
Հովսեփ Էմինի ազատարար գործունեությանն անդրադարձող ՁայնաՊատումը, որտեղ Վահրամ Մարտիրոսյանն առավել մանրամասն է ներկայացնում իրավիճակն ու ավելի շատ փակագծեր բացում, քան հոդվածում։
«Նորին մեծությունը հարցնում է՝ ո՞վ եք դուք»։ Էմինը պատասխանում է. «Ես մարդ եմ»:
«Հովսեփ Էմինի կյանքը և արկածները» գրքից
Հովսեփ Էմինը ծնվել է 1726 թվականին Պարսկաստանի Համադան քաղաքում։ Այդ ժամանակ արդեն Պարսկաստանի և Օսմանյան կայսրության միջև պատերազմները դարերի պատմություն ունեին։ Միայն մեկ օրինակ, թե դրանք ինչ անողոք էին ոչ միայն դրանք, այլև… խաղաղությունը։ Թուրք-պարսկական պատերազմներից մեկն ավարտվեց Ամասիայի 1555-ի պայմանագրով, ըստ որի, հաջորդ հետագա բախումները կանխարգելելու համար պետք է երկու պետության միջև հաստատվեր չեզոք գոտի։ Դա Կարսի մարզն էր, որը… պետք է դատարկվեր։ Բայց այստեղ մարդիկ էին ապրում, չէ՞, հիմնականում՝ հայեր։ Ուրեմն, արյունահեղ պատերազմի այլընտրանքը, որը սովորաբար Հայաստանի տարածքում էր ընթանում և ավերում երկիրը… մի ամբողջ հայաբնակ մարզի ամայացումն էր։
Նույնքան աղետալի էր ներքաղաքական խառնաշփոթը։ XVIII դարի կեսերից Պարսկաստանը քաոսային վիճակում հայտնվեց՝ հաճախակի պալատական խարդավանքների պատճառով։ Բայց Նադիր շահը (1688-1747), որը Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի գլխավոր հերոսներից մեկն է («— Պատասխան տո՛ւր ինձ, մատնիչ սևաչյա, / Մի՞թե Թաթուլը քաջ չէր ու սիրուն»), ամրապնդեց տերությունը, սանձեց արևելքից ասպատակող ցեղախմբերին… մեծ չափով բարձրացրեց Արցախի և Սյունիքի ինքնիշխանության մակարդակը, իր հովանու տակ առավ և արգելեց արտագաղթել… նորջուղայեցիներին, որոնց Շահ Աբաս Մեծն էր Հայաստանից բերել-բնակեցրել Սպահանում։ Այսինքն, իրավիճակը կտրուկ բարելավվեց։
Բայց։ Երկրի կայունության… ոչ լիարժեք, բայց էական երաշխիքներից է միապետի քաղաքական երկարակեցությունը։ Շահ Աբասը (իշխել է 42 տարի՝ 1571-1629), շատ հեռանկարային ձեռնարկներ իրագործեց, ի թիվս այլոց՝ կառուցեց հայերի համար մայրաքաղաքի Նոր Ջուղա արվարձանը և փաստացի նրանց հանձնեց երկրի արտաքին առևտուրը։ XVII- XVIII դարերի եվրոպացի ճանապարհորդներ Ժան-Բատիստ Տավերնիեն, Իոանն Շրեդերը, Ժան Շարդենը հավաստիացնում են, որ «Հայկական ժնևի» բնակիչներն ապրում էին ճոխ, պարսիկներին հավասար իրավունքներ ունեին։ Նաև՝ նրանց նման հագնվելու՝ մի բան, որ չէին կարող անել Թուրքիայում, որտեղ (ըստ ուղեգիր Անդրե Դոլիե Դելանդի) քրիստոնյաներին արգելվում էին թանկարժեք գործվածքներն ու կանաչ գույնը։ Այս գույնը, ըստ «Ղուրանի», դրախտն է խորհրդանշում, այդ է հավանական պատճառը, որ միայն «ուղղահավատները» պետք է կրեին։
Զորեղ Նադիր շահը սպանվեց դավադիրների կողմից՝ «Աշխարհում հաստատ չըկա ոչ մի բան, / Ու մի՛ հավատալ երբեք ոչ մեկին»,- ասում է Թումանյանը, որից հետո քաղաքացիական բնակչության, առաջին հերթին «անհավատների»՝ քրիստոնյաների, կյանքը դժոխքի վերածվեց՝
ա. առանց գույքի, կյանքի, արժանապատվության երաշխիքի
Ում հաջողվեց, փախավ Պարսկաստանից, նախ՝ հայերը, որոնք արտոնյալ էին դեռ Շահ Աբասի շրջանից։ Ժամանակի հեռվից կարելի է դատապարտել նրանց, ովքեր լքեցին երբեմնի ծաղկուն գաղութը, բայց վիճակն աներևակայելի ծանր էր, նաև՝ պարսիկների համար։ «Բարեբախտաբար,- գրում է Էմինը,- հայ մանուկները պարսիկների չափ գեղեցիկ չէին, և նրանց չէին առևանգում»։ Նույն պատճառով հայ կանանց հնարավո՛ր էր փրկագնել, իսկ հյուսիսային ցեղերի և պարսիկների ու թուրքերի հաճախակի ասպատակությունների զոհ վրացուհիներին՝ ոչ… բայց այդ մասնակի, դիպվածային, ենթակայական «առավելությունը» չէր փոխում ընդհանուր անապահովության պատկերը։ Այդ շրջանում է, դիցուք, եզդիների ցեղապետ Չոբան-աղան, որ Օսմանյան կայսրությունից գաղթել էր Խոյ, Պարսկաստան, այստեղից քոչեց Վրաստան, իր հպատակներով հանդերձ, թեև, ըստ իր խոսքերի, մի քանի հազար զինյալ մարտիկ ուներ։ Փակվեց կարմելյան առաքելությունների (Carmelite Missions) մեծամասնությունը, որ Իրանում հաստատել էին եվրոպացի միսիոներները։
Համադանում, որ Հին և Նոր Ջուղաների մեջտեղում է, խժդժությունները համատարած էին։
Այս խոշոր քաղաքը Մարաստանի երբեմնի մայրաքաղաք Էկբատանն էր, պարթև Արշակունիների ամառային նստավայրերից մեկը։ Այստեղից էր սերում Աստվածատուր Ա Համադանցի կաթողիկոսը, որը 1725-ին ավելի գիտնականի, քան հոգևորականի մահ ունեցավ՝ ընկնելով տանիքից, ուր բարձրացել էր լուսնի խավարումը դիտելու։ Այս կաթողիկոսի մահը հատկապես իրանահայերին մեծ վիշտ պատճառեց՝ նրան հաջողվել էր «գործող» շահին համոզել դավանափոխ հայերի դեպքում չկիրառել այն իրավունքը, որով իսլամ ընդունած քրիստոնյան դառնում էր ամբողջ ընտանիքի միակ ժառանգորդը։
Հովսեփ Էմինի վաճառական հայրն այնքան շուտափույթ տեղափոխվեց Կալկաթա, որ ընտանիքն ամբողջությամբ չհասցրեց տանել։ Պատանի՝ 17-18 տարեկան Հովսեփին հրաշքով հաջողվեց հասնել Հնդկաստան։ Հորեղբոր ուղեկցությամբ, հաճախ նույնիսկ՝ մենակ ճամփորդելով, նա կես տարի միայն մուսոնի՝ համընթաց քամիներին էր սպասում, որպեսզի նավ նստի Բասրայից (այսօրվա Իրաքի գլխավոր նավահանգիստն է, Շատ ալ-Արաբ գետի ափին)։
