
Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր՝ հեղինակի ընթերցմամբ։
Հայ գրող, թարգմանիչ, հրապարակախոս, գրականագետ Զապել Եսայանի (1878-1943) նամակները երկար տարիներ հավաքել ու գրքով ամբողջացրել է գրականագետ Արփիկ Ավետիսյանը՝ մայրական տատիկս (Զապել Եսայան, Նամակներ, Երևան, 1977): Նամակների ժողովածուն լիակատար համարել չի կարելի, քանի որ կազմողը նախաբանում այդպես էլ գրել է. «Մեր ձեռքի տակ եղած ոչ բոլոր նամակներն են տեղ գտել սույն հատորում»:
Այն, որ «ձեռքի տակ եղած» որոշ նամակներ չեն հրատարակվել, համոզվեցի ինքս, երբ թղթապանակ առ թղթապանակ ուսումնասիրում էի տատիկիս անձնական արխիվը: Ժամանակի ընթացքում «Ինքնագիր» հանդեսում, «Հետք»-ում, «Մեդիամաքս»-ում հրապարակվել են անտիպ նյութեր այս արխիվից: Վերջերս հանդիպեց հերթականը՝ Զապել Եսայանի նամակը՝ Հովսեփ Փուշմանին:
Փուշմանն ամերիկաբնակ հայ գեղանկարիչ էր: Ծնվել էր Դիրաբեքիրում, սակայն ընտանիքը, թուրքական կոտորածներից փրկվելու նպատակով, հեռացել էր ԱՄՆ:
1926-ին ապրում էր Փարիզում և գլխավորում Փարիզի հայ նկարիչների «Անի» խմբակցությունը, որին անդամակցում էին մոտ քսան հայ արվեստագետներ՝ Էդգար Շահին, Հակոբ Գյուրջյան, Հովհաննես Ալխազյան, Ռաֆայել Շիշմանյան և ուրիշներ: «Անի»-ի կազմակերպած ցուցահանդեսներին մասնակցել է նաև Մարտիրոս Սարյանը:
Զապել Եսայանի այս նամակը՝ ուղղված Փուշմանին, ընդգրկված չէ նամականիում: Չկա նաև ավելի ուշ՝ 1985-ին լույս տեսած առանձնատիպում, որտեղ ևս Եսայանի անտիպ նամակներն էին:
Նամակի բնօրինակը Եղիշե Չարենցի անվան Գրականության ու արվեստի թանգարանի արխիվում է, ոչ թե Զապել Եսայանի, այլ Հովսեփ Փուշմանի արխիվում:
Տատիկիս արխիվում նամակը մեքենագիր էր, ուղղագրությունը՝ մասամբ փոխված արևելահայերենի:
Ձեռքի տակ եղած տարբերակը համեմատելով բնօրինակի հետ՝ շտկվել է, ուստի՝ ստորև տպագրվող նամակն ամբողջությամբ համապատասխանում է բնօրինակին:
«15 դեկ., 1925, Փարիզ
Սիրելի պարոն Փուշման,
Զգացի, որ անձամբ չի կրցայ ձեզ յայտնիլ բոլոր զգացումներս. չի կրցայ յայտնիլ, որովհետև ինչ որ յայտնվեցաւ ինձ յանկարծական էին և իմ տպավորութիւնս խառն էր: Այսօր և երէկ իրիկուն երկարորեն մտածեցի, երբեմն տխրեցայ, երբեմն բարկացայ, երբեմն ուրախացայ և ամէն ինչ կշռելով իմ հոգւոյս խորքին մէջ և այդ բոլորը իրար խառնելով տեսայ, որ մաքուր և զուտ ուրախութիւնը կը մնար գուռային մէջ և մնացածը կը ցնդէր ինչպէս ծուխ: Այդ ուրախութիւնը հետևանքն էր այն բարեկամական վերաբերմունքին, որ վեհանձնութիւնն ունեցեր էիք ցույց տալու ինձ նկատմամբ: Ասիկա պզտիկ բան չէ: Անշուշտ այդ վարմունքը ցույց տալով դուք և ձեր տիկինը հետևած եք ձեզ ներքին իսկութեան անմիջական տրամադրութիւններուն: Առիթը ես էի պատահմամբ, կրնար ուրիշ մեկը ըլլար: Ասիկա ցոյց կուտայ ձեր խոր զգացումներուն տևական վիճակը: Ես անուղղակի առիթ եղայ, որ ձեր գեղեցիկ հոգիին մեկ ճառագայթը ճաճանչէ պայծառութիամբ:
Ուրեմն ինձ կը մնայ երախտապարտ ըլլար անոնց, որ չարիք ընիլ ուզեցին և ավելի մեծ բարիքի մը պատճառ եղան: Անշուշտ պետք չի կար այդ փաստին ինձ համար: Իմ կեանքի բերումով հազարավոր մարդիկ ճանչնալու առիթ ունեցած եմ և ընդհանրապէս յստակութեամբ կ՝ որոշեմ, գրեթե առաջին ծանոթութեան, մարդոց ներքին յատկութիւնները: Բայց նույնիսկ շատ համոզուած բանի մը մեկ նոր ապացոյցը ունենալը հաճոյք և ուրախութիւն կը պատճառէ և ահա թէ ինչու՞ ուզեցի ձեզ յայտնիլ իմ զգացած ուրախութիւնս:
Օր մը իմ ֆրանսացի բարեկամներես մեկը, որ գիտուն փիլիսոփայ մըն էր, ինձ կ՝ըսեր: Մեկու մը յատկութիւնները կամ արժանիքները ըմբռնելու և գնահատելու համար մարդս պետք է ունենայ իր մէջ նման բան մը: Արդեոք մե՞ծ յավակնութիւն է իմ կողմես մտածիլ, որ բան մը կար իմ մէջ, որով կարող եղայ ձեր ընտանիքին բոլոր անդամներուն սքանչելի յատկութիւնները զգալ և գնահատիլ: Ամէն պարագային սա ճշմարիտ է, որ կզգամ, թէ այն կերպ որ գնահատիմ ձեր վարմունքը, ինձ որոշ կերպով մասնակից կ՝ընե անոր գեղեցկութեան և հետևաբար ինձ կը բարձրացնե և որուն համար դարձեա՜լ ձեզ երախտապարտ եմ:
Ինչպես չարիք մը իր ներշնչած զայրույթով, ատելութիւնով մարդս կը մղէ անարժան զգացումներու և երբեմն այնպիսի վիճակ մը յառաջ կը բերե, որ չարիքը ըստ ինքյան նվազ մեծ կ՜լլայ, քան անոր ենթարկուողին մեջ ծնունդ առնող վատ զգացումները, այնպես ալ բարիքը և առավել ևս բարիքը չի սահմանափակուիր իր առանձին գործունեության մէջ և յառաջ կը բերէ ուրիշ բարիքներ, որովհետև անիկա լույսի պես կը ճառագայթէ: Միայն թէ պետք է կույր չ՝ըլլալ և ընդունիլ այդ ճառագայթները:
Ահա թէ ինչպես, այդ պատահած դեպքին մեջ զեղջեցի բոլոր միւսներուն վատ դերերը և յիշողութեանս մէջ պահեցի միայն ձեր դերը. այնպես որ հիմակ միայն ուրախութիւն կզգամ, երբ միտքս կ՜երթայ այդ խնդրի վրայ:
Այդ ոգևորութեամբ ամբողջ օրը աշխատեցայ և կարծեմ լավ գործ կատարեցի
(որքան ինձ համար կարելի էր). վեպ մը սկսած եմ գրիլ, որը եթե յաջողիմ վերջացնիլ այն շունչով, որ սկսայ, կը կարծիմ, թե իմ լավագոյն գործս պիտի ըլլայ: Ձեզ կը համարձակիմ մասնակից ընել իմ յոյսերուս, համարելով ձեզ և տիկինը իմ ամենասերտ բարեկամներս:
Ահա իմ գլխաւոր մտահոգութիւնս այս է և այս կարգի բաներ և որոնցմե կախում ունի իմ և զավակներուս ապագան և ոչ թե այն փցան էնթրեկները և անարժան և նախանձոտ գալարումները, զորս կը նախընտրիմ թողուլ ուրիշներուն:
Կը խնդրեմ, որ ընդունիք իմ ջերմ զգացումներս և յայտնեք սիրալիր բարևներս ձեր սիրելի Տիկինին և որդվոցն:
Ձերդ միշտ անձնուեր
Զապել Եսայան
Յ. Գ. — Անհրաժեշտ կը համարիմ ձեզ հաղորդիլ, որ Վարդանյանը այդ խնդրին վրայ խոսեր էր Չուպարին, որը ինձ խոսեցաւ հարևանցի: Որոշ շրջանակներու մէջ շատ նեղացած են և որոշած են միջոցներ ձեռք առնիլ: Ինձ համար պարզ է, որ ամէն կերպով ինձ կը պաշտպանին, եթե հարկ ըլլայ: Այս մանրամասնութիւնը կը գրեմ, որ գիտնաք, թե եթե դուրսը խոսուի այս մասին, չի կարծեք, թե ես եմ, որ անգաղտնապահութիւն ըրած եմ: Այդ խնդիրը կրնայ դառնալ ծանր խնդիր մը: Ես չի գիտնալ ձևացուցի՝ ինչպէս որ հարկ էր:
Ներեցեք նամակիս անկանոն ոճին: Շատ բան ուզեցի ըսիլ և շատ քիչ բան կարողացայ յայտնիլ: Բայց ինչքան ալ ձևը թերի է, խորքը ուղղակի և հարազատ արտայայտութիւնն է զգացումներուս»:
Նամակը գրելու շրջանում Զապել Եսայանը խանդավառված էր Խորհրդային Հայաստանի զարգացման հեռանկարով: Խորհրդային Հայաստանի կառավարության հրավերով նա 1926-ին ուղևորություն պիտի կատարեր Խորհրդային Միություն, մասնավորապես՝ Հայաստան՝ ծանոթանալու հայրենիքի «վերածնությանն ու առաջընթացին»: Սփյուռքի մամուլում Եսայանը մեղադրվում էր խորհրդային կողմնորոշման համար: Փուշմանը, ամենայն հավանականությամբ, պաշտպանել է Եսայանին՝ նման մեղադրանքներից:
Այնուամենայնիվ, 1926-ին նա այցելեց Խորհրդային Ռուսաստան, ապա Հայաստան: Հայաստանում մնաց ութ ամիս:
«Երկու օր է Մոսկվա եմ և ձեզ անկեղծորեն կրնամ ըսել, որ սքանչացումի հարատև արբեցութեան մեջ եմ: …Ինքզինքս կզգամ ազատ, անկաշկանդ ու ապահով: …Սուտ է և զրպարտութիւն այն կարծիքը, որ մարդիկ վախի ու սարսափի մեջ են և լեզունին կապուած է»,- ասվում է 1926-ի հոկտեմբերի 17-ին Մոսկվայից Աննա Բուդաղյանին հասցեագրված նամակում [1]։
Արդեն 1933-ին, Խորհրդային իշխանությունների հրավերով, Զապել Եսայանը տեղափոխվում է Հայաստան, դասավանդում Երևանի պետական համալսարանում:
Այդ շրջանի, ավելի հստակ՝ 1930-ականների գրական միջավայրի մասին առայժմ ամբողջական ուսումնասիրություն չկա: Մինչ օրս ստալինյան բռնաճնշումներին զոհ գնացած գրողներն ընկալվում են՝ իբրև զոհեր, ողջ մնացածները՝ նրանց դեպի մահ ճանապարհած դահիճներ: Արխիվային փաստաթղթերը, այդ տարիների մամուլը, գրողների անձնական նամակներն ու հուշերը ներկայացնում են ցավալի մի պատկեր. այդ շրջանում ստեղծագործող գրեթե բոլոր գրողները՝ մեկ-երկու բացառությամբ, միմյանց դեմ զրպարտագրեր են գրել, այս կամ այն չափով մասնակցել են միմյանց գրական ասպարեզից ու, առհասարակ, ասպարեզից մեկուսացնելու գործին:
Արդարացումը մեկն էր՝ սարսափելի ժամանակներ են՝ դու չմատնես, քեզ կմատնեն:
Այս շրջապտույտի մեջ ստիպված էր մտնել նաև Զապել Եսայանը: Մի հատված ժամանակի մամուլից.
«Ընկ. Յեսայանը հիշատակում է մի քանի նոր, յերիտասարդ գրողների, Շահան Շահնուր, Վազգեն Շուշանյան, Նշան Պեշիկթաշլյան և այլն, վորոնք կամ քննադատում են անցած ազգայնական ուղեգիծը, սակայն յելք չեն գտնում և փաստորեն մնում են դաշնակցական շրջափակում (Շահնուր), կամ ժամանակից կյանքում չգտնելով վոչինչ մխիթարական և հուսադրիչ, դիմում են բիբլիական թեմաների վերարտադրությանը (Պեշիկթաշլյան) կամ ներբողում են ցոփությունը և զարկ տալիս պոռնոգրաֆիկ գրականությանը (Շուշանյան)»:
Սա Զապել Եսայանի դասախոսության վերարտադրությունն է «Գրական թերթ»-ում (1933, N 9): Նույն անդրադարձում այսպիսի բնութագրում կա Կոստան Զարյանի մասին.
«Այդ թերուս իմաստակը, ոչ մի մարդկային լեզվի չտիրապետող այդ գրողը մեծ համարում ունի դաշնակ մամուլում, սակայն ով կարդացել է ստահոդ, ստոր, ստապատում հիշողությունները Խորհրդային Հայաստանի մասին, կտեսնի, թե որքան ողորմելի է այդ ավանտյուրիստ իմաստակի գրականությունը»:
Զապել Եսայանի դուռն էլ, սակայն, մի օր թակում են այնպես, ինչպես Չարենցի, Բակունցի, շատ այլ գրողների դռներ:
1937-ի հունիսի 27-ին նա ձերբակալվում է` որպես օտարերկրյա լրտես:
Հետաքրքիր է, որ Զապել Եսայանի նամակների ժողովածուում էլ վերջին նամակը գրված է 1935-ին: Գրքի առաջաբանի հեղինակ, գրականագետ Սևակ Արզումանյանն էլ, նաև գրքի կազմողը՝ տատիկս, ոչինչ չեն գրել՝ իսկ հետո՞, ի՞նչ եղավ հետո Զապել Եսայանի հետ: Չէ՞ որ ակտիվ այդ կնոջ նամակները չէին կարող ընդհատվել այդ թվականին:
Չմոռանանք, որ Նամականին լույս էր տեսել 1977-ին և կրում էր այդ շրջանի կնիքը՝ լռել, չակնարկել անգամ, որ հազարավոր հայ մտավորականներ զոհ գնացին ստալինյան բռնաճնշումներին:
Հայկական ռադիոյի երկարամյա աշխատակից Կլարա Թերզյանը զբաղվել է Զապել
Եսայանի կյանքի վերջին շրջանի ուսումնասիրությամբ: Մինչ օրս ստույգ հայտնի չէ՝ ինչպես, որտեղ և երբ է մահացել Զապել Եսայանը:
Նրա հետ նույն խցում գտնվող Աշխեն Սիմոնյանի վկայությամբ, երբ իրեն էլ 1937-ին ձերբակալել են ու տարել Ներքին գործերի ժողկոմի բանտ, այնտեղ հանդիպել է Եսայանին, որն ամեն հարցաքննությունից հետո վերադառնում էր ու դառը քմծիծաղով ասում. «Այնպիսի անհեթեթ հարցեր են տալիս, որ զարմանում եմ, թե ինչպե՞ս են հորինում»:
Հերթական մի օր էլ Եսայանին տարել են հարցաքննության, բայց վերադարձել է երկու օրից միայն: Ոտքերը սարսափելի այտուցված էին. երկու օր նստեցրել էին մի բարձր տեղ և ստիպել ոտքերը կախ գցել: Այսպես տանջել էին, պահանջելով ստորագրել, որ լրտես է:
«Մի անգամ էլ եկան ու նրան ասացին. «Ձեզ կանչում են իրերով»: Դա նշանակում էր, որ կա՛մ աքսորում են, կա՛մ ազատում: Նման դեպքերում պայմանավորվում էինք կալանավորի հետ, որ եթե ազատվել է՝ մեզ որևէ բան ուղարկի, ասենք՝ սանր: Դրանից հետո կարող էինք իմանալ, որ ազատ է արձակված: Զապել Եսայանին իրերով տարան, բայց քանի որ պայմանավորված առարկան չստացանք, ենթադրեցինք, որ աքսորել են»,- պատմում է Աշխեն Սիմոնյանը:
Անցնում են ամիսներ, ու քաղաքային բանտում նա պատահաբար հանդիպում է հերարձակ Զապել Եսայանին.
«Տիկին Զապել, ո՞ւր էիք, ինչպե՞ս հայտնվեցիք:
Ասաց. «Մահվան քավարանեն կուքամ, աղջի՛կս: Մահվան քավարանե՛ն»:
Զապել Եսայանին տրիբունալը մահապատժի է դատապարտում: Սակայն գրողը դիմում է գրում Մոսկվա՝ արդարացման խնդրանքով:
Մի օր հսկիչը նկատում է, որ Եսայանն ընկած է գետնին՝ արյան մեջ կորած. արյունը հոսում է քթից, բերանից, ականջներից: Ճնշումն էր բարձրացել, և արյունահեղությունը նրան կաթվածից փրկել էր: Փոխադրում են հիվանդանոց:
Այդ ընթացքում Մոսկվայից եկել է դիմումի պատասխանը՝ մահապատիժը փոխարինվել էր տասը տարվա աքսորով:
Կան վկայություններ՝ իբրև նրան Բաքվի բանտում տեսնողներ են եղել: Մեկ այլ վկայությամբ՝ Զապել Եսայանին նավով պետք է փոխադրեին Կրասնովոդսկ: Նավի վրա փորհարությամբ է տառապել, և նրան Կասպից ծովն են նետել:
Կա մահվան մեկ ուրիշ վարկած. Բաքվում պարկի մեջ են մտցրել և գազանաբար ծեծել:
Մահվան ստույգ տարեթիվն էլ հայտնի չէ: «Պաշտոնապես» նշվում է 1943-ը, թեև Կլարա Թերզյանի աղբյուրները նշում են 1939-ը («Ազգ», 2018, մարտի 30):
Ծանոթագրություններ.
[1] Զապել Եսայանի նամակներ, Երևան, 1977, էջ 255:
Ուղղում. հոդվածի նախնական տարբերակի տողատակում ասվում էր, որ Փուշմանին ուղղված նամակը գրելու շրջանում Եսայանը սկսել է աշխատել իր «Երբ այլևս չեն սիրեր» վիպակի վրա։ Սա սխալ էր և հեռացվել է:
Տեսեք նաեւ
Զաբել Եսայան․ արդարության հույսը՝ լուցկու տուփին ի պահ տված
Սեդա Գրիգորյանն ուսումնասիրել է Հայաստանի ազգային արխիվում գտնվող Զաբել Եսայանի դատավարության փաստաթղթերը՝ 1939-ի գնդակահարության դատավճիռը, 1957-ի հետմահու արդարացվումը։ «..․ ես ավելի դժբախտ եմ, քան որևէ հանցագործ կին», դատարանում հայտարարել էր Եսայանը:
Read moreԱրևի Բրեժնևյան տարիները
«Ամնիստիան մարդասպանի վրա կարող էր ազդել, իմ նմանների վրա՝ չէ։ Կաշառքն ամենավատ բանն էր համարվում, չնայած Բրեժնևի ժամանակ կաշառքն ամեն տեղ էր՝ համատարած ու առաջին հերթին հենց իր սիստեմում․․․»
Read moreԱրևը՝ Բրեժնևից հետո. մաս 2
Պատմություն խորհրդային բանտից փրկված մի կնոջ մասին, որը «միշտ կարմիր սիրուն շրթներկով էր, Ալմոդովարյան երանգների, եսիմորտեղից գնված Շանել կոստյումներով, միշտ բարձր կրունկներով», պատմում է իր զարմուհի Էլլա Կանեգարիանը։
Read moreԱրևը՝ Բրեժնևից հետո. մաս 3
Խորհրդային բանտից փրկված կնոջ պատմությունը ներկայացնող շարքի այս հոդվածն անդրադառնում է, թե ինչպես նա գտավ աշխատանք, ինչպես ստիպված եղավ շշեր գտնելու նպատակով շրջել ԽՍՀՄ-ում, ու ի վերջո, ինչպես կարողացավ քաղաքի կենտրոնական մասում տուն ունենալ։
Read more