IV դարի Հայաստանի «վտանգավոր մասնագիտությունները»՝ թագավոր (սպանվել է 3-ը) և եկեղեցու առաջնորդ (սպանվել է 4-ը). պետության ու եկեղեցու միջև առաջացած ներքին հակասություններին է անդրադառնում Վահրամ Մարտիրոսյանի ՁայնաՊատումը, որտեղ հեղինակն առավել մանրամասն է ներկայացնում իրավիճակն ու ավելի շատ փակագծեր բացում, քան հոդվածում։
«Պեղումներ» շարքի ընթացիկ՝ «Ինչու՞ քրիստոնեություն» ենթաշարքը Հայոց եկեղեցու պատմությունը չէ. այն պետականության արժեքների տեսանկյունից է դիտարկում կրոնն ու Եկեղեցու հաստատությունը, ինստիտուտը սկսած՝ I դարից՝ զուգահեռելով Հայաստանի քաղաքական իշխանության գործունեության հետ։ Իսկ «Պեղումների» նախորդ հոդվածներն ընդգրկում են ոչ շատ հայտնի դրվագներ ու գործիչների հայոց պատմությունից՝ սկսած Տիգրան Երվանդյանից մինչև Եվրոպայի հայկական սրճարաններ, մեր անվանադիր Հայկից մինչև գրերի գյուտ ու պատմության արձանագրման գաղտնիքներ։
Գրիգոր Լուսավորիչը նոր ուսմունքը տարածեց ամբողջ Հայոց թագավորությունում, բացի այդ, նաև՝ Միջագետքում, Ատրպատականում, Հյուսիսային Կովկասում, Վրաստանում, Աղվանքում։ Նա Վրաստանի և Աղվանքի քահանայապետ ձեռնադրեց մանկահասակ թոռանը՝ Գրիգորիսին, ձեռնադրեց ընդհանուր առմամբ 430 եպիսկոպոսի, Սուրբ մյուռոնով օծեց տասնյակ հազարավոր այլազգիների։ Հոգևոր ազդեցության գոտիների ընդլայնումը մեծացրեց Հայաստանի քաղաքական կշիռը։ Դա խիստ ժամանակին էր, քանի որ Հռոմում ճգնաժամ էր՝ Տրդատի բարեկամ Դիոկղետիանոսը 305 թվականին լքեց գահն ու վերադարձավ հայրենի դալմաթիական ափեր՝ պապենական պարտեզում բանջարեղեն աճեցնելու։ Նա առաջինն ու միակն է հռոմեական կայսրերից, որն ինքնակամ հրաժարվել է թագից։ Ով գիտե՝ միգուցե Հռիփսիմեի հանդեպ անպատասխան սիրո դրդմամբ՝ ավանդությունը լռում է այդ մասին։
Դիոկղետիանոսը երկու կեսի էր բաժանել կայսրությունը՝ արևելյան մասը հետագայում հայտնի կդառնա որպես Բյուզանդիա։ Ապա այդ երկու մասում ևս իշխանությունը երկատվեց։ Կառավարման նոր համակարգը` տետրարքիան կամ հայերեն` քառապետությունը, միայն հետաձգեց պառակտումը։ 310 թվականին իրեն կայսր հռչակեց Մաքսիմինոս Դայան։ Թե՛ նա, թե՛ Արևելքի կեսար Լիկիանոսը, որի տանը ժամանակին դաստիարակվել էր Տրդատը, թշնամի էին քրիստոնյաներին։ Մաքսիմինոսը արշավանք ձեռնարկեց Հայաստանի դեմ։ Տրդատը չխուսափեց ճակատամարտից։ Դա պատմության մեջ քրիստոնյա թագավորի առաջին պատերազմն էր հանուն հավատի։ Հայոց բանակը հաղթեց, բայց Հռոմի կրոնական թշնամության վտանգը պահպանվեց մինչև 313 թվականը, երբ Կոստանդիանոս կայսրը (Flavius Valerius Aurelius Constantinus) Միլանյան հրովարտակով քրիստոնյաներին դավանանքի ազատություն շնորհեց։