Էմինի հայրը, որ կորցրել էր կարողության մեծ մասը, Կալկաթայում գերեվաճառությամբ էր զբաղվում։ Նրա վաթսունհինգ հոգանոց գերդաստանի անդամների կյանքը հարստությունը չէր փրկել՝ մի քանիսն էին ողջ մնացել։ Ճիշտ է, Հնդկաստանում, «որտեղ որևէ սպիտակ մարդ չէր մեռել քաղցից», ըստ Էմինի, նրա հայրը և պարսկաստանյան պղտորությունից փախած մյուս հայերը կարճ ժամանակ անց գերեվաճառությունից և այլ անպատվաբեր զբաղմունքներից հրաժարվեցին և, դառնալով իրենց սովորական առևտրին, նորից դրամ կուտակեցին։
Հովսեփը, բնականաբար, պետք է շարունակեր հոր գործը, բայց իր տեսածից ու լսածից եզրակացրեց, որ փողը համադարման չէ։ Նա կարծում էր, որ հայերը, նույնիսկ փրկագնի գումար ունենալու դեպքում, անփառունակ կերպով սպանվելու էին՝ «անհովիվ հոտի նման»։ Եթե չկռվեին, եթե իրենց հոգում չկրեին ազգային
բ. բանակի, անկախ պետության երազանքը
Հովսեփի իդեալը նախապապն էր, որի անունով նրան Էմին էին կնքել։ Պապը զինվորական էր եղել, սխրանքների շնորհիվ հասել պարսկական բանակի հազարապետի աստիճանի։ Հավանաբար հանդուգն բնավորության պատճառով նրան վաղաժամ թոշակի էին ուղարկել։ Շվարածության կարճ փուլից հետո նա գտնել էր իրեն վայել ապրուստի միջոց՝ զինված ուղեկցություն քարավաններին, որոնց կողոպտում էին թե՛ ճանապարհներին վխտացող ավազակները, թե՛ հարակից ցեղերը։

Նադիր շահ (1688–1747), նկարված է 1780-ականներին

Թոմաս Գրիֆին (1692 –1771, ենթադրական նկար, 1740)

Հովսեփ Էմին

«Հովսեփ Էմինի կյանքը և արկածները» գրքի տիտղոսաթերթը
Էմին-նախապապը նաև, կարծես՝ ըստ անգլիական ասացվածքի, ամրոց էր դարձրել իր տունը՝ անառիկ նկուղով հանդերձ, որի շեմին էլ զոհվել է 110 տարեկանում, բայց, ներխուժող հինգ թուրք ենիչերիի դիմադրելով, մեկին սպանել, երկուսին վիրավորել էր։ Սրանցից մեկին, որ զրկվել էր աչքից, Հովսեփը պատահաբար հանդիպում է տարիներ անց։
Էմինին մի դեպք էր շատ խոցել։ 1746-ին Նադիր շահը հայ վաճառականներից երկու նավ էր խլել, երևի՝ պատերազմական կարիքների համար, պատճառի մասին տեղեկություններ չհաջողվեց գտնել։ Շատ չանցած, 1748-ին, անգլիացի ծովակալ Թոմաս Գրիֆի՛նը հայկական երկու նավ բռնագրավեց, որոնք ունեին բոլոր անհրաժեշտ անցաթղթերը՝ մեկում թանկարժեք ուղեբեռ, մյուսում ահռելի գումար կար՝ 1.200.000 ռուփի։ Հայկական միջազգային համայնքը Լոնդոնում դատ բացեց Գրիֆինի դեմ, բայց ո՛չ նավերը, ո՛չ բեռը չհաջողվեց հետ ստանալ։
Ուրիշ որևէ մեկին հայկական նավի բռնագրավումը կդրդեր ատելու Անգլիան, Էմինին, սակայն, որ արդեն հմայված էր եվրոպական օրենսդրություններով և հիմա էլ տեսավ պետական հովանավորության ուժը, մղեց մեկնելու Լոնդոն և ուսանելու այն, ինչը հասանելի չէր Պարսկաստանում կամ Հնդկաստանում։
Բայց։ Լինելով համարյա քսանհինգ տարեկան՝ նա այդ ժամանակ անգլերեն ոչ մի բառ չգիտեր։ Հայրն առաջարկեց որևէ լեզու սովորել։ Դա վաճառականներին պետք էր, բայց քչերն էին կանոնավոր ուսման միջոցով յուրացրել։ Էմինը պորտուգալերենը, ֆրանսերենը մերժեց, սպասեց, որ հերթը հասնի անգլերենին, որին համաձայնեց՝ դժկամություն ձևացնելով, որպեսզի չմատնի իր հեռահար ծրագիրը։ Դաքա վաճառաշահ քաղաքում (այսօրվա Բանգլադեշի մայրաքաղաքը՝ շուրջ 10 միլիոն բնակչությամբ) կես տարի դասերի հաճախեց, բայց, դեռ հիմնովին լեզուն չյուրացրած, չդիմացավ և հորը խոստովանեց իր մտադրությունը։ Նա կտրականապես դեմ եղավ, հրաժարվեց փող տալուց։
1751 թվականն էր։ Կալկաթայից Լոնդոն 8.000 կմ է, ուղիղ գծով, ծովով՝ երկու անգամ երկար։ Միայն խենթը առանց նույնիսկ ճանապարհածախսի կմեկներ այդքան հեռու, չհաշված՝ նավարկության սպասվող դժվարությունները, բայց Էմինը երազանք ուներ՝ հայրենիքի անկախությունը, որն իրագործելի էր համարում միայն կրթության, մասնավորապես՝ ռազմագիտության միջոցով։ Վաճառականական ընտանիքներում ընդունված չէր, որ երիտասարդները ծնողներին ընդդիմանան, ոչ էլ որ՝ դրսում ուսանեն, բայց նա որոշեց
գ. գնալ Եվրոպա կրթություն ստանալու
Ժամանակն է մանրամասնելու, թե ինչ գիրք է «Հովսեփ Էմինի կյանքը և արկածները», որտեղից մեջբերումներն էին։ Էմինն ինքն է այս վերնագրով գիրք գրել անգլերեն, բացառիկ աղբյուր է։ Այն մանրամասն ներկայացնում է, թե՛ նրա իղձերը, թափառումներն ու պայքարը, թե՛ XVIII դարի միջավայրը։
Գիրքը լույս է տեսել 1792-ին, Լոնդոնում, անգլերեն, վերատպվել է… 1918-ին, Կալկաթայում. այն հրատարակելիս Էմինի թոռան թոռնուհին բնագրին ավելացրել է կարևոր փաստաթղթեր, նամակներ։ Հայերեն գիրքն առաջին անգամ տպագրվել է… 1958-ին… Բեյրութում, արևմտահայերեն, իսկ Հայաստանում՝ միայն վաթսուն տարի անց, արևելահայերեն, ոչ մեծ տպաքանակով։ Իհարկե, հարց է ծագում՝ արդյոք անկողմնակա՞լ է հեղինակը։ Մի լուրջ պատմաբան՝ Աբգար Հովհաննիսյանը (1908-1991, նրան ևս սակավածանոթ է հայ ընթերցողը), գրել է «Հովսեփ Էմին» հետազոտությունը, որում նույնիսկ ամենաաննշան «արկածի» իսկությունը ստուգել է անգլիական, ցարական, Սուրբ Էջմիածնի արխիվների միջոցով ու հաստատել։ Այս գիրքը Հայաստանում է տպվել, չգիտես ինչու՝ ռուսերեն, 1989-ին, Միխայիլ Գորբաչովի օրոք և, բարեբախտաբար, արդեն համարյա զերծ է քարոզչական կաղապարներից, որոնք ավելի վաղ պարտադրում էր սովետական վարչակարգը։
Էմինը նավ է փնտրում, որով ճամփա կընկնի Անգլիա՝ Հնդկական, ապա Ատլանտյան օվկիանոսները հատելով։ Պատրաստ է անել ցանկացած գործ, բայց փորձ չունի՝ միակ տարբերակը որպես փոքրավոր վարձվելն է… որը նույնպես հեշտ չէ։ Ուշքի արի՝ նրան կոչ է անում մի անգլիացի նավապետ, որի նավաստիների կեսը հրաժարվել է Անգլիա՝ ցուրտ ու մռայլ հայրենիք վերադառնալ չարքաշ աշխատանքի՝ հնդկական արևադարձային դրախտից, մյուս նավապետը չի հավատում, որ յունգայի չարչարանքի տակից դուրս կգա։ Բայց Էմինը համառ է՝ վարձվում է «Վալպոլ» նավում որպես փոքրավոր։ Երևի բառը հուշում է, որ սա նավաստիներից ամենացածրաստիճանն է, մաքրում-լվանում է տախտակամածը, կատարում զանազան այլ սև աշխատանք։
Թեև Էմինը բռնկուն խառնվածք ունի, հանուն իր նպատակի լեզու է գտնում նավաստիների հետ՝ կոշտ ու կոպիտ մարդիկ են չեն թողնում իր մի բուռ ալյուրից հաց թխի, ցրտին մի ավել ծածկոց վրան գցի, բայց դիմանում, ի վերջո, դառնում է աչքների լույսը։ 1751-ի փետրվարի 14-ից մինչև սեպտեմբերի 14-ը՝ ուղիղ յոթ ամսում, հասնում է Լոնդոն։
Էմինի առաջին բարերարը հայ վաճառական է, որը նրա համար սենյակ է վարձում, բայց ավելի ուշ հետ է ուզում գումարը. Էմինը չի կատարել դավանափոխ լինելու՝ կաթոլիկ դառնալու նրա պահանջը։ Էմինը փորձում է քարտաշություն անել, որ սովամահ չլինի, նավ բեռնաթափել, բայց փոքր-մոքր է՝ վստահություն չի ներշնչում, որ գործի վերցնեն։ Մանր-մունր հանձնարարություններ է կատարում, որոնցից մեկի բերումով արքունի դատարան մտնելով՝ լսում է դատախազի ճառը հայկական բռնագրավված «Սանտա Կատարինա» նավի մասին, որում եղել են Անգլիայի թշնամի Ֆրանսիայի ապրանքները՝ մեղադրում է նա։ Եվ համեմատում է հայերին հրեաների հետ, որոնք Հոլանդիային են դավաճանել վերջին պատերազմի ժամանակ։ Միգուցե նախկինում մարդկային օրգանիզմն ավելի սուր է արձագանքել անարդարություններին, կամ Էմինն էր այդքան զգայուն. Քրիստոսին խաչած հրեաների հետ զուգահեռը հակասեմիտիզմի դարաշրջանում այնպես է խոցում նրան, որ անկողին է ընկնում, 40 օրով, մինչև օրգանիզմում չեզոքանում է հիվանդության աղբյուրը։ Նրա «բարկությունը անցավ»՝ իր մասին երրորդ դեմքով գրում է Էմինը։
Պատմական օրեր էին Լոնդոնում, երբ բժիշկ սըր Հանս Սլուենի հավաքածուի հիման վրա պետք է ստեղծվեր աշխարհի առաջին հանրային թանգարանը։ Բայց նա պայման էր դրել։ 1753-ին Գեորգ II թագավորի հավանությամբ Խորհրդարանը վիճակախաղ նախաձեռնեց. անգլիացիները, տոմսեր գնելով, պետք է 20.000 ոսկի փոխհատուցեին բժշկի ժառանգներին՝ տասնյակ հազարավոր ցուցանմուշների, 50.000 գրքի դիմաց։
Էմինը, որ տասնութ ամիս որպես բեռնակիր էր աշխատել նպարավաճառի խանութում ու մի քիչ փող հետ գցել, հանդգնեց — 1 ոսկով տոմս գնեց և շահեց 4 ոսկի 10 շիլինգ։ Խնայած միջոցներին ավելացնելով…- մեծ շրջադարձ,- նա ընդունվեց Միդլթոնի ճեմարան։ Եվս մեկ շրջադարձ հակառակ ուղղությամբ՝ դուրս մնաց, երբ փողը վերջացավ։ Բայց։ Լոնդոնցիներն այդքան սառը չեն, ինչքան իրենց համբավն է։ Տնօրենի դեռահաս որդիների բարյացակամ միջամտությամբ նա վերադարձավ ճեմարան. պետք է սովորեր, միաժամանակ աշխատեր՝ դասարանը մաքրեր, դասընկերներին սպասավորեր։ Միայն թե վերջիններս էլ չէին թողնում, որ նա ծանրաբեռնվի, թեև գործն ինքնին թեթև էր, թեյ էին հյուրասիրում, վարվում՝ ինչպես հավասարի հետ։ Բայց հետո… պարոն Միդլթոնը սնանկացավ՝ Էմինին վճարած չլինելով կուտակված աշխատավարձը։ Ուսումնառության երանելի շրջանն առհավետ կփակվեր, եթե Էմինին չօգներ
դ. դիպվածը
Նա պատահաբար ծանոթացավ Էդմունդ Բըրքի հետ, և դա բացեց Էմինի առաջ վերելքի ուղին։
Նրանք համարյա տարեկից էին։ Իռլանդական ծագումով տնտեսագետ, փիլիսոփա Բըրքը, որը շուտով կդառնա հայտնի քաղաքական գործիչ, բախտակից էր Էմինին՝ հայրը զրկել էր ֆինանսական աջակցությունից, երբ նա գրականությունը գերադասել էր իրավագիտությունից։ Հիանալով հայրենիքի ազատագրման գաղափարին Էմինի նվիրվածությամբ՝ Բըրքն իր համեստ միջոցներից օգնում էր նրան դրամով։ «Ավելի բան պետք չէ չարի հաղթանակի համար, քան այն, որ բարի մարդիկ ոչինչ չանեն»՝ ահա Բըրքի ասույթներից մեկը, որի ոգուն համապատասխան էլ նա ապրեց իր կյանքը։
Էդմունդը տարված էր Լուսավորության գաղափարներով։ Նա Էմինին տալիս էր ընթերցելու դասական ու ժամանակակից ամենանշանակալի գրքերը, իսկ երբ Միդլթոնը փակվեց, նրա համար ձեռագրերի արտագրության գործ գտավ։ Էմինը մարգարտաշար ձեռագիր ուներ՝ սկզբում ինքն էլ, պատվիրատուներն էլ երջանիկ էին։ Բայց նա ընդամենը վեց շաբաթ դիմացավ. պարզվեց, որ իր կողմից թարմ կարդացած գրքերից մտքեր էր ավելացնում այն ստեղծագործություններում, որոնք արտագրում էր իր գեղեցիկ ձեռագրով։

Էդմունդ Բըրք (1729-1797)

Էլիզաբեթ Մոնթեգյու (1718-1800)
Բրիտանացիների սառնության համբավի պատճառներից մեկը հասարակության ակումբային կազմակերպվածությունն էր, որը ենթադրում էր ներփակություն։ Հատկապես խիստ են եղել սահմանափակումները «ցածր դասի» նկատմամբ, որին պատկանում էր վաճառականի որդի Էմինը, և իհարկե՝ օտարազգիների։ Բըրքի մեծագույն աջակցությունը եղավ այն, որ նրա ջերմեռանդ երաշխավորությամբ հայ ընկերոջ առջև բացվեցին բարձրաշխարհիկ սալոնների դռները, ապա նաև՝ շարժվեցին բարեգութ ազնվական տիկնանց սրտերը, որոնցից ամենաերևելին դքսուհի Էլիզաբեթ Մոնթեգյուն էր։ Նրա առանձնատունը Հիլ Սթրիթում նախ «կապտագուլպա» տիկնանց գրական ակումբն էր, ապա նաև Լոնդոնի ինտելեկտուալ կենտրոնը։ Այստեղից Էմինի առջև բացվեցին նաև պետական այրերի առանձնասենյակների դռները։
