EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
Morning News
  • Հայ
    • Eng
No Result
View All Result
Գլխավոր Մարդ և հասարակություն
Սպտ 17, 2026

Ապագան, որն այդպես էլ չի գալիս

Սիրանուշ Սարգսյան

Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր՝ արհեստական բանականության ընթերցմամբ։


Your browser does not support the
audio element.

Արցախի էթնիկ զտումից երեք տարի անց անսովորն աստիճանաբար դարձել է մեր կյանքի սովորական մասը։ Մեզանից ոմանք դեռ արթնանում են ուրիշին պատկանող անկողնում։ Մենք արթնանում ենք մեզ չպատկանող կամ մեզ հյուրընկալած անծանոթների տներում, մեր ճամպրուկները՝ դեռ կիսադատարկ, մնացել են սենյակների անկյուններում, կարծես շուտով պիտի վերադառնանք։ Առավոտյան սուրճը խմում ենք մեզ անծանոթ նախշերով բաժակներից՝ վարձակալած խոհանոցներում, որոնց պատուհանները բացվում են դեպի փողոցներ, որոնք դեռ անծանոթ են մեզ։

Մեզանից ոմանք արթնանում են Հայաստանի սահմաններից դուրս՝ առավել հաճախ Ռուսաստանի քաղաքներից մեկում, որտեղ 1990-ականներին՝ Արցախյան առաջին պատերազմից հետո տեղահանված մեր հարազատներն այժմ մեզ հրավիրում են կյանքը երկրորդ անգամ վերսկսելու։ Մեզանից ոմանք ավելի համարձակ են գտնվել և ընտրել են Միացյալ Նահանգները կամ Եվրոպան, որտեղ փախստականի կարգավիճակ ստանալու մեր դիմումները հաճախ կասկածի տակ են դրվում, քանի որ Հայաստանն արդեն մեզ կարգավիճակ է տրամադրել։

Առավոտյան, նախքան որևէ մեկի հետ խոսելը, մտնում ենք համացանց ու բացում ենք առցանց գյուղը՝ այդպես եմ կոչում ֆեյսբուքը, որտեղ փնտրում ենք մեր կորցրածի մասին տեղեկություններ։ Թերթելով էջերը՝ փնտրում ենք տեղեկություններ մեր կորցրած քաղաքների, գյուղերի, թաղամասերի, հարազատների ու նախկին գործընկերների մասին։ Եվ հենց այստեղ ենք հանդիպում տեսանյութերի, որտեղ անգամ դիվանագետներն են պարում մեզանից խլված վայրերում՝ միաժամանակ կեղծելով կամ անտեսելով մեր պատմությունն ու մեր կորստի ցավը։

Մեզանից ոմանք չեն կարողանում հաղթահարել անամոք վիշտը։ Գրեթե ամեն օր այդ առցանց գյուղում նոր գրառումներ են հայտնվում․ զոհվածի ծնողը, կինը, քույրը կամ այլ հարազատ կյանքին սպառնացող առողջական խնդիր ունի և չի կարող վճարել բուժման համար։

Մեզանից ոմանք ադրբեջանական սոցիալական ցանցերի էջերն են անընդհատ փորփրում՝ վախենալով տեսնել այդ կադրերում իրենց տունն ավերված, այգին՝ հատված։ 

Մեզանից ոմանք ամեն օր զանգեր են ստանում այն հարազատներից, որոնք 2023-ի բռնի տեղահանումից հետո տեղափոխվել են Ռուսաստան։ Հարազատներից մեկը զանգում է Ստավրոպոլից։ Նա կիսակատակ, կիսալուրջ պատմում է ամուսնու՝ Համլետի մասին, որը հենց նոր վերադարձել էր իր համագյուղացի հարևանի հուղարկավորությունից։ Համլետը տուն էր եկել խիստ մտահոգ ու զայրացած և կնոջը՝ Համեստին, ասել, որ չի ուզում այնտեղ մեռնել։ Չի ուզում, որ իր հուղարկավորությունը Ստավրոպոլում լինի։

— Ի՞նչ է պատահել, — հարցրել էր Համեստը։

— Գերեզմանը տեսա՞ր,- ասել էր Համլետը, — Ներքևում ջուր էր։ Դագաղը գրեթե ջրի մեջ էին իջեցնում։

