
Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր:
«Ես որ բռնվել էի, աղջկաս մանկատուն էին տարել, հետո բերեցի ինձ մոտ, մի քանի ամիս մնաց մոտս։ Տղես էստեղ ծնվեց արդեն»,- պատմում է 29-ամյա Նարեն, ով արդեն հինգուկես տարի «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում է։
Նարեն չորս երեխաների մայր է․ կալանավորվելուց հետո երրորդ բալիկին պահել է չորս ամիս, իսկ չորրորդ բալիկը մինչև վերջերս իր հետ է եղել։ Այժմ չորսն էլ տատիկի՝ Նարեի մոր խնամքի տակ են։ Ազատությունից զրկված մայրն իրավունք ունի երեխային իր մոտ՝ քրեակատարողական հիմնարկում պահել մինչև նրա երեք տարեկան դառնալը։
«Տան նման էլի, ո՞նց պիտի պահեինք, ոնց որ մի սենյականոց տան մեջ․ ամեն ինչ կար՝ «չայնիկ» ունեինք, ջուր էինք տաքացնում, լողացնում էինք, սեղան կար՝ հաց ուտելու համար։ Մեր խցերը սրանից մի քիչ են փոքր»,- նա ձեռքով ցույց է տալիս սենյակը, որը մոտ 25 քմ կլինի։ Հոգեբանի սենյակում ենք զրուցում․ բացի պատուհանի ճաղավանդակը՝ սենյակում ոչինչ չի հիշեցնում բանտի մասին։ Նարեի հագին դատապարտյալի սև պուտավոր, կիսաթև համազգեստն է, որը շոգին անհարամություն է պատճառում։
Նարեն անվտանգային բարձր գոտու խիստ պայմաններում է պահվում։ Դատապարտվել է 13 տարի ինն ամսվա ազատազրկման՝ սպանության համար։
Կին և անչափահաս կալանավորված անձինք ու դատապարտյալները պահվում են միայն «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ)։ Նշենք, որ կալանավորվածներն ինչ-որ հանցանքի համար մեղադրվողներն են, որոնց հանդեպ խափանման միջոց է ընտրված կալանքը, իսկ դատապարտյալները նրանք են, որոնց նկատմամբ արդեն իսկ դատարանի կողմից ընդունված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ։
«Աբովյան» ՔԿՀ-ում կանայք ապրում են խցային և կացարանային պայմաններում։ Կալանավորվածները պահվում են միայն խցերում։ Դատապարտյալների համար սահմանված է անվտանգային երեք գոտի՝ ցածր, միջին և բարձր։ Յուրաքանչյուր գոտին ունի մեղմ և խիստ պայմաններ։ Ցածր գոտու և միջին գոտու մեղմ պայմաններում պահվողներն ապրում են կացարանում, իսկ միջին գոտու խիստ և բարձր գոտու պայմաններում պահվողները՝ խցում։
Կացարանների համար նախատեսված մասնաշենքը կանանց տեղամաս է կոչվում, իսկ խցերինը՝ մեկուսարան։ Մեկուսարանի խցեր մտնել մեզ չթույլատրեցին, սակայն տեղամասային հատվածում կարողացանք շրջել։
Մեկուսարանի կանայք ձգտում են տեղափոխվել տեղամաս կամ, ինչպես իրենք են ասում, «զոն»։ Այստեղ ազատություններն անհամեմատելիորեն շատ են, իսկ պայմանները՝ մեղմ․ օրինակ, ցերեկային ժամերին ազատ ելումուտ են անում բակ, մինչդեռ խցում ապրողներն ունեն օրական 1-2 ժամ զբոսանքի իրավունք, սնվում են ճաշարանում, կա նաև խոհանոց, որտեղ կարող են իրենց հանձնուքը կամ իրենց գնած սնունդը տաքացնել կամ կերակուր պատրաստել, իսկ խցում ապրողները սնունդը ստանում և ուտում են հենց խցի ներսում։ Այստեղ կա նաև անձնական իրեր պահելու սենյակ, լվացքատուն և այլ առավելություններ։
