսվում է բարդ ժամանակահատվածում այս պաշտոնը ստանձնելու փորձառության, կին հանրային գործիչ լինելու պատնեշների, անկատար մնացած բարեփոխումների ու դրական փոփոխությունների տեսլականներից։
Read moreԿարդացեք նաեւ
Բարի եկաք․ հայրենադարձության հայկական փորձը
Սփյուռքի հետ կապերն ու տարվող աշխատանքները գործուն բնույթ են ունեցել բոլոր ժամանակներում՝ շեշտադրումները փոփոխելով հայապահպանությունից մինչև սփյուռքի ներուժի օգտագործում, հայրենադարձության խթանում, ինչը բոլոր կառավարությունների քաղաքականության մասն է կազմել։
Read moreՄիասին՝ քիչ-քիչ
Հայաստանում փոքր նվիրաբերություններով տարբեր ծրագրեր իրականացնելու մշակույթը թեև դեռ նոր է ձևավորվում, երբեմն բախվում է նաև հասարակության կարծրատիպերին, սակայն, հատկապես վերջին տարիներին, այն դարձել է կենսունակ՝ օգնելով մի շարք հարցերի լուծմանը։
Read moreԴեպի ակադեմիական քաղաք
Ակադեմիական քաղաք ծրագիրը, չնայած բազմաթիվ քննադատություններին ու մտահոգություններին, արդեն ընթացքի մեջ է։ Ի՞նչ տեսլական ունի կառավարությունն ու հնարավոր ի՞նչ ազդեցություն կունենա այս նախագիծը բարձրագույն կրթության ոլորտի խնդիրների լուծման վրա։
Read moreՎերջերս հրապարակված
Հին աստվածների վերադարձը
Բրիտանական թանգարանում պահվող Անահիտ աստվածուհու արձանից պահպանված մասերն առաջիկա ամիսներին ցուցադրվելու են Հայաստանի պատմության թանգարանում։ Որտեղի՞ց ու ինչպե՞ս էին մնացորդները հասել աշխարհի ամենանշանակալի արվեստի և պատմության թանգարաններից մեկն ու ինչպե՞ս են բերվել Երևան, ներկայացնում է Լիլիթ Ավագյանը։
Read moreԲարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենք․ պարտադրո՞ւմ, թե՞ խրախուսում
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագծի որոշ դրույթների կիրառման արդյունքում վտանգվելու են բուհական համակարգի մի շարք կարևոր հիմնարար սկզբունքները, կարծում են կրթության փորձագետներ Արևիկ Օհանյանն ու Ռուբեն Մարկոսյանը և առաջարկում այլընտրանքներ։
Read moreՄայրությունը՝ ճաղերի հետևում
Ինչպես են Հայաստանում անազատության մեջ գտնվող մայրերը խնամում իրենց երեխաներին քրեակատարողական հիմնարկում, ինչ խնդիրների են բախվում հիմնարկից դուրս գտնվող երեխաների դաստիարակության հարցերում, անդրադառնում է Աստղիկ Կարապետյանը։
Read moreԿարծրատիպային հայեր ու հայկական կարծրատիպեր
Ժամանակն է ըմբռնել համաշխարհային կինոյի և հեռուստատեսության հայկականության կոպիտ արտացոլաքները ոչ թե որպես «մեծ եղբայրների» ցուցաբերած թեթև փաղաքշանք, այլ որպես լուրջ քաղաքական խնդիր, որն ուղղակիորեն ազդում է հայերի, Հայաստանի ու մեր մշակույթի շուրջ գիտակցությունների կազմավորման վրա, գրում է Սոնա Կարապողոսյանը։
Read more