
Պատկերազարդում Արմինե Շահբազյանի:
Արվեստի ստեղծագործությունների վերականգնումը և պահպանումը համեմատաբար ժամանակակից մասնագիտություն է՝ պայմանավորված 18-րդ դարում առաջին հանրային և մասնավոր թանգարանների ի հայտ գալով: Չնայած մարդիկ մշտապես հոգացել են, որ առանձնահատուկ նշանակության առարկաները վերականգնվեն և պահպանվեն, սակայն արվեստի ժամանակակից վերականգնումն ավելի հեռուն է գնում՝ փորձելով բարձրացնել այդ իրերի պատմությանը վերաբերող էթիկական հարցեր:
Առարկաները պատմում են իրենց տերերի մասին, և մեզ պատկանող իրերը, սովորաբար, մանրամասն քննվում են մեզնից հետո` բացահայտելու փոշու և կեղտի շերտերում մնացած չպատմված պատմությունները: Այս անձնական պատմությունները նաև ներկայացուցիչն են դարաշրջանների և մշակույթների, որոնք վաղուց չկան արդեն, մինչդեռ պատշաճ իրականացված վերականգնումը կարող է ի հայտ բերել և տեղավորել համապատասխան կոնտեքստում:
Այսպիսով, հատուկ ուշադրություն է հատկացվում հավաքական կարևորության այնպիսի իրերի պահպանությանը, ինչպիսիք են նկարները, ձեռագրերը, որոշ գրքեր և նմանատիպ նշանակություն ունեցող առարկաներ, քանի որ դրանք օգնում են կառուցել և հավերժացնել ազգային պատմությունը: Վերականգնման և պահպանության գործընթացը շատ որոշիչ է այս առումով, քանի որ այն կարող է բացահայտել կամ ջնջել պատմական առարկաներում եղած կարևոր տեղեկատվությունը։
Չնայած Հայաստանում մշակույթի գերակայության և ժառանգության կարևորության մասին մեր ամպագորգոռ հայտարարություններին, իրականությունը վեր է հանում մասնագիտության նկատմամբ սարսափելի անտարբերությունը, աշխատանքային պայմանների, ոչ բավարար ֆինանսական միջոցների և պատշաճ վերապատրաստման հնարավորությունների բացակայությունը: Այս հոդվածի նպատակն է քննել ազգային արժեքներին մեր կողմից տրված կարևորության (օրինակ՝ մշակութային ժառանգությանը) և այդ ժառանգության վերականգնողների մասնագիտության շուրջ ոչ այնքան նախանձելի պայմանների անհամապատասխանությունը։ Սրանով ոչ մի կերպ չի թերագնահատվում վերականգնողների մեծ ջանքերը, ովքեր իրենց ընտրած ոլորտի անբարենպաստ միջավայրում անում են առավելագույնը: Վերականգնողի աշխատանքը Հայաստանում անշահախնդիր հանձնառության դրսևորում է հայոց դարավոր ժառանգության նկատմամբ և նվիրում վերջինիս պաշտպանությանն ու պահպանմանը։
(Ան) Բարեհաջող մեկնարկ
Հայաստանի Պետական թանգարանը հիմնադրվել է 1921-ին՝ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության հիմնադրումից ընդամենը ամիսներ անց: Ամենից արագ զարգացող ճյուղերից էր կերպարվեստի բաժինը, որն էլ վաղ 1930-ականներին դառնալու էր անկախ ինստիտուտ: Այն ներկայիս Հայաստանի ազգային պատկերասրահն է:
Սակայն միայն 1933-ին պատկերասրահը սկսեց ընդունել նկարիչ-վերականգնողների, ովքեր և՛ կրկնօրինակում էին նկարները, և՛ զբաղվում վերականգնումով ու պահպանությամբ: Կարելի է պնդել՝ առաջին նկարիչ-վերականգնողը ՀԱՊ-ում (և Հայաստանում) եղել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտ Վրթանես Ախիկյանը, ով իր ինքնակեսնագրականում (1) նշում է 1933-ին այդ պաշտոնը զբաղեցնելու մասին:
1930-ականների կեսից մինչև ուշ 1950-ականներ պատկերասրահի վերականգնողական լաբորատորիան ղեկավարվել է մի շարք այլ նկարիչ-վերականգնողների կողմից՝ Սիմոն Գալստյան, Հակոբջան Ղարիբջանյան և Վարդգես Բաղդասարյան։ Վերջինս իր մասնագիտական վերապատրաստումն անցել է Մոսկվայի Գրաբարի անվան համառուսական արվեստի գիտական վերականգնողական կենտրոնում, 1946-ին, և ղեկավարել պատկերասրահի վերականգնման բաժինը հաջորդ չորս տասնամյակներին: Առանձնահատուկ հարգանք էր վայելում այս շրջանի թատրոնի նկարիչ Արման Վարդանյանը, ով կատարել է մի շարք ակնառու վերականգնումներ արևմտաեվրոպական նուրբ նկարների վրա:
Վերականգնման պայմանները պատկերասրահում բարելավվեցին հատկապես 1970-ականների սկզբին, երբ այն տեղակայվեց նոր շենքում։ Հնարավոր դարձավ իրականացնել վերականգնողական առավել արդյունավետ աշխատանքներ, քան այն ժամանակ, երբ բաժինը չուներ բավարար տարածք և հարմարություններ ավելի մեծ ու համալիր ծրագրեր իրականացնելու համար։
