EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
Morning News
  • Հայ
    • Eng
No Result
View All Result
Գլխավոր Մարդ և օրենք
Հնվ 13, 2025

«Ընտրել եմ ապրելը»․ հաշմանդամություն ունեցողներն անազատության մեջ

Աստղիկ Կարապետյան
Աշխատանքն ու կրթությունը բանտում

Աշխատանքն ու կրթությունը բանտում

Astghik Karapetyan, Motherhood Behind Bars

Մայրությունը՝ ճաղերի հետևում

Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր:


Your browser does not support the
audio element.

«Դատապարտյալներից մեկն ազատվեց-գնաց, սա նվեր տվեց ինձ»,- ձեռքի հենակը ցույց տալով՝ ասաց 50-ամյա ցմահ դատապարտյալ Աշոտն ու ավելացրեց, որ նոր ձեռնափայտ է ստանալու՝ բժշկի նշանակմամբ։ Ուղեղի կաթվածից հետո սայլակով է տեղաշարժվել, հիմա հենակով կարողանում է քայլել։

«Ինսուլտից ձախ կողմս թույլ է, ձախ ձեռքով բաժակ էլ չեմ կարող վերցնել, պարանոցիս հինգերորդ, վեցերորդ ողերը ծուռ են, աղային կուտակումներ ունեմ, երրորդ աստիճանի հիպերտոնիկ եմ․ ճնշումս կարող է 10 վայրկյանում բարձրանալ մինչև 250, մեկ վայրկյան հետո իջնել 120, կարող է ցանկացած պահի նորից ինսուլտ խփել․․․»,- ասաց նա։  

Ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակմամբ հաշմանդամություն (նախկին երկրորդ խումբ) ունեցող Աշոտը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ) է պահվում, սակայն կաթվածից հետո վերջին հինգ տարիներին հաճախ է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում լինում․ «Երբ ինձ լավ եմ զգում` դուրս եմ գրվում, ուղղակի 16 տարի փակ տիպի մեջ էի, որ էլի գնում եմ փակ տիպ, նևրոզս գլուխ է բարձրացնում»։ 

Ասաց՝ խցային պայմաններում անհնար է առողջ մնալը՝ գրեթե արևի լույս չես տեսնում ու մաքուր օդ չես շնչում, խցի մեջ ընդամենը չորս-հինգ քայլ ես կարողանում անել։ Հիվանդանոցում պայմաններն անհամեմատ լավ են, բակում 15-20 կմ կարող ես քայլել, ծառերի տակ նստել, հոգեբանի ու սոցիալական աշխատողի հետ խոսել ամեն օր․ «Ուզում ես շփվել՝ գնում ես, մի տասը րոպե հետը խոսում ես։ Եթե շփումը չլինի՝ կխելագարվես»։ 

-Այս շենքը հարմա՞ր է սայլակով մարդու համար:

-Առաջին հարկում՝ հա, առաջին հարկից հենց դուրս ես գալիս…

-Իսկ բակի ասֆա՞լտը:

-Չէ, դե էստեղ մեկն օգնում ա։ Եթե մեր ընկերներից դրսում մարդ չի լինում, իհարկե, ցանկացած աշխատող օգնում ա։ Չի լինում, որ սպասենք՝ մինչև մեկը գա։ Բացի էդ՝ կան նաև մարդկային հարաբերություններ, եթե ինձ պահել են, հարգել են, ես չեմ կարող չհարգել…   

Հատված՝ Աշոտի հետ զրույցից

Աշոտը հաշմանդամություն ունեցող է ճանաչվել 2024-ի ամռանը և ամսական շուրջ  37․000 դրամ կենսաթոշակ է ստանում․ «Այն, որ քիչ է, հասկանալի է, բայց ես որ չեմ ծխում, ինձ թվում է՝ ինձ կհերիքի: Ինսուլտը որ խփել էր, տարան հիվանդանոց, բժիշկն ասեց՝ ուզո՞ւմ ես ապրել, պետք չէ ծխես։ Ընտրել եմ ապրելը»:

Ապրելու ցանկությունը ձգվում է զրույցի ողջ ընթացքում։ Աշոտն Արցախից է, մինչև դատապարտվելն էլ այնտեղ է ապրել․ «Ասում եմ՝ Աստված, երևի, ինչ-որ բանի համար հա՛մ ինձ պատժել ա, հա՛մ էլ մտցրել ա էստեղ, որ ողջ մնամ…»: 

Պատմեց ազատության մեջ լինելու ծրագրերից, ընտանիքից, որդիներից: Արդեն չորս տարի է տարեց մայրը չի կարողանում գալ տեսակցության, մինչ այդ ամեն ամիս Ստեփանակերտից Երևան է եկել՝ որդուն տեսնելու։ Հայրը 13 տարի առաջ է մահացել․ «Կարելի է ասել՝ ես պատճառ դարձա․ ինձ որ բռնեցին, ինֆարկտ տարավ։ Ինձ ցմահ դատապարտելու օրը երկրորդ ինֆարկտը տարավ: Մի երկու տարի հետո էլ երրորդը խփեց, մահացավ: Հիմա Աստված եմ կանչում՝ մորս մի քիչ երկար կյանք տուր․․․ Հորս գերեզմանն էլ չտեսա, միակ բանը․․․»,- նրա ձայնը հուզմունքից մարում է։  

 

Ինքնուրույն տեղաշարժվելը՝ խնդիր

Արդարադատության նախարարության տվյալներով՝ հայաստանյան բանտերում 135 հաշմանդամություն ունեցող անձ է պահվում՝ 2024-ի հոկտեմբերի 24-ի դրությամբ։ Նրանցից 108-ն ունի ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումներ  (նախկին երրորդ խումբ), 26-ը՝ ծանր աստիճանի (նախկին երկրորդ խումբ), և մեկը՝ խորը աստիճանի (նախկին առաջին խումբ)։ 

Կառավարության որոշմամբ ընդունված քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարության ու միջոցառումների ծրագրի  31-րդ կետով նախատեսված է եղել քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված հաշմանդամություն ունեցող անձանց պահման մատչելի պայմանների ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացում։ 

Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ 2022-2023 թվականների ընթացքում հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար համապատասխան պայմաններ ստեղծելու նպատակով «Վարդաշեն», «Արմավիր», «Սևան», «Արթիկ» և «Վանաձոր» ՔԿՀ-ներում իրականացվել են շուրջ 36,4 միլիոն դրամի շինարարական աշխատանքներ։ Մասնավորապես՝ կառուցվել են թեքահարթակներ, հենաբազրիքներ, սանհանգույցներում տեղադրվել են հատուկ բռնակներ, իսկ լոգարաններում՝ բռնակներ և նստարաններ։ «Վանաձոր» ՔԿՀ-ում տեղադրվել է հատուկ վերելակ՝ շարժասայլակով անձանց դեպի զբոսաբակ տեղափոխելու նպատակով։

Եվ, այնուամենյանիվ, հենաշարժողական խնդիրներ ունեցողների համար հիմնարկների շենքերը մատչելի չեն։ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանն ասաց, որ եթե նույնիսկ կան որոշ հարմարություններ, ապա դրանք տեղային են և ամբողջական մասնաշենքերին կամ հիմնարկի տարածքներին չեն վերաբերում։ Օրինակ, կարող է բաղնիքում բռնակներ լինեն, սակայն զբոսաբակ հասնելու ճանապարհը հարմարեցված չլինի։ 

«Բացառություն է «Արմավիր» ՔԿՀ-ը, քանի որ միհարկանի շինություն է։ Սակայն կան այլ չափանիշեր, օրինակ՝ դռների լայնությունը, թեքահարթակների լայնությունն ու բարձրությունը և այլն, որոնք ամբողջապես պահպանված չեն որևէ հիմնարկում»,- ասաց Իրավական նախաձեռնությունների կենտրոնի նախագահ Նարե Հովհաննիսյանը։ 

ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյանն էլ, ով պարբերաբար այցելում է տարբեր հիմնարկներ, հիշեց դեպքեր, երբ նույնիսկ զուգարանից օգտվելիս խցակիցներն են օգնել հաշմանդամություն ունեցողին, քանի որ դրանք առանց բարձր զուգարանակոնքի են և այս մարդկանց համար տանջանք է դրանցից օգտվելը։ 

«Ճիշտ է, մի քանի թեքահարթակներ և ինչ-որ հնարավորություններ ստեղծեցին տարբեր ՔԿՀ-ներում, մասնավորապես, վերջին վերանորոգումների ընթացքում, բայց դրանք շատ-շատ քիչ են, որպեսզի տարածքը համարենք մատչելի»,- ասաց Հովհաննիսյանը։ 

Գասպարյանը նշեց նաև, որ հենաշարժողական խնդիրներ ունեցողների համար հարմարեցված չէ անազատության մեջ գտնվող անձանց տեղափոխող մեքենան։ Օրինակ, ՄԻՊ տարեկան զեկույցում նշվում է, որ այս փոխադրամիջոցների դեպքում դրանց առաստաղները պետք է 1,6 մետրից բարձր լինեն, ունենան դեղատուփ, բռնակներ ու հաշմանդամություն ունեցող անձի սայլակն ամրակապելու գոտիներ և այլն։ 

«Հարմարեցված փոխադրամիջոցների բացակայության պայմաններում տեղաշարժման խնդիրներ ունեցող ազատությունից զրկված անձանց տեղափոխումը կարող է վատթարացնել նրանց առողջական վիճակը՝ առաջացնելով տարբեր բարդություններ, ինչպես նաև անհարմարություններ, ֆիզիկական ցավ և տառապանք, ինչն անթույլատրելի է»,- նշված է ՄԻՊ զեկույցում։

Այսպիսով, բացի այն, որ այս մարդիկ ինքնուրույն տեղաշարժվելու խնդիրներ են ունենում, նաև ֆիզիկական ու հոգեկան տառապանք են կրում։ Զարուհի Հովհաննիսյանն ասաց, որ ոչ մատչելի պայմանները կարող են անազատության մեջ գտնվող և հաշմանդամություն ունեցող անձի այլ իրավունքների ոտնահարման պատճառ դառնալ․ օրինակ՝ գնալ գրադարան, մասնակցել ֆորմալ կամ ոչ ֆորմալ կրթական ծրագրերի։ 

Դատապարտյալների կրթության իրավունքի իրացման մասին զեկույցի հեղինակ և ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի անդամ Շուշան Խնկոյանը պատմեց, որ էքստեռն ավարտական քննություններին երկու անձ չի կարողացել մասնակցել և դուրս է մնացել ծրագրից՝ առողջական վիճակի պատճառով․ նրանցից մեկը չի կարողացել երկար ճանապարհ գնալ, իսկ մյուսը տեղաշարժման խնդիր է ունեցել։ Էքստեռն ավարտական քննությունները կազմակերպվում են միայն երեք ՔԿՀ-ում և դրանց մասնակցելու համար դատապարտյալները մյուս հիմնարկներից տեղափոխվում են այդ հիմնարկներ։ 

Խնկոյանը նշեց նաև, որ եղել են ներառական կրթության կարիք ունեցողներ, որոնք, սակայն, դուրս են մնացել գործընթացից։ Մասնավորապես, անձինք ներգրավվել են հանրակրթության ծրագրում, սակայն որոշ ժամանակ անց ինքնակամ դուրս են եկել՝ որպես պատճառ նշվել է մտավոր խնդիրներով պայմանավորված՝ դասերը չընկալելը։ Փաստացի, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցողները դուրս են մնում կրթությունից՝ համապատասխան կրթական ծրագիր չլինելու պատճառով։ 

 

