
Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր՝ հեղինակի ընթերցմամբ։
«Տանս փոշին վերջին օրը չմաքրեցի, ի՞նչ գիտեմ, ի՞նչ Մեհմեդ ա գալու ապրի»,- իր արած թերևս ամենածանր «հանցանքի» մասին, հավանաբար արդեն մի քիչ փոշմանած, կիսվում է դրկիցս, որ ավելի քան 9 ամսվա շրջափակումից 32 ժամ եկած ճանապարհից հետո դեռ նոր է աստիճանավանդակով բարձրացել ու բարեկամի շեմքին կանգնած պատմում է գլխներով անցածի մասին։ Հավանաբար 4 անգամ էլ չենք հանդիպել, բայց այս անգամ իրար գրկել, ցավից ճզմվել հեծկլտում ենք։ Հետխրուշչովյան ժամանակների նեղլիկ երկսենյականոցում ապաստանել են 18 հոգով, հարցիս, թե ինչի կարիք ունեն, ասում է՝ խոսելու։
Բնակարանների դռների արանքում անհագ լսում եմ, ասում եմ գոնե հողաթափերդ հագի, կսառես, ասում է չէ. «էնքան կեղտոտ եմ, քանի ամիս ա նորմալ չեմ լողացել, վերջին մի քանի օրը՝ առհասարակ, զզվում եմ ինքս ինձնից… հիմա ի՞նչ կմտածեն մեր մասին մարդիկ, կասեն էս ղարաբաղցիք էս ինչ փնթի են, վրաներից հոտ ա գալիս»,- գրկում եմ, լացում ենք։
Արդեն չորս պատերազմ տեսած, երեք անգամ տեղահանված ու ամեն բան կորցրած, երեք անչափահասների ու տարեց հարազատների հետ բռնի տեղահանված, օրեր շարունակ չսնվելու, չքնելու հետևանքով ուռած կոպերով ու ընդգծված այտերով անգամ անչափ սիրուն հարևանս ամաչում է, որ այսքան զրկանքներ տեսած իր հայրենակիցները կարող է վատ տպավորություն թողնեն ու չսիրվեն։ Հետո փորձում «արդարանալ».
«Ախր ոչ մի բան չունեինք, ո՛չ օճառ, ո՛չ լույս, ո՛չ գազ, վերջին օրերին պադվալներից չէինք կարողանում նույնիսկ դուրս գալ էնպիսի ռմբակոծություն էր։ Ամբողջ ճանապարհին էլ երեխեքը սիրտ էին թափում, ախր բան էլ չէին կերած լինում, դրանից էլ էին վատանում, ասում էի մենակ շորերներդ էլ չկեղտոտեք, մաքուր տեղ հըսնենք»։
Իսկ երբ ամիսներ շարունակ, ինչպես ինքն է ասում, խոզի առաջ գցելու թեփով շաղախված հացն ուտելուց հետո արդեն Գորիսում ամիսների քաղցը սպիտակ հացով հագեցնելու հնարավորություն են ունեցել, այլևս կուլ տալ են դժվարացել.