Համեստը նայել էր նրան ու ծիծաղել։

— Ինչի՞ց ես վախենում, մեռնելուց հետո, երբ հուղարկավորեն, գրիպով կհիվանդանա՞ս։

Պատմությունը լսելիս ժպտացինք։ Մենք սովորել ենք մեր վշտի վրա էլ ծիծաղել, որովհետև հավատում ենք՝ ծիծաղն այն ապտակն է, որով մենք պատասխանում ենք անվերջ պատերազմներին, տեղահանությանն ու հայրենիքի կորստին։

Մեզանից ոմանք արդեն ամուսիններ, կանայք, ծնողներ, որդիներ, դուստրեր, եղբայրներ ու քույրեր են հուղարկավորել Արցախից հեռու։ Մեզանից ոմանք ցանկանում են իրենց սիրելիների աճյունները հանել գերեզմաններից ու բերել այստեղի գերեզմանատներում հուղարկավորելու, որ կարողանան այցելել նրանց։ Մեզանից ոմանք մխիթարություն են գտնում այն մտքից, որ իրենց սիրելիները թաղված են հարազատների մոտ։

Մենք գնում ենք հուղարկավորությունների ոչ միայն մահացածին հարգանքի տուրք մատուցելու, այլև ողջերին տեսակցելու համար․ այնտեղ հանդիպում ենք հեռավոր ազգականների, նախկին հարևանների ու գործընկերների։ Հանդիպում ենք նրանց, ում բռնի տեղահանությունից ի վեր չենք տեսել։ Ում հետ վերջին անգամ խոսում էինք օրվա հացը գտնելու մասին, մինչև առաջին ավերիչ ռումբի պայթյունն ընդհատեց այդ վերջին զրույցը։ Հարցնում ենք, թե հիմա որտեղ են ապրում, աշխատանք գտե՞լ են, երեխաներին ամուսնացրել ե՞ն։ 

Մեզանից ոմանք քաղաքի մի ծայրից մյուսն են գնում այն գեղեցկության սրահները հասնելու, որտեղ իրենց ծանոթ ու նախկինում սպասարկած վարսահարդարներն են աշխատում։ Ստեփանակերտում, Շուշիում կամ մեր գյուղերում նախկինում աշխատած նույն վարսահարդարներն այժմ աշխատում են նոր ցուցանակներով սրահներում, երբեմն՝ հենց իրենց վարձակալած տներում։ Մենք գնում ենք նրանց մոտ, ոչ միայն, որ նրանք լավագույնն են իրենց գործում։ Գնում ենք, որ մեզ հարազատ բարբառով փոխանակենք նորություններն ու բամբասանքները մեզ հարազատ վայրերի ու ծանոթների մասին։ Խոսում ենք շրջափակման մասին։ Էլեկտրականության ու շամպունի բացակայությամբ մազերը հարդարելու օրերի մասին։

Մեր սիրտը դեռ թրթռում է, երբ հանրային տրանսպորտում կամ կանգառում լսում ենք մեր բարբառը։ Շրջում ենք գլուխներս։ Ուզում ես զրույցի բռնվել այդ անծանոթ, բայց կարծես ամբողջ կյանքում մեզ ծանոթ մարդկանց հետ։

Մենք քննարկում ենք երեք տարվա ընթացքում փոխած վեցերորդ վարձակալած բնակարանը։ Քննարկում ենք բնակարանային ապահովման մատչելի ծրագրերը, որոնց պայմաններն իրականում ամենևին էլ մատչելի չեն։ Քննարկում ենք տանտերերին, որոնք չափազանց շատ գումար են պահանջում կամ հրաժարվում են մեզ բնակարան վարձակալությամբ տալ, որովհետև իրենց աչքում մենք օտար ենք։ 

Այդտեղից ենք իմանում, որ մեզանից ոմանք լավ տներ են գնել։ Ոմանք անգամ մեծ բիզնեսներ են բացում։ Իսկ ոմանք դա արել են այն գումարով, որն Արցախում տարիների ընթացքում անազնիվ ճանապարհով են վաստակել։

