
Ապրիլին շարունակվեց Հայաստանի անվտանգության ճարտարապետության կառուցվածքային վերաձևավորումը, Հայաստանի և Ռուսաստանի միջև խորացող ճեղքն ավելի բացահայտ դարձրեց տարածաշրջանային կազմաձևերում տեղի ունեցող համակարգային և երկրակազմական փոփոխությունները։ Հայաստանի և Ռուսաստանի օտարացումն այլևս պայմանավորված չէ Երևանի և Մոսկվայի տարբեր քաղաքականությունների որդեգրմամբ, այլ հիմնարար խզում է ձախողվող հեգեմոնի և իր երբեմնի դաշնակցի միջև։ Ապրիլը հաստատեց, որ Ռուսաստանի՝ անվտանգային անարդյունավետ գործընկեր և տարածաշրջանային ուժ լինելը, ինչպես նաև Հայաստանի գիտակցելը, որ Ռուսաստանի՝ պարտավորություններից հրաժարվելը ոչ թե պայմանական երևույթներ են, այլ իննամսյա ռազմավարական անտարբերության գագաթնակետը։ Հայաստանի՝ Ռուսաստանահեն անվտանգության ճարտարապետության փլուզումը վերջնականապես հանգեցրեց ռուս-հայկական անվտանգային գործընկերության փլուզմանը։
Ո՞րն է այս փլուզումը բացատրող հիմնական փոփոխականը։ Այն, որ Ռուսաստանը վճռականապես հրաժարվում է անաչառորեն իրականացնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմանները։ Ադրբեջանի կողմից հրադադարի շարունակական և կոպիտ խախտումների նորմալացումը, Ռուսաստանի համաձայնությունը և Բաքվի վարքագծին լուռ հնարավորություն տալը, նոյեմբերի 9-ի համաձայնագրով Հայաստանի իրավունքների ու շահերի նկատմամբ լիակատար անտարբերությունն ու դրանց ոտնահարումն ի ցույց են դրել հայ-ռուսական հարաբերություններում առկա ճեղքերը։ Փաստորեն, Հայաստանը ոչ թե ունի թույլ, անուշադիր կամ անտարբեր անվտանգային գործընկեր, այլ չունի անվտագային գործընկեր։ Եվ սա բյուրեղացնում է կառուցվածքային ճեղքվածքը․ Ռուսաստանը ոչ միայն ձախողված և բացակա անվտանգային գործընկեր է, այլև, ըստ էության, այն իրական խոչընդոտ է Հայաստանի անվտանգությունը բարելավելու ճանապարհին։
Ո՞րն է եղել Ռուսաստանի ռազմավարական անտարբերության հետևանքը։ Ադրբեջանին հնարավորություն է տրվել ոչ միայն իր շահերը պարտադրել՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը շարունակաբար ոտնահարելով, այլև փոխել իրականությունը գետնի վրա և կառուցել այն հիմքը, որի վրա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը դառնում է անիմաստ։ Եվ Ռուսաստանի թույլտվությունը, որ Ադրբեջանը Լաչինի միջանցքի սկզբնամասում անցակետ տեղադրի՝ ռուսական ռազմակայանից ընդամենը մետրերի հեռավորության վրա, այս ամենի վերջնական հաստատումն է։ Այս նպատակով, Լեռնային Ղարաբաղում զարգացումները պետք է որակավորել նոր եզրույթով․ ռուս-ադրբեջանական շահերի համադրումը որոշում է զարգացումների ընթացքը, և Արցախի հայության տարրական շահերը կամ Ռուսաստանի պայմանագրային պարտավորությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ այլևս էական չեն։