«Կամուրջն անցանք ու կոկորդներս լցվել էր, էլ ոչ մի բան կուլ չէր գնում սահմանից էս կողմ, կարծես մենք չէինք երազում սպիտակ, փափուկ հաց, մի աման տաք, աղով սարքած ճաշ ուտելու մասին»։
1993-ին, 2020-ին արկերի դղրդոցների տակ դուրս գալիս կինը վստահ էր՝ հետ է վերադառնալու, հիմա…
Աչքերը լցրած ասում է՝ երեխաների ննջասենյակների համար վերջապես լավ կահույք էին կարողացել գնել, նոր տեխնիկա, հետո հավելում, դե լավ, կարևորն անկորուստ դուրս ենք եկել:
«Ամուսնուս, պապայիս, քրոջս ամուսնու, մեր պատրոնների (խմբ. սկեսրայր) համար էի շատ վախում, բոլոր պատերազմներին մասնակցել են, բայց լավ էր, մենակ ամուսնուս մի քիչ երկար նայեցին, հետո թողեցին, բայց էդ մի քանի վայրկյանը մի ամբողջ կյանք թվաց,- հիշում է ու հարցնում,- մըր լյուզուն հըսկանում ըս չէ՞»,- ասում եմ՝ ոնց չեմ հըսկանում, մերունք էլ Տավուշից են, մոտ են բարբառները, հա՛մ լյուզուդ եմ հըսկանում, հա՛մ հետդ կըտարվածը՝ հիշելով 1990-ականների Ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներին Տավուշի սահմանամերձ հատվածի ռմբակոծությունները, որդեկորույս տատիս քանդված տունը, գյուղից տեղահանված ու հարակից սարերում բնակվելը, բայց այն, ինչ հիմա է, որևէ մղձավանջում հնարավոր չէր պատկերացնել. 2020-ի Արցախյան պատերազմի արհավիրքից շուրջ 2 տարի անց 9 ամսից ավելի շրջափակման, որից 2-ը պաշարման ու սովի մեջ անցկացնելուց հետո կրկին մեկօրյա պատերազմ ու բռնի տեղահանություն… իսկ ճանապարհին ադրբեջանական կողմի ոստիկանները ջուր, թխվածքաբլիթ, բուլկի ու այլ քաղցրեղեն են բաժանում դրանց կարոտ արցախցի մազապուրծ փոքրերին… Հոգիդ կեղեքվում է տեսարանից, այս թվացյալ հուզիչ պատկերներն ավելի են սաստկացնում ատելությունդ, վիրավորանքդ, զզվանքդ… այս անարդար, անհավասար աշխարհի նկատմամբ։
Այս լուսավոր դարում, մեդիաների ակտիվ լուսաբանմամբ զուգորդված բռնի տեղահանություն տեսնելը հատկապես բարդ է։ Մի երկու փոքր կապոց բռնած գլխիկոր բաբոներ, փոքրացած ձեդոներ, անոթի մանուկներ, ամեն բան կորցրած երիտասարդներ… Տեսանյութերից մեկում մոտ 10 տարեկան մի տղա ասում է, որ Արցախից միայն հող ու իրենց բակի ծառերից է բերել, որ Հայաստանում էլ տնկի։ Մեկ այլ տեսանյությում տանջված, հյուծված 70-ին մոտ կինը լացելով պատմում է, որ դուրս է եկել Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղից ու հեծկլտում, ամուսինը սաստում է կնոջը՝ «լա՛վ»՝ փորձելով անգամ այս ծանրագույն պահին բարձր պահել գլուխն ու ոչ մեկին ցույց չտալ արցունքները, կինը կրկին փորձում է հավաքվել ու ներկայացնել բազմադարյա պատմություն ունեցող գյուղը, որն անգամ չի ընկել Լենկ Թեմուրի արշավանքների ժամանակ ու նորից խոսքը խեղդում արցունքներով, ամուսինը կրկին սաստում է՝ «լա՛վ» ու ինքը եզրափակում՝ Հաթերքն է՝ հինավուրց…
Քույրս հուզված զանգում է, որ ամուսնու բարեկամներն էլ են վերջապես անցել սահմանը՝ համարելով նրանց փրկված, այդ նույն մարդիկ երեք տարի առաջ հենց նույն օրն էին եկել՝ 2020-ի պատերազմի ընթացքում։ Երեք տարի առաջ այս օրերին կրկին պատերազմ էր ու զոհեր, կրկին տեղահանություն էր ու հայրենազրկում, մենք պետք է անվերջ կորցնե՞նք։
Ընկերուհուս, 8-ամյա տղայիս մտերիմ ընկերոջ ընտանիքը գրեթե հասնում է վերջերս տեղադրված անցակետերին, գիշերվա կեսին երեխայիս հետ անհամբեր սպասում ենք, փորձում եմ մեղմել տղայիս սպասումը՝ նշելով, որ հասնեն Գորիս, այսինքն Հայաստան, արդեն հանգիստ կլինենք, տղաս ապշահար ասում է՝ «ո՞նց, բա Արցախը Հայաստան չէ՞ր…», միշտ՝ էր, հիմա…
Ես ամեն սահմանն անցնողի հետ ուրախությունից լացում, լիցքավորվում եմ, հետո հասկանում, որ փաստորեն ուրախանում եմ դատարկվող հայրենիքիս համա՞ր։ Իսկ ո՞րն է այս դեպքում ավելի առաջնահերթը, հայրենի՞քը, թե՞ մարող մարդիկ, որոնք այս դեպքում գոնե փրկվել են… Ծանր հարցերը շատ են, արագ փոփոխվող այս ողբերգական իրավիճակում գիտակցելն ու վերլուծելը, ճիշտն ու սխալը հասկանալը, մեղավորներին առանձնացնելն ու դատապարտելն անհնար է։ Մեր հայրենակիցներից շատերն են դեռևս այս պարտադրված սահմանից այն կողմում, դեռ այս կողմն անցած մարդիկ լարված են, հյուծված, կացարան չունեն, որտե՞ղ են ապրելու, որտե՞ղ են աշխատելու, ինչպե՞ս ենք հաղթահարելու կատարվածը ու, ամենակարևորը, արդյո՞ք սահմանից այս կողմում ապահով է…
Շրջափակման մեջ գտնվող ընկերուհիս գրում է՝ ցնցում է այն փաստը, որ ասում են ձեզ Հայաստանի Հանրապետությունում չեն սպասում… «արժանապատիվ ապրեք ձեր տներում», ասում եմ, որ չկա նման բան, սպասում ենք, անհամբեր ենք սպասում, ու սարսափում եմ տեղեկատվական նման հոսքերից, որոնք կարող են սեպ խրել հայրենակիցներիս միջև։ Թեև հիշում եմ նաև բռնի տեղահանվածներին հյուրընկալելու, նրանց հարցերին լուծումներ տալու մեր բազմաթիվ անհաջող փորձերի մասին էլ, բայց գոնե այս անգամ չձախողենք։ Գոնե ոչ հիմա… Գոնե մենք պետք է չվախենանք իրար սիրելուց, չհոգնենք իրար մասին հոգ տանելուց, չխուսափենք իրար ապրումակցելուց, մինչև ջոջերն էլ միգուցե խելքի գան։
Հենց գաղթի այս ճանապարհին ծնված փոքրիկի լուսանկարն է տարածվում, որտեղ այս նոր մարդն իր ժպտուն հայացքով ներսդ տակնուվրա է անում… ապրելու ենք։
Կարծիք
Մաս 2. ՀԱՊԿ. ավելի մոտ Ադրբեջանին, քան՝ Հայաստանին
Հայաստանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում անդամակցությունը շարունակելու կամ կառույցը լքելու թեման դեռևս շարունակում է լինել օրակարգային։ Արմինե Մարգարյանն անդրադառնալով հարցին՝ նոր հեռանկար է առաջարկում։
Read moreԽաղաղությունը տապալող խաղաղություն
Ոմանք կարող են մտածել, որ վատ խաղաղության պայմանագիրն ավելի լավ է, քան ոչ մի խաղաղության պայմանագիր: Բայց պատմությունն այլ բան է ցույց տալիս, գրում է Շիլա Փայլանը՝ քննելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի խութերը։
Read moreՄաս 1․ ՀԱՊԿ․ ավելի մոտ Ադրբեջանին, քան՝ Հայաստանին
Հայաստանը 1992-ից ի վեր իր անվտանգային համակարգը կառուցել և ամրապնդել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շուրջ: Արմինե Մարգարյանը քննում է այս կազմակերպության հնարավորություններն ու խոչընդոտները Հայաստանի պարագայում։
Read more