Խնամքը

68-ամյա փոքրամարմին ու նիհար տղամարդուն «Դատապարտյալների հիվանդանոցում» Վաչիկ պապ են ասում։ Գողության համար հինգ տարվա ազատազրկման դատապարտված Վաչիկը պատմեց, որ սրտի, թոքերի ու երիկամների խնդիրներ ունի, ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակմամբ հաշմանդամություն (նախկին երկրորդ խումբ)։ Ասաց՝ հաշմանդամության կենսաթոշակ չի ստանում, այլ՝ միայն ծերության թոշակը։ Այդ գումարն էլ ստանում է քաղցկեղով հիվանդ իր կինը և մի մասն ուղարկում է իրեն՝ անհրաժեշտ ինչ-որ բաներ գնելու համար։ 

Նա դժվարությամբ է խոսում, գրեթե հևալով։ Շարունակ կրկնում է, որ գոհ է «Դատապարտյալների հիվանդանոցից»․ «Ինձ շատ են հարգում թե՛ ղեկավարությունը, թե՛ կալանավորները,- պատմեց նաև, որ մենակ չի կարողանում լողանալ շնչառական խնդիրների պատճառով,- որ գնում-վատանում եմ, իմ հետի կալանավորները գալիս-օգնում են, լողացնում են…»։ 

Նարե Հովհաննիսյանն էլ նշեց, որ հաճախ հաշմանդամություն ու առողջական խնդիրներ ունեցող անձանց տեղաշարժվելու և խնամքի հարցերում օգնում են հենց խցակիցները։ Նա հիշեց մի դեպք, երբ սայլակով տեղաշարժվող դատապարտյալը խցակիցների օգնությամբ նստարան էր սարքել, որպեսզի կարողանա լոգարանում նստել, լողանալ։ 

Մարդու իրավունքների պաշտպանը նույնպես արձանագրել է խնդիրներ՝ անազատության մեջ գտնվողների խնամքի հետ կապված։ Օրինակ, զեկույցում նշված է մի դեպքի մասին, երբ սայլակով տեղաշարժվող (ձեռքերի ու ոտքերի անշարժացմամբ), շնչառական սարքով շնչող և մշտապես դայակի խնամքի կարիք ունեցող անձին մասնագիտական հիվանդանոցում մեկ շաբաթ պահելուց հետո որոշել են դուրս գրել և միայն ՄԻՊ-ի միջամտությամբ անձը ՔԿՀ տեղափոխվելու փոխարեն պալիատիվ բուժօգնության է ուղարկվել։  

«Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների ուսումնասիրության, ինչպես նաև մշտադիտարկման այցերի արդյունքում փաստացի արձանագրվել է, որ ազատությունից զրկված անձանց տրամադրվող խնամքի ծավալը, չնայած որոշակի բարելավումների, մնում է անբավարար»,- նշված է զեկույցում:

 

Ձգձգվող գործընթաց

49-ամյա ցմահ դատապարտյալ Կարենն էլ (անունը փոխված է) մի շարք առողջական խնդիրներ ունի՝ սրտի, թոքերի, երիկամների հետ կապված, դիմել է իրեն հաշմանդամություն ունեցող ճանաչելու համար, սակայն հույս չունի, որ դրական պատասխան կստանա. «էդ մի հատ պրոբլեմ ա։ Ռակով հիվանդ մարդուն հաշմանդամությունից կտրեցին,- պատմեց մի քանի ամիս առաջ քաղցկեղից մահացած իր խցի ընկերոջ մասին,- մի տարի տվեցին, հետո կտրեցին, ութ ամիս սպասեց, ո՛չ թոշակ տվին, ո՛չ էլ, տենց էլ մեռավ։ Անտեր տղա էր էլի, ո՛չ հեր ուներ, ո՛չ մեր ուներ, ո՛չ ախպեր․․․»։

Հաշմանդամության ճանաչման և ֆունկցիոնալության գնահատման գործընթացից  ՄԻՊ-ը և այլ իրավապաշտպաններ բողոքներ շատ են ստանում։ Լաուրա Գասպարյանն ասաց, որ վերջին շրջանում հիմնական ահազանգերը վերաբերել են ֆունկցիոնալության գնահատման գործընթացի ձգձգվելուն։ 