Ամենակարևորը՝ տեղամասում կա վճարվող աշխատանք ունենալու հնարավորություն։ Հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Նունե Միքայելյանն ասում է, որ տեղամասում ապրողների 99 տոկոսն աշխատանք ունի և վարձատրվում է նվազագույն ամսական աշխատավարձի չափով (ներկայումս՝ 75.000 դրամ)։
«Զոնում» ավելի ազատ ես, աշխատանք կա․ իմ մաման «29+» նպաստառու ա (պետական նպաստ ստանալու համար սահմանված միավոր,- հեղ․), վարձով ա ապրում, չորս երեխայի խնամքն իր վրա։ Գոնե ես իջնեի «զոն», աշխատեի, հիգիենայի մինիմալ բաները տնից չէի ուզի։ «Զոն» իջնելու խնդիրը բոլոր դատապարտյալներն ունեն, պայմանները լավ են»,- ասում է Նարեն։
Տեղամասի կացարաններից մեկը կիսադատարակ ընդարձակ տարածք էր, որի պատերի տակ մահճակալներն ու անձնական իրերի պահարաններն էին դրված։ ՔԿՀ աշխատողները պատմում էին, որ տարիներ առաջ այդտեղ մի քանի տասնյակ դատապարտյալ կար, մինչդեռ այդ պահին ընդամենը վեցն էին, իսկ թե՛ տեղամասում, թե՛ մեկուսարանում պահվող դատապարտյալների ընդհանուր թիվը 28 էր։ Վիճակագրական կոմիտեի տվյալներն էլ ցույց են տալիս, որ տարեցտարի կին դատապարտյալների թիվը նվազել է․ օրինակ, 2015-ին եղել է 218 դատապարտյալ, 2022-ին՝ 75։
«Երեխային զիջվել ա»
Նարեն երեխա պահելու փորձ ունի թե՛ մեկուսարանում, թե՛ տեղամասում․ տեղամասի նոր մասնաշենքի վերանորոգումից հետո նա տեղափոխվել է այստեղ, որտեղ երեխա ունեցող կանանց համար առանձին սենյակներ կան․
«Էս մասնաշենքը նոր բացվել ա, առաջին ապրողը ես ու իմ տղեն ենք եղել։ Էնտեղ էլ եմ ազատ տարածքում զբոսանքի գնացել, էստեղ էլ, էնտեղ էլ եմ փակ դռան հետևը եղել, էստեղ էլ։ Մի տարբերությամբ՝ էստեղ տաք ջուր կար ժամը հինգից ինը»։
Երբ տեղափոխվել է տեղամաս, կացարանային սենյակում միայնակ է եղել երեխայի հետ․
«Իմ երեխան շատ չար էր, աշխույժ էլի, մի վայրկյան աչքդ թարթում էիր՝ մի բան կփշրեր, մատիտներով պատին կգրեր։ Մենակով շատ դժվար էր,- Նարեի դիմումով իր կացարան կալանավորված կին են բերել, ով օգնել է իրեն երեխայի խնամքի հարցերում,- Եթե հիվանդություն ա եղել, հիմնարկը լուծում տվել ա։ Չի եղել, որ երեխան ջերմություն ունենա՝ չկարողանամ դիմել քաղաքային հիվանդանոց կամ դեղորայք չունենամ։ Դեղորայք, եթե չեն ունեցել, կա՛մ բժիշկն ա բերել, կա՛մ հիմնարկի պետը։ Եթե զիջելու հարց ա եղել, երեխային զիջվել ա: Մենակ դժվարությունը էն ա, որ չորս պատի մեջ ես ու դուռը փակ ա»։
Ն․ -Էստեղ ավելի չարացնում են մարդկանց։
Հեղ․ -Դուք ավելի չարացա՞ծ եք հիմա։
Ն․- Չէ, ես բնավորությամբ չար մարդ չեմ, չեմ չարանում ոչ մեկի նկատմամբ։ Բայց ես հինգուկես տարի է՝ չորս պատի մեջ եմ, թող մեկը գա, իմ տեղը մի ժամ մնա։ Բուժքույրերը գալիս են ճնշում չափելու, դուռը փակվում ա, սրտները կանգնում ա։ Լավ, դատում եք, պատիժ պիտի կրենք, ուղարկեք դատվածներիս «զոն», գոնե աշխատենք, շարժվենք, շփվենք մեկս մեկի հետ։
Ն․ -Կանանց գողականն էլ մեկը մյուսից բամբասելն ա։
Հեղ․ -Հիմա, օրինակ, մենք քննարկում ենք մեկի կյանքը, ի՞նչ է փոխվում դրանից։
Ն․- Ոչ մի բան չի փոխվում, բայց երևույթը սիրուն չի, որ տվյալ մարդը էստեղ չի ու մենք իր կյանքը քննարկենք։
Հեղ․ -Լուծում կա՞ դրան։
Ն․- Ուղղակի զբաղվածություն էլի, որ բոլորն անխտիր աշխատեն, որ պարապ չմնան, նստեն մեկը մեկի կյանքը քննարկեն։
Հատված՝ Նարեի հետ զրույցից
Նարեն պատմում է, որ, ի տարբերություն այլ դատապարտյալների, երեխա ունեցողների խցում թույլատրվում են նաև երեխային անհրաժեշտ իրեր, օրինակ, օրորոց․
«Եթե խցեր կան, որ սառնարան չունեն, ապա երեխամայրերի դեպքում դա պարտադիր ա»։
Տեղամասի վերանորոգումից հետո որոշ խնդիրներ լուծվել են։ Օրինակ, «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ, իրավաբան Նարե Հովհաննիսյանը պատմում է, որ նախկինում իրենց այցերից մեկի ժամանակ տեղամասում ապրող մի կին դժգոհել էր, որ կացարանում չկա սանհանգույց ու ստիպված է երեխային սրբիչի մեջ փաթաթած ցուրտ միջանցքով տանել-բերել լոգարանից կացարան։ Նաև երեխային չէր կարող քնած կամ մենակ թողնել կացարանում և գնալ լոգարան՝ լողանալու կամ լվացք անելու։ Մեկ այլ խնդիր էր նաև, որ սանհանգույցներն առանց զուգարանակոնքի էին, ինչը բոլորովին հարմար չէ հղի կնոջ համար։ Ներկայումս նոր մասնաշենքում հղի կամ երեխա ունեցող կնոջ համար նախատեսված սենյակներում կան սանհանգույցներ, որոնք նաև բարձր զուգարանակոնքով են։
Տեսանելի ֆիզիկական անհարմարություններից է խորդուբորդ ասֆալտով բակը, որտեղ սայլակով հնարավոր չէ երեխայի հետ զբոսնել։ Նունե Միքայելյանն ասում է, որ մյուս մասնաշենքի վերանորոգման հետ բակի ճանապարհներն էլ կնորոգվեն, նախատեսվում է նաև մինչև երեք տարեկանների համար կանաչապատ զբոսահրապարակ կառուցել։
Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, փաստաբան Դավիթ Թումասյանը, ով նաև ազատությունից զրկված կանանց վերարտադրողական իրավունքների մասին հետազոտության համահեղինակն է, նշում է, որ հետազոտության արդյունքում եկել են այն եզրահանգամանը, որ հիմնարկում կարիք կա մոր և մանկան սենյակ ունենալու, որը հագեցած կլինի զարգացնող խաղերով՝ լեգոներ, կոնստրուկտորներ և այլն։ Նաև պետք է վերանայել ՔԿՀ-ում մեծացող երեխայի համար նախատեսված սննդամթերքի, հանդերձանքի, հիգիենայի պարագաների տեսականին ու քանակը։