1991թ․ Հայաստանի անկախացումից հետո վերականգնողական բաժինն ընդլայնվել է նոր մասնագիտացված բաժիններով՝ չնայած անկախացումից հետո տնտեսության փլուզման հետևանքով առաջացած ֆինանսական զգալի սահմանափակումներին։ Չնայած էական մարտահրավերներին, պատկերասրահի վերականգնողական թիմը շարունակել է հարստացնել փորձը և զարգացնել տեխնիկական գիտելիքները վերապատրաստումների միջազգային ծրագրերի միջոցով և օտարերկրյա կառավարությունների, ինչպես օրինակ՝ Ճապոնիայի և Իտալիայի, տեխնիկական օգնությամբ: Ներկայումս բաժնում կան յոթ վերականգնողներ․ այն երկրորդն է «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտից հետո:
Բաժնի վերականգնողները հիմնականում նկարիչներ էին, ուստի ընդունում էին նաև արվեստագետների, որոնք, մինչդեռ, չէին անցել մասնագիտական ընդգրկուն և պրոֆեսիոնալ վերապատրաստում: Արդյունքում, վերականգնումը կերպարվեստում որպես առանձին մասնագիտացում դեռևս անտեսված է, իսկ վերականգնողները Հայաստանում բավարար պատրաստվածություն չունեն։
Չնայած ներկայիս պրակտիկանտներն անցել են վերապատրաստում Մոսկվայում, սակայն այդ փորձառությունը հպանցիկ է համեմատությամբ տարիների կրթությանը և պրակտիկային, որ վերականգնողներն անցնում են Եվրոպայում և Ամերիկայում՝ նախքան վերականգնման որևէ մեծ առաջադրանք ստանալը: Ներկայումս Հայաստանում չկան վերականգնման և թանգարանային իրերի պահպանության համալսարանական մասնագիտացման աստիճաններ, ինչը խոչընդոտ է կառուցողական կարիերա ունենալ ցանկացող պոտենցիալ թեկնածուների համար։ Սակայն այս վերաբերմունքը կարող է փոխվել, ինչի մասին վկայում է Ազգային պատկերասրահի կողմից վերջերս կազմակերպված ցուցահանդեսը, որը վերականգնողի մասնագիտությունը դուրս բերեց ստվերից և դրեց այն թանգարան այցելող հանրության աչքի առաջ:
Վերականգնման ցուցադրություն Հայաստանի ազգային պատկերասրահում
2021 թվականի մայիսի 19-ին Հայաստանի ազգային պատկերասրահն անցկացրեց «Արվեստ կամ գիտություն` երեք վերականգնված նկարների պատմությունը» ցուցահանդեսը, որն իր տեսակում առաջինն էր Հայաստանում, և հասարակության այդքան անհրաժեշտ ուշադրությունը հրավիրեց վերականգնման գործընթացի բարդությունների վրա: Վերականգնված նկարները պատկանում էին հայ երեք նշանավոր արտիստների վրձնին` Մարտիրոս Սարյան, Հակոբ Կոջոյան և Գևորգ Բաշինջաղյան: Ազգային պատկերասրահի մի խումբ վերականգնողներ աշխատել էին նկարների վրա շուրջ մեկ տարի: Ցուցասրահի մի անկյուն օգտագործվել էր` ցուցադրելու վերականգնողներին, ովքեր աշխատում էին այլ նկարների և արվեստի առարկաների վրա: Մեկ այլ սեղանին ցուցադրված էին որոշ տեխնոլոգիաներ, որոնք օգտագործվել էին նկարների շերտերը բացահայտելու և պահպանման համար անհրաժեշտ աշխատանքների տեսակը գնահատելու համար։
Ցուցանմուշների շարքում վերականգնման ամենամեծ աշխատանքը տարվել էր Սարյանի նկարի վրա, և Տաթևիկ Ամիրխանյանն ու Արտաշես Աբրահամյանը, ովքեր պատասխանատու էին վերջնական արդյունքի համար, կիսվեցին որոշ մեթոդների և վերականգնման գործընթացում իրենց առջև ծառացած խնդիրների մասին:
Նմուշը պատկերասրահում էր հայտնվել շատ վնասված վիճակում ու պահանջում էր համալիր և մանրակրկիտ միջամտություն: Սարյանը ստեղծել էր նկարը՝ համադրելով երկու առանձին կտավ, ինչն առաջացրել էր որոշ բարդություններ՝ դեֆորմացնելով կտավն ու վնասելով ներկը։ Այսպիսով, վերականգնողի գործը ներառում էր երկու կտորները դանդաղորեն անջատելու և նորից միացնելու գործընթացը՝ առանց ներկի հետագա կորստի: Կեղտը հանվել էր, ներկի կորած ու ճաքճքված հատվածները լրացվել էին, իսկ երկու կտավները միացնող գիծը՝ քողարկվել ռետուշով։

Սարյանի վերականգնված կտավը (լուսանկարները՝ հեղինակի)։
Արդյունքները տպավորիչ էին․ հնում խունացած գույները կենդանացել էին պայծառությամբ և ապշեցնող թարմությամբ, բայց հենց դա էր ինձ ամենից անհանգստացնողը աշխատանքից ստացած առաջին տպավորությունում։ Վերականգնումը թվում էր չափազանց լավը, նույնիսկ՝ գերակատարված, քանի որ վերականգնողներն առաջադրանքին մոտեցել էին հիմնականում տեխնիկական տեսանկյունից՝ առանց հաշվի առնելու հետքերի կարևորությունը, որ խոսում են առարկայի պատմության մասին: Մինչ վերականգնման և պահպանման նպատակն ակնհայտ է թվում, կա մի նուրբ գիծ, որ բաժանում է պահպանումը և բնօրինակը «վերակենդանացնելու» ցանկությունը՝ վերացնելով առարկայի՝ իր գոյության ողջ ընթացքում ձեռք բերած կնճիռներն ու սպիները:
Հասկանալի է, որ Սարյանն ուներ միջոցներ` վերցնելու համապատասխան չափի կտավ իր ուղղահայաց բնանկարի համար, այդուհանդերձ, նա նախընտրել է էքսպերիմենտի գնալ: Վերականգնման գործընթացը, սակայն, երկու կտորները միմյանց միացնող գիծը խնամքով քողարկել էր ներկով: Այս պարագայում, ստացված նկարը վաղ 1930-ականներում հեղինակի զարգացող ոճի վառ օրինակն էր, բայց հավասարապես նաև նկարչի ստեղծագործական ընթացքի հետաքրքիր վկայությունը, որը վերականգնումը «թաքցրեց» տեսադաշտից՝ հանուն ավելի հաճելի, «ամբողջական» կերպարի։
Ընդհանուր առմամբ, արվեստի վերականգնման տեղական ավանդույթները, ինչպես վկայում են Ազգային պատկերասրահում ցուցադրված վաղ շրջանի վերականգնումների բազմաթիվ օրինակներ, ձգտում են թաքցնել և շտկել առարկայի՝ իր գոյության ընթացքում ստացած թերություններն ու վնասվածքները, որպեսզի ցուցադրեն բնօրինակի «իդեալականացված» տարբերակը։
Դրա վառ ապացույցն էր հատկապես Հակոբ Կոջոյանի ստեղծագործությունը, որը վերականգնումից հետո «իդեալական» վիճակում էր. թարմ ներկով նորոգված՝ այն ասես անբնական փայլուն ու «նոր» էր թվում 1920-ականների խորհրդահայ արվեստի աղքատիկ պայմաններում արված աշխատանքի համար, երբ լավ նյութեր հայթայթելը դժվար էր նույնիսկ կայացած արվեստագետների համար, ինչպիսին Կոջոյանն է:
Հետևաբար, անպատասխան է մնում հարցը՝ ի՞նչ նպատակների և ասպեկտների պետք է ծառայի վերականգնողական աշխատանքը, և ինչպե՞ս են այդ գործընթացներն իրականում օգնում մեզ՝ հասկանալու արվեստի գործերը որպես պատմական առարկաներ, այլ ոչ որպես գեղագիտական հաճույքի «ժամանակավրեպ» կտորներ:
Էթիկական մոտեցումները տարբերվում են, քանի որ տարբեր մշակույթներ տարբեր պատկերացումներ ունեն այն մասին, թե ինչ պետք է «անեն վերականգնված առարկաները»:
Վանաձորի կերպարվեստի թանգարանի նկարների վերականգնող Արփինե Հովհաննիսյանն ամփոփ ներկայացնում է Հայաստանում ընդունված փորձի չափանիշները․
«Հիմնական կանոնը հետևյալն է՝ մենք չենք դիպչում նկարին, երբ այն վատթար վիճակում է այնքան, որ վնասված են կամ բացակայում են ֆիգուրները: Այդ դեպքում, խորհուրդ չի տրվում լրացնել նկարչի աշխատանքը, չգիտեմ ինչու։
Սակայն մեր նախկին տնօրենի հետ ընդհանուր որոշման էինք եկել՝ վերականգնել մի քանի աշխատանքների կորսված հատվածները, արդյունքում այդ նկարներն այսօր երևում են իրենց սկզբնական տեսքով։ Օրինակ, ռուսական դպրոցն ընդունում է միջամտությունը, բացակայող ֆիգուրներն ու մասերը ավելացնելը, իսկ իտալականն արգելում է։
Նման հակասություններ կան․․․ Ամեն դեպքում մենք փորձում ենք պահել նկարչի ձեռագիրն այնքան, որքան հնարավոր է և լրացնել մնացածը հնարավորինս այնպես, որ չտարբերվի: Եթե չունենք նկարի ամբողջական պատկերը կամ իր տեսքի մասին որևէ տեղեկություն, բայց որոշել ենք ավելացնել անհետացած մասերը, մենք դա անում ենք՝ գալով ընդհանուր եզրակացության, բայց այս փորձը, սովորաբար, խորհուրդ չի տրվում կիրառել»:
Սակայն, այս մոտեցումը բավականին տարածված է Հայաստանում: Նմանատիպ վերականգնում կատարեց Մատենադարանի վերականգնողներից մեկը, ով աշխատում էր հրդեհից փրկված միջնադարյան գրքի հետ։
Գրքի ողնաշարը պահպանված էր, սակայն վերականգնողի նպատակն էր ոչ թե պարզապես պահպանել էջերը, այլ գիրքը վերադարձնել իր նախկին տեսքին: Նա նշում է նաև, որ այսպիսի փորձերը եվրոպական դպրոցի կողմից քննադատությանն են արժանանում: Այնուամենայնիվ, վերականգնողները նախընտրում են վերստեղծել սկզբնական վիճակը և որքան հնարավոր է հեռացնել պատմության թողած հետքերը:
Զուգահեռներ անցկացնելով Սարյանի վերականգնված նկարի հետ՝ կարելի է պնդել նաև, որ այս գրքի դեպքում պետք է հանձնարարված լիներ պահպանել և կանխել հետագա վատթարացումը, ոչ թե վերականգնել դրա ամբողջական, նախնական վիճակը։
Այստեղ մյուս խնդիրը հակադարձելիության մեջ է: Վերականգման մոտեցումները ժամանակի ընթացքում փոփոխվել են ու կշարունակեն լրջորեն փոփոխվել, և ժամանակակից վերականգնողները, սովորաբար, հոգում են այն մասին, որ իրենց աշխատանքը հնարավոր լինի վերանայել: Հայաստանում այս մոտեցումը պակաս տարածված է, և լիովին պարզ չէ, թե ապագայում հայ վերականգնողները որքան հեշտությամբ կկարողանան հեռացնել իրենցից առաջ արված վերականգնման աշխատանքը(2)։
Բոլոր դեպքերում, վերականգնողները համաձայնել են՝ աշխատանքի ամբողջականությունը և բնօրինակությունը պետք է պահպանվեն, բայց երբ հասնում է լավացնելուն և լրացումներ անելուն, նման հասկացությունները մասնագիտական շրջանակներում չեն քննարկվում, ինչը բազմակողմանի ուսուցման և ինստիտուցիոնալ հստակ չափանիշների բացակայության ևս մեկ ցավալի հետևանք է:
Անփորձ և վատ վարձատրվող

Գրքի վերականգնում Մատենադարանում /հեղինակի կողմից
Արվեստի ստեղծագործությունների վերականգնման ոլորտի զարգացման համար Հայաստանում ամենամեծ խոչընդոտներից մեկը վերականգնման և պահպանման աշխատանքների համար որակավորում առաջարկող բարձրագույն կրթության բացակայությունն է: Ինչպես նշվեց վերևում,մՀայաստանում արվեստի վերականգնողներից շատերն արվեստագետներ են, եթե հաջողում են, ստանում են սահմանափակ վերապատրաստում Մոսկվայի «Գրաբար» համառուսական արվեստի գիտական վերականգնողական կենտրոնում։ Ազգային պատկերասրահի վերականգնման թիմին միանալ ցանկացողները պետք է անցնեն երեքից-վեց ամիս տևող փորձաշրջան։ Վերականգնման գործը պահանջում է որակյալ փորձ և մասնագիտական գիտելիքներ տարբեր ոլորտներում, ինչպիսիք են՝ քիմիա, կերպարվեստ, արվեստի պատմություն, նույնիսկ՝ էթիկա, սակայն Հայաստանում մասնագիտացված կրթական դասընթացների բացակայության պատճառով վերականգնողներն անցնում են ոչ բավարար վերապատրաստում՝ ուղղված բացառապես տեխնիկական հմտություններին:
Սա հաճախ նշանակում է, որ վերականգնողը բավականաչափ պատրաստված չէ իր միջամտության չափի մասին գիտակցված դատողություն անելու համար: Սրա վատագույն օրինակը ճարտարապետական վերականգնման մեջ է, երբ սովորական քարագործների՝ վերակառուցումների և ժամանակակից նյութերի ու տեխնոլոգիաների կիրառմամբ կոպիտ միջամտությունները կարող են անուղղելիորեն փոխել հուշարձանների նախնական վիճակը, ինչպես 9-13-րդ դարերի Գառնու կամրջի տխրահռչակ դեպքն էր:
Չնայած հայկական մշակութային ժառանգության պահպանման տեսանկյունից վերականգնողական պրակտիկայի ակնհայտ կարևորությանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը երբեք չի ձեռնարկել որակյալ մասնագետներ վերապատրաստելու, երկրի պատմական և արվեստի հավաքածուների հսկայական ֆոնդերի պահպանման համար որևէ երկարաժամկետ, էական նախագիծ: Նմանապես, ոլորտի նկատմամբ անտարբերությունը ցավալիորեն դրսևորվում է պատշաճ վարձատրվող հաստիքների բացակայությամբ: Օրինակ, Երևանի Ժողովրդական արվեստի թանգարանն իր աշխատակազմում ունի ընդամենը մեկ վերականգնող, որը երկրի ազգային առանցքային հավաքածուների վրա իրականացնում է պահպանման միայն տարրական աշխատանքներ։
Միայն այն գաղափարը, որ մեկ վերականգնող կարող է պատասխանատվություն կրել խոցելի նյութերից պատրաստված իրերի համար, ինչպիսիք են տեքստիլը, փայտը, ապակին և մետաղը, ինքնին անհեթեթություն է:
Այնուհանդերձ, Երևանից դուրս, նույնքան կարևոր ֆոնդեր ունեցող մարզային թանգարաններն ավելի վատ վիճակում են: Դիլիջանի երկրագիտական թանգարան- պատկերասրահի աշխատակիցների հետ հեռախոսազրույցից պարզվեց, որ մարզում չկա որևէ մասնագետ, որը կկարողանա օգնել պահպանել Երևանից դուրս, ըստ էության, կերպարվեստի և ժողովրդական արվեստի ամենանշանակալի պետական հավաքածուն։
Ինստիտուցիոնալ կրթության և որակավորումների բացակայության մասին բարձրաձայնում են նաև Մատենադարանի վերականգնողները՝ ներկայացնելով, թե ինչպես է ստեղծվել իրենց բաժինը․ անձնակազմի մեծ մասն աշխատում է բաժնում ավելի քան քսան տարի։ Նրանք նշում են, որ նորեկներից շատերը գալիս ու գնում են, մեծ մասը փորձաշրջանից հետո հեռանում են, քանի որ հրաժարվում են աշխատել առաջարկվող չնչին աշխատավարձով: Այնուամենայնիվ, Գայանե Էլիազյանը, ով երկու տասնամյակ է ստանձնել է բաժնի վարիչի դերը, ասում է, որ Մատենադարանում վերականգնողական աշխատանքներ կատարել ցանկացողները կարող են դիմել։ Համապատասխան թեկնածուները տեղում կվերապատրաստվեն փորձառու մասնագետների կողմից, ովքեր մեծահոգաբար կկիսեն տարիների քրտնաջան աշխատանքի ընթացքում կուտակված իրենց գիտելիքներն ու հմտությունները։ Այնուամենայնիվ, հարցված գրեթե բոլոր մասնագետները համակարծիք էին, որ մասնագիտությունը կարող է փթթել և զարգանալ միայն ոլորտին վերաբերող համապատասխան կրթական հաստատությունների առկայության դեպքում:
Ինչ վերաբերում է կրթությանը, ապա մշակութային ժառանգության պահպանության «ՌՕՔԵՄՓ» կենտրոնն այն սակավաթիվ հաստատություններից է, որն իրականացնում է փոքր ուսումնական ծրագրեր՝ նվիրված պահպանության աշխատանքներին: Կենտրոնը կյանքի են կոչել Բոլոնիայի համալսարանը և Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ Համագործակցության զարգացման իտալական գործակալության (AICS) աջակցությամբ: Ծրագիրն ուղղված է Հայաստանում մշակութային, կրթական հաստատությունների և հասարակության լայն շերտերի միջև հաղորդակցության բացերը բարձրաձայնելուն և լրացնելուն՝ տրամադրելով կարճաժամկետ վերապատրաստման դասընթացներ, իրականացնելով հետազոտություններ և պատրաստելով կրթական ծրագրեր՝ Հայաստանում մշակութային ժառանգության պահպանման հետ կապ ունեցող կրթական հաստատություններին ներկայացնելու համար:
Այնուամենայնիվ, վերականգնողական աշխատանքների վերաբերյալ մեկ դասընթացը բավական չէ պրոֆեսիոնալ վերականգնող դառնալու համար: Նպատակասլաց վերականգնողները կարող են ապավինել միայն սեփական նախաձեռնությամբ արտերկրում համապատասխան որակավորում ստանալուն, եթե, իհարկե, լուրջ են տրամադրված և չեն դիտարկում սա որպես կողմնակի հմտություն: Բայց նման վերապատրաստում անցնելով, որը սովորաբար ենթադրում է թանգարանների պահպանման գործում մագիստրոսի աստիճան և առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ թանգարանում կամ մասնավոր վերականգնողական լաբորատորիայում, քչերն են, որ կվերադառնան աշխատելու հայկական հաստատություններում, որտեղ հմուտ վերականգնողն ավելի ցածր է վարձատրվում, քան անվտանգության աշխատակիցը:
Վերականգնողները խոսում են Հայաստանում իրենց առջև ծառացած աշխատանքային ծանր պայմանների մասին։ Անկախ նրանից, թե որքան ծանրակշիռ, ժամանակատար կամ կարևոր է նախագիծը, վերականգնողի աշխատավարձը մնում է նույնը և հաճախ պահանջում է նրանցից ունենալ ամսական մասնորդը, որը հանգեցնում է աշխատանքային ժամերից հետո չվճարվող աշխատանքի։ Մասնագետների մեծ մասը նշում է, որ իրենց մոտիվացիան ակնհայտորեն ֆինանսական չէ, այլ ավելի շուտ սերն է ու կիրքը արվեստի և հենց վերականգնման փորձի հանդեպ։ Սակայն պատշաճ ֆինանսական աջակցության բացակայությունը ցույց է տալիս, որ նրանց ջանքերն ամբողջությամբ անտեսվում են՝ հաշվի առնելով այն փաստը, որ պատկերասրահի անվտանգության և նույնիսկ մաքրման ծառայությունների համար կառավարության կողմից սահմանված աշխատավարձը զգալիորեն ավելի բարձր է, քան մասնագիտացված անձնակազմի, օրինակ՝ վերականգնողներինը:
Այս իրավիճակի պոտենցիալ վտանգներն ակնհայտ են։ Մեր հավաքական մշակութային, պատմական և գեղարվեստական ժառանգության պահպանմամբ ծանրաբեռնված՝ վերականգնողները մշտապես բախվում են աներևակայելի դժվար և բարդ խնդիրների, որոնք պահանջում են ֆիզիկական և մտավոր ներդրումներ: Աշխատանքի որակն անխուսափելիորեն տուժում է, հատկապես եթե հաշվի առնենք, որ բացի Մատենադարանից, մնացած հաստատությունների մեծ մասին բավարար միջոցներ չեն տրամադրվում վերականգնման համար լավագույն նյութերը կամ ժամանակակից սարքավորումներ ձեռք բերելու համար։
