
Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր՝ արհեստական բանականության ընթերցմամբ։
Անկախությունից ի վեր մայրաքաղաքի կանաչ տարածքներն էապես պակասել են՝ ծառահատումների, ոռոգման բացակայության, լքվածության, մասնավորեցման և կառուցապատման հետևանքով։ Կանաչ տարածքները կարևոր են ինչպես հանգստի տեսանկյունից, այնպես էլ օդի աղտոտվածության դեմ պայքարում, փոշու նվազեցման ու շոգից պատսպարվելու և այն մեղմելու առումով։
Վերջին տարիներին քայլեր են ձեռնարկվում դրանց վերականգնման ուղղությամբ։ Մի շարք կանաչ տարածքներ, որոնք նախկինում վարձակալված էին, վերադարձվել են համայնքին։ Գործընթացը հաճախ դանդաղ է ընթանում, իսկ արդյունքները միշտ չէ, որ գոհացնող են։ Սակայն, մի շարք օրինակներ ցույց են տալիս, որ քաղաքային իշխանություններն այս հարցին սկսել են առաջնահերթություն տալ։
Այս հոդվածով EVN Report-ը սկսում է շարք՝ ուսումնասիրելու Երևանի կանաչ տարածքների վերականգնման ընթացքը։
Օպերա
Կանաչ տարածքների վերադարձի գործընթացի մեկնարկը տրվեց Օպերայի՝ Ազատության հրապարակին հարող սրճարաններից, որոնց կառուցումը սկսվել էր 2000-ականներին։ 2019 թվականի մարտին, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի նախաձեռնությամբ, ամբողջությամբ կամ մասնակի ապամոնտաժվեցին առաջին գոտու հինգ սրճարանից երեքը՝ «Ատլանտիկ», «Ջազզվե» և «Ռիչ»։ Դրանց տարածքը կանաչապատվեց՝ թփեր և ծառեր տնկվեցին։ Առաջին գոտու մյուս երկու սրճարանները՝ «Շոկոլադնիցա» և «Մոնտալ», շարունակեցին գործել։
Մարությանը 2019-ին խոստանում էր Օպերայի շրջակայքից, ի վերջո, հեռացնել բոլոր սրճարանները և վերականգնել տարածքի նախնական տեսքը։ Այդ նպատակով քաղաքապետարանը դատարան դիմեց՝ վարձակալների հետ պայմանագրերը վաղաժամ խզելու պահանջով, ինչը, սակայն, դատարանը մերժեց։ Դրանք շահագործող ընկերությունները վարձակալության պայմանագրեր ունեն մինչև 2026 և 2027 թվականները։
Այստեղ, ինչպես մի շարք այլ դեպքերում, պատահական մարդիկ չէին սրճարաններ կառուցել։ Մամուլի հրապարակումների համաձայն՝ «Ջազզվե»-ն պատկանում է (էր) երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին, «Ռիչ»-ը՝ գործարար և նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, իսկ երկրորդ գոտում գտնվող «Մեղեդի»-ն՝ ՀՅԴ-ական նախկին պատգամավոր և «Հայանտառ»-ի նախկին տնօրեն Միքայել Մանուկյանին։
Այդ ապամոնտաժումներից վեց տարի անց՝ 2025-ի փետրվարին քաղաքապետարանը քանդեց Օպերայի հարակից տարածքում՝ Սայաթ-Նովա փողոցի վրա գտնվող «Սեն Տրոպե» սրճարանը, որը, դատելով սոցիալական հարթակների էջերից, մի քանի տարի չէր գործում։ Ըստ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ սրճարանի վարձակալը չի շարունակել պայմանագիրը և մոտ 1000 քմ տարածքը հանձնել է քաղաքին։ Ավինյանը սա բնութագրեց որպես տարիներ առաջ սկսված աշխատանքի շարունակությունը։