Կանգառում սպասող բարբառով խոսող որոշ կանայք փոքր կախազարդեր են կրում՝ ժպտացող կամ զինվորական համազգեստով երիտասարդ տղաների լուսանկարներով։ Դրանք վկայում են, որ նրանք զոհվել են մեր ապրած չորս պատերազմներից մեկում կամ մահաբեր պայթյունի հետևանքով։ Երբեմն ավտոբուսը բաց ենք թողնում, որովհետև պարզապես ուզում ենք նրանց հետ երկար մնալ։

Մենք հաճախ աշխատանք ենք փնտրում պայմանով կամ ակնկալիքով, որ այնտեղ գոնե մի այլ արցախցի լինի։ Մեկը, ում հետ ընդմիջման ընթացքում կարողանանք բարբառով խոսել։ Մեզանից ոմանք ծայրը ծայրին հասցնելու համար երկու կամ երեք աշխատանք են կատարում։ 

Մեզանից ոմանք, որ զինվորներ, ուսուցիչներ, պետական ծառայողներ, արվեստագետներ, երաժիշտներ ու հետազոտողներ էին, այժմ սովորում են հաց թխել և կար անել։ Թխում ենք մեր ավանդական ժենգյալով հացն ու փախլավան և վաճառում, մաքրում գրասենյակներ ու տաքսի վարում։ 

Մենք տարակուսում ենք, թե ինչու են բռնի տեղահանվածներիս համար հասանելի դասընթացները գրեթե միշտ սպասարկման ոլորտին վերաբերում, կարծես մենք այստեղ ենք հայտնվել առանց մասնագիտության, դիպլոմների, հմտությունների, տարիների աշխատանքային փորձի։

Որոշ ծնողներ այժմ նախընտրում են իրենց երեխաների հետ չխոսել մեր բարբառով։ Որոշ երեխաներ դեռ կարոտում են տանը թողած խաղալիքները։ Ոմանք սովորում են խաղալ նոր կամ նվիրաբերված խաղալիքներով, իսկ մյուսներն ընդհանրապես մերժում են դրանք՝ կարծես պատերազմն ու տան կորուստը մեծացրել են նրանց մի գիշերում։ Եվ մեզանից ոչ ոք՝ անգամ մեծահասակները, դեռ չի դադարել վախենալ տոնական հրավառության կամ հեռվում լսվող որոտի ձայնից։

Մեզանից ոմանց քննադատում են պարզապես գեղեցիկ հագնվելու, ճանապարհորդելու կամ համերգ գնալու համար, ասես մենք պարտավոր ենք մշտապես արդարանալ կյանքի սովորական պահերի համար։

Մենք հագնում ենք շապիկներ, կրում կախազարդեր կամ բրոշներ՝ կորցրած վայրերի հետ կապված խորհրդանիշներով, որովհետև երբեմն դրանք միակ մասունքներն են, որ դեռ կարող ենք մեզ հետ ունենալ։

Մեզանից ոմանք, անգամ հասուն տարիքում, մեկնում են արտասահման կրկին սովորելու, որովհետև որոշ ժամանակ ուսանող լինելն ավելի հեշտ է, քան որոշել՝ որտեղ ապրել, ինչպես գումար վաստակել կամ ինչպիսի ապագա պատկերացնել։ Այդպես մենք հետաձգում ենք ապագան։ Չենք խոստովանում, որ կախված ենք անցյալի և այդպես էլ չեկող ապագայի միջև։

Մեզանից ոմանք մնացել են անցյալում և չեն կարողանում ներել նրանց, ովքեր սովորել են առաջ շարժվել։ Մեզանից ոմանք արագ են հարմարվել և չեն ներում նրանց, ովքեր մնացել են անցյալում։

Մեզանից ոմանք ամուսնանում են՝ որպես նոր կյանքի սկիզբ։ Հարսանիքներ ենք անում մեր երգերով և ավանդույթներով։ Մեզանից ոմանք նորից են ամուսնանում՝ պատերազմներում ամուսիններին կորցնելուց հետո։ Մեզանից ոմանք ամուսնալուծվում են։ Մենք նախկինում էլ էինք ուզում ամուսնալուծվել, բայց Արցախը փոքր տեղ էր և մեր կյանքի վկաներն ամենուր էին, ու ոչ բոլորը կարող էին հաղթահարել մտավախությունը, թե մարդիկ ինչ կասեն։