Սակայն այս տխուր պատկերը խամրում է մարզային թանգարաններում տիրող ցնցող իրավիճակի համեմատ, ինչպիսին Վանաձորի կերպարվեստի թանգարանն է։
Աչքից հեռու` սրտից հեռու
Հետաքննությունը բացահայտեց Հայաստանի մարզային պատկերասրահներում և թանգարաններում վերականգնման աշխատանքների վիճակի շատ ավելի տագնապալի պայմանները։ Վանաձորի կերպարվեստի թանգարանը հիմնադրվել է 1974-ին Լոռու մարզում որպես Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ, բայց շուտով դառնում է անկախ մարզային թանգարան, որը ներառում է ավելի քան 1700 նկար, քանդակ, աշխատանքներ թղթի և կերամիկայի վրա: Չնայած թանգարանին պատկանող առարկաների լայն տեսականուն, այն ունի միայն մեկ վերականգնող՝ Արփինե Հովհաննիսյանը, ով այդ պաշտոնը զբաղեցնում է 2006 թվականից և մասնագիտացած է միայն յուղաներկով նկարների վերականգնման գործում։
Հովհաննիսյանն ասում է` իր մասնագիտացումն ինքնակրթության արդյունք է։ Համալսարանական իր աստիճանն իրականում ֆիզիկայի և ինֆորմատիկայի ոլորտում է, բայց ակադեմիական գիտելիքը եղել է օգտակար վերականգնողական գործում, քանի որ մասնագիտությունը պահանջում է գիտելիքներ ֆիզիկայից և քիմիայից։ Ըստ իրեն ունի հիմնական գիտելիքներ այլ ոլորտներից և սովորաբար ինքնուրույն իրականացնում է փոքր վերականգնումներ, միայն երբ այս առարկաները /աշխատում է թղթի, քանդակների վրա/ շատ վնասված չեն: Առավել լուրջ վնասվածքների դեպքում աշխատանքները պարզապես անորոշ ժամանակով պահվում են տեսադաշտից հեռու, քանի որ թանգարանը չունի դրսից մասնագետներ ներգրավելու ֆինանսական միջոցներ։
Հովհաննիսյանը համաձայն է, որ Հայաստանում վերականգնողների մեծ մասը, այդ թվում նաև ինքը, ունեն ոչ բավարար վերապատրաստում, սակայն խնդիրը համակարգային է, որտեղ չկա ուսուցման հասանելիություն և «մասնագետները» ստիպված են հենվել միմյանց փորձի և դասեր քաղել սխալներից։
Մեկ այլ ակնառու խոչընդոտ, որին բախվում է մարզային թանգարանների մեծ մասը, Հովհաննիսյանը բացատրում է հետևյալ կերպ։ Քանի որ Հայաստանի ազգային պատկերասրահը պատկանում է կառավարությանը, վերականգնողներն այնտեղ հնարավորություն ունեն կարճաժամկետ որակյալ վերապատրաստում անցնել Գրաբարի անվան համառուսական արվեստի գիտական վերականգնողական կենտրոնում, մինչդեռ իր նման վերականգնողները, ովքեր աշխատում են մարզերում, չունեն նույն հնարավորությունը, քանի որ իրենց հաստատությունները ֆինասնավորվում են համայնքապետարանների կողմից, որոնք պարզապես չունեն միջոցներ։ Չնայած ինքնակրթության միջոցով հմտությունները բարելավելու իր ջանքերին՝ Հովհաննիսյանը հասկանում է, որ դա բավարար չէ, նա տարիներ շարունակ փորձում է համոզել կառավարությանը՝ թույլ տալ իրենց սովորել արտասահմանում, սակայն ապարդյուն։
Հովհաննիսյանն ասում է` ֆինանսական և տեխնիկական մարտահրավերներից զատ կա ընդհանուր անտարբերություն, երբ հերթը հասնում է մասնագիտության բարդություններն ըմբռնելուն: Իր կարիերայի ընթացքում հանդիպած բազմաթիվ պաշտոնյաներ կարծես չեն հասկացել վերականգնողի գործի կարևորությունը: Մեր ժառանգությունը պահպանելու հանձնառությունը ստանձնած անձանց կողմից նման վերաբերմունքը հեգնական պատասխան է ազգային ինքնության հավերժացման գործում ժառանգության պահպանման առանցքային դերի մասին մեր հայտարարություններին։
Կանխարգելումը որպես պահպանություն
Վերականգնման գործում բնական նյութերը նախընտրելի են քիմիականներից, սակայն դրանք արտադրության բարդության պատճառով բավական թանկ են, օրինակ՝ սոսինձը, որն օգտագործվում է փխրուն ձեռագրերի վերականգնման համար: Այս օրգանական սոսինձն արտադրվում է ասետրինա ձկան միզապարկից և շատ թանկ արժե: Մատենադարանից դուրս, Հայաստանում վերականգնողները ստիպված են այլ միջոցներ օգտագործել։
Ազգային պատկերասրահի փորձառու վերականգնողներից Ամալյա Հովսեփյանը, ով 1997-ից պատկերասրահում է որպես թղթի հետ աշխատող մասնագետ, մատնացույց է անում իր գրասեղանին դրված ինքնաշեն սոսինձով ապակե տարան, որը բաժնի վերականգնողներն իրենք էին պատրաստել եգիպտացորենի օսլայից: Նա բացատրում է, որ պատկերասրահը չունի վերականգնման համար լավագույն նյութերն ապահովելու ֆինանսական միջոցներ, այդ իսկ պատճառով առաջադրանքների կատարման համար վերականգնողական թիմն է գտնում լուծումներ։
Հովսեփյանը մատնանշում է ևս մեկ խնդիր, որին բախվում են վերականգնողները. պահպանման և ցուցադրման անբավարար պայմաններն էապես նպաստում են արվեստի գործերի քայքայմանը։ Ազգային պատկերասրահի սրահներում վերջերս են տեղադրվել ջերմաստիճանի և խոնավության վերահսկման համակարգեր, մինչդեռ պահեստները, որտեղ պահվում է պատկերասրահի հավաքածուի մեծ մասը, չունեն նման համակարգեր, որն անհրաժեշտ է բացարձակ կայուն ջերմաստիճան պահանջող չափազանց նուրբ նկարները, թղթի վրա աշխատանքները, լուսանկարներն ու այլ առարկաներ պահելու համար։
«Յուղաներկով նկարներն ավելի դիմացկուն են և վերականգնման ժամանակ ավելի հեշտ է աշխատել դրանց հետ, քան գրաֆիտով գծանկարների, քանի որ դու հեշտությամբ կարող ես ջնջել սխալները յուղաներկի վրա, մինչդեռ մեկ սխալը մատիտով գծանկարի վրա կարող է հանգեցնել արտեֆակտի կորստի, — բացատրում է Հովսեփյանը, — Գրաֆիտն ամենաշատն է վնասվում արխիվներում, քանի որ այն ավելի խոցելի է և վերականգնման ընթացքում ակտիվորեն արձագանքում է քիմիական նյութերին»։
Իրականում, քչերն են գիտակցում, որ բացարձակապես ամեն ինչ՝ խոնավությունից և փոշուց մինչև արվեստի գործերը պահելու համար օգտագործվող ստվարաթղթե տուփի տեսակը, բնական լույսի ներքո ցուցադրության տևողությունը, բացասական և անդառնալի ազդեցություն կարող է ունենալ արվեստի գործերի մեծ մասի վրա: Տարօրինակ կերպով, այս պարզ փաստերը հաճախ անտեսվում կամ «հանդուրժվում» են հենց թանգարանի պահապանների կողմից, որոնցից շատերը առարկաների հետ աշխատելու և ցուցադրելու կանոնների վերաբերյալ համեմատաբար քիչ կամ ընդհանրապես չեն անցել վերապատրաստում: Հայաստանի թանգարաններում պահեստավորման պայմաններին և նյութերին գցված նույնիսկ մակերեսային հայացքը կբացահայտի տարրական կանխարգելիչ մոտեցումների բացակայությունը, օրինակ՝ թթու չպարունակող ստվարաթղթե տուփեր, նկարների համար համապատասխան կախովի հարմարանքներ կամ մետաղական արկղեր մեծ հարթ իրերի համար, ինչպիսիք են պաստառները և քարտեզները: Տարիների ընթացքում արխիվներում և թանգարաններում պահվող առարկաների կրած մեծ վնասը կարելի էր կանխել՝ ապահովելով պահպանման նվազագույն պայմանները և հետևելով օգտագործման ուղեցույցներին:
Արդարության համար նշենք, որ երկրի թանգարաններից և ոչ մեկը չունի պատշաճ պահեստավորման համար բավարար տարածք, կամ անհրաժեշտ նյութեր, ինչպիսիք են ծալքերով թթուներ չպարունակող տուփերը: Միջին չափի, թանգարանային որակի արխիվացման տուփը, որը պարունակում է թղթի վրա արված մոտ 20 գործեր կամ մեկ կտոր տեքստիլ, կարող է արժենալ $50-ից $300 ԱՄՆ դոլար: Թղթի վրա արված 12․000-ից ավելի ստեղծագործություններից բաղկացած հավաքածուն պահեստավորելու համար Ազգային պատկերասրահը պետք է հարյուր հազարավոր դոլարներ ծախսի միայն արկղերի, հենակների և ներդրվող թղթերի վրա և կառուցի մի ամբողջ նոր շենք՝ այս հավաքածուն պատշաճ կերպով տեղակայելու համար: Ավելորդ է ասել, որ նման հեռանկար չունի նաև պետական թանգարանը, որին նոր ձեռքբերումների համար պետության կողմից նույնիսկ տարեկան նվազագույն ֆոնդ չի հատկացվել:
Թեև կարող է թվալ, թե պահպանման նման պատշաճ պայմաններն անտեղի շքեղություն են հայկական համատեքստում, փաստն այն է, որ թանգարանների ոչ պատշաճ պահպանումը շատ ավելի մեծ ֆինանսական բեռ է դառնում պետական և հանրային ֆոնդերի վրա: Նույնիսկ ավելի վատ․ առարկաները և հավաքածուներն ամբողջովին կարող են կորչել, ինչը լուրջ վնաս է մեր հայրենական ժառանգությանը:
Այսպիսի տխուր ճակատագրի արժանացավ, այսպես կոչված, Պետական ցուցահանդեսային ֆոնդը՝ ժամանակակից նկարների, քանդակների, գծանկարների և դեկորատիվ իրերի հսկայական հավաքածու, որը Խորհրդային Հայաստանի օրոք ձեռք էր բերվել շրջիկ ցուցահանդեսների համար: Այս հաստատության գործունեությունը կասեցվեց, մասամբ թալանվեց, իսկ վերջինիս հավաքածուն անպետք աղբի պես նետվեց բազմահարկ շենքի խոնավ նկուղը։ Չնայած այս կարևոր պատմական հավաքածուի մնացորդները վերջերս փոխանցվեցին ագզային պատկերասրահին, դրա զգալի մասը վնասված էր՝ առանց վերականգնելու որևէ հնարավորության։ Ցավոք, այս ողբերգական պատմությունը եզակի չէ, քանի որ երկրի խոշոր թանգարաններից դուրս շատ հավաքածուներ պահվում են սաստիկ անբավարար պայմաններով հաստատություններում, որոնք չունեն ջեռուցում, օդափոխություն կամ նույնիսկ պատշաճ դարակներ:
Վանաձորցի Արփինե Հովհաննիսյանի նման վերականգնողները ստիպված են ամեն օր առերեսվել այս իրականությանը և անհաղթահարելի մարտեր մղել իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու համար։ Հովհաննիսյանը որպես վերականգնողական անկյուն օգտագործում է Վանաձորի թանգարանի կոնֆերանսների սենյակի մի հատվածը, որտեղ տեղադրում է գործիքների մեկ սկուտեղ և համեստ մոլբերտ՝ ունենալու իր մասնակցությունը Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ծանր առաքելության գործում: Առանց սարքավորումների այս «DIY /ստեղծիր ինքդ/ լաբորատորիայում» վերականգնողը ստիպված է ապավինել իր անզեն տեսողությանը, ինտուիցիային և սուբյեկտիվ ենթադրություններին, երբ կատարում է աշխատանքի նախավերականգնողական վերլուծությունը և գնահատումը: Հենց նման դեպքերում է, որ ազգային ժառանգության մասին պաթոսով լցված պնդումները վերածվում են դատարկ խոսակցության, երբ առերեսվում են մեր նյութական մշակույթի մնացորդները պատշաճ կերպով պաշտպանելու և խնամելու գործում մեր շարունակական ձախողման փաստին:
Փնտրելով առաջ շարժվելու ճանապարհ
Կարելի է հարցնել, թե ինչ է հնարավոր անել․ Հայաստանի բազմաթիվ թանգարանները պահպանության լաբորատորիաներով, վերապատրաստված վերականգնողներով և ժամանակակից հարմարություններով կահավորելու համար ծախսերը չափազանց մեծ կլինեն նույնիսկ տնտեսապես կայուն պետության համար, էլ չասենք՝ պատերազմից տուժած մեր երկրի համար: Սակայն նյութական միջոցներն այստեղ խնդրի էությունը չեն։ Ժառանգության պահպանման Գորդյան հանգույցը կսկսի լուծվել կառավարման կենտրոնացված մեխանիզմի, կառավարության կողմից կիրառվող քաղաքականության և չափանիշների, ինչպես նաև անձնակազմի որակավորման և վերապատրաստման խիստ պահանջների դեպքում: Մեր նյութական ժառանգությունն ավելի լավը կլիներ, եթե նրա պահապանները պարտադիր վերապատրաստման դասընթաց անցնեին թանգարանային առարկաների խնամքի վերաբերյալ. համեմատաբար ցածր գնով նախաձեռնություն, որը փոխակերպիչ ազդեցություն կունենա Հայաստանի թանգարանների վրա: Կարելի է ստեղծել կենտրոնացված և պետության կողմից կառավարվող վերականգնողական լաբորատորիա՝ տարբեր ոլորտներում մասնագիտացած մասնագետների թիմով, որը կծառայի ոչ թե միայն Երևանի գլխավոր թանգարաններին, այլև երկրի բոլոր հաստատություններին։
Վերջապես, վերականգնումը և թանգարանային կառավարումը պետք է ընկալվեն որպես կենսական և կարևոր մասնագիտություններ մի երկրում, որը մշակութային ժառանգությունը դիտարկում է արտաքին դիվանագիտության, տնտեսության և ազգաշինության հենակետ: Վերականգնողների ու թանգարանների պահապանների նկատմամբ վերաբերմունքը ենթակա է փոփոխման. նրանք պետք է հավուր պատշաճի վճարվեն, խրախուսվեն իրենց պատասխանատու աշխատանքի համար, աշխատանք, որը գրեթե ռազմավարական նշանակություն ունի ժողովրդի և ժառանգությունը մշտական հարձակումների ենթարկվող երկրում:
Հայկական իրականության մեջ, որտեղ մշտապես առկա է ազգային ինքնության և մշակութային ժառանգության ջնջման վտանգը, արվեստի վերականգնումը պահպանությունից անդին է անցնում՝ փրկելու պատմական առարկաներում պարփակված պատմությունները, որոնք ներկայացնում են գոյատևման, դիմադրության և շարունակական ապաքինման ճանապարհի մասին: Մենք՝ որպես բազմաթիվ վերքեր ունեցող մարդիկ, խորապես առնչվում ենք այդ կոտրված և ճմրթված առարկաներին, որոնք բուժվում են մասնագետների ձեռքում, ովքեր անձնուրաց կերպով կատարում են լայնորեն չճանաչված և չգնահատված աշխատանք: