EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
Morning News
  • Հայ
    • Eng
No Result
View All Result
Գլխավոր Արցախը կիզակետում
Հկտ 10, 2024

Արցախի թանգարաններից հիշողություն

Լիլիթ Ավագյան
Memories From the Museums of Artsakh, Lilit Avagyan

Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր՝ հեղինակի ընթերցմամբ:


Your browser does not support the
audio element.

«Տիգրանակե՛րտ… Զբոսաշրջությամբ զբաղվող գործակալությունները, որոնք նախընտրում էին նաև Արցախի ուղիները, անպայման զբոսաշրջիկներին առաջարկում էին թե՛ Տիգրանակերտի թանգարանը, թե՛ Նիկոլ Դումանի տուն-թանգարանը, թե՛ Գանձասարի մատենադարանը, թե՛ Շուշիի կերպարվեստի, պատմության, դրամի, գորգերի թանգարանները…»,- հիշում է Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի վերջին փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանն ու նշում՝ սա՝ 2020 թվականի Արցախյան պատերազմից առաջ: Իսկ պատերազմից հետո զբոսաշրջության տարածքը բավականին փոքրացավ: 2022-ի մարտին, Քարագլուխ, Փառուխ գյուղերի դեպքերից հետո, նաև շրջափակման ժամանակ, այդ ամենը նվազեց և հասավ գրեթե զրոյական մակարդակի: 

Հովհաննիսյանի հետ զրույցի ընթացքում լռությունը շատ է. յուրաքանչյուր թանգարանի անունը տալիս՝ նա դադար էր առնում: 

Արցախի Հանրային հեռուստաընկերության լրագրող Քրիստինա Ղահրամանյանի համար ևս բարդ է վերհիշել այն ամենը, ինչի միջով անցել են իր և տասնյակ հազարավոր արցախցի ընտանիքներ: Ցավում է նաև թանգարանային նմուշների կորուստների համար։

«Հնարավորության դեպքում շատ կցանկանայի գոնե թանգարանների՝ եթե ոչ ամբողջ, բայց գոնե մեծամասնությունը պետական մակարդակով կազմակերպվեր ու տեղափոխվեր Հայաստան։ Փոքր ժամանակ, երբ այցելում էինք Մարտունու թանգարան, զինվորական մի համազգեստ կար՝ կոկիկ ծալած ու սրահում դրած: Աշխատակիցները պատմում էին, որ դա Ավոյի՝ Մոնթե Մելքոնյանի համազգեստն էր, իսկ մեզ մոտ՝ Մարտունիում, իրեն շատ հարգում, սիրում ու ընդունում էին: Ու ես երևի, եթե անհատապես հնարավորություն ունենայի, դա կվերցնեի ինձ հետ,- ասում է Ղահրամանյանը՝ պատմելով, թե երբ իմացել են տեղահանության մասին, քաղաքի տղամարդիկ մեծ փոս են փորել ու Մարտունու հրապարակում տեղադրված Մոնթեի արձանը «թաղել»,- գոնե սա մի քիչ սփոփում է, որ մնացած արձանների նման՝ այդ արձանը չեն այլանդակի»: 

Ղահրամանյանի մտահոգությունը՝ ադրբեջանցիների կողմից «արձաններն այլանդակելու» մասին, հիմնավոր է: 

Արցախում մնացին դատարկ տները, պատմական-մշակութային արժեք ունեցող կոթողները, 30-ից ավելի թանգարաններն ու ցուցասրահներ:  

«Կովկասյան ժառանգության պաշտպանության կազմակերպություն» (Caucasus Heritage Watch) ակադեմիական անկախ հարթակը հաշվառում և ուսումնասիրում է Արցախի պատմամշակութային ժառանգության յուրաքանչյուր նմուշը: 2024-ի հունիսի զեկույցում ներկայացրել է արբանյակային պատկերների համեմատությունը՝ մինչև 2020-ի պատերազմն ու դրանից հետո։

«Խորապես մտահոգված ենք, որ 2023-ի աշնանն ու 2024-ի գարնանը կատարած մեր ուսումնասիրությունների միջև ընկած ժամանակահատվածում ոչնչացված մշակութային ժառանգության ընդհանուր թիվն ավելացել է 75 տոկոսով, ինչպես նաև 29 տոկոսով աճել է վտանգվածների թիվը»,- ասվում է զեկույցում: 

Արցախի պատմամշակութային ժառանգության ոչնչացումը սկսվել էր դեռևս 2020-ի պատերազմից հետո, երբ Ադրբեջանի վերահսկողությանն անցան Հադրութի շրջանն ու Շուշին՝ պետական 10 թանգարանով, մասնավոր 10 հավաքածուներով: Նախնական հաշվարկներով՝ միայն Շուշիում մնացած թանգարանային նմուշների թիվն անցնում է 8000-ը: 

2021-ին «ԲիԲիՍի Նյուզ» լրատվականի լրագրողը ներկայացրել էր, թե ինչպես են 2020-ի պատերազմից հետո ադրբեջանցիներն ամբողջությամբ ավերել Ջրականի հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին: Ավերվել էր նաև Մոխրենիս գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին: 2022-ին հերթը հասավ Շուշիի Կանաչ ժամ հայկական եկեղեցուն. վերանորոգման պատրվակով՝ սկսվեց եկեղեցու հայկական հետքի ոչնչացումը: Ավելի ուշ ադրբեջանական կողմը հիմնահատակ քանդեց 177-ամյա եկեղեցին։

Լեռնիկ Հովհաննիսյանն ասում է, թե ոչնչացվում են ոչ միայն եկեղեցիները, այլև Հայրենական մեծ պատերազմում, Արցախյան առաջին պատերազմում զոհված զինվորների հուշահամալիրները: 

«Հատկապես Հայրենական պատերազմի հուշահամալիրների ոչնչացման պահով դիմեցինք ռուս խաղաղապահ ուժերին, բայց որևէ արձագանք, ցավոք սրտի, չեղավ,- ասում է Հովհաննիսյանը՝ նշելով, թե երբ Արևելյան Եվրոպայի որևէ երկրում  Խորհրդային զինվորների հուշարձանին անգամ կարմիր ներկ են լցնում, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան կոշտ հայտարարությամբ է հանդես գալիս,- Քիչ է մնում այդ երկրին պատերազմ հայտարարի Ռուսաստանը, իսկ իր երկրի խաղաղապահների քթի տակ ոչնչացվում էր Հայրենական պատերազմում զոհված հայ զինվորներին նվիրված երկու տասնյակից ավելի հուշարձաններ, «Ձայն բարբառոյ յանապատի»: Ոչ մի արձագանք»:

Նույն լռությունն էր նաև կիսանդրիների ոչնչացման ժամանակ: Ցանկը երկար է.   Շուշիի գրավումից հետո ոչնչացվեցին ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի, Երկրորդ աշխարհամարտի տարիներին ԽՍՀՄ ծանր արդյունաբերության նախարար  Հովհաննես (Իվան) Թևոսյանի կիսանդրիները, արդեն 2023-ի սեպտեմբերի 19-ից հետո ոչնչացվեցին ծովակալ Իսակովի, գեներալ-լեյտենանտ Անատոլի Զինևիչի, Ալեքսանդր Մյասնիկյանի և այլոց կիսանդրիները, տապալվեց Ստեփան Շահումյանի արձանը: 

Արցախի ԿԳՄՍ վերջին նախարար Լուսինե Ղարախանյանը դեռ 2021-ի հոկտեմբերին Հայաստանի Ազգային ժողովում կազմակերպված քննարկման ժամանակ նշել էր, որ բռնազավթված է 2000 հուշարձան, 122 եկեղեցի, վանական 13 համալիր, 52 ամրոց, 536 խաչքար, 20.885 ցուցանմուշ, 617.000 գիրք: 

Լրագրող Ալյոնա Հայրապետյանի համար էլ թանկ էին ու կարծում է, որ բոլորը պետք է այցելեին Նիկոլ Դումանի տուն֊թանգարանը, Շուշիի կերպարվեստի ու Տիգրանակերտի հնագիտական թանգարանները.

«Գրեթե բոլորը, եթե ոչ պարբերաբար, ապա գոնե մի անգամ եղել էին այս թանգարաններում։ Ինքս պարբերաբար այցելում էի Ստեփանակերտի պատկերասրահը, որտեղ հիմնականում տեղի նկարիչների աշխատանքներն էին ցուցադրվում»:

Սակայն Հայրապետյանն ափսոսում է ոչ միայն թանգարանային նմուշների կորստի համար, այլ այն բոլոր մեծ ու փոքր կոթողների, որոնք մնացին հայաթափված Արցախում, իսկ ամենաշատը՝ Վաղուհասում հայտնաբերված ամենահին՝ 866-ին վերագրվող խաչքարի համար. 

«Այն որևէ թանգարանում չկար, բայց շատ թանկ գտածո էր, ինչքանով տեղյակ եմ` չեն բերել»։

Արցախի թանգարանների նմուշները Լեռնիկ Հովհաննիսյանը փորձում է վերհիշել մեկ առ մեկ. նախ՝ Հադրութի Երկրագիտական թանգարանինը, որտեղ, ըստ նրա, շատ հետաքրքիր նմուշներ կային: 

«Առանձնահատուկ հետաքրքիր ու արժեքավոր էր 19-րդ դարի վերջի 20-րդի սկզբի արցախյան տարազի մաս կազմող հարսանեկան զգեստը: Այն միայն Հադրութի Երկրագիտական թանգարանում էր. այլ տեղ չունենք նման նմուշ,- ասում է Հովհաննիսյանը՝ հիշելով նաև ԽՍՀՄ ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցի տուն-թանգարանում, Բերդաշենի թանգարանում, Նիկոլ Դումանի տուն-թանգարանում մնացած արժեքավոր նմուշների մասին,- Արցախի թանգարաններում մնացին նաև Էդգար Շահինի, Գառզուի կտավների հավաքածուները: Էլ չեմ խոսում Ստեփանակերտի Երկրագիտական թանգարանի մասին, որտեղ 53 երկրներից քարերի շատ հետաքրքիր հավաքածուներ կային»: 

Ըստ Հովհաննիսյանի՝ որոշ տվյալների համաձայն՝ Շուշիի թանգարանը Ադրբեջանի մշակույթի նախարարության վերահսկողության տակ է: Այդ մասին իմացել են ռուս խաղաղապահներից: Իմացել են նաև, որ թանգարանի ցուցանմուշներն արկղերի մեջ են, կապարակնքված: Հադրութի երկրագիտական թանգարանի նյութերի, Արմենակ Խանփերյանցի տուն-թանգարանի կամ Միքայել Պարսեղովի տուն-թանգարանի ցուցանմուշների պահպանության մասին Հովհաննիսյանը լավատես չէ. կասկածներ ունի, որ դրանք ոչնչացվել են: 

2023-ի սեպտեմբերից հետո Արցախի Հանրապետության թանգարանների ցուցանմուշների ամբողջական թվեր չկան: Արցախի թանգարանները 2023-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ արդեն չէին աշխատում. վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագրով թանգարանները լուծարվել էին: 

Մասնավոր հավաքածուներ մասամբ կամ ամբողջությամբ փրկվել են անհատական նախաձեռնություններով. մարդիկ սեփական միջոցներով, ավտոմեքենաներով տեղափոխել են:

Պետական թանգարանների փրկված ցուցանմուշների մասին ևս պաշտոնական տվյալների չկան: Մեր հարցմանն ի պատասխան՝ Հայաստանի ԿԳՄՍ-ն խնդրեց սահմանափակվել այս մեկ նախադասությամբ. 

«Հնարավոր ամենն արվում է՝ Արցախի պատմամշակությաին ժառանգությունը փրկելու ուղղությամբ»: 

Փրկված ցուցանմուշների մասին բարձրաձայնելուն կարող է հետևել ադրբեջանական կողմի մեղադրանքը՝ «Ադրբեջանի մշակութային ժառանգության գողություն», ինչպես եղավ ռազմական գործողությունների գոտուց Տիգրանակերտի պեղումների իրերի տարհանումից հետո:  

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը չցանկացավ այդ թեմայով խոսել, սակայն մամուլում այդ մասին հրապարակումներ կան: Ըստ այդմ, Պետրոսյանի ղեկավարած արշավախումբը 2005-ին հայտնաբերել էր Հայոց արքա Տիգրան Բ Մեծի կողմից Արցախում հիմնված Տիգրանակերտ քաղաքը: 2020-ի Արցախյան պատերազմի ժամանակ Տիգրանակերտը դարձել էր թշնամու հրետակոծության տարածք. ամբողջովին ոչնչացվել է Տիգրանակերտի հնագիտական հանգրվանը:

Ի պատասխան ադրբեջանական կողմի մեղադրանքներին՝ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. 

«Արցախի քաղաքականապես չճանաչված լինելը չի զրկում նրա բնիկ ժողովրդին մշակույթի իրավունքից: Այդ թվում և մշակութային ժառանգությունը հետազոտելու և հանրահռչակելու իրավունքից: Այնպես որ Տիգրանակերտի հնագիտական հետազոտությունն իրականացվել է բացարձակապես իրավական հիմքով»:

Արցախի թանգարանների ցուցանմուշների մշտադիտարկում, մեծ հաշվով, շատ բարդ է իրականացնել, կարծում է Լեռնիկ Հովհաննիսյանը։

«Պետական թանգարանների ցուցանմուշների վերականգնման առումով դեռ կարող ենք եղած նյութերով, լուսանկարներով վերականգնել տեղեկատվությունը:  Դպրոցներին կից թանգարանների հավաքածուների, մասնավոր հավաքածուների և գյուղական թանգարանների հետ կապված լուրջ աշխատանք կա անելու»,- ասում է նա:

Եթե մշակութային ժառանգությունը՝ եկեղեցիներ, պատմական արժեք ունեցող շինություններ, թանգարաններ, մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ, մշակութային կարևորագույն արժեքներից՝ Արցախի բարբառը, Արցախի ավանդույթները, սովորույթները, խոհանոցը, արցախցիներից յուրաքանչյուրն իր հետ տեղափոխել է Հայաստան: Լեռնիկ Հովհաննիսյանը կարծում է, որ դրանք պահպանելու հարցում արդեն պետական լուրջ մոտեցում է անհրաժեշտ. 

«Եթե գոնե արցախցիների մի մասը համատեղ բնակություն չունենան Հայաստանի տարածքում, մի սերունդ հետո, նկատի առնելով նաև այն, որ արցախցիների մի մասն արդեն արտագաղթում է Հայաստանից, դժվար կլինի ասել՝ որքանով կպահպանվեն արցախյան ավանդույթներն ու սովորություները, քանի հոգի կխոսի Արցախի բարբառով»: 

Արցախը կիզակետում

So That They Don’t Forget

Որ նրանք չմոռանան

Անի Գևորգյան
Սպտ 20, 2024

Բռնի տեղահանումից մեկ տարի անց արցախցիները, որ բնօրրանում թողել են ամբողջ կյանքի ստեղծածը և կարողացել են իրենց հետ բերել միայն իրենց հմտություններն ու Հայաստանում են փորձում վերագտնել մասնագիտական կարողությունները, ամփոփում են ցավի ու կորուստների մեկ տարին՝ Անի Գևորգյանի ֆոտոպատումում։

Read more
Tamara Grigoryan, Of Mines and Hope

«Ականների» ու հույսի անվերջ պայքարում

Թամարա Գրիգորյան
Սպտ 19, 2024

Արցախի կորստից մեկ տարի անց, կործանարար պատերազմից չորս տարի անց Թամարա Գրիգորյանը նորից կանգնած է կիսակառույց տան դիմաց և փորձում է նորից տուն կառուցել, հույսով, որ վերջին անգամ։

Read more
Նոր տուն, որ կառուցեցին արցախցի տղամարդիկ

Նոր տուն, որ կառուցեցին արցախցի տղամարդիկ

Անի Գևորգյան
Մրտ 26, 2024

Մասիս քաղաքի ինֆեկցիոն հիվանդանոցի կիսավեր հին շենքից այժմ մնացել են միայն արտաքին պատերը, իսկ ներսի հատվածն ամբողջությամբ կերպարանափոխվել է։ Անի Գևորգյանի ֆոտոպատումն անդրադառնում է Արցախից բռնի տեղահանվածների բնակարանների կառուցմանը:

Read more
Monologues: The Homes They Lost in Artsakh

Մենախոսություններ. Արցախում մնացած տների մասին

Յան Շենկման
Փտր 21, 2024

«Ղարաբաղի բնակչությունը լքեց իր տունը, դարավոր ծառերն արմատներով պոկեցին հողից ու անհայտության գիրկը նետեցին», սեպտեմբերի 19-ի աղետի մասին այսպես է գրում ռուս լրագրող Յան Շենկմանը, որը Հայաստան է տեղափոխվել Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո, իսկ Արցախի բնակչության տեղահանությունից հետո որոշել է հավաքել արցախցիների մենախոսություններն իրենց կորսված տների մասին։

Read more

Նաեւ

… Մարդկային ձայնը հաճախ կորչում է …

… Մարդկային ձայնը հաճախ կորչում է …

EVN Report
Հլս 4, 2024

EVN Report երրորդ մեդիափառատոնի շրջանակում, մարդկային պատմությունների երբևէ ամենամեծ հավաքածուն ձայնագրած հանրահայտ Story Corpsի հետ որոշեցինք գրանցել մեր ժամանակների վկայի ձայնը, անհատական պատումը… Տարբեր մասնագիտությունների և տարիքի անձանց հետ զրուցեցիք անկախության, հայրեինիքի, ամենաուրախ և ամենատխուր պահերի և մշակույթի մասին։

Read more

մարդ ԱՌժամանակ. Մանուշակ Տիտանյան

EVN Report
Մյս 8, 2024

«մարդ ԱՌժամանակ» անձնական զրույցների շարքի հյուրը՝ ճարտարապետության դոցենտ Մանուշակ Տիտանյանը, կիսվում է Երևանից Արցախ տեղափոխվելու, պատմամշակութային ժառանգության փաստագրման աշխատանքներում ներգրավվելու, ինչպես նաև Արցախից վերջիններից դուրս գալու մասին։

Read more
Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:

Բաժանորդագրվել

Բաժիններ

  • Քաղաքականություն
  • Կարծիք
  • Արցախը կիզակետում
  • Մարդ և հասարակություն
  • Մշակույթ
  • Ընտրություններ
  • Ստեղծարար Tech
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ

Հետևեք մեզ





@ 2024 EVN Report. All Rights Reserved

    Subscribe

      Բաժանորդագրվել

      Բաժիններ

      • Քաղաքականություն
      • Կարծիք
      • Արցախը կիզակետում
      • Մարդ և հասարակություն
      • Արվեստ և մշակույթ
      • ԵՎ այլն
      • Ստեղծարար Tech
      • Մարդ և օրենք
      • Տնտեսություն
      • Ընտրություններ
      • Ընթերցողների հարթակ
        • Անցումային արդարադատություն
        • Ընտրական օրենսգիրք
        • Կամավորություն
        • Հայաստան-Սփյուռք հարաբերություններ
        • Հաշմանդամություն ունեցող նորածինների պաշտպանություն
      • Անվտանգության զեկույց
      • Հոդվածների ընդունման կարգ
      • Մեր մասին
      • Կապ
      • Eng
      • Հայ

      Բաժանորդագրվեք մեր ամփոփագրին

      Աջակցություն

      ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