Օպերայի շուրջ կանաչապատ տարածքը 2000 (մինչև սրճարանների կառուցումը), 2018 և 2023 թվականներին՝ սրճարանների մասնակի ապամոնտաժումից առաջ և հետո։
Օղակաձև զբոսայգի
Փոքր կենտրոնի ամենախոշոր կանաչ տարածքն Օղակաձև զբոսայգին է։ Այն 1962-ին հաստատված հատակագծի համաձայն զբաղեցնում էր 26 հեկտար, որից 14 հեկտար կանաչապատված պետք է լիներ, մնացածը՝ ճեմուղիներ և հարթակներ, ջրային ծածկույթ, իսկ շինարարությունները պետք է զբաղեցնեին 0,77 հեկտար։ Զբոսայգին ձգվում է «Ռոսիա» մոլի (նախկին կինոթատրոն) դիմացի հատվածից մինչև «Առագաստ» («Պոպլավոկ») սրճարան։
Զբոսայգին վերջին տասնամյակներին մասնակի կառուցապատվել էր։ Ըստ «Հետքի», 2020-ի դրությամբ զբոսայգու 31 հեկտար ընդհանուր մակերեսի ավելի քան կեսը «զբաղեցրել» են շուրջ հարյուր վարձակալ տնտեսվարող: «Հետքը» 2019–2020թթ. հետաքննությունների շարք էր հրապարակել զբոսայգու առաջին չորս հատվածներում գտնվող կառույցների սեփականատերերի մասին (մաս 1, 2, 3, 4)։ Այդ ժամանակ նրանց թվում էին նախկին գործարար-օլիգարխ ՀՀԿ-ական պատգամավորներ՝ Գարեգին Նուշիկյանը, Սամվել Ալեքսանյանը, Մանվել Գրիգորյանը, ժամանակին «Օրինաց երկիր» կուսակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանը, նախկին քաղաքապետ և ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ և այլք։ «Սիվիլնեթի» հետաքննությունը պարզել էր, որ վեցերորդ գոտու կեսը տրված է վարձակալության։ Վարդանանց փողոցից մինչև Տիգրան Մեծ պողոտա ձգվող այս հատվածում տարբեր տարիներին վարձակալներ են եղել Արկադի Համբարձումյանի «Դերժավա-Ս» ՓԲԸ-ն, Խաչատուր Սուքիասյանի ընտանիքը («Քուին Բուրգեր»), Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված ընկերությունը, տարբեր պաշտոնյաներ։
2019-ից սկսած քաղաքապետարանը պարբերաբար հայտնել է զբոսայգում ապօրինի շինությունների ապամոնտաժման մասին՝ հիմնականում հինգերորդ և վեցերորդ հատվածներում[1]։ Վարդան Մամիկոնյանի արձանից մինչև Տիգրան Մեծ պողոտա ընկած վեցերորդ հատվածը 2020-2021թթ. բարեկարգվեց և ոռոգման ցանց անցկացվեց։ Այնտեղ նաև հիմնվեց մայրաքաղաքի առաջին սքեյթ-պարկը և շների այգին։ 2025-ի սեպտեմբերին «Կերոն» զարգացման հիմնադրամի և Կենտրոնի թաղապետարանի համատեղ ջանքերով վեցերորդ հատվածում՝ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ բացվեց մայրաքաղաքի ամենամեծ հանրային խաղահրապարակը՝ շուրջ 2000 քմ տարածքով։
2024-ի հունվարին քաղաքապետարանը հայտնեց Սայաթ-Նովա փողոցից մինչև Նալբանդյան փողոց զբոսայգու չորրորդ հատվածի վերակառուցման մասին. կքանդվեն Երևանի պետական համալսարանի հիմնական մասնաշենքի դիմաց տեղակայված թենիսահարթակները, բոլոր սրճարանները և այլ շինությունները։ Այստեղ խոշոր կառույցներից են Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» (Multi Wellness) սպորտային համալիրը, Շախմատի տանը կից կառուցված «Տաշիր Պիցցա» ռեստորանը, «Լաբիրինթ» գարեջրատունը, «Ջոս» (Jose) ռեստորանը։

Օղակաձև զբոսայգին տիեզերքից (Google Earth, 2020թ.)
2026-ի հունվարին ընդունված կառավարության որոշման համաձայն՝ «Ֆլորա-1» ՍՊԸ-ն կվերակառուցի և կարդիականացնի Օղակաձև զբոսայգու երրորդ հատվածի 4360 քմ զբաղեցնող տարածք։ Այս տարածքից 703 քմ ընկերությանը կտրամադրվի 35 տարով՝ սրճարան կամ ռեստորան կառուցելու նպատակով։ Հողամասը տրամադրվել է առանց մրցույթի՝ քաղաքապետարան ներկայացված մոտ 1 միլիարդ դրամ արժողությամբ ներդրումային առաջարկի հիման վրա։ Համաձայնության շրջանակներում՝ նույն անձին պատկանող մեկ այլ ընկերություն՝ «Օրիենթ Կաֆե» ՍՊԸ-ն, պարտավոր է քանդել իր շինությունները և դադարեցնել տվյալ տարածքի նկատմամբ իր առկա վարձակալության իրավունքը։ Փաստացի՝ պայմանավորվածությունը մի ընկերության գործող վարձակալությունը փոխարինում է մյուս ընկերության 35-ամյա կառուցապատման իրավունքով՝ դրա դիմաց ստանալով ներդրում զբոսայգու համար։
Նոր Արաբկիր զբոսայգի
2019-ին համայնքին վերադարձվեց 2,8 հեկտար տարածք զբաղեցնող Նոր Արաբկիր զբոսայգին, որը ժողովրդի շրջանում հայտնի է «Մոլոկանի այգի» անունով։ Զբոսայգին 2009-ին Արաբկիրի այն ժամանակվա թաղապետ Ալբերտ Երիցյանը 50 տարով տվել էր վարձակալության իր որդու հիմնած ընկերությանը՝ տարեկան երեք միլիոն դրամ վարձավճարով։ Բանակցությունների արդյունքում պայմանագիրը վաղաժամ խզվեց։ Համայնքին վերադարձվելուց հետո զբոսայգում քաղաքային բյուջեով սկսվեցին մաքրման և վերականգնման աշխատանքներ, որոնք ավարտվեցին 2022-ի օգոստոսին։
Դավիթ Անհաղթ զբոսայգի (Զեյթուն)
Զեյթունում՝ մոտ 1,5 հեկտար տարածք զբաղեցնող Դավիթ Անհաղթ զբոսայգին 2006-ից տարեկան 750 հազար դրամով վարձակալության էր տրված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանին։ 2012-ից սկսած այն վարձակալել է Արթուր Աղաբեկյանը, որը երկար տարիներ բարձրաստիճան պաշտոնյա է եղել ինչպես Հայաստանում (պաշտպանության փոխնախարար, պատգամավոր ՀՅԴ-ից), այնպես էլ Արցախում (ներքին գործերի նախարար, փոխվարչապետ)։ Այն ևս տարիներ շարունակ գտնվում էր անխնամ և լքված վիճակում։
2023-ի հուլիսին սկսվեցին այգում բարեկարգման աշխատանքները, որոնցից հետո զբոսայգին կլինի քաղաքապետարանի հաշվեկշռում։ 2024-ի ամռանը շինաշխատանքները դադարեցվել էին զբոսայգին գրավ դրված լինելու պատճառով։ Ի վերջո վարձակալության պայմանագիրը 2024-ի հոկտեմբերին լուծարվել է։ Թեև քաղաքային իշխանությունները հայտարարել էին, որ այն վերականգնվում է բարեգործական միջոցներով, քաղաքային բյուջեից մարտին 150 միլիոն դրամ է հատկացվել աշխատանքների համար։ Ապրիլին այնտեղ ծառատունկ տեղի ունեցավ և հունիսին տեղադրված տեսանյութում երևում է, որ այն արդեն հիմնականում վերակառուցված և կանաչապատված է։ Քաղաքապետարանի Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության ծառայության տնօրեն Արմեն Բեգոյանի խոսքով՝ աշխատանքների մոտ 80 տոկոսն ավարտվել է։
Մերգելյան զբոսայգի
Արաբկիրում՝ Կոմիտասի պողոտայի սկզբնամասում՝ Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (Մերգելյան ինստիտուտի) դիմաց գտնվող զբոսայգին զբաղեցնում է մոտ 5000 քմ տարածք: 2020-ին «Հետքը» գրել էր, որ այնտեղ գրեթե չկան նստարաններ, իսկ զբոսնելու համար տարածքը շատ նեղ է, քանի որ այն զբաղեցրել են վարձակալ տնտեսվարողները։ Այնտեղ կար երկու սրճարան, մանկական զվարճանքի տաղավարներ, խաղասրահ, դեղատուն, հացաբուլկեղենի և բանջարեղենի խանութներ։
2022-ի նոյեմբերին քաղաքապետարանը հայտարարեց, որ այնտեղ սկսվել են ինքնակամ կառույցների ապամոնտաժման աշխատանքները։ Երեք տնտեսվարողից երկուսի հետ պայմանագիրն ավարտվել էր դեռ 2020-ին, իսկ երրորդի հետ ընթանում էին բանակցություններ՝ ժամկետից շուտ պայմանագիրը լուծելու վերաբերյալ։
Բոլոր շինությունները քանդվեցին 2023-ի գարնանը, և քաղաքապետարանը վերանորոգման նախագիծ հրապարակեց ամիսներ անց։ «Տասնամյակներ շարունակ տարատեսակ կրպակներով, սրճարաններով ու չգործող կարուսելներով ծանրաբեռնված հանգստի գոտին նոր շունչ ու տեսք կստանա»,- ասվում էր հաղորդագրության մեջ։
Այգու հիմնանորոգման աշխատանքները սկսվեցին 2024-ի սկզբին և այն բացվեց նույն տարվա հոկտեմբերին։ Զբոսայգի տեղափոխվեց նախկինում «Դվին» հյուրանոցի մոտ գտնվող «Լեռնեցիների պարը» արձանախումբը։ Բացումից քիչ անց համացանցում որոշ օգտատերեր մատնանշում էին մի շարք բացթողումներ։
Տորք Անգեղի զբոսայգի (Նոր Նորք)
2023-ի գարնանը Ավինյանը հայտարարեց, որ Նոր Նորքում՝ Տորք Անգեղի արձանի հարակից տարածքը զբոսավայրի վերածելու նախապատրաստական աշխատանքներ են սկսվել։ Քաղաքային իշխանությունները խոստանում են այն վերածել «բացառիկ զբոսավայրի»։ Ըստ թաղապետ Արմեն Մհերյանի, գրեթե մեկ կիլոմետր երկայնք ունեցող այս այգին ամենամեծն է անկախության շրջանում հիմնվածների մեջ։ Այն զբաղեցնում է 4,2 հեկտար տարածք և տեղակայված է ձորափնյա հատվածում։ Տարածքն արդեն ազատվել է ինքնակամ շինություններից, անցկացվել է ոռոգման ցանց և ծառեր են տնկվել։
Զբոսայգում կլինեն ամֆիթատրոն, ֆուտբոլի դաշտ և այլ ենթակառուցվածքներ։ Շինարարական աշխատանքների ավարտի վերջնաժամկետ է սահմանված 2026-ի վերջը։ Քաղաքապետ Ավինյանն այն բնութագրեց որպես ամենահաջողված ծրագրերից, նշելով, թե այնտեղ մասնատված հողակտորները վերածվում են միասնական մեծ քաղաքային այգու։
Դատական գործեր
Թոխմախ
Էրեբունիում գտնվող Վարդավառ զբոսայգին՝ Թոխմախ անունով հայտնի լճակի շուրջ, մասնակի սեփականաշնորհել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր և Էրեբունու նախկին թաղապետ՝ «Թոխմախի Մհեր» մականունով հայտնի Մհեր Սեդրակյանի ընտանիքը։ Զբոսայգու տարածքում՝ լճակի ափին Սեդրակյաններն առանձնատուն և ռեստորան էին կառուցել։
2020-ին քննչական կոմիտեն հայտնել էր, որ քննության արդյունքում Սեդրակյանին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանք է առաջադրվել։ Սեդրակյանը, Էրեբունի համայնքի ղեկավար լինելով, փաստացի թույլատրել է համայնքապատկան զբոսայգու տարածքում՝ ընդհանուր 2782,55 քմ շինությունների ինքնակամ կառուցապատում իրականացնել իր որդուն և եղբորը, և 2004-ին զբոսայգու տարածքում գտնվող ընդհանուր 12035,5 քմ հողատարածքն օտարել է որդուն և եղբորը։
Դատախազությունն այս և Սեդրակյաններին պատկանող այլ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջ է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան։
2024-ի ապրիլին Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ քննված քրեական վարույթով պարզվել է՝ 2009-ին Էրեբունու ավագանին զբոսայգու և լճի զբաղեցրած տարածքը 99 տարի ժամկետով՝ տարեկան 620 հազար դրամով վարձակալության է տրամադրել Սեդրակյանի որդու մտերիմին պատկանող ընկերությանը՝ տալով նաև կառուցապատման իրավունք։ Սա արվել է զբոսայգու լուրջ ներդրումների կարիքի հիմնավորմամբ, այնինչ մեկ տարի առաջ՝ 2008-ին արդեն Ֆրանսիայի Լիոն քաղաքի հետ համաձայնագիր էր ստորագրվել զբոսայգին բարեկարգելու նպատակով։ Ավելին, չի կայացել օրենքով նախատեսված բաց մրցույթ և այն վարձակալության է տրվել «ակնհայտ ցածր» գնով։ Արդյունքում, Սեդրակյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով։ Ըստ մամուլի հրապարակումների, դատաշինարարատեխնիկական փորձաքննություն էր նշանակվել, որի պատճառով գործի քննությունը փաստացի կասեցված էր, սակայն 2026-ի հուլիսին դատարանը վերաբացել է այն։
Յանս
Երևանի փոքր կենտրոնում՝ Պոլիտեխնիկական համալսարանի և Ազգային գրադարանի հարևանությամբ գտնվող Ուսանողական այգու մի հատված սեփականաշնորհել էր նախկին նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանը։ Այնտեղ՝ Տերյան 76 հասցեում գործում է նրան պատկանող «Յանս» ռեստորանը։
2023-ի ապրիլին դատախազությունը հայտնեց, որ 626 քմ մակերեսով հողամասը Երևանի քաղաքապետի 2015-ի որոշմամբ 24.4 մլն դրամով ուղղակի վաճառքի միջոցով օտարվել է «Արմեն» ՍՊԸ-ին, որի սեփականատերը Ղազարյանի կին Ռուզաննա Բեգլարյանն է։ Հողատարածքը, սակայն, գտնվում է ընդհանուր օգտագործման կանաչապատ գոտում և օտարման ենթակա չէ։ Այդպիսով, էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին։ Այս մասին դատախազությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտեին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պաշտոնատար անձի կողմից լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիքի հոդվածներով։
Միաժամանակ, դատախազությունը վարչական դատարան հայց էր ներկայացրել՝ պահանջելով պետությանը վերադարձնել այգու օտարված տարածքը։ Ըստ դատական տեղեկատվական համակարգի՝ գործը 2024-ի հունիսին դատարանի որոշմամբ կարճվել է։ Դատարանը եզրակացրել է, որ դատախազությունը նման պահանջ ներկայացնելու իրավունք ակնհայտորեն չունի։
*******
Ինչպես երևում է վերոնշյալ օրինակներից, Երևանի կանաչ տարածքների վերադարձի գործընթացը հետևողական, բայց դանդաղ է ընթանում։ Վերջին տարիներին քաղաքապետարանի քայլերը՝ ապամոնտաժումներից մինչև բարեկարգման աշխատանքներ, ցույց են տալիս առաջնահերթության փոփոխություն, սակայն գործընթացը դեռ հեռու է ամբողջական լինելուց, և շատ տարածքներում իրավական ու գույքային հարցերը շարունակում են առկախված մնալ։ Այս պատճառով մայրաքաղաքի «վերականաչավորումը» անհամաչափ է ընթանում։ Հաջորդ նյութում EVN Report-ը կանդրադառնա այս գործընթացի մյուս դեպքերին։
Ծանոթագրություն․
[1] օրինակներ՝ 17.04.2019/հինգերորդ գոտի/, 20.08.2021/վեցերորդ գոտի/, 27.06.2022/երկրորդ գոտի/, 11.11.2022/վեցերորդ գոտի/, 25.11.2022/երրորդ գոտի/, 15.12.2022/հինգերորդ և վեցերորդ գոտիներ/, 20.02.2023/հինգերորդ գոտի/, 27.04.2023/հինգերորդ գոտի/
Կարդացեք նաև
Երևանի լքված հուշարձան շենքերի հետքերով, մաս 1. ԱԳՆ
Արտաքին գործերի նախարարության նախկին շենքը, թեև տարիներ առաջ սեփականաշնորհվել է, սակայն պարապուրդի է մատնված, ինչպես Երևանի կենտրոնի մի շարք պատմական և մշակութային արժեք ունեցող այլ շենքեր։ Ո՞ր շենքերը կարող են սեփականաշնորհվել, ի՞նչ պարտավորություններ ունեն դրանց տերերն ու ի՞նչ վերահսկողություն ունի պետությունը, այս և այլ հարցերը քննող հոդվածաշարի մեկնարկային անդրադարձը։
Read moreԵրևանի լքված հուշարձան շենքերի հետքերով, մաս 2. Արամի տունը
Դեռևս 2007-ից կառավարության կողմից գերակա շահ ճանաչված Արամի 9-ը հասցեի շենքն այսօր էլ շարունակում է մնալ լքված ու կիսավեր, իսկ իրացման հարցը՝ առկախված։
Read moreԵրևանի լքված հուշարձան շենքերի հետքերով, մաս 3. Արամի 54
Երևանի կենտրոնում 1902 թվականին կառուցված, իսկ 1934-ին վերակառուցված ու որպես հիվանդանոց օգտագործված շենքը, թեև հանրապետական հուշարձանի կարգավիճակ ունի, սակայն այսօր անբարեկարգ վիճակում է և լքված։ «Երևանի լքված հուշարձան շենքերի հետքերով» շարքի երրորդ մասում Հովհաննես Նազարեթյանը ներկայացնում է այս շենքի մասնավորեցման ընթացքն ու հետագան։
Read moreԵրևանի վերջին տերեփուկը
Քաղաքաշինության ծիրում կորած Դալմայի այգիների վերջին պատառիկների հիշողություններին ու այլակերպվող Երևանին է անդրադառնում Վաղինակ Ղազարյանը։
Read moreՖիրդուս. «հիշողության մանեժը»
Ֆիրդուսի ճարտարապետությունը ոչ միայն ժողովրդական էր, այլև՝ արդյունք էր պայմանավորվածությունների, համակեցության և համաստեղծարարության։ Ֆիրդուսի յուրաքանչյուր տան ավերումը վնասում է ոչ միայն առանձին կետին, այլև՝ Ֆիրդուսի ողջ մարմնին ու հիշողության տարածական ցանցին։
Read moreՄեր Մարդ և օրենք բաժնից
Խառնաշփոթի իրավունք. վարելու իրականությունը Երևանում
Երևանի ճանապարհներով երթևեկելը վեր է հանում օրենքի կիրարկման, ենթակառուցվածքների և մշակույթի հետ կապված խորքային խնդիրներ: Հրանուշ Դերմոյանը, հիմնվելով սեփական փորձի և ուսումնասիրությունների վրա, ներկայացնում է, թե ինչ է պահանջվում, և ինչ արժե Հայաստանում անվտանգ վարելը:
Read moreՓարիզյան համաձայնագիրը՝ ի նպաստ Հայաստանում անտառծածկույթի ընդլայնմանը
Թեև Հայաստանի կառավարությունը կլիմայի փոփոխության դեմ պայքարի շրջանակներում պարտավորվել է ավելացնել երկրի անտառածածկույթը, սակայն բնապահպաններն անտառները համարում են երկրի ամենավտանգված էկոհամակարգը։ Գայանե Մկրտչյանն անդրադառնում է անտառների խնդիրներին ու Փարիզյան համաձայնագրի շրջանակներում երկրի պարտավորություններին։
Read moreՎտանգավոր քիմիական նյութերը քաղաքում՝ աչքից հեռու, մտքից հեռու
Հայաստանում քիմիական նյութերի խոշոր պահեստները չեն համապատասխանում որևէ չափորոշչի. եղել են գործարաններ, փակվել են ու լքվել, մինչդեռ այնտեղ շարունակում են մնալ մեծ քանակությամբ քիմիական նյութեր։ Վտանգավոր նյութերի պահման պայմաններին, դրանց վնասազերծման խնդիրներին ու պետության պարտավորություններին է անդրադառնում Մարիամ Տաշչյանը։
Read moreՔարսիթներ. օրենքը կա, իրագործումը՝ ոչ
Տրանսպորտային միջոցներում մանկական պահող համակարգերի՝ քարսիթների օգտագործումը Հայաստանում թեև պարտադիր է, սակայն այնքան էլ մեծ տարածում չունի։ Մարգարիտա Ղազարյանն անդրադառնում է երեխաների անվտանգությունն ապահովող այս համակարգերի կիրառման հայաստանյան փորձին։
Read more