Օրինակ, 2023-ին դեպքեր են եղել, երբ անձի ախտորոշման ճշտման նպատակով ցուցվել են լրացուցիչ հետազոտություններ և այս հիմքով ֆունկցիոնալության գնահատման վարույթը կասեցվել է առավելագույնս 60 օրով։ Սակայն այս ժամկետում էլ անձին ցուցված հետազոտությունները չեն կազմակերպվել և ֆունկցիոնալության գնահատման վարույթը կարճվել է՝ կասեցման ժամկետը լրանալու հիմքով։ 

«Ազատությունից զրկված անձանց ֆունկցիոնալության գնահատման գործընթացի շրջանակներում հետազոտությունների կազմակերպման ձգձգումները կարող են հանգեցնել վերջիններիս սոցիալական ապահովության իրավունքի խախտման»,- նշված է ՄԻՊ զեկույցում:

Գասպարյանը հավելեց նաև, որ ահազանգերը հաշվի առնելով քննարկումներ են կազմակերպվել պատասխանատու կառույցների հետ, ինչից հետո դրական միտում նկատվում է, բողոքները նվազել են։ 

 

Այլ հարցեր

Տեսողության, լսողության և այլ խնդիրներ ունեցող անձանց վերաբերյալ վերջին շրջանում ահազանգեր չեն ստացել իրավապաշտպանները, սակայն նշեցին, որ համակարգային լուծումներ չկան նաև նրանց համար, օրինակ, բրայլյան գրերով օրենսդրության մշտական հասանելիություն, աուդիոգրքեր, հատուկ ձեռնափայտեր և այլն։ Հիմնականում իրավիճակային լուծումներ են տրվում, երբ կարիք է լինում։ Օրինակ, Լաուրա Գասպարյանը նշեց, որ ահազանգեր են եղել լսողական սարք, ակնոց տրամադրելու և այլ հարցերով, դրանից հետո խնդիրը լուծվել է։ 

2024-ի հոկտեմբերին Քրեակատարողական ծառայության և Ազգային գրադարանի միջև կնքված հուշագրի շրջանակներում Ազգային գրադարանը աջակցելու է քրեակատարողական հիմնարկներում էլեկտրոնային գրադարանի ստեղծման, բրայլյան և ձայնագրքերի ժամանակավոր տրամադրման գործում։

Լուսանկարներով տարբերակը՝ այստեղ։

Մարդ եւ օրենք

Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենք․ պարտադրո՞ւմ, թե՞ խրախուսում

Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենք․ պարտադրո՞ւմ, թե՞ խրախուսում

Արևիկ ՕհանյանևՌուբեն Մարկոսյան
Նյմ 5, 2024

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագծի որոշ դրույթների կիրառման արդյունքում վտանգվելու են բուհական համակարգի մի շարք կարևոր հիմնարար սկզբունքները, կարծում են կրթության փորձագետներ Արևիկ Օհանյանն ու Ռուբեն Մարկոսյանը և առաջարկում այլընտրանքներ։

Read more
Ջրային պաշարների կառավարումը մարտահրավերների առջև

Ջրային պաշարների կառավարումը մարտահրավերների առջև

Մարիամ Տաշչյան
Սպտ 16, 2024

Հայաստանի ջրային պաշարների անհամաչափ բաշխումը, ապաշնորհ կառավարումը, ոռոգման համակարգերի անարդյունավետությունը և Սևանա լճի ճակատագիրը հրատապ լուծումներ են պահանջում։ Երկրի առջև ծառացած է հիմնարար հարց. ինչպե՞ս հավասարակշռել տնտեսական զարգացման և բնապահպանական կարիքները, գրում է Մարիամ Տաշչյանը։

Read more
Armenia as a Refuge: Who's Seeking Asylum?, Arshalouys Barseghyan

Հանգրվանը՝ Հայաստան. ովքե՞ր են ապաստան հայցում

Արշալույս Բարսեղյան
Օգս 14, 2024

Վերջին տարիներին Հայաստանում ապաստան հայցողների թվի աճ է նկատվում, ավելացել է նաև երկրների թիվը, որոնց քաղաքացիները նման դիմում են ներկայացնում Հայաստանում։ Ինչո՞վ է պայմանավորված այս միտումը, ո՞ր երկրների քաղաքացիներից է Հայաստանը ստանում ամենաշատ դիմումներն ու արդյոք բավարարում է դրանք, անդրադառնում է Արշալույս Բարսեղյանը։

Read more
Հարկադիր կատարում․ խնդիրներ ու նախատեսված լուծումներ

Հարկադիր կատարում․ խնդիրներ ու նախատեսված լուծումներ

Աստղիկ Կարապետյան
Հլս 11, 2024

Դատաիրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունն ու դրանից բխող գործողությունների ծրագրի նպատակներից մեկը վերաբերում է հարկադիր կատարման համակարգում փոփոխություններին, թե որքանով են դրանք արդյունավետ ու իրական, պարզաբանում է Աստղիկ Կարապետյանը։

Read more

Կարդացեք նաեւ

Arev’s Brezhnev Years

Արևի Բրեժնևյան տարիները

Էլլա Կանեգարիան
Օգս 21, 2023

«Ամնիստիան մարդասպանի վրա կարող էր ազդել, իմ նմանների վրա՝ չէ։ Կաշառքն ամենավատ բանն էր համարվում, չնայած Բրեժնևի ժամանակ կաշառքն ամեն տեղ էր՝ համատարած ու առաջին հերթին հենց իր սիստեմում․․․»

Read more
Արևը՝ Բրեժնևից հետո. մաս 2

Արևը՝ Բրեժնևից հետո. մաս 2

Էլլա Կանեգարիան
Հնվ 18, 2024

Պատմություն խորհրդային բանտից փրկված մի կնոջ մասին, որը «միշտ կարմիր սիրուն շրթներկով էր, Ալմոդովարյան երանգների, եսիմորտեղից գնված Շանել կոստյումներով, միշտ բարձր կրունկներով», պատմում է իր զարմուհի Էլլա Կանեգարիանը։

Read more
Արևը՝ Բրեժնևից հետո. մաս 3

Արևը՝ Բրեժնևից հետո. մաս 3

Էլլա Կանեգարիան
Հնվ 25, 2024

Խորհրդային բանտից փրկված կնոջ պատմությունը ներկայացնող շարքի այս հոդվածն անդրադառնում է, թե ինչպես նա գտավ աշխատանք, ինչպես ստիպված եղավ շշեր գտնելու նպատակով շրջել ԽՍՀՄ-ում, ու ի վերջո, ինչպես կարողացավ քաղաքի կենտրոնական մասում տուն ունենալ։

Read more

Հոդվածները լսեք ՁայնաԳիր

Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:

Բաժանորդագրվել

Բաժիններ

  • Քաղաքականություն
  • Կարծիք
  • Արցախը կիզակետում
  • Մարդ և հասարակություն
  • Մշակույթ
  • Ընտրություններ
  • Ստեղծարար Tech
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ

Հետևեք մեզ





@ 2024 EVN Report. All Rights Reserved

    Subscribe

      Բաժանորդագրվել

      Բաժիններ

      • Քաղաքականություն
      • Կարծիք
      • Արցախը կիզակետում
      • Մարդ և հասարակություն
      • Արվեստ և մշակույթ
      • ԵՎ այլն
      • Ստեղծարար Tech
      • Մարդ և օրենք
      • Տնտեսություն
      • Ընտրություններ
      • Ընթերցողների հարթակ
        • Անցումային արդարադատություն
        • Ընտրական օրենսգիրք
        • Կամավորություն
        • Հայաստան-Սփյուռք հարաբերություններ
        • Հաշմանդամություն ունեցող նորածինների պաշտպանություն
      • Անվտանգության զեկույց
      • Հոդվածների ընդունման կարգ
      • Մեր մասին
      • Կապ
      • Eng
      • Հայ

      Բաժանորդագրվեք մեր ամփոփագրին

      Աջակցություն

      ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