Ի՞նչն է բացատրում Ռուսաստանի ռազմավարական անտարբերությունն ու Հայաստանի Հանրապետության և Արցախի հանդեպ ունեցած տարրական պարտավորություններից հրաժարվելը։ Սառեցված հակամարտություններ հարուցելու և հակամարտություների բռնատիրական կառավարում իրականացնելու միջոցով զարգացումները կառավարելու և թելադրելու Ռուսաստանի մեծ տարածաշրջանային ռազմավարությունը։ Այսպիսով, Ռուսաստանի ներկայությունը Լեռնային Ղարաբաղում Արցախի բնակչության անվտանգության, նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման կամ տարածաշրջանային խաղաղություն հաստատելու կառուցվածքային հիմքերը ստեղծելու համար չէ։ Ընդհակառակը, Ռուսաստանի ներկայությունը Լեռնային Ղարաբաղում միտված է համառորեն կառավարելու Հայաստանի և Ադրբեջանի միջև սառը հակամարտությունը և գերակա դիրք ունենալ խաղաղության բանակցային գործընթացում, որպեսզի կարողանա կիրառել հակամարտությունների բռնատիրական կառավարում։ Ինչպես ցույց են տալիս մինչ այս արված հետազոտությունները, տարածաշրջանում խաղաղությունը հակասում է Ռուսաստանի ռազմավարական շահերին: Սա, իր հերթին, թույլ է տվել ամրապնդել ռուս-ադրբեջանական առանցքը, քանի որ Հայաստանի հետ խաղաղությունը հակասում է նաև Ալիևի վարչակազմի ռազմավարական շահերին։
Հայաստանի անվտանգության պարունակը
Ապրիլին Ադրբեջանը շարունակել է իր բազմակողմանի հիբրիդային պատերազմի ռազմավարությունը՝ կինետիկ դիվանագիտության և «ճկվող աշխարհագրության» ագրեսիվ միաձուլմամբ, որը միտված էր խաթարելու խաղաղության գործընթացը, միևնույն ժամանակ, Բաքվին հնարավորություն տալով տեղում փոխել իրադրությունը։ Ադրբեջանն այս մարտավարական գործողություններն իրականացրել է երեք դեպքում։ Նախ, ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում, կիրառելով ճկվող աշխարհագրության հայեցակարգը, ադրբեջանական զորքերը մոտավորապես 100-300 մետր ներթափանցել են Հայաստանի տարածք՝ այս քայլը պատճառաբանելով քարտեզագրական հստակության բացակայությամբ։ Մինչդեռ, երկու կողմերի միջև բանակցությունները միտված էին պարզաբանելու սահմանապատման (բորդերիզացիայի) այս քայլը, հայկական կողմն ընդունել է, որ սրա նպատակն էր արձագանք հրահրել Հայաստանից, որն էլ Բաքուն կօգտագործեր ռազմական գործողությունները վերսկսելու համար։ Երկրորդ, ապրիլի 11-ին Ադրբեջանը նախաձեռնել է միջպետական ռազմականացված վեճ՝ այս հատվածի ճկվող աշխարհագրությունը հիմնավորելու համար, ինչի հետևանքով երկու կողմն էլ զոհեր են ունեցել։ Եվ երրորդ, որպես իր վարած կինետիկ դիվանագիտության ընդլայնում՝ Ադրբեջանն անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում՝ միանշանակ խախտելով նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը։
Մինչդեռ միջազգային հանրությունը, այդ թվում՝ Եվրախորհուրդը, Եվրամիությունը, Կանադան, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները խստորեն դատապարտել են այս քայլը, Ադրբեջանն այն ձևակերպում է որպես ներքին խնդիր և առաջին հերթին գործում է Ռուսաստանի հետ՝ զարգացումները եռանկյունավորելու համար: Միևնույն ժամանակ, Ռուսաստանի դիրքորոշումը թերի էր, քանի որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը զերծ էր մնացել Ադրբեջանին ուղիղ քննադատելուց՝ զարգացումները