Ի դեպ, թե՛ տեղամասում, թե՛ մեկուսարանում նույն սնունդն են ստանում, սակայն, անհասկանալիորեն, մեկուսարանի դատապարտյալները դժգոհ են դրանից, իսկ տեղամասինը՝ շատ գոհ։ Սրա մասին նշում է նաև իրավապաշտպան Նարե Հովհաննիսյանը։
Լինել մայր՝ անազատության մեջ
Ազատությունից զրկված մայրերն էլ տարբեր են։
«Մենք մայր ենք ունեցել, որ երեխային պահել է իր մոտ, որ օգտվի արտոնություններից՝ առանձին խուց, առանձին սնունդ և այլն։ Բայց ունեցել ենք մայր, որ նույնիսկ հեռախոսով դաս է սովորել երեխայի հետ»,- ասում է Նունե Միքայելյանը։
ՔԿՀ այցելության, իսկ հետագայում փորձագետների հետ զրույցների ժամանակ կարմիր թելի պես անցնում էր այն միտքը, թե արդյոք երեխան ընդհանրապես պետք է գտնվի ՔԿՀ-ում։
«Ես ամերիկյան բանտում եմ եղել, որտեղ երեխայի ծնվելուց անմիջապես հետո վերցնում էին երեխային․ սա դաժան է մոր համար, բայց բաժանումն ավելի դժվար է, երբ երեխան երեք տարեկան է դառնում»,- ասում է Միքայելյանը։
Փաստաբան Դավիթ Թումասյանն ասում է, որ երեխային մոր հետ թողնելը կամ մորից հեռացնելը պետք է հստակ դեպքերում քննարկվի՝ հաշվի առնելով երեխայի լավագույն շահը։ Օրինակ, նույն ԱՄՆ-ում կիրառելի են երկու տարբերակն էլ՝ երեխային մորից վերցնելու և երեխային մոր հետ թողնելու։ Կան միգրացիոն գործեր, երբ կինը հղի վիճակում կամ մանկահասակ երեխային կրծքին/մեջքին կապած ապօրինի սահման է հատում՝ վտանգի ենթարկելով թե՛ իր, թե՛ երեխայի առողջությունն ու կյանքը։ Սա կարող է հիմք լինել սահմանափակելու կնոջ ծնողական իրավունքները և երեխայից բաժանելու։
Նրա խոսքով, երեխային ծնողի մոտ չթողնելու հարցը կարող է քննարկվել նաև այն դեպքում, երբ կինը դատապարտվում է առանձնապես ծանր հանցագործության համար երկարատև պատժի, օրինակ, 20 տարվա ազատազրկման դատապարտված կինը երեխային իր մոտ երեք տարի պահելուց հետո նրան կարող է շուրջ 17 տարի չտեսնել, իսկ ցմահ ազատազրկման դեպքում՝ նաև երբեք։ Ի դեպ, ներկայումս հայաստանյան օրենսդրությամբ հղի և մանկահասակ երեխա ունեցողները նույնպես կարող են դատապարտվել ցմահ ազատազրկման։ Քրեական օրենսգրքի 68-րդ հոդվածով, ցմահ ազատազրկման չեն կարող դատապարտվել միայն անչափահասները։
Միևնույն ժամանակ, Դավիթ Թումասյանը շեշտում է, որ երեխայի՝ մոր հետ լինելը կարևոր է երկուսի համար էլ․ երեխան ստանում է մայրական ջերմություն ու խնամք, իսկ մայրն իրեն պիտանի է զգում, նրա վերասոցիալականացումը և ՔԿՀ-ից հասարակություն վերադարձը հեշտությամբ է կատարվում․
«Մենք պետք է դիտարկենք ոչ միայն փաստը, որ երեխան ՔԿՀ-ում է, այլ թե ինչ պայմաններում է գտնվում նա և այդ պայմաններն ինչպես են ապահովվում՝ ելնելով երեխայի լավագույն շահից»։
