
Հայկ նահապետի «հաջողության գաղտնիքը» քննող, ժամանակի հեռահար զենքի՝ նետուաղեղի տեխնոլոգիային անդրադարձող ՁայնաՊատումը, որտեղ հեղինակ Վահրամ Մարտիրոսյանն առավել մանրամասն է ներկայացնում իրավիճակն ու ավելի շատ փակագծեր բացում, քան հոդվածում։
«…Մարդկային ցեղը սփռվում, տարածվում էր ամբողջ երկրի լայնության վրա` բազմամբոխ հսկաների, անչափ կատաղիների և ուժեղների մեջ»,- նկարագրում է Պատմահայր Խորենացին վաղնջական ժամանակները։ Կարծես «Միլիոն տարի մեր թվարկությունից առաջ» ֆիլմն էի նայում, որն առաջինը համաշխարհային կինոյում գունագեղ ու գրավիչ պատկերեց նախնադարը։ Հենց «բազմամբոխ հսկաների, անչափ կատաղիների և ուժեղների» միջավայրում էր, որ մեր նախահայր «Հայկը… խրոխտանալով ձեռք բարձրացրեց Բելի բռնատիրության դեմ»։ Հայկի ու Բելի օրոք homo sapiens-ը՝ բանական մարդը, արդեն որոշ ճանապարհ էր անցել, բայց բարքերը դեռևս շատ դաժան էին։
«Այս ժամանակ ամեն մի մարդ կատաղած՝ սուրն ընկերի կո՛ղն էր խրում, ձգտում էր մյուսներին տիրելու, երբ Բելին պատահմամբ հաջողվեց բռնանալ և ամբողջ երկիրը գրավել»,- շարունակում է Խորենացին։
Բանալի բառը «պատահմամբ»-ն է։ Ահա թե ինչու է Հայկը ապստամբել։ Բելը չի եղել ամենաարժանին՝ հավասարների թվում, որը հետագայում խելքով կամ ուժով ամրագրել է այդ իրողությունը, այլ ինչ-որ պատեհություն է օգտագործել, որպեսզի իշխանության հասնի… ապա մյուսներին ճնշի։ Ընդունե՞լ բռնակալի գերակայությունը և ապահով ու բարեկեցիկ ապրել, թե՞ ազատությունն ընտրել։ «Վառվռուն աչքերով» Հայկը չի համակերպվում։ «Հայկը, չկամենալով սրան հնազանդվել ……. չվեց, գնաց Արարադի երկիրը»։
Նա մեկնում է հյուսիս, որը ևս մեկ լուրջ զոհողություն է՝ այդ ժամանակի աշխարհում կար ընդամենը մի քանի օջախ, որտեղ զարգանում էր քաղաքակրթությունը։ Դրանք հարավում էին՝ մերձարևադարձային կամ հասարակածային դրախտում։ Ավելին, պատկերը շատ տարբեր չէ նույնիսկ Խորենացու ժամանակ։ Ինչպե՞ս է «Ողբի» նախաբանում նա կոչում հայ ժողովրդին՝ «վեհագույնդ հյուսիսային ազգերի մեջ»։
«Դու ցուրտ սառնամանիքների մեջ բնակվեցիր,— դիմում է Բելը Հայկին,— սակայն տաքացրու և մեղմացրու քո հպարտ բնավորության ցուրտ սառնությունը և, ինձ հնազանդվելով, խաղաղ ապրիր, որտեղ որ կհաճես իմ երկրում բնակվել»։
Թեկուզև Բելը «պատահմամբ» է տիրել իշխանությանը, բայց տեսեք, թե ինչ հմուտ է խոսքի արվեստին՝ «մեղմացրու քո հպարտ բնավորության ցուրտ սառնությո՜ւնը»։ Բայց Հայկի վրա Բելի պերճախոսությունը չի ազդում՝ մերժում է նրան։ Ի պատասխան՝ Բելը «զորքի մեծ բազմությամբ» գալիս է նրա դեմ։
Իսկ ո՞վ էր Բելը։