«Վա՛յ Էմինին, եթե չլինեին գեղեցիկ սեռի արժանիքները, որի անարատ բարեկամության մեջ նա ավելի մեծ վստահություն, վեհանձնություն ու մարդկայնություն է զգացել, քան իր բոլոր հայրենակիցների և նույնիսկ իր հարազատների հարաբերություններում»։ Էմինի այս խոսքերը միայն բարձրաշխարհիկ սալոնների կանանց չէին վերաբերվում, «օրհնյալ կղզու» բնակչուհիների խղճմտանքը նա սկսել էր գնահատել դեռ իր կիսաքաղց օրերին։ Հայրը նրան 500 ռուփի էր ուղարկել, որ վերադառնա Կալկաթա, Էմինը մերժել էր գումարը ստանալ, և վարձու տներից մեկի աղախին «չքնաղ Սելինն» էր հոգում նրա սնունդը, քրոջ պես։ Էմինն այս երևույթի հիմքը համարում է այն, որ «եվրոպացի տիկնանց հետ նրանց ազնվասիրտ ամուսինները վարվում են թագուհիների պես, ի հակադրություն ասիացի ստրուկների, որ իրենց կանանց բանեցնում են աղախինների կամ հարճերի նման»։
Իր նոր բարեկամների աջակցությամբ Էմինին հաջողվում է ընդունվել Արքայական ռազմական ակադեմիա՝ ուսանելու հրաձգություն և ամրությունների կազմակերպում։ Նա բառեր չի խնայում իր երախտագիտությունը հայտնելու բարերարներին, բայց բախտը չէր թողնելու, որ Էմինը կանոնավոր կրթություն ստանա։ Այն՝ բախտը հայտնվեց Յոթնամյա պատերազմի տեսքով (1756-1763)։ Էմինին չզորակոչեցին, նա ինքը մեկամյա ուսումն ընդհատեց` կամավորաբար նախընտրելով գործնական պարապմունքները մարտի դաշտում։
Բազմաբարդ էր Եվրոպայի աշխարհաքաղաքական իրավիճակը, դաշինքները փոփոխական Յոթնամյա պատերազմի ընթացքում՝ նկարագրությունը էջեր կզբաղեցներ, բայց Էմինն իր ուզած փորձառությունը ստացավ։ Նա պարտության դառնությունը տեսավ ու վերք ստացավ, երբ 1757-ին ֆրանսիական գերակշիռ ուժերը ջախջախեցին անգլիացիներին, բայց եգերական ոչ մեծ ջոկատին հաջողվեց բավական երկար կասեցնել հակառակորդի առաջխաղացումը Հասթենբեկի ճակատամարտում։ Մեկ տարի անց՝ 1758-ին, նա մասնակցեց Սեն-Մալո նավահանգստում ֆրանսիական ձկնորսանավերի խորտակման ռազմարշավին։ Ապա անձամբ Ֆրիդրիխ II-ին կարողացավ հանդիպել և առաջարկել իր ծառայությունները ռուսական ճակատում, բայց Պրուսիայի կայսրը չէր սիրում իր զորակազմն ընդլայնել։
Ռազմաճակատից նա մանրամասն նամակներ էր գրում, որոնցից մեկը հասցեագրված էր «Հովսեփ Էմինի բոլոր լեդի-հովանավորներին»։ Նա նկարագրում էր թե՛ զինվորական կենցաղը՝ սև հաց, հարդե անկողին, հետիոտն երկարատև երթեր… թե՛ ձանձրույթը զորակայանում՝ որպես համհարզ ծառայելիս։ Նա գնահատանքի է արժանանում Լոնդոնում, որտեղից Էմինին «հերոս» է կոչում Էլիզաբեթ Մոնթեգյուն, իսկ Սեն-Մալոյի ռազմարշավի հրամանատար հերցոգ Չարլզ Սփենսեր Մալբորոն հորջորջում՝ «իմ առյուծ»։
Դժգոհ այն բանից, որ չի հաջողվում անընդհատ թեժ մարտերի մասնակցել, Էմինը վերադառնում է Լոնդոն, որտեղ մի շարք փորձերից հետո հաջողվում է հանդիպել… վարչապետ Ուիլյամ Փիթին։ Շարադրում է իր ծրագրերը։ Փիթը նրան առաջարկում է զինվորական պաշտոններ Անգլիայում կամ Հնդկաստանում։ Դա ծրագրի մերժում էր անգլիական ձևով։ Էմինը չի գրում, թե ինչ հետևություններ է արել զրույցից, բայց նա չի կարող այլևս բավարարվել նոր բարեկամների ընկերակցությունը սալոններում վայելելով՝
ե. եկել է Հայաստան ուղևորվելու ժամանակը
Էմինը շուտով նամակներ է հղում… Վրաց Հերակլ թագավորին։ Նա մտադիր էր Արցախի կիսաանկախ մելիքների հետ սկսել պայքարը, բայց ծրագրերն ընդլայնվում են։ Վրաստանի պետական կարգավիճակն ավելի բարձր է, ուրեմն՝ այս երկիրը հեռանկարային դաշնակից է։ Էմինը պատրաստ է Հերակլին ծառայել որպես «եվրոպական սպա»։ Անգլիական բանակի փորձով կազմակերպված վրացական քաջարի զորքը կարող է ընդարձակել երկրի սահմանները՝ ներառելով հայկական հողերը։
Էմինը նամակ է գրում նաև հորը, Կալկաթայի հայությանը, անգլիացի նահանգապետ Դրեկին՝ բացատրելով իր նպատակները, խնդրում նահանգապետին, որ կարդա իր նամակը հայ վաճառականներին, որպեսզի նրանք անպայման աջակցեն իրեն։ Գիտե՝ շուտով տարբեր գործիչներ հետաքրքրվելու են իր անձով, ծագմամբ, թեև «նա է իշխանը, որ իշխանի պես է իրեն պահում»։
Հայաստան Էմինը նախընտրում է մեկնել թուրքական ուղղությամբ՝ նավով ավելի արագ է։ 1759-ին նավարկում է Իտալիա։ Մի քանի ամիս ապրում է Ֆլորենցիայում՝ ավելի վաղ նավ չկա մինչև Ալեքսանդրեթի նավահանգիստ, որտեղից ամենահարմար ցամաքային երթուղու սկիզբն է։ Լիվորնոյում անգլիական ներկայացուցիչ Թոմսընից անձնագիր է վերցնում նշումով՝ իբր Թուրքիա է գնում… «զանազան ծաղիկներ», խոտաբույսեր ու «մեզ անծանոթ թռչուններ» հավաքելու Բրիտանական կայսերական թանգարանի համար։ Վայելում է տիկին Թոմսընի մշտական հյուրասիրությունը, իր ոգեշունչ պատմություններով այնպիսի խանդաղատանք է հարուցում նրանց նազելի աղջնակի մեջ, որ գրքում իրեն համեմատում է Օթելլոյի, օրիորդին՝ Դեզդեմոնայի հետ։ Ճանապարհից նվազագույն չափով է շեղվում, որ ժամանակ չկորցնի։
Ի՞նչ է տեսնում Հայաստանում։ Դառն վիճակի հետ համակերպված մի ժողովուրդ։ Բայց բավական է, որ Կարինի Ջենիս գյուղում, ծխական քահանայի նախնական վախը հաղթահարելուց հետո, փառավոր անցյալի դրվագներ կարդա Խորենացու «Հայոց պատմությունից» (գրքով լույս է տեսել Ամստերդամում, դեռ 1694-ին), որ շինականները ցանկանան նրա ոտքերը համբուրել։ Եվ մեղադրեն քահանային, թե ինչու՞ է այդ ամենն իրենցից թաքցրել։ Քահանան տալիս է պատասխան, որը Էմինը՝ ինքը, ըստ ամենայնի, կստանա ժամանակի իրարահաջորդ երկու կաթողիկոսից՝ Հակոբ Ե Շամախեցուց (1759–1763) և Սիմեոն Ա Երևանցուց (1763–1780). ջուրը չտեսած մի բոբկացեք։ Եկեղեցին դեմ է նաև Էմինի ազատական գաղափարներին, որոնք հռչակում էր ամենուրեք՝ օրենքի առաջ պետք է հավասար լինեն հարուստն ու աղքատը, տարբեր դավանանքների և ազգերի ներկայացուցիչները։ Սիմեոն Երևանցին կսկսի նրա շարժը վերահսկել՝ լուրեր պահանջելով ամբողջ տարածաշրջանի իր գործակալներից. Էմինը մտադիր է զենքով խոսել այն պարսիկ ու թուրք տիրակալների հետ, որոնց հետ եկեղեցին արդեն վեց-յոթ հարյուր տարի խոսում է աղերսներով, նվերներով և զիջումներով կորզում՝ հենվելով հայության վրա իր ազդեցությանը։
Էմինին հասնում է գույժը, որ վախճանվել է Գանձասարի Ավագ վարդապետը (1760), ում հետ նա անչափ կուզենար համագործակցել։ Ավագը հոգևորականի բոլորովին ուրիշ տիպ էր։ Սկզբում, մի խումբ քաջերի հավաքելով, ջարդ էր տվել հայկական գավառները ասպատակող լեզգիներին, հետագայում տարբեր կռիվներում այնքան հաղթել, որ շրջակա խաներն ու բեկերը նվերներով սիրաշահում, հաշվի էին նստում հետը։ Այս վարդապետը հավասարապես դիպուկ է կրակել թե՛ հեծյալ, թե՛ հետիոտն վիճակից և, «ասում էին, նրա զարմանահրաշ ձայնն ավելի զորեղ էր, քան Նադիր Շահինը», գրում է Էմինը։
Լոնդոնից էջմիածին և՝ հետ, Էմինի ուղևորությունը տևում է տասներեք ամիս։ XVIII դարի համար «ասուպային» այս արագությունը նույնիսկ բարեկամների կասկածն է հարուցում, թե արդյոք նա գոնե Ալեքսանդրեթն անցել է, բայց նամակները ծրարվել էին Հալեպում, այլ քաղաքներում, և դա փարատում է թերահավատությունը։
Սրանից հետո Էմինի ուղևորություններն այնքան շատ են, որ նա բազմաթիվ բոնուսային մղոններ կկուտակեր, եթե այսօր ինքնաթիռով երթևեկեր։ Բայց դեռ XVIII դարն էր, երբ նամակը հաճախ պատճենում ու տարբեր փոխադրամիջոցներով էին ուղարկում, որպեսզի գոնե մեկը տեղ հասներ։
Հիմնական պատճառը, որ նա երկար չմնաց Հայաստանում, այն էր, որ հասկացավ՝ տարածաշրջան պետք է մեկնել ավելի լավ նախապատրաստված, և որ Հերակլ II-ը կարևոր էր, բայց նա ինքը մեծ խնդիրներ ուներ։

Քարթլիի թագավոր Հերակլիոս II
1760-ին Վրաստանի ներկա տարածքում կար երեք պետություն։ Կախեթի թագավորությանն իշխում էր… Հերակլ II-ի հայր Թեյմուրազ II-ը (մայրաքաղաքը՝ Թելավ), Իմերեթի թագավորը (մայրաքաղաքը՝ Քութայիս) Սողոմոն I-ն էր, որին հաջողվել էր մի քանի անգամ պարտության մատնել թուրքական բանակներին, իսկ Քարթլիի (մայրաքաղաքը՝ Թիֆլիս) թագավորը ինքը՝ Հերակլ II-ն էր։ Աբխազիան, որը մեկ դար առաջ էր իսլամ ընդունել, օսմանահպատակ էր։ Արդեն թվարկված վրացական պետությունները ևս վասալային կախվածություն ունեին թուրքերից կամ պարսիկներից։
Ուրիշ որևէ մեկը կհուսահատվեր, բայց Էմինը խմբագրում է իր գործելակերպը.
զ. զենքից առաջ՝ քաղաքականություն
Վրաց թագավորներից հայաբնակ տարածքների վրա իշխանություն ուներ Հերակլ II-ը, որն իր հերթին ամենամոտիկ քրիստոնյա տերության՝ Ռուսաստանի աջակցության կարիքն ուներ։ Դա հաշվի առնելով՝ էմինը Լոնդոնում ծանոթացավ ռուսական դեսպան Ալեքսանդր Գոլիցինի հետ և շահեց իշխանի վստահությունը: Դեսպանը նրան անձնագիր տվեց, երաշխավորագրեր: Իր անգլիացի բարեկամներից ևս հանձնարարականներ վերցնելով՝ Էմինը 1761-ի նոյեմբերին հասավ Պետերբուրգ։ Այնտեղ նա հանդիպեց վարչապետ Միխայիլ Վորոնցովին, որի միջոցով կայսրուհի Ելիզավետա Պետրովնայից հայերի հանդեպ ջերմ վերաբերմունքի հավաստիացումներ ստացավ։ Ապա կոմս Վորոնցովը հաճելի անակնկալ մատուցեց Էմինին՝ նրան ներկայացրեց… Կախեթի թագավոր Թեյմուրազ II-ին, որը եկել էր Պետերբուրգ՝ օգնություն հայցելու։ Նրանք շատ մտերմացան։ Բայց 1762-ի հունվարի 8-ին թագավորը մահացավ։ Դրանից երեք օր առաջ հոգին ավանդել էր կայսրուհին։
Ամեն ինչ պետք էր սկսել նորից։ Էմինն անձնագիր ստացավ Կովկաս մեկնելու։ Եվ նոր կայսրուհու՝ Եկատերինա II-ի օրհնությունը։
«Հովսեփ Էմինի կյանքը և արկածները» գրքի գլուխների վերնագրերը շարադրված հին վեպերի ոճով՝ երկար վերապատմում են բովանդակությունը։ Մեկ էսսեի ծավալ կկազմեն միայն նրա կյանքի նույնիսկ այս փուլին նվիրված գլուխների վերնագրերը, այնքան որ դրանք լի են իրադարձություններով։ Էմինին հաջողվում է հասնում է Կովկաս… բայց նրան որպես «վտանգավոր խենթի» և խաբեբայի ռուսական սահմանապահ կայազորի պետը Մոսկվա է վերադարձնում։ Էմինը, ամիսներ ծախսելով, ավելի զորավոր նամակներ է բերում, այդ ժամանակ միայն արժանանում պատշաճ վերաբերմունքի… Դեռ բախտը բերում է, որ ռուս պաշտոնյան նրան չի թունավորում, ինչպես Իսրայել Օրիի հետ էին վարվել 1711-ին, ինչպես ենթադրում է պատմաբան Աշոտ Հովհաննիսյանը։ Էմինն ամիսներ շարունակ հյուրընկալվում է մուսուլման ցեղախմբերի։ Դրանցից մեկի զորաբանակն է ղեկավարում ընդդեմ մյուսի, հաղթում… հետո նույն ցեղի պարտությունը «կազմակերպում», որպեսզի գերի հայերն ազատվեն։ Որպես հրամանատար՝ չեչենների ութ հազարանոց զորքն է վարժեցնում «ռուսական», իրականում՝ եվրոպական ձևով… բայց շուտով հրաժարվում է պաշտոնից, որպեսզի հավատակից վրացիների դեմ չարշավի։ Էմինին «հայ փադիշահ» կոչումով են մեծարում Հյուսիսային Կովկասի մուսուլմանները, բայց նա, եկեղեցին կոշտ քննադատելով հանդերձ, կյանքը վտանգում է ամեն անգամ, որպեսզի քրիստոնյայի մի կաթիլ արյուն անգամ չթափվի։
