
Սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում ռուս-ադրբեջանական տանդեմի հաստատած ստատուս քվոն ամբողջությամբ փլուզվեց, երբ Բաքուն ձեռնարկեց հայաբնակ անկլավի լայնամասշտաբ ներխուժում՝ իր գործողությունները համակարգելով ռուսական զորքերի հետ: Այն, ինչ հասունանում էր հունիսից, գագաթնակետին հասավ Արցախի Հանրապետության լուծարմամբ, երբ ռուս-ադրբեջանական առանցքն անխուսափելի ծուղակ լարեց Ստեփանակերտի համար: Այս ծուղակը, սակայն, նպատակ ուներ ներգործել մինչև Երևան՝ այդպիսով ձգտելով արմատապես փոխել տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոխդասավորությունները. Արցախի Հանրապետության անկմանը պիտի գումարվեր ժողովրդավարական Հայաստանի անկումը. Ալիևը ստանում է Ստեփանակերտը, Պուտինը՝ Երևանը: Այս ռազմավարության բաղադրիչներից մեկն ընթացքի մեջ է, քանի որ Լեռնային Ղարաբաղը ենթարկվում է էթնիկ զտման, իսկ Ռուսաստանը քննադատում ու ծաղրում է հայ ժողովրդի հավաքական վիշտը: Ռազմավարության երկրորդ մասը, որը բացատրում է Մոսկվայի չարախնդությունն ու ծաղրը, նպատակ ունի ապակայունացնել Հայաստանը, քանի որ Արցախի անկմանն ու փախստականների զանգվածային ներհոսքին պետք է ավելանա այն, որ Մոսկվան վերագործարկի իր ռուսամետ ընդդիմությանը՝ վարչակարգը փոխելու նպատակով: Հաշվի առնելով Հարավային Կովկասի՝ որպես Ռուսաստանի հարավային անվտանգային գոտու սպասվող փլուզումը և նկատի ունենալով այն, որ այս գոտու կենսունակությունը մեծապես կախված է Երևանի նկատմամբ Ռուսաստանի վերահսկողությունից, Մոսկվայի ջանքերն առաջվա պես ունեն մեկ նպատակ՝ խոչընդոտել Հայաստանի շրջադարձը դեպի արևմուտք և Երևանը վերածել ենթակա արբանյակի: Այն, որ ներքին անկայունություն առաջացնելու փորձը ձախողվեց, համենայն դեպս տվյալ պահին, վկայում է Ռուսաստանի թերացումների մասին: Այնուամենայնիվ, Ռուսաստանն առաջվա պես ունի ժողովրդավարական Հայաստանին վնասելու կարևոր գործիքակազմ. հիբրիդային պատերազմի համապարփակ ռազմավարություն և Ադրբեջանի՝ որպես վստահված անձի օգտագործում:
Ռուս-ադրբեջանական ծուղակի ուրվագծերը
Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի իր հնարավորություններն ավելացնելուն զուգահեռ, Ռուսաստանը վերադարձել է Երևանին Բաքվի ռազմատենչության մեջ մեղադրելու ռազմավարությանը, միևնույն ժամանակ, Փաշինյանի կառավարությանը քավության նոխազ դարձնելով իր իսկ անվտանգային և դաշնակցային պարտավորություններից հրաժարվելու համար: Ըստ էության, սա Հարավային Կովկասում ստեղծել է նոր աշխարհաքաղաքական իրականություն. Ադրբեջանն ու Ռուսաստանն աշխատում են միասին, տանդեմով՝ նպատակ ունենալով փլուզել Հայաստանի ինքնիշխանությունը: Եթե Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղի լիարժեք կլանումն է, ուժի անհամաչափության պահպանումը և Հայաստանի կենտրոնական և հարավային շրջաններից ավելի շատ տարածքների զավթումը, ապա Ռուսաստանի նպատակները փոքր-ինչ այլ են. արմատախիլ անել ժողովրդավարությունը Հայաստանում, ամրապնդել քայքայվող անվտանգային միջավայրն ու սահմանել կրեմլամետ խամաճիկային վարչակարգ, որը կհամաձայնի միանալ միութենական պետությանը: Ռուս-ադրբեջանական ծուղակի վերջնախաղը երկմաս էր. 1) փլուզել խաղաղության գործընթացը՝ ուժով կլանելով Լեռնային Ղարաբաղը, ինչը ոչ միայն վարկաբեկում է արևմուտքի ղեկավարած խաղաղության գործընթացը, այլև Երևանին կանգնեցնում է անելանելի քաղաքական իրավիճակի առաջ և 2)օգտագործել Արցախի Հանրապետության անկումը՝ Հայաստանում նախաձեռնելով վարչակարգի փոփոխություն՝ այդպիսով վերահաստատելով Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի գերիշխանությունը՝ գործընթացից ամբողջությամբ դուրս մղելով արևմուտքը:
Առաջին վերջնախաղը համապատասխանում է Բաքվի, երկրորդը՝ Ռուսաստանի նպատակներին: Պարզ ասած, Ռուսաստանը որոշում է կայացրել Ստեփանակերտը զոհել Բաքվին՝ Երևանը վերստանալու համար: Սակայն Ռուսաստանի հիմնավորումը պայմանավորված է ոչ միայն Թավշյա Հայաստանի հանդեպ ատելությամբ, այլ, ավելի շուտ, իր հարավային անվտանգային թևը պահպանելու խիստ անհրաժեշտությամբ, որն ամբողջությամբ կախված է Երևանի նկատմամբ իր ազդեցությունից և ավատական իշխանությունից: Այս պարունակում, եթե Ռուսաստանը կորցնի Երևանը, կկորցնի հարավային անվտանգության գոտին: Հետաքրքրական է, որ Ռուսաստանը կորցրեց Երևանը 2022-ի սեպտեմբերին, բայց չգիտակցեց դա: Սակայն այս գիտակցությանը գալուն պես Մոսկվան հասկացավ, որ ունի միայն մեկ տարբերակ. կա՛մ Երևանում հաստատել խամաճիկային վարչակարգ, կա՛մ կորցնել իր ամբողջ հարավային անվտանգային ճարտարապետությունը: Ինչպե՞ս կարող էր Ռուսաստանը պահպանել հարավային անվտանգային գոտին ու նորից ենթարկեցնել Երևանը՝ որպես արբանյակ: Ծուղակ լարելով Ադրբեջանի հետ և փլուզել Արցախի Հանրապետությունը: Ոչ միայն որովհետև Մոսկվան ցանկանում կամ ձգտում էր ոչնչացնել Արցախի Հանրապետությունը, այլ, ավելի ճիշտ, որովհետև չուներ այլ տարբերակներ, ուրիշ ձեռք, որը կխաղար Հարավային Կովկասում: Եթե ներկայացնենք բանաձևի սկզբունքով, Արցախի Հանրապետության տապալումն առավելագույնս կնպաստի Հարավային Կովկասում Ռուսաստանին դեռևս հասանելի լծակների գործարկման գործընթացին՝ Հայաստանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը տապալելու համար:
Հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումը, ըստ երևույթին, ընթանում էր ռուս-ադրբեջանական առանցքի ձևավորմանը զուգահեռ. Մոսկվան հետևողականորեն հրաժարվում էր Հայաստանի նկատմամբ իր բոլոր պարտավորություններից՝ միևնույն ժամանակ ընդունելով Բաքվի թեզերը: Հայաստանում իրադարձություններին հետևող ամենասովորական մարդն անգամ համոզված է, որ Ռուսաստանը հայերին սկուտեղի վրա մատուցում է Բաքվին: Մինչ Ադրբեջանը շարունակում էր զինվել, Ռուսաստանը հրաժարվում էր կատարել Հայաստանի հետ պայմանագրային պարտավորությունները, մինչ Ադրբեջանը ներխուժում էր Հայաստանի տարածք, Ռուսաստանը հրաժարվում էր ճանաչել Հայաստանի սահմաններն ու կատարել իր անվտանգային պարտավորությունները, մինչ Ադրբեջանը անէացնում էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, Ռուսաստանը մատնվել էր անգործության և պաշտպանում էր զուտ իր շահերը:
Երկուսի միջև գաղտնի համաձայնությունը շատ ավելի ակնհայտ դարձավ, երբ Ռուսաստանն անմիջապես ինքնիշխան Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումների կամ Ադրբեջանի կողմից Արցախի բնակչությանը սովի մատնելու կամ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի գործողությունների մեղքը չգիտես ինչու գցեց Հայաստանի վրա: Իրադարձությունների զարգացմանը զուգահեռ Մոսկվան ոչ միայն ձեռնամուխ եղավ Բաքվին միջազգային քաղաքական ապաստան տրամադրելուն, այլև փորձեց զարգացնել մի պատում, ըստ որի՝ սպասվելիք աղետը Երևանի մեղքով էր՝ հաշվի չառնելով այն փաստը, որ Երևանը գրեթե ոչ մի ազդեցություն չուներ Լեռնային Ղարաբաղում: Ըստ էության, երկու գերիշխող գործող անձինք Լեռնային Ղարաբաղում՝ Ռուսաստանը և Ադրբեջանը, մեղադրում էին այն կողմին՝ Հայաստանին, որն ամբողջությամբ զրկվել էր Լեռնային Ղարաբաղում որևէ ներկայությունից:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ներխուժման վերաբերյալ միջազգային արձագանքի միտումների պարզ վերլուծությունը ցույց է տալիս մի հստակ օրինաչափություն. համապատասխան գործող անձինք՝ Եվրոպական Միությունը, Միացյալ Նահանգները, Կանադան, Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Գերմանիան, Նորվեգիան, Ավստրիան, Նիդերլանդները, Բելգիան, Շվեդիան, Հունաստանը, Իսպանիան, Արգենտինան և Ճապոնիան միաձայն մեղադրեցին Ադրբեջանին՝ ագրեսիայի մեջ, մինչդեռ միայն երկու միջազգային խաղացող՝ Թուրքիան և Ռուսաստանը, դիվանագիտական պաշտպանություն տրամադրեցին Բաքվին: Այս պարունակում, եթե գերիշխող արևմտյան խաղացողները՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Գերմանիան, աշխատում էին Հայաստանի հետ լուծում գտնելու ուղղությամբ, Ռուսաստանն ավելի շատ զբաղված էր Երևանի վրա դիվանագիտական հարձակումներով: Ավելին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում, որտեղ Բրազիլիան, Էկվադորը և Շվեյցարիան միացան վերը նշված պետություններին՝ դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան, Ռուսաստանը Թուրքիայի հետ համատեղ դիվանագիտական պաշտպանություն առաջարկեց Բաքվին: Այս պարունակում Մոսկվան ոչ միայն աջակցում կամ օգնում է Բաքվին Ալիևի վարչակարգի հանդեպ նորահայտ սիրո պատճառով, այլ, ավելի ճիշտ, պատրաստում է իր նոր հավատարմատարին: Ռուսաստանի համար Ադրբեջանի հավատարմացումը Բաքվի հետ առանցք ձևավորելու հիմնական արդյունքն է: Բայց այս գործընթացն առաջվա պես հետապնդում է միայն մեկ նպատակ. բիրտ ուժի գործիք Հայաստանի դեմ: Այդ նպատակով Բաքուն Ռուսաստանի արբանյակը չէ և չի դառնա, սակայն տարածաշրջանում Ռուսաստանի միապետական շահերին ծառայելու, դեպի արևմուտք Հայաստանի շրջադարձը խափանելու և ժողովրդավարական Երևանը փլուզելու համար կօգտագործվի՝ որպես տարածաշրջանում ռուսական շահն առաջ տանող գործիք:
Արդյունքում ռուս-ադրբեջանական առանցքը ստեղծել է լավ մտածված ծուղակ. հավատարմատարն աջակցություն կստանա Լեռնային Ղարաբաղը կլանելիս՝ միևնույն ժամանակ ծառայելով հեգեմոնի շահերին, որը նպատակ ունի ապակայունացնել և ջլատել Հայաստանը: Ապացույցն անհերքելի է. ապօրինի հարձակումներ և զավթում. Խծաբերդ և Հին Թաղեր՝ 2020-ի դեկտեմբեր, Սև լիճ և Վերիշեն՝ 2021-ի մայիս, Վերին Շորժա՝ 2021-ի հուլիս, Փարուխ՝ 2022-ի մարտ, Սարիբաբ՝ 2022-ի օգոստոս, Սյունիք և Գեղարքունիք՝ 2022-ի սեպտեմբեր: Ավելի քան երկու տարվա ընթացքում, ռուսների աչալուրջ հայացքի ներքո, Ադրբեջանը շարունակաբար հարձակվում էր Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի վրա, Ռուսաստանի լռին և հետևողական աջակցությամբ: Այս լայնամասշտաբ գործողությունների գագաթնակետը պետք է լիներ համախմբումը ռուս-ադրբեջանական առանցքի երկու հիմնական նպատակների շուրջ՝ Թավշյա Հայաստանի անկում՝ Լեռնային Ղարաբաղում մնացյալ ավարն Ադրբեջանին փոխանցելով: Սակայն Ռուսաստանի կրած անհաջողություններն Ուկրաինայի պատերազմում փոխեցին ծուղակի կառուցվածքը 2022-ի վերջին, երբ Լեռնային Ղարաբաղի կլանումը դարձավ հիմնական միջոցը, որով պետք էր ապահովել Երևանի անկումը: Սա է պատճառը, որ Ադրբեջանի հավատարմացումը դարձավ ռուս-ադրբեջանական առանցքի կողմնակի արդյունք, երբ ակնհայտ էր, որ Հարավային Կովկասում Ռուսաստանի հնարավորությունները բավարար չեն՝ պայմանավորված ուկրաինական ճակատում գրեթե լիարժեք կենտրոնացմամբ:
Քանդելով ծուղակը
Որպես պոտյոմկինյան հեգեմոն՝ Ռուսաստանը մշտապես ներկայացել է որպես անտանգության երաշխավոր, մինչդեռ երբ պահանջվում էին գործողություններ, օգտագործում էր մոլորեցման բոլոր հնարավոր տարբերակներըը՝ իր մերժումն արդարացնելու համար: Հայաստանը չափազանց ուշ հասկացավ այն, որ Ռուսաստանը երբեք էլ չի պատրաստվում կատարել իր անվտանգային պարտավորությունները, հատկապես Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ խայտառակ ոտնձգություններից հետո: Ուստի, զարմանալի չէ, որ Երևանը զգաց ծուղակը 2022-ի սեպտեմբերին` Ջերմուկի ներխուժումից հետո, ինչը Երևանին դրդեց շրջվել դեպի արևմուտք և հանգեցրեց երկրի վրա Ռուսաստանի ազդեցության թուլացմանը: Իրադարձությունների այսպիսի ընթացքը մեղմելու համար ընթացք տրվեց Ադրբեջանի հավատարմացմանը՝ որպես ռուս-ադրբեջանական առանցքի կենսական բաղադրիչ: Դրանից հետո Երևանն անընդհատ զգուշանում էր ծուղակն ընկնելուց, իսկ առանցքն ակտիվացնում էր ծուղակը՝ նախաձեռնելով Լաչինի միջանցքի շրջափակում, Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ և Ադրբեջանի լայնամասշտաբ ներխուժում Արցախի Հանրապետություն: Բաքվի և Մոսկվայի համաձայնեցված գործողությունների շարունակականությունը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի նրանց հավաքական մենաշնորհայնացումը և Հայաստանը պատերազմի մեջ ներքաշելու հետևողական փորձերը նրանց աշխարհաքաղաքական ծուղակի բազմակողմանի բնութագրի բաղադրիչներն են: Այն, որ Հայաստանը չընկավ այդ ծուղակը, խափանեց վերջնախաղը, որին ձգտում էին երկուսն էլ, ու որպեսզի գործի դնեն ծուղակի վերջին լծակը, Մոսկվան և Բաքուն բեմադրեցին մի սարսափելի պար: Մինչ Բաքուն սովի էր մատնում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, Մոսկվան ուժային որոշումներ էր կայացնում Ստեփանակերտում, մինչ Ադրբեջանը դարան էր մտնում, Մոսկվան Ստեփանակերտին ստիպում էր դիմել ռիսկի, մինչ Ադրբեջանը «սրում էր դանակները»՝ շրջապատելով Լեռնային Ղարաբաղը, Մոսկվան Ստեփանակերտին թելադրում էր ինքնասպանության դիմել:
Այն, որ արևմուտքը կանգնեց մի կողմ՝ ապշահարված սեփական քաղաքական ինքնավստահությունից ու միամտության սուր զգացողությունից՝ անվերջ ու հանդիսավոր կրկնելով իր «մտահոգության» մասին, չի ազատում նրան մեղսակցությունից: Բայց, ի տարբերություն Ռուսաստանի դրական մեղսակցության, որը հանգեցրեց գործուն դավադրության, արևմուտքի դեպքում այն մեղսակցություն էր անգործության միջոցով: Վաշինգտոնից մինչև Բրուսել՝ գերիշխող արդարացումից, թե Ալիևը խաբել ու ապակողմնորոշել է արևմուտքին՝ ուժ չկիրառելու կեղծ խոստումներով, ռազմավարական անտարբերության հոտ է փչում: Մասնավորապես, արևմուտքը պարզապես սպասում էր ծանրակշիռ հիմնավորման, որպեսզի արդարացնի իր անգործությունը. մեզ խաբել են: Բայց եթե ավելի ազնիվ խոսենք, կարելի է առանձնացնել երեք գործոն. 1) անվերապահ նվիրումը խաղաղության գործընթացին ստիպեց արևմուտքին, հատկապես Միացյալ Նահանգներին, հանդուրժողականություն դրսևորել Բաքվի խոչընդոտող վարքագծի նկատմամբ, 2) ռուս-ադրբեջանական առանցքը հասկանալու անկարողությունը թույլ տվեց, որ Ռուսաստանն օգտագործի Բաքվին արևմտյան շահերի դեմ և 3) արևմուտքին մտահոգում է միայն Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, և քանի դեռ բնակչությունն ապահով է Հայաստանում, ռազմավարական անտարբերությունը նրան թույլ է տալիս աչք փակել իր դիվանագիտական ձախողումների վրա: Բայց արևմուտքն ունի իր դերը, ու դա է պատճառը, որ Սամանթա Փաուերը և ամերիկյան դիվանագիտությունն ամբողջ հզորությամբ ակտիվացան, երբ սկսվեց Արցախից հայ բնակչության զանգվածային գաղթը. օգնել Հայաստանին՝ քանդել ծուղակը: Կամ, ավելի պարզ ասած, ինչ-որ մակարդակում արևմուտքը կհանդուրժի այն շահը, որ Ադրբեջանը քաղեց ծուղակից, բայց կխափանի ծուղակի վերջնական նպատակը՝ վերջնախաղը, որին ձգտում է Ռուսաստանը: Ոչ թե որովհետև արևմուտքը սիրում է ժողովրդավարական Հայաստանը, այլ, ավելի ճիշտ, որովհետև ուզում է տեսնել Ռուսաստանի հարավային անվտանգային թևի փլուզումն ու Մոսկվայի «փափուկ» հեռացումը տարածաշրջանից՝ որպես ուժային խաղացող: Իսկ դրան հասնելու համար Հայաստանի «ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և ժողովրդավարությունը» պետք է դառնան անօտարելի: Համենայն դեպս, այդ մասին շարունակ ասում է Վաշինգտոնը…
Դիմակայություն
Զրույց անվտանգության շուրջ
1. Դիմակայություն. անվտանգային ճարտարապետություն
Հայաստանի անվտանգության ճարտարապետության, քաղաքական ուղու փոփոխությունների և անվտանգային այլ հարցերի շուրջ զրուցում են EVN Report-ի գլխավոր խմբագիր Մարիա Թիթիզյանը և քաղաքագետ Դոկտոր Ներսես Կոպալյանը։
Read more2. Դիմակայություն. անվտանգության դիվանագիտացում
Հայաստանի դիվանագիտական գործիքակազմի, արևմտյան ներգրավվածության ու Ռուսաստանի միջամտությունների շուրջ զրուցում են EVN Report-ի գլխավոր խմբագիր Մարիա Թիթիզյանը և քաղաքագետ Դոկտոր Ներսես Կոպալյանը
Read more3. Դիմակայություն. հիբրիդային պատերազմ և անհամաչափ անհավասարություն
Հակամարտության պահպանման շարունակականության, հիբրիդային պատերազմի կիրառության ու Հայաստանի անելիքների շուրջ զրուցում են EVN Report-ի գլխավոր խմբագիր Մարիա Թիթիզյանը և քաղաքագետ Դոկտոր Ներսես Կոպալյանը։
Read more4. Դիմակայություն. Ադրբեջանի հիբրիդային գործողությունները
Ադրբեջանի կիրառած հիբրիդային պատերազմի գործիքների, դրանց ազդեցությունների ու Հայաստանի դիմակայման հարցերի շուրջ զրուցում են EVN Report-ի գլխավոր խմբագիր Մարիա Թիթիզյանը և քաղաքագետ Դոկտոր Ներսես Կոպալյանը։
Read moreԱնվտանգության զեկույց
Ավելին այստեղ