Այս նախագծի գաղափարն իմ ու իմ գործընկեր Ալեքսանդրա Լիվերգրանտի մտքում ծնվել էր դեռ հոկտեմբերին: Այն ժամանակ ղարաբաղյան մեծ ելքից հետո բոլորն ինչով կարող էին օգնում էին փախստականներին: Հագուստ էին տանում, բնակարաններ փնտրում, գումար հավաքում: Բայց արդեն առաջին իսկ օրերին հասկանալի էր, որ դրանով խնդիրը չի լուծվի: Այո, մեկ, երկու, երեք ամիս կաջակցենք, իսկ ի՞նչ է լինելու հետո:
Միայն պետությունն է ի զորու համակարգային լուծում տալ ղարաբաղցիների նյութական խնդիրներին: Բայց չէ՞ որ հարցը միայն փողը չէ: Ենթադրենք, ամեն բան ինչ-որ կերպ հանդարտվի. մարդիկ տուն, ապրուստի միջոց գտնեն: Իմ փորձից լավ գիտեի. արտագաղթից մի քանի ամիս անց, նույնիսկ եթե ամեն ինչ լավ է դասավորվում, մարդու առաջ հարց է ծառանում. ինչպե՞ս շարունակել ապրել: Եվ ինչո՞ւ: Եվ ընդհանրապես, հիմա ինքը պե՞տք է:
Ես անվերջ հանդիպում էի փախստականների ու խոսում, խոսում… Մեր հանդիպումներից մեկի ժամանակ Հասմիկ Գրիգորի Առուշանյանը սկսեց պատմել ինձ ղարաբաղյան բարբառի, սովորույթների, այն մասին, թե ինչպես էին ապրում երեսուն տարի, իսկ վերջում հանկարծ ասաց. «Հիմա սա՛ է մեր տունը. հիշողությունը, զրույցները, հին լուսանկարները…»
Եվ այդ պահին հասկացա, թե ինչ է պետք անել: Ուղղակի խոսելու հնարավորություն տալ նրանց: Այդ օրերին փախստականների աջակցությանն ուղղված բազմաթիվ միջոցառումներ իրականացվեցին. դրանք կազմակերպում էին շատ լավ մարդիկ: Բայց բուն արցախցիները ոչ մի միջոցառում չէին անցկացնում (դրանք հետո հայտնվեցին): Բայց չէ՞ որ կարևորը դա է: Ես արդեն բախվել էի այդպիսի խնդրի, երբ հայրենակիցներս օգնություն էին կազմակերպում պատերազմից տուժած ուկրաինացիների համար: Այս ամենը լավ էր ու ճիշտ, միայն թե ուկրաինացիներին ոչ ոք ոչինչ չէր հարցնում: Բայց չէ՞ որ անհնար է օգնել ուկրաինացիներին՝ առանց ուկրաինացիների մասնակցության: Նույն իրավիճակն արցախցիների դեպքում էր: Կան բաներ, որոնք ոչ մի կամավոր նրանց փոխարեն չի անի: Այստեղ գլխավորը ոչ թե մենք ենք, այլ փախստականները:
Հենց զրույցի ընթացքում որոշեցինք ստեղծել կայք, որտեղ բանավոր վկայություններ կհավաքվեն Ղարաբաղի կյանքի մասին` ամենատարբեր դիտանկյուններից. լեզու, խոհանոց, քաղաքականություն, պատմություն, պարզ մարդկանց կենցաղ… Դա՝ առցանց: Իսկ համացանցից դուրս՝ համերգներ, դասախոսություններ, ներկայացումներ, խոհարարական երեկոներ…
Վստահ եմ, որ երբևէ նախագիծն իրականություն կդառնա: Արդեն հիմա երևում է, որ շատերն են դրան հակված: Եվ դա լավ է: Որքան շատ լինեն նախաձեռնությունները, այնքան լավ:
