EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
Morning News
  • Հայ
    • Eng
No Result
View All Result
Գլխավոր Կարծիք
Ապր 1, 2026

Հայաստանի «տարանցիկ պահը»՝ շատ ավելին, քան 43 կիլոմետրը

Զոհրաբ Մնացականյան

Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր՝ արհեստական բանականության ընթերցմամբ։


Your browser does not support the
audio element.

Հայաստանում առաջարկվող «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) տարանցման նախագծի շուրջ հանրային քննարկումները եղել են թե՛ սահմանափակ, թե՛ սխալ ուղղությամբ տարվող։ Չափազանց մեծ ուշադրություն է կենտրոնացել ինքնիշխան տարածքի 43 կիլոմետրանոց հատվածի վրա, և չափազանց քիչ՝ այն ավելի լայն աշխարհաքաղաքական ու տնտեսական տեղաշարժերի, որոնք իրականում պայմանավորում են նախագծի նշանակությունը։

Սա սխալ մոտեցում է։

ԹՐԻՓՓ-ը պարզապես տեղական ենթակառուցվածքային նախագիծ չէ։ Հայաստանի համար այն հնարավորությունների պատուհան է՝ շատ ավելի լայն իմաստով։ Այն տեղավորվում է Եվրասիայի առևտրային ուղիների վերաձևավորման ընթացքի մեջ, որտեղ աշխարհաքաղաքական լարվածությունները և մատակարարման շղթաների խափանումները ստիպում են պետություններին և բիզնեսներին վերանայել Ասիայի և Եվրոպայի միջև ապրանքների շարժի տրամաբանությունը։

Այս փոփոխությունների կենտրոնում է Միջին միջանցքը՝ տրանսկասպյան ուղին, որը Չինաստանը կապում է Եվրոպայի հետ՝ Կենտրոնական Ասիայի, Հարավային Կովկասի և Թուրքիայի միջոցով։ Այս պահին այն դեռևս թերզարգացած է և համեմատաբար թանկ։ Սակայն դրա գլխավոր առավելությունը այլ տեղում է՝ բազմազանեցման մեջ։ Մի աշխարհում, որտեղ Ռուսաստանի տարածքով անցնող հյուսիսային ուղին սահմանափակված է պատժամիջոցներով, իսկ ծովային երթուղիները շարունակում են ենթարկվել անվտանգային սպառնալիքների, այլընտրանքային ուղիների առկայությունը վերածվում է ռազմավարական արժեքի։

Այս պարունակում ԹՐԻՓՓ-ը Հայաստանին կարող է ապահովել մուտք ձևավորվող արևելք-արևմուտք առևտրային ցանցերին։ Ճիշտ օգտագործման դեպքում այն կարող է մեղմել երկրի երկարամյա տնտեսական մեկուսացումը և բարձրացնել նրա դերակատարությունը մի տարածաշրջանում, որտեղ կապակցվածությունը դառնում է ուժի աղբյուր։

Սակայն հնարավորությունը դեռևս չի նշանակում ներգրավվածություն։

Ադրբեջանում և Թուրքիայում ընթացող ենթակառուցվածքային զարգացումները հուշում են, որ կարող են ձևավորվել այլընտրանքային երթուղիներ, որոնք ամբողջությամբ կշրջանցեն Հայաստանը։ Հետևաբար, վտանգը միայն այն չէ, որ Հայաստանը կարող է սխալ կառավարել ԹՐԻՓՓ-ը, այլ նաև այն, որ կարող է հայտնվել իրեն շրջանցող համակարգի ծայրամասում։

Այս հեռանկարից խուսափելու համար անհրաժեշտ է ավելի լայն ռազմավարական մտածողություն։ Տարանցումը հազվադեպ է ինքնին ստեղծում կայուն տնտեսական արժեք։ Այն պետք է ուղեկցվի լրացուցիչ ենթակառուցվածքների՝ երկաթուղիների, ավտոճանապարհների և լոգիստիկ համակարգերի զարգացմամբ, ինչպես նաև տարածաշրջանային մատակարարման շղթաներին ներգրավմամբ։ Հայաստանի Հյուսիս-հարավ ավտոճանապարհային միջանցքի և Թուրքիայի հետ ճանապարհային ու երկաթուղային կապերի վերականգնման նման ծրագրերը ոչ թե երկրորդական են, այլ առանցքային՝ որոշելու համար, թե Հայաստանը որքանով կդառնա տարածաշրջանի ձևավորվող տրանսպորտային համակարգի լիարժեք մասնակից։

Կան նաև ավելի երկարաժամկետ հնարավորություններ։ Ակնհայտ է, որ ԹՐԻՓՓ-ը չի սահմանափակվում Վաշինգտոնի որևէ վարչակազմով։ Եվրոպայում և ԱՄՆ-ում աճող պահանջարկը կարևոր հանքանյութերի՝ այդ թվում ուրանի և լիթիումի նկատմամբ, մեծացնում է հետաքրքրությունը Կենտրոնական Ասիայի պաշարների նկատմամբ։ Արդյունավետ միջտարածաշրջանային ուղիները կարող են այս պաշարները կապել համաշխարհային շուկաների հետ։ Իր միջուկային էներգետիկայի և տեխնոլոգիական կարողությունների շնորհիվ Հայաստանը լավ դիրքում է օգտվելու այս հնարավորությունից, եթե ապահովվի համապատասխան կապակցվածություն։

Ավելի էական է կապակցվածության շղթայական ազդեցությունը Հայաստանի տնտեսական և արդյունաբերական զարգացման վրա։ Տարածաշրջանային և համաշխարհային շուկաների հետ կապերի բազմազանեցումը , ինչպես նաև դրանից բխող հնարավորությունները՝ ներգրավելու միջազգային մասնավոր ներդրումներ և ներառվելու համաշխարհային արժեքային շղթաներին, դրա վառ օրինակներն են։

Հարավային Կովկասում ներտարածաշրջանային առևտրի խթանման և բազմազանեցման հնարավոր բացումը, տնտեսականից բացի, կարող է դառնալ տարածաշրջանային ներառման աստիճանական ձևավորման և երկարաժամկետ կայուն անվտանգության ամուր հիմք։

Աշխարհաքաղաքական սահմանափակումները պակաս կարևոր չեն։ Նոր առևտրային միջանցքներն անխուսափելիորեն վերաբաշխում են ազդեցությունը։ Ռուսաստանը և Իրանը, որոնք տնտեսական և ռազմավարական կշիռ են ստանում գործող տարանցիկ ուղիներից, դժվար թե այս զարգացումներին չեզոք վերաբերվեն։ Նրանց արձագանքները՝ տնտեսական, քաղաքական կամ այլ, ձևավորելու են այն միջավայրը, որտեղ գործելու է ԹՐԻՓՓ-ը։ Հայաստանի համար հարցը, հետևաբար, այն չէ, թե արդյոք տարանցումը վտանգներ է ստեղծում, այլ՝ արդյոք հնարավոր է այդ վտանգները վերածել լծակի։

Սա կախված է քաղաքականությունից։ Ինքնիշխանության վրա նեղ կենտրոնացումը, թեև անհրաժեշտ, ինքնին բավարար չէ։ Անհրաժեշտ է ավելի ամբողջական ռազմավարություն՝ ենթակառուցվածքային զարգացումը համադրելով տնտեսական և արտաքին քաղաքականության հետ և հաշվի առնելով կապակցվածության ու ուժի փոխկապակցվածությունը։

Անվտանգության երաշխիքները՝ նեղ ռազմական և քաղաքական ընկալմամբ և մեծ տերությունների հովանավորության վրա հիմնված, բազմիցս ապացուցել են իրենց սահմանափակ արդյունավետությունը։ Անվտանգային երաշխիքները միշտ պայմանավորված են շահերով, իսկ մեծ տերությունների շահերը փոփոխական են։ Այդպիսի երաշխիքները լավագույն դեպքում ստեղծում են կախվածություն և դրա հետևանքով՝ խոցելիություն։

Կապակցվածությունն ու բազմազանեցումը, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային մատակարարման ու արժեքային շղթաներում խոր ներգրավումը, կոչված են բարձրացնելու Հայաստանի նշանակությունը թե՛ տարածաշրջանային, թե՛ համաշխարհային մակարդակում։ Իսկ նշանակությունը ձևավորում է համաշխարհային դերակատարների համընկնող շահերը՝ աջակցելու ինքնիշխանությանը, տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը և կանխատեսելիությանը՝ որպես երկարաժամկետ անվտանգության հիմքեր։ Նման քաղաքականություն առաջ մղելու համար տարածաշրջանի երեք մեծ ուժերից հավասար հեռավորության ռազմավարությունն արդարացված քաղաքական շրջանակ է:

Այլ կերպ ասած՝ ԹՐԻՓՓ-ը միայն տարածքով անցնող շարժի մասին չէ։ Այն վերաբերում է փոփոխվող համաշխարհային համակարգում Հայաստանի դիրքավորմանը։

Երկրի համար, որը երկար ժամանակ բնութագրվել է սահմանափակումներով, սա իսկապես հազվադեպ ռազմավարական հնարավորություն է։

Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Կարդացեք նաև

What Does Armenia Stand to Gain? Musings on the Washington Signing

Ի՞նչ է շահելու Հայաստանը. մտորումներ վաշինգթոնյան գործընթացի շուրջ

Դավիթ Պետրոսյան
Օգս 14, 2025

Պատերազմի վտանգի առնվազն երեք տարով հետաձգումը և ԱՄՆ-ի պաշտոնական ներկայությունը Հայաստանի հարավում՝ հստակ տնտեսական ու բիզնես շահերով, որն ինքին լրացուցիչ անվտանգային երաշխիք է, ունեն ներուժ էապես բարելավելու Հայաստանի դիրքերը, գրում է Դավիթ Պետրոսյանը՝ անդրադառնալով Վաշինգթոնում ձեռքբերված համաձայնություններին։

Read more

Մեր էջից

Preserve Cinema Heritage or Let it Go

Պահպանե՞լ կինոժառանգությունը, թե՞ կորցնել

License to Chaos: The Reality of Driving in Yerevan

Խառնաշփոթի իրավունք. վարելու իրականությունը Երևանում

From Smyrna to Stepanakert: How National Defeats Reshape States

Զմյուռնիայից Ստեփանակերտ. ինչպես են պարտությունները վերաձևում պետությունները

Չկողմնորոշված ընտրողների որոշիչ դերը Հայաստանի խորհրդարանական ընտրությունների նախնական պատկերում

Չկողմնորոշված ընտրողների որոշիչ դերը Հայաստանի խորհրդարանական ընտրությունների նախնական պատկերում

When AI Speaks Armenian։ Podcastle’s New Voice for a Nation

Երբ արհեստական բանականությունը խոսում է հայերեն Փոդքասլի նոր ձայնով

Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:

Բաժանորդագրվել

Բաժիններ

  • Քաղաքականություն
  • Կարծիք
  • Արցախը կիզակետում
  • Մարդ և հասարակություն
  • Մշակույթ
  • Ընտրություններ
  • Ստեղծարար Tech
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Հաշվետվություն- 2025
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Հաշվետվություն- 2025

Հետևեք մեզ





@ 2024 EVN Report. All Rights Reserved

    Subscribe

      Բաժանորդագրվել

      Բաժիններ

      • Քաղաքականություն
      • Կարծիք
      • Արցախը կիզակետում
      • Մարդ և հասարակություն
      • Մշակույթ
      • Ընտրություններ
      • Ստեղծարար Tech

      Բաժանորդագրվեք մեր ամփոփագրին

      Աջակցություն

      ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