
Մովսես Խորենացու՝ Տիգրան Մեծի արտերևույթը բացահայտող ՁայնաՊատումը, որտեղ հեղինակ Վահրամ Մարտիրոսյանն առավել մանրամասն է ներկայացնում իրավիճակն ու ավելի շատ փակագծեր բացում, քան հոդվածում։
Շրջադարձային VI դա՛ր։ Մեր թվարկությունից առաջ։ Պարսից Դարեհ թագավորը 520-ական թվականներին Բեհիսթուն լեռան մի ժայռի վրա եռալեզու արձանագրություն թողեց, որը վերծանվեց միայն երկուսուկես հազար տարի անց՝ XIX դարի կեսերին։ Այն տեղեկացնում էր, որ Հայաստանի թագավորն ապստամբել է Դարեհի դեմ։ Մեր երկիրը հին պարսկերեն կոչվում էր Արմինա, էլամերեն Արմինիա, իսկ երրորդ՝ աքքադերեն լեզվով… Urastu (Ուրաշտու)։ Սա նախ կարևորագույն վկայություն էր Հայոց պետության գոյության մասին, ապա նաև՝ Ուրարտու-Հայաստան ակնհայտ նույնացման։
Դարեհից շուրջ մեկ հազարամյակ անց, այս ժամանակներին անդրադառնալով, Մովսես Խորենացին չի զսպում իր զգացմունքները. «Ահա այժմ ես զվարճանում եմ՝ ոչ փոքր ուրախություն զգալով, որ հասնում եմ այն տեղը, երբ մեր բնիկ նախնյաց սերունդները թագավորության աստիճանի են հասնում»։
Համացանցում կան ճանաչողական հոլովակներ, որոնք ներկայացնում են մարդկության պատմությունը 3, 5, 10, րոպեում։ Նայեք դրանք և կտեսնեք, թե ինչպես է մ.թ.ա. առաջին հազարամյակում հայտնվում հայկական պետությունը, փոքրիկ կետից հասնում երեք ծովի, հետո նվազում ու աճում, բայց, ոչ մեծ ընդմիջումներով, շարունակում է իր գոյությունը որպես պետություն շուրջ ինը հարյուր տարի։ Եվ երկար ժամանակ մեկն է աշխարհում գոյություն ունեցող միայն տասնյակի չափ պետություններից, որոնց մեծ մասը նաև ուրույն քաղաքակրթություններ են համարվում։
Մ.թ.ա. VI դարը շրջադարձային էր նաև Իրանի համար՝ Կյուրոս II-ը այն կայսրություն դարձրեց, որի համար հորջորջվեց Մեծ։ Նրան դրվատանքով է հիշատակում նաև «Աստվածաշունչը», քանի որ հրեաներին ազատել է բաբելոնյան գերությունից և վերականգնել Երուսաղեմի Սրբազան տաճարը։ Իսկ Քսենոփոնը՝ հին հույն պատմիչը, զորավարն ու քաղաքական գործիչը (մ. թ. ա. 430-354 թթ.) նրան է նվիրել «Կյուրոպեդիան»՝ աշխարհի առաջին պատմավեպը (թարգմանվում է՝ «Կյուրոսի վարքը»), որում նկարագրվում է Աքեմենյան կայսրության կազմավորումը։ Այս ընթացքում Կյուրոսին օգնում, ապա խանգարում է Հայաստանը, որի արքան հայտնվում է
ա. անպատիվ մահվան փորձության առաջ
Հայերը դաշնակցել էին Կյուրոսին, երբ նա, ապստամբեց Մարաստանի դեմ (տարածքը՝ մի քանի մլն քառակուսի կմ) մ.թ.ա. 553-ին և ստեղծեց Աքեմենյան տերությունը։ Բայց այն շուտով դարձավ հին աշխարհի խոշորագույն երկիրը, որը Փոքր Ասիայից ձգվում էր մինչև Ինդոս գետը, և հարաբերությունները Հայաստանի հետ այլևս հավասարը-հավասարի չէին։ Երևի թե կայսրությունները դաշնակիցներ չեն ունենում, միայն՝ թշնամիներ կամ հպատակներ։ Ճիշտ է, դեռ սիրաշահելով նախկին հակառակորդին, Կյուրոսը բարձր կարգավիճակ վերապահեց ազգակից Մարաստանին, բայց Հայաստանը պետք է մարերին հարկ տար, պատերազմի դեպքում՝ նաև զորք։

Երվանդ I, ոսկեդրամ
Քսենոփոնը պատմում է, որ հայոց թագավորը՝ Երվանդ Սակավակյացը, երկու տարի չի վճարում հարկը և զորք էլ չի ուղարկում մարերին, երբ նրանք պատերազմում են Լիդիայի, Եգիպտոսի և Բաբելոնի դեմ։ Մարերը դիմում են Կյուրոսին, որ հայերին պատժի։
Արքայազնը՝ Տիգրան Երվանդյանը, եղել է Կյուրոսի որսընկերը։ Կյուրոսը բարդ ծուղակ է լարում, մարերի թագավորի խորհրդով ու մասնակցությամբ։ Օգտագործելով վաղեմի մտերմությունը՝ նա Երվանդին ու Տիգրանին հրավիրում է որսի և փակում է նրանց նահանջի ճանապարհները։ Հանդիպում են սահմանագլխին, Կյուրոսը գերում է Հայոց արքային, թագուհուն, արքայազններին և Տիգրանի կնոջը՝ Արմենուհուն (Զարուհի՝ ըստ Խորենացու)։
Տիգրանը, որ այդտեղ չէր, արդեն իր ոտքով է գալիս Կյուրոսի մոտ։ «Տեսնելով իր հորը, մորը, եղբայրներին և իր կնոջը՝ գերի վերցված, նա, բնական է, արտասվեց», գրում է Քսենոփոնը։ Այսուհանդերձ, Քսենոփոնը չի դատապարտում Կյուրոսին՝ նա զայրացած է, որ հայերը դրժել են ուխտը, և պատժի նպատակն արդարացնում է միջոցները, այդ թվում… արքայից արքայի խորամանկությունը։ Մանավանդ որ այլընտրանքը պատերազմն էր՝ «սթրես» պետության բոլոր կառույցների համար։
Մեզնից ո՞վ չի երազել տեսնել հայրենի թագավորների նկարները։ Մանավանդ եթե նրանք ապրել են երկուսուկես հազար տարի առաջ։ Ֆրանսիայում, Գրենոբլի թանգարանում պահպանվում է XVIII դարի ֆրանսիացի նկարիչ Նոել Կոիպելի «Կյուրոսը հարցաքննում է հայոց թագավորին» կտավը, որը կօգնի մեզ երևակայելու անցյալը։ Կամ համեմատելու մեր երևակայածը նրանի հետ։

Նոել Կոիպել, 1628-1707. Կյուրոսը հարցաքննում է հայոց թագավորին
Կյուրոսը հարցնում է Հայոց թագավորին՝ ի՞նչը քեզ դրդեց անհնազանդության։
«Ես ազատության էի ձգտում. քանզի լավ էի համարում, որ ինքս ազատ լինեմ և որդիներիս ազատություն թողնեմ»,- պատասխանում է Երվանդը։
Տիգրանն իրավունք է խնդրում պաշտպանելու հորը՝ ուրեմն, Կյուրոսը դժգոհ է մնացել Երվանդ թագավորի պատասխանից։ Այդ դեպքերում արքան նշան էր անում համհարզին, որը մոտենում ու բռնում էր մեղադրյալի գոտուց՝ դա մահվան դատավճիռ էր։ Տիգրանը, հավանաբար, առաջացել-կանգնել է Հայոց թագավորի և Կյուրոսի համհարզի միջև։ Բայց ձեռքը չի տարել սրին, այլ օգտագործել է իր պերճախոսությունը. Քսենոփոնը նաև փիլիսոփա էր, եղել էր Սոկրատեսի (մ.թ.ա. 470-399) աշակերտը, սոփեստների դպրոցի հետևորդ, և գիտեր խոսքի ուժը։
Տիգրանը վկայակոչում է Հայաստանի աշխարհագրական դիրքը։ Աստված… ավելի ճիշտ՝ աստվածնե՛րն ազատեն վատ հարևաններից՝ հյուսիս-արևմուտքից խալդերը շարունակ ասպատակում են մեր երկիրը։ Եթե, ըստ պայմանագրի, մարերին տրամադրեինք 20 հազար հետևակ, 4 հազարանոց հեծելազոր, որ հայկական զորքի կեսն է՝ չէինք կարողանա խալդերին Հայաստանից դուրս քշել։
Իսկ ինչու՞ չեք վճարել 50 տաղանդ արծաթի հարկը, նեղում է նրան Կյուրոսը (Աթենյան կամ հունական 1 տաղանդը կշռում էր 26 կգ՝ 26×50=1300 կգ)։
— Պատկերացնենք, որ մարերի թագավորը որոշել էր մեզ պատժել զորք չտալու համար, նա 50 տաղանդը կծախսեր, որ արշավեր մեր դեմ և ավելի շատ կվնասեր,- երկաթյա տրամաբանությամբ դատում է Տիգրանը։
— Բայց պայմանագրերը չեն կնքում դրժելու և հետո արդարանալու համար, այլ՝ հարգելու… Ի՞նչ կանեիր դու իմ փոխարեն, Տիգրան։
— Ես ըստ արդյունքի կվճռեի, արքա։ Եթե խալդերը գրավեին Հայաստանը, դու պետք է պատերազմ վարեիր, որպեսզի հետ գրավեիր։ Դա խոցելի կդարձներ քո տերության մյուս սահմանները, քաջարի շատ զինվորներ կզոհվեին, գանձարանդ կդատարկվեր, և ամենակարևորը՝ կկորցնեիր թանկ ժամանակդ, որ կարող էիր մեծագործությունների նվիրել… Մանավանդ որ խալդերը նահանջելու էին ու ծվարեին իրենց սարերում։ Նույնիսկ նրանց շրջափակելով՝ ո՛չ հարկ կարող էիր պահանջել, ո՛չ ավար, քանզի ոչինչ չունեն։ Հայաստանն այդ ողջ ընթացքում ունակ չէր լինի հարկ վճարել, հետո էլ՝ քիչ ու դժվար, քանզի ավերված կլիներ։

Կյուրոս Մեծ
Կյուրոսը մտածում է… և փոխում մահապատժի որոշումը։ Սահմանում է ռազմատուգանք, որը երաշխավորելու համար պատանդներ է պահանջում, այդ թվում՝ Տիգրանի կնոջը, ամուսիններին կանգնեցնելով
բ. բաժանման փորձության առաջ
Մեջբերում «Կյուրոպեդիայից».
«…Տիգրա՛ն, ասա՛ ինձ, ինչքա՞ն կվճարես կնոջդ ետ ստանալու համար»։
«Ես, ո՛վ Կյուրոս, նույնիսկ իմ կյանքը կտամ, որպեսզի նա երբեք ստրուկ չդառնա»,- պատասխանում է Տիգրանը։
Քսենոփոնի Կյուրոսի համար դա բավական է, որ պատանդներ ևս չպահանջի։ Նա խնջույքի է հրավիրում հայերին, ապա նվերներով ճանապարհում հայրենիք։
Արդեն Հայաստանում, մահացու վտանգը թոթափած, նրանք վերհիշում են պատահածը։ Մեկը Կյուրոսի իմաստությամբ է հիանում, մյուսները՝ արիությամբ, գեղեցկությամբ։ Քսենոփոնը շարունակում է.
«Այնժամ Տիգրանը հարցրեց իր կնոջը. «Իսկ քեզ, ո՜վ Արմենուհի, Կյուրոսը նո՞ւյնպես գեղեցիկ թվաց»։
«Բայց,— պատասխանեց կինը,— Աստված վկա, ես նրան չէի նայում»։
«Հապա ո՞ւմ էիր նայում»։
«Վկա է Աստված, ես նայում էի նրան, ով ասաց, թե իր կյանքը կտա, որ ես ստրուկ չլինեմ»…
Հետագայում երախտագետ Զարուհին ամուսնու հետ, «արիաբար»՝ գրում է Քսենոփոնը, մասնակցում է Ասորեստանի ու Բաբելոնի դեմ Կյուրոսի վարած պատերազմներին և ամուսնու միջոցով զարդ է նվեր ստանում Կյուրոսից։
Որքանո՞վ է հավաստի այս հուզիչ պատմությունը։ «Կյուրոպեդիան» վեպ է, բայց Քսենոփոնն ընդամենը մի քանի սերնդով է բաժանված Կյուրոսի դարաշրջանից։ Բացի այդ, հեղինակը ոչ թե իր հույն ազգակիցներին, այլ օտարներին է օժտում այս արժանիքներով՝ ազատասիրությամբ, ճկուն մտքով, անձնվիրությամբ։ Նրա երկը համոզիչ չէր լինի ժամանակակիցների համար, եթե հայերը նման հատկանիշներ չունենային։ Մի՞թե մեր օրերի վիպասանը կգրի, թե ֆինները տաքարյուն են… վրացիները երգել չեն սիրում, ֆրանսիացիները ատում են նորաձևությունը…
Ի դեպ, «Կյուրոպեդիայի» տասնյակ էջեր զբաղեցնող այս դրվագը շատ ավելին է ասում հայկական ինքնության մասի, քան Քսենոփոնի մեկ այլ ստեղծագործության՝ «Անաբասիս» պատմական հուշագրության գարուց ստացված գինին։ Այն սովետական տարիներին, ապա և անկախ Հայաստանում ներկայացվում է որպես գարեջրի ամենավաղ հիշատակություն։ Բայց որքան էլ դա ընդունված լինի, այսօր թեթև գուգլելով կարելի է իմանալ, որ գարեջուրը ոչ թե երկուսուկես, այլ հինգ հազար տարվա պատմություն ունի՝ Ուրուկ քաղաքում (ժամանակակից Իրաք) գարեջրով էին վարձատրում բանվորներին, իսկ Բաբելոնում այդ խմիչքի օգտագործումը կանոնակարգվում էր Համմուրաբի թագավորի մ․թ․ա․ 1790-ի օրենսգրքով։

Սոկրատեսը և երիտասարդ Քսենոփոնը Ռաֆայելի «Աթենական դպրոց»
որմնանկարում (առաջնահայաց նման են Արթյուր Ռեմբոյին և Պոլ Վեռլենին)
Բայց արդյո՞ք Քսենոփոնը գարեջրի մասին է գրել առհասարակ։ «Այնտեղ կար նաև ցորեն և գարի և ընդեղեն և կրատերների մեջ գարուց պատրաստած գինի, որի երեսին լողում էին գարու հատիկներ։ Եվ այն շատ թունդ էր, եթե ջուր չխառնեին, իսկ սովոր մարդու համար շատ ախորժելի ըմպելիք էր»։ Գինին թունդ էր՝ ասում է Քսենոփոնը։ Սովորական գինին արդեն իսկ թունդ է գարեջրից, ինչպես կարող էր այդ խմիչքը գարեջուր լինել։ Ավելի խելքին մոտ է, որ հույները իրոք թունդ խմիչք են համտեսել։ Դիցուք՝ «վիսկի», որի հիմքը ավանդաբար գարին է… Սա «վիսկիի» առաջնությունը ուրիշ ազգերից խլելու փորձ չէ, այլ մի օրինակ, թե որքան խարխուլ կարող են լինել վաղուց ի վեր արմատավորված պատումների հիմքերը…
Մինչդեռ «Անաբասիս»-ում կա դրվագ, որը տասնապատիկ ավելի պատվաբեր է հայերի համար, քան գարու հատիկներով խմիչքը։ Հունական նահանջող զորաջոկատը մի հայ «գեղջավագի» բռնությամբ տանում է իր հետ որպես ուղեկից։ Նրանք գյուղապետին բաժին են հանում սննդամթերքից, որ ամեն տեղ առատ էր Հայաստանում, թույլ տալիս «վերցնելու այն, ինչ ցանկանում էր», բայց նա «ոչինչ չէր վերցնում, այլ երբ որևէ տեղ տեսնում էր իր տոհմակիցներից մեկն ու մեկին, նրան միշտ վերցնում էր իր հետ»։
Կարևոր է նկատել, որ Քսենոփոնը միայն դրական կողմից չի ներկայացնում հայերին, դա նրա հավաստիության լրացուցիչ ապացույց է. «Այնտեղ գտնվող խալդայները, երբ արմենները մոտեցան, իսկույն աղաղակելով, ըստ իրենց սովորության, վազեցին նրանց վրա. իսկ արմենները, ըստ սովորության, նրանց գրոհին չդիմացան», գրում է նա «Կյուրոպեդիա» վեպում։ Այսինքն, հայերի դիմադրությունը բավարար չափով համառ չէր։ Քննադատություն, որին այսօր էլ արժե լուրջ վերաբերվել՝ վերհիշելով 1918-20, 2020 թվականներին մեր վարած պատերազմները։
«Կյուրոպեդիա» վեպի մեկ ուրիշ արժանիքն այն է, որ Քսենոփոնը ցույց է տալիս այն երկընտրանքը, որ Հայաստանին ուղեկցելու է հազարամյակներ։ Ձգտե՞լ անկախության՝ երկիրը ենթարկելով կայսրերի կամ ասպատակիչ ցեղերի ավերների վտանգին, թե՞ «չկառուցել ամրություններ», ինչպես պարտադրում էր Մարաստանի հետ պայմանագիրը և համակերպվել օտարների քմահաճույքներին՝ վտանգելով ազգային ինքնությունը…
Հույն Քսենոփոնն ընտրել է Կյուրոս Մեծին, որպեսզի կերտի հեռատես, քաջ ու մեծահոգի տիրակալի տիպար. երբ նա գրում էր «Կյուրոպեդիան», Ալեքսանդր Մակեդոնացին դեռ չէր ծնվել։ Ալեքսանդրի կենսագրությունից շատերը հիշում են, որ նա պարսկական հանդերձներ էր կրում, երբ Իրանը գրավեց, որպեսզի իրեն որպես նվաճողի չվերաբերվեն։ Բայց Ալեքսանդրի քաղաքական հանճարի ավելի վառ օրինակ կա. Տրալես և Մագնեսիա քաղաքներն առնելով՝ նա հրամայեց ոչնչացնել օլիգարխիան, վերականգնել ժողովրդավարական կառավարումը, ըստ այն օրենքների, որոնց սովոր էին նրանց բնակիչները։
Կյուրոսը ևս արդարաբար լուծեց հայ-խալդական սահմանային վեճը։ Ընդհանուր ամրոց կառուցվեց, փոխադարձ ամուսնությունների իրավունք տրվեց։ Կյուրոսը խալդերից գրավեց լեռների գագաթները և իր ձեռքում պահեց, որպես լծակ՝ երկու կողմի հանդեպ։ «Խալդայները» պետք է օգտվեին «արմենների» անմշակ հողերից, իսկ «արմենները» դիմացը վճար ստանային։ Նրա հաստատած խաղաղությունը պահպանվել է մինչև հույն Քսենոփոնի օրերը՝ շուրջ մեկուկես դար։

Տիգրան Երվանդյան: Անհայտ հայ փորագրող, 19-րդ դար, Հայաստանի ազգային պատկերասրահից
Ըստ ականավոր պատմաբան Հակոբ Մանանդյանի, այդ «համակեցության հետևանքն այն եղավ, որ խալդերը և տեղական այլ ժողովուրդները հետզհետե միաձուլվեցին արմենների հետ, և հետագա դարերի ընթացքում գոյացավ այժմյան հայ ժողովուրդը»:
Արքայազն Տիգրանը Քսենոփոնի վեպում զգացմունքային է, պերճախոս, անձնվեր։ Իսկ ինչու՞ է Խորենացին «Մեծ» համարում հենց նրան և ոչ՝ մ.թ.ա. I դարի Տիգրան II-ին, որը նրա մատյանում Տիգրան Միջին է կոչվում։ Որպես «իր» Տիգրան Մեծի խոշորագույն արժանիք Խորենացին նշում է այն, որ Տիգրան Երվանդյանը ճակատամարտելով
գ. գրավում է այնքան տարածք, մինչև հասնում է «մեր հին բնակության սահմանների ծայրը»
Պետական և էթնիկ սահմանների կատարյա՛լ համընկնում։ Սա, իհարկե, նշանակում է, որ մինչ այդ մեր «հին բնակության սահմանները» ինչ-որ չափով սեղմվել էին։ Այլ կերպ՝ սա հիշողություն է «Ուրարտուի» անկման ժամանակների մասին։ Իսկ ինչո՞ւ եմ «Ուրարտուն» չակերտներով գրում։ Եղե՞լ է Ուրարտու, թե՞ ոչ Հայկական Բարձրավանդակում, Երվանդ Սակավակյացին նախորդող դարերում։ Այս թեմայով գիտական բանավեճը կա, որը մի օր լուծում կգտնի, բայց Խորենացին, հարյուրավոր ազգերի ու ցեղերի անուն տալով, ոչինչ չգիտե Ուրարտուի մասին։ Հերոդոտոսը, Ստրաբոնը հազարավոր ազգություններ են թվարկում՝ նրանց ցանկում ևս չկան ուրարտացիներ կամ Ուրարտու անունով երկիր։
2011-ին Օքսֆորդի համալսարանի հրատարակած «Հնագույն Անատոլիա» ժողովածուում լույս է տեսել ժամանակակից հեղինակավոր գիտնականներից մեկի՝ ամերիկյան հնագետ Պոլ Զիմանսկու «Ուրարտականը և ուրարտացիները» հոդվածը, որում նա գրում է՝ ուրարտացիները «ինքնորոշված ժողովուրդ չեն, և (ուրարտական) լեզուն ընդամենը ժամանակակից այլընտրանք է, որն օգտագործվում է նրանց բնորոշելու համար»։
Տասնամյակներով այս տեսակետի հակառակն են պնդել սովետական գիտնականները (հատկապես՝ Իգոր Դյակոնովը, 1915-1999), որոնց կարծիքով հայե՛րն են, որ ինքնորոշված ժողովուրդ չեն եղել։ Առանց պարզաբանելու, թե որտեղից են նրանք հայտնվել, ինչ հրաշքի շնորհիվ են տեղում ապրող ավելի բազմաքանակ ազգությունները հանկարծ անցել հայերենի և առաջացրել իրեն հայ կոչող ժողովրդին։ Ընդ որում, պատմության սովետական դասագրքերը գերազանցել էին դյակոնովականներին՝ համարելով, որ ուրարտացիները հայերի, վրացիների և ադրբեջանցիների նախնիներն են։ Վերջիններիս ավելացրել էին, որպեսզի հայերն ու վրացիներն իրենց «արտոնյալ» չզգան հին պատմության շնորհիվ։ Ի դեպ, նույն նկատառումով ՍՍՀՄ ժողովուրդների պատմության դպրոցական դասագրքերում անտիկ շրջանից մինչև մ.թ. հազար թվականն անցնում էին «վազելով», ընդամենը մի քանի տասնյակ էջում, որպեսզի շուտ սկսվի ժամանակաշրջանը, երբ ռուսներն արդեն գոյություն ունեն, որոնց նվիրված մասն արդեն զբաղեցնելու էր 7-10-րդ դասարանների դասագրքերը համարյա ամբողջությամբ։

Կյուրոս և Տիգրան
Ինչպես Քսենոփոնի վեպում՝ Կյուրոսը, Խորենացու մատյանում էլ Տիգրան Երվանդյանն է փառահեղ առաջնորդ.
«Սա մեր թագավորներից ամենահզորն ու ամենախոհեմն էր և նրանցից բոլորից քաջ։ Նա Կյուրոսին աջակից եղավ Մարաց իշխանությունը տապալելու, հույներին էլ ոչ քիչ ժամանակ նվաճելով իրեն հնազանդեցրեց և մեր բնակության սահմաններն ընդարձակելով հասցրեց մինչև հին բնակության սահմանների ծայրը․ բոլոր իր ժամանակակիցներին նախանձելի եղավ, իսկ հետո եկողներիս ցանկալի, թե ինքը և թե իր ժամանակը։ Եվ ո՞ր իսկական մարդը, որ համակրում է արիական վարքի և խոհականության, չի զվարճանա սրա հիշատակությամբ և չի ձգտի նրա նման մարդ լինել: Նա տղամարդկանց գլուխ կանգնեց և ցույց տալով քաջություն՝ մեր ազգը բարձրացրեց, և մեզ, որ (օտարների) լծի տակ էինք, դարձրեց շատերին լուծ դնողներ և հարկապահանջներ. մթերքներ` ոսկու և արծաթի, և պատվական քարերի և զգեստների և զանազան գույների և գործվածքների՝ տղամարդկանց և կանանց համար՝ առհասարակ բազմացրեց, որոնցով տգեղները գեղեցիկների նման սքանչելի էին երևում, իսկ գեղեցիկներն այն ժամանակի համեմատ դյուցազունների էին նմանում: Հետևակ կռվողները ձիավոր դարձան, պարսերով կռվողները՝ հաջող աղեղնավորներ, կոպալներով կռվողները զինվեցին սրերով ու տեգավոր նիզակներով, մերկերը պատսպարվեցին վահաններով և երկաթե զգեստներով: Եվ երբ նրանք մի տեղ հավաքվեին, միայն նրանց արտաքին տեսքն ու նրանց պահպանակների ու զենքերի փայլմունքը բավական էին թշնամիներին հալածելու և վանելու: Նա խաղաղություն և շենություն բերեց, բոլորին լիացրեց յուղով և մեղրով։ Այս և այսպիսի ուրիշ շատ բաներ բերեց մեր աշխարհին այս խարտյաշ և մազերի ծայրը գանգուր Երվանդյան Տիգրանը, գունեղ երեսով, քաղցր նայվածքով, ուժեղ սրունքներով, գեղեցիկ ոտներով, վայելչակազմ և թիկնավետ, կերակուրների և ըմպելիքների մեջ պարկեշտ, ուրախությունների մեջ օրինավոր, որի մասին մեր հները, որոնք փանդիռներով երգում էին, ասում էին, թե մարմնի ցանկությունների մեջ էլ չափավոր է եղել»։
«Մազերի ծայրը գանգու՛ր»։ Նույնիսկ սա է շեշտել Խորենացին։ Այսինքն, Տիգրանը պարզապես գանգրահեր չէ, այլ մազերը հարթ իջնում են ուսերին ու հետո ալիք տալիս… դե ինչպես… ռոք աստղերինը։
Հայ պատմաբանների մեծամասնության կարծիքով, Խորենացին Տիգրան II-ի (մ.թ.ա I դար) նվաճումները վերագրել է Տիգրան Երվանդյանին (մ.թ.ա VI դար)։ Օրինաչափ է հարցը. եթե Տիգրան II-ի «Ծովից ծով Հայաստանը» տևել է երկու տասնամյակ, հետո նա կորցրել է իր նվաճումները, ինչու՞ պետք է Պատմահոր գնահատանքին չարժանանար Տիգրան Երվանդյանը՝ որպես մեր պետականության հաստատումը նշանավորող գործիչ։ Ընդ որում, Խորենացու վերաբերմունքը նրա հանդեպ համընկնում է օտար աղբյուրներին, որոնց հիմնվելով… բազմաթիվ օպերաներ են գրվել։ 1715 թվականին Նեապոլում բեմադրվեց Ալեսանդրո Սկարլատիի «Տիգրան» օպերան, որի առանցքային հերոսներից մեկը Կյուրոս Մեծն է, բնականաբար՝ մ.թ.ա VI դարի Տիգրանի ժամանակակիցը։ Երեք տասնյակից ավելի եվրոպական օպերաների զգալի մասը, որոնք կոչվում են Տիգրան կամ Տիգրան անունով հերոս ունեն, մ.թ.ա I դարի մեր հայտնի պատմական գործչին չեն վերաբերվում։
Տիգրան Երվանդյանն էլ է մ.թ.ա VI դարի որոշ աղբյուրներում շրջանցվել, բայց դրա պատճառը բացատրում է ինքը՝ Խորենացին.
«Բայց թե ինչու՞ այս բաները (օտար) թագավորների բուն մատյաններում կամ մեհենական պատմություններում չհիշատակվեցին, թող այս մասին ոչ ոք չտարակուսի կամ կասկածի չգնա։ […] Նրանք հարկավոր և կարևոր չէին համարում ուրիշ ազգերի, հեռավոր աշխարհների մասին հին լուրերն ու նախնական զրույցները իրենց թագավորների կամ մեհյանների մատյաններում գրել, մանավանդ, որ (իրենց համար) պարծանք և պատիվ չէր օտար ազգերի քաջությունը և արիական գործերը հիշատակելը»:
Խորենացու մատյանում յուրահատուկ կերպար է նաև մարերի արքան։ Սա ուներ առնվազն մեկ հատկանիշ, որ միանգամայն դրական կարող էր համարվել, եթե գործին չխառնվեր
դ. դիցաբանությունը
Աժդահակը, որի անունը «մեր լեզվում վիշապ է նշանակում» (Խորենացի) և «թվելյաց» կոչվող ժողովրդական երգերում հենց այդպիսին էլ կա, Կյուրոսի նախկին թշնամուց դարձել էր նրա՝ արդեն որպես կայսեր լավագույն բարեկամը վասալի կարգավիճակում։ Կյուրոսի գործն էր նրան սիրաշահելը, որպեսզի չընդվզի, բայց հայերի համար նա «կողմնակի» տիրակալ էր, որին իրենք հարկ պիտի տային։
Աժդահակը «ոչ այնքան քաջությամբ, որքան ճոխությամբ ու ճարտարությամբ էր իր ազգի ցեղապետությունը վարում՝ Նեբրովթին հնազանդվելով, և կամենում էր ցույց տալ, որ ամենքը պետք է ընդհանուր կենցաղ ունենան, նա ասում էր, թե ոչ ոք չպետք է (սեփական) բան ունենա, այլ ամեն ինչ պետք է ընդհանուր լինի։ Նրա ամեն մի խոսքը, ամեն մի գործը հայտնի էր, ոչ մի ծածուկ բան չէր մտածում, այլ սրտի բոլոր գաղտնի խորհուրդները լեզվովն արտահայտում էր. և սահմանում էր, որ բարեկամները նրա մոտ ելումուտ անեն ինչպես ցերեկով, այնպես էլ գիշերով։ Եվ այս էր նրա այսպես կոչված անբարի բարերարությունը»։

Աժդահակը՝ XVIII դարի եվրոպացիների պատկերացմամբ

Վահագն Վիշապաքաղ, քանդակագործ՝ Կառլեն Նուրիջանյան
Ընդհանուր կենցաղ, ոչ մի սեփական բան, ազատ ելումուտ… Աժդահակը կարծես առաջին քրիստոնյաներից լինի՝ ինչու՞ է մեր բարեպաշտ Պատմահայրն այս «բարերարությունը» կոչում «անբարի»։ Աժդահակը կարծես նաև Մահաթմա Գանդիի նախորդն է, որի դուռը հենց այսպես բոլորի առջև բաց էր, նույնիսկ երբ Հնդկաստանի վարչապետն էր, ինչից օգտվելով նրան սպանեցին հակառակորդները։
Միայն թե մարերի արքայի այս բոլոր գեղեցիկ մղումները ստվերում է այն, որ նա ունի ծածուկ մի բան՝ սատանի ճուտը, որը նրա խորհրդատուն է։ Այս պատվի դիմաց սա համբուրում է Աժդահակի ուսերը, որտեղից վիշապներ են աճում (ուսերին վիշապներով արձանիկներ կան Հայաստանի մի շարք թանգարաններում)։
Ուրեմն, Աժդահակի սրտաբացությունը ձևակա՞ն է՝ սատանի ճուտը հո բարի խորհուրդ չի՞ տա… Մարերի արքան ավելի շուտ աշխարհի առաջին բոլշևիկն է, որը հավասարություն քարոզում է միայն։ Լենինն ու իր զինակից Ստալինը հավասարություն հռչակեցին, բայց իրականում արտոնություններ սահմանեցին իրենց կուսակիցների համար, իսկ թափանցիկ դիվանագիտությունն ու արխիվների բացումը շուտով վերածեցին մարդկության պատմության ամենադաժան գրաքննությանը, որը տասնամյակներով կոծկելու էր միլիոնավոր անմեղ մարդկանց ոչնչացումը։ (Ի դեպ, «Կարմիր սատանայի ճտերի ժառանգորդները»՝ այսպես է կոչվում Յուրի Սորոկինի՝ սովետական պիոներներին նվիրված գիրքը, որ 1970-ին լույս է տեսել նաև հայերեն)։
Գահին արդեն հորը փոխարինած Տիգրանը Խորենացու մատյանում հաղթում է Աժդահակին (նրան Քսենոփոնը կոչում է Աստիագես, իշխել է մ․թ․ա․ 585-550), որից հետո նրա առաջին տիկնոջը՝ Անուշ թագուհուն, իր որդիներով բնակեցնում է Գողթան գավառում, Խրամ, Խորշակունիք և… Ջուղա ավաններում։ (Մեր պատմության մեջ այս հիշողությունը կարևորություն կստանա հազար հինգ հարյուր տարի հետո, երբ ուշ միջնադարում այստեղից… ավելի ստույգ՝ Նո՛ր Ջուղայից կծավալվի հայկական վաճառականական ցանցապետությունը, որին անդրադարձել եմ «Դատարկ դարեր» շարքում)։
Պարտությունը Աժդահակին չի զրկում գահից, ի վերջո, մարերի՛ համբերությունն է հատնում նրա երկերեսանիությունից՝ նրանք իրենց վերջին թագավորին սպանում ու գցում են «ծծմբահոտ վիհը»։
Ճիշտ է, եթե նույնիսկ դա տեղի չունենար, Հայկական լեռնաշխարհում ծնվել էր հերոս, որը վերջ կտար այդ «անբարի բարերարին»։ Երբ Խորենացին շարադրում է Տիգրան Երվանդյանի ծննդաբանությունը, թվարկում սիրո փորձությունն անցած Տիգրանի ու Զարուհու զավակներին, մի ցնցող ազգակցական կապ է բացահայտում, որը խորապես շրջանցված է մեր պատմագիտության ու բանասիրության մեջ։ Նրանք ունեն
ե. երեք որդի՝ Բաբ, Տիրան… Վահագն
Ըստ Խորենացու, «փանդիռներով»՝ հին ժամանակների կիթառներով, մեր գուսանները երգե՛լ են մ.թ.ա. VI դարի Տիգրան Երվանդյանին՝ գովաբանելով նրա չափավորությունը մարմնական ցանկություններում, բայց «Հայոց պատմության» մեջ քաղվածքներ չի բերում։ Մինչդեռ Տիգրանի երրորդ՝ Վահագնի որդու մասին,- Պատմահայրն իր ականջով է լսել,- փանդիռներով երգել են՝
Երկներ երկին,
Երկներ երկիր,
Երկներ և ծովն ծիրանի,
Երկն ի ծովուն ուներ
Եվ զկարմրիկն եղեգնիկ:
Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելաներ,
Ընդ եղեգան փող բո՛ց ելաներ,
Եվ ի բոցույն վազեր
խարտեաշ պատանեկիկ:
Վահագնը վիշապների սարսափն էր, Խորենացին նրա քաջագործությունները նմանեցնում է Հերակլեսի սխրանքներին։ Նրան աստվածացրել են Վրաստանում, արձանին զոհեր մատուցել։ Հայաստանում նրան պաշտում էին, կոչում՝ Վիշապաքաղ, նրանից է սերել, ըստ ավանդության, Վահունի տոհմը։ Տիգրան Երվանդյանի հիշատակին որևէ տուրք չի մատուցվել։
ՁայնաՊատում
Պեղումներ
Հայոց ծանոթ և անծանոթ պատմությունից
Պեղումներ. «Ալքիմիկոսը»՝ Մկրտիչ Նաղաշ
XV դարում է ստեղծագործել պանդխտության առաջին հայ երգիչը, որի անունն է բոլորին հայտնի գրականության դասագրքերից, բայց՝ ոչ կյանքը։ Մկրտիչ Նաղաշը, նրա ժամանակաշրջանն ու իրադարձություններն են գրող, թարգմանիչ Վահրամ Մարտիրոսյանի «Պեղումներ. Հայոց ծանոթ և անծանոթ պատմությունից» շարքի առաջին անդրադարձի առանցքում։
Read moreՊեղումներ. Հակոբ Մեղապարտի հետ՝ դեպի Վենետիկ
Հայերեն գիրքը թե՛ ազգային ինքնությունը պահպանելու հզոր գործիք դարձավ, թե՛ հնարավորություն մուտք գործելու գիտության, տեխնիկայի և տեղեկատվության զարգացման դարաշրջան։ Հակոբ Մեղապարտը, նրա գործունեությունն ու կենսական անհրաժեշտություն գրքերի տպագրման ուղին է գրող, թարգմանիչ Վահրամ Մարտիրոսյանի «Պեղումներ. Հայոց ծանոթ և անծանոթ պատմությունից» շարքի երկրորդ անդրադարձի առանցքում։
Read moreՊեղումներ. Ողջույն, Ժան-Ժակ Ռուսսո
Ժամանակակից գերմանացի փիլիսոփա Յուրգեն Հաբերմասի կարծիքով, հանրային ոլորտը հենց սրճարանում է սկսել կայանալ։ Առաջին սրճարանները, դրանց դերն ու այդ գործում հայերի ունեցած ավանդն է գրող, թարգմանիչ Վահրամ Մարտիրոսյանի «Պեղումներ. Հայոց ծանոթ և անծանոթ պատմությունից» շարքի երրորդ անդրադարձի առանցքում։
Read moreՊեղումներ. Ջղային ջուղայեցիներ
Թե՛ Օսմանյան կայսրությունում, թե՛ Պարսկաստանում քրիստոնյա գյուղացիները, արհեստավորները մի կերպ գոյատևում էին, բայց կար մի խավ, որը կարող էր դուրս գալ տեղական սահմաններից՝ վաճառականները։ Այս գործընթացի առանցքում անսպասելիորեն հայտնվեցին հայերը։ Նրանց մեծ մասը սերում էր Արաքսի ափի մի կիրճում սեղմված Ջուղայից։
Read moreՊեղումներ. Երևանի 1724 թվականի ինքնապաշտպանությունը
1724 թվականին Երևանն օսմանյան բանակին մի քանի ամիս դիմադրեց՝ այդպիսով ամիսներ շարունակ քաղաքին գամելով թուրքական ուժերը, ինչը թույլ տվեց Արցախին ու Սյունիքին պարզած պահել ապստամբության դրոշը, որն ավարտվեց միայն 1730-ին։
Read moreՊեղումներ. Լորդ Բայրոնը լողում է Մխիթարյան միաբանություն, հայերենի դասի
Քիչ են մարդիկ, ում անունով դար է կոչվել։ Լեոյի նման անողոք պատմաբանը հայոց XVIII դարը կոչում է Մխիթարյան, իսկ թե ինչու և ինչպես էր հենց Մխիթար Սեբաստացին արժանացել այդ տիտղոսին, բացահայտում է Վահրամ Մարտիրոսյանի նոր պատումը։
Read moreՊեղումներ. Միայնակ Ազատարարը` Հովսեփ Էմին
Հովսեփ Էմինն իր գործերով, նաև անգլերեն մի գրքով պատմեց աշխարհին, որ իր ժողովուրդն ունի պատմություն, ձգտում է անկախության։ Կարելի է երկար թվարկել Էմինի առաքինությունները, բայց որպես ժառանգություն՝ նա հետագա սերունդներին թողեց ազատարար հերոսի իր աննկուն կերպարը, որն ազգային ինքնություն է կերտում և քաղաքակրթության լույսին ուղղում հայրենակիցների հայացքը։
Read more