Ահռելի խնդիր է, մի ամբողջ կյանքի համար: «Իսկ մենք ի՞նչ կարող ենք անել հենց հիմա»,- հարցրի ինձ: Ու աչքերիս առաջ հստակ ուրվագծվեց պատկերը. կինը կանգնած է իր տան լուսանկարի առաջ ու պատմում է տան մասին: Դա ամենաճիշտ բանն է, որ կարող է լինել: Որովհետև ներկայիս ղարաբաղյան ողբերգության բանալի բառը ո՛չ «պատերազմն» է, ո՛չ «ցեղասպանությունը», այլ «տունը», հենց «տունը»: Նրանք կորցրել են տունը:
Այս մտքով դիմեցինք Երևանի Ճարտարապետության թանգարանի տնօրեն Մարկ Գրիգորյանին: Այդպես ծնվեց արցախյան տների ցուցահանդեսի նախագիծը: Մարկն անմիջապես անվանում հորինեց՝ «Իմ տունն Արցախում»: Եվ դա նույնպես ճիշտ է: Քանզի տունը կորսված է, բայց տնից հրաժարվել ոչ ոք չի պատրաստվում, ֆիզիկապես այն առաջվա պես իր տեղում է:
Հայտարարություն տվեցինք, ու սկզբնական շրջանում թվում էր, թե դա ոչ մեկին պետք չէ, որ ձեռնարկը դատապարտված է ձախողման: Մեզ արդարացի պատասխաններ էին տալիս: Որ դեռ վաղ է, մարդիկ ցնցված են, որ զբաղված են գոյաբանական խնդիրներով և հիմա դրա ժամանակը չունեն: Եվ ընդհանրապես, ցավն այնքան ուժգին է, որ լավ կլինի՝ չփորփրենք վերքը:
Չէ, պնդում էի ես, հիմա՛ է պետք, հետո ուշ կլինի: Մարդիկ կցրվեն տարբեր ուղղություններով (ցավոք, դա արդեն տեղի է ունենում), հիշողությունները կխամրեն, ցավը կմեղմանա: Բայց ցուցահանդեսում պիտի ցավ լինի, որովհետև հիմա Արցախի մասին անհնար է խոսել առանց ցավի:
Իսկ հետո հանկարծ կարծես ինչ-որ բան պայթեց: Մարդիկ գրում էին, լուսանկարներ ուղարկում, պատմություններ պատմում, շնորհակալություն հայտնում մեզ: Հանկարծ պարզվեց, որ կարևոր է: Խոսելը ցավոտ է, լռելը՝ ավելի ցավոտ:
Տեսնում էի, թե ինչպես են պայծառանում նրանց դեմքերը տան մասին խոսելիս: Անհնար էր կասեցնել: Նրանք ուրախանում էին, հպարտանում, կարոտում, զայրանում կատարվածի համար: Ոչ մի զրույց առանց արցունքների չէր անցնում: Տան մասին հիշատակելիս՝ դեմքին նախ ժպիտ էր հայտնվում, ապա՝ արցունքներ…
Տանջալից էր: Ամեն անգամ ներողություն էի խնդրում: Ու դարձյալ՝ ժպիտ, հիշողություններ բակի ծառի, հարևանների, շների ու կատուների մասին: Փախուստ: Երեսունժամյա ճանապարհ՝ առանց սննդի ու ջրի: Իսկ որտե՞ղ եք հիմա: Դե ահա, մասիվներում, վեցով մի սենյակում: Ու նորից՝ արցունքներ: Ոչ մի կերպ չէր ստացվում այն կյանքի մասին խոսել անցյալ ժամանակով:
Աչքիս առաջ տուն առ տուն հառնում էր մի ամբողջ աշխարհ, որն այլևս չկա:
Այդ զգացմունքն ինձ անծանոթ է: Ռուսաստանում այն քչերին է ծանոթ: Մեզ հատուկ է հայրեր-որդիներ տխրահռչակ խնդիրը՝ Եվգենի Բազարովից մինչև Պավլիկ Մորոզով: Իմ երիտասարդության տարիներին ընտանիքից հեռանալը քաջություն էր համարվում, հերոսական արարք: Իսկ այստեղ՝ ընտանիքի վեց սերունդ ապրում էր տանը…
Դա նրանց բնավ չէր խանգարում ժամանակակից կյանք վարել, ունենալ ժամանակին համահունչ աշխատանք, ապրել ժամանակակից աշխարհում: Բայց… իրենց հողի վրա:
Շուրջը փոթորիկ էր մոլեգնում, ամեն ինչ փուլ էր գալիս, և միայն մի քանի դարավոր ու ամուր ծառ Լեռնային Ղարաբաղում շարունակում էր կանգուն մնալ: Խորհրդանիշ, որ, այնուամենայնիվ, կան ինչ-որ հավերժական արժեքներ:
Հենց դա է սեպտեմբերի 19-ի աղետը. Ղարաբաղի բնակչությունը լքեց իր տունը, դարավոր ծառերն արմատներով պոկեցին հողից ու անհայտության գիրկը նետեցին:
Ստորև կկարդաք մի քանի մենախոսություն, որոնք ձայնագրել ենք ցուցահանդեսի համար: Իսկ ցուցահանդեսին դրանք շատ ավելին են լինելու։ Եվ եկեք ցուցահանդեսին, որը կբացվի փետրվարի 23-ին:
Իրինա Փիրումյան
Մեր տունը քաղաքի կենտրոնում է, հրապարակից քիչ վերև՝ Վազգեն Սարգսյան և Լուսավորիչ փողոցների խաչմերուկում: Քարից է, գեղեցիկ փոքրիկ փայտե պատշգամբներով: Երեք հարկ, ութ բնակարան։ Կառուցվել է 1953 թվականին: Պատերը Շուշիի ոճով են, որ երևան քարերի ուրվագծերը: Իսկ քարերն ահռելի են, շատ մեծ չափերի: Այգում՝ թթենի, ընկուզենի, բալենի…
Հարևանությամբ էլիտար հագուստի խանութ կա: Դիմացը՝ Սերգեյի «Օպտիկան». Արցախում բոլորը գիտեին այն: Շախմատի ակումբ. այնտեղ հավաքվում էին տարիքով մարդիկ, որոնք սիրում էին շախմատ խաղալ ու արժանապատվությամբ էին խաղում: Բանկը, ութերորդ դպրոցը…
Այնտեղ ապրել եմ 1983 թվից՝ ուղիղ քառասուն տարի: Այդ տանն ինձ համար ամեն ինչ կապված է ամուսնուս հետ: Ամուսինս՝ Օլեգ Փիրումյանը, հայտնի երաժիշտ էր, մանկական վոկալ-գործիքային անսամբլի ղեկավար: Մարդ-նվագախումբ. նվագում էր բաս կիթառ, ռիթմ-կիթառ, սինթեզատոր… Զոհվեց 1992 թվականին, Շուշիի ազատագրման մարտերում:
Մեր տանը կրթված մարդիկ էին հավաքվում. արտիստներ, երաժիշտներ, մարզիկներ: Մենք երբեք չէինք վիճում: Իսկ ո՜նց էինք օգնում իրար շրջափակման օրերին… Հատկապես վերջին չորս ամիսներին, երբ արդեն բացարձակապես սնունդ չկար: 12-14 ժամ հացի հերթ էինք կանգնում: Գիշերվա ժամը երեքին արտիստ Մարտինը կնոջ հետ թակում է դուռս. «Իրա՛, արագացրո՛ւ: Հերթագրում են»: Վազում ենք մի կրպակի մոտ. այնտեղ ես հազարքանիերորդն եմ: Մյուս կրպակում՝ երեքհարյուրքանիերորդը: Մեզ հետ ջուր ենք տանում, որովհետև բոլորս արդեն ուժասպառ ենք: Մարտինի ինքնազգացողությունը վատանում է, օգնում եմ նրան: Գլխավորը հերթի մեջ մնալն է: Հրմշտոց է, շնչել չի լինում, դուրս ես գալիս մաքուր օդի ու կորցնում ես տեղդ հերթում: Բջջային հեռախոսի հաստության, եգիպտացորենի ալյուրից կես հաց էի ստանում: Նարնջագույն պստլիկ կտոր: Ուտում ես, հետո տանջվում, վատ զգում:
Չէինք սպասում, որ կլքենք քաղաքը: Սեպտեմբերի 19-ից հետո առաջին հինգ օրը ինքներս էինք օգնում գյուղերից եկածներին: Մարդիկ մնում էին խցանումների մեջ, գիշերում մեքենաներում: Ձեթ ու կարագ չկար, ջրով բրինձ էինք եփում ու տանում նրանց: Էլեկտրականություն չկար, բակում խարույկ էինք վառում, թեյ տաքացնում:
Հետո մենք էլ մեկնեցինք: Սեպտեմբերի 29-ն էր, նախավերջին օրը: Մեկնելուց առաջ երկրորդ հարկից դուրս նետեցինք բոլոր թանկարժեք իրերը: Լալիս էինք, խուճապահար էինք: Շպրտում էինք ափսեներ, բաժակներ, ծաղկամաններ. ամեն ինչ ընկնում ու կտոր-կտոր էր լինում: Քարշ տվեցինք ջեռոցը, որը վերջերս էի գնել, ու նույնպես ապակե մասով ցած շպրտեցինք: Իսկ ես երեք տեղ էի աշխատում, որ փող վաստակեմ այդ ամենի համար:
Ինչ հնարավոր էր ջարդել՝ ջարդեցի: Վերցրի միայն լուսանկարները, մի քանի սիրելի նկար՝ առանց շրջանակի, և սինթեզատորը՝ իմ աշխատանքային գործիքը, իմ հացը, առանց դրա ոչինչ եմ: Հագուստն ու մնացած ամեն ինչ թողեցի:
Հարևանուհիս նույնիսկ անկողինը վառեց, բայց իմ համարձակությունը չհերիքեց: Ամբողջ տնով մեկ գրություններ թողեցի: Խոհանոցում գրեցի՝ «Կոկորդի՛դ կանգնի»: Լոգարանում՝ «Խեղդվե՛ս»: Ննջասենյակում՝ «Իմ մահճակալի վրա քնողը չարթնանա՛»: Սենյակում մանկական հագուստով լի ճամպրուկ կար, որ թոռներիցս էր մնացել: Գրեցի՝ «Թող ձեր երեխաները փախստակա՛ն դառնան»:
Հասկանում եմ, վատ է, ահավոր է, սխալ է, բայց շատ վիրավորված էի:
Նունե Առաքելյան
Բոլորը գիտեին մեր տունը. քաղաքի ամենամեծ բազմաբնակարան շենքն է: Թումանյան փողոցի ամենավերջում: Ժամանակին դրա տեղում Ղարաբաղի մետաքսի կոմբինատն էր: Ահռելի արտադրություն, որտեղ մի քանի հազար մարդ էր աշխատում: ԼՂԻՄ-ի ամենախոշոր ձեռնարկությունն էր: Բազմաթիվ արտադրամասեր, մշակույթի տուն, մանկապարտեզ, հանրակացարան: Այնտեղ նաև հին հացի գործարանն էր: Եվ անշուշտ, Շառլ Ազնավուրի կենտրոնը՝ մեր փողոցի զարդը:
Առաջին պատերազմի ժամանակ կոմբինատն ուժգին ռմբակոծության էր ենթարկվում. անդադար խփում էին «գրադով», արկերով: Եվ արդյունքում ամեն ինչ վառվեց: Պատերազմից հետո մնաց միակ արտադրամասը, որն ըստ շշուկների՝ բաճկոններ էր կարում Վերսաչեի համար, իսկ մնացած ամբողջ տարածքը տրվել էր մասնավոր կառուցապատողի:
Շենքի շինարարությունը սկսել էր սփյուռքից մի գործարար: Բայց հետո ինչ-որ բան էր պատահել, կարծում եմ՝ նա չէր տեղավորվել մեր կոռուպցիոն սխեմաներում: Շինարարության ավարտին այն պետական շենքի կարգավիճակ ուներ: Բնակարանների մի մասը գնեց էլիտան, մի մասը վաճառեցին, մյուսը հանձնեցին զոհվածների ընտանիքներին: Ես այնտեղ հայտնվեցի արտոնյալ հիպոթեքով: 11 տարի վճարեցի ու համարյա ամբողջությամբ ավարտել էի: Մնացել էր մի քիչ, միլիոնից փոքր-ինչ ավելի: Էլի մի քիչ, ու կարելի էր հանգիստ շունչ քաշել:
Մտնում էի շենքի մուտք, ու տրամադրությունս բարձրանում էր, ուրախանում էի, որ գնում եմ իմ տուն: Ես ու տղաս երկար ժամանակ մի օտար անկյունից մյուսն էինք տեղափոխվել: Երբ ընկերուհիներս իմացան, որ տուն եմ ստացել, սկսեցին տարբեր իրեր բերել: Մեկը գորգ գնեց, մյուսը՝ ջահ, երրորդը՝ վարագույրներ:
Մեզ թվում էր, թե շենքն ամուր չէ. հերիք է փչես՝ կքանդվի: Բայց շենքի տակ երկհարկ կայանատեղի կար: Եվ միայն երկրորդ պատերազմի ժամանակ, երբ իջնում էինք՝ թաքնվելու, տեսանք բետոնից ու ցեմենտից վիթխարի սյուները, որոնք կարող էին դիմակայել մինչև տասը բալանոց երկրաշարժի: Մենք լիարժեք պաշտպանված էինք զգում, դա շրջանի ամենահայտնի ռմբապաստարանն էր: Գյուղերից մարդկանց բերում էին այդտեղ. նրանք մեկ-երկու օր մնում էին ու մեկնում Հայաստան: Տեղը մեծ էր, հազարից ավելի մարդ կարող էր տեղավորվել:
Մեր ուղղությամբ թիրախային հարվածներ չեղան, բայց ենթակայանը, որն անմիջապես մեր տան կողքին էր, ռմբակոծեցին, հացի գործարանը ռմբակոծեցին: Հետո երկար ժամանակ չպայթած «սմերչներ» էին գտնում:
2020 թվականի պատերազմից հետո առաջին հարկերում բնակվեցին փախստականները, հիմնականում Շուշիից: Շենքի երկրորդ մուտքում տեղավորվել էին բազմազավակ ընտանիքները: Բակում աղմկոտ և ուրախ էր, նույնիսկ շրջափակման օրերին: Արցախից մեր հեռանալուց մեկ-երկու ամիս առաջ հենց բակում մի խումբ էնտուզիաստներ մանկական ճամբար բացեցին: Տարբեր բաներ էին պատրաստում երեխաների համար, զբաղվում նրանցով, համերգային ծրագրեր կազմակերպում:
Կայանատեղիում անտուն կատուների գաղտնի ապաստարան ունեի: Օրական մի քանի անգամ իջնում էի՝ կերակրելու: Հարևաններից շատերը կենդանիներ չէին սիրում, ուստի ստիպված էի թաքցնել գործունեությունս: Գիշերները փոխում էի ձագուկների տաք ջրի շշերը, նրանք գրկում էին շշերը, որ չսառչեն:
Վերջիններից էինք, որ մեկնեցինք, սեպտեմբերի 29-ին: Շենքը դատարկ էր, մնում էր միայն մի ընտանիք. այնտեղ անդամալույծ կին կար: Կատուների համար մի մեծ կաթսա հնդկաձավար եփեցի: Նրանց թողեցի նաև մսի պահածոյի ամբողջ պահուստս, բացեցի տարաները: Կատուները դուրս եկան՝ ինձ ճանապարհելու: «Մի կերպ դիմացեք»,- ասացի նրանց: Կարծում էի, որ երկար չի տևի, որ կվերադառնանք:
Դռան մոտ ուտելիքով լի տոպրակներ դրեցի: Եթե քաղաքում քաղցած մարդիկ լինեն, նրանց կօգնի: Բոլորս էինք այդպես անում. մուրաբա, լոբի, մի բանկա մեղր, որ գնել էի 15 հազար դրամով՝ մեր բոլոր ձմեռային պաշարները:
Վերցրի լուսանկարները, մի քանի ձեռք հագուստ, մի քանի պարգև…
Ու մենք մեկնեցինք:
Գալինա Սիմոնյան
Այդ տունը կառուցել է նախանախապապս՝ Ալեքսանդր Շահվերդյանը: Ունևոր մարդ էր, գինեվաճառ: Մարտակերտի շրջանում խաղողի այգիներ ուներ: Ընդհուպ մինչև իմ մանկության տարիները նկուղում գինու հսկա կարասներ, կեսմետրանոց՝ իմ հասակի կավե սափորներ կային:
Կառուցվել է 1880 թվականին. տարեթիվը գիտեմ արխիվից: Դժբախտաբար, որևէ այլ տեղեկատվություն չի պահպանվել. իննսունականներին քաղաքային արխիվներն այրվել են:
Տունը Թումանյան և Լուսավորիչ փողոցների անկյունում է՝ հրապարակից երկու թաղամաս հեռու: Մոտակայքում հայտնի խանութներ կային՝ «Մայակ», «Կուլտմագ»: Մեզնից մի թաղամաս հեռու Դրամատիկական թատրոնն է:
Այդ տանը մեծացել է ընտանիքի հինգ սերունդ: Այստեղ է ապրել իմ նախապապ Սամսոն Շահվերդյանը. վեց երեխա ուներ՝ Գրիշան, Միշան, Սիրանուշը, Սոնյան, Նինան, Ռոզան: Մահացավ 1924 թվականին: Նրա մահից հետո պետությունը բռնագրավեց տան մեծ մասը՝ թողնելով միայն երեք սենյակ:
Քարից տուն է, պատերը՝ 80 սանտիմետր հաստության: Ավանդական հայկական տուն. երկար պատշգամբ, մեծ բակ, բակում՝ ձիանոցներ ու տնտեսական շինություններ: Փոքր ժամանակ չէի հասկանում, թե պապս ինչու է այդքան դողում բակի մաքրության համար, ոչ մեկին թույլ չի տալիս աղբ թափել: Ամեն տարի կոմունալ ծառայություններից պահանջում էր նորոգել սանդուղքներն ու տանիքը, ներկել պատերը: Իր տունն էր համարում: Ծնվել ու մեծացել էր այդ տանը, նրա հարազատ բույնն էր: Եվ կարևոր չէր, որ այլևս սեփականատերը չէր:
Քարից սանդուղքը տանում էր առաջին հարկ, կողքին փոքրիկ սեղան էր, որի շուրջ հավաքվում էր ջահելությունը: Իսկ երեկոյան մեծերի ժամանակն էր. աշխատանքից հետո բոլորն այնտեղ էին հավաքվում: Տղամարդիկ նարդի ու դոմինո էին խաղում, կանայք՝ թեյ խմում: Ու բոլորը շփվում էին, ու դա շատ հաճելի էր:
Բակում թթենի կար, տան տարիքին էր. ամռանն ամբողջ բակը վայելում էր քաղցր պտուղները: Սաղարթը ծածկում էր բակի կեսը, ծառի ստվերում նստարան կար: Բոլորը միասին թափ էին տալիս ճյուղերը, կտորը ձգում այնպես, որ ոչ մի պտուղ չընկնի գետնին: Պապիկն անձամբ յուրաքանչյուր ընտանիքի մի-մի թաս թութ էր բաժանում, իսկ պապիկի մահից հետո գործընթացը ղեկավարում էր հայրիկը:
Յոթ տարեկան էի, երբ բակում կազմակերպեցին կրտսեր հորաքրոջս հարսանիքը: Բակում մեծ ղազաններ էին, որտեղ ավանդական խաշլամա ու փլավ էին եփում: Երաժիշտները նվագում էին, երկար փայտե սեղաններ էին շարված: Նստարանները ծածկված էին գորգերով, կարպետներով, ուղելաթերով, ով ինչ ուներ: Հարսանիքին երկու հարյուր հյուր կար: Հիշում եմ ուրախ երաժշտությունը, հորաքրոջս դիպակե զգեստն ու գցած սեղանները:
2015 թվականից շենքը համարվում է վթարային: Երկրաշարժից հետո կողաշենքի մեր խոհանոցը քանդվեց, ու մենք տեղափոխվեցին նորակառույց: Բայց բնակարանը մերն էր, ու այնտեղ գնում էինք՝ հարազատ տունը տեսնելու:
2022 թվականի դեկտեմբերի 6-ին եկա Երևան ու շրջափակման պատճառով այլևս չկարողացա վերադառնալ: Իսկ ընտանիքիս մի մասը մնաց Արցախում. երկու դուստրս ու եղբայրս՝ ընտանիքով: Նրանք վերջիններից էին, որ դուրս եկան, սեպտեմբերի 28-ին: Մեր փողոցում արդեն ադրբեջանցի պարեկներ էին շրջում. իսկապես սարսափելի էր: Բայց մինչև վերջին պահը ձգձգում էին, չէին ուզում մեկնել: Հողը պահում է, տունը պահում է:
Դուրս եկանք կարելի է ասել առանց իրերի. համարյա ոչինչ չէինք վերցրել: Միակ բանը, որ հիշատակ մնաց հին տնից, փոքրիկ ապուրամանն էր, տատիկինս էր, հրեղեն թռչնի պատկերով ճենապակյա սպասքակազմից, որը ժամանակին իր օժիտն էր եղել: Միայն դա էր մնացել:
Հեռանալիս դուռը բաց թողեցինք: Բանալին դրեցինք գորգի տակ:
Կարինա Պետրոսովա
Այս նկարն ինձ հետ բերել եմ Ստեփանակերտից, հանեցի շրջանակից, փաթաթեցի, որ անցակետերով հեշտ անցկացնեմ: Բայց այնպես ստացվեց, որ մնաց պայուսակների արանքում, վնասվեց: 39 ժամում հասանք սահման: Մեքենայում յոթ հոգով էինք, շնչելու օդ չկար: Մեզ հետ գրեթե ոչինչ չէինք վերցրել, միայն մանկական հագուստ և նկարը: Փրկեցի այն, որովհետև դրա հետ են կապված մեր հիշողությունները:
Նկարում տատս ու պապս են՝ Վլադիմիր Միխայիլի Գևորգյանը, մեր տան առաջ: Երիտասարդ տարիներին ապրում էին փոքրիկ կառույցում (նկարում այն երևում է ձախից) ու միաժամանակ տուն էին կառուցում: 1930-ականներն էին: Սկսեցին կառուցել, հիմքը գցեցին, իսկ հետո սկսվեց պատերազմը: Պապիկը մայոր էր, կռվում էր Առաջին բելառուսական ճակատում: Դեմքի վիրավորում էր ստացել, անցել էր ամբողջ պատերազմով, պատերազմից հետո մինչև 1949 թիվը ծառայել Գերմանիայում: Բազմաթիվ շքանշաններ ուներ: Երկուսը բերեցի. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ և երրորդ աստիճանի շքանշաններ: Ցավոք, բոլորը բերելն անհնար էր:
Եվ միայն երբ պապիկը վերադարձավ Գերմանիայից, տան շինարարությունն ավարտին հասցրին: Ստեփանակերտի կենտրոնում է, Սպանդարյան փողոցում: Քարից է: Կառուցել են շատ երկար, համարյա քսան տարի: Տատիկն ու պապիկն ամեն ինչ անում էին իրենց ձեռքերով: Արդյունքում շատ գեղեցիկ ստացվեց: Երկու հարկ, մեծ բակ, որտեղ և՛ բասկետբոլ էին խաղում, և՛ հեծանիվ քշում: Այնտեղ ապրել էր մեր ընտանիքի չորս սերունդ: Նույնիսկ հինգ. այդ տանը վերջին տարիներին ծնվել էին զարմիկներս ու զարմուհիներս:
Առաջին հարկում՝ ննջասենյակ, հյուրասենյակ և փոքր խոհանոց: Հիշում եմ, թե ինչպես էին ռմբակոծում առաջին պատերազմի ժամանակ, իսկ պապիկը մեզ հեքիաթներ էր պատմում: Երկրորդ հարկում ապրում էինք միայն ամռանը. ձմռանն այնտեղ կաթում էր, ցուրտ էր: Ամբողջ տանիքը բեկորների մեջ էր, առաստաղ չկար, պատուհանները նույնպես ջարդված էին: Եվ երկար ժամանակ նորոգման գումար չունեինք: Բայց հետո աստիճանաբար ամեն ինչ կարգի բերեցինք:
Քսան թվականի պատերազմից հետո, երբ պապիկս ու տատիկս ողջ չէին, իմ ձեռքերով նորոգեցի տունը: Այնտեղ հավաքվում էինք ընկերների հետ, շփվում, պրոյեկտորով ֆիլմեր դիտում: Բոլոր ժամանակներում տանը շատ հյուրեր էին լինում: Երբեք դուռ ու դարպաս չէինք կողպում: Բանալին միշտ կախած էր մուտքի մոտ: Մեկնելիս էլ այնտեղ թողեցի:
Շրջափակման և բռնի տեղահանության ժամանակ մայրացածները
Ոմանք հղի վիճակում, ոմանք արդեն նորածիններին գրկներում ստիպված եղան պատսպարվել ցուրտ ու խոնավ ապաստարաններում, ոմանք էլ իրենց փոքրիկներին լույս աշխարհ բերեցին հենց տեղահանության ճանապարհին, անդրադառնում է Անի Գևորգյանի ֆոտոպատումը։
Read moreՄեր տանն ենք, բայց մեր տանը չենք
Բոլոր տեղահանված արցախցիների նման, խնամիներ երկու Գայանեների ընտանիքները նույնպես սեպտեմբերին են եկել Հայաստան, բոլորի նման գրանցվել և հայտնվել են Եղվարդում: Բոլոր տեղահանվածների պես նրանք էլ նույն սոցիալական դժվարություններին են առերեսվում, որոնք պարզաբանում է արցախցի լրագրող Մարութ Վանյանը։
Read moreԲարև Ձեզ, զանգում եմ Վայքի հաշվառման կենտրոնից․․․
Սեպտեմբերի վերջին կամավորության մեկ օրը Վայքում առաջինը, բայց ոչ վերջինն էր ճարտարապետ Իրինա Մերդինյանի համար։ Բռնի տեղահանված ու Հայաստան տեղափոխված արցախցիներին աջակցելու ընկերներից մեկի նախաձեռնությունը վարակիչ հիվանդության նման պետք է տարածվեր նաև իր վրա։
Read moreՄիայն օգնությունը բավարար չէ
Հայրենի Արցախի կորստի հետ չհարմարվող, մի քանի անգամ տուն կորցրած արցախցիներից ոմանք բնակություն են հաստատել Արարատի մարզի Ռանչպար գյուղում ու փորձում են զրոյից նոր կյանք սկսել, անդրադառնում է արցախցի լրագրող Սիրանուշ Սարգսյանը։
Read moreՈր վերջում բարին հաղթի չարին …
Առաջին հոգեբանական օգնություն ցուցաբերելով Արցախից բռնի տեղախանված երեխաներին՝ Ներքին գործերի նախարարության աշխատակիցները փորձում են փոքր-ինչ մեղմել երեխաների անհանգստությունները։ Աշխատանքի ընթացքը՝ Անի Գևորգյանի ֆոտոպատումով։
Read moreՆոր տանիք փնտրելիս. Զորակ
Արցախից ավելի քան 500 բռնի տեղահանվածներ այժմ Հայաստանի Արարատի մարզի Զորակ գյուղում են, որտեղ մի քանի ընտանիք միասին ապրում են մեկ տանը, ոմանք նույնիսկ ստիպված են քնել բեռնատարների մեջ: Նրանց պատմությունը ներկայացնում է ֆոտոլրագրող Անի Գևորգյանը։
Read moreԱռանց Արցախ. լայն բացված աչքերով ու հույսին հրաժեշտ տված
2020-ի արհավիրքից հետո Արցախ վերադարձած, ինը ամիս շրջափակման բոլոր մարտահրավերները կրած ու դրանք հիմնականում հաղթահարած մարդիկ հավաքեցին դարերի հիշողությունն ու մի քանի կենցաղային իրերի հետ տեղավորելով տարբեր չափերի մեքենաների մեջ՝ ճանապարհ ընկան, հիմնականում՝ դեպի անհայտություն։ Թամարա Գրիգորյանը կիսվում է բռնի տեղահանության իր պատմությամբ։
Read moreԿարոտելով հայրենի տունը
Արցախից բռնի տեղահանվածները Հայաստանում փորձում են վերագտնել կյանքը, մինչդեռ զուգահեռ խորանում է անսահման կարոտն առ հայրենի եզերք։ Նրանց պատմությունն ափսոսանքի, ցավի և ունեզրկման մասին է։
Read more