Հոկտեմբերին Հայաստանը մոտեցավ իր անվտանգության բազմազանեցման հիմնական դրույթները համախմբելուն, քանի որ արտաքին քաղաքական կողմնորոշման մեջ դեպի արևմուտք շրջադարձը և ռուսակենտրոն կախվածության կառույցի խզումը Հայաստանի նորաթուխ անվտանգության ճարտարապետության ձևավորման գործում հանգեցրին հստակ արդյունքների: Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման հետևանքները Բաքվի դեմ ձևավորեցին եվրո—ամերիկյան դիրքորոշում, առնվազն դիվանագիտական և հռետորաբանական տեսանկյունից, Հայաստանն էլ ավելի խորացրեց Եվրոպայի հետ հարաբերությունները, իսկ Միացյալ Նահանգները հաստատեց հետագա մարդասիրական և դիվանագիտական աջակցությունը: Սրան ավելացավ նաև Հայաստանի անվտանգության ճարտարապետության լայն ապառուսականացումը, որը նախ սկսվեց Հնդկաստանից զինատեսակների գնումներով, իսկ հետագայում զգալիորեն ամրապնդվեց Ֆրանսիայի հետ անվտանգության ոլորտի պայմանավորվածությունների խորացմամբ և զենքի պայմանագրի ստորագրմամբ: Հայաստանը խորացրեց իր անվտանգության դիվանագիտացումը՝ վավերացնելով Հռոմի ստատուտը և միանալով Միջազգային քրեական դատարանին. սա միջազգային ռազմավարական գործիք է, որը կարող է ընդլայնել Հայաստանի աճող դիվանագիտական գործիքակազմը:
Հայաստանի՝ դեպի արևմուտք շրջադարձը և անվտանգության բազմազանեցումն անքակտելիորեն կապված են և մաս են կազմում Երևանի՝ 2022 թվականից հետո որդեգրած արտաքին քաղաքական կողմնորոշման ավելի լայն նախագծին: Այս համապատկերում, հոկտեմբերի գլխավոր զարգացումներն են՝ Ռուսաստանից մեկ տարի առաջ սկսված անջատման շարունակությունը և դեպի արևմուտք շրջադարձը, որը Հայաստանին թույլ կտա ոչ միայն խուսափել Ռուսաստանից կախվածության կառույցի ծուղակից, այլև անվտանգային անկախություն ձեռք բերել անվտանգության բազմազանեցման միջոցով: Ուստի, դեպի արևմուտք շրջադարձը և ժողովրդավարության աշխարհաքաղաքականացումը ո՛չ գաղափարական է, ո՛չ հայեցակարգային առումով աշխարհաքաղաքական, այլ, ավելի ճիշտ, սոսկալի անվտանգային միջավայրի և Ռուսաստանի կողմից դաշնակցային պարտավորություններից հրաժարվելու կողմնակի արդյունք: Պարզ ասած, Հայաստանը շրջադարձ է կատարում դեպի արևմուտք, ոչ թե որովհետև ցանկանում է աշխարհաքաղաքական քայլեր ձեռնարկել, այլ, ավելի ճիշտ, ուղղակի ցանկանում է գոյատևել: Ուստի, շրջադարձի նպատակը ոչ թե կախվածության մի համակարգը մյուսով փոխարինելն է, այլ կախվածության ամբողջ տրամաբանության խզումն է ու կայուն անվտանգային անկախության ստեղծումը: Քանի որ Ռուսաստանը ցանկություն չուներ աջակցել, ավելին, խոչընդոտում էր անվտանգության ոլորտում Հայաստանի ինքնուրույնացման գործընթացին, Երևանին այլ տարբերակ չէր մնում, քան հեռանալ Ռուսաստանից, և որպես այդպիսին, շրջադարձ կատարել դեպի արևմուտք՝ անվտանգության բազմազանեցման նպատակով: Համադրելով արտաքին քաղաքականության վերլուծության (ԱՔՎ) մեթոդաբանությունը[1] անվտանգության ոլորտի ուսումնասիրությունների հետ՝ այս զեկույցը կուրվագծի այն շարունակականությունը, որը բացատրում է դեպի արևմուտք Հայաստանի շրջադարձի կառուցվածքն ու շարժը, և թե այդ շրջադարձը որքանով է անհրաժեշտ անվտանգության բազմազանեցման համար:
Ռուսաստանի՝ անվտանգության կեղծ խոստումն ու անհամաչափության պահպանումը
Թեև Հարավային Կովկասում Ռուսաստանի գլխավորած անվտանգային ճարտարապատության անկումը խիստ վատթարացրել է Հայաստանի անվտանգային միջավայրը, ռուս-ադրբեջանական առանցքի ձևավորումը և Ռուսաստանի՝ Հայաստանի նկատմամբ իր անվտանգային պարտավորություններից հրաժարումն է, որ հանգեցրին դեպի արևմուտք շրջադարձին: Հրաժարվելով թե՛ զինել, թե՛ պաշտպանել Հայաստանը, Ռուսաստանը պարզապես ամրապնդեց Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուժերի անհամաչափությունը՝ պաշտպանության կեղծ խոստում տալով և ամենածանր պահին լքելով Հայաստանը: Ավելին, եթե Ադրբեջանը շարունակում էր զենք գնել՝ Հայաստանի հետ ուժերի անհամաչափությունն ավելացնելու նպատակով, Ռուսաստանը հրաժարվեց կատարել զինամթերք տրամադրելու իր դաշնակցային պարտավորությունները բոլոր մակարդակներում, ինչը Հայաստանին թույլ կտար ձեռք բերել զսպման նվազագույն կարողություն: Իրականում, Ռուսաստանը կապեց Հայաստանի ձեռքերը և հանձնեց Բաքվին: Հայաստանի անապահովության կարևորագույն պատճառը դարձավ այն, որ անվտանգային հարցերում հենվում էր Ռուսաստանի վրա:
Այս անվստահելի և շահագործող կախվածությունը վերացնելու համար Հայաստանն ուներ միայն մեկ տարբերակ. կոշտ ուժի հնարավորություններ ձեռք բերել այլընտրանքային աղբյուրներից: Այլընտրանքային աղբյուրների հասանելիության հարցում, սակայն, հատկապես Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժելուց հետո, Հայաստանը հայտնվեց դժվարին կացության մեջ. «ռուսական արբանյակի» համար արևմտյան երկրներից զենք ստանալն անհնարին էր: Այսպիսով, Ռուսաստանի հետ Հայաստանի ռազմական հարաբերությունները դարձել էին վտանգավոր արգելք. մնա՛ Ռուսաստանի հետ և արծաթե պնակի վրա հանձնվի՛ր Բաքվին՝ հնարավորություն չունենալով ծանր զինատեսակներ ձեռք բերել: Որպես առաջնային ժամանակավոր միջոց՝ Հայաստանը փորձեց զենք ձեռք բերել Հնդկաստանից, բայց հաշվի առնելով Ադրբեջանի հետ ուժերի ահռելի անհամաչափությունը, գնումների մեկ աղբյուրը բավարար չէր: Այսպիսով, կար աղբյուրների լայն բազմազանության խիստ անհրաժեշտություն: Բազմազանության խնդիրը լուծելու համար Հայաստանը ոչ միայն ստիպված էր անջատվել Ռուսաստանից՝ որպես անվտանգային գործընկեր վերջինիս անհուսալիության պատճառով, այլևս շրջադարձ կատարել դեպի արևմուտք՝ այլընտրանքային աղբյուրներից օգտվելու համար: Այս համապատկերում, արևմտյան շրջադարձը միայն արտաքին քաղաքականության վերակառուցում չէր, ավելին, այն կանխարգելիչ քայլ էր, որի նպատակը սեփական անվտանգության բազմազանեցման Հայաստանի հնարավորությունների առաջխաղացումն էր և կոշտ ուժ ձեռք բերելու հնարավորությունների ավելացումը: Առանց արևմտյան շրջադարձի՝ Հայաստանը հնարավորություն չէր ունենա մեղմել Ադրբեջանի հետ ուժի անհամաչափությունը: Ուստի, դեպի արևմուտք շրջադարձն արտաքին քաղաքական քայլ էր՝ Հայաստանի անվտանգային ոլորտում առաջացած անելանելի վիճակը լուծելու համար:
Շրջադարձ՝ անջատման միջոցով
Այս պարունակում Ռուսաստանից անջատումը քայլ է դեպի անվտանգության անկախություն, որին կարելի է հասնել միայն անվտանգության բազմազանեցման և Մոսկվայից կախվածությունից խուսափելու միջոցով: Մոսկվայի հաջորդիվ քաղաքական և դիվանագիտական հարձակումներն ակնհայտորեն արձագանք էին Հայաստանի ձգտմանը դեպի ինքնաբավ անվտանգություն: Այս պարունակում ՀԱՊԿ-ի զորավարժություններին կամ ԱՊՀ գագաթնաժողովին մասնակցելուց Հայաստանի հրաժարվելը կամ Լեռնային Ղարաբաղը լքելուց հետո ռուս խաղաղապահների տեղակայումը մերժելը կամ նույնիսկ Հայաստանում Ռուսաստանի ռազմական բազաների ներկայությունը հարցականի տակ դնելը անկախ անվտանգային ճարտարապետության ձևավորման գործընթացի մաս են. որպեսզի Հայաստանն ի վիճակի լինի ապահովել իր անվտանգության բազմազանությունը, պետք է անվտանգության ոլորտում անջատվի Ռուսաստանից:
Անջատման գործընթացը, և դրա արդյունքում՝ առանցքի փոփոխությունը շարունակականության անընդհատ շարքում ենթադրում է նախ և առաջ հեռացում Ռուսաստանի ուղեծրից: Հաշվի առնելով շարունակականության գործընթացի կառուցվածքային առանձնահատկությունները և երկու ծայրի քաղաքական կողմնորոշումները՝ Ռուսաստանի ուղեծրից հեռանալը որակվում է որպես քայլ դեպի արևմուտք: Այսպիսով, շրջադարձը ենթադրում է ուղղության, ոչ թե գաղափարախոսության փոփոխություն, ինչպես նշվում էր ավելի վաղ: Ռուսաստանի կախվածության կառուցվածքից ցանկացած որակական հեռացում մի քայլ մոտեցնում է «անկախ» արտաքին քաղաքականությանը: Անկախ արտաքին քաղաքականությունը սահմանվում է՝ որպես պետության՝ սեփական ուժերին ապավինելով դիվանագիտական և անվտանգային կարիքները հոգալու կարողություն, միևնույն ժամանակ ունենալով բավականաչափ ներուժ՝ ինքնաբավ գործունեություն ծավալելու համար: Անկախությունը, սակայն, չի նշանակում, որ տվյալ պետությունը պետք է խուսափի գործընկերներ կամ ռազմավարական դաշնակիցներ ունենալուց. ավելին, այն շեշտում է, որ ռազմավարական դաշինքներն ու գործընկերությունները լրացնում ու ամրապնդում են տվյալ պետության ինքնաբավությունը, բայց չեն ենթադրում կախվածություն: Այս պարունակում, անկախ արտաքին և անվտանգային քաղաքականությունը սահմանվում է՝ որպես պետության՝ իր ազգային շահերն իրացնելու և առաջնահերթությունները սահմանելու կարողություն՝ դրանք համակարգելով ռազմավարական գործընկերների հետ:
Ինչպես ցույց է տալիս շարունակականության տրամաբանությունը, Հայաստանի արտաքին և անվտանգային քաղաքականությունը 1997-2021 թվականներին Ռուսաստանի ուղեծրում էր, բայց 2021-ին Հայաստանի տարածք Ադրբեջանի ներխուժումներին դիմագրավելու Ռուսաստանի անկարողության պատճառով Հայաստանը դանդաղ սկսեց հող նախապատրաստել հավանական շրջադարձի համար: 2022-ի սեպտեմբերին Ջերմուկի վրա Ադրբեջանի հարձակումից և իր անվտանգային պարտավորությունները կատարելու Ռուսաստանի լիարժեք հրաժարումից հետո՝ Հայաստանը գործարկեց արևմտյան շրջադարձի քաղաքականությունը: Այս պարունակում Ռուսաստանի ուղեծրից հեռանալու և անկախ ուղեծրում հայտնվելու պատճառահետևանքային փոփոխականը դեպի արևմուտք շրջադարձի քաղաքականությունն է: Հայաստանի դեպքում նախընտրելի արդյունքը շարունակականության տրամաբանության անընդհատ չափաբերումն է դեպի լիարժեք անկախ արտաքին քաղաքականություն, որը հարում է արևմտյան ուղեծրի շրջագծին: Բայց քաղաքական կողմնորոշումը չի տարածվում դեպի արևմտյան ուղեծիր, խուսափելով կախվածության մի կառույցից (Ռուսաստան) կախվածության մի այլ կառույց (արևմուտք/ԱՄՆ) տեղափոխվելուց: Որպես այդպիսին, շրջադարձի նպատակն է՝ վճռականորեն հեռանալ ռուսական ուղեծրից և մուտք գործել լիարժեք անկախ ուղեծիր՝ արևմտյան և ոչ արևմտյան դերակատարների հետ ռազմավարական գործընկերություն հաստատելով: Ավելին, Հայաստանի դեպքում արևմուտք շրջադարձի և կոշտ ուժի հնարավորությունների հասանելիության միջև կա ուղիղ և դրական հարաբերակցություն: Նույն տրամաբանությամբ, ամուր կապ կա ուղղության փոփոխության և անվտանգային բազմազանեցման միջև: Ավելին, շրջադարձը ենթադրում է ոչ թե հարաբերությունների լիարժեք խզում Ռուսաստանի հետ, այլ, ավելի ճիշտ, կախվածության կառուցվածքի խզում:
Այս վերլուծական շրջանակում Հայաստանի շրջադարձը դեպի արևմուտք սահմանվում է երեք հենասյուներով. 1) Ռուսաստանից հեռանալու շարունակական տրամաբանությունը ենթադրում է արևմտյան հետագիծ, բայց փոփոխությունն ուղղված է դեպի ռազմավարական անկախություն և, հետևաբար, ոչ թե գաղափարի, այլ ուղղության փոփոխություն է, 2) շրջադարձը նպատակ չունի վնասել ռուսական շահերը կամ առաջ տանել արևմուտքի շահերը, այլ, ավելի ճիշտ, առաջ տանել Հայաստանի շահը՝ արձագանքելով սուր անվտանգային երկընտրանքին, և որպես այդպիսին, նախատեսված է անվտանգության բազմազանությունն ապահովելու համար և 3) շրջադարձն ուղղված է կախվածության կառուցվածքը խզելուն, որից Հայաստանը տառապում է վերջին երկու տասնամյակներին, և արդյունքում փլուզելու «մեծ տերություն-փրկչի բարդույթը», որը բնորոշ է Երևանի տասնամյակներ հարատևած արտաքին քաղաքական մտածողությանը:
Sարածաշրջանում առանցքային միտումները գնահատելու նպատակով, առաջնային մակարդակում համեմատական արտաքին քաղաքականության (ՀԱՔ) վերլուծությունը ի հայտ է բերում Ադրբեջանի և Վրաստանի շարունակականության տրամաբանության կարգաձևը: Գնահատելով Ադրբեջանի արտաքին և անվտանգային քաղաքականությունը շարունակականության տրամաբանության մեջ՝ պարզ է դառնում, որ Բաքուն համեմատաբար հավասարակշռված անկախ արտաքին քաղաքականություն է վարել ավելի քան մեկ տասնամյակ (2010-2021)՝ փոքր-ինչ թեքվելով դեպի ռուսական ծիր, որպես հարգանք տարածաշրջանային հեգեմոնին, բայց միևնույն ժամանակ զերծ է մնացել Ռուսաստանի ուղեծրում հայտնվելուց: Թուրքիայի հետ Ադրբեջանի դաշինքը շարունակականության տրամաբանությամբ կարելի է որակել որպես «անկախ» ուղեծիր, քանի որ Անկարայի հետ Բաքվի հարաբերությունները հիմնված են ոչ թե ազդեցության ոլորտի աճի, այլ, ավելի շուտ, Անկարայի կողմից Բաքվի նպատակների աջակցության վրա: Այս պարունակում, երկու պետությունների միջև կա ընդհանուր առմամբ շահերի փոխադարձ համաձայնություն, ինչն Ադրբեջանին թույլ է տվել պահպանել անկախության որոշակի մակարդակ և խուսափել Ռուսաստանից կախվածության մեջ հայտնվելուց: 2021-ին Հայաստանի տարածք ներխուժումներից և ռուս-ադրբեջանական առանցքի ձևավորումից հետո Բաքուն շրջադարձ կատարեց դեպի Ռուսաստան, բայց կանգ առավ Ռուսաստանի ուղեծրի շրջագծում՝ այդպիսով չհայտնվելով Ռուսաստանի ազդեցության գոտում: Սակայն ավելի քան ակնհայտ է, որ Ադրբեջանը կտրուկ թեքվել է դեպի ռուսական առանցք և արդյունքում հեռացել է արևմտյան առանցքից: Այս պարունակում, եթե Հայաստանը թեքվել է դեպի արևմուտք, ապա Ադրբեջանը՝ դեպի Ռուսաստան: Ադրբեջանի շրջադարձի պատճառահետևանքային փոփոխականը, ակնհայտորեն, ռուս-ադրբեջանական առանցքի ձևավորումն է և Ռուսաստանի կողմից Ադրբեջանի միջնորդավորումը (պրոքսիացում) ընդդեմ Հայաստանի: Այս իմաստով դրական հարաբերակցություն կա տարածաշրջանում Ադրբեջանի ագրեսիվ վարքագծի և դեպի Ռուսաստանի բռնապետական ուղեծիր շրջադարձի միջև:
Վրաստանի դիրքավորումը շարունակականության գործընթացում բնութագրվում է արևմտյան/ամերիկյան ուղեծրում նրա ներկայությամբ՝ սկսած 2004-ի «Վարդերի հեղափոխությունից» մինչև ուժգնացող ժողովրդավարական հետընթացը, որը սկսվեց 2019-ին: Այս պարունակում, Վրաստանի 15 տարի արևմտյան ուղեծրից դեպի ավելի անկախ արտաքին քաղաքականության ուղեծիր շարժն իրականում արևմուտքից հեռանալու քայլ է: 2019-ից հետո Վրաստանի դիրքավորումը շարունակականության գործընթացում՝ վկայում է մարտավարական փոփոխության մասին, որը կառուցվածքային առումով նման է Ադրբեջանի դիրքավորմանը 2010-2021 թվականներին. կայուն և առողջ հարաբերություններ Ռուսաստանի հետ, բայց ամենևին ոչ այնքան մոտ, որ Ռուսաստանի ուղեծիրը կլանի այն, և, միևնույն ժամանակ, սիրալիր, թեպետ երբեմն լարված հարաբերություններ արևմուտքի հետ՝ միաժամանակ բավականաչափ հեռու մնալով արևմտյան ուղեծրից: Հետաքրքիր է, որ եթե Հայաստանի դեպքում շրջադարձի պատճառահետևանքային փոփոխականն անվտանգության բազմազանեցումն է, իսկ Ադրբեջանի պարագայում՝ աշխարհաքաղաքական վերադասավորությունը, ապա Վրաստանի շրջադարձը նախ և առաջ պայմանավորված է ներքին քաղաքական փոխդասավորություններով՝ ժողովրդավարական հետընթացով: Հաշվի առնելով, որ շարունակականության այս տրամաբանութան մեջ ռուս-արևմտյան երկատումը որոշակի հարաբերակցության մեջ է ազատական-ոչ ազատական երկատման հետ, Վրաստանի ուղղության փոփոխությունը դրական հարաբերակցության մեջ էր «Վրացական երազանք» իշխող կուսակցության ոչ ազատական փոփոխության հետ: Այս համապատկերում, եթե Վրաստանը հենց հիմա առավել անկախ արտաքին քաղաքականություն է վարում Հարավային Կովկասում, անընդհատ շարքում շրջադարձից առաջ նրա դիրքը հենց այն է, ինչին ձգտում է Հայաստանը: Ուստի, ժողովրդավարացման և անկախ արտաքին քաղաքականության շնորհիվ պետությունը հայտնվում է անկախ ուղեծրում, բայց արևմտյան ուղեծրի շրջագծում. մյուս կողմից, հակաազատական և անկախ արտաքին քաղաքականության պատճառով պետությունը հայտնվում է անկախ ուղեծրում, բայց Ռուսաստանի ուղեծրի շրջագծին ավելի մոտ:
Ամփոփում
Հայաստանի նոր արտաքին քաղաքական ուղղության վերաձևակերպումը, որի համար աներկբա առաջնահերթությունն է անվտանգության բազմազանեցումը, և որը որակվում է որպես շրջադարձ դեպի արևմուտք, թյուրիմացությունների և տարընթերցումների առարկա է դարձել Հայաստանի փորձագետների, մեկնաբանների ու ինքնակոչ վերլուծաբանների շրջանում: Բացառությամբ արևմուտքում կրթություն ստացած գիտնականների և Հայաստանում գործող մի շարք մասնագետների, որոնք կարող են պարծենալ ոլորտում իրենց փորձառությամբ և գիտելիքով, «վերլուծության» մեծ մասը կատարել են անպատրաստ հետազոտողներ, որոնք չունեն բավականաչափ գիտական-մեթոդաբանական և առաջադեմ վերլուծական պատրաստվածություն: Չկարողանալով հայեցակարգային և համոզիչ կերպով մեկնաբանել արևմտյան առանցքի երեք հիմնասյուները և, մասնավորապես, սահմանել շրջադարձը, շարունակականության տրամաբանության մեջ բազմաթիվ հետազոտողներ նոր արտաքին քաղաքականության ուղղությունը գնահատել են երեք սխալ դիտարկումների միջոցով. 1) շրջադարձը ձգտում է խզել Ռուսաստանի հետ բոլոր կապերը, 2) շրջադարձը ձգտում է կախվածության մի կառույցը (ռուսական) փոխարինել կախվածության այլ կառույցով (արևմուտք/ԱՄՆ) և 3) շրջադարձի զրո հանրագումարով (այն, ինչ ձեռք է բերվում մի կողմից, կորցնում է մյուսը) ձևակերպում՝ ի հակադրություն շարժուն և փոխդասավորությունների շարունակականության տրամաբանության: Հաշվի առնելով շրջադարձի զգայուն և բարդ էությունը՝ Հայաստանի «փորձագիտական դասի» ներկայացուցիչների ընդհանուր ձախողման պատճառն է դավադրապաշտական մտածողության, վերացական ճարտասանության բնական հակումը և յուրաքանչյուր զարգացում քաղաքականացնելու ներքին, եթե ոչ ենթագիտակցական ձգտումը: Դրա հետևանքը դեպի արևմուտք շրջադարձի և անվտանգության բազմազանեցման հայեցակարգերի փոխհարաբերության ոչ լիարժեք մեկնաբանությունն է:
Քսանհինգ տարվա արտաքին քաղաքականության ձախողումները՝ Քոչարյանի վարչակարգի անհասկանալի փոխադարձության քաղաքականությունից մինչև Սարգսյանի վարչակարգի կեղծ բազմակողմանիությունը, ունեցել են երեք կառուցվածքային հետևանք, որոնք Հայաստանի Հանրապետությունը զրկել են անկախ արտաքին և անվտանգային քաղաքականություն վարելուց. 1) Ռուսաստանը՝ որպես Հայաստանի անվտանգության և արտաքին քաղաքականության աղբյուր և որոշիչ գործոն, 2) ռուսական ռազմավարական շահերը Հայաստանի ազգային շահից վեր դասում և 3)Հայաստանի մեկուսացում տարածաշրջանային և միջազգային զարգացումներից, երբ Հայաստանը դիտարկվում է նախ և առաջ որպես ռուսական արբանյակ: Հայաստանակենտրոն արդյունքների ձգտելու ամբողջական ստորադասումը՝ պայմանավորված մտավախությամբ, որ այն կարող է հակասել ռուսաստանակենտրոն առաջնահերթություններին, նեղացրել է հայկական արտաքին և անվտանգային քաղաքական մտածողությունը՝ հանգեցնելով ստրկահաճության. մի՛ գործիր ինքնուրույն, որպեսզի չնեղացնես ռուսներին: Անվտանգության Ռուսաստանի կեղծ խոստումը և Հայաստանի ամբողջական կառուցվածքային կախվածությունը Ռուսաստանից դարձել է անվտանգության ձախողման կատարյալ բաղադրատոմս: Այսպիսով, զսպող դերակատար Ռուսաստանի անկման հետ, Ռուսաստանից կառուցվածքային կախվածության պայմաններում (համակողմանի զսպման քաղաքականություն) և Հայաստանի տարածք Ադրբեջանի ներխուժման ժամանակ բոլոր դաշնակցային պարտավորություններից Ռուսաստանի հրաժարվելով պայմանավորված՝ իր անվտանգային երկընտրանքը լուծելու լիարժեք անկարողության պատճառով Հայաստանի անվտանգային միջավայրը դարձել է անպաշտպան: Այս բոլոր զարգացումների պարունակում դեպի արևմուտք շրջադարձն ուղղակի արտաքին քաղաքականության նոր ուղղություն է, որը կոչված է բավարարել անվտանգության բազմազանեցման խիստ անհրաժեշտությունը:
Ծանոթագրություն.