Նա հիշատակվում է տարբեր ժողովուրդների առասպելներում նաև Նիմրոդ, Հսկա Նիմրոդ անուններով։ Հին հունական դիցաբանության մեջ Նիմրոդը տիտան է՝ հսկաների դասից, որին Զևսը կործանեց՝ նոր աստվածների իր խմբով հաստատվելով Օլիմպոս լեռան վրա։ Տիտանյան Բելը հայտնի է նաև որպես Բաբելոնի տիրակալ, մի շարք հին ժողովուրդների աստված կամ գլխավոր աստված։ Միջագետքի սեմական ցեղերն ու ժողովուրդները Բել («տեր») կամ Մարդուկ են կոչել Շումերի Էնլիլ աստծուն, տաճար են նվիրել նրան ճարտարապետության ծաղկուն պարտեզներից մեկում՝ Պալմիրայում։ Նույնիսկ հունգարացիները, որոնց նախահայրենիքը շատ հեռու էր ժամանակի քաղաքակրթական կենտրոններից (Սիբիրն է կամ Միջին Ասիան), Բելին նույնացրել են հոների և իրենց միացյալ նախահոր հետ, որին կոչում են… Սպիտակ Եղջերու։
Բելը բավականաչափ հապաղել էր, փորձել բանագնացների միջոցով խնդիրը լուծել, բայց որքան էլ հսկաները երկար էին ապրում, և ժամանակը դեռ դանդաղ էր, եթե ոչինչ չձեռնարկեր, նրա, այսօրվա բառերով, քաղաքական հեղինակությունը կսասանվեր, ուրիշ դյուցազուններ ևս կհետևեին Հայկի օրինակին։

Հայկ Նահապետի արձանը Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի մոտակայքում, որտեղից 1975 թվականին տեղափոխվել է Նոր Նորքի բնակելի զանգված։ Քանդակագործ՝ Կառլեն Նուրիջանյան։ Լուսանկարի աղբյուրը
Բելին պատերազմի են ուղեկցում «անմահ քաջեր և երկնագեղ հասակով» հսկա ռազմիկներ, մի մեծ ամբոխ՝ երևի ավարի ախորժակով եկած։ Հայոց նախահայրն արդեն հիմնել է Հայկաշեն բնակավայրը, «մի երկայնանիստ լեռան մոտ»՝ սա Արարատի բառապատկերն է, որտեղ ապրող «սակավաթիվ մարդիկ… կամովին հնազանդվել են» դյուցազնին։ «Ուշիմ ու խոհեմ, գեղագանգուր ու զվարթաչյա» Հայկը շտապ հավաքում է իր զորքը՝ «որդիներին ու թոռներին՝ թվով շատ նվազ, քաջ և աղեղնավոր մարդկանց»։
Ճակատամարտի ընթացքում, որ հայ պատմագիտական ավանդույթը թվագրում է մ.թ.ա 2492 թվականով, Հայկը «երեքանկիւնի» զորակարգով է դուրս գալիս «Բելի բազմաթիվ ամբոխի անկարգ հրոսակի» դեմ (Խորենացի)։ Բելին անակնկալի է բերում սակավաթիվ հայկյանների ուժեղ դիմադրությունը, նա «զարհուրում» ու հետ է քաշվում։ Ի՞նչ պիտի աներ Հայկը։ Եթե հասկանում է, որ ճակատամարտը հաղթանակով չավարտելու դեպքում պատերազմը կերկարի և հայերը չեն դիմանա՝ ուժերը չափազանց անհավասար են։
Պատմա-առասպելական ժամանակներին, իհարկե, կվայելեր մենամարտը, բայց Բելը մտադիր չէ լքել բազմամարդ թիկնազորի անվտանգ գոտին։ Հայկն առաջ է գալիս, ինչքան թույլ է տալիս ռազմադաշտի վիճակը։ Արձակում է նետը։ Բելն առավելագույնս զրահապատ է։ «Թիկունքի և կրծքի վրա պղնձե տախտակներ» են, «սրունքներին ու թևերին՝ պահպանակներ»,- մանրամասնում է Պատմահայրը։
Հայկի նետը ծակում է Բելի զրահն ու թիկունքից ընկնում ցած։ Բելի զորքը փախչում է։
Ո՞րն էր Հայկի «հաջողության գաղտնիքը»։ Փնտրենք պատմության դասագրքերում, որոնք, ի վերջո, «Հայոց պատմության» տարբեր հրատարակությունների ստվար հատորների ամփոփումն է։ VI դասարանի պատմության դասագիրքը այսպես է բացատրում Հայկի հաղթանակը՝ նա դյուցազուն էր։
Մեկ ուրիշ առարկայի դասագրքում էլ՝ «Հայոց եկեղեցու պատմության», որն այլևս չկա դպրոցական ծրագրում, Հայկն իր նետով հետևից ճեղքում է Բելի նետը, որն արդեն խրվել էր թիրախի մեջտեղում։ «Այսպես Հայկ Նահապետը նետաձգությամբ հաղթեց Բելին և իր գերդաստանով հեռացավ Բաբելոնից»։ Այո, Հայկը դյուցազուն էր, ինչը գնահատում են պատմաբանները, բայց Բելն էլ պակաս հսկա չէր։ Երկրորդ՝ ՀԱԵ պատմության դեպքում պարզ չէ՝ ինչու Հա՛յկը պետք է հեռանա Բաբելոնից, եթե ավելի դիպուկ է, քան Բելը։
Խորենացու պատմության մեջ նետաձգության մրցման մասին հիշատակություն չկա՝ դասագրքի հեղինակներն են հորինել, բայց «դանդաղ ընթերցումը» կարող է օգնել գտնել այն նախադրյալները, որոնց շարադրանքով Պատմահայրը հիմնավորել է Հայկի գերազանցությունը։ Զուտ ճակատամարտը գլխավոր դրվագի արդյունքն այն է, որ Հայկը խոցում է Բելին, բայց ինքն անհասանելի է մնում հակառակորդի նետերին, ուրեմն… գերազանցում է հակառակորդին «տեխնոլոգիապես»։ Ինչպե՞ս է դա արտահայտվում, ինչպիսի՞ն պետք է լիներ ժամանակի հեռահար զենքը՝ նետուաղեղը, կատարյա՛լ նետուաղեղը։
- Հեռաթռիչ
Հայկը «մինչև վերջը քաշում է լայնալիճ աղեղը»,- գրում է Խորենացին։ «Լիճը» աղեղնափայտի և լարի միջև տարածությունն է։ Որքան «լիճը» մեծ է, այնքան նետը հեռու է թռչում։ Ուրեմն, աղեղը պետք է երկար լինի։ Աղեղի համար ամեն ծառ պիտանի չէ՝ փայտը պետք է ամուր լինի, բայց նաև ճկվի… ճկվի, բայց չջարդվի։ Շումերները, դիցուք, չեն ունեցել աղեղնավոր զորքեր։ Կան պատմաբաններ, որոնք կարծում են, որ պատճառը համապատասխան ծառերի բացակայությունն է։ Որո՞նք էին այդ ծառերը։ Տխլենին՝ Córylus avellána, և կենին՝ Taxus։ Այդ ծառերն աճում են Հայաստանում։
Տխլենին հանդիպում է Սյունիքում։ Մյուս ծառը՝ կենին, տարածված է թե՛ Սյունիքում, թե՛ Տավուշում, ամենամեծը (25 մ) գտնվում է մարզի Աղավնավանք գյուղի մոտակայքում։ Կենին աճում է դանդաղ, ապրում՝ 2-3 հազար տարի։ Այս ծառի փոքրիկ, վառ կարմիր, բայց ոչ ուտելի պտուղների ողկույզներն ուշադրություն են գրավում անտառում՝ կհիշեք։ Ծառի հայերեն անուններից մեկը… նետածառ է։ Ուրեմն, Հայաստանի բնությունը թույլ էր տալիս աղեղներ պատրաստել։ Մեջբերեմ Քսենոփոնին։ Նա գրում է -«տարածաշրջանային» նետաձիգների մասին «Անաբասիս» գրքում. «Նետարձակման ժամանակ նրանք լարը ձգում էին՝ ձախ ոտքը դնելով աղեղի ներքևի ծայրին»։ Եթե նետաձիգը ոտքը դրել է աղեղի «ներքևի ծայրին», ուրեմն այն ունեցել է 2 մետրից ոչ պակաս երկարություն, որպեսզի կենտրոնը հավասար լիներ միջահասակ մարդու կրծքավանդակին, ինչը լարը ձգելու հիմնական դիրքն է։
Աղեղնալարը ոլորվում էր կենդանիների ջլերից և պետք է լիներ թե՛ ձիգ, թե՛ դիմացկուն։ Հուշում ապագայից. հռոմեացի պատմիչ Դիոն Կասիոսը (մ.թ. 155-235 թթ.) նկարագրում է մի ճակատամարտ, երբ «բարբարոսները» չեն կարողացել հռոմեացիներին վերջնականորեն հաղթել, քանի որ «անդադար նետահարումից [նրանց] աղեղների ջղերը» պոկվել են։
Լայն «լիճը», ձիգ ու դիմացկուն լարը կարող էր այնպիսի առավելություն տալ սովորական նետուաղեղի համեմատ, ինչպես հրացանը՝ ատրճանակի։
Հուշում ապագայից. սեպագիր արձանագրություններում նշված է, որ Արգիշտի II-ի նետը կտրել-անցել է 950 կանգուն՝ 490 մետր տարածություն։ Ժամանակակից օլիմպիական խաղերում նետաձիգի և թիրախի միջև հեռավորությունը 70 մետր է։ Դա չի նշանակում, թե պետք է շտապել և նախնիներին գերհզորությամբ… կամ պարծենկոտությամբ բացատրել նման արդյունքը։ Այսօր նույնպես հեռավորության ռեկորդները հասնում են 4-5 հարյուր մետրի։
2.Ամուր, բայց ոչ ծանր
Նետը պետք է ծանր չլիներ, որպեսզի հեռու թռչեր։ Նետերը պատրաստում էին եղեգնից կամ փայտից։ Եղեգնը թեթև է, բայց դյուրաբեկ, փայտը պինդ է, բայց ծանր։ Հուշում ապագայից. նույն Քսենոփոնը, արդեն՝ «Կյուրոպեդիա» վեպում, տեղեկություն է տալիս նաև հայկական-«տարածաշրջանային» նետերի չափի մասին։
«Հելլենները, երբ այդպիսի նետերը ձեռք էին բերում, կաշվե փոկեր հարմարեցնելով, օգտագործում էին տեգի փոխարեն»։
Տեգը նիզակի փոքր տեսակն է։ Ուրեմն, դրանք եղել են մեծ, ամուր, բայց թեթև նետեր։
3.Անկասելի սլաք
Առասպելին բնորոշ չափազանցությու՞ն է, թե՞ իսկապես Հայկի նետը կարող էր ծակել Բելի զրահը։ Եթե այն պղնձից էր, այո, կարող էր՝ բրոնզե՛ սլաքով, որը պղնձի և անագի խառնուրդ էր։

Օրիոնը հունական առասպելական որսորդ էր, որի անունով համաստեղություն են անվանել։ Հայերը նույն համաստեղությունը կոչել են Աղեղնավոր՝ Հայկի անունով։ Աղբյուրը
«Հայաստանը գրավում է մեր ուշադրությունը որպես հնագույն մետաղագործության գլխավոր օջախներից մեկը, որը սկսել է գործել առնվազն հինգ հազար տարի առաջ»,- գրում է բրիտանացի պրոֆեսոր Դեյվիդ Մարշալ Լանգը (1924-1991), իսկ պատմաբան Հակոբ Սիմոնյանի հնագիտական վերջին հայտնագործությունների համաձայն, Հայքում «երկաթը կիրառվել է դեռևս Ք.ա. III հազարամյակի երկրորդ կեսին: Այսպես` երկաթե դաշույններ են հայտնաբերվել Դորակի և Ալաջա Հույուկի` Ք.ա. III հազարամյակի II կեսով թվագրվող դամբարաններից: Երկաթե սանձ է հայտնաբերվել Ներքին Նավերի N 1 դամբարանից, երկաթե մանգաղաձև զենք` Վերին Նավերի IB արքայական դամբարանից և այլն»: Ներքին ու Վերին Նավերը Աշտարակից հեռու են ընդամենը 3 կմ։ Այսինքն, Հայկի նետի սլաքը կարող էր նաև երկաթից լինել։
Քսենոփոնը «Կյուրոպեդիա» վեպում պատմում է «տարածաշրջանային» նետաձիգների մասին մի արժեքավոր տեղեկություն էլ է տալիս. «Նրանց արձակած նետերը ծակում էին վահաններն ու լանջապանակները»: Հայաստանում վաղ ժամանակների երկաթներ պեղած Հակոբ Սիմոնյանի կարծիքով, «Հայկի և Բելի հերոսապատումը ոչ թե առասպել է, այլ` ավանդապատում կամ վաղ իրապատում», իսկ «Հայկի ժառանգների բնակեցումը Արագածոտնում հավաստվում է իրեղեն փաստերով՝ հնագիտական հետազոտություններով և տեղանքի վերլուծությամբ»:
Հուշում ապագայից։ Նետաձգության մեծ դերի վկայություն է նաև Սլաք անունով նահապետի գոյությունը։ Բառը նշանակում է հենց նետ կամ նետի սուր ծայրը։ Ըստ Խորենացու, այս «դժնյա», բայց քաջ մարդուց է ծագել Սլկունի նախարարական տոհմը։ Խորենացին վստահ չէ՝ Սլաքը Հայկի սերնդի՞ց է, թե՞ «նրանից առաջ մեր երկրում ապրողներից», բայց Հայկի հրամանով նա հաջողությամբ հսկել է լեռնանցքերը և որսով ապահովել բանակը։
Անհրաժեշտ էր, իհարկե, նաև վարպետություն. Հայկը պետք է Բելի կրծքավանդակի պղնձե «փափուկ» տախտակներին դիպչեր, ոչ թե «երկաթե սաղավարտին»։
Եվս մեկ հուշում ապագայից։ Ռազմիկի հմտության հիմքերից մեկն ավանդույթն է, իսկ նետաձգությունը մինչև մ.թ. X դար եղել է հայկական «ազգային» ռազմարվեստ։ Դիոն Կասիոսը համարում է, որ Տիգրան Մեծին նետաձիգներն են հաղթանակ բերել Արածանիի ճակատամարտում, մ.թ.ա. 69 թվականին։ Նրանց նետերի սլաքների մի թևը շարժական էր, մնում էր վերքի մեջ, այսինքն՝ ավելի ծանր հետևանքներ էր ունենում վիրավորների համար։
Տասնյակ հիշատակություններ կան նաև բյուզանդական շրջանի ճակատամարտերում հայ նետաձիգների վճռորոշ դերի մասին։
Ուրեմն, Հայկի հաղթանակը Բելի հանդեպ որքան էլ առասպելական, բայց պայմանավորված էր «լայնալիճ» աղեղով, որը տեխնոլոգիական կատարելություն էր պահանջում, և մի շարք այլ հատկանիշներ։
Խորենացու «Պատմության» Հայկին նվիրված մի քանի էջի «դանդաղ ընթերցումը» միայն «խելացի» զենքի և մարտավարական մի որոշման մասին ահա այսքան վերլուծության նյութ է տալիս և «ուշիմ ու խոհեմ հսկայի» կերպար գծում։
Որքանո՞վ է կարևոր, որ Հայկը հենց այդպիսին է, և արդյո՞ք բոլոր ժողովուրդների նահապետերը փառահեղ հերոսներ չեն։ Պատմաբան Ստեփան Մալխասյանցը Հայկին հակադրում է հռոմեացիների նախահայր Հռոմուլոսին, որի «առաջին գործը եղել է իր սննդակից եղբորը սպանելը», իսկ այսօրվա հույների նախահայր Հելլենն էլ «այն քարերից է առաջացել, որոնք նրա հայր Դևկալիոնը վերցնում էր գետնից ու շպրտում իր հետևը»։ Անվանական նահապետ չունեն անգլիացիները, ֆրանսիացիները, իսպանացիները, ռուսները, ճապոնացիները…
2017-ին անցկացվել է Հայաստանի տարածքում հայտնաբերված 7800 տարեկան չորս կմախքի միտոքոնդրիալ ԴՆԹ-ի (mitochondrial genome) հետազոտություն, որը պարզել է, թե նրանց ամենամոտը ժամանակակից հայերի գենն է («Genetic evidence for an origin of the Armenians from Bronze Age mixing of multiple populations». European Journal of Human Genetics. 24 (6): 931–936O)։ Իհարկե, դա չափազանց հեռու ժամանակաշրջանն է, որպեսզի «հայու գենի» որոշ քանակը դեր խաղա։ Ավելի կարևոր է, որ ազգը կերտվում է նահապետի «պատկերով և նմանությամբ»։ Մեր անվանադիր Հայկը, ինչպիսին նրան ավանդել է Խորենացին, հրաշալի ժառանգություն է՝ իր «վառվռուն աչքերով», այլ կերպ կասեինք՝ հրաչյա-հուր-աչյա, ազատասիրությամբ ու բարեհաճությամբ դեպի այլ ազգերը՝ ժողովրդավարական կառավարմամբ. նրան միայն «կամովին» են ենթարկվել «նրանից առաջ մեր երկրում ապրողները»։
Պեղումներ
Հայոց ծանոթ և անծանոթ պատմությունից
Պեղումներ. Ու՞մ և ինչու՞ է Խորենացին իրականում կոչել Տիգրան Մեծ
Արքայազն Տիգրանը Քսենոփոնի վեպում զգացմունքային է, պերճախոս, անձնվեր։ Իսկ Խորենացին նրան համարում է թագավորներից ամենահզորը, ամենախոհեմն ու քաջը։ Ինչու՞ Պատմահայրը չի զսպում իր զգացմունքները՝ անդրադառնալով Տիգրանի ժամանակաշրջանին, մեկնաբանում է Վահրամ Մարտիրոսյանը։
Read moreՊեղումներ. «Ալքիմիկոսը»՝ Մկրտիչ Նաղաշ
XV դարում է ստեղծագործել պանդխտության առաջին հայ երգիչը, որի անունն է բոլորին հայտնի գրականության դասագրքերից, բայց՝ ոչ կյանքը։ Մկրտիչ Նաղաշը, նրա ժամանակաշրջանն ու իրադարձություններն են գրող, թարգմանիչ Վահրամ Մարտիրոսյանի «Պեղումներ. Հայոց ծանոթ և անծանոթ պատմությունից» շարքի առաջին անդրադարձի առանցքում։
Read moreՊեղումներ. Հակոբ Մեղապարտի հետ՝ դեպի Վենետիկ
Հայերեն գիրքը թե՛ ազգային ինքնությունը պահպանելու հզոր գործիք դարձավ, թե՛ հնարավորություն մուտք գործելու գիտության, տեխնիկայի և տեղեկատվության զարգացման դարաշրջան։ Հակոբ Մեղապարտը, նրա գործունեությունն ու կենսական անհրաժեշտություն գրքերի տպագրման ուղին է գրող, թարգմանիչ Վահրամ Մարտիրոսյանի «Պեղումներ. Հայոց ծանոթ և անծանոթ պատմությունից» շարքի երկրորդ անդրադարձի առանցքում։
Read moreՊեղումներ. Ողջույն, Ժան-Ժակ Ռուսսո
Ժամանակակից գերմանացի փիլիսոփա Յուրգեն Հաբերմասի կարծիքով, հանրային ոլորտը հենց սրճարանում է սկսել կայանալ։ Առաջին սրճարանները, դրանց դերն ու այդ գործում հայերի ունեցած ավանդն է գրող, թարգմանիչ Վահրամ Մարտիրոսյանի «Պեղումներ. Հայոց ծանոթ և անծանոթ պատմությունից» շարքի երրորդ անդրադարձի առանցքում։
Read moreՊեղումներ. Ջղային ջուղայեցիներ
Թե՛ Օսմանյան կայսրությունում, թե՛ Պարսկաստանում քրիստոնյա գյուղացիները, արհեստավորները մի կերպ գոյատևում էին, բայց կար մի խավ, որը կարող էր դուրս գալ տեղական սահմաններից՝ վաճառականները։ Այս գործընթացի առանցքում անսպասելիորեն հայտնվեցին հայերը։ Նրանց մեծ մասը սերում էր Արաքսի ափի մի կիրճում սեղմված Ջուղայից։
Read moreՊեղումներ. Երևանի 1724 թվականի ինքնապաշտպանությունը
1724 թվականին Երևանն օսմանյան բանակին մի քանի ամիս դիմադրեց՝ այդպիսով ամիսներ շարունակ քաղաքին գամելով թուրքական ուժերը, ինչը թույլ տվեց Արցախին ու Սյունիքին պարզած պահել ապստամբության դրոշը, որն ավարտվեց միայն 1730-ին։
Read moreՊեղումներ. Լորդ Բայրոնը լողում է Մխիթարյան միաբանություն, հայերենի դասի
Քիչ են մարդիկ, ում անունով դար է կոչվել։ Լեոյի նման անողոք պատմաբանը հայոց XVIII դարը կոչում է Մխիթարյան, իսկ թե ինչու և ինչպես էր հենց Մխիթար Սեբաստացին արժանացել այդ տիտղոսին, բացահայտում է Վահրամ Մարտիրոսյանի նոր պատումը։
Read moreՊեղումներ. Միայնակ Ազատարարը` Հովսեփ Էմին
Հովսեփ Էմինն իր գործերով, նաև անգլերեն մի գրքով պատմեց աշխարհին, որ իր ժողովուրդն ունի պատմություն, ձգտում է անկախության։ Կարելի է երկար թվարկել Էմինի առաքինությունները, բայց որպես ժառանգություն՝ նա հետագա սերունդներին թողեց ազատարար հերոսի իր աննկուն կերպարը, որն ազգային ինքնություն է կերտում և քաղաքակրթության լույսին ուղղում հայրենակիցների հայացքը։
Read more