նկարագրելիս երկու կողմերի միջև հավասարության նշան դնելով։ Հաշվի առնելով, թե որքանով է անցակետի տեղադրումը տեղի ունեցել հենց ռուսական խաղաղապահ ուժերի քթի տակ, ռուսական դիրքորոշման հեղհեղուկ լինելն ավելի տարակուսելի է դառնում, քանի որ բացի Ադրբեջանից, այդ տարածքում նա միակ դերակատարն էր, որը տեղյակ էր անցակետի տեղադրումից։ Թե՛ Ստեփանակերտի դիմումը Ռուսաստանին՝ միջամտելու նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնության առաքելությանը համապատասխան, և թե՛ Երևանի պահանջը Ռուսաստանից՝ կատարելու իր պարտավորությունները ստանձնած առաքելության շրջանակներում հաստատում են հայկական կողմի վստահության ամբողջական կորուստը, թե Ռուսաստանը կարող է և ցանկանում է կառուցողական դեր խաղալ։
Ռուսաստանի ռազմավարական անտարբերության պայմաններում՝ ապրիլին Հայաստանը շարունակեց դեպի Արևմուտք իր շրջադարձը։ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության շրջանակներում Հայաստան էր այցելել ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարամանի գլխավորած պատվիրակությունը՝ ընդլայնելու հայ-ամերիկյան տնտեսական համագործակցությունը՝ հատկապես տեխնոլոգիաների և էներգետիկայի բնագավառներում։ Սրան հաջորդել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի այցը Հայաստան, որի հիմնական նպատակն էր ժողովրդավարական բարեփոխումների իրականացումը։ Հայաստանի՝ դեպի Արևմուտք շրջադարձի եզրագծերն ավելի հստակ ի ցույց են դրվել հետևյալ զարգացումներով. պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր կենտրոնակայան, պաշտպանության նախարարության ծրագիրը մասնակցելու Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության կողմից կազմակերպվող KFOR (Կոսովոյի ուժեր) և Saber Junction (Միաձուլված սուր) զորավարժություններին:
Ռուսաստանը պատժիչ գործողություններ է իրականացրել Արևմուտքի հետ Հայաստանի տնտեսական և ռազմական հարաբերությունների շարունակական ամրապնդման դեմ՝ արգելելով հայկական բոլոր կաթնամթերքների ներմուծումը ռուսական շուկա։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանը Հայաստանից պաշտոնական բացատրություն է պահանջել ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելու համար՝ նման զարգացումները որակելով որպես «հակառուսական» և «ռուսատյաց»։ Ռուսաստանի և Հայաստանի շարունակվող տարանջատման, Ռուսաստանի ռազմավարական անտարբերության և Ադրբեջանի կողմից հիբրիդային և կինետիկ պատերազմական գործողությունների ընդլայնման միախառնման պայմաններում՝ ապրիլի անվտանգության պարունակը ուժեղացրել է ռուս-հայկական անվտանգության գործընկերության քայքայումը:
Սառեցված հակամարտության հարատևություն և հակամարտությունների բռնատիրական կառավարում