[1] Առաջին հերթին օգտագործվում է ռացիոնալ գործող անձի և միջոլորտային քաղաքականության մոդելը՝ փոխլրացնող բովանդակության վերլուծության և «երրորդ սերնդի մեթոդների» կիրառմամբ:
Անվտանգության զեկույց
Անվտանգության զեկույց. սեպտեմբեր 2023
Ռուս-ադրբեջանական տանդեմի հաստատած ստատուս քվոն ամբողջությամբ փլուզվեց, երբ Բաքուն Արցախում ձեռնարկեց լայնամասշտաբ ներխուժում՝ իր գործողությունները համակարգելով ռուսական զորքերի հետ: Ներսես Կոպալյանը ներկայացնում է զարգացումների համապարփակ վերլուծություն։
Read moreԱնվտանգության զեկույց. օգոստոս 2023
Խելագարի տեսությունը ձևավորվել է որպես հարկադրող սակարկման արդյունավետ ռազմավարություն, որտեղ դերակատարի ենթադրյալ ծայրահեղականությունն այն հիմքն է, որի վրա կառուցվում է նրա հետ փոխհարաբերությունը: Ալիևի դիրքորոշումը ոչ միայն Հայաստանի հետ, այլև «խաղաղության» բանակցություններում ներգրավված միջազգային հանրության հետ ելնում է այն տրամաբանությունից, որ եթե իր պայմանները չկատարվեն, նա իրեն իրավունք կվերապահի պատերազմ սկսել:
Read moreԱնվտանգության զեկույց. հուլիս 2023
Որպեսզի ազգային ռազմավարությունը լինի հստակ, ինքնուրույն և գործառնական, այն պահանջում է ռազմավարական հետախուզություն, բացատրում է Ներսես Կոպալյանը։
Read moreԱնվտանգության զեկույց. հունիս 2023
Այս անվտանգության զեկույցում սցենարի ծրագրումը կմիավորվի արտաքո իրավիճակների ծրագրման հետ` առաջարկելով գործողությունների շարք և ելքեր, որոնց կարելի է դիմել անսպասելի իրավիճակներում և մեղմել ռուս-ուկրաինական շարունակվող հակամարտության և Ռուսաստանի ներքին քաղաքական կարգի փոփոխության էական ներգործությունը Հայաստանի Հանրապետության վրա։
Read moreԱնվտանգության զեկույց. մայիս 2023
Հայաստանի հանքերը երբեք չեն եղել անվտանգության ճարտարապետության մաս, իսկ այս ոլորտի հնարավոր անվտանգայնացումը երբևէ չի դիտարկվել որպես հիմնարար անկյունաքար` դաշինքներ կամ ռազմավարական գործընկերություն կառուցելիս: Հանքարդյունաբերություն հանուն անվտանգության սկզբունքը Հայաստանին առաջարկում է իր հանքային արդյունաբերությունը որպես անվտանգության գործիք օգտագործելու խիստ անհրաժեշտ հնարավորություն, գրում է Ներսես Կոպալյանը։
Read moreԱնվտանգության զեկույցները ամբողջությամբ
Դիմակայություն
EVN Report-ի գլխավոր խմբագիր Մարիա Թիթիզյանը և քաղաքագետ Դոկտոր Ներսես Կոպալյանը զրուցում են Հայաստանում անվտանգային խնդիրների և անվտանգային քաղաքականությունների մասին, վերլուծում երկրում և տարածաշրջանում ընթացիկ անվտանգային իրավիճակը:
Հաղորդաշարը պատրաստվել է Բուն TV-ի հետ համագործակցությամբ:
Թողարկումը նկարահանվել է 2023 թվականի հունիսին: