
Ավարայրի ճակատամարտին, դրան նախորդած ու հաջորդած իրադարձություններին է անդրադառնում Վահրամ Մարտիրոսյանի ՁայնաՊատումը, որտեղ հեղինակն առավել մանրամասն է ներկայացնում իրավիճակն ու ավելի շատ փակագծեր բացում, քան հոդվածում։
Ներսես Մեծ հայրապետի և Պապ թագավորի մահից շատ չանցած՝ IV դարի վերջին, Հայաստանը կիսվեց երկու մասի. ուժեղ թագավորներ հաճախ չեն ծնվում՝ Պապի կորուստը եղավ անդառնալի։ Հայքի Արևմտյան մասում թագավորությունը դադարեց գոյություն ունենալ 387-ին՝ այն սկսեց կառավարել Հռոմից ուղարկված կոմսը։ Արևելա-հայկական պետությունը Պարսից Վռամ V արքայից արքան (420/421-439) վերացրեց 428 թվականին՝ թագավորի փոխարեն նշանակելով մարզպան… «Մեր հայրենիքի պատմության ավարտ» է կոչում դա Մովսես Խորենացին։
Հայ Արշակունիները եղան վերջին գահատոհմը, որը տիրում էր ամբողջ Հայաստանին։ Նրանցից միայն չորս-հինգ դար անց Հայքի առանձին նահանգներում առաջացան նոր թագավորություններ՝ Բագրատունիների և Արծրունիների գահակալությամբ, որոնք… ի դեպ, հարկատու էին օտարներին և մեկ-երկու դար գոյատևեցին։ Ավելի երկարակյաց (շուրջ երեք դար) և ուժեղ պետություն էր առեղծվածային ծագմամբ Կիլիկիայի թագավորությունը, որը, սակայն հեռու էր բուն հայկական հողերից։

Հազկերտ II, պարսկական մանրանկար` Ֆիրդուսու «Շահնամե» պոեմի XVI դարի պատկերազարդումներից
Սասանյան Պարսկաստանի արքա Վռամ V-ը մասնատեց Հայաստանը` Գուգարքը, Արցախը, մի շարք ուրիշ սահմանային նահանգներ փոխանցելով հարևան մարզպանություններին։ Նրան հաջորդեց Հազկերտ կամ Յազդիգերդ II-ը (438-457), որի անունը թարգմանվում է Աստվածակերտ։ Սա հրամայեց երկրի բոլոր ազգերին զրադաշտականություն ընդունել և գահ բարձրանալուն պես պատերազմ հայտարարեց Բյուզանդիային։ Ռազմաբեմը լինելու էր Հայաստանն ու Հայկական Միջագետքը։ Սահակ Պարթև հայրապետը շտապեց հանդիպել նրան, որպեսզի կանխի արնահեղությունը, բայց, արդեն՝ 91-ամյա, մահացավ ճանապարհին՝ Կարինից ոչ հեռու, Բլուր գյուղում, 439-ին:
Մինչև Հազկերտ II-ի գահ բարձրանալը Հայաստանում դատերը վարում էին հոգևորականները, իսկ քահանայապետը գերագույն դատավորն էր։ Հազկերտը եկեղեցուց վերցրեց դատական իշխանությունն ու մի պարսիկ մոգպետի նշանակեց գերագույն դատավոր։ Պարսիկ փոխարինեց նաև հազարապետ Վահան Ամատունուն, որին ժողովուրդը կոչում էր «վերակացու հայր». նրա գործառույթները համեմատելի են ժամանակակից վարչապետի պաշտոնին՝ նախագահական համակարգում։ Եղիշեն այսպես է նկարագրում Հազկերտի «կադրային քաղաքականությունը».
«Այնուհետև սկսեց առաջ քաշել… անարգներին պատվականների միջից և տգետներին՝ գիտունների միջից, և վախկոտներին՝ քաջ մարդկանց միջից, և էլ ի՞նչ թվեմ մեկ-մեկ՝ բոլոր անարժաններին առաջ էր քաշում, իսկ բոլոր արժանավոր մարդկանց հետ էր տանում»։
Հազկերտը կտրուկ բարձրացրեց քրիստոնյա հպատակների հարկերը։ Եղիշեն, որ ժամանակագիր էր, դրանք կոչում է «ավազակային», թագավորին անվայել։ Պարսից արքայի հեռագնա նպատակը պարզ էր՝ հարկերի միջոցով մարդկանց հասցնել կրոնափոխության։ Հուշում ապագայից` ուշ միջնադարում բոսնիական սերբերը իսլամ ընդունեցին խտրական հարկերի պատճառով։
Հարկման ենթարկվեց նաև Հայոց եկեղեցին, բայց Հազկերտն ուզում էր նաև տեսական մակարդակով ապացուցել Զրադաշտի գերազանցությունը։
Մեր պատմագիրները հայ քրիստոնյաների և այլադավանների միջև դարերի ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ կրոնական բանավեճեր են նկարագրում։ Եղիշեի «Վարդանի և Հայոց պատերազմի մասին» գրքի շուրջ կեսը զբաղեցնում են պարսիկների նամակը (այն, Զրադաշտին մեծարելով, պախարակում է քրիստոնեությունը) և հայերի պատասխանը։
Պարսիկները նկարագրում են, թե ինչպես են Զրվան մեծ աստծո որովայնից ծնվում Որմիզդն ու Ահրիմանը։ Առաջինը բարի է՝ ստեղծում է երկինքն ու երկիրը, երկրորդը չարն է, վնասում է մարդկանց իր դևերի միջոցով։ Քրիստոսի վերաբերյալ պարսիկներն աննախադեպ բան են հայտարարում՝ իբր նա ոչ միայն կույսից չի ծնվել, այլև ապօրինի զավակ է։ Նույնիսկ տալիս են իսկական հոր անունը` Բանթուրակ (որն ուրիշ ոչ մի տեղ չի հիշատակվում)։ Պարսիկներին զարմացնում է նաև, որ քրիստոնյաների աստվածը ծնվել է սովորական կնոջից։ Պատասխան նամակում հայ եպիսկոպոսները ծաղրում են նրանց. դուք հավատում եք, որ Ահրիմանն ու Որմիզդը հոր որովայնից են աշխարհ եկել, բայց կասկածում եք, որ աստված կարո՞ղ է կնոջից ծնված լինել… Իսկ այ որ Քրիստոսին ապօրինածին եք կոչել, ձեր պատիժը դժոխքի կրակներն են։ Հայերի պատասխանը, ըստ Եղիշեի, խիստ զայրացնում է Հազկերտին, հետևում է հրովարտակը այլադավանների կրոնափոխության մասին։
449 թվականին Հայոց մարզպան Վասակ Սյունին, սպարապետ Վարդան Մամիկոնյանը, Հովսեփ քահանայապետը Արտաշատում ժողով են հրավիրում՝ քննարկելու Հազկերտի հրովարտակը։ Իմանալու համար, թե ինչ էր ակնկալվում այս հավաքից, որը կանխորոշեց հետագա ճակատագրական իրադարձությունները, անհրաժեշտ է պատկերացում ունենալ գլխավոր դերակատարների մասին՝ ովքե՞ր էին նրանք։
Վասակ Սյունին եղել էր Վիրքի, այսինքն` Վրաստանի մարզպան։ Հայի նշանակումը այդ պաշտոնին շահնշահի բարձր վստահության, կառավարչի տաղանդի առկայության վկայություն էր։ Այնուհետև Հազկերտը Վասակին Հայաստանի մարզպան նշանակեց։ Մաշտոցի վարքագիր Կորյունը կոչում է նրան «խորհրդական և հանճարեղ և հառաջիմաց», որն օժտված է «աստվածաշնորհ իմաստությամբ», «շքեղ ու բարձր» դիրք է գրավում Հայոց աշխարհում և մեծապես օժանդակել է Մաշտոցի գործին։
Վարդան Մամիկոնյանը մայրական կողմից Սահակ Պարթևի թոռն էր, այսինքն՝ սերում էր Գրիգոր Լուսավորչի տոհմից։ Վարդանը կյանքը ճակատամարտերում էր անցկացրել՝ երեք տասնամյակ շարունակ, 420 թվականից, վարելով Հայոց սպարապետի պաշտոնը։
Հովսեփ հայրապետը հազվադեպ է այս իրադարձությունների առթիվ հիշատակվում։ Լուսավորչի օրերից Հայոց հոգևոր հովվի պաշտոնը եղել էր ժառանգական, բայց Սահակ Պարթևի մահից հետո նրա տոհմում արու զավակ չկար։ Հազկերտը մտադիր էր Հայոց եկեղեցու առաջնորդի պաշտոնը փոխանցել Աղբիանոսների տոհմին, որը մինչ այդ ունեցել էր կաթողիկոսներ։ Բայց հինգ տարի առաջ` 444-ին, տեղի ունեցած Շահապիվանի ժողովը հակադրվեց շահնշահին և ընտրեց Հովսեփին։
449 թվականի՛ն Արտաշատի ժողովը որոշեց. «Այս հավատից մեզ ոչ ոք չի կարող խախտել, ո՛չ հրեշտակները և ո՛չ մարդիկ, ո՛չ սուրը և ո՛չ հուրը, ո՛չ ջուրը և ո՛չ էլ որևէ այլ դառն հարված»:
Պատրաստվելով ապստամբել` Հայոց մեծամեծերը դիմեցին բյուզանդական Մարկիանոս կայսեր օգնությանը… Մարկիանոսը ոչ միայն մերժեց ծրագիրը, այլև մատնեց այն Պարսից շահնշահին։
Հայոց պատմության հետագա ընթացքում հաճախ է եղել, որ հայերս հույս ենք կապել հավատակից տերության հետ և ծանր կորուստներ կրել, ընդհուպ մինչև XIX-XX-XXI դարեր, այդ պատճառով արժե հարց տալ ամեն անգամ՝ արդյոք չափազանցված չե՞ն եղել մեր սպասելիքները, կարողացե՞լ ենք ցանկալի հովանավորի տեսանկյունից նայել Հայաստանին։ Ուրեմն՝ որո՞նք էին կայսեր վարմունքի, «դավաճանության» հավանական դրդապատճառները։
ա. Բյուզանդիան Քաղկեդոնի տիեզերաժողովն էր նախաձեռնել, և կայսրը տեղյակ էր՝ հայերը դեմ են փոփոխություններին, որոնք վերաբերում են Հիսուսի երկբնակությունը ընդունելուն։ Մարկիանոսի նախորդ Թեոդոս II-ը միաբնակության կողմնակից էր, ինչի շնորհիվ «հեզաբարո» է որակվում մեր պատմիչի խոսքում (Կիրակոս Գանձակեցի)։
բ. Նույն Թեոդոս II-ը պարսիկների հետ հաշտության էր հանգել 440-ին, որը Մարկիանոսը չէր ցանկանա խախտել. այսինքն, եթե նույնիսկ հայերն ընդունեին երկբնակությունը, նա «դրա դիմաց» հազիվ թե պատերազմեր Հազկերտի հետ, քանի որ… հոների արքա Աթիլլան գրավել էր Եվրոպայի կեսը, և բյուզանդական զորքերը պետք էին հյուսիս-արևմուտքում։
գ. Կայսրը չէր կարող չկասկածել, որ եթե հանկարծ հայերը Հազկերտին հետ մղեին իրենց սահմաններից, ձգտելու էին անկախության… Ինչպես պարսիկներից, այնպես էլ՝ բյուզանդացիներից։

Երդում Ավարայրի ճակատամարտից առաջ, Հովհ. Այվազովսկի, 1892
Հազկերտը Տիզբոն կանչեց Հայոց, ինչպես նաև Վրաց ու Աղվանից մեծամեծերին, որոնք ևս մերժել էին նրան, և պայման դրեց՝ կա՛մ ուրացում, կա՛մ աքսոր ու մահ։ Նախարարները մտածելու ժամանակ խնդրեցին։ Նույն օրը պարսիկները նրանց արգելափակեցին, կապեցին «խոնջանները»։ Դա նշանակում էր, որ նրանք չէին կարողանալու բնական ձևով հոգալ բնական պահանջները, այսինքն` հագուստն արձակելով։ Եղել են նույնիսկ ավելի նվաստացուցիչ պատիժներ, որոնց մասին Եղիշեն ասում է՝ «մինչև անգամ գրի առնել արժանի չենք համարում»։
Ի վերջո, հայ նախարարները որոշեցին առերես ուրանալ հավատը, բայց ապստամբել հայրենիք վերադառնալուց հետո։ Հազկերտը նրանց հետ դրեց 700 մոգի, որոնք, Հայաստան հասնելով, սկսեցին փակել եկեղեցիները, վերականգնել կրակապաշտությունը։ Սկսվեցին ժողովրդական հուզումներ, որոնք առաջնորդում էին հայ հոգևորականները։ Անգղ կոչվող գյուղաքաղաքի բնակիչները Ղևոնդ երեցի գլխավորությամբ հարձակվեցին մոգպետի ու մոգերի վրա և դագանակներով ծեծեցին նրանց։ Նույն կերպ վարվեցին Ռշտունյաց Սահակ եպիսկոպոսը, Արծրունյաց տնից՝ Մուշե երեցը։ Ղևոնդ երեցը քաջալերում էր եկեղեցականներին՝ բերելով Մովսես մարգարեի օրինակը, որը կոտորել էր ոչ միայն արտաքին թշնամիներին, այլև իր ազգակիցներին։
Մարզպան Վասակ Սյունին առաջարկեց հետաձգել ապստամբությունը ավելի բարենպաստ պահի՝ Հայոց շատ գնդեր, որ մասնակցում էին Հազկերտի ռազմարշավներին, ցրել էին հեռավոր ու դժվարին տեղեր, իսկ «Վրաց աշխարհի բազմաթիվ նախարարների», Եղիշեի խոսքերով, «անդարձ օտարություն» էին քշել։ Սակայն Վասակը, որին Հազկերտը խոստացել էր թագավոր օծել, եթե Հայաստանն ընդուներ Պարսից պայմանները, չստացավ հայրենակիցների աջակցությունը։
450-ի օգոստոսին Հայոց բանակը (մոտ 30.000-անոց) ասպատակեց Ատրպատականը: Պարսիկները հարձակվեցին Աղվանքի՛ վրա։ Վարդանը շտապեց հավատակիցներին օգնության և հաղթանակ տարավ Կուր գետի աջ ափին, Խաղխաղի դժվար ճակատամարտում, որին մարզպան Վասակ Սյունին չմասնակցեց՝ հետ կանգնելով կրոնափոխությանը դիմադրելու վճռից։
Հազկերտը մեծ բանակ ուղարկեց Հայաստան։ 451 թվականի մայիսի 25-ի երեկոյան հայոց ու պարսից բանակներն իրար դեմ դուրս եկան Ավարայրի դաշտում։ Եկեղեցականները միացան Հայոց զորքին ու շինական աշխարհազորայիններին, «քանի որ ոչ թե մարմնական էին համարում այդ կռիվը, այլ հոգևոր առաքինության կռիվ», ըստ Եղիշեի։

Եղիշե «Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին»,
Ավարայրի ճակատամարտը, նկարիչ Բաղեշ, 1569
Պարսիկները վախենում էին, որ թվաքանակով փոքր զորքը հույսն անսպասելի հարձակման վրա կդնի, և Ավարայրի դաշտում քաղաքի նման պարսպապատել էին իրենց ճամբարը, ինչն ապահովագրեց նրանց տհաճ անակնկալներից։
Ճակատամարտը սկսվեց հաջորդ առավոտյան, տևեց մի ամբողջ օր և ավարտվեց հայերի պարտությամբ։ Զոհվեցին Վարդան Մամիկոնյանը և այլ զորավարներ։ Կռիվն այնքան անզիջում էր, որ նույնիսկ մարտադաշտից ցրվելուց հետո զինվորները, ըստ Եղիշեի, «երբ պատահում էին միմյանց, դարձյալ սպանում էին մեկմեկու»։
Պարսիկների հաղթանակի վճռորոշ գործոններից էին մարտական փղերը, որոնց նրանք հարբեցրել էին ավելի կատաղեցնելու համար։
Հայերը, անսովոր լինելով հարավային այդ հսկաների դեմ կռվելուն, տեղյակ չէին ժամանակի «տեխնոլոգիաներին»։ Դրանցից միայն մեկին կարելի է հանդիպել Փավստոս Բուզանդի պատմության մեջ։ Բագոս Մամիկոնյանը՝ Արշակ թագավորի սպարապետ Վասակի եղբայրը մտնելով փղի տակ սրով պատռում է նրա փորը և ինքն էլ զոհվում, երբ փիղը փլվում է վրան։
Մինչդեռ հարավային երկրներում կիրառում էին մի միջոց, որը հասանելի էր նաև Հայաստանում։ Խոզերը, վարազները միայն ուղիղ են սլանում. այդ կենդանիների վրա նավթ էին քսում ու վառում, նրանք սլանում էին դեպի հակառակորդի դիրքերը, ուր հասնելով՝ խուճապահար էին անում փղերին, որոնք տրորում էին սեփական զորքին։ Սակայն Ավարայրում հարբած փղերը անպատիժ վնասեցին հայ զինվորներին։
Պարսիկները գերի տարան Հովսեփ հայրապետին, Ղևոնդ և Մուշե երեցներին, Սահակ եպիսկոպոսին։ Հայ հոգևորականները դատարանի առաջ մեղա չեկան սուրբ հավատը պաշտպանելու, նույնիսկ քրմերի ծեծելու համար։ Հազկերտը աքսորեց, ապա սպանել տվեց նրանց։
Այդ ճակատագրական օրերից համարյա տասնվեց դար անց Հայաստանում վեճեր բորբոքվեցին՝ արդյոք ճիշտ չէ՞ր հրաժարվել հավատից և վերականգնել պետությունը՝ ապստամբելու փոխարեն։ Բայց արդյոք այս real politic-ի՝ «իրատեսական քաղաքականության» ջատագովները, հակադրվելով եկեղեցական ժամանակագիրներին և ռազմական առաջնորդի՝ Վարդան Մամիկոնյանի դիրքորոշմանը, փորձո՞ւմ են դիտարկել պատմական իրողությունները հայկական շրջանակից դուրս։

Սասանյանների շրջանի կրակի տաճար Իրանում
Հազկերտը պահանջում էր կրոնափոխություն, բայց նա նույնիսկ «դասական» զրադաշտականություն չէր պարտադրում, որի ենթատեսակն են հայկական հեթանոսությունը համարում շատ հետազոտողներ, այլ մազդեզականությունը (Zurvanism, Mazdaism), որով Սասանյանները ցանկանում էին անջրպետվել Արշակունիներից։ Հազկերտի ներքաղաքական դիրքն ամուր չէր։ Կրոնափոխության արշավը նրա զիջումն էր քրմերին, այն էլ՝ ոչ նրանց ամբողջ դասին, այլ՝ մի թևին, որն այդ պահին կարող էր սպառնալ գահին։ Հուշում ապագայից։ Պարսիկ զորավար Վահրամ Չուբինը շուրջ 150 տարի անց ապստամբեց ընդդեմ Որմիզդ IV շահնշահի, գահընկեց արեց նրան և իրեն հռչակեց շահնշահ (590-591 թթ.)՝ հանուն… «իսկական» զրադաշտականության և «ավելի արդարամիտ» Արշակունյաց հարստության վերականգնման։
«Վարդանանց պատերազմի» քննադատներն ապստամբությունը համարում են ոչ ինքնաբուխ, այլ Եկեղեցու «կուսակցության» կողմից հրահրված, ծաղրում են հայերի «բարոյական հաղթանակը», բայց Հազկերտի հրովարտակն ընդվզում էր առաջացրել ոչ միայն Հայաստանում, այլև Աղվանքում ու Վիրքում։ Ապստամբել էին նաև ասորիները։
Շահնշահը միայն Քիրքուկ քաղաքում (որն այսօր Իրաքի տարածքում է) 153 հազար քրիստոնյա ասորի է կոտորել։ Այս ահռելի թվից կարելի է եզրակացնել, թե ինչպիսին է եղել դիմադրությունը։ Մեկ ուրիշ «կրոնական փոքրամասնություն»՝ հրեաները, կայսրության սրտում՝ Սպահան քաղաքում ողջ-ողջ մորթազերծեցին երկու զրադաշտական քրմի, հրապարակայնորեն. պատճառն այն էր, որ արքայից արքան արգելել էր նշել Շաբաթը և մահապատժի դատապարտել մի քանի հոգևոր առաջնորդի։ Դիմադրությունը դրդեց Հազկերտին ավելի մեծ արնահեղության։
Այսուհանդերձ, Հազկերտը շուտով հասկացավ, որ քրմերի արմատականությունը կարող է քայքայել կայսրությունը, և նահանջեց կրոնափոխության խիստ պահանջից։ Դա քրիստոնյա ժողովուրդների, ըմբոստ այլ փոքրամասնությունների իրական, ոչ թե բարոյական հաղթանակն էր հանուն դավանանքի ազատության…
Իհարկե, կարելի է երազել, որ Վասակ Սյունին հաջողեր և Հայաստանը դառնար թագավորություն՝ որպես այլընտրանքային պատմություն։ Բայց կայսրերը պակաս ուժեղ չեն real politic-ից։ Այո, Հազկերտը խոստացե՛լ էր Վասակին, բայց նա չէ՞ր դրժել խոսքը, երբ մոգերն ամրապնդվեին Հայաստանում։ Բազմաթիվ են այդպիսի խոստմնազանցությունները մեր, «մեծ տարածաշրջանի» և համաշխարհային պատմության մեջ։ Վասակը հազիվ թե կարողանար հակազդել՝ ելնելով ուժերի հարաբերակցությունից և կաշկանդված լինելով իր երկու որդու կյանքին սպառնացող վտանգով, որոնք պատանդ էին։
Եվ վերջապես՝ քանի՞ օրինակ կա, երբ որևէ ժողովուրդ, բազմաթիվ զոհողությունների գնով որևէ կրոն ընդունելուց հետո, օտարների ճնշմամբ, դարձ կատարի հի՛ն հավատին… Մանավանդ որ երկու դար անց պարսիկները՝ իրենք, իսլամ ընդունեցին՝ այդ ժամանակ էլ հայերը մազդեզականությո՞ւնը ուրանային նոր՝ արաբական կայսրության ճնշման ներքո, ազգովի։
Կա հայկական ասացվածք, թե «բզի գլխին բռունցքով չեն խփի»։ Այդպես կարելի է արդարացնել հարմարվողականության ցանկացած դրսևորում։ Դիմադրության իմաստը հաճախ հենց դիմադրությունն է՝ այն իրավիճակ է փոխում։ Նույնքան կարևոր է քավության նոխազ գտնելու գայթակղությունից խուսափելը. որքան էլ Եկեղեցին խրախուսեր կրոնական պատերազմը, այն վարելու էր և վարեց քաղաքական ու ռազմական վերնախավը, մասնակցելու էր և մասնակցեց ժողովուրդը, աշխարհազորը, որի համար քրիստոնեությունը դարձել էր ազգային ինքնության մաս։ Մի հանգամանք, որ հաշվի չեն առնում ժամանակակից շատ հայ հետազոտողներ ու մտավորականներ՝ հավանաբար անցյալի կրոնական զգացումների մասին դատելով աթեիստական դիրքերից կամ այսօրվա վիճակից, երբ հասարակության զգալի մասը քրիստոնյա է միայն կնունք-պսակ-մահ ծիսակարգերի շրջանակում։
484 թվականին Պարսկաստանը Նվարսակ վայրում կնքված պայմանագրով ճանաչեց հայերի դավանանքի ազատությունը։ Հանուն դավանանքի ազատության բարձրացրած Վարդանանց 451 թ. ապստամբությունը երեք տասնամյակ անց արդյունք տվեց… Պայմանագրին նախորդել էր այսպես կոչված «բերդերի» պատերազմը կամ, ժամանակակից լեզվով՝ պարտիզանական պայքարը։ Այն առաջնորդում էր Վարդան Մամիկոնյանի եղբորորդին` Վահանը։ Տեղի էր ունեցել մի քանի ճակատամարտ, փոփոխական հաջողությամբ։ Իսկ ապստամբության դրոշը պարզել էր վրացիների Վախթանգ Գորգասալ (գայլագլուխ՝ պարսկերեն) թագավորը՝ Թբիլիսի քաղաքի հիմնադիրը, որը մի խոշոր պարտությունից հետո հարկադրված եղավ լքել իր երկիրը։ Վահան Մամիկոնյանը Հայոց մարզպետ դարձավ։
Բացի բարձր ինքնիշխանությունից, որոշակի չափով քրիստոնեության շնորհիվ, V դարի Հայաստանում առաջացան ազգային ինքնության ևս մի քանի նոր, բայց առանցքային բաղադրիչներ։
«Պեղումներ» շարքի ընթացիկ՝ «Ինչու՞ քրիստոնեություն» ենթաշարքը Հայոց եկեղեցու պատմությունը չէ. այն պետականության արժեքների տեսանկյունից է դիտարկում կրոնն ու Եկեղեցու հաստատությունը, ինստիտուտը սկսած՝ I դարից՝ զուգահեռելով Հայաստանի քաղաքական իշխանության գործունեության հետ։ Իսկ «Պեղումների» նախորդ հոդվածներն ընդգրկում են ոչ շատ հայտնի դրվագներ ու գործիչների հայոց պատմությունից՝ սկսած Տիգրան Երվանդյանից մինչև Եվրոպայի հայկական սրճարաններ, մեր անվանադիր Հայկից մինչև գրերի գյուտ ու պատմության արձանագրման գաղտնիքներ։
Պեղումներ
Հայոց ծանոթ և անծանոթ պատմությունից
Պեղումներ. Պետական կրոն և սպանված հայրապետեր
IV դարի սկզբին արդեն Գրիգոր Լուսավորիչը նոր ուսմունքը՝ քրիստոնեությունը տարածել էր ոչ միայն ամբողջ Հայոց թագավորությունում, այլև հարակից երկրներում ևս, իսկ հոգևոր ազդեցության գոտիների ընդլայնումը մեծացրել էր Հայաստանի քաղաքական կշիռը։ Սակայն այս նույն դարում նաև ներքին հակասություններ առաջացան՝ պետության ու եկեղեցու միջև։
Read moreՊեղումներ․ Սրի և խաչի միասնությունը՝ Քրիստոնյա Հայաստան
Նոր հավատը հեշտությամբ չպետք է հաստատվեր, որ բարձրացներ հաղթանակի արժեքը, գրում է Վահրամ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով թագի ժառանգորդ Տրդատի ու Հայոց եկեղեցու ապագա հիմնադիր Գրիգորի թշնամանքի ակունքներին, Հռիփսիմյանց կույսերի՝ Վաղարշապատում հայտնվելու պատճառներին, նրանց տանջանքներին ու, ի վերջո, քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու ընթացքին։
Read moreՊեղումներ. Աստված սեր է, բոլորը հավասար են Նրա առաջ
Հայ քարոզիչները, երկրի ներսում, թե այլուր, տարածում էին նոր կրոնը՝ երբեմն զոհելով իրենց ու իրենց հարազատների անձերը, գրում է Վահրամ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով մեր թվարկության առաջին դարերում դավանանքի ընտրության ընթացքին։
Read moreՊեղումներ. Ինչո՞ւ քրիստոնեություն
Վաղուց չէ, որ խաչվել է Հիսուսը։ Ի՞նչ են խոսել Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները, որոնց քարոզչության ուղիները հատվել են Հայաստանում։ Սուրբ Հոգու հրա՞շքն են հիշել երախտագիտությամբ, թե՞ խոսել են փորձություններից, որոնց հանդիպել են քարոզչության տատասկոտ ճանապարհներին։
Read more