Մեզանից ոմանք արվեստագետ են դառնում։ Փորձում են արվեստի միջոցով առերեսվել վշտին ու կորստին։ Մեզանից ոմանք այլևս չեն կարողանում ստեղծագործել։ Մեզանից ոմանք բանաստեղծություններ են գրում, իսկ ոմանք՝ գրքեր։ Մյուսները ընդհանրապես էլ չեն գրում։

Մեզանից ոմանք մխիթարում են իրենց՝ ասելով, որ կորցրել ենք հայրենիքն ու մեր տները, բայց գոնե ընտանիքս փրկվել է։ Մենք վերապրել ենք շրջափակումն ու ավերիչ պատերազմը, վառելիքի պահեստի պայթյունը, որը հարյուրավոր մարդկանց կյանքեր է խլել, այդ թվում՝ երեխաների։ Վերապրել ենք գաղթի անվերջ թվացող, ֆիզիկապես ու հոգեպես հյուծիչ ճանապարհը, որտեղ մեքենաների անվերջ հոսքը մահվան թափոր էր հիշեցնում՝ Արցախի մահվան ու նրա հետ նաև մեր։ Մենք բոլորս մահացել ենք անցյալի ու ներկայի ջրբաժան կամրջի վրա, ու նորից վերածնվել։ 

Մեզանից ոմանք մխիթարվում են նրանով, որ գոնե կարողացել ենք հողին հանձնել մեր սիրելիներին, որովհետև ոմանք չեն կարողացել։ Մեզանից ոմանք դեռ սպասում են հարազատների մասին լուրերին, որոնց ճակատագիրն անհայտ է մնում՝ հույս ունենալով, որ նրանք ողջ են թեկուզ պատանդված թշնամու կողմից, այլ ոչ թե հավերժ անհետ կորած։ Մեզանից ոմանք սպասում են, որ իրենց սիրելիներն ազատ կարձակվեն Բաքվի բանտերից։

Մեզանից ոմանք ամեն օր գնում են Եռաբլուր՝ որդիների, ամուսինների, եղբայրների շիրիմներին։ Այնտեղ մենք նոր ընկերներ ենք ձեռք բերել, նոր հարազատներ գտել։ Մենք հարևանություն ենք անում նրանց հետ, ում հարազատները մեր սիրելիների կողքին են հանգչում։

Մեզանից ոմանք չեն կարող հաշտվել, որովհետև Հայաստանի կառավարության որոշ ներկայացուցիչներ, ինչպես նաև տեղացիներից ոմանք, մեզ են գրեթե ամեն ինչի համար մեղադրում։ Խոսում են այնպես, կարծես մենք պարզապես վախկոտի նման փախել ենք, կարծես մնալու ընտրություն ենք ունեցել, կարծես մեր սիրելիները մինչև վերջին շունչը չեն պայքարել ու մեզ փրկելու համար զոհվել, կարծես այժմ մենք միայն բեռ ենք՝ խոչընդոտ այն խաղաղության ճանապարհին, որի մասին ամբողջ կյանքում երազել ենք։

Բայց մյուսները մեզ գրկաբաց են ընդունել։ Ամեն անգամ, երբ տեսնում են այդ մեղադրանքները, ամեն ինչ անում են մեզ պաշտպանելու և վստահեցնելու համար, որ մենք օտար չենք ու այստեղ նաև մեր տունն է։ 

Մեզանից ոմանք, անգամ երեք տարի անց, դեռ փորձում են կարգավորել այն փաստաթղթերը, որոնք չենք կարողացել մեզ հետ բերել, դեռ փորձում ենք ապացուցել, որ ապրել ու աշխատել ենք Արցախում։ 

Մենք ստիպված ենք վերականգնել ոչ միայն մեր փաստաթղթերը, այլև մեր անցյալը։ Մեզանից պահանջում են ընդունել, որ ամեն ինչ ավարտվել է, պահանջում են դադարել հետ նայել՝ ասես մեր ապրած կյանքը սխալ էր, կարծես չի եղել, կարծես մենք երբեք գոյություն չենք ունեցել։

Մեզանից ոմանք հաստատվել են Երևանում և մոտակա գյուղերում, որովհետև այնտեղ ավելի հեշտ է աշխատանք, համալսարան, բժիշկ և հարազատներին գտնել։ Մեզանից ոմանք բնակություն են հաստատել գյուղերում, որովհետև տեղահանումից առաջ երբեք քաղաքում չէինք ապրել։ Մենք չենք պատկերացնում մեր կյանքը բարձրահարկ շենքերում կամ այնպիսի փողոցներում, որտեղ ոչ ոք չի կանգնեցնում՝ հարցնելու, թե ինչպես ենք։ Մեզանից ոմանք նոր բնակավայր են ընտրել, որովհետև այն նույն անունն ունի, ինչ մեր հինը կամ ուղղակի հիշեցնում է այն։ 

Մեզանից ոմանք ասում են, որ պետք է հեռանանք Հայաստանից, որովհետև այստեղ էլ մեզ լիովին ընդունված չենք զգում։ Մեզանից ոմանք խոսում են այնպիսի վայրերի մասին, երբեմն անգամ երևակայական կղզիների, որտեղ գուցե մեզ բոլորիս միասին ընդունեն՝ որ ցիրուցան չլինենք։ Եթե նորից ստիպված լինենք հեռանալ, մեզանից ոմանք ասում են, որ ցանկանում են միասին գնալ՝ ընտանիքներով, հարազատներով, համագյուղացիներով և նրանց հետ, ովքեր դեռ խոսում են մեր բարբառով։ 

Մեզանից ոմանք դեռ հավատում են, որ շուտով վերադառնալու ենք։ Ամեն գիշեր վերադառնում ենք երազներում, քայլում ծանոթ արահետներով։ Մեզանից ոմանք ամեն օր տալիս են անպատասխան հարցերը․ ի՞նչ կլիներ, եթե մնայինք։ Արդյո՞ք դեռ այնտեղ կլինեինք։ Հետո՞ էլ մեզ բռնի կերպով դուրս կհանեին։ Դեռ ողջ կլինեի՞նք։ Մեզանից ոմանք այլևս չեն հավատում վերադարձին, բայց պատրաստ չեն դա բարձրաձայն ընդունել։

Մեզանից ոմանք դեռ պահում են այն տների բանալիները, որոնք գուցե այլևս գոյություն չունեն։ Մեզանից ոմանք մեր կորցրած տների մանրակերտներն են պատրաստել և դրանք, որպես սրբապատկեր, դրել վարձակալած բնակարանի ամենատեսանելի անկյունում։ Մենք սոցիալական ցանցերում հրապարակում ենք այն վայրերի լուսանկարները, որտեղ մի ժամանակ ապրել ենք՝ այն բնակավայրերի, որոնցից որոշներն ամբողջությամբ ավերվել են, ու նույնիսկ դրանց հետքն էլ չկա։ Դրանցից մեկը Քարին տակ գյուղն է, որտեղ այժմ մի քար քարի վրա էլ չկա, ու քար դնող էլ չկա։ 

Երեք տարի անց մենք մեզ մխիթարում ենք նրանով, որ գոնե մեր հայրենիքում ենք։ Բայց նույնիսկ այդ դեպքում չենք կարող ասել, որ տանն ենք։ 

MEdia Fest save the date website

Արցախը կիզակետում

Memories From the Museums of Artsakh, Lilit Avagyan

Արցախի թանգարաններից հիշողություն

Լիլիթ Ավագյան
Հկտ 10, 2024

Թանգարանային ու պատմամշակութային ի՞նչ նմուշներ են մնացել Արցախում, արդյո՞ք պահպանվում են, թե ենթարկվել են վանդալիզմի, արդյո՞ք ձեռնարկվում են դրանք Հայաստան տեղափոխելու քայլեր, անդրադառնում է Լիլիթ Ավագյանը։