Ի վերջո, Էմինը Հյուսիսային Կովկասից անցնում է Վրաստան, հանդիպում Հերակլ II թագավորին (ի դեպ, Էմինի պես ցածրահասակ), որը Եվրոպայում քաջի համբավ ուներ հարևան կայսրությունների դեմ մի շարք հաջող պատերազմների շնորհիվ։
Սկսվում է նոր դրամա։ Հերակլը նախ վստահում է Էմինին, խանդավառվում երկիրն ու բանակն արդիականացնելու գաղափարներով, ապա… արտաքսում Թիֆլիսից՝ Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսի պահանջով։ Էմինը հեգնում ու ծաղրում է Հերակլին իր գրքում, բայց եթե նա ինքը միայն մի քանի երաշխավորական նամակով էր եկել թագավորի դուռը, ապա կաթողիկոսի ամենօրյա ազդեցությունը տարածվում էր ոչ միայն Արարատյան դաշտում, այլև Հերակլի նստավայր Թիֆլիսի 25.290 բնակչից 18.820-ը կազմող հայերի վրա։ Իսկ կաթողիկոսը սոսկում է ապստամբության կամ որևէ նոր պատերազմի հեռանկարից։
Էմինը նորից թափանցում է Հայաստան, այս անգամ հյուսիսից։ Արցախի մելիքներից մեկին օգնում է փոքր ուժերով ջախջախել հակառակորդ խանին։ Կապ է հաստատում Սուրբ Կարապետ վանքի ըմբոստ Հովնան եպիսկոպոսի հետ, որը նրան 40.000 զինվոր է խոստանում, մեծ գումար ուղարկում։ Էմինը չի ընդունում, որովհետև դեռ վաղ է՝ ապստամբությունը չի հաջողվի առանց Հերակլի… նաև չի ուզում, որ փողի համար այդ պահի մտերիմ մարդիկ իրեն սպանեն։ Առանց այդ էլ բազմիցս նրա կյանքի դեմ դավեր են հյուսում, և նա բազմիցս բացահայտում է դրանք, ինչպես՝ Արցախին տիրացած Իսմայիլ խանի նյութած սպանությունը, հայ ծառայի միջոցով։
Էմինին «մեծահարգ և գերապատիվ նրբանկատ ազնվատոհմ և պայազատ իշխանազուն իշխանաց իշխան» են անվանում հայերը՝ համապատասխան ընդունելություն ցուցաբերելով Աստրախանում, Հաղպատում, Արցախում, Մուշում, այլ վայրերում (Աստրախանում՝ ոչ միանգամից, այլ մուսուլմանների վերաբերմունքը տեսնելով)։ Իրավիճակների այս շրջապտույտում ընթերցողը Էմինի հետ միասին մե՛րթ հիանում, մե՛րթ հակակրանքով է լցվում Հերակլ II-ի հանդեպ, ատում է Սիմեոն կաթողիկոսին, ապշում Հովնան եպիսկոպոսի գործողությունների հանդգնությունից (ցավոք, այս բացառիկ գործչի մասին քիչ տեղեկություն է պահպանվել)։
Հայտնի է, որ Սիմեոն կաթողիկոսը կարգալույծ է արել Հովնան եպիսկոպոսին, որովհետև նա եկեղեցու միջոցները տրամադրում էր… քուրդ Մախսուդ խանին, որպեսզի սա ամրոց կառուցի։ Մախսուդը պարբերաբար ապստամբում էր սուլթանի դեմ, և նա զորք էր ուղարկում, որ խանին ճնշի։ Եպիսկոպոսը, որը մուսուլման ցեղի ապստամբությանը օժանդակելով ցանկանում էր կայսրությունը թուլացնել, ունի ազդեցիկ կողմնակիցներ, որոնց ճնշման ներքո կաթողիկոսը վերականգնում է նրան իր պաշտոնին։ Բայց։ Հովնանը իր հերթին չի համաձայնում ապստամբելու Էմինի կոչին, քանի դեռ նա չի հասել դիվանագիտական հաջողության՝ Հերակլ թագավորը չի միացել իրենց պայքարին, դաշնագրով։ Հերակլ II-ը։ Նա էլ չի ուզում վտանգել իր երկրի երերուն անկախությունը և, վասալական կախում ունենալով Պարսկաստանից (որի քաղաքական կառուցվածքում նա ընդամենը «Գյուրջիստանի վալին» էր), կռվի դուրս գալ առանց ուրիշ մեծ երկրի՝ Ռուսաստանի աջակցության։ Ի վերջո, Օսմանյան կայսրությունը զբաղեցնում էր 7-8 անգամ ավելի մեծ տարածք, քան ժամանակակից Թուրքիան (783.000 քառ. կմ) և ուներ համապատասխան ռազմական ներուժ։
Ի վերջո, Էմինը վերադառնում է Կալկաթա, 21 տարվա բացակայությունից հետո։ Այստեղ նա կորցրել է ժառանգի իր նշանակությունը, քանի որ հայրը (ի դեպ, անունը նույնպես՝ Հովսեփ) նորից է ամուսնացել և որդի ունեցել։ Սուղ միջոցներով մի կերպ գոյությունը պահպանելով, բայց համայնքի մանրախնդիր պահվածքին հակադրվելով՝
է. Էմինը երազում է ռուս-թուրքական պատերազմին մասնակցելու մասին
Ռուսները բազմիցս նրան սպայական ծառայություն առաջարկել էին, նա մերժել էր՝ Հայաստանի ազատագրությանը հետամուտ։ Երբ պատերազմը սկսվեց, 1768-ին, նա մտածեց, որ հիմա պահն է ռուսական բանակին միանալու։ Գրեց իր մտադրության մասին Նորթեմբերլենդի դուքսին՝ իր բարձր հովանավորներից մեկին, թե վառվում է անհամբերությունից։ Դուքսը սառեցնում է նրա ոգևորությունը. պատերազմն ավելի շուտ կավարտվի, քան նա Հնդկաստանից կհասնի մարտի դաշտ։

Թուրքական նավատորմի նահանջը 1770 թ. Չեսմայի ճակատամարտից հետո, Յակոբ Ֆիլիպ Հակկարտի նկարը, 1772
Իրականում պատերազմը 1774-ին ավարտվեց՝ դուքսի կանխատեսումը չիրականացավ, բայց նա, միգուցե զուտ անգլիական ողջամտությամբ առաջնորդվելով, չէր ցանկացել, որ Էմինը ինքն իրեն մխիթարեր մի քանի տասնյակ թուրքերի սպանելով՝ առանց Հայաստանի անկախացման իր ծրագրին ռուսների աջակցության որևէ երաշխիքի։ Կամ էլ դուքսն իրազեկ էր, որ 1722-25 թթ.-ին, երբ փաստացի անկախ Սյունիքն ու Արցախը կարող էին թագավորություն հռչակել, բայց սպասում էին, որ Պետրոս I-ը օգնության կգա, ցարը գաղտնի պայմանագիր էր կնքել Օսմանյան Կայսրության հետ. 1724-ի հունիսի Կոստանդնուպոլսյան դաշնագրով Պետրոսը Մոսկովիային, ինչպես դեռ կոչում էին Ռուսաստանը, կցեց Կասպից ծովի պարսկական առափնյա հատվածը՝ Դերբենդից Մազանդարան, իսկ Կովկասի, այդ թվում՝ Արևելյան Հայաստանի հանդեպ ճանաչեց թուրքերի իրավունքը… միաժամանակ Գերագույն գաղտնի խորհրդին հանձնարարելով, թե հայերի համար «հույս ներշնչող տեսարաններ սարքեք»։
Նոր պատերազմը հաստատեց, որ Հերակլ II-ն ու Սիմեոն կաթողիկոսն իրավունք ունեին զգուշանալու։ Ռուսների առաջնահերթությունն այս անգամ նույնիսկ Կասպից առափնյան չէր, որը հետ էր գրավել Նադիր շահը, այլ՝ Ղրիմն ու Սև ծովի առևտրի վերահսկողությունը։
Պելեպոնեսյան թերակղզու հույները, որոնք ապստամբեցին ռուսների հրահրմամբ, ծանր գին վճարեցին։ Շեղման նպատակով ձեռնարկված ռազմարշավի ընթացքում ռուսական հրամանատարությունը սխալ մարտավարություն ընտրեց, և թուրքերը գրավեցին թերակղզին՝ կոտորելով ու գերեվարելով շուրջ 40.000 տեղացի քրիստոնյայի, ավերակների վերածելով ծաղկուն մարզը։
Պատերազմի երկրորդ տարին՝ 1769-ին, խոշոր վաճառական Մովսես Սարաֆովը նախագիծ ներկայացրեց ռուսական արքունիք, ըստ որի, պետք է Ռուսաստանի հայ և վրացի բնակիչներից կամավորական գունդ կազմվեր, ոտքի հանվեին Ղարաբաղի մելիքները։ Այն որևէ ուշադրության չարժանացավ, թեև Ռուսաստանը նույնիսկ փող չէր ծախսելու, որ բանակային կորպուս ուղարկեր Կովկաս՝ ծախսը հոգալու էին հայ վաճառականները։ Կային նաև ռուսական արքունիքին Էմինի, Հերակլ թագավորի հայտնած տեղեկությունները Սուրբ Կարապետ վանքում Հովնան եպիսկոպոսի կուտակած զենքի, դիմադրության պատրաստ երևանցիների՛, եզդի բեկերի… ասորիների կաթողիկոսի մասին, բայց Եկատերինա II-ը Կովկաս ուղարկեց ընդամենը 3767-հոգանոց զորաջոկատ, ըստ էության՝ թուրքական ուժերը ջլատելու նպատակով, որը… հետ կանչեցին 1772-ին։
Իհարկե, Միայնակ Ազատարարը, նախորդ ազգակիցների նման, իր ակնկալիքները չէր կառավարում, և բազմիցս զղջաց, որ անսացել է իր բարեկամ դքսի խորհրդին, երբ տեսավ, որ Ռուս-թուրքական պատերազմը երկարում է։ Բայց նա ձեռքերը ծալած չէր նստել՝ հնդկահայ վաճառականներին ներկայացրեց
ը. ընդհանրական մի նոր ծրագիր
Մադրասում նա մի երևելի համախոհի էր հանդիպել՝ հարուստ վաճառական, ծնունդով նորջուղայեցի Շահամիր Շահամիրյանին, որն իր դասի ներկայացուցիչներին համոզեց տարեկան 12.000 ռուփի հատկացնել Էմինին՝ Հայաստանում զորք հավաքելու համար։ Բայց։ Նույն ժամանակ Մադրասում հայտնվեց ոմն Հովհաննես եպիսկոպոս։ Սիմեոն Երևանցի կաթողիկոսի այս նվիրակը հանգանակություն սկսեց ի նպաստ Երուսաղեմի հայոց եկեղեցու և խափանեց Էմինի գործը։ Թեև տեղի հայ եկեղեցականները շուտով նամակով բողոքեցին կաթողիկոսին եպիսկոպոսի՝ հոգևորականի անվայել վարքից, բայց դա չօգնեց՝ վաճառականներն արդեն հրաժարվել էին Էմինի հետ պայմանագիր ստորագրելուց։
1773-ին Մադրասում լույս տեսավ «Նոր տետրակ, որ կոչի հորդորակը», որի հրատարակիչը, հեղինակը Շահամիրյանի որդին էր (կամ ինքը՝ Շահամիրյանը), աշխատակիցը Մովսես Բաղրամյանը՝ Հովսեփ Էմինի ազգականն ու երկարամյա ուղեկիցը։ Այս գրքույկն ազատագրական պայքարի մի ձեռնարկ էր, հղումներով՝ Հայոց պատմությանը, ուրիշ ժողովուրդների փորձին, Լուսավորության գաղափարներին, որ տարածվում էին Եվրոպայից՝ «Եվրոպան ամենքիս գաղափարն է»։ Սիմեոն Երևանցի կաթողիկոսն անմիջապես բանադրեց Բաղրամյանին՝ կոչելով «խելացնոր», փակել տվեց Շահամիրյանին նրա իսկ բացած տպարանը։
Կաթողիկոսի ատելությունն ազատագրական գաղափարների և Էմինի հանդեպ՝ նման էր մտասևեռման։ Երբ վերջինս նորից ճանապարհ ընկավ Հայաստան, ոմն Մարկոս վարդապետ զգուշացրեց նրան Պարսկաստանում՝ եթե դա անի, կաթողիկոսը դիմելու է Երևանի Ալի Հուսեին խանին, որ սպանի Էմինին։ Եվ խորհուրդ տվեց կյանքը փրկելու համար… ամուսնանալ։ Պատճառա-հետևանքային կապը ժամանակակից մարդու համար շատ պարզ չէ, բայց Էմինը գրում է, որ ամուսնացավ Սպահանում «իր կյանքը փրկելու համար։ Եվ վեց տարում նախախնամությունը նրան պարգևեց չորս երեխա, երկուսը արական, երկուսը իգական սեռի»… Ըստ երևույթին, իսլամ կառավարիչները զինյալ պայքարի համար անպիտան էին համարում ամուսնացած հային։
Ճիշտ է, Սպահանում Էմինն անվանակից պապի նման էր պահպանում ընտանիքը՝ լավ զինված, և բոլոր չարակամները գիտեին, որ նա կկրակի, եթե որևէ մեկը տուն ներխուժի։ Այսուհանդերձ, ճիշտ հոր պես, նա չկարողացավ ընտանյոք վերադառնալ Հնդկաստան 1784-ին՝ կինն ու երկու երեխան միայն տարիներ հետո միացան նրան։ Ինքը Կալկաթայում գոյատևում էր որպես…
թ. թոշակառու սպա
Ինչպե՞ս։ Անգլիացի հովանավորների բարեխոսությամբ Էմինին բրիտանական բանակի սպայի կենսաթոշակ հատկացվեց։ Բարձր զարգացման հասած հասարակության հաջողությունն էր, որ ազդեցիկ անհատները, Էմինի անձնական հատկանիշները գնահատելով, պետական աջակցություն ապահովեցին… թեև նա վերջին տասնամյակներին համագործակցում էր Ռուսական կայսրության հետ՝ ընդդեմ թուրքերի։ Մինչդեռ քաղաքական խոհանոցին ծանոթ մարդիկ գիտեին, որ երբ Էմինը վարչապետ Ուիլյամ Փիթին էր ներկայացնում իր հակաթուրքական ծրագրերը, Մեծ Բրիտանիային անհրաժեշտ էր, որ Օսմանյան կայսրությունը հարձակվի Ավստրիայի վրա՝ թուլացնելով իր հակառակորդների ճամբարը։

Կալկաթայի Սուրբ Նազարեթ հայկական եկեղեցին, 1824
Փիթը, անշուշտ, դա չի խոստովանել Էմինին, ինչպես նաև՝ մեկ ուրիշ բան. որ հայ վաճառականները դեռ լրջագույն մրցակից էին անգլիական Արևելա-հնդկական ընկերության համար՝ Հարավ-արևելյան Ասիայի կարևորագույն շուկաներ նվաճելու ճանապարհին, իսկ Իրանում եղել էին անհաղթահարելի արգելք։ Էլ չասած՝ վաճառականների դասից սերված Գորգին (Գրիգոր) խանի մասին, որը որպես Բենգալիայի բանակի գլխավոր հրամանատար կռվեց անգլիացիների դեմ և նույնիսկ մի անգամ հաղթեց՝ իր բանակում ունենալով ութ հայ հազարապետ, հարյուրի չափ այլ հայ սպաներ։
Ժ. Ժամանակի խորթ որդին
Էմինը վախճանվեց 1809 թվականին, 83 տարեկանում, դժգոհ իր թափած ջանքերի արդյունքից։ Մինչ այդ՝ 1800-ին, մահկանացուն կնքել էր Էլիզաբեթ Մոնթեգյուն՝ «տիեզերքի թագուհին», ինչպես նրան դիմում էր Էմինը նամակներից մեկում։ Դքսուհին նրա անխոնջ աջակիցը եղավ համարյա կես դար։ 1798-ին մահացել էր Շահամիր Շահամիրյանը, որը սկզբում համեստ դերձակ էր եղել Մադրասում, բայց կյանքի վերջում ուներ ծխախոտի պլանտացիաններ, ֆաբրիկաներ, 52 միլիոն ոսկե ֆրանկ։ Այդ ժառանգությունը նրա զավակները չծառայեցրին հայրենիքի կարիքներին։ 1797-ին մահացավ Էդմունդ Բըրքը։
Էմինը կարող էր մահվան մահճում հպարտ լինել, որ մինչև վերջ ապրեց որպես գաղափարի մարդ։ Եթե նա համարում էր, որ գերությունից պետք է ազատի հայությանը, ուրեմն անձնական օրինակով էր դա ապացուցում։ Սեփական ուժերին հիմնվելն առաջնային դիտարկելով հանդերձ՝ նա անդուլ կերպով փնտրում էր դաշնակիցներ, նախ և առաջ՝ հարևան Վրաստանում։ Էմինը սթափ միտք ուներ, բայց ինչ աներ, եթե «վրացական երազանքը» Ռուսաստանի հովանին էր, որի շահերը կայսրության բանակները դեռ նորից չէին ուղղել Կովկաս։
Էմինը չազատագրեց հայրենիքը, բայց իր գործերով, նաև անգլերեն մի գրքով պատմեց աշխարհին, որ իր ժողովուրդն ունի պատմություն, ձգտում է անկախության։ Նրա սուր գրիչը հաճախ ծաղրեց երկչոտ հայ վաճառականներին, հնազանդություն քարոզող եկեղեցականներին, հեգնեց վրացիների փոփոխամտությունն ու զվարճասիրությունը, բայց և պնդեց, թե իր հայկական արյունն է, որ թույլ չի տա իրեն շողոքորթել, գովաբանեց վրացիների քաջությունը։ Կարելի է երկար թվարկել Էմինի առաքինությունները, բայց որպես ժառանգություն՝ նա հետագա սերունդներին թողեց ազատարար հերոսի իր աննկուն կերպարը, որն ազգային ինքնություն է կերտում և քաղաքակրթության լույսին ուղղում հայրենակիցների հայացքը։
0:00:53 «Նորին մեծությունը հարցնում է՝ ո՞վ եք դուք»
0:04:22 ա. առանց գույքի, կյանքի, արժանապատվության երաշխիքի
0:07:37 բ. բանակի, անկախ պետության երազանքը
0:11:15 գ. գնալ Եվրոպա կրթություն ստանալու
0:16:36 դ. դիպվածը
0:23:00 ե. եկել է Հայաստան ուղևորվելու ժամանակը
0:28:46 զ. զենքից առաջ՝ քաղաքականություն
0:36:39 է. Էմինը երազում է ռուս-թուրքական պատերազմին մասնակցելու մասին 0:40:26 ը. ընդհանրական մի նոր ծրագիր
0:43:36 թ. թոշակառու սպա
0:45:04 ժ. ժամանակի խորթ որդին
Պեղումներ
ՁայնաՊատում
Պեղումներ. Լորդ Բայրոնը լողում է Մխիթարյան միաբանություն, հայերենի դասի
Քիչ են մարդիկ, ում անունով դար է կոչվել։ Լեոյի նման անողոք պատմաբանը հայոց XVIII դարը կոչում է Մխիթարյան, իսկ թե ինչու և ինչպես էր հենց Մխիթար Սեբաստացին արժանացել այդ տիտղոսին, բացահայտում է Վահրամ Մարտիրոսյանի նոր պատումը։
Read moreՊեղումներ. Երևանի 1724 թվականի ինքնապաշտպանությունը
1724 թվականին Երևանն օսմանյան բանակին մի քանի ամիս դիմադրեց՝ այդպիսով ամիսներ շարունակ քաղաքին գամելով թուրքական ուժերը, ինչը թույլ տվեց Արցախին ու Սյունիքին պարզած պահել ապստամբության դրոշը, որն ավարտվեց միայն 1730-ին։
Read moreՊեղումներ. Ջղային ջուղայեցիներ
Թե՛ Օսմանյան կայսրությունում, թե՛ Պարսկաստանում քրիստոնյա գյուղացիները, արհեստավորները մի կերպ գոյատևում էին, բայց կար մի խավ, որը կարող էր դուրս գալ տեղական սահմաններից՝ վաճառականները։ Այս գործընթացի առանցքում անսպասելիորեն հայտնվեցին հայերը։ Նրանց մեծ մասը սերում էր Արաքսի ափի մի կիրճում սեղմված Ջուղայից։
Read moreՊեղումներ. Ողջույն, Ժան-Ժակ Ռուսսո
Ժամանակակից գերմանացի փիլիսոփա Յուրգեն Հաբերմասի կարծիքով, հանրային ոլորտը հենց սրճարանում է սկսել կայանալ։ Առաջին սրճարանները, դրանց դերն ու այդ գործում հայերի ունեցած ավանդն է գրող, թարգմանիչ Վահրամ Մարտիրոսյանի «Պեղումներ. Հայոց ծանոթ և անծանոթ պատմությունից» շարքի երրորդ անդրադարձի առանցքում։
Read moreՊեղումներ. Հակոբ Մեղապարտի հետ՝ դեպի Վենետիկ
Հայերեն գիրքը թե՛ ազգային ինքնությունը պահպանելու հզոր գործիք դարձավ, թե՛ հնարավորություն մուտք գործելու գիտության, տեխնիկայի և տեղեկատվության զարգացման դարաշրջան։ Հակոբ Մեղապարտը, նրա գործունեությունն ու կենսական անհրաժեշտություն գրքերի տպագրման ուղին է գրող, թարգմանիչ Վահրամ Մարտիրոսյանի «Պեղումներ. Հայոց ծանոթ և անծանոթ պատմությունից» շարքի երկրորդ անդրադարձի առանցքում։
Read moreՊեղումներ. «Ալքիմիկոսը»՝ Մկրտիչ Նաղաշ
XV դարում է ստեղծագործել պանդխտության առաջին հայ երգիչը, որի անունն է բոլորին հայտնի գրականության դասագրքերից, բայց՝ ոչ կյանքը։ Մկրտիչ Նաղաշը, նրա ժամանակաշրջանն ու իրադարձություններն են գրող, թարգմանիչ Վահրամ Մարտիրոսյանի «Պեղումներ. Հայոց ծանոթ և անծանոթ պատմությունից» շարքի առաջին անդրադարձի առանցքում։
Read more