EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
Morning News
  • Հայ
    • Eng
No Result
View All Result
Գլխավոր Ստեղծարար Tech
Հկտ 8, 2025

ԴիջիԹեք 2025. որտեղ տեխնոլոգիական ապագան երբեք չի քնում

Անի Թորոյան

Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր:


Your browser does not support the
audio element.

Ընդամենը երկու օրից կմեկնարկի «ԴիջիԹեք 2025»-ը, որին սպասում է ողջ տեխնոլոգիական համայնքը։ Եթե դուք այդ համայնքի ներկայացուցիչ եք, ապա, հավանաբար, հանդիպած կլինեք միջոցառման մասին բազում հայտարարություններին ու նորություններին։ Ներկայանալով «Միակ վայրն աշխարհում, որտեղ արևը երբեք մայր չի մտնում» համարձակ կարգախոսով՝ այս տարվա «ԴիջիԹեք»-ը խոստանում է առանց դադարի եռօրյա հագեցած միջոցառումների ծրագիր։ Այն պարզապես ամենամյա ցուցահանդես չէ․ Հայաստանի խոշորագույն տեխնոլոգիական հավաքն արդեն մի քանի տարի է հանդես է գալիս ոչ թե որպես ցուցահանդեսային հարթակ, այլ որպես միջավայր՝ գաղափարների փոխանակման և ոգեշնչման համար։

Նշելով 20-ամյակը, «ԴիջիԹեք»-ը բարձրացնում է իր նշաձողը։ Այս տարվա միջոցառումն ունենալու է ավելի շատ արտասահմանյան հյուրեր, արվեստի ներկայացումներ՝ միաժամանակ տեխնոլոգիաներն ու նորարարությունը պահելով միջոցառման կենտրոնում։ Հաշվի առնելով օրակարգը և միջոցառումները՝ «ԴիջիԹեք»-ն առաջին հերթին տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչների համար է, սակայն ոչ միայն։ Միջոցառումը կարող է ներշնչման աղբյուր դառնալ նաև ուսանողների, ավանդական ոլորտների մասնագետների ու պարզապես ստեղծագործ մարդկանց համար։ Այն կմեկնարկի այս ուրբաթ՝ իր բազմաբովանդակ օրակարգով, իսկ հաջորդիվ ներկայացված է՝ ինչ սպասել դրանից։

Կարճ՝ «ԴիջիԹեք»-ի մասին

2005 թվականից ի վեր՝ «ԴիջիԹեք»-ը մեկ հարկի տակ է համախմբում հայաստանյան տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներին։ Սկզբնական տարիներին միջոցառման կենտրոնում տեխնոլոգիական ցուցահանդեսն էր, որտեղ ներկայացվում էին ընկերությունների արտադրանքները և «Արմաթ» աշակերտների տպավորիչ նախագծերը։ Սակայն, ժամանակի ընթացքում «ԴիջիԹեք»-ն ընդլայնվեց և զարգացավ․ այսօր այն բազմահարթակ միջավայր է՝ սովորելու, ոգեշնչվելու, գաղափարներ փոխանակելու և, իհարկե, տեխնոլոգիական արտադրանքներն ու ծառայությունները ցուցադրելու համար։

«ԴիջիԹեք»-ը ժամանակի ընթացքում ևս մեկ առանձնահատկություն է ձեռք բերել․ այն դարձել է աշխարհի տարբեր երկրներում ապրող տեխնոլոգիական ոլորտի հայազգի մասնագետների կամ ինչպես կազմակերպիչներն են նրանց անվանում՝ «տեխնոլոգիական հայության» հավաքատեղի։ Այստեղ վերանում են սահմաններն ու դրոշները, քաղաքացիությունները՝ երկրորդական դառնում․ մնում է միայն նորարարության նկատմամբ ընդհանուր ձգտումը։ Այս միասնությունը կարելի է համարել հայկական տեխնոլոգիական համայնքի ամենաարտահայտիչ հատկանիշներից մեկը, ինչը, ժամանակի ընթացքում, իր արտացոլումն է գտել «ԴիջիԹեք»-ում։

Այս տարվա ծրագիրը կառուցված է «տեխնոլոգիական հայության» շուրջ։ Խոսնակների շարքում են ստարտափների հիմնադիրներ ու ներդրողներ, առաջնորդության և զարգացման խորհրդատուներ, ովքեր ելույթ կունենան որպես բանախոսներ, կմասնակցեն պանելային քննարկումներին, իրենց փորձով կկիսվեն աշխատարանների ու մենթորական հանդիպումների ընթացքում։

2025 թվականի ծրագիրը

Արհեստական բանականությունը ներկա ժամանակների առանցքային թեմաներից է, և «ԴիջիԹեք 2025»-ի առաջին օրը նվիրված կլինի այդ թեմային թե՛ համաշխարհային, թե՛ հայաստանյան պարունակում: Օրը կսկսվի Ռև Լեբարեդեանի խորհրդանշական ելույթով, ով Հայաստանում «Ֆայրբրդի» կողմից ստեղծվելիք ԱԲ գործարանի նախաձեռնողներից մեկն է։ Այնուհետև, կշարունակվի մի շարք ելույթներով ու քննարկումներով՝ գործարանի հիմնադրումից և դրա ազդեցությունից մինչև Հայաստանի՝ կիսահաղորդիչների ոլորտում իր դիրքն ամրապնդելու եզակի հնարավորությունը։ Մի խոսքով՝ ամբողջ օրը լինելու է ԱԲ-ի շուրջ բովանդակային հարցադրումների մասին՝ բացահայտելով, թե ինչ իրական արժեք կարող է այն ստեղծել բիզնեսների և երկրների համար։

Ցուցահանդեսի հաջորդ երկու օրերը ևս ունեն իրենց առանձնական ուղղությունները։ Մասնավորապես, երկրորդ օրը նվիրված կլինի ներդրումներին․ ինչպես են ստարտափները կարողանում ներդրումներ ներգրավել և ինչ դեր ունեն դրանք ստարտափի համար՝ զուտ ֆինանսավորումից բացի։ Օրվա կարևորագույն միջոցառումներից կլինի նաև Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբի կողմից կազմակերպված գործարար ներկայացումների (փիթչինգ) հարթակը, որտեղ ստարտափների հիմնադիրները հնարավորություն ունեն իրենց գաղափարն անմիջապես ներկայացնել ներդրողներին։

Վերջին օրվա թեման աճն է․ խոսքը ստարտափերի ընդլայնման հնարավորությունների մասին է ոչ միայն ֆինանսավորման, այլև այլ ձևերով։ Ելույթներ կլինեն առցանց շուկաներում գործելու, բիզնեսի միջազգայնացման և ընդլայնման տարբեր ձևերի ու դրանց խոչընդոտների մասին։ Բացի հիմնական օրակարգից՝ ցուցահանդեսի տարածքում լինելու են նաև այլ կողմնակի միջոցառումներ հարակից թեմաներով։

Տեխնոլոգիական թեմաներից այն կողմ

Առանց դադարի եռօրյա միջոցառումների խոստացված ծրագիրը միայն տեխնոլոգիաների մասին չէ․ այն կուղեկցվի նաև ժամանցային միջոցառումներով։ Մշակութային, երաժշտական և մարզական միջոցառումներ կլինեն Երևանի տարբեր հատվածներում՝ օրվա տարբեր ժամերին։ Հաշվի առնելով այն, որ այս տարի Երևանի քաղաքապետարանը «ԴիջիԹեք»-ի աջակիցներից է, այն անցկացվում է «Էրեբունի-Երևան» տոնակատարություններին համընթաց՝ ներառելով համերգներ, արվեստի ցուցահանդեսներ և այլ տարատեսակ միջոցառումներ։

Բացի այդ, «Ռամբալկոշեի» ՁԷՆ տեսաձայնային փառատոնը ևս կանցկացվի «ԴիջիԹեք»-ի երեք օրերի ընթացքում։ Այն էլեկտրոնային երաժշտության և արվեստի փառատոն է, որին մասնակցում են ավելի քան 100 արտիստներ։ Փառատոնի ուշ գիշերային ելույթներին կհաջորդեն վաղ առավոտյան սպորտային միջոցառումները, մասնավորապես՝ միասնական վազք արևածագին՝ Հրազդան գետի տարածքում։ Այս ամենը միասին «ԴիջիԹեք 2025»-ը ներկայացնում են որպես ոչ թե պարզապես համաժողով, այլ նորարարության, մշակույթի և շփման շուրջ համընդհանուր տոնակատարություն։

«ԴիջիԹեք»-ը որպես մեկնարկային հարթակ

«ԴիջիԹեք»-ին այս տարի սպասվում է ավելի քան 40․000 այցելու, և այդքան մարդկանց մեկ վայրում հայտնվելը ստեղծում է միջավայր, որտեղ գրեթե ամեն ինչ հնարավոր է։ Ստարտափների հիմնադիրների և գաղափար ունեցող թիմերի համար սա ոչ միայն տեսանելիության հնարավորություն է, այլ նաև՝ փորձարկումների։ Ինչպես պատմում է ԱՏՁՄ-ի գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը, եղել են դեպքեր, երբ թիմերը «ԴիջիԹեք»-ն օգտագործել են որպես առաջին «իրական հաճախորդների» հետ շփման հարթակ․ մի ստարտափ նույնիսկ առանց ընկերությունը գրանցելու մասնակցել է ցուցահանդեսին, գրավել սկզբնական հաճախորդների և դրանից հետո հաջողությամբ մեկնարկել իր գործունեությունը։

Հենց նման «իրական մեկնարկների» հնարավորություններն են նաև, որ «ԴիջիԹեք»-ը դարձնում են Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի համար կարևոր միջոցառում։ Նորարարությամբ հետաքրքրված յուրաքանչյուր ոք կարող է մասնակցել միջոցառմանը՝ գրանցվելով նախապես։

Ստեղծարար Tech

Tech Diplomacy: Reshaping Global Power Dynamics?

Տեխնոլոգիական դիվանագիտությունը համաշխարհային ուժերի հաշվեկշիռ գործոն

Անահիտ Բուդաղյան
Սպտ 11, 2025

Արտաքին քաղաքականությունն այսօր խորքային փոփոխությունների մեջ է, և պետությունները ստիպված են ավելի շատ ներգրավվածություն ապահովել տեխնոլոգիական գործընթացներում։ Անահիտ Բուդաղյանն ուսումնասիրել է Դանիայի Սիլիկոնյան հովտում դեսպան նշանակելու փորձից մինչև Հայաստանի «լուռ» նորարարական ռազմավարությունը։

Read more
Bringing AI Home

Ի՞նչ կարող է տալ 500 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ԱԲ գործարանը Հայաստանին

Անի Թորոյան
Օգս 26, 2025

Հայաստանում 500 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ «արհեստական բանականության գործարան» կառուցելու ներդրումային նախագիծ կիրականացվի «ՆՎԻԴԻԱ»-ի, «Ֆայրբրդ»-ի և Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ։ Անի Թորոյանը ներկայացնում է, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ այդ կենտրոնը երկրի տեխնոլոգիական էկոհամակարգի, էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման և Հայաստանի՝ ԱԲ նորարարությունների տարածաշրջանային հանգույց դառնալու գործընթացում։

Read more

Մեր հայերեն էջից

I Have a Vision: Let the River Unite

Տեսլական ունեմ․ թող գետը միավորի

Armenia, Azerbaijan and Constitutional Amendments

Սահմանադրական փոփոխությունները և հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը

Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:

Բաժանորդագրվել

Բաժիններ

  • Քաղաքականություն
  • Կարծիք
  • Արցախը կիզակետում
  • Մարդ և հասարակություն
  • Մշակույթ
  • Ընտրություններ
  • Ստեղծարար Tech
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Հաշվետվություն- 2025
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Հաշվետվություն- 2025

Հետևեք մեզ





@ 2024 EVN Report. All Rights Reserved

    Subscribe

      Բաժանորդագրվել

      Բաժիններ

      • Քաղաքականություն
      • Կարծիք
      • Արցախը կիզակետում
      • Մարդ և հասարակություն
      • Մշակույթ
      • Ընտրություններ
      • Ստեղծարար Tech

      Բաժանորդագրվեք մեր ամփոփագրին

      Աջակցություն

      ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