Read more
So That They Don’t Forget

Որ նրանք չմոռանան

Անի Գևորգյան
Սպտ 20, 2024

Բռնի տեղահանումից մեկ տարի անց արցախցիները, որ բնօրրանում թողել են ամբողջ կյանքի ստեղծածը և կարողացել են իրենց հետ բերել միայն իրենց հմտություններն ու Հայաստանում են փորձում վերագտնել մասնագիտական կարողությունները, ամփոփում են ցավի ու կորուստների մեկ տարին՝ Անի Գևորգյանի ֆոտոպատումում։

Read more
Tamara Grigoryan, Of Mines and Hope

«Ականների» ու հույսի անվերջ պայքարում

Թամարա Գրիգորյան
Սպտ 19, 2024

Արցախի կորստից մեկ տարի անց, կործանարար պատերազմից չորս տարի անց Թամարա Գրիգորյանը նորից կանգնած է կիսակառույց տան դիմաց և փորձում է նորից տուն կառուցել, հույսով, որ վերջին անգամ։

Read more
The Bread of the Blockade

Բլոկադայի հացը

Անի Գևորգյան
Մրտ 14, 2024

Բռնի տեղահանությունից ամիսներ անց էլ արցախցիները ցավով, բայց նաև արդեն կարոտով են հիշում շրջափակման հետևանքով առաջացած հացի խնդրի մասին։ Անի Գևորգյանի ֆոտոպատումն անդրադառնում է շրջափակման հացի պակասին ու այդ խնդիրը հանրայնացնելու փորձերին։

Read more
Monologues: The Homes They Lost in Artsakh

Մենախոսություններ. Արցախում մնացած տների մասին

Յան Շենկման
Փտր 21, 2024

«Ղարաբաղի բնակչությունը լքեց իր տունը, դարավոր ծառերն արմատներով պոկեցին հողից ու անհայտության գիրկը նետեցին», սեպտեմբերի 19-ի աղետի մասին այսպես է գրում ռուս լրագրող Յան Շենկմանը, որը Հայաստան է տեղափոխվել Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո, իսկ Արցախի բնակչության տեղահանությունից հետո որոշել է հավաքել արցախցիների մենախոսություններն իրենց կորսված տների մասին։

Read more
Giving Birth in the Clutches of Blockade and Displacement

Շրջափակման և բռնի տեղահանության ժամանակ մայրացածները

Անի Գևորգյան
Հնվ 23, 2024

Ոմանք հղի վիճակում, ոմանք արդեն նորածիններին գրկներում ստիպված եղան պատսպարվել ցուրտ ու խոնավ ապաստարաններում, ոմանք էլ իրենց փոքրիկներին լույս աշխարհ բերեցին հենց տեղահանության ճանապարհին, անդրադառնում է Անի Գևորգյանի ֆոտոպատումը։

Read more
Բարև Ձեզ, զանգում եմ Վայքի հաշվառման կենտրոնից․․․

Բարև Ձեզ, զանգում եմ Վայքի հաշվառման կենտրոնից․․․

Իրինա Մերդինյան
Դկտ 1, 2023

Սեպտեմբերի վերջին կամավորության մեկ օրը Վայքում առաջինը, բայց ոչ վերջինն էր ճարտարապետ Իրինա Մերդինյանի համար։ Բռնի տեղահանված ու Հայաստան տեղափոխված արցախցիներին աջակցելու ընկերներից մեկի նախաձեռնությունը վարակիչ հիվանդության նման պետք է տարածվեր նաև իր վրա։

Read more
Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:

Բաժանորդագրվել

Բաժիններ

  • Քաղաքականություն
  • Կարծիք
  • Արցախը կիզակետում
  • Մարդ և հասարակություն
  • Մշակույթ
  • Ընտրություններ
  • Ստեղծարար Tech
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Հաշվետվություն- 2025
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Հաշվետվություն- 2025

Հետևեք մեզ





@ 2024 EVN Report. All Rights Reserved

    Subscribe

      Բաժանորդագրվել

      Բաժիններ

      • Քաղաքականություն
      • Կարծիք
      • Արցախը կիզակետում
      • Մարդ և հասարակություն
      • Մշակույթ
      • Ընտրություններ
      • Ստեղծարար Tech

      Բաժանորդագրվեք մեր ամփոփագրին

      Աջակցություն

      ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