Նիկիայի տիեզերաժողովը
Արևմուտքում այս հրովարտակը քրիստոնեության հաղթարշավի սկիզբն է համարվում, բայց, ըստ եկեղեցու նշանավոր պատմաբան Ադոլֆ ֆոն Հառնակի, Կոստանդիանոսը պարզապես ընդօրինակել էր հայոց արքա Տրդատին։ Մանավանդ որ միայն տասնամյակներ անց Հռոմեական կայսրության տարածքում քրիստոնեությունը դարձավ պետական կրոն։ Ինքը` կայսրը, որոշ աղբյուրների համաձայն, մահից առաջ` 337-ին, զոհեր է մատուցել հեթանոս աստվածներին (ըստ ուրիշների՝ մկրտվել է մահվան մահճում), մինչդեռ Տրդատ Մեծն օծվել էր իր հզորության բարձրակետին և առաջին թագավորն է աշխարհում, որը սրբացվել է։ Ճիշտ է, նաև՝ միակը Հայոց արքաներից, որին եկեղեցին արժանի համարեց սրբադասել… եթե հաշվի չառնենք Աբգարին, որի իսկությունը պատմագիտությունը վիճարկում է։
Կոստանդիանոս կայսրը, որ 313-ին քրիստոնեությունը հռչակել էր ընդունելի, 324-ին նախընտրելի կրոն, 325-ին հրավիրեց առաջին տիեզերաժողովը՝ համաեկեղեցական առաջին ժողովը՝ նոր ձևավորվող քրիստոնեական աշխարհի պառակտման սպառնալիքի հանդիման։
Հռոմեական կայսրության Ալեքսանդրիա քաղաքում Արիոս անունով մի հոգևորական Քրիստոսի բնության մասին գաղափարներ էր ուսուցանում, որոնք մեծ խառնաշփոթ էին առաջացրել։
Բութանիայի Նիկիա քաղաքում հավաքվեց 318 եպիսկոպոս։ Կազմը հետաքրքիր էր։ Ամենապատվավոր հյուրերը այսպես կոչված կենդանի նահատակներն էին, որոնց չարչարել էին հեթանոսները՝ նրանք միոտնանի էին, միակնանի, կռնատ, այլ խեղումներով։ Մասնակիցներից մեկը հետագայում հայտնի կդառնա աշխարհին որպես Սանտա Կլաուս։ Դա Նիկողայոս եպիսկոպոսն էր, որը մահվանից հետո սրբացվեց։ Որպես սուրբ՝ եղել է նետաձիգների, նավաստիների, նաև… լոմբարդների հովանավորը։ Հնարավոր է նա նստած է եղել հայոց պատվիրակի կողքին։
Գրիգոր Լուսավորիչն արդեն յոթանասունին մոտ էր և ավելի ու ավելի հաճախ որևէ խցում ճգնելը գերադասում էր մնացյալ գործերից։ Նա Նիկիա ուղարկեց որդուն՝ Արիստակեսին՝ հենց նա էր մեր եկեղեցու պատվիրակը։ Ժողովը, որ տևեց մի քանի ամիս, դատապարտեց Արիոսի ուսմունքը որպես հերետիկոսություն և կազմեց Հավատո հանգանակը՝ քրիստոնեական սկզբունքների հակիրճ շարադրանքը, որը պաշտոնապես ընդունում են բոլոր առաքելական եկեղեցիները: Այն դարեր ի վեր ընթերցվում է պատարագի և Ճաշու ժամերգության ընթացքում սարկավագի և հավատացյալների մասնակցությամբ։
Արիստակեսը, որը Հայաստան բերեց Հավատո հանգանակը, ըստ ժողովրդական ավանդության՝ չէր փայլում ճարտասանությամբ կամ արտաքինով։ Նիկիայում Արիոսի հետևորդները նրան ծաղրել են, թե հասարակ մշակի տեսք ունի։ «Դե, որ «մշակ» եմ՝ «մշակ» եմ, տեսեք, թե հիմա ինչ կանեմ»։ Հիշելով Քրիստոսին, որը քայլում էր ջրերի վրայով, Արիստակեսը հրաշք է գործում՝ վերցնում է արորն ու հերկում մոտակա լճակը։
Նիկիայի տիեզերաժողովը վերականգնեց համերաշխությունը քրիստոնեության մեջ, բայց երբ Բյուզանդիան պաշտոնապես ընդունեց այդ կրոնը, սրվեց Հայաստանի քաղաքական հակադրությունը Իրանի հետ, որտեղ ազգությամբ ոչ պարսիկ քրիստոնյաները մինչ այդ դավանանքի ազատություն ունեին։ Նրանք «ապրում են մեր հողում, բայց համամիտ են Կեսարի՝ մեր թշնամու հայացքներին»՝ կհայտարարի IV դարի կեսերին Պարսից շահը։
Իշխանության երկատումը Հայաստանում
IV դարի Հայաստանում նաև ներքին հակասություններ առաջացան՝ պետության ու եկեղեցու միջև։ Իշխանության ուղղահայացը երկատվեց։ Ի տարբերություն նախկին ժամանակների, երբ արքան հավասար էր աստծուն, իսկ քրմապետերը նրա սպասավորներն էին (և նրանց անունները պատմությունը համարյա չի պահպանել), այժմ Եկեղեցին էր ավելի «մոտ» Աստծուն, իսկ կալվածքներով մրցում էր միապետի հետ։ Քրիստոնեության միջազգային տարածմանը զուգահեռ Հայոց եկեղեցին դարձավ ոչ միայն ներքին, այլև արտաքին քաղաքականության գործոն, իսկ հոգևոր առաջնորդները՝ պետության ազդեցիկ դեմքեր, որոնց դիրքորոշումը կարող էր ինչպես բարենպաստ, այնպես էլ կործանարար լինել երկրի համար։ Որպես արդյունք որոշ պահերի այնքան սրվեցին քաղաքական իշխանության հետ հակասությունները, որ IV դարում Հայաստանում սպանվեց երեք քահանայապետ, իսկ չորրորդի մահվան հանգամանքները կասկածելի են։
Առաջին քահանայապետը սպանվեց Խոսրով Կոտակի օրոք (330-338), որի մականունը պահլավերենից թարգմանվում է «պստիկ»։ Խորենացին նրան համեմատում է Ալեքսանդր Մակեդոնացու հետ, որը «միայն երեք կանգուն հասակ ուներ» (շուրջ մեկուկես մետր), բայց դա «չէր խափանում նրա հոգու աշխույժը»։ (Ալեքսանդրը գրավել էր աշխարհի կեսը. թերևս՝ ոչ թե «հոգու աշխույժը», այլ մոլեգին հավակնություններն էին առաջնորդում նրան)։ Խոսրովը Ալեքսանդրից մի փոքր բարձրահասակ էր, բայց, գրում է Խորենացին, «անփույթ լինելով քաջության ու բարի հիշատակների հանդեպ` զբաղված էր զբոսանքներով, թռչնորսությամբ և այլ որսերով, որի համար էլ անտառ տնկեց Ազատ գետի մոտ, որ մինչև այսօր էլ կոչվում է նրա անունով»:
Խոսրով Կոտակի այս ժառանգությունը, որի համար նա արժանացել է Պատմահոր նախատինքին, շուտով կդառնա 1700 տարեկան՝ երանի արգելոցի նման մի հիշատակ մնար յուրաքանչյուր հայ տիրակալից։
Թագավորի մյուս «մեղքն» այն էր, որ չէր արգելել իր նախարարներին կապեր պահպանել Պարսից արքայի հետ, որը հավատակից չէր… Թեև հավատակիցն ու բարեկամը միշտ չէ, որ հոմանիշներ են։ (Վկա, թեկուզ, Եվրոպայի պատմությունը… ռուս-ուկրաինական վերջին պատերազմը, Ռուսաստանի դերը՝ 44-օրյա պատերազմում)։ Պարսից շահնշահերը այդ շրջանում նույնիսկ իրենց սատրապություններն էին հարկից ազատել, համարյա հիսուն տարով, իսկ, այ, հավատակից Հռոմին Հայաստանը հարկ էր վճարում մինչև 358 թվականը։ Արիստակես քահանայապետը իրեն իրավունք էր վերապահում կշտամբել նախարարներին՝ համարելով, որ թագավորը բավարար խիստ չէ նրանց հետ։ Մի օր էլ, 333 թվականին, երբ նա հովվապետական պտույտ էր կատարում, Ծոփքի նախարար Արքեղայոսն իր գավառում անսպասելի հարձակվեց և սպանեց նրան։
Հուսիկ Ա հայրապետին (341-347), ընդհակառակը, վրդովվեցրել էր, որ հավատակից կայսրը պարտադրում էր Բյուզանդիայից կախում ունեցող երկրներին եկեղեցիներում իր նկարը կախել։ Կամ… միգուցե այն, որ առհասարակ աշխարհիկ մարդու պատկեր էր ներթափանցել եկեղեցի։ Տիրան արքան էր գահին (339-350), նա կարող էր դա հանդուրժել՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, բայց Հուսիկ հայրապետը գետնին է գցել նկարն ու տրորել ոտքերի տակ։ Հուսիկը, ըստ Խորենացու, Տիրանին նաև ամոթանք էր տալիս «…անօրենության, պոռնկության, արվագիտության, արյունահեղության, զրկության, հափշտակության, աղքատատյացության» համար և նույնիսկ արգելեց եկեղեցի ոտք դնել։ Հուսիկ Ա-ն կնության էր առել թագավորի քրոջը` դա արգելք չհանդիսացավ, որ Տիրանը հրամայի նրան բրերով` դագանակներով, ծեծամահ անել։
Հուսիկին հաջորդեց Լուսավորչի աշակերտ Դանիել Ասորի քորեպիսկոպոսը։ Նա Տիրանին հանդիմանում էր ինչպես հին մեղքերի, այնպես էլ Հուսիկի մահվան համար։ Դանիել Ասորուն խեղդամահ արեցին Տիրանի հրամանով (347 թ.)։
Շապուհ II-ի պատկերով արծաթե ափսե, Բրիտանական թանգարան
Մինչ Հայաստանում թագավորական պալատն ու եկեղեցին վիճարկում էին առաջնությունը, երկրին սկսել էր սպառնալ մի սարսափելի վտանգ, որի անունն էր Շապուհ։ Շապուհ II-ը աշխարհի միակ արքան է, որը թագադրվել է մոր արգանդում։ Նա Պարսից գահը ժառանգել էր 309-ին և իշխեց իր ամբողջ կյանքը՝ 70 տարի։
Նա դարձավ Պարսից Ոսկեդարի հայրը, բայց՝ աղետ Հայաստանի համար։ Խորենացին գրում է, որ հայոց Տիրան արքան «հարկ վճարելով հույներին, մի մասնավոր բան էլ տալիս է պարսիկներին, և խաղաղ ապրում իր հոր նման, նույնպես ոչ մի քաջության գործ ցույց չտալով»։ Պատմական փաստերը, սակայն, թագավորի խաղաղ կյանքը չի հաստատում։ Ոչ միայն ռազմատենչ, այլև խորամանկ Շապուհը խարդախությամբ գերի է վերցնում Տիրանին և, աչքերը շիկացած երկաթով այրելով, կուրացնում է նրան Բյուզանդիային՝ զորք տրամադրելու համար։ Հայոց գահը թափուր է մնում, քանի որ կույրը իրավունք չուներ թագավորելու, բայց եկեղեցու արժանավոր առաջնորդ ևս հեշտ չի գտնվում։ Լուսավորչի ծոռները՝ Հուսիկ Ա-ի երկվորյակ որդիները, անբարո կյանք էին վարում։ Նրանք կայծակնահար են լինում, ըստ Փավստոս Բուզանդի, որպես աստվածային պատիժ, երբ Աշտիշատում գտնվող եպիսկոպոսանոցում «գինի էին խմում անառակների, պարուհիների, գուսանների ու խեղկատակների հետ» (հայ խեղկատակների մասին՝ առաջին և հազվադեպ հիշատակություն)։
350 թվականին Հայոց գահ բարձրացավ Տիրանի որդին՝ Արշակ II-ը։ Արշակը սենեկապետի բարձր պաշտոնը վստահեց Լուսավորչի թոռի թոռանը՝ երիտասարդ Ներսեսին, որը, ըստ Բուզանդի, հաղթանդամ էր, բարձրահասակ, արտակարգ գեղեցիկ և հիանալի տիրապետում էր զենքին։ Ներսեսը հասակ էր առել Կեսարիայում, վաղ տարիքում ամուսնացել Սահանդուխտի հետ՝ Մամիկոնյանների տոհմից։ Ամուսինները հրապուրված էին կրթությամբ, սիրով լի՝ իրար հանդեպ, բայց Սահանդուխտը վաղ «հանգեավ ի Տեր», միակ որդի Սահակի ծնունդից երեք տարի անց։
Արքան Ներսեսին նախ վստահեց իր հարսնախոսությունը (և նա Կոստանդնուպոլսից Արշակին կին բերեց կայսերաքույր Օլիմպիային), ապա, 353 թվականին, առաջարկեց, որ անցնի հոգևոր ծառայության և, որպես Լուսավորչի ժառանգ, ձեռնադրվի Հայոց քահանայապետ։ Իրեն ավելի հակված համարելով աշխարհիկ «անարժան» կյանքին՝ Ներսեսը մերժեց, բայց արքան անդրդվելի էր։ Ներսեսը մեկնեց Կեսարիա օծվելու։ Ըստ ավանդության, ծեսի ընթացքում մի աղավնի է սավառնել տաճարում և նստել նրա գլխին, ինչը բոլորը համարել են աստվածային բարեհաճության նշան։
Ներսես Ա-ն, որին մեր պատմիչները հիշատակում են Մեծ պատվանունով, հսկայական բարենորոգումներ է ձեռնարկում՝ ներշնչված, ըստ Խորենացու, «Արևմտյան»՝ բյուզանդական փորձից։ 354-ին Ներսեսն աշխարհաժողով է գումարում՝ եպիսկոպոսների ու նախարարների մասնակցությամբ, որտեղ
…արմատախիլ արեց անգթությունը, որ մեր երկրում ի բնե սովորական էր: Որովհետև բորոտները հալածվում էին իբրև օրենքով պիղծ ճանաչված մարդիկ… հաշմանդամները չէին խնամվում, անծանոթ հյուրեր չէին ընդունվում, օտարականները պաշտպանություն չէին գտնում։
Ներսեսը բոլոր գավառներում աղքատանոցներ է բացում, օտարանոցներ, հիվանդանոցներ, որոնց մոտիկ բնակավայրերը պետք է բաժին հանեին բերք ու բարիքից: Այս հայրապետը երբեք ճաշի չի նստել առանց աղքատների ու հաշմանդամների և անձամբ է սպասավորել նրանց։ Նա խստորեն դատապարտում է հարբեցողությունը, լեշ ու արյուն ուտելու «բարբարոսական» սովորությունը, ամուսնական դավաճանությունը, մատնությունը, վրեժխնդրությունը, արգելում է ողբ ու կոծով թաղել հանգուցյալներին՝ վայել չէ քրիստոնյային, եթե նա հավատում է հանդերձյալ կյանքին։
Ներսես Մեծը՝ պատարագելիս, ծաղկարար՝ Սահակ Վանեցի, 1672
Արշակը Ներսեսի բարենորոգումները խրախուսում է, բայց նրանց միջև առաջանում են քաղաքական հակասություններ։ Արշակը ջանում էր անկախ լինել թե´ պարսիկներից, թե´ բյուզանդացիներից, իսկ Ներսեսը վերջիններիս վստահում էր։ Բյուզանդացիները պատանդ արքայազններ Տիրիթին ու Գնելին ուղարկում են Հայաստան՝ Արշակին իրենց ուզած պահին գահընկեց անելու նպատակով։ Կույր թագավորահայր Տիրանն արքայազնների կողմն է պահում։ Արշակի պատվերով Տիրանին խեղդամահ են անում, ապա թունավորում Օլիմպիա թագուհուն, իսկ Ներսեսը մեկուսացվում է երկրի կյանքից… շուրջ տասը տարով։
Թվում է, թե այս բոլորը պետք է հանգեցներ պարսիկների հետ մերձեցման, բայց Հայաստանի ինքնիշխանության բարձրացումն անցանկալի էր նաև Երկարակյաց մականունով հայտնի Շապուհին։ Նա կանչեց Արշակին Տիզբոն։ Ամենատխուր տողերից է, որ երբևէ կարդացել եմ Հայոց պատմությունից։ Բուզանդը գրում է.
Արշակ թագավորը թեպետ և ուզում էր պատերազմ տալ, բայց Հայոց աշխարհի ողջ զորքը այս բանին չէր համաձայնվում… Հայոց աշխարհի բոլոր մարդիկ …ստիպեցին, բռնադատեցին, շտապեցրին իրենց Արշակ թագավորին, որ վեր կենա, գնա ներկայանա պարսից Շապուհ թագավորին։
Շապուհը բանտարկեց Արշակին Անդմըշն բերդում, որ կոչում էին նաև Անհուշ կամ Մոռացության բերդ՝ ոչ ոք իրավունք չուներ Պարսից արքային հիշեցնելու բերդի կալանավորներից որևէ մեկի մասին, այլապես կգլխատվեր։
Շապուհին Արշակի մասին այդպես էլ չեն հիշեցնում (բացի Դրաստամատ ներքինիի դեպքից), Հայոց գահը ժառանգում է նրա որդի Պապը (370-374), որն իր պատանեկան տարիներն անցկացրել էր բյուզանդական արքունիքում, որպես պատանդ։ Նրա գահակալության օրոք Ներսեսի Մեծի առաջ նորից բացվում են արքունիքի դռները։
Ներսես Մեծ
Նա տասնութամյա թագավորի կողքին է 371 թվականի գարնանը, Ձիրավի ճակատամարտում, մոտակա Նպատ լեռան լանջից հետևում է, թե ինչպես է Մուշեղ սպարապետը բյուզանդացիների մի գնդի օգնությամբ ջախջախում պարսիկներին։ Կարծես թե հասել էր թագի և տաճարի միջև միասնության բաղձալի պահը։ Բայց… Պապը փակում է Ներսեսի հիմնած անկելանոցները, աղքատանոցները, կուսանոցներն ու մենաստանները, արտոնում է բանակ զորակոչել հոգևորականներին ու նրանց ազգականներին (որ, այո, ազատված էին զորակոչից), ինչի շնորհիվ բազմապատկվում է բանակի կազմը, կրճատվում են վանքապատկան կալվածքները, հետ է վերցվում դեռևս Տրդատ Մեծի օրոք եկեղեցուն հատկացված 7 բաժին հողից 5-ն ու տրամադրվում ռազմական ծախսերին։ Պապը գյուղերն ազատում է եկեղեցուն տրվող տասանորդից ու պտղի կոչվող հարկից (ցորեն, գարի, յուղ, պանիր և այն)։
Ներսեսն էլ բանադրեց Պապին։ Հավանական է, որ դա «արագացրեց» Ներսեսի մահը, որը տեղի ունեցավ 373-ին։ Ընդամենը՝ շուրջ 40 տարեկանում, թեև հայկական ուշ պատկերագրությունը նրան ներկայացնում է որպես ծերունի։
Եթե հավատանք Բուզանդին, Պապն իր ձեռքով է Ներսեսին գինի մատուցել, «ըմպելիքի մեջ մահվան դեղ խառնելով», թեև արքունիքը պնդում էր, որ նա վախճանվել է թոքերի հիվանդությունից։
Պապը, որը պետությունն ուժեղացնում էր եկեղեցու հաշվին և գաղտնի բանակցություններ էր վարում Պարսից արքա Շապուհի հետ, դարձավ հերթական հայ թագավորը, որին IV հայ եկեղեցական աղբյուրները վերագրում են աշխարհի բոլոր մահացու մեղքերը, մինչդեռ հռոմեական զորավար ու պատմիչ Ամիանուս Մարկելինուսը, որը թագավորի ժամանակակիցն էր, բնութագրում է նրան որպես եռանդուն ու խոստումնաշատ գործիչ։ Եվ հենց Պապն էր, որ թույլ չտվեց Ներսես Մեծի հաջորդին Կեսարիա մեկնել՝ ձեռնադրվելու, ինչը մեծապես նպաստեց հայոց եկեղեցու անկախացմանն ու ազգայնացմանը։ Չնայած դրան, բյուզանդամետ եկեղեցու և նախարարների լուռ հավանությամբ Պապը սպանվեց բյուզանդական կայսեր հրահանգով՝ դառնալով այդ դարում սպանված երրորդ հայ թագավորը…
Պեղումներ
Հայոց ծանոթ և անծանոթ պատմությունից
Պեղումներ․ Սրի և խաչի միասնությունը՝ Քրիստոնյա Հայաստան
Նոր հավատը հեշտությամբ չպետք է հաստատվեր, որ բարձրացներ հաղթանակի արժեքը, գրում է Վահրամ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով թագի ժառանգորդ Տրդատի ու Հայոց եկեղեցու ապագա հիմնադիր Գրիգորի թշնամանքի ակունքներին, Հռիփսիմյանց կույսերի՝ Վաղարշապատում հայտնվելու պատճառներին, նրանց տանջանքներին ու, ի վերջո, քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու ընթացքին։
Read moreՊեղումներ. Աստված սեր է, բոլորը հավասար են Նրա առաջ
Հայ քարոզիչները, երկրի ներսում, թե այլուր, տարածում էին նոր կրոնը՝ երբեմն զոհելով իրենց ու իրենց հարազատների անձերը, գրում է Վահրամ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով մեր թվարկության առաջին դարերում դավանանքի ընտրության ընթացքին։
Read moreՊեղումներ. Ինչո՞ւ քրիստոնեություն
Վաղուց չէ, որ խաչվել է Հիսուսը։ Ի՞նչ են խոսել Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները, որոնց քարոզչության ուղիները հատվել են Հայաստանում։ Սուրբ Հոգու հրա՞շքն են հիշել երախտագիտությամբ, թե՞ խոսել են փորձություններից, որոնց հանդիպել են քարոզչության տատասկոտ ճանապարհներին։
Read moreՊեղումներ․ Խենթություն հայկական ձևով՝ Սասնա ծռեր
«Սասնա ծռերը» պատմական Հայաստանի մի որոշ հատվածի վեպն է, բայց հայ ժողովուրդը «որդեգրել է» այն։ Իսկ արդյո՞ք ժողովուրդն այժմ համապատասխանում է իր էպոսին։ Բնորո՞շ է, դիցուք, «Սասնա ծռերի» հերոսների վարքն այսօրվա հայությանը, որքանո՞վ ենք մենք՝ հայերս, «ծռեր»՝ միամիտ խենթեր, մեկնաբանում է Վահրամ Մարտիրոսյանը:
Read moreՄյուս ՁայնաՊատումները՝ այստեղ։