Որպես Հարավային Կովկասի տարածաշրջանային հեգեմոն, Ռուսաստանն իր բռնատիրական ուղեծրի շրջանակում գործում է տարածաշրջանային երեք հիմնական ռազմավարությունների միջոցով՝ սառեցված հակամարտություններ, կախյալության կառուցվածք և հակամարտությունների բռնատիրական կառավարում։ Ինչպես ցույց է տալիս սառեցված հակամարտությունների վերաբերյալ գրականությունը՝ դրանք ոչ միայն դժվար է լուծել, այլ նաև այս տեսակի հակամարտությունները ստեղծում են տարածաշրջանային ճեղքվածք, հակամարտության պահպանում և միջնորդ դերակատարից կախյալություն։ Հարավային Կովկասի դեպքում Հայաստանի և Ադրբեջանի միջև սառեցված հակամարտությունը Ռուսաստանին տալիս է կարևոր ռազմավարական գործիքակազմ՝ տարածաշրջանում առաջ մղելու ռուսական լծակներն ու ազդեցությունը, միևնույն ժամանակ ամրապնդելով կախյալության կառուցվածքը։ Ավելին, մենաշնորհելով, կամ ձգտելով մենաշնորհել այս սառեցված հակամարտության բանակցային գործընթացը, Ռուսաստանը զբաղվում է հակամարտության բռնատիրական կառավարմամբ՝ թույլ չտալով սառեցված հակամարտության կարգավորում, միևնույն ժամանակ, կառավարում է հակամարտությունը սեփական ռազմավարական շահերի տիրույթում։
Այս պարունակում, հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը շարունակում են հակասել Ռուսաստանի շահերին։ Եթե այս հակամարտությունները կարգավորվեն և խաղաղություն հաստատվի, Ռուսաստանը ոչ միայն կկորցնի տարածաշրջանում իշխանությունը և ազդեցությունը, այլ նաև կկորցնի կարևոր լծակ։ Մասնավորապես, քանի դեռ հակամարտությունը պահպանվում է սառեցված կամ ժամանակ առ ժամանակ վերածվելով «տաք» պատերազմի, հակամարտության մեջ ընդգրկված դերակատարները շարունակում են մնալ Ռուսաստանից կախյալ վիճակում, այսպիսով ամրապնդելով կախյալության կառուցվածքը։ Ավելին, տարածաշրջանում հակամարտության պահպանումը Ռուսաստանին հնարավորություն է տալիս հանդես գալ որպես ազդեցիկ միջնորդ՝ պարտադրելով իր շահերն ու ազդեցությունը պատերազմող կողմերին։ Այս պարունակում, սառեցված հակամարտությունների պահպանումը հիմնարար է մնում Ռուսաստանի՝ ազդեցության, լծակների և կախյալության մեծ ռազմավարության համար։ Եթե այդ հակամարտությունները կարգավորվեն և խաղաղություն հաստատվի, Ռուսաստանի տարածաշրջանային մեծ ռազմավարությունը կփլուզվի։
2016-ից ի վեր Ադրբեջանը դարձել է Ռուսաստանի գործընկերը՝ սառեցված հակամարտության գործիքակազմն ընդլայնելու գործում՝ օգտագործելով առավելապաշտական և խոչընդոտող միջոցներ խաղաղության գործընթացը խաթարելու համար, միևնույն ժամանակ՝ վարելով անբարեխիղճ բանակցություններ՝ ազատական (լիբերալ) խաղաղաշինության հայեցակարգն ապաօրինականացնելու նպատակով։ Ըստ էության, ներկայիս ռուս-ադրբեջանական համագործակցությունը շատ նման է թավշյա հեղափոխությունից առաջ ռուս-հայկական համագործակցությանը․ հակամարտությունների բռնատիրական կառավարում ոչ ազատական (ոչ լիբերալ) կառավարությունների կողմից՝ վերջնական խաղաղության հաստատումը խոչընդոտելու համար։ Այսպիսով, այնպես, ինչպես Քոչարյանի և Սարգսյանի կառավարությունների կողմից ստատուս-քվոյի պահպանումը նպաստում էր հակամարտության պահպանմանը Հայաստանում, այնպես էլ ալիևյան վարչակազմի անհիմն և ծայրահեղ դիրքորոշումն ադրբեջանական կողմի համար։ Երկու կողմերի՝ հակամարտությունների բռնատիրական կառավարման համընկնումն ամբողջովին համադրվում էր Մոսկվայի՝ Հարավային Կովկասի առավել լայն հակամարտությունների բռնատիրական կառավարման կաղապարի հետ, այսպիսով երեք տասնամյակ շարունակ ապահովելով կախյալության կառուցվածք, լծակներ և ազդեցություն։
2020-ի Արցախյան պատերազմում Ադրբեջանի հաղթանակը սառեցված հակամարտության լուծում չէր, այլ հակամարտության ժամանակավոր ապասառեցում, որը միտված էր ընդլայնելու հակամարտության պահպանումը և բռնատիրական կառավարումը։ Հաշվի առնելով Ադրբեջանի խոչընդոտող վարքագիծը և Ռուսաստանի՝ այդ վարքագիծը արտոնելը, 2020-ից հետո տարածաշրջանում իրադրությունը բնորոշվել է կայունության և խաղաղության հաստատման հավանականության հետագա վատթարացմամբ։ Սա, իր հերթին ընդլայնել է Ռուսաստանի սառեցված հակամարտության գործիքակազմը, քանի որ նոր ստատուս-քվոն կապահովեր հակամարտության պահպանումը։ Այն, որ ուկրաինական պատերազմում անհաջողությունները խաթարել են տարածաշրջանային այս մեծ ռազմավարությունը, կասկածից վեր է։ Սակայն, այդ հետընթացը մեղմելու համար Ռուսաստանը միավորվել է Ադրբեջանի հետ՝ երաշխավորելու համար, որ հակամարտությունների բռնատիրական կառավարումը կխոչընդոտի ազատական խաղաղաշինության ցանկացած փորձ։ Այս նպատակով, ռուս-ադրբեջանական առանցքը, չնայած տարբեր պատճառներից ելնելով, շահերի համադրում է գտել՝ հակամարտությունների բռնատիրական կառավարման նախապատվությունը կայուն և արդար խաղաղության նկատմամբ:
Ռազմավարական տեսանկյունից, սառեցված հակամարտությունները միտված են իշխելու և ազդելու փոքր պետությունների ներքին գործերի վրա՝ միևնույն ժամանակ կառավարելով և ձևավորելով աշխարհքաղաքական զարգացումները այնպես, որ նպաստավոր լինեն միջնորդ ուժի շահերին։ Այս պարունակում, իր ազդեցության շրջանակում Ռուսաստանն օգտագործում է սառեցված հակամարտությունները շահարկելու հակամարտող կողմերի միջև ուժերի անհավասարությունը։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանն այնպես է կառավարում հակամարտության «սառեցվածությունը», որ լուծում գտնելը հնարավոր չլինի։ Այս տարածաշրջանային մեծ ռազմավարության իրականացման համար Ռուսաստանի ավելի լայն նպատակները երեքն են։
Առաջին, այն Ռուսաստանին մենաշնորհ է տալիս ազդելու աշխարհքաղաքական զարգացումների վրա, և որպես այդպիսին լիակատար մենաշնորհ է ապահովում սառեցված հակամարտության կառավարման համար։ Սա, իր հերթին, արտաքին ուժերին հեռու է պահում Ռուսաստանի ենթադրյալ ազդեցության գոտուց, քանի որ Մոսկվան հանդես է գալիս որպես միակ միջնորդ։ Հարավային Կովկասում ընթացիկ զարգացումների պարունակում Ռուսաստանի կողմից Ադրբեջանի հանդեպ թողտվությունը հենց նախագծված է փլուզելու Արևմուտքի նախաձեռնած խաղաղության ճանապարհը՝ այդպիսով վերականգնելով Ռուսաստանի մենաշնորհը հայ-ադրբեջանական հակամարտությունը կառավարելու հարցում։
Երկրորդ, հակամարտության բռնատիրական կառավարումը ոչ միայն հսկողության տակ է պահում պատերազմող կողմերին, այլև տարածաշրջանը դարձնում է անհյուրընկալ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ընդլայնման համար։ Հաշվի առնելով այն փաստը, որ ո՛չ ՆԱՏՕ-ն, ո՛չ ԵՄ-ն չեն կարող ընդլայնվել դեպի ճեղքված, հակամարտությունների հակված տարածաշրջաններ, սառեցված հակամարտությունների շարունակականությունը նպաստում է տարածաշրջանում արևմտյան շահերի խորը ներկայությունը մեղմելու Ռուսաստանի ռազմավարական նկրտումներին:
Երրորդ, չնայած՝ սառեցված հակամարտությունները թույլ են տալիս որոշակի սոցիալական, տնտեսական և քաղաքական գործունեություն, դրանք թուլ չեն տալիս առաջընթաց և զարգացում՝ ներգրավված երկրների համար։ Այսպիսով, սառեցված հակամարտությունները Ռուսաստանին հնարավորություն են ընձեռում իր ուղեծրում գտնվող երկրներին ետ պահել քաղաքականապես կամ տնտեսապես զարգանալուց՝ այդ կերպ ընդլայնելով կախյալության կառուցվածքը։ Ինչպես ցույց է տալիս արդիականացման և զարգացման մասին առավել ընդարձակ գրականությունը՝ տնտեսական զարգացումը համընթաց է քաղաքական զարգացման հետ, և շուկայական ուղղվածությամբ, կարգ ու կանոն ունեցող հասարակությունները ոչ միայն տնտեսական աճ են ապրում, այլև ժողովրդավարական զարգացում: Սառեցված հակամարտությունների պահպանումը խստորեն սահմանափակում է նման երկրների բավականաչափ զարգանալու հնարավորություններն ու կարողությունները։ Այսպիսով, թերզարգացվածությունը դառնում է սառեցված հակամարտությունների ախտանիշ, իսկ դրա կառավարումը թույլ է տալիս Ռուսաստանին ազդեցություն և լծակներ կիրառել կախյալ պետությունների վրա։ Այս նպատակով, Ռուսաստանի ազդեցության գոտում գտնվող երկրների լճացումը բխում է Ռուսաստանի ռազմավարական շահերից, մինչդեռ սառեցված հակամարտության պահպանումը և վերջնական խաղաղության հաստատման խաթարումն ամրապնդում է Ռուսաստանի նախապատվությունն իր ծայրամասային երկրների նկատմամբ։
Իր վերլուծական ամբողջության մեջ դիտարկելով՝ հայ-ադրբեջանական սառեցված հակամարտության կարգավորումը հակասում է Ռուսաստանի ռազմավարական շահերին, քանի որ այն նվազեցնում է Ռուսաստանի ազդեցությունը՝ միաժամանակ խլելով Մոսկվայի` տարածաշրջանային ստատուս-քվոն պահպանելու հակամարտությունների բռնատիրական կառավարման զենքը: Հենց այս շրջանակում է, որ Ռուսաստանի ռազմավարական անտարբերության քաղաքականությունը և Հայաստանի հանդեպ իր պայմանագրային պարտավորությունների կատարումից հրաժարվելը ծառայում են ռացիոնալ շահերին. Ռուսաստանին անհրաժեշտ է աշխատել Ադրբեջանի հետ՝ խաթարելու ոչ միայն Արևմուտքի գլխավորած խաղաղության գործընթացը, այլև պահպանելու հակամարտության շարունակականությունը՝ որպես Հայաստանի ժողովրդավարական աճը խաթարող միջոց։ Ադրբեջանի համար հակամարտությունների բռնատիրական կառավարումը թույլ է տալիս շարունակել ուժերի անհավասարությունը, որ ունի Հայաստանի նկատմամբ՝ միաժամանակ բավարարելով ալիևյան ռեժիմի գոյաբանական անապահովության մտահոգությունները:
Անվտանգության զեկույց
Ժողովրդավարության աշխարհաքաղաքականացում և ոչ ազատական խաղաղություն
Անվտանգության զեկույց․ մարտ 2023
Ադրբեջանը մարտին ուժեղացրեց իր ագրեսիվ հռետորաբանությունը Հայաստանի նկատմամբ, նախաձեռնեց անվտանգային միջավայրը խաթարելուն միտված ծածուկ քաղաքականություն։ Բացի այդ Ռուսաստանը և Ադրբեջանը միասնական ճակատ են ստեղծել տարածաշրջանում Արևմտյան ներկայության դեմ, իսկ Հայաստանն անցել է իր ռազմավարական շահերի վերակազմավորմանը։
Read moreԴիմակայություն
Անվտանգության զեկույց. փետրվար 2023
Հայաստանի առջև ծառացած անվտանգային անկայուն վիճակին գումարվում են երկրի թերզարգացած կառույցներն ու անկայուն ենթակառուցվածքները։ Փետրվարյան անվտանգության զեկույցի համար Ներսես Կոպալյանը գրում է, որ այս պարունակում Հայաստանի հասարակական և կառավարական մոտեցման ամբողջությունը պետք է հենվի դիմակայություն կառուցելու վրա։
Read moreՌուս-ադրբեջանական աճող առանցքը և ինչու Հայաստանը պետք է որդեգրի «ոզնու» հայեցակարգ
Անվտանգության զեկույց. հունվար 2023
Հաշվի առնելով հունվարի անվտանգության պարունակը և առաջնորդվելով զսպում մերժման միջոցով ռազմավարությամբ, Հայաստանը պետք է մշակի «ոզնու» հայեցակարգը՝ զսպելու Ադրբեջանի նկրտումները և ալիևյան վարչակարգի ապակայունացնող ծրագրերը։
Read moreԳոյաբանական անվտանգություն և Ադրբեջանի խաղաղատյացությունը
Անվտանգության զեկույց. դեկտեմբեր 2022
Դեկտեմբերյան անվտանգային պարունակը ցույց տվեց, որ ի հեճուկս բանակցություններին կամ հնարավոր խաղաղության պայմանագրի ընդհանուր ուրվագծերին, ալիևյան կառավարության հետ իրական և մնայուն խաղաղությունը շարունակելու է մնալ անիրատեսական։ Իրավիճակը հասկանալու համար այս ամսվա անվտանգության զեկույցը ներկայացնում է գոյաբանական անվտանգության հայեցակարգը։
Read moreԶսպում մերժման միջոցով և Ադրբեջանի ագրեսիվ պատեհապաշտությունը
Անվտանգության զեկույց. նոյեմբեր 2022
Նոյեմբերին Հայաստանի անվտանգային պարունակը բնորոշվեց Հայաստանի համար նկատելի անկմամբ, քանի որ Ադրբեջանն ուժեղացրեց և ընդլայնեց հիբրիդային պատերազմի գործողությունները՝ փորձելով չեզոքացնել զսպման ունակությունների դիվանագիտացմանը միտված Հայաստանի ջանքերը։
Read moreՀիբրիդային պատերազմ և անհամաչափ անհավասարություն
Անվտանգության զեկույց. հոկտեմբեր 2022
Հոկտեմբեր ամսվա անվտանգության համատեքստը կարելի է բնութագրել որպես Ադրբեջանի բազմաշերտ հիբրիդային պատերազմի հայեցակարգի դեմ Հայաստանի անվտանգության դիվանագիտացման հայեցակարգի կիրառման փոփոխվող կազմաձև:
Read moreԱնվտանգության դիվանագիտացում
Անվտանգության զեկույց. սեպտեմբեր 2022
EVN անվտանգության զեկույցի առաջին թողարկմանը դոկտոր Ներսես Կոպալյանն անդրադառնում և ամբողջացնում է Հայաստանի սեպտեմբերյան անվտանգային իրադրությունը՝ բնորոշելով այն անորոշ, քանի որ Ադրբեջանը զգալիորեն ավելացրել է միջպետական հակամարտության մեխանիզմների կիրառումը` նախաձեռնելով ինչպես լայնամասշտաբ ներխուժումներ, այնպես էլ աստիճանաբար դիմելով հիբրիդային պատերազմի, որի նպատակը հրադադարի ռեժիմի խախտումներն արդարացնելն է:
Read more