EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
Morning News
  • Հայ
    • Eng
No Result
View All Result
Գլխավոր Արցախը կիզակետում
Սպտ 4, 2023

Նախ կյանք, հետո՝ կրթություն

Աստղիկ Կարապետյան


Your browser does not support the
audio element.

Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր

Արցախի Հարավ գյուղում բնակվող 6-ամյա Մելիսան այս տարի պետք է առաջին դասարանցի լինի, սակայն դպրոց չի գնալու։ Նա ընտանիքի հինգ երեխաներից կրտսերն է, դպրոցական եղբայր-քույրերը նույնպես չեն կարողանալու դպրոց գնալ։ 

«Ճիշտն ասած, դպրոցի համար չենք պատրաստվել, քանի որ ոչինչ չկա՝ ո՛չ գրենական պիտույքներ, ո՛չ հագուստ, ո՛չ հիգիենիկ միջոցներ, և ամենագլխավորը՝ սնունդ չկա։ Ո՞նց կարելի է պատկերացնել երեխան առանց լվացվելու գնա դպրոց, թերսնված։ Նույնիսկ կոշիկ չկա էրեխեքի հագով»,- ասում է Մելիսայի մայրը՝ 37-ամյա Էլինա Ղազարյանը։ 

Որդին՝ 16-ամյա Ռոբերտը Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում է սովորում։ Էլինան պատմում է, որ դեռևս նախորդ ուսումնական տարվա վերջին ամիսներին նա դասի գնում-գալիս էր ոտքով, որոշ դասեր էլ ստիպված է եղել բաց թողնել՝ ժամանակին տուն հասնելու համար։

Ի դեպ, Google-ի քարտեզով, իրենց գյուղից Ստեփանակերտի քոլեջ ոտքով կարելի է հասնել առնվազն 3,5 ժամում։ Եվ օրական 7 ժամ ոտքով ճանապարհ կտրելը բարդ է անգամ պատկերացնելը։ 

Հարցերին, թե միգուցե, այնուամենայնիվ, դպրոց կարելի է ուղարկել, Էլինան հնարավորինս զուսպ պատասխանում է, որ ինքն էլ ուսուցիչ է, հասկանում է կրթության կարևորությունը, երեխաների հետ տանը պարապում է, բայց դպրոց ուղարկելուն պատրաստ չեն։ Զրույցից հետո հաղորդագրություն է ուղարկում․ 

«․․․ալյուր մի քանի օրվա համար է մնացել։ Երեխաների մոտ չուզեցի ասել, բայց ահավոր վիճակ է։ Մի քանի օրից արդեն սով է լինելու։ Վերջին պաշարն ենք օգտագործում։ Նման պայմաններում ծնողն ուղղակի ի վիճակի չէ մտածել դասի մասին․․․»։

20.000 արցախաբնակ երեխայի կրթվելու իրավունքը շարունակաբար ոտնահարվում է՝ 2022-ի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով։ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի համաձայն՝ 117 դպրոցի, 41 մանկապարտեզների, 56 նախադպրոցական և 20 շուրջօրյա կրթական հաստատությունների աշխատանքը տուժել է։

Զեկույցում նշվում է, որ շրջափակման հետևանքով առաջացած խնդիրները ռիսկի տակ են դնում կրթության իրավունքի իրացումը։ Այդ խնդիրներն են Հայաստանում տպագրվող և ներկրվող կրթական նյութերի, դասագրքերի, գրենական պիտույքների, հիգիենայի պարագաների բացակայությունը կամ սղությունը, գազի ու էլեկտրաէներգիայի անջատումները, դպրոցական սնունդի մատակարարման անհնարինությունը, տրանսպորտի աշխատանքի խաթարումը և այլն։ Հետևաբար, խաթարված է նաև երեխաների բնականոն հասանելիությունը կրթական ծրագրերին։ 

«Սակայն 2023 թվականի հունիսի 15-ից ի վեր Արցախի ամբողջական պաշարումն էլ ավելի է վտանգել կրթության իրավունքի պատշաճ իրականացումը»,- նշված է ՄԻՊ զեկույցում։ 

Արցախում կրթական ծրագրեր իրականացնող «Արդյունավետ կառավարություն» հիմնադրամի ղեկավար Մարինա Մալխասյանը նշում է, որ ներկայիս իրավիճակում նախևառաջ պետք է խոսել երեխայի կյանքի իրավունքի մասին, կրթության իրավունքը, ցավոք, երկրորդվել է։ 

2022-ի հունվարից հիմնադրամը թվային տասը մասնագիտություններ է ուսուցանում 15-25 տարեկան արցախցիներին։ Կրթական այս ծրագրի գործընկեր հեղինակավոր ընկերությունները (օրինակ՝ Ինստիգեյթ, Արլուպա, ՀԲԸՄ) ունեն պայմանավորվածություն՝ ծրագրի շրջանավարտներին աշխատանքի ընդունելու։ 

Ծրագրի մյուս բաղադրիչը Մարտակերտում, Մարտունիում, Ասկերանում համաշխատանքային տարածքներ ստեղծելն էր, որտեղից էլ պետք է աշխատեին կրթվելուց հետո։

«Նպատակը նաև համայնքային կյանքը զարգացնելն է, աշխատանքային, կրթական մշակույթը փոխելը։ Հիմա տարածքները կան, բայց աշխատանք չկա,- ասում է Մալխասյանը՝ հավելելով, որ մինչև շրջափակումը դասընթացները բնականոն են եղել, շրջափակումից հետո, սակայն, մարտահրավերները մեծ են,- Դասավանդող մասնագետները տարբեր վայրերից են, տարբեր տեղերում էլեկտրաէներգիա ունենում են տարբեր ժամերի։ Մյուս կողմից էդ երեխաները գնում են հացի հերթ են կանգնում կամ զբաղվում են իրենց տարիքն ոչ համապատասխան այլ գործերով»։ 

Շրջափակումից հետո «Դասավանդի՛ր Հայաստան» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ Արցախում կրթական ծրագրեր իրականացնող մի շարք կազմակերպություններ միավորվեցին՝ ստեղծելով Կրթական իրավունքի քաղաքացիական նախաձեռնությունը։

«Այս միավորումը խորհրդանշական ու կարևոր էր, արդեն յոթ ամիս միասին աշխատում ենք»,- ասում է նախաձեռնության անդամներից Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) հայաստանյան մասնաճյուղի գործադիր տնօրեն Մարինա Մխիթարյանը՝ հավելելով, որ Արցախում ծրագրերի ծավալն ընդլայնել ու ավելի ակտիվացրել են, օրինակ՝ սկսած առաջին բուժօգնության դասընթացներից մինչև կամավորական սկզբունքով հոգեբանական աջակցություն տրամադրելը։ 

Այս ամիսների ընթացքում նախաձեռնությունը հավաքագրում է կրթության իրավունքի խախտումների վերաբերյալ փաստերը, առկա խնդիրների բարձրաձայնման ու շահերի պաշտպանության աշխատանքներ է կատարում՝ միջազգային կառույցներին փոխանցելով նամակներ, նախաձեռնում հանդիպում-խորհրդատվություններ նրանց հետ։ Մխիթարյանի խոսքով, սակայն, արդյունքները, դեռևս, հուսադրող չեն։ 

 

Վերջին կտոր օճառը՝ 8 հոգու համար  

Նախորդ տարվա պայուսակներով ու օգտագործված տետրերում մնացած մաքուր թերթերով է իր երեխաներին դպրոց ուղարկելու 35-ամյա Ալլա Գուրգենյանը։ Մարտակերտի շրջանում բնակվող Ալլան 6 երեխա ունի, ավագը՝ 16, կրտսերը 3 տարեկան է։ Երեխաներից 5 տարեկան տղան այս տարի առաջին դասարան է գնալու։

«Ասում ա՝ գրիչ չկա, ինչո՞վ եմ գրելու, ասում եմ՝ ոչինչ, որ պետք լինի կավիճը կվերցնես, գրատախտակին կգրես»,- պատմում է Ալլան՝ հավելելով, որ ավագ երեխաները սեպտեմբերից պետք է գնային Ստեփանակերտ՝ վարսահարդարություն ու խոհարարություն սովորելու, բայց տրանսպորտի բացակայության հետևանքով՝ չեն գնա։ 

Կինն ասում է, որ ի տարբերություն քաղաքում բնակվողների, իրենց վիճակն ավելի լավ է, տանը կարտոֆիլ ու լոբի ունեն, բայց երեխաներին հեշտ չէ ամեն օր նույն սնունդը տալը, այն էլ առանց աղի ու յուղի, շաքարավազ, քաղցրեղեն ընդհանրապես չկա․ 

«Կոնֆետի անունն էլ ըսկի չեմ տալիս էրեխանց մոտ»։

Հիգիենայի պարագաները ևս էլ վերջացել են։ 

«Մի հատ սապոն ունեմ, դրանով եմ յոլա գնում, էրեխեքն ասում են՝ մամա՛, ոչի՛նչ, տաք ջրով էլ յոլա կգնանք։ Տաք ջրով, առանց սապոն ձիգ տանք, տենանք՝ ինչ ա լինելու վիճակը»,- ասում է Ալլան՝ նշելով, որ իրենց համայնքում խնդիրները նույնն են ու անթիվ, ինչ Արցախի մյուս բնակավայրերում. ուտելիք չկա, հագուստ չկա, վառելիք չկա։ Հարցին, թե ձեզ մոտ էլ են խանութների մոտ հերթեր լինում, պատասխանում է՝ ո՛չ խանութ կա, ո՛չ հերթեր, խանութները փակվել են։ 

 

Երեխաների բոլոր իրավունքները

«Շատ կարևոր է խոսել երեխաների մյուս իրավունքների և այն պայմանների մասին, որոնք ինքնին հանգեցնում են կրթական իրավունքների չիրացվելուն,- ասում է փաստաբան Աշխեն Դաշյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի կողմից կյանքի հետ անհամատեղելի պայմանների կանխամտածված ստեղծումը վնաս են պատճառել Արցախի բնակչությանը, որից անմասն չեն մնացել երեխաները,- Եթե ռիսկի տակ են դրված կյանքի, առողջության, ազատ տեղաշարժման իրավունքները, ակնհայտ է, որ նման պայմաններում անհնար է իրացնել նաև կրթվելու իրավունքը»։

Փաստաբանը նշում է, որ Ադրբեջանը վավերացրել է միջազգային մի շարք իրավական փաստաթղթեր, որոնցով պարտավորություն է ստանձնել պաշտպանելու երեխաների բոլոր իրավունքները, այդ թվում նաև կրթության իրավունքը։ 

Այս փաստաթղթերից մեկը ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան է՝ ընդունված 1989-ին։ Կոնվենցիայի 2-րդ հոդվածով սահմանվում է, որ մասնակից պետությունները պետք է հարգեն և ապահովեն երեխաների իրավունքների իրացումը՝ առանց որևէ խտրականության, այդ թվում նաև էթնիկ ու ազգային ծագման հիմքով։ Իսկ 28-րդ հոդվածը վերաբերում է կրթության իրավունքին։ 

«Սակայն այսօր տեսնում ենք, որ էթնիկ ծագման, ազգային պատկանելիության հիմքով Արցախի երեխաների իրավունքները, այդ թվում նաև կրթության իրավունքը, ենթարկվում են կոպտագույն խախտումների։ Այսօր բազմաթիվ երեխաներ, ովքեր կրթությունը շարունակելու համար ցանկանում են տեղափոխվել Հայաստան՝ կա՛մ զրկված են այդ իրավունքից, կա՛մ ռիսկ կա, որ կառևանգվեն Ադրբեջանի իշխանությունների կողմից, ինչպես եղավ օրեր առաջ»,- ասում է Դաշյանը։ 

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 2-րդ հոդվածը նույնպես ամրագրում է կրթության իրավունքը․ 

«Ոչ մեկին չի կարելի մերժել կրթության իրավունքը։ Պետությունը կրթության և ուսուցման բնագավառում իր ստանձնած ցանկացած գործառույթ իրականացնելիս հարգում է ծնողների՝ զավակների համար իրենց կրոնական ու փիլիսոփայական համոզմունքներին համապատասխան կրթություն և ուսուցում ապահովելու իրավունքը»։ 

Աշխեն Դաշյանը նշում է, որ վերոնշյալ դրույթների խախտման հիմքով թե՛ անհատական, թե՛ պետական մակարդակով կարող են դիմումներ ուղարկվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտե։

Ի դեպ, շրջափակման հետևանքով իրավունքների ոտնահարման դեպքերի հիման վրա անհատական գանգատներ ուղարկվել են Եվրադատարան, որոնք արդեն իսկ քննության փուլ են մտել։ 

 

Առողջական խնդիրներ ունեցող երեխաները՝ կրկնակի խոցելի

Արցախի ՄԻՊ զեկույցի համաձայն՝ շուրջ 9 ամիս տևող շրջափակման, տարբեր տեսակի զրկանքների, ադրբեջանական հարատև ռազմական սադրանքների, թերսնուցման ու սովի պայմաններում ապրելու հետևանքով Արցախի երեխաների շրջանում աճել են նյարդահոգեբանական խնդիրները։ Շրջափակման ժամանակահատվածում նյարդաբանների ու հոգեբանների մոտ երեխաների այցերի թիվը 47 տոկոսով աճել է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ։ 

Նշվում է նաև, որ սթրեսի ու նյարդահոգեբանական խնդիրների հետևանքով նվազում են երեխաների դասերն ընկալելու և ուսման վրա կենտրոնանալու ունակությունները։

Շրջափակման հետևանքով կրկնակի խոցելի են հաշմանդամություն ունեցող երեխաները։ 36-ամյա Նարինե Դանիելյանը 3 երեխայի մայր է։ Ավագ որդին՝ Կարոն, որ այս տարի 5-րդ դասարան է փոխադրվել, առողջական մի շարք լուրջ խնդիրներ ունի՝ էպիլեպսիա, ստամոքսի խոց, երիկամային, աղիքային հիվանդություններ, այլ բարդություններ։ 

Նարինեն Ստեփանակերտից է, ամուսինը՝ Լոռու մարզից, նրան չեն թողնում վերադառնալ Արցախ՝ կնոջ ու երեխաների մոտ։ Ներկայումս Կարոյի, նրա 4 և 3 տարեկան եղբայրների ամբողջ հոգսը Նարինեի ուսերին է։ 

 

Արցախը նկարող Կարոն

Նարինեի հետ հաջողացնում եմ հարցազրույց անել գիշերը՝ ժամը 2-ին մոտ։ Բացի ընտանիքի հոգսերից, գործերից, նաև ամբողջ օրն ապրանք գնելու հերթերի մեջ անցկացնելուց հետո նա վերջապես կարողանում է ազատ ժամանակ գտնել այդ ժամերին։ 

«Հատուկ սննդակարգով ապրող երեխա է, լավաշ չեն թխում, եգիպտացորենի հաց է ուտում միայն, էն էլ քիչ ու չոր մասը։ Պետք է գտնել։ ․․․Կարոյիս համար է դժվար, որովհետև իր համար Բերձորի ճանապարհն իսկապես կյանքի ճանապարհ է։ Նեղ մասնագետ-բժիշկներ չունենք ու կրկնակի վտանգի տակ են հայտնվել իր պես մարդիկ»,- ասում է Նարինեն։ 

Նարինեն պայքարող է, խնդիրների մասին հարցերին նրա պատասխանները լուծումների ու հույսի մասին են․ 

«Դե հիգիենիկ պարագաներ չկան․․․ Բայց տատիս ձևով՝ լուսնահողով ենք մաքրում՝ հա՛մ ձեռքերն է լավ մաքրում, նույնիսկ յուղոտ ձեռքերը, հա՛մ ամանները, կաթսաները։ Ավազ է էլի, մեր ծառերի տակ կա»։ 

Իսկ վերջերս էլ լսել է, որ ցորենի ալյուրի պակասության պատճառով կարող է նաև եգիպտացորենի հաց վաճառեն․ «Ասում եմ՝ էդ էլ իմ էրեխու բախտից էր»։ 

Նույնիսկ այս պայմաններում Կարոն շարունակելու է դպրոց գնալ․ մայրն այդպես է որոշել։ 

«էդքան հիվանդություններով հանդերձ՝ աշխույժ, առույգ, տաղանդավոր երեխա է՝  նկարում է սիրուն, մաթեմատիկայից շատ ուժեղ է»։ 

Կարոյի նկարներում Արցախն է, արցախցի ծեր կինը, որ կանգառում մեքենա է փորձում կանգնեցնել, զինվորական հագուստով փեսան․․․ 

 

Կիսալուծում․ դպրոցները կբացվեն

«Ամենամեծ մարտահրավերը, որ դանակի պես կախված է կրթական համակարգի վրա, սանիտարահիգիենիկ միջոցների բացակայությունն է»,- ասում է «Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամի տարածաշրջանային ղեկավար Արմեն Հովհաննիսյանը։ 

«Պատկերացրեք, օրինակ, Ստեփանակերտի 1000-ից ավելի աշակերտ ունեցող դպրոցում երեխաներն օրական գոնե մի անգամ մտնեն զուգարան, ուղղակի անհնար է լինելու մաքրելը, որովհետև չկան միջոցներ։ Նաև ամիսներ շարունակ թերսնուցման հետևանքով երեխաների իմունիտետը թուլացել է, կարելի է ասել՝ կոլեկտիվ իմունիտետը վտանգի տակ է, նաև կա դեղամիջոցների սղություն։ Պատկերացրեք այս պայմաններում համաճարակային իրավիճակ։ Ինչպե՞ս է կազմակերպվելու այդքան մարդու բուժումը»,- ասում է Հովհաննիսյանը։

Միևնույն ժամանակ նա խոսում է համընդհանուր սթրեսային վիճակից և երեխաներին չմեկուսացնելու կարևորության մասին․ 

«Մյուս կողմից էլ կա սոցիալիզացիայի խնդիրը, պետք է դպրոցները բացվեն, շփում լինի»։ 

Ըստ Հովհաննիսյանի՝ լուծում կարող է լինել ուսումնական գործընթացը կազմակերպելու վերաբերյալ տնօրեններին որոշում ընդունելու ինքնավարություն տալը։ Այս դեպքում, հաշվի առնելով կոնկրետ դպրոցի պայմանները, կարող են կրճատվել դասաժամերը, կրթական ծրագիրը բեռնաթափել և այլն։ 

Թեև մտահոգություններին, թե ուսհաստատություններն այդպես էլ չեն բացվի, Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնել են, որ ուսումնական գործընթացը սեպտեմբերի 1-ից է։ Միևնույն ժամանակ նշելով, թե «դասերի մեկնարկից հետո մշտադիտարկում է իրականացվելու և համակողմանի վերլուծության արդյունքում ընդունվելու են համապատասխան իրավիճակային լուծումներ` ընդհուպ մինչև դասապրոցեսի դադարեցում»։

Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնել են նաև, որ սննդի, տրանսպորտի, հիգիենիկ պարագաների սղության վերաբերյալ ծնողների մտահոգությունները կիսում են, քննարկումներ են եղել շահագրգիռ կողմերի հետ, սակայն դրանց լուծումները հիմնականում իրենց գերատեսչությունից չեն կախված․ 

«Ասել, որ լուծումներ կան, չենք կարող։ Երեխաները ստիպված են լինելու ոտքով դասի գնալ։ Տարրական դասարաններում կփորձենք ապահովել փոքր քաղցրավենիքներ, քաղցր թեյ, բարձր դասարանների համար դեռևս չկա հնարավորություն։ Այդ խնդիրների համար կարող են լինել նաև տեղային լուծումներ՝ որոշակի դպրոցների դեպքում»։

Հ․Գ․ Հոդվածի պատրաստման ընթացքում դիմել էինք նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի հաղորդակցման ղեկավար Իրինա Մազուրին։ Հոդվածի հրապարակումից հետո ստացանք բավականին հակիրճ այս պատասխանը՝ հարցերին, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկում ՅՈՒՆԻՍԵՖ-ը Արցախի երեխաների կրթության և մյուս իրավունքների պաշտպանության համար․ «Չնայած փորձերին՝ տարիներ շարունակ ՄԱԿ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը չեն կարողանում մուտք ունենալ այս շրջան։ Հումանիտար վիճակի վատթարացման մասին հաղորդագրությունները խորապես մտահոգիչ են։ Մենք միանում ենք բոլոր կողմերին ուղղված ՄԱԿ գլխավոր քարտուղարի կոչին՝ ապահովել առաջին անհրաժեշտության պարագաների բաշխումը երեխաներին և նրանց ընտանիքներին՝ անկախ վայրից՝ միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին համապատասխան: ՅՈՒՆԻՍԵՖ-ը հանձն է առել աշխատել բոլոր կողմերի հետ՝ երեխաներին պաշտպանելուն ու աջակցելուն ուղղված միջոցներ ձեռնարկելու համար»:

Արցախը կիզակետում

Արցախ. ոչ միայն մարդասիրական աղետ

Արցախ. ոչ միայն մարդասիրական աղետ

Թամարա Գրիգորյան
Օգս 14, 2023

Արցախցին, որ այսօր ուզում է ապրել իր հայրենիքում արժանապատիվ կյանքով, ամեն վայրկյան պայքարում է իր ինքնասիրության դեմ, գրում է արցախաբնակ Թամարա Գրիգորյանը՝ ներկայացնելով տեղում տիրող իրավիճակը։

Read more
Snapshots From the Edge of Hunger

Շրջափակման ափսեներ. Արցախցի երիտասարդների սնունդը

Գայանե Ղազարյան
Օգս 1, 2023

Մինչ Ադրբեջանը շարունակում է սեղմել օղակն Արցախի շուրջ՝ թույլ չտալով այնտեղ բնակվողներին հասցնել անգամ մարդասիրական հրատապ օգնություն, արցախցի երիտասարդները կիսվում են իրենց սնունդի նկարներով:

Read more
A Peace to Fail All Peace

Խաղաղությունը տապալող խաղաղություն

Շիլա Փայլան
Հլս 25, 2023

Ոմանք կարող են մտածել, որ վատ խաղաղության պայմանագիրն ավելի լավ է, քան ոչ մի խաղաղության պայմանագիր: Բայց պատմությունն այլ բան է ցույց տալիս, գրում է Շիլա Փայլանը՝ քննելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի խութերը։

Read more
The Humanitarian Crisis in Nagorno-Karabakh Exacerbates Regional Instability

Լեռնային Ղարաբաղում մարդասիրական ճգնաժամը սրում է տարածաշրջանային անկայունությունը

Զոհրաբ Մնացականյան
Հլս 25, 2023

Արցախի ծանր վիճակը հասցեագրելու գործում քաղաքական, բարոյական և իրավական ակնհայտ իրողությունների անտեսումը հավասարազոր է բազմապատիկ հետևանքներ ունեցող հետագա անկայունության սերմանմանը, գրում է արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Read more

Մեր հայերեն էջից

The Woman Behind the First Armenian Kindergarten

Որպեսզի երեխան ապտակ չուտի

Լիլիթ Ավագյան
Օգս 25, 2023

Հայ կանանց մասին Թիֆլիսի հայկական մամուլով տարածվող կարծրատիպը 19-րդ դարում կոտրելու էին հենց հայ կանայք, որոնցից մեկն էր Սոֆյա Բայանդուրյանցը՝ հայկական առաջին մանկապարտեզների հիմնադիրը:

Read more
Arev’s Brezhnev Years

Արևի Բրեժնևյան տարիները

Էլլա Կանեգարիան
Օգս 21, 2023

«Ամնիստիան մարդասպանի վրա կարող էր ազդել, իմ նմանների վրա՝ չէ։ Կաշառքն ամենավատ բանն էր համարվում, չնայած Բրեժնևի ժամանակ կաշառքն ամեն տեղ էր՝ համատարած ու առաջին հերթին հենց իր սիստեմում․․․»

Read more
Approaching the Barbell

Մոտենալով ծանրաձողին

Հասմիկ Բալեյան
Օգս 14, 2023

Չնայած ոլորտում առկա խնդիրներին, ծանրամարտը Հայաստանում շարունակում է մնալ հենակետային մարզաձևերից, իսկ հայ ծանրորդները, հաղթահարելով առկա խոչընդոտները, պարբերաբար գրանցում են հաջողություններ։

Read more

Կաննի կինոփառատոնի տարածաշրջանային քաղաքականությունը

Սոնա Կարապողոսյան
Հլս 27, 2023

Կաննի կինոփառատոն ընտրվելու համար գործում են մի շարք պայմանական կարգեր: Սոնա Կարապողոսյանն անդրադառնում է հեղինակավոր կինոփառատոնին, աշխարահագրությանը, ներկայացվելու կարգերին ու այս պարունակում հայ կինոգործիչների աշխատանքներին։

Read more
Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:

Բաժանորդագրվել

Բաժիններ

  • Քաղաքականություն
  • Կարծիք
  • Արցախը կիզակետում
  • Մարդ և հասարակություն
  • Մշակույթ
  • Ընտրություններ
  • Ստեղծարար Tech
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ

Հետևեք մեզ





@ 2024 EVN Report. All Rights Reserved

    Subscribe

      Բաժանորդագրվել

      Բաժիններ

      • Քաղաքականություն
      • Կարծիք
      • Արցախը կիզակետում
      • Մարդ և հասարակություն
      • Արվեստ և մշակույթ
      • ԵՎ այլն
      • Ստեղծարար Tech
      • Մարդ և օրենք
      • Տնտեսություն
      • Ընտրություններ
      • Ընթերցողների հարթակ
        • Անցումային արդարադատություն
        • Ընտրական օրենսգիրք
        • Կամավորություն
        • Հայաստան-Սփյուռք հարաբերություններ
        • Հաշմանդամություն ունեցող նորածինների պաշտպանություն
      • Անվտանգության զեկույց
      • Հոդվածների ընդունման կարգ
      • Մեր մասին
      • Կապ
      • Eng
      • Հայ

      Բաժանորդագրվեք մեր ամփոփագրին

      Աջակցություն

      ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