Թումասյանի խոսքով, եթե մայրը չունի բավարար ծնողավարական հմտություններ կամ հավելյալ արտոնություններ ունենալու համար է երեխային իր մոտ պահում, ապա այդ խնդրի լուծումը տալիս է «Սոցիալական աջակցության մասին» օրենքը․
«Սոցիալական աշխատողը պետք է գնահատի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի կարիքն ու պահանջմունքները և տա մասնագիտական գնահատականներ։ ՔԿՀ-ում կա սոցիալական աշխատող, հոգեբան և նրանք պետք է վերանայեն կոնկրետ անձի վերասոցիալականացման ծրագիրն ու սկսեն նրան որպես ապագա մայր ձևավորել։ Ազատությունից զրկված կնոջ խնդիրը փաստ ընդունելու և նրան իր խնդրի հետ մենակ թողնելու փոխարեն պետք է լուծել այդ խնդիրը»:
Նարեն պատմում է, որ մայրերի ու երեխաների հետ շփումը հիմնարկի անձնակազմի ուշադրության կենտրոնում է․
«Մայր ես, չէ՞, կարաս երեխայի հետևին մի հատ թեթև տաս, ընկեր Միքայելյանը կգա, կասի՝ չի կարելի։ Ինձ հետ տենց դեպք եղել է, հետևին տվել էի կամաց, ասեց՝ մայրականից կզրկենք»։
Այս դեպքը Նունե Միքայելյանը նույնպես հիշում է։ Ասում է, որ բոլոր մասնագետներն էլ շատ աշխատանք են տանում մայրերի հետ, որ իրենց վարքը գնահատեն, փոխեն, նաև ըմբռնումով են մոտենում․
«Մենք մայր ենք, հասկանում ենք, որ խցային պայմաններում իրոք դժվար է երեխա պահելը»։
«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Նարե Հովհաննիսյանը նույնպես նշում է, որ հիմնարկ իրենց այցելությունների արդյունքում եկել են եզրահանգման, որ կան մայրեր, ովքեր ծնողավարության հմտությունների պակաս ունեն և դժվարություններ են ունենում երեխաների խնամքի, դաստիարակության հարցում։
Հիմնարկ այցելությունների ժամանակ վերհանել են նաև այն խնդիրը, որ երեխային իր մոտ պահող մայրերը թիրախավորվում են մյուս ազատազրկվածների կողմից․
«Մի կին, ով խցային պայմաններում էր այդ ժամանակ, ասում էր՝ երեխային զբոսանքի չի հանում, որովհետև մյուսները ռեպլիկներ են անում՝ թե ինչ մի լավ տեղ է, որ ինքն եկել է, երեխուն էլ հետն է բերել»:
Հաշվի առնելով վերհանված խնդիրները, կենտրոնը նաև ծնողավարման հմտությունների վերաբերյալ դասընթաց է անցկացրել ազատազրկված մայրերի շրջանում։
Դուռը խփում էր, ասում էր՝ բացե՛ք, «պռագուլկա»
Անազատության մեջ երեխաները, սովորաբար, բնակվում են մայրերի հետ։ Սակայն Քրեակատարողական օրենսգրքի 90-րդ հոդվածով սահմանվում է, որ անհրաժեշտության դեպքում կարող է ստեղծվել մանկան տուն՝ երեխաների բնակության և զարգացման պատշաճ պայմաններով և, որ դատապարտյալն այստեղ կարող է տեղավորել իր մինչև երեք տարեկան երեխային և աշխատանքից ազատ ժամերին շփվել նրա հետ՝ առանց սահմանափակման։
«Աբովյան» ՔԿՀ-ում մանկան տուն չկա։ Նունե Միքայելյանն ասում է, որ այս պահին մանկան տան անհրաժեշտությունն էլ չկա, քանի որ այն նախատեսված է միայն դատապարտյալների համար, իսկ այս պահին հիմնարկում միայն մեկ կալանավորված կին է ապրում՝ իր մինչև մեկ տարեկան երեխայի հետ․
«Չեմ կարող ասել՝ հետագայում կունենանք մանկան տուն, թե՝ ոչ»։
Օրենսգրքի նույն հոդվածով սահմանվում է նաև, որ քրեակատարողական հիմնարկին կից մանկան տանը պահվող երեխայի երեք տարին լրանալուց հետո քրեակատարողական հիմնարկի պետը կարող է մանկան տանը երեխային պահելու ժամկետը երկարաձգել մինչև ծնողի պատժի ժամկետի ավարտը, եթե պատժի ավարտին մնացել է երեք տարուց ոչ ավելի ժամանակ։
«Մենք դեպք ենք ունեցել շատ տարիներ առաջ, երբ թույլ են տվել մինչև վեց տարեկանը՝ մինչև մոր ազատվելը մնալ։ Երբ երեխան դուրս է եկել, տեսել է մեքենաները, հեռուստացույցը, սթրես է տարել։ Սխալ է դա։ Երեխան պետք է ապրի դրսում, ունենա բոլոր իրավունքները, ինչ մյուսները, շփվի իր հասակակիցների հետ, ազատ տեղաշարժվի»,- ասում է Միքայելյանը։
Փաստաբան Դավիթ Թումասյանը նշում է, որ երեք տարեկանից հետո երեխան սկսում է հասկանալ՝ որտեղ է, ու նրա լավագույն շահից չի բխում կալանավայրում մնալը․
«Նման դեպքերում ավելի լավ է քննարկել մոր վաղաժամկետ ազատ արձակումը և ոչ թե երեխայի ՔԿՀ-ում մնալը երկարացնելը: Այս դեպքում նաև երեխայի լավագույն շահից է բխում մոր պատժի վերանայումը՝ վերանայման իրավաչափ հիմքերի առկայության դեպքում»:
Նարեն պատմում է, որ նույնիսկ իր երեք տարեկան տղային էր արդեն դժվար փակ դռների հետևում պահելը․
«Դուռը խփում էր, ասում էր՝ բացե՛ք, «պռագուլկա»։ Հսկիչներին բոլորին ազգանունով գիտեր, ասում էր՝ ընկեր էսինչյան, դուռը բա՛ց․․․»։
Թեև Նարեն երեխային մինչև վեց տարեկան իր մոտ պահելու իրավունք չունի, քանի որ ավելի քան երեք տարի դեռ պետք է պատիժ կրի, սակայն, եթե հնարավորություն էլ լիներ, չէր համաձայնի․
«Հերիք չի մի հատ ես եմ պատիժ կրում, մի հատ էլ էրեխեն․․․ Ես չէի ուզի, որ հիշողություններ ունենար։ Դե իհարկե, կուզեի իրենց կողքը լինեի, բայց մի բան եմ գիտակցում, որ իմ էրեխեքը պիտի ազատ մեծանան»։
Դաստիարակությունը՝ բանտից
«Կանայք հաճախ խոցելի են, որովհետև ընտանիքի, երեխաների հետ կապը պահելու խնդիր են ունենում։ Լինում են դեպքեր, երբ ամուսինները չեն թողնում երեխաներին շփվել մոր հետ։ Լինում են նաև դեպքեր, երբ կանայք են խուսափում տեսակցություններից՝ իրենց բանտում լինելը թաքցնելու համար»,- ասում է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Նարե Հովհաննիսյանը։
Նարեն երեխաների հետ տեսակցում է, երեխաները գիտեն, թե որտեղ է ինքը․
«Իմ էրեխեքի մեջ փոփոխություն չկա, ես էստեղ էլ լինեմ, աշխարհի ծերն էլ լինեմ, իմ էրեխեքը ինձ շատ սիրում են: Մամաս ինչքան էլ փորձում ա լրացնի, կարիքս շատ ունեն։ Մեծս 12 տարեկան ա, մեծ տղա ա՝ հասկացող, գիտակից, լավ սովորող։ Ինքն ամեն ինչ գիտի»:
Հարցին, թե կարողանում է երեխաների դաստիարակությամբ զբաղվել, պատասխանում է․
«Օրական 20 րոպե ունես խոսելու։ Հենց հեռախոսը վերցնում ես, թվերը չհավաքած րոպեները գնում են։ Մինչև զանգը գնում ա, մինչև վերցնում են, 10-12 րոպե ա մնում, ի՞նչ դաստիարակեմ»։
Ամսական անվճար մեկ զանգի և մեկ տեսազանգի իրավունք ունեն։ Ամեն օր կարող են նաև վճարովի զանգեր անել՝ նախապես գնված հեռախոսային կապի քարտերով․ 52 րոպեանոց քարտի համար վճարում են 1000 դրամ։
Նարեն կալանավորվելու ժամանակ ութամյա կրթություն է ունեցել, հիմա հանրակրթական դպրոցում է սովորում, պատրաստվում է ավարտական քննություններին։ Նաև մասնակցում է այլ դասերի՝ կարուձև, դեկորատիվ արհեստ և այլն․
«Կյանքում պետք եկող բաներ ենք սովորում։ Հեչ որ չէ՝ տանը նստած «պրոստին-պադաձյալնիկ» կարես, ծախես։ Ինձ թվում ա՝ վատ բիզնես չի»։
Հնարավորության դեպքում՝ մտածում է նաև մասնագիտական կրթություն ստանալու մասին։ Ապագայի մասին միտքը սա է․
«Կարևորը էրեխեքիս, ընտանիքիս միավորելու եմ իրար, հուսամ՝ սրանից հետո լավ աշխատանք կգտնեմ, կաշխատեմ»։
Իսկ ներկայում զղջումն է ու հոգեկան ցավը․
«Շատ զղջում եմ, կուզեի ժամանակը հետ տայի ու շատ բան փոխեի․ հաստատ չէի հայտնվի էստեղ, մամայիս, էրեխեքիս կողքը կլինեի»։
Լուսանկարներն՝ այստեղ:
Նշում. թեև Նարեի համաձայնությունը կար իր լուսանկարն ու անուն-ազգանունն ամբողջությամբ հրապարակելու, սակայն, հաշվի առնելով, որ անչափահաս երեխաներ ունի, հրապարակվում է միայն անունը։
Կարդացեք նաեւ
Կանայք` շարժիչ գյուղատնտեսությունում
Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում կանայք ավելի շատ են ներգրավված, քան տղամարդիկ։ Ամառվա թեժ շրջանում կանանց աշխատանքային խմբերը շրջում են մարզից մարզ ու վաղ առավոտից աշխատում ընդարձակ դաշտերում՝ հոգալով իրենց ընտանիքի կարիքներն ու նպաստելով երկրի գյուղատնտեսության ոլորտի կայունությանը:
Read moreԱշխատանքային միգրացիան ֆեմինիզացվում է. կանանց դերակատարումը ընտանիքում փոփոխվում է
Գործազրկությունը, սոցիալական ծանր վիճակը հայ կանանց ևս ստիպում են մեկնել արտագնա աշխատանքի, հիմնականում՝ Թուրքիան, ԱՄՆ։ Աշխատանքային միգրացիայի ֆեմինիզացման, կանանց խոցելիության ու հայկական ընտանիքների ձևափոխմանն է անդրադառնում Գայանե Մկրտչյանը։
Read moreՈրոշման առաջն ու հետոն. ամուսնալուծությունների աճող ցուցանիշը
Վերջին տասը տարում Հայաստանում ամուսնությունների նվազմանը զուգահեռ, ամուսնալուծություններն ավելացել են շուրջ տասը տոկոսով։ Մինչդեռ ամուսնալուծվելու որոշումն ունի հոգեբանական, սոցիալական և ֆինանսական հետևանքներ։
Read moreԴաշտանադադար. խոսելն «ամոթ» չէ
Կնոջ կյանքի ֆիզիոլոգիական, թերևս, անխուսափելի փուլերից մեկն է դաշտանադադարը, որի մասին հայաստանյան հասարակությունը դեռևս այդքան էլ պատրաստակամ չէ խոսել, դիմել օգնության ու մեղմել այս փուլի երբեմն բավական բարդ ընթացքը:
Read moreԱնձնական օգնական՝ հաշմանդամություն ունեցող անձանց
Պետությունը ներդնում է հաշմանդամություն ունեցող անձանց անձնական օգնականի ինստիտուտը։ Աստղիկ Կարապետյանն անդրադառնում է, թե ինչ նպատակներ ունի այն, որքանով է անհրաժեշտ ու իրատեսական։
Read moreԱյն, ինչ վերաբերում է յուրաքանչյուրիս. ինչո՞ւ են Հայաստանում հապաղում հոգեկան առողջության ոլորտի բարեփոխումները
Հայաստանում հոգեկան առողջության ոլորտում նախատեսվող բարեփոխումները դեռևս դանդաղում են ու շոշափելի արդյունքներ չեն տալիս, ինչի հետևանքով այս խնդրին բախվող քաղաքացիների իրավունքները շարունակում են ոտնահարվել։
Read moreՀետծննդաբերական դեպրեսիա․ հոգեբանական խնդիրներ, որոնք դեռևս ժխտվում են
Թեև երեխա ունենալը կնոջ կյանքում հրաշալի իրադարձություններից է, սակայն դառնում է նաև հախուռն ու անկառավարելի զգացումների շրջափուլ, որը կարող է հանգեցնել անգամ հետծննդաբերական դեպրեսիայի:
Read moreՄանկաբարձական բռնություն․ այս մասին հաճախ լռում են
Շատ կանայք ենթարկվում են մանկաբարձական բռնության, ինչը ոչ միայն խախտում է արժանապատիվ և հարգալից բուժօգնություն ստանալու նրանց իրավունքը, այլև կարող է լրջորեն սպառնալ նրանց կյանքին և առողջությանը:
Read moreՎերականգնելի. պետական մոտեցումը պատժողական արդարադատությանը
Հայաստանի արդարադատության համակարգը պատժողական ավանդական գաղափարախոսությունից փորձում է անցնել դեպի վերասոցիալականացման և վերականգնողականի, որի շրջանակներում էլ ներդրվել է պրոբացիոն ծառայությունը։ Ի՞նչ խնդիրներ է լուծում այս ծառայությունը, ինչ գործառույթներ ունի և ովքեր են դրա շահառուները, բացատրում է Լիլիթ Ավագյանը:
Read moreՀաճախ կիրառվող ծայրահեղ միջոց՝ կալանք
Թեև մեկ տարուց ավելի է գործում է Քրեական դատավարության նոր օրենսգիրքն ու սահմանված են այլընտրանքային խափանման նոր միջոցներ, սակայն մինչդատական կալանքը Հայաստանում շարունակում է նախկինի պես հաճախ կիրառվել։ Ինչո՞ւ են դատարանները խուսափում կիրառել խափանման այլ միջոցները, մեկնաբանում է Աստղիկ Կարապետյանը։
Read moreՄարդու իրավունքների պաշտպանությունը խնամքի հաստատություններում
Սեռական բռնությունից մինչև արհամարհանք, սանիտարահիգիենիկ պայմանների բացակայություն, կրթության խոչընդոտներ ու մարդու իրավունքների արձանագրված այլ խախտումները խնամքի հաստատություններում հրատապ լուծումներ են պահանջում, սակայն, արդյոք պետությունը զբաղվում է դրանց լուծմամբ, անդրադառնում է Սոնա Մարտիրոսյանը։
Read more