
Հոդվածը կարող եք լսել ձայնաԳիր տարբերակով։
Հուլիսի 15-ին հանրային քննարկման ներկայացվեց կառավարության որոշման այս նախագիծը, որի մի շարք դրույթներ խիստ խնդրահարույց համարվեցին հատկապես իրավապաշտպանների կողմից:
Նախագծով ներկայացված նոր կարգի հենց առաջին կետը սահմանում է. «Կամավոր բժշկական ամլացումը՝ վիրաբուժական միջամտություն է, որը կիրառվում է որպես մշտական բեղմնականխման եղանակ և կատարվում է միայն կամավոր սկզբունքով՝ չափահաս անհատի (ամուսինների) իրազեկված համաձայնության դեպքում»:
Նույն կետով սահմանվում է նաև՝ «կամավոր բժշկական ամլացումը կարող է իրականացվել անհատի ցանկությամբ կամ բժշկական ցուցումներով` անհատի գրավոր իրազեկված համաձայնությամբ, իսկ դատարանի կողմից անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց` բժշկական ցուցումներով ամլացումը` դատարանի որոշմամբ»:
Ի հակադրություն նախագծային նոր կարգի՝ գործող կարգը սահմանում է. «Բժշկական ամլացմանը ենթակա չեն դատարանի կողմից անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձինք»:
Այսինքն, նախագծով սահմանված ձևակերպումից պարզ է, որ անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձին ամլացնելու վերաբերյալ որոշումն ընդունում է ոչ թե հենց նա, այլ բոլորովին այլ մեկը՝ դատարանը: Մինչդեռ, թե՛ Սահմանադրությամբ, թե՛ այլ օրենսդրական նորմերով է սահմանվում անձի իրազեկված համաձայնության պարտադիրությունը:
Օրինակ, «Վերարտադրողական առողջության ու վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով ամրագրվում է, որ կամավոր բժշկական ամլացումն իրականացվում է բուժհաստատություններում միայն չափահաս անձանց նկատմամբ՝ նրանց իրազեկված համաձայնության դեպքում:
Ո՞վ է անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձը
Քաղաքացիական օրենսգրքի 31-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացին, որը հոգեկան խանգարման հետևանքով չի կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք, կարող է դատարանով անգործունակ ճանաչվել: Նրա նկատմամբ սահմանվում է խնամակալություն և նրա անունից գործարքներ է կնքում նրա խնամակալը:
Նույն օրենսգրքի 32-րդ հոդվածի համաձայն՝ ոգելից խմիչքների կամ թմրամիջոցների չարաշահման, ինչպես նաև մոլեխաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դրած քաղաքացու գործունակությունը կարող է դատարանով սահմանափակվել և նրա նկատմամբ սահմանվել հոգաբարձություն:
Նա իրավունք ունի ինքնուրույն կնքել միայն մանր կենցաղային գործարքներ: Եվ միայն հոգաբարձուի համաձայնությամբ կարող է կնքել այլ գործարքներ, ինչպես նաև ստանալ աշխատավարձ, կենսաթոշակ և այլ եկամուտներ ու տնօրինել դրանք:
«Ո՞վ ասաց, որ այս դեպքում մարդն ինքը չի կարող որոշել իր ամլացման հարցը: Մեզ մոտ հոգեկան խնդիր ունեցող անձին մեխանիկորեն կարող են զրկել գործունակությունից, մինչդեռ հոգեկան խնդիր ունենալը դեռևս չի նշանակում, որ անձը բժշկական միջամտությունների կարևորությունը չի գիտակցում»,- նշում է առողջապահական իրավունքի մասնագետ Միքայել Խաչատրյանը:
Մասնագետն ընդգծում է՝ որպեսզի ամլացումը համարվի կամավոր, նվազագույն և կարևոր պայման է անձի իրազեկված համաձայնություն տալը դրան: Ըստ նրա՝ դատարանն այս գործընթացում կարող է լինել հավելյալ երաշխավոր, որ անձը տվյալ պահին իրապես հասկանում է միջամտության բնույթն ու դրա հետևանքները՝ անկախ այն բանից նա անգործունակ է ճանաչված, թե լիովին գործունակ է:
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպության նախագահ Մուշեղ Հովսեփյանը խոսում է մեկ այլ խնդրի մասին. անգործունակ ճանաչված անձը կարող է դիմել դատարան միայն մեկ դեպքում՝ իրեն գործունակ ճանաչելու համար:
Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածով սահմանվում է. «Անչափահասները, անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձինք կարող են ինքնուրույն դիմել դատարան միայն սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում»: Իսկ օրենսգրքով նրանց համար ինքնուրույն դատարան դիմելու մեկ դեպք է նախատեսում՝ գործունակ ճանաչելն ու գործունակության սահմանափակումները վերացնելը:
«Այսինքն, ամլացման դեպքում էլ իր փոխարեն պետք է խնամակալը դիմի դատարան: Ստացվում է, որ խնամակալի ցանկության դեպքում է անձն ամլացվելու, և խնամակալը պրակտիկայում կարող է հաշվի չառնել անձի ցանկությունը»,- նշում է Հովսեփյանը:
Անգործունակ ճանաչելու խնդրահարույց ինստիտուտը
«Ամլացումը շատ լուրջ միջամտություն է անձի անձնական կյանքին և չի կարող տեղի ունենալ առանց բացառապես նրա իրազեկված համաձայնության»,- նշում է իրավաբան, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախագահ Արաքս Մելքոնյանը՝ ընդգծելով, որ ինքնին խնդրահարույց է Հայաստանում անձին անգործունակ ճանաչելու ինստիտուտը:
Այսպես, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 249-րդ հոդվածի համաձայն՝ անձին անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու համար դատական գործը հարուցվում է նրա ընտանիքի անդամի, խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից: Անգործունակ ճանաչելու դեպքում դիմում կարող է ներկայացնել հոգեբուժական կազմակերպության դիմումի հիման վրա:
Նույն օրենսգրքի 252-րդ հոդվածով սահմանվում է. «Առաջին ատյանի դատարանը քաղաքացու հոգեկան խանգարման վերաբերյալ հիմնավոր կասկածների առկայության դեպքում քաղաքացուն անգործունակ ճանաչելու հիմքերի առկայությունը պարզելու նպատակով նշանակում է դատահոգեբուժական փորձաքննություն»: Այսինքն, միայն այն, որ մարդն ունի հոգեկան առողջության որևէ խնդիր, կարող է հիմք լինել նրա գործունակությունը սահմանափակելու:
Մելքոնյանը կարծում է, որ անձի հոգեկան առողջության խնդիր ունենալու հիմքով անգործունակ ճանաչելու ինստիտուտը պետք է վերացվի առհասարակ, քանի որ դա խտրականություն է առողջական վիճակի հիմքով, և հանգեցնում է անձի այլ իրավունքների լուրջ սահմանափակումների:
«Նման նախագծի մշակումն ինքնին վկայում է անձի իրավունքների սահմանափակման մասին: Մեր կազմակերպության շահառուի գործով՝ «Նիկոլյանն ընդդեմ Հայաստանի», Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) ամրագրել էր, որ նրա գործունակության սահմանափակումը հանգեցրել էր նրա անձնական կյանքի իրավունքի խախտման»,- նշում է Մելքոնյանը:
Ի դեպ, «Նիկոլյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռից տեղեկանում ենք, որ 2012-ի ապրիլի 25-ին քաղաքացի Գուրգեն Նիկոլյանը դիմում է դատարան՝ կնոջից ամուսնալուծվելու և նրան իր բնակարանից վտարելու պահանջով: Շուրջ 3 ամիս անց՝ հուլիսի 4-ին Նիկոլյանի կինն է դիմում դատարան՝ պահանջելով նրան ճանաչել անգործունակ: Նույն պահանջով դատարան է դիմում նաև որդին՝ նոյեմբերի 14-ին: Իսկ նոյեմբերի 22-ին Նիկոլյանի՝ ամուսնալուծության և բնակարանից վտարելու հայցի քննությունը դատարանի կողմից կասեցվում է՝ մինչև նրան անգործունակ ճանաչելու դիմումների վերաբերյալ վերջնական որոշումների ընդունումը:
2013-ին Նիկոլյանը դատական ակտով ճանաչվում է անգործունակ և նրա խնամակալ է նշանակվում որդին (թեև նրանք ունեին կոնֆլիկտային հարաբերություններ), ով, որպես հոր խնամակալ, հրաժարվում է ամուսնալուծության և վտարման հայցից:
Այս գործով ՄԻԵԴ-ը վճռել է, որ անձը, ճանաչվելով անգործունակ, զրկվել է իր անձնական կյանքն իր հայեցողությամբ տնօրինելու իրավունքից, այդ թվում՝ կնոջից ամուսնալուծվելու իրավունքից:
Մելքոնյանը նշում է, որ հայաստանյան օրենսդրությունը չի նախատեսում լուծումներ, որոնք ուղղված կլինեն անձին օժանդակելու՝ սեփական կյանքի վերաբերյալ որոշումներ ընդունելիս, այդ թվում՝ բժշկական միջամտությունների վերաբերյալ իրազեկված համաձայնության հիման վրա որոշում ընդունելիս: Անգործունակ ճանաչված անձի նկատմամբ բժշկական միջամտությունների իրազեկված համաձայնության օրենսդրական և պրակտիկ խնդիրների վերաբերյալ արձանագրել է նաև սահմանադրական դատարանը 2020-ի որոշմամբ:
«Եվ այս կարգավորման պայմաններում էլ դատարանի կողմից քննության առարկա չի դառնա անձի կամքը՝ իր ամլացման վերաբերյալ: Մինչդեռ անձը, անկախ իր հոգեկան առողջության խնդրից, պետք է պատշաճ իրազեկվի և նա պետք է ընդունի որոշում՝ միջամտության վերաբերյալ, հատկապես անձնական կյանքի նման անդառնալի հետևանքներ առաջացնող միջամտության վերաբերյալ»,- նշում է իրավաբանը:
Կանայք՝ թիրախավորված կրկին
Նախագծային նոր կարգի 8-րդ կետը վերաբերում է անձի ցանկությամբ ամլացման դեպքերին և սահմանվում է միայն 3 դեպք, որոնք բոլորն էլ վերաբերում են միայն կանանց: Դրանք են՝
ա) կինը 35 տարեկան և ավելի է և ունի երեք և ավելի երեխա,
բ) կինը 40 տարեկան և ավելի է և ունի առնվազն 2 երեխա,
գ) կինը ենթարկվել է եռակի կեսարյան հատման և ունի երեխաներ:
Փաստորեն, այս ձևակերպումից կարելի է ենթադրել, որ տղամարդիկ իրենց ցանկությամբ ամլանալու իրավունք չունեն:
Իսկ նույն փաստաթղթի 9-րդ հոդվածը վերաբերում է բժշկական ցուցումներով ամլացման դեպքերին, որոնք նույնպես վերաբերում են բացառապես կանանց.
«Բժշկական ցուցումներով ամլացումը կատարվում է կնոջ համաձայնությամբ, եթե առկա են հիվանդություններ և վիճակներ, որոնք ուղեկցվում են ախտաբանական անդարձելի փոփոխություններով և որոնց դեպքում հղիությունն անհամատեղելի է տվյալ հիվանդության հետ ու սպառնում է կնոջ կյանքին: Բժշկական ցուցումներով ամլացման համար հիմք հանդիսացող հիվանդությունների և վիճակների ցանկը սահմանում է լիազոր մարմինը: Առանձին, ցանկով չնախատեսված դեպքերում որոշումը կայացվում է բժշկական կազմակերպության մշտական գործող հանձնաժողովի որոշմամբ»:
«Այստեղ կա կին և հոգեկան խնդիր ունեցող անձի հանդեպ կրկնակի խտրականության հարց։ Պրակտիկայում հավանական է, որ անգործունակ ճանաչված կանայք ավելի շատ կենթարկվեն միջամտության՝ դատարանի որոշմամբ: Սա մեծապես խոցելի է դարձնում նրանց»,- նշում է Արաքս Մելքոնյանը:
Զուգահեռներ եվգենիկական ստերջացման հետ
Այս նախագծի շրջանառումից հետո արվեցին համեմատություններ եվգենիկական ստերջացման կամ հարկադիր ամլացման ծրագրերի հետ, որոնց նպատակը կարող են լինել Էթնիկ զտումները, որոշ հիվանդությունների տարածումը կանխելը, բնակչության թվի վերահսկողությունը և այլն։
Մինչ օրս էլ կան երկրներ, որտեղ հարկադիր ամլացումը թույլատրվում է օրենքով: Օրինակ՝ ԱՄՆ 31 նահանգներում դա թույլատրող օրենսդրություն կա, իսկ 17 նահանգներում հարկադիր ամլացումը թույլատրվում է նույնիսկ անչափահասների հանդեպ:
Թերևս ամենահայտնի դեպքը Էշլի Իքսի պատմությունն է: 1997-ին ծնված Էշլին ուներ մտավոր զարգացման խնդիրներ, բժիշկներն ասում էին, որ նրա մտավոր կարողությունները չեն զարգանա, բայց ֆիզիկապես կշարունակի աճել: Երբ նա յոթ տարեկան էր, ծնողների որոշմամբ երեխային հիստերէկտոմիա և կրծքագեղձերի հեռացման վիրահատություններ են կատարում, նաև դեղերի միջոցով փորձում կանգնեցնել նրա ֆիզիկական աճը: Նպատակը նրան ցմահ երեխա պահելն էր: Այս միջամտությունները հայտնի են «Էշլիի բուժում» տերմինով:
«Ոչ կամավոր ամլացումը մարդուն սահմանափակող, ճնշող համակարգի մի մասն է, որտեղ հատկապես հաշմանդամություն ունեցող կանայք զրկված են իրենց վերարտադրողական իրավունքներից: Օրինակ՝ վերարտադրողական և սեռական առողջության սկրինինգի ծրագրերի անմատչելիությունը, հակաբեղմնավորիչների անհասանելիությունը, կանանց դեպքում դաշտանը ճնշելու միտումը, հղիության և ծննդաբերության ծառայությունների թերությունները, սեփական ընտրությամբ հղիության արհեստական ընդհատման մերժումը կամ հարկադրանքը, ամուսնանալու իրավունքի մերժումը և այլն»,- նշում է Մուշեղ Հովսեփյանը:
Ի դեպ, Սահմանադրության 25-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունք, արգելվում են եվգենիկական փորձերը և ոչ ոք չի կարող առանց իր ազատ և հստակ արտահայտած համաձայնության ենթարկվել գիտական, բժշկական կամ այլ փորձերի: Մարդը նախապես տեղեկացվում է նման փորձերի հնարավոր հետևանքների մասին:
Հակասությունը միջազգային փաստաթղթերին
Բացի այն, որ քննարվող դրույթը՝ անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանչված անձանց բժշկական ամլացումը դատարանի որոշմամբ կատարելու մասին հակասում է ՀՀ Սահմանադրությանը, այն հակասում է նաև միջազգային այլ փաստաթղթերի, որոնք ընդգծում են անձի իրազեկված համաձայնության կարևորությունը՝ բժշկական միջամտությունների դեպքում:
Մասնավորապես, այն հակասում է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի հավասարության սկզբունքին և փաստացի խտրական մոտեցում է ցուցաբերվում՝ հիմնված նրանց հոգեական խնդիր ունենալու փաստի վրա: Իսկ Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով ՄԱԿ֊ի կոմիտեն իր 2016-ի դիտարկումներում նշել է, որ պետք է վերացնել հարկադիր և առանց իրազեկված համաձայնություն ստանալու բուժման, ստերջացման, ամլացման, աբորտի կատարումը և վերացնել այս նույն արարքների կատարումը երրորդ կողմի՝ խնամակալի, բժիշկների և դատարանի կողմից հաստատման դեպքում:
«Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիան կնոջ վերարտադրողական իրավունքների պաշտպանության նպատակով պահանջում է քրեականացնել «կնոջ կամ աղջկա բնականորեն վերարտադրելու կարողությունը կորցնելու նպատակով կամ դրան հանգեցրած վիրահատության կատարումը՝ առանց նրա կողմից նախապես և տեղեկացված կերպով տրված համաձայնության և պրոցեդուրայի իմաստը հասկանալու»։
Ի դեպ, Քրեական օրենսգրքի 135-րդ հոդվածի համաձայն՝ հարկադիր ամլացման դեպքում պատիժ է նախատեսվում 12 տարվանից մինչև ցմահ ազատազրկում: Իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 47-րդ հոդվածով սահմանվում է կամավոր բժշկական ամլացում կատարելու կարգն ու պայմանները խախտելու համար պատասխանատվություն՝ նախազգուշումից մինչև 400 հազար դրամի չափով:
Նախագծի վերաբերյալ կարևոր դիտարկումներ է ներկայացրել նաև «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպությունը. «Գինեկոլոգների և մանկաբարձների միջազգային ֆեդերացիան բժշկական ամլացման մասին իր ուղեցույցում ոչ էթիկական է համարում բժշկական անձնակազմի կողմից ամլացման իրականացումը, եթե պետության քաղաքականությամբ և օրենսդրությամբ այն հիմնված չէ ամլացման կամավորության սկզբունքի վրա: Դատարանի որոշմամբ անգործունակ (հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձիք) և սահմանափակ գործունակ (քիմիական կամ ոչ քիմիական կախվածություն ունեցող անձիք) ճանաչված կինը՝ մատչելի ինֆորմացիայի տրամադրման դեպքում կարող է իրազեկված որոշում կայացնել սեփական մարմնի և վերարտադրողական առողջության վերաբերյալ»:
Նախարարությունը խոստանում է վերանայել
Առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Ռուզան Մարտիրոսյանը նշում է, որ կամավոր ամլացման վերաբերյալ գործող կարգն ընդունվել է դեռևս 1998-ին և բխում էր «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքից, որում մի շարք փոփոխություններ են արվել և կարգն էլ դրան համապատասխանեցնելու կարիք կա:
Ինչ վերաբերում է նախագծին, Մարտիրոսյանը նշում է, թե ներկայումս այն լրամշակման փուլում է և նախատեսվում է, որ վերջնական տարբերակում խնդրահարույց դրույթները խմբագրված կլինեն:
Մարդ և օրենք
Բոլորը կհայտարարագրեն իրենց եկամուտներն ու գույքը․ ռիսկեր և հնարավորություններ
Իշխանությունները քայլեր են ձեռնարկում, որպեսզի Հայաստանի բոլոր քաղաքացիները 2024-ից հայտարարագրեն իրենց եկամուտներն ու գույքը, Արաքս Մամուլյանը փորձել է հասկանալ ծրագրի առավելություններն ու խնդիրները։
Read moreԾանր վիրավորանք․ քրեականացումը և ապաքրեականացումը
Հայաստանում «ծանր վիրավորանքը» քրեականացնող լրացումը գործեց ընդամենը տասն ամիս։ 2022-ի հուլիսի 1-ին Հայաստանի Քրեական նոր օրենսգրքով ապաքրեականացվեց այս արարքը։
Read moreԱյն, ինչ վերաբերում է յուրաքանչյուրիս. ինչո՞ւ են Հայաստանում հապաղում հոգեկան առողջության ոլորտի բարեփոխումները
Հայաստանում հոգեկան առողջության ոլորտում նախատեսվող բարեփոխումները դեռևս դանդաղում են ու շոշափելի արդյունքներ չեն տալիս, ինչի հետևանքով այս խնդրին բախվող քաղաքացիների իրավունքները շարունակում են ոտնահարվել։
Read moreՎտանգավոր աշխատանք․ դժբախտ պատահարներ ու չլուծվող խնդիրներ
Աշխատավայրերում ոչ միշտ են պահպանվում առողջության ու անվտանգության կանոնները, ինչի հետևանքով շատ դեպքերում տուժում են աշխատակիցները։
Read moreՕրենքը, որի առաջ հավասար են բոլորը
Օրինապաշտ լինելու առաջին քայլը օրենքի մասին իմանալն է և իրավունքը պաշտպանելու համար նույնպես պետք է իմանալ գործող նորմերի մասին։ EVN Report-ը սկսում է նոր շարք, որի շրջանակում ներկայացնելու է օրենսդրական և դատաիրավական համակարգին վերաբերող արդիական թեմաները:
Read moreՄարդ և հասարակություն
Գիտությունը խորհուրդների երկրից մինչև հիմա
1990-ականներին անէացավ հայկական գիտությունը, որի երբեմնի փառքի մասին արդեն 30 տարի է հպարտությամբ, զայրույթով ու կարոտով ենք խոսում: Ի՞նչ առաջնահերթություններ ուներ հայկական գիտությունը ԽՍՀՄ տարիներին, ի՞նչ ներուժ ունի այսօր, արդյոք հնարավո՞ր է վերականգնել երբեմնի համբավը։
Read moreԱշխատանքը խորհուրդների երկրից մինչև հիմա
Աշխատասիրության, աշխատանքային հարաբերություններում Խորհրդային Միությունից ժառանգած խնդիրների, աշխատաժամանակի գրագետ տնօրինման, աղքատության ընկալումների ու աշխատաշուկայի ներկայիս մարտահրավերների մասին։
Read moreՀետծննդաբերական դեպրեսիա․ հոգեբանական խնդիրներ, որոնք դեռևս ժխտվում են
Թեև երեխա ունենալը կնոջ կյանքում հրաշալի իրադարձություններից է, սակայն դառնում է նաև հախուռն ու անկառավարելի զգացումների շրջափուլ, որը կարող է հանգեցնել անգամ հետծննդաբերական դեպրեսիայի:
Read moreՄանկաբարձական բռնություն․ այս մասին հաճախ լռում են
Շատ կանայք ենթարկվում են մանկաբարձական բռնության, ինչը ոչ միայն խախտում է արժանապատիվ և հարգալից բուժօգնություն ստանալու նրանց իրավունքը, այլև կարող է լրջորեն սպառնալ նրանց կյանքին և առողջությանը:
Read more