![Armenians of Artsakh: Aching for Home](https://evnreport.com/wp-content/uploads/2023/10/Armenians-of-Artsakh-Aching-for-Home-.jpeg)
Հոդվածը կարող եք լսել Ձայնագիր
Ավետիսյաններ
Դռան շեմին մանկական կոշիկների ու հողթափերի մի ամբողջ կույտ է։ Դռան արանքից աղմուկ է, լաց, ծիծաղ, վազվզոց։ Դռան հակառակ կողմում միանգամից հայտնվում են Գոհարը, Էվելինան, Ռոզան, Ալյոնան, Գոռը, Մարտինը, Մոնթեն, Նարեն, Արևիկը, Արկադին, Արթուրը, Զոյան, Լուիզան, Արտյոմը, Մարիաննան։ Նրանցից ամենամեծը 17 տարեկան է, ամենափոքրը` 11 ամսական։
«Անխնա ունեցել ենք։ Ուզում էինք ծաղկեցնել մեր երկիրը, էն էլ չստացվեց»,- ասում է Նոնա Ավետիսյանը, ով ընդամենը օրեր առաջ ապրում էր Արցախի Մարտակերտի շրջանի 120 բնակիչ ունեցող Զարդախաչ գյուղում։
Երեխաներից ութը Նոնայինն են, յոթը` քրոջինը՝ Մարինայինը։ Պատմում են պատերազմի միջով անցած ճանապարհի մասին, փորձել են 15 երեխաներին անվնաս հասցնել մինչև Հայաստան։
«Այդ օրը երեխաներն արդեն դպրոցից տուն էին եկել, հաց էի դնում, որ ճաշենք, մեկ էլ Մարինան զանգում է Մարտակերտից, թե շուտ արա, գնա մեր տուն, երեխեքին հավաքի բեր քո մոտ, մինչև ես կհասնեմ, պատերազմ ա սկսվել։ Ու վազում եմ Մարինայի տուն, դիքը բարձրանալուց մի բան գլխիս վրայով սուրալով անցավ, բայց ես մտածում էի միայն հասնեմ երեխեքին։ Կարողացա բոլորին հավաքել մի տեղ, հետո արդեն գյուղացիների հետ մտել ենք ապաստարան, մինչև երեկոյան յոթը»,- պատմում է 41-ամյա Նոնա Ավետիսյանը։
Նոնայի հայացքում մի աշխարհ ափսոսանք է, կարոտ, անհանգստություն։ Երկրորդ անգամ է տուն կորցնում, առաջինը Մարտակերտի շրջանի Հովտաշեն գյուղում էր, պետությունը տվել էր, որպես բազմազավակ ընտանիքի։
«Ընդամենը երեք ամիս ապրեցինք, 44-օրյա պատերազմից հետո մեր գյուղն անցավ Ադրբեջանին։ Երկրորդ անգամ տուն տվեցին Զարդախաչում, ու էլի դատարկ դուրս եկանք, միայն փաստաթղթեր ու մի քանի հագուստ։ Սարսափելի էին կրակոցները, աղջիկս՝ Էվելինան ուշաթափվեց վախից, մի կերպ հասցրել ենք դուրս գալ գյուղից»,- հիշում է Նոնան։
Նրա ամուսինն անհետ կորած է, ասում է՝ եղել է Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի վայրում։ Մարինայի ամուսինն արդեն սկսել է աշխատել շինարարությունում։ Քույրերին օգնել են ժամանակավորապես ապաստան գտնել էջմիածնում։
«Տարբեր մարդիկ են մեզ օգնել, երկհարկանի տուն են տրամադրել, մեկն անկողին է բերել, լեժանկաներն են բերել, կամավորները սնունդ են բերում,- ասում է Մարինա Ավետիսյանը՝ նշելով, թե փորձում են լավատես լինել, իսկ հետագան կապում են գյուղի հետ,- գյուղում մեծ սիրով կապրենք, հիմա տուն ենք փնտրում, գյուղ լինի, որ հող մշակենք, մեր երեխեքին պահենք։ Զարդախաչում հող էինք մշակում, իմ ու քրոջս ամուսինը պայմանագրային զինծառայողներ էին, երեխեքի նպաստն էինք ստանում, վատ չէինք ապրում»։
Երեխաներից ամենամեծը`17-ամյա Գոհարը մի կողմից ընթրիք է պատրաստում, մյուս կողմից հետևում խոսակցությանը։ Նրբանկատորեն խառնվում է զրույցին՝ օգնելով ցավից մոլորված մորն ու մորաքրոջն ու ցրում ծանրացած լռությունը։
Գոհարը թերթում է հեռախոսի լուսանկարները.
«Կամազի կուզովով եկանք Ստեփանակերտից, անձրևն էլ գլխներիս, մեկ ու կես օր եկանք։ Արցախցիների ճակատին գրված է դժվարություն, մենք մեր ամբողջ կյանքում դժվարություն ենք տեսել, ու հիմա էլ տեսնում ենք։ Ես ութ տարեկանից սկսեցի հասկանալ, որ ապրում եմ մի երկրում, որտեղ պատերազմն առկախված է մեր գլխին, կրակոցները երբեք չլռեցին։ Մինչև հիմա չեմ հավատում, որ Արցախն էլ մերը չէ»։
Սեղանին Գոհարի հյուրասիրած թեյն է, պլաստմասե բաժակներով։ Չեն նեղվում, Գոհարը ժպտալով ասում է՝ դեռ չունեն թեյի բաժակներ, քչություն են անում գդալները, կաթսաները, թավաները։ Երեկոյան պատրաստվում են տոլմա եփել։
«Կաղամբով էլ, թփով էլ, մաման ու մորքուրը կփաթաթեն, մի 3 կիլո միս լիներ լավ կհերիքեր, բայց 1 կիլոյով էլ յոլա կգնանք»,- ժպտալով ասում է Գոհարը։
Համբարձումյաններ
Համբարձումյանների ինը հոգանոց ընտանիքը երկու տուն է կորցրել, առաջինը` Քաշաթաղի շրջանի Իշխանաձորում, երկրորդը` Ասկերանի շրջանի Պատարա գյուղում։
«Հրետանավոր տղա եմ, Մարտունու պաշտապանական դիրքերում եմ կռվել։ Ասեցին զինաթափվեք, սաղ հանել ենք տվել ռուսին, ասեցին, եթե չզինաթափվեք, մեր ու մանուկների համար վատ ա լինելու,- պատմում է յոթ երեխաների հայր, 44-ամյա Կարեն Համբարձումյանն ու հավելում,- Մենք դրանց սատկացնելով գնում էինք, ընենց չէր մեզանից զոհ չի եղել, բայց կռվում էինք, պահում էինք, էս անգամ բեսպիլոտնիկներ չէին աշխատում: Մեր մարդկային ուժերը քիչ էին, բայց ցամաքային մարտում իրենք կռվել չգիտեն, որքան պետք էր՝ կդիմանայինք, 2016-ին էնքան փրթեցինք, կանգնեցրին կռիվը, էս անգամ էլ էլի ինքն էր կանգնեցնելու, ուղղակի կարող ա գժվեր, սկսեր քաղաքին բամբիտ անել, երեխա ու մեծ էլ չնայեր…»։
Արցախյան չորս պատերազմների թոհ ու բոհով անցած Համբարձումյանը նշում է, որ ճիշտ իր մեծ աղջկա՝ Մարիամի տարիքին էր, երբ սկսեց իր բաժին կռիվը` իր սեփական հողում ապրելու համար։
«Ինչ ծնվել եմ պատերազմների մեջ եմ, 12 տարեկան էի գյուղից կարտոշկա, լոբի էինք հավաքում, հասցնում դիրքեր՝ մեր տղերքին, որ ուտելու բան ունենան, կռվեն, մենք էլ ապրենք,- պատմում է Կարենը՝ ծածկելով մահճակալին քնած փոքրիկներից մեկին ու հիշում, թե որքան միասնական էին այն տարիներին մարդիկ,- Մի գաղափար կար, իսկ հիմա 40 ձևի կուսակցություն կա, 40 գաղափար, ու մեկը մեկին ուտում են։ Մեր տղերքի գերեզմանները, մեր արյունը, Արցախում մի սանտիմետր հող չկա, որի համար արյուն թափված չլինի, որի համար մարդ վիրավորված չլինի։ Էս ձևի խայտառակություն ոչ մեկ չէր պատկերացնում»։
Կարենի կինը` 36-ամյա Տատյանա Ֆեոդորովան ավելի քիչ է խոսում, բայց հպարտությամբ ծանոթացնում է երեխաների հետ.
«Մարիամս 12 տարեկան է, Արթուրը` 10 է, Հայկս` 7, Քերոբը` 5, Մելսիկը` 4, Անիս` 2, մեր ամենափոքրը Թագուհին է` 11 ամսական: Երբ կռվի օրը Կարենը գնաց, հետո ահագին ժամանակ էլ ո՛չ կապ կար, ո՛չ ինտերնետ, ո՛չ լույս, երեխաների հետ մենակ էի, հետո էլ իմացանք, որ շրջափակման մեջ են ընկել, դա մի սարսափ էր»։
Տատյանան լռում է, Արցախից միայն հիշողություններ է բերել։ Դրանք բարձրաձայնելուց օդը չի հերիքում։
«Մարտունու ճանապարհը թուրքը (խմբ. արցախցիներն այսպես են անվանում ադրբեջանցիներին) կտրել էր, մեզ տեղ չունեինք դուրս գալու, ռուսն ա մեզ հանել Մարտունուց, երկու օր թողնելուց ու զինաթափելուց հետո։ Մինչև գնացի հասա տուն, ընտանիքիս, տեսա արդեն 40 հազար մարդ դուրս ա եկել։ Պատարայից տարհանվեցինք սեպտեմբերի 26-ին, լուսաբաց 5-ին։ Ոչ մեկ չէր պատկերացնում, որ նման բան կլիներ, մենք տեսնում էինք պետությունը շինարարություն էր անում, մարդիկ տուն էին սարքում»,- ասում է Կարենը։
Ստեփանակերտից Կոռնիձոր հասել են «ուռալի կուզովով»` 30 ժամում։ Սահմանին ադրբեջանական կողմը մեքենայում եղած հինգ տղամարդկանից միայն Կարենին է իջեցրել, նկարահանել։
«Շատ հպարտ, առանց վախենալու իջա ու կանգնեցի դիմացները։ Եթե ինձ տանեին, մոտս դանակ էի պահել, տեղում կտրելու էի երակներս, որ դրանց ձեռքը չգնայի ընկնեի…»,- ասում է տղամարդը։
Հայաստանի մարտական ընկերները դիմավորել են Կարենին, տեղավորել Սիսիանում, այնուհետև տուն են գտել ու տեղափոխվել Արմավիրի մարզի Այգեշատ գյուղ։
«Էս տան մեջ բան չկար, գյուղի ժողովուրդ են օգնել, ամեն մեկը մի բան բերել, ջուրը քաշեցինք, հոսանքները, էնքան որ տանիք կա գլխներիս։ Ինչ ասեմ, հիշում եմ մեր Իշխանաձորի տունը՝ սիրուն, կուլտուրնի, սաղ զակատները արած լցրած, ասում էին իրերը հանենք, ասեցի չէ, երկու անգամ սմերչով խփեցին Իշխանաձորին, երեխեքիս լուսանկարներն անգամ չհասցրինք վերցնել։ Պատարայի տունն էլ բլոկադայի ժամանակ էինք ստացել, մարտի 11-ին, էն էլ սենց եղավ»,- ասում է Կարենը։
Իրար հաջորդող պատերազմների ու խարխլված խաղաղության մեջ ունեցել են յոթ երեխա։ Ասում են, որ արցախցիները շատ են երեխաներ ունենում, որպեսզի լրացնեն մարդկայն կորուստների տեղը։
«Շատ ենք քչացել։ Բայց էս երեխեքն էլ ծնվել, չեն ծնվել, պատերազմ են տեսնում,- մտահոգ ասում է Կարենը, որը հաստատակամ է՝ մնալու է Հայաստանում,- Ո՞ւր գնամ էլի, էս էլ ա մեր հողը էլի, էլ ո՞ւր գնամ, ես մնալու եմ մեր հողում, ուր ուզում են թող գնան մնացածը, հիմա մեր ճակատագիրը որ սենց ա՝ սենց ա։ Ոտքի կկանգնենք, խելքի կգանք, ուժ կտանք իրար։ Մենք պետք ա լավը դառնանք, մի բռունցք դառնանք, հակառակ դեպքում աբողջ երկիրն ենք կորցնելու։ Հարյուր տարեկան Ադրբեջանը ո՞վ դառավ, որ դարավոր հայկական Արցախին ասի իմս ա»։
Սողոմոնյաններ
46-ամյա Նվեր Մելքումյանը հարազատ Մարտունի քաղաքի համար կռիվ է տվել մինչև վերջ։
«Մարտունի չեն մտել, ու, ընդհանրապես, իրանց ողջ կյանքով թուրքը ոտքը դրած չէր եղել Մարտունի»,- հպարտ, բայց անհանգիստ ասում է 2020-ի Արցախյան պատերազմից հետո ձևավորված Արցախի աշխարհազորի մարտիկ Նվեր Մելքումյանը։
Սեպտեմբերի 19-ին Նվերը հերթապահության է եղել, երբ Ադրբեջանն Արցախում սկսել է լայնամասշտաբ հարձակումը։ Իրենց դիրքի ինը տղաներից ողջ են մնացել երեքը։
«Մարտունու գլխին հենց մեր դիրքն էր, ու բարձունքը պահեցինք, ու ամենաշատ զոհն էլ թուրքերը հենց Մարտունիում են տվել։ Երեքով երկու ժամ բարձունքը պահել ենք, մինչև Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանը 17 հոգով օգնության եկավ։ Մի երկու դիրքում դիակներ ունեինք, նորից հարձակում արեցինք, որ դիակները հանենք, չորս զոհ էլ էդ ժամանակ տվեցինք, այդ թվում նաև Ազնավուրը ու էլի մեր տղերքից… Կռվի պահին մենակ մի բան եմ մտածել, կռվեմ մինչև վերջ, որ թուրքը չմտնի Մարտունի, մտածել եմ, որ զալոժնիկ ընկնեմ, պետք ա ինձ խփեմ կամ պայթեցնեմ, որ դրանց ձեռքը չընկնեմ»,- դժվարությամբ վերհիշում է ընդամենը շաբաթներ առաջ տեղի ունեցած դեպքերը` հինգ երեխաների հայրը։
Ոգևորված հիշում է, թե ինչպես 44-օրյա պատերազմից հետո վերականգնեցին ավերված Մարտունին ու ինչ երազանքներ ունեին.
«Մենք, որ մի բան էինք սարքում, չէինք մտածում, որ թուրքը գալու ա ավիրի, կամ մնալու ա թուրքին, մենք մեր կյանքը շարունակում էինք նույն ձևի, սարքում էինք, սիրունացնում, շենացնում։ Մինչև վերջին պահը կռվել եմ, 14 տարեկանից պատերազմների մեջ եմ, չորս պատերազմի միջով անցա, ու վերջը սենց պետք ա՞ լիներ, չեմ պատկերացրել։ Ես մտածել եմ պետք ա նոր առաջ գնանք ու կորցրած հողերը հետ բերենք»։
Նվերի չորս բոլորը հինգ երեխաներն են, ուշադիր լսում են պատերազմի մասին հնչող հերթական պատմությունները։ Լուռ են, փոխարենը խոսում են նրանց հայացքները, որտեղ ամբարված է վախ, տագնապ, հիշողություններ, կարոտ, կորուստ, ցավ։
Մելանյան 16 տարեկան է, Աստղիկը` 15, Արմանը` 12, Լուսինեն` 10, Արևիկը` 9-ը։ Սողոմոնյաններին որպես բազմազավակ ընտանիք պետությունը ապահոված է եղել չորս սենյականոց բնակարանով Մարտունիում։
«Ասեցինք տղա լինի, տղուն ախպեր լինի, հետո նորից աղջիկ դառավ, էս անգամ քույր լինի քրոջը, ու դարձան հինգը,- ծիծաղում են ծնողներն ու ավելացնում,- Մարտունու բնակչությունը վեց հազար էր, կռվից հետո հազիվ չորս հազար մարդ էր մնացել, շատանալ էր պետք»։
Նվերի կինը՝ Խոնարհ Սողոմոնյանը, չդադարող կրակահերթերի տակ դժվարությամբ հավաքել է երեխաներին ու իջեցրել նկուղ, որտեղ ստիպված են եղել մնալ երկու-երեք օր, այնուհետև մի քանի րոպե են ունեցել հավաքվելու և տունը լքելու համար։
Նվերն ասում է, թե չէր պատկերացնում, որ պատերազմ կլինի, հատկապես, երբ իրենց կողքին էին ռուս խաղաղապահները.
«Կարող ա լիներ թեթևակի խփոցի, բայց որ քաղաքի վրա այս ձևով կկրակեին՝ չեմ պատկերացրել։ Սովորաբար, երբ մի դիրքի վրա կրակում էին՝ ռուսը հասնում էր, կանգնեցնում, բայց այս անգամ չէ, ոչ մի միջամտություն չի եղել մինչև վերջին պահը»։
Մարտունու քաղաքապետարանից Նվերին ՈւԱԶ մեքենա են հատկացրել, որպեսզի կարողանա ընտանիքին դուրս հանել։
«Դոշակները փռել եմ, մի երեք ընտանիք էլ հետս վերցրել, կուզովը լցրել, ճանապարհներին կանգնելով եկանք հասանք Ստեփանակերտ, երկու օր ճամփա եկանք, մի երկու օր էլ տևեց մինչև հասանք Կոռնիձոր։ Ես էլ էի մտածում գուցե ինձ բռնեն, դե դիրքերում կամերաներ կան, իրենք էլ, մենք էլ տեսնում ենք իրար, ինքնությունները հաստատում են, բայց հեշտ անցա, անգամ պրավերկա չարեցին,- պատմում է Նվերն ու հիշում, թե ինչքան սոված ու հյուծված էին բոլորը,- մի բալոն մեղրը ուտելով եկել ենք։ Ինը ամիսը մի կերպ ապրել ենք, մեր հողամասի եղածով, խոզի յուղով ենք յոլա գնացել, ինչն էր բոլ` խոզի միսը, խոզի յուղն ենք հալել օգտագործել։ Կարտոշկա, միս, տալոնով մի հաց, բայց դիմանում էինք»։
Հայաստանում ժամանակավորապես ապրում են ընկերոջ տրամադրած հյուրանոցում` Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղում։ Հիմա փորձում են տուն փնտրել, նորից «տուն դառնալ», սակայն հրաժարվում են սահմանամերձ որևէ համայնք գնալուց։
«Լարված վիճակ է նաև Հայաստանում։ Հիմա տանեմ երեխեքին սահմանամերձ մի գյուղ, էլի տուն դնենք ու էլի հանկարծ ստիպված լինենք հեռանալ, ես երեխեքիս համար վախենում եմ, էլ չեմ ուզում տուն կորցնել»,- ասում է ընտանիքի հայրը։
Աղջիկներից Արևիկը տետրն է բացում ու կարդում իր գրած տողերը.
«Արցախ, քու ցավը տանիմ… ես իմ դպրոցը շատ եմ կարոտալ, ուսուցիչներիս շատ եմ կարոտալ, ընկերներիս շատ եմ կարոտալ, մի պէն էրեք ժողովուրդ, ես իմ պապիկիս ու տատիկիս տունը շատ եմ կարոտալ, ես այնտեղ եմ մեծացել…»
Արևիկի սև մեծ աչքերը փայլում են, երազում է Մարտունի վերադառնալու մասին՝ պայմանով, որ այնտեղ ադրբեջանցիներ չլինեն։
«Արդեն տեսել ենք՝ մեր տանը մարդ կա, ամբողջ համացանցը լցված են մեր քաղաքի կադրերով»,- ասում է 9-ամյա Արևիկը։
Նվերն ասում է, որ երեք տարի էր անցել պատերազմից, ու մտածում էին, որ ամեն ինչ այլ լուծում կստանա, մինչդեռ լրիվ հակառակը եղավ, ու ռուսն էլ լրիվ մի կողմ քաշվեց։ Չի պատկերացնում ադրբեջանցու հետ խաղաղությունը, կամ նրանց հետ կողք կողքի ապրելը։
«Ես թուրք եմ սպանել, ոնց կլինի, որ նրա եղբայրը իմ երեխուն չվնասի, կամ չսպանի։ Եթե ես ինտեգրվեմ, իմ վերջը ի՞նչ պետք ա լինի, հետո իմ տղեն գնա թուրքի համար ծառայի, բերի Հայաստանի դեմ կռվի՞,- ասում է Նվերը՝ այս դեպքում ճիշտ որոշում համարելով Արցախից դուրս գալը,- Ադրբեջանցիներն ականջ ու քիթ են կտրում, իմ աչքի առաջ զոհվածի ականջ են կտրել. երբ կռիվը կանգնեցրին, ռուսների հետ գնացինք դիակները բերելու, ռուսներն ասացին դուրս մի եկեք ավտոյից, թուրքերը ագրեսիվ են, ու իրենք էին քաշելով բերում դիակները, թուրքն ընթացքում հասցնում էր ականջը կտրեր… ի՞նչ ասեմ էլ»։
Սաֆարյաններ
Սաֆարյանների 14 հոգանոց ընտանիքը Ճարտարի իրենց բնակարանից դուրս է եկել մեկ շիշ ջրով, երկու լավաշով ու մի քանի շորով։
«Գնացել եմ քաղաքապետարան, ասում եմ ինչպե՞ս ենք դուրս գալու, մենք մեքենա չունենք, տեսնում եմ, որ թաղում էլ մարդ չի մնացել, ինձ ասում են, երկու հատ Ուռալ կա վայենի, շոֆեռ ճարեք, գնացեք…,- պատմում է ընտանիքի մայրը՝ Նարինեն ու հավելում, թե ինչպես է պատահական տեսել արդեն ճանապարհ ընկնող մեկ այլ բեռնատար,- Ես ամենափոքրիս հետ նստել եմ վարորդի կողքին, էնտեղ մի 82 տարեկան տատիկ էլ կար, մնացածը բարձրացան կուզովը։ Կուզովում երեք տարեկան տղաս լացում էր, առաջ բերեցինք, գետինը մեր ոտքերի տակ քնեց, մի խայտառակ իրավիճակ էր, ու այդպես հինգ օր ճամփեքին»։
Հակարիի կամրջի վրա ադրբեջանցիները ստուգել են մարդկանց տեղափոխող բեռնատարը։
«Թուրքը մտավ Ուրալի մեջ, երեխաները վախեցած հետ գնացին, ինքը ռուսերենով ասեց՝ մի վախեցեք, սկսեց հաշվել երեխեքին՝ քանի տղա ու քանի աղջիկ։ Տղամարդկանց իջեցրին, ոտքով անցան սահմանը մինչև Կոռնիձոր, մենք՝ մեքենայով,- ասում է Նարինեն ու հիշում, թե երեխաներն ինչքան էին ուրախացել, երբ Հայաստանում նրանց վերջապես սնունդ տվեցին,- Երեխաները հազիվ ջուր տեսան, ջուր չկար ամբողջ ճանապարհին, ես փոքրիս կուրծք էի տալիս, շիշը վերցնում էի մեքենաներից ջուր խնդրում, շաքարավազ էլ տվեցին, խառնում էի ջրին ու խմում, որ կարողանայի կուրծք տալ աղջկաս…»։
Մեծ բազմոցին հազիվ են տեղավորվել ընտանիքով` 23-ամյա Մուրադը, 19-ամյա Աննան, 16-ամյա Լյուդմիլան, 14-ամյա Արմանը, 11-ամյա Փիրուզան, 9-ամյա Ռիման, 7-ամյա Մարատը, 5-ամյա Եվան, 3-ամյա Րաֆֆին, 5 ամսական Գայանեն։ Մուրադն ամուսնացած է, կինն ու 10 ամսական երեխան նույնպես այստեղ են։ Ընտանիքի հայրը՝ 58-ամյա Արա Սաֆարյանն առողջական լուրջ խնդիրներ ունի։
Ճարտարից տեղահանված Սաֆարյանների 14 հոգանոց ընտանիքը սկզբում ժամանակավորապես տեղավորվել է Մասիս քաղաքում գտնվող չորս սենյականոց մի տանը, որտեղ ապրում են նաև Նարինե Սաֆարյանի քրոջ և քրոջ ամուսնու եղբոր ընտանիքները։ Օրեր անց նրանց առաջարկել են տուն Արագածոտնի մարզի Արագած գյուղում՝ վարձակալությամբ։
«Մեզ տուն էին առաջարկում Գեղարքունիքում, Տավուշում, բայց ես չեմ գնա, վախենում եմ, լուրերով անընդհատ լսում ենք, որ կրակում են… այսքան երեխաներ եմ ունեցել, որ շատանանք, իրարով ապրենք, հիմա մենակ խաղաղություն եմ ուզում։ Կգնանք Արագած, հող կմշակենք, անասուն կպահենք, մեր տնտեսությունը խելքի կբերենք, որ էս երեխաներին մեծացնենք»,- հուզված ասում է տասը երեխաների մայրը։
Աղջիկներից Աննան լուռ է, հրաժեշտից առաջ ասում է.
«Ուր էլ գնանք՝ մեր հայրենիքի տեղը չի տալու»։
Մեր հայերեն էջից
Պեղումներ. Հակոբ Մեղապարտի հետ՝ դեպի Վենետիկ
Հայերեն գիրքը թե՛ ազգային ինքնությունը պահպանելու հզոր գործիք դարձավ, թե՛ հնարավորություն մուտք գործելու գիտության, տեխնիկայի և տեղեկատվության զարգացման դարաշրջան։ Հակոբ Մեղապարտը, նրա գործունեությունն ու կենսական անհրաժեշտություն գրքերի տպագրման ուղին է գրող, թարգմանիչ Վահրամ Մարտիրոսյանի «Պեղումներ. Հայոց ծանոթ և անծանոթ պատմությունից» շարքի երկրորդ անդրադարձի առանցքում։
Read moreՊեղումներ. «Ալքիմիկոսը»՝ Մկրտիչ Նաղաշ
XV դարում է ստեղծագործել պանդխտության առաջին հայ երգիչը, որի անունն է բոլորին հայտնի գրականության դասագրքերից, բայց՝ ոչ կյանքը։ Մկրտիչ Նաղաշը, նրա ժամանակաշրջանն ու իրադարձություններն են գրող, թարգմանիչ Վահրամ Մարտիրոսյանի «Պեղումներ. Հայոց ծանոթ և անծանոթ պատմությունից» շարքի առաջին անդրադարձի առանցքում։
Read moreՎավերացված, չգոհացրած. արձագանքելով ՄՔԴ-ին Հայաստանի միանալու շուրջ մտահոգություններին
Թեև ոմանք ողջունեցին Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացումը, թերահավատների մի խումբ, սակայն, դեմ է այդ գաղափարին: Շիլա Փայլանն անդրադառնում է ամենաարդիական մտահոգություններին:
Read moreՆոր տանիք փնտրելիս. Զորակ
Արցախից ավելի քան 500 բռնի տեղահանվածներ այժմ Հայաստանի Արարատի մարզի Զորակ գյուղում են, որտեղ մի քանի ընտանիք միասին ապրում են մեկ տանը, ոմանք նույնիսկ ստիպված են քնել բեռնատարների մեջ: Նրանց պատմությունը ներկայացնում է ֆոտոլրագրող Անի Գևորգյանը։
Read moreՈճրի և իրավունքի արանքում
Շուրջ տասն ամսվա շրջափակումից ու մեկ օր տևած ռազմական գործողություններից հետո Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներն առաջիկայում էլ բախվելու են իրավական բազմաթիվ գործընթացների։
Read moreԿորստից կորուստ ապրելու
«Երեք տարի առաջ այս օրերին կրկին պատերազմ էր ու զոհեր, կրկին տեղահանություն էր ու հայրենազրկում, մենք պետք է անվերջ կորցնե՞նք»,- գրում է Գոհար Աբրահամյանը։
Read moreԵրևանը՝ «միությունից» անկախություն
Երևանի մասին շարքի երկրորդ մասում Լիլիթ Ավագյանն անդրադառնում է մայրաքաղաքի կառավարման զարգացմանը՝ Խորհրդային Միության փլուզումից մինչև Երևանի նոր քաղաքապետի վերջին ընտրությունը։
Read moreԵրևանը՝ կայսրությունից «միություն»
Երևանի ավագանու ընտրություններից առաջ Լիլիթ Ավագյանն անդրադառնում է, թե ի՞նչ քաղաք էր Երևանը, ինչպես է սկսվել կառավարման պատմությունն ու ի՞նչ շրջափուլեր է ունեցել Ռուսական կայսրության, Առաջին Հանրապետության ու Խորհրդային Միության տարիներին։
Read moreԱնվտանգության զեկույց. սեպտեմբեր 2023
Ռուս-ադրբեջանական ծուղակն ու Արցախի Հանրապետության անկումը
Անվտանգության զեկույց. սեպտեմբեր 2023
Ռուս-ադրբեջանական տանդեմի հաստատած ստատուս քվոն ամբողջությամբ փլուզվեց, երբ Բաքուն Արցախում ձեռնարկեց լայնամասշտաբ ներխուժում՝ իր գործողությունները համակարգելով ռուսական զորքերի հետ: Ներսես Կոպալյանը ներկայացնում է զարգացումների համապարփակ վերլուծություն